«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11204018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 դեկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստետելու մասի» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջների.
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ոչ գաղտնի գործավարության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության |
Հ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ոչ գաղտնի գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունում գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության գերատեսչական նորմատիվ–իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունում ոչ գաղտնի գործավարությունն (այսուհետև՝ գործավարություն) իրականացվում է քարտուղարության ստորաբաժանումների կողմից՝ ոստիկանության պետի և ոստիկանության ստորաբաժանումների պետերի անմիջական հսկողությամբ: Այն ստորաբաժանումներում, որտեղ չկան քարտուղարություններ, գործավարությունն իրականացվում է գործավարների կամ դրա համար լիազորված ծառայողների (աշխատողների) կողմից՝ ոստիկանության ստորաբաժանումների պետերի անմիջական հսկողությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման պետը:
5. Քարտուղարությունների ծառայողների (աշխատողների) և գործավարների նշանակումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության հետ:
6. Գործավարության վարման ու ապահովման ուղղությամբ քարտուղարության ծառայողների (աշխատողների) և գործավարների ուսուցումն ու նախապատրաստումը կազմակերպում են ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունը և ոստիկանության ստորաբաժանման պետը:
II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
7. Ոստիկանությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում, ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ, նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
8. Գործավարություն իրականացնելու համար մշակվում է գործերի (թղթապանակ) անվանացուցակ: Ըստ անվանացուցակների կազմված գործերի և գործավարության կազմակերպման համար տարվող մատյանների պահպանության, նրանցում կատարվող գրանցումների ժամանակին և ճիշտ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով քարտուղարությունում տարվում է վերոհիշյալ անվանացուցակային գործերի և գործավարության մատյանների հաշվառման միասնական մատյան, որտեղ, ի թիվս պահանջվող շատ ռեկվիզիտների, մասնավորապես նշում է կատարվում գործերի ու մատյանների ավարտման ժամկետների վերաբերյալ:
9. Բոլոր փաստաթղթերի գրանցումը, բացառությամբ գույքային հաշվառման վերցվող փաստաթղթերի, յուրաքանչյուր տարի սկսվում է առաջին համարով:
10. Մտից փաստաթղթերը բացելու պահին գրանցվում են մատյանի հերթական համարներով և տրվում են կատարողներին՝ ստորագրությամբ:
11. Հաշվառման մատյաններում արտացոլվում են փաստաթղթերի շարժի մասին տվյալները, նրանց ստացման կամ նախապատրաստման պահից մինչև կատարման ավարտը, գործում կարելը և հասցեատերերին առաքելը:
12. Սրբագրական հեղուկի կիրառմամբ մատյաններում ջնջումներ, ինչպես նաև ուղղումներ չեն կատարվում: Քարտուղարության ծառայողի (աշխատողի) կողմից կատարած ուղղումները վավերացվում և հաստատվում են ստորագրությամբ` նշելով ամսաթիվը:
13. Աշխատանքի ժամերին ոստիկանությունում ստացվող թղթակցությունն ընդունում են քարտուղարության ծառայողները (աշխատողները), իսկ աշխատանքային ժամերից դուրս` օպերատիվ հերթապահը, որն ընթեռնելի ստորագրում է ցուցակում (ռեեստրում) կամ առաքման գրքում՝ նշելով ընդունվող ծրարների քանակը, ամսաթիվը, ժամը և հաստատում է ստորագրությամբ ու կնիքով, առանց ծրարները բացելու դրանք գրանցում է հերթապահ մասում գտնվող ծրարների հաշվառման մատյանում և փոխանցում քարտուղարություն:
«Շտապ» նշագրումով ծրարներ ստանալիս օպերատիվ հերթապահը այդ մասին զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին և նրա մակագրությամբ այն հանձնում է համապատասխան կատարողին, որն այնուհետև ծրարը գրանցում է քարտուղարության հաշվառման մատյաններում:
14. Քարտուղարության ծառայողը (աշխատողը) թղթակցություն ստանալիս, ստուգում է գտնվելու կամ բնակության վայրի ճշտությունը, փաթեթի ամբողջականությունը, կնիքի դրոշմվածքի տեքստի համապատասխանությունն առաքողի անվանմանը, համեմատում է ծրարի վրա, ցուցակում (ռեեստր) կամ առաքման գրքում նշված փաստաթղթի համարների հետ:
Ֆայլերի բացակայության, փաստաթղթերի վնասվածքների, առաքողի անվան, կնիքի դրոշմվածքի, տեքստի տարբերություն կամ անհամապատասխանություն հայտնաբերելիս կազմվում է ակտ՝ երեք օրինակից, որը ստորագրում են ծրարը ներկայացնող և ընդունող անձինք, իսկ այդ մասին ցուցակում (ռեեստրում) կամ առաքման գրքում կատարվում է համապատասխան գրառում: Ակտի մեկ օրինակն առաքվում է ծրարը ներկայացնող կապի կազմակերպություն, երկրորդ օրինակը փաստաթուղթն առաքողին` միջոցներ ձեռնարկելու համար, իսկ երրորդ օրինակը՝ գործին:
Այն դեպքում, երբ ծրարի վնասվածքը հնարավորություն է տալիս ծանոթանալ ծրարի մեջ եղած փաստաթղթի բովանդակությանը, դրա մասին հաղորդվում է ոստիկանության ստորաբաժանման պետին և ծրարը փաստաթղթով պահպանվում է ծառայողական քննություն անցկացնելու համար:
15. Ծրարները բացվում են երեք կողմից, ստուգվում է դրանց վրա նշված հաշվառման համարների համապատասխանությունը ծրարներում գտնվող փաստաթղթերի համարներին, օրինակների ու թերթերի, ինչպես նաև հավելվածների քանակներին: Ծրարները բացող ծառայողը (աշխատողը) պետք է համոզվի թղթակցությունը ծրարից ամբողջությամբ հանվելու մասին: Ծրարները բացելուց հետո փաստաթղթերը անմիջապես գրանցվում են մտից մատյանում: Ծրարում մի քանի փաստաթղթերի առկայության դեպքում դրանցից յուրաքանչյուրը գրանցվում է առանձին համարով: Բացված, պատռված ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի գտնվելու կամ բնակության վայրը, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար: Մնացած դեպքերում դրանք կարվում են ծրարների համար առանձնացված համապատասխան գործում:
16. Ստացված փաստաթղթերի հաշվառման տվյալներում և ռեկվիզիտներում հակասություն հայտնաբերելու դեպքում քարտուղարության երկու ծառայողների (աշխատողների) ստորագրությամբ կազմվում է ակտ՝ երկու օրինակից: Ակտի առաջին օրինակը և ծրարի շիտակ երեսը ուղարկվում են առաքողին, իսկ երկրորդ օրինակը կարվում է գործում: Ակտը ստանալուն պես առաքողը հակասությունները պարզելու և վերացնելու նպատակով միջոցներ է ձեռնարկում:
17. Սխալմամբ ուղարկված փաստաթղթերը չեն գրանցվում և վերադարձվում են առաքողին կամ նրա համաձայնությամբ ուղարկվում ճիշտ հասցեատիրոջը նոր ծրարով և նույն համարի տակ՝ կցելով առաքողից ստացված ծրարի շիտակ երեսը:
Ոստիկանության ծառայություններին հասցեագրված ծրարները քարտուղարությունում չեն բացվում, այլ փոխանցվում են ըստ պատկանելության՝ առաքման գրքով կամ ցուցակով (ռեեստրով):
18. Գրանցելիս մտից փաստաթղթի առաջին էջի վրա դրվում է դրոշմ, որում նշվում են. ոստիկանության անվանումը, հաշվառման (մտից) համարը, գրանցման ամսաթիվը, հիմնական փաստաթղթի և դրա հավելվածների էջերի քանակը:
19. Եթե անհնար կամ աննպատակահարմար է ստացված փաստաթղթերի հավելվածները կարել գործում (օրինակ` բրոշյուրները, մեծ չափերի տեղեկատվական գրքերը և այլ) դրանք վերցվում են գույքային հաշվառման` այդ մասին նշելով ուղեկցական նամակի վրա և մտից մատյանում, իսկ նամակը կարվում է գործում:
20. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային) բացի «Անձամբ» նշագրումով ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» նշագրումով ծրարը բացում է անձամբ հասցեատերը կամ նրա կողմից լիազորված անձը, որը ստուգում է ծրարի և փաստաթղթի վրա դրված համարների համապատասխանությունը և փաստաթուղթը գրանցում է քարտուղարությունում:
Ինքնուրույն մտից համարներով ենթակա են գրանցման բոլոր փաստաթղթերը, որոնց համարները նշված են ծրարի վրա: Բոլոր փաստաթղթերի վերաբերյալ մտից մատյանի «Փաստաթղթի տեսակը և բովանդակությունը» սյունակում գրառվում է «Անձամբ» նշումը:
21. Հաշվառման մատյաններում գրանցվող փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ գրառումը կատարվում է հակիրճ և փաստաթղթի էությանը բնորոշ: Գրանցելուց հետո մտից փաստաթղթերը հանձնվում են ոստիկանության ստորաբաժանման պետին: Քարտուղարության ծառայողները (աշխատողները) համակարգում են պետին հանձնած փաստաթղթերի վերադարձը և դրանք ժամանակին փոխանցում կատարողներին:
Թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային 1 օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
22. Քարտուղարության ծառայողները (աշխատողները) կատարողներից փաստաթղթերն ընդունելիս ստուգում են փաստաթղթերի էջերի քանակի համապատասխանությունը:
23. Քարտուղարության ծառայողները (աշխատողները) աշխատանքային օրվա վերջում ստուգում են օրվա ընթացքում ստացված փաստաթղթերի առկայությունը, բացված ծրարները, միջադիրները և համոզվում, որ դրանց մեջ պատահաբար թողնված փաստաթղթեր չկան:
24. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
25. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը՝ ֆայլի ձևով, ստացված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը՝ համապատասխան ստորագրություններով:
26. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
27. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են գրությամբ, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ, ենթակա են վերափոխման՝ հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
28. Քարտուղարությունում գործին կցելու համար փաստաթուղթն ընդունվում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է ստորաբաժանման պետի կողմից կատարված «Գործին» մակագրությունը:
29. Քարտուղարության ծառայողները (աշխատողները) պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության և դրանց խնամքով վերաբերելու համար:
Քարտուղարությունում ստացված փաստաթղթի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում չի կատարվում:
30. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս քարտուղարության ծառայողը (աշխատողը) պետք է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնի իրեն փոխարինողին կամ անմիջական պետին:
31. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր և այլ պետական մարմիններից քննարկման համար ստացված փաստաթղթերի ուսումնասիրության համար, եթե նրանցում կոնկրետ ժամկետներ չեն նախատեսված, սահմանվում են հետևյալ ժամկետները՝
ա) Լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր՝ մինչև 5 օր
բ) Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր՝ մինչև 10 օր:
III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
32. Ելից նամակագրությունը ուղարկվում է քարտուղարության միջոցով, փաստաթղթերը ստորագրելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:
33. Առաքման համար փաստաթղթերն ընդունելիս քարտուղարության ծառայողը (աշխատողը) ստուգում է առաքվող փաստաթղթի օրինակների և թերթերի առկայությունը:
34. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա՝ համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են այն ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղակում է հասցեատերերին:
35. Էլեկտրոնային փոստով Էլեկտրոնային փոստի հասցե ունեցող հասցեատիրոջը փաստաթուղթ առաքելիս (որպես էլեկտրոնային իսկական օրինակ) ուղարկողը պետք է այն հաստատի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
36. Փաստաթուղթն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
37. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում՝ սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
38. Յուրաքանչյուր հավելված պետք է ունենա թերթերի կամ էջերի ինքնուրույն համարակալում: Ուղեկցական նամակում «Հավելված» բառից հետո նշվում է յուրաքանչյուր հավելվածի գրանցման համարը ու թերթերի քանակը: Եթե հավելվածը հանդիսանում է փաստաթղթի բաղկացուցիչ մասը և բրոշյուրավորված է նրա հետ միասին, ապա միասնական փաստաթուղթը պետք է ունենա ընդհանուր համարակալում:
Հինգ և ավելի հավելվածների առաքման դեպքում կազմվում է առանձին ցուցակ` նշելով դրանց անհրաժեշտ ռեկվիզիտները, իսկ ուղեկցական նամակում գրվում է` «Հավելված համաձայն N _____ ցուցակի _____ թերթ»:
39. Եթե հավելվածները առաքվում են գտնվելու կամ բնակության մի քանի վայր, ապա ուղեկցական նամակներում դրանք առաքվում են առանձին:
Օրինակ` առաջին հասցեին-տեղեկանք, N 723, օրինակ N 1, 3 թերթ:
երկրորդ հասցեին-տեղեկանք, N 723, օրինակ N 2, 3 թերթ:
Եթե առաքողի մոտ չեն մնում հավելվածների պատճենները, ապա ուղեկցական նամակում նշվում է «Միայն հասցեատիրոջը»:
40. Հինգ և ավելի հասցեներով առաքվող փաստաթղթերի համար կատարողը կազմում է առանձին ցուցակ, որը հաստատում է ստորաբաժանման պետը, իսկ յուրաքանչյուր առաքվող փաստաթղթի վրա նշվում է միայն մեկ հասցե:
41. Ելից փաստաթղթի պատճենը կարվում է գործի մեջ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտների առկայության դեպքում (այդ թվում գրանցման համարը, ամսաթիվը, ստորագրող անձի պաշտոնը, ազգանունը) և վավերացվում կատարողի կողմից:
42. Ելից փաստաթղթերի հաշվառումը իրականացվում է ելից մատյանում գրանցում կատարելու միջոցով:
Ելից փաստաթղթերը գրանցելիս մատյանի «Փաստաթղթերի տեսակը և կարճ բովանդակությունը» սյունակում նշվում է նաև հավելվածի հաշվառման համարը:
43. Փաստաթղթերը կարող են հասցեատերերին առաքվել իրենց գրանցահամարներով, առանց ուղեկցող նամակի, եթե դրանց նշանակումը պարզաբանումների կարիք չունի:
Փաստաթղթերն առանց ուղեկցող նամակի առաքելիս ծրարների վրա, որոնց մեջ դրված են այդպիսի փաստաթղթեր, նշվում են բոլոր փաստաթղթերի գրանցահամարները, իսկ հաշվառման մատյանում` ցուցակի համարը և առաքման ամսաթիվը:
44. Փաստաթղթերը ծրարի մեջ դրվելուց առաջ փաթեթավորվում են անլուսաթափանց թղթով: Եթե ծրարը պատրաստվում է անլուսաթափանց ստվարաթղթից, ապա փաստաթղթի փաթեթավորումը պարտադիր չէ: Փաստաթղթերը չեն փաթեթավորվում նախկինում օգտագործած ծրարներում, ինչպես նաև փխրուն, փայլուն, կամ թափանցիկ թերթերից պատրաստված ծրարներում:
45. Ծրարի վրա դրվում են հետևյալ ռեկվիզիտները`
ա) վերին աջ անկյունում՝ անհրաժեշտության դեպքում` «Շտապ» կամ «Անձամբ» նշագրումները, ծրարող անձի ստորագրությունը՝ վավերացված «Ծրարների համար» կնիքով,
բ) ներքևի աջ մասում՝ ստացողի գտնվելու կամ բնակության վայրը, իսկ դրա տակ, գծից ցած` թղթակցությունն առաքողի գտնվելու կամ բնակության վայրը (առանց նշելու ազգանունը և պաշտոնը) և ներդրված փաստաթղթերի գրանցահամարները:
Միևնույն փաստաթղթի մի քանի օրինակներն առանց ուղեկցական նամակի առաքելիս, բացի փաստաթղթի գրանցահամարից, փակագծում նշվում են նաև դրա օրինակների համարները:
46. Փոստարկղահամարների տեսքով պայմանական անվանում ունեցող հիմնարկներին ուղարկվող թղթակցությամբ ծրարների վրա նշվում է միայն հիմնարկի գտնվելու վայրի լրիվ անվանումը, իսկ զինվորական մասերին հասցեագրված փաստաթղթերի ծրարների վրա՝ զորամասի համարները: Ծրարի վրա չի նշվում հիմնարկի պատկանելությունը:
Օրինակ` Ստացող` Սյունիքի մարզ, ք. Գորիս, հիմնարկ Ա-200
Առաքող` Շիրակի մարզ, ք. Գյումրի, հիմնարկ Կ-400
Ծրարների վրա և ցուցակում դրվում են թղթակցությունն առաքողի գտնվելու կամ բնակության վայրի տվյալները, համապատասխան կնիքները և դրոշմակնիքները:
47. Փաստաթղթերը հասցեատերերին հասցվում են ըստ ցուցակների (ռեեստրների) սուրհանդակային և հատուկ կապի կամ ոստիկանության ծառայողների միջոցով:
48. Ոստիկանության պետի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի համաձայն) փաստաթղթերը տվյալ բնակավայրի սահմաններում կարող են տեղ հասցնել կատարողները քարտուղարության կողմից կնքված աշխատանքային թղթապանակներում (հատուկ պայուսակներում) և միայն ծառայողական տրանսպորտով:
49. Սուրհանդակային ծառայության միջոցով թղթակցության առաքման համար լրացվում է ցուցակ (ռեեստր) երկու օրինակից, որոնք թղթակցության հետ միասին հանձնվում են սուրհանդակային կամ հատուկ կապի ծառայողներին: Սուրհանդակի ստորագրությամբ և կնիքով վավերացված ցուցակի (ռեեստրի) մեկ օրինակը վերադարձվում է քարտուղարության ծառայողին (աշխատողին) և պահվում է ցուցակների գործում, իսկ մյուս օրինակը մնում է սուրհանդակային ծառայությունում: Ելից թղթակցությունների ցուցակներում նշվում են թղթակցության հանձնման-ընդունման ամսաթիվը և ժամը` վավերացված սուրհանդակի ստորագրությամբ և կնիքով:
50. Սուրհանդակային կամ հատուկ կապի ծառայության աշխատակիցը թղթակցությունը հասցեատերերին հանձնելիս լրացնում է ցուցակ (ռեեստր) մեկ օրինակից, որը ստացողի ստորագրությամբ և կնիքով վավերացված՝ վերադարձնում է քարտուղարություն:
Թղթակցությունը հասցեատերերին կարող է հանձնվել նաև առաքման գրքերով: Ցուցակները (ռեեստրները) կարվում են գործում, իսկ առաքման գրքերը գրանցվում են միասնական հաշվառման մատյանում և պահվում են ցուցակի (ռեեստրի) լրացման պահից կամ առաքման գրքում վերջին գրառումից հետո հինգ տարուց ոչ պակաս և ոչնչացվում են ակտով:
IV. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
51. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների քարտուղարություններում ստացվող իրավական ակտերը գրանցվում են իրավական ակտերի հաշվառման մատյաններում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի և նրա տեղակալների կողմից ընդունված իրավական ակտերի բնագրերը հաշվառվում և պահպանվում են մշտապես:
Գրանցումները յուրաքանչյուր տարի պետք է սկսվեն առաջին համարից:
52. Իրավական ակտերի հաշվառման մատյանները վարվում են մինչև տարին լրանալը: Մատյանում պետք է նշված լինեն բոլոր գրանցված փաստաթղթերի առաքման և ոչնչացման մասին տվյալները (ելից կամ ոչնչացման ակտի համարները ու ամսաթվերը), որից հետո այն պահվում է քարտուղարությունում:
53. Ստացված իրավական ակտերի յուրաքանչյուր օրինակի և նրան կից ստացված չբրոշյուրավորված հավելվածի վրա դրվում է դրոշմակնիք, որտեղ նշվում է փաստաթղթի հերթական հաշվառման համարն ըստ մատյանի և ստացման ամսաթիվը: Հիմնական փաստաթղթի չբրոշյուրավորված հավելվածը գրանցվում է նույն մատյանում առանձին տողով հիմնական փաստաթղթի նույն համարի տակ:
54. Իրավական ակտի բնույթից ելնելով՝ հրամանների գրանցահամարից հետո գծիկով ավելացվում է «Ն» (նորմատիվ) կամ «Ա» (անհատական) տառերը:
55. Իրավական ակտերի բնօրինակները պահվում են առանձին գործերում ըստ փաստաթղթերի տեսակների և հանձնվում են արխիվ: Բնօրինակները չեն առաքվում կամ ոչնչացվում:
56. Իրավական ակտերն առաքվում են քարտուղարության միջոցով առանց ուղեկցական նամակի՝ փաթեթի վրա նշված իրենց գրանցահամարներով: Մի քանի տեսակի իրավական ակտերը կարող են ուղարկվել նամակով՝ նշելով յուրաքանչյուրի գրանցահամարը:
57. Իրավական ակտերը բազմացվում և առաքվում են՝ հաշվի առնելով ծառայողական անհրաժեշտությունը:
Իրավական ակտերի առաքման համար կազմվում է ցուցակ, որը հաստատվում է ստորաբաժանման պետի կողմից, որը իրավական ակտերի բնօրինակների հետ միասին կարվում է գործին և պահվում մշտապես:
58. Իրավական ակտերի լրացուցիչ օրինակները կարող են ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ ծառայողական անհրաժեշտության առկայության դեպքում:
59. Իրավական ակտերի հետ ծանոթացումը կատարվում է ծանոթացման թերթիկի վրա՝ ստորագրությամբ: Նշված թերթիկը պահվում է իրավական ակտերին կից:
Անձնակազմի վերաբերյալ հրամանների բովանդակությանը ստորաբաժանումների պետերը կարող են ծանոթացնել խորհրդակցությունների ընթացքում: Կադրերի և ֆինանսատնտեսագիտական ծառայություններին թույլատրվում է անձնակազմի վերաբերյալ հրամաններից կատարել քաղվածքներ և կազմել տեղեկանքներ՝ ծառայողների (աշխատողների) անձնական գործին կցելու համար:
60. Իրավական ակտերը տրվում են ծառայողներին ստորագրությամբ:
Իրավական ակտերն ենթակա են վերադարձման քարտուղարություն աշխատանքային օրվա վերջում: Կատարողներին մշտական օգտագործման համար անհրաժեշտ իրավական ակտերը տրվում են ստորաբաժանման պետի գրավոր թույլտվությամբ:
61. Իրավական ակտերի հետ ժամանակին ծանոթանալու և վերադարձնելու վերահսկողությունը դրվում է քարտուղարության վրա:
62. Ոստիկանության ուսումնական հաստատություններում իրավական ակտերը պահվում են գրադարաններում և ուսումնական խմբերին տրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:
63. Գործողությունը դադարեցված իրավական ակտերի վրա, ինչպես նաև այն մատյաններում, որտեղ դրանք գրանցված են, այդ մասին արվում են նշումներ, որից հետո այդ փաստաթղթերը մինչև ոչնչացնելը պահվում են գործող իրավական ակտերից առանձին:
64. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից և այլ մարմիններից ստացված տարբեր իրավական ակտերի պատճեններ հանել չի թույլատրվում՝ առանց ղեկավարության գրավոր թույլտվության:
65. Քարտուղարությունում գրանցված իրավական ակտերը հարմար օգտագործելու համար դրանք կենտրոնացվում և պահվում են թղթապանակներում կամ արագակարներում՝ ըստ հրատարակության տարիների փաստաթղթերի ցուցակի: Իրավական ակտերը ընթացիկ գրագրության գործում չեն կարվում:
66. Գործնական և տեղեկատվական նշանակությունը կորցրած իրավական ակտերը և ավելորդ օրինակները տարեկան մեկ անգամ ստորաբաժանումների պետերի կողմից ստեղծված փորձաքննական հանձնաժողովների միջոցով առանձնացվում և ոչնչացվում են ակտով՝ նշելով այդ մասին հաշվառումներում:
V. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՔ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
67. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության իրավական ակտերի պահպանման և ոչնչացման համար փաստաթղթերի և գործերի ընտրությունը իրականացվում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված կենտրոնական փորձաքննական հանձնաժողովի կողմից (15.05.2002 թ. թիվ 227 հրաման):
68. Փորձաքննական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երեք հոգուց ոչ պակաս ոստիկանության ծառայողներ կամ աշխատողներ (այդ թվում քարտուղարության ծառայողը կամ աշխատողը), որոնք ուսումնասիրում են փաստաթղթերի տնտեսական, գիտական, սոցիալ-մշակութային, պատմական նշանակությունը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում ոստիկանության պետի տեղակալներից մեկը:
69. Փաստաթղթերի՝ ըստ տեսակների պահպանման ժամկետների նշումով ցանկում (Հայաստանի Հանրապետության կառավարության 25.12.1998 թ. թիվ 833 որոշում), որոնք չընդգրկված փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի կողմից՝ կենտրոնական փորձաքննական հանձնաժողովի ներկայացմամբ:
70. Փաստաթղթերի և գործերի փորձաքննության ընթացքում դժվարություններ առաջանալու դեպքում այդ աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակիցներ:
71. Ոչնչացման ենթակա են պահպանման ժամկետներն անցած, գործնական նշանակությունը կորցրած և պատմական կամ այլ արժեք չունեցող փաստաթղթերը, գործերը, որոնց ոչնչացումը պարտադիր է:
72. Փաստաթղթերի և գործերի ոչնչացման համար կազմվում է ակտ՝ 2 օրինակից: Ակտը կազմվում է յուրաքանչյուր տարին մեկ և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Ոստիկանության ստորաբաժանումների պետերի հաստատումից հետո ակտը համաձայնեցման համար ուղարկվում է ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարություն: Համաձայնեցված ակտի մեկ օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը:
73. Ոչնչացման ենթակա փաստաթղթերը նախքան ակտում ընդգրկելը (դրա անվանումը, գրանցահամարը, օրինակի համարը և թերթերի քանակը) համեմատվում են հաշվառման մատյանի հետ:
Հնարավոր սխալներից խուսափելու և էջերի ճիշտ հաշվարկը ապահովելու համար փաթաթված կամ ծալված փաստաթղթերը բացվում են:
Հանձնաժողովի անդամները ոչնչացման համար ընտրված և ակտում ընդգրկված փաստաթղթերի համեմատելուց հետո դրանք պահում են՝ մյուս փաստաթղթերից առանձին: Ոչնչացնելուց առաջ հանձնաժողովը համեմատում է ոչնչացվող փաստաթղթերը ակտի գրառումների հետ:
74. Փաստաթղթերի ոչնչացման վերաբերյալ ակտերում որևէ ուղղում (ջնջում, լրացում) չի կատարվում:
Բացառիկ դեպքերում ակտում կատարված ուղղումները վավերացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությամբ:
75. Մշտապես և ժամանակավորապես պահպանվող գործերի ցուցակները կազմվում են երեք օրինակից, որոնցից երկուսը գործերի հետ միասին փոխանցվում են արխիվ, իսկ երրորդը` գործերը ընդունող արխիվի աշխատողի ստորագրությամբ մնում է գործերը հանձնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումում:
Մշտապես և ժամանակավորապես պահպանվող գործերի ցուցակներն ունեն հետևյալ սյունակները` համարներ ըստ կարգի, գործերի դասիչները, պահվող միավորի վերնագիրը, գործի սկզբի և ավարտի ժամկետները, հոդվածների համարները ըստ փաստաթղթերի ցանկի, նշելով դրանց պահպանման ժամկետը, թերթերի քանակը, ծանոթագրություններ:
Արխիվ հանձնվող փաստաթղթերի, գործերի և ցուցակների ճշտությունը ստուգում են արխիվի աշխատողները:
Խախտումներով ձևակերպված գործերը և ցուցակները վերադարձվում են հասցեատիրոջը և ենթակա են ուղղման:
76. Արխիվում պահպանվող փաստաթղթերին և գործերին ծանոթանալը իրականացվում է արխիվային զետեղարանում՝ համապատասխան ստորաբաժանման պետի թույլտվությամբ: Գործերը կարող են տրվել կատարողներին աշխատատեղերում ծանոթանալու համար՝ ոստիկանության ստորաբաժանման պետի գրավոր թույլտվությամբ:
77. Ոստիկանության արխիվներում փաստաթղթերի և գործերի պահպանման կանոնների վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունը և Ինֆորմացիոն կենտրոնը:
VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
78. Ոստիկանությունում և նրա ենթակա ստորաբաժանումների քարտուղարություններում, քաղաքացիների, զինծառայողների, ինչպես նաև իրավաբանական անձանց դիմումները հաշվառվում և գրանցվում են քաղաքացիների առաջարկությունների և դիմումների հաշվառման մատյանում՝ մուտք եղած օրվանից (հավելված թիվ 1):
ա) Դիմումի առաջին էջի վրա, ազատ տեղում դրվում է ոստիկանության կամ ստորաբաժանման մուտքի դրոշմակնիքը, որի վրա նշվում է ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը: Այն կարող է լրացվել տառանշաններով, որոնք ևս ապահովում են դիմումի համակարգումը, փնտրումը (օրինակ՝ հեղինակի ազգանվան առաջին տառը (Ա 200):
բ) Դիմումը պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, ուսումնական հաստատության, բնակության կամ աշխատանքի վայրը: Եթե հիշյալ տեղեկությունների բացակայության կամ անհամապատասխանության դեպքում դիմումատուի ինքնությունը ճշտելն անհնար է, դիմումը համարվում է անստորագիր, չի քննարկվում և (քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը 22.12.1999 թ. ՀՕ-24) օրենքով սահմանված կարգով ոչնչացվում է:
գ) Անստորագիր դիմումները, որոնք պարունակում են նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ, քարտուղարության մուտքի մատյանում գրանցելուց հետո հանձնվում են օպերատիվ ծառայություններին՝ հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու նպատակով օգտագործելու համար:
դ) Դիմումների ծրարները պահվում են քննարկման ամբողջ ժամանակաընթացքում, որից հետո ոչնչացվում են:
ե) Կրկնվող դիմումներին կցվում է հաշվառման քարտ, որի վրա կատարվում են գրառումներ՝ դիմումի շարժի և կատարման ընթացքի մասին (հավելված թիվ 2): Քարտերը դրվում են քարտադարանում, այբբենական կարգով:
զ) Կրկնվող դիմումները գրանցվում են՝ դնելով «կրկնակի» դրոշմ և մատյանում կատարելով նշում՝ «կրկնակի»:
է) «Կրկնվող» են համարվում նույն անձի կողմից գրված նույնաբովանդակ դիմումները, եթե բողոքարկվում են նախկինում տրված դիմումների պատասխանները, քննարկման սահմանված ժամկետների խախտումները և տվյալ հարցին առնչվող այլ հանգամանքները:
ը) Նույն անձի կողմից տարբեր հասցեներով ուղարկված նույնաբովանդակ դիմումները, որոնք ստացվում են ոստիկանության ստորաբաժանումներում հարցի քննարկման և լուծման համար, չեն համարվում կրկնակի, այլ դիտվում են որպես ինքնուրույն դիմում:
թ) Չի թույլատրվում դիմումներն ուղարկել ոստիկանության այն ստորաբաժանումներ, որոնց ծառայողների գործողությունները բողոքարկվում են:
ժ) Երբ դիմումում ոստիկանության ստորաբաժանման իրավասությանը վերաբերող հարցերի հետ մեկտեղ բարձրացվում են նաև այլ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական մարմինների քննարկման ենթակա հարցեր, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում նախարարություններ և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ են ուղարկվում դիմումի պատճենը կամ քաղվածքը, որի մասին ծանուցվում է դիմումատուին:
ի) Հսկողության վերցված դիմումների համար լրացվում են հսկողական քարտեր (2 օրինակից), որոնցից մեկը պահվում է քարտուղարությունում, իսկ մյուս օրինակը դիմումի հետ միասին հանձնվում է կատարողին (հավելված 3):
լ) Ստացված բոլոր դիմումները համարակալվում են գրանցման ժամանակ և պատասխանները ուղարկվում են դիմումատուներին՝ ելից հաշվառման մատյանում գրանցելուց հետո:
խ) Դիմումը ստանալուց և վերջնական ընթացքը լուծելուց հետո այն, պատասխան գրության հետ, վերադարձվում է քարտուղարություն, որի վրա դրվում է ստորաբաժանման պետի մակագրությունը՝ «գործին», իսկ անձնակազմին վերաբերող դիմումների պատճենները՝ կապված ծառայության անցման հետ, կցվում են անձնական գործերին: Կատարողի մոտ փաստաթղթեր չեն պահվում:
ծ) Փաստաթղթերը գործում կարվում են ըստ այբբենական կամ հերթական համարի:
Կրկնվող դիմումներ կամ լրացուցիչ փաստաթղթեր ի հայտ գալու դեպքում դրանք կցվում են համապատասխան փաստաթղթերին:
կ) Հսկողության վերցված և կրկնվող դիմումների գրանցման համար «հսկողական» և «կրկնակի» դրոշմների փոխարեն կարող են օգտագործվել գունավոր անկյունագծով քարտեր՝ հսկողական դիմումները գրանցելով կարմիր, իսկ կրկնակի դիմումները՝ կապույտ քարտերում:
հ) Դիմումները քննարկվում են ոստիկանություն մուտք եղած օրվանից 15 օրվա ընթացքում:
ձ) Նամակների և բողոքների քննարկման ժամանակ, երբ անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություն, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումի կատարման ժամկետները, բացառության կարգով, համապատասխան ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի թույլտվությամբ կարող են երկարաձգվել ևս 15 օրով՝ այդ մասին հայտնելով դիմումատուին:
ղ) Դիմումների կատարման ընթացքը համարվում է ավարտված, եթե ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է դիմումատուին: Պատասխանը տրվում է գրավոր կամ դիմումատուի համաձայնությամբ՝ բանավոր, որի մասին կատարվում է նշում դիմումների հաշվառման մատյանում:
ճ) Դիմումի կատարման ժամկետը հաշվարկվում է դիմումը ոստիկանությունում մուտք եղած օրվանից մինչև դիմումատուին պատասխանելու օրը:
Հավելված թիվ 1
Մ Ա Տ Յ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____ __________ 200 թ.
Ավարտված է ____ ________ 200 թ.
Պահպանման ժամկետը _______ տարի
Հիմքը հր.__ թիվ _ __ հոդված _____
Էջերի քանակը __________ թերթից
Մ Ա Տ Յ Ա Ն
Քաղաքացիների առաջարկությունների եվ դիմումների հաշվառման
հ/հ | Անուն Ազգանուն Հայրանուն |
Դիմողի գտնվելու կամ բնակության վայրը | Ստացման ամսաթիվը | Որտեղից է ստացվել, ելքի համարը և ամսաթիվը | Համառոտ բովանդա- կություն |
Ու՞մ, երբ և ինչ մակագրությամբ է ուղարկված | Ստացման մասին ստորագրությունը և ամսաթիվը | Նշում կատարման մասին | |
գործի N-ը | էջերի N-ը | ||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Հավելված թիվ 2
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Ք Ա Ր Տ
&քարտի երեսնամասը
&քարտի հակառակ երեսնամասը |
Հավելված թիվ 3
ԴԻՄՈՒՄԻ ՀՍԿՈՂԱԿԱՆ
Ք Ա Ր Տ
&քարտի երեսնամասը
&քարտի հակառակ երեսնամասը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.02.2018, Թիվ 3-Ն | 11.03.2018, N 12-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|