Գլխավոր տեղեկություն
Номер
N 287
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (22.08.1999-11.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.08.17/12(34)
Принят
Ֆինանսների նախարարություն
Дата принятия
29.07.1999
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
29.07.1999
Дата вступления в силу
22.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

118.0287.29.07.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 հուլիսի 1999 թ.
ք. Երևան

N 287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 782 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 48-րդ կետի և 59-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն ապահովելու և այդ բնագավառի աշխատանքները բարելավելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը»` համաձայն հավելված 2-ի.

գ) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելված 3-ի.

դ) «Օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած հայտատուի որակավորման կարգը»` համաձայն հավելված 4-ի:

2. Սահմանել, որ աուդիտորների որակավորման հանձնաժողովը իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը` համաձայն հավելված 5-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թ. հուլիսի 15-ի N 226 հրամանը:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
նախարարի
1999 թ. հուլիսի 29-ի
N 287 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը:

2. Որակավորման քննությունը աուդիտորի որակավորում ստանալու համար հայտ ներկայացրած անձանց (այսուհետև` հայտատուներ) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

3. Ընդհանուր աուդիտի գծով հայտատուների որակավորման քննությունների անցկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կողմից:

4. Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Որակավորման քննությունների ծրագիրը պարբերաբար վերանայվում է` Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան:

5. Աուդիտորների որակավորման քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, վերստուգիչի, հարկային տեսուչի, աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ), տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ:

6. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

7. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար հայտատուի կողմից ներկայացվում է հայտ, որին կցվում են`

ա) բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի պատճենը.

բ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

գ) երկու լուսանկար` 3 x 4 չափսի.

դ) դատավճռի պատճենը (դատավճռով դատապարտված անձինք):

Հայտատուն պարտավոր է մինչև քննությանը ներկայանալը վճարել պետական տուրքը և պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, որն իր հերթին, մինչև քննության սկսվելը հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևի տեղեկանք` պետական տուրքի վճարումների մասին: Պետական տուրքը չվճարած հայտատուին արգելվում է մասնակցել քննությանը:

Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուն (անկախ քաղաքացիությունից) սույն կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև որակավորման վկայականի (հավաստագրի) նոտարական կարգով հաստատված պատճենը և իր վերջին աշխատավայրի ղեկավարի կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը, որում նշվում է նաև հայտատուի կողմից կատարված աշխատանքների հիմնական ոլորտը և աուդիտի տեսակը:

8. Հայտերը քննարկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին` համապատասխան հիմնավորումներով, այդ մասին տեղյակ պահելով հանձնաժողովին:

9. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են պարբերաբար` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամսական մեկ անգամ: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին տեղեկացվում է որակավորման քննությունից 15 օր առաջ:

10. Հայտատուին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննության ուշացումով ներկայացած հայտատուն համարվում է չներկայացած և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:

11. Որակավորման քննություններն անց են կացվում հայերեն լեզվով` գրավոր: Քննության հարցաթերթիկները կազմվում են հետևյալ 3. բաժիններից`

I բաժին-տեսական հարցեր,

II բաժին-տեստեր,

III բաժին-խնդիրներ:

Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են 3 հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է ընտրվի հաշվապահական հաշվառմանը, հարկային օրենսդրությանը և աուդիտորական գործունեությանը վերաբերող բաժիններից, II բաժնում` 30 հարցեր (տեստեր) հանձնաժողովի կողմից սահմանված համամասնությամբ, իսկ III բաժնում` որոնցից 3-ը` ֆինանսական վերլուծության վերաբերյալ և նույն թվով` հարկային օրենսդրության: Վերջիններիս ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով դրանց բարդության աստիճանը, այսինքն` ընտրվում է համապատասխանաբար 2, 3 և 4 առավելագույն միավորով գնահատվող 1-ական խնդիր:

12. Հարցաթերթիկում ներառված հարցերի (այդ թվում` խնդիրների) ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ, իսկ այդ հարցերից բաղկացած առանձին հարցաթերթիկները կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և հայտատուների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին հարցաթերթիկներ:

13. Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար հայտատուին տրվում է չորս ժամ: Քննության ընթացքում հայտատուին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս հայտատուների հետ: Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար հատկացված ժամանակը լրանալուն պես, հայտատուն պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում հայտատուն հեռացվում է քննությունից: Երկրորդ անգամ որակավորման քննություններին նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել որակավորման քննությանը:

Որակավորման քննություններն անց են կացվում մեկ փուլով` գրավոր, որի ընդհանուր արդյունքները գնահատվում են 60 միավորի սահմաններում: Ընդ որում, տեսական հարցերի բաժնում ներառված 3 հարցերի պատասխանները գնահատվում են առավելագույնը` 15 միավոր (յուրաքանչյուրը` 0-5 միավորի սահմաններում), 30 տեստերինը` 30 միավոր (յուրաքանչյուրը` 0 կամ 1 միավոր), 6 խնդիրները` 15 միավոր, այդ թվում` վերլուծությանը վերաբերող 3 խնդիրներինը` 6 միավոր (յուրաքանչյուրը 0-2 միավոր), իսկ հարկային օրենսդրությանը վերաբերող 3 խնդիրներինը` 9 միավոր (յուրաքանչյուրը` 0-2, 0-3 և 0-4 միավոր):

14. Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող): Քննության արդյունքում 46 և ավելի միավոր հավաքած հայտատուները համարվում են որակավորված:

15. Հանձնաժողովը հայտատուի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա որոշում է ընդունում նրան աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջները:

16. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի (անկախ քաղաքացիությունից) որակավորման կարգի առանձնահատկությունները սահմանվում են առանձին:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված հայտատուին տրվում է աուդիտորի որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

18. Աուդիտորի որակավորման վկայականը լրացվում և տարվում է հանձնաժողովի կողմից որոշման ընդունման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Աուդիտորի կողմից չստացված որակավորման վկայականը հանձնաժողովի կողմից պահպանվում է մինչև վկայականի գործողության ժամկետի լրանալը:

19. Աուդիտորի որակավորման վկայականը տրվում է երկու տարի վեց ամիս ժամկետով:

Հանձնաժողովը կարող է հաշվի առնել աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

20. Հայտատուի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում, հայտատուին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են որակավորման վկայականը տալուց հետո, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում:

21. Քննության արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած հայտատուն որակավորման քննություններին կրկին կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` այն տարբերությամբ, որ նա կարող է հայտին կից չներկայացնել սույն կարգի 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանց ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

22. Հայտատուի կողմից որակավորման քննության արդյունքները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև` դատական կարգով:

23. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում, աուդիտորը պարտավոր է 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել հանձնաժողովին: Կորցրած վկայականը հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է նոր վկայական «Կրկնօրինակ» նշագրումով:

24. Հանձնաժողովը վարում է հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ: Հայտերի գրանցամատյանում լրացվում են հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված որակավորման վկայականների գրանցամատյանում լրացվում են աուդիտորի անունը, ազգանունը, հայտի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան որոշման ամսաթիվը և համարը, որակավորման վկայականի տրման ամսաթիվը և համարը:

25. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի հաշվին:

26. Հանձնաժողովը, իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, հայտատուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

27. Քննությունների պատասխանները հանձնաժողովի կողմից պահպանվում են երեք տարի:

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
նախարարի
1999 թ. հուլիսի 29-ի
N 287 հրամանով

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԱՍԼԻԿՅԱՆ ԱՐԱ - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչության պետ
3. ՍԱՐԳՍՅԱՆ ԱՂԱՍԻ - ԵրԺՏԻ պրոռեկտոր, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
4. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ - ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետ
5. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ - ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
6. ՔԱՌՅԱՆ ԱՐԱ - ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական տեսչության (գլխավոր վարչության) պետ
7. ԲԱԴԱլՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ - ՀՀ ֆինանսների նախարարության ՖՎԳՎ, նախարարության համակարգի գործունեության վերահսկողության վարչության պետ
8. ՄԿՐՏՉՅԱՆ ԱԲԳԱՐ - ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության կարգավորման վարչության պետ
9. ՄԵԼԻՔՅԱՆ ՌԱԶՄԻԿ - ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության կարգավորման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
10. ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԹՈՒՐ - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական գլխավոր վարչության փաստաթղթերի տեսչության վարչության պետ
11. ԱԴԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ - ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ
12. ԻԳԻԹՅԱՆ ԹԱԴևՈՍ - ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ
13. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ
14. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ
15. ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ
      

Հավելված 3

Հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
նախարարի
1999 թ. հուլիսի 29-ի
N 287 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը:

 

I. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգի (այսուհետև` որակավորման կարգի) պահանջներին համապատասխան, հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումը.

բ) հանձնաժողովի գործունեության և հայտատուների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) կազմակերպման, միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) աուդիտորի որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու կամ վկայականի գործողությունը կասեցնելու մասին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի պարտականությունները և իրավունքներն են`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով.

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության հարցը և ընդունել որոշում` նրան քննության հրավիրելու, նրա հայտը մերժելու կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության վերաբերյալ.

գ) հաշվի առնել աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով.

դ) քննության արդյունքների հիման վրա հայտատուների որակավորման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և աուդիտորներին հանձնել սահմանված ձևի որակավորման վկայականները.

ե) քննարկել նիստերին երեք անգամ անընդմեջ չմասնակցած հանձնաժողովի անդամին հանձնաժողովի կազմում թողնելու հարցը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին.

զ) վարել հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ.

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացնել տարեկան հաշվետվություն` հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին.

ը) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննությունից մեկ օր առաջ կազմված հարցաթերթիկների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ.

թ) մինչև քննության սկսվելը ստանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տեղեկանքը` պետական տուրքի վճարումների մասին.

ժ) մերժել հայտատուի հայտը, եթե նրա ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտի, նույն թվում` որակավորման կարգի պահանջներին.

ի) հայտատուին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը.

լ) որակավորման կարգով սահմանված դեպքերում, ընդունել համապատասխան որոշում` հայտատուին չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու մասին.

խ) սահմանված դեպքերում կասեցնել աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը կամ այն ճանաչել ուժը կորցրած.

ծ) պետական տուրքը չվճարած հայտատուին արգելել մասնակցելու քննությանը.

կ) քննարկել և ներկայացնել առաջարկություններ` հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին:

3. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հրամանով:

5. Հանձնաժողովում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետները, ինչպես նաև հաշվապահների և աուդիտորների հասարակական կազմակերպությունների անդամները` կազմակերպությունների ներկայացմամբ:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել լրացուցիչ նիստ:

8. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

9. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

10. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են, որի մեկ օրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

 

Հավելված 4

Հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
նախարարի
1999 թ. հուլիսի 29-ի
N 287 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կանոնակարգվում են օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի` այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի (անկախ քաղաքացիությունից) ընդհանուր աուդիտի գծով որակավորման առանձնահատկությունների հետ կապված հարցերը:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված հայտատուն (այսուհետև` հայտատու) կարող է որակավորման քննությունը հանձնել հարցազրույցի միջոցով, որն անց է կացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված աուդիտորների որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

Հարցազրույցի ընթացքում հարցեր կարող են տրվել նաև հայտատուի կողմից կատարված մասնագիտական աշխատանքների բնույթի և բովանդակության վերաբերյալ:

3. Հայտատուի որակավորման ժամանակ հաշվի են առնվում նրա մասնագիտական կարողությունների գնահատման չափանիշները, այդ թվում`

- կրթությունը,

- օտարերկրյա պետությունում որակավորում ստանալու ժամանակ որակավորմանը ներկայացված պահանջները, մասնավորապես` որակավորման ծրագրում հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների կամ հաշվապահական հաշվառման միջազգային ճանաչում ունեցող այլ համակարգերի ներառված լինելու հանգամանքը,

- մասնագիտական փորձառությունը և Հայաստանի Հանրապետության կամ ԱՊՀ երկրների հաշվապահական հաշվառման, հարկային և տնտեսական օրենսդրությանը տիրապետելու աստիճանը:

4. Հարցազրույցի ընդհանուր տևողությունը սահմանվում է մինչև մեկ ժամ:

5. Հայտատուի պատասխանները գնահատելիս հանձնաժողովի անդամների կողմից օգտագործվում են «դրական» կամ «բացասական» բառերը, որի մասին նրանք կատարում են գրառում` հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևում:

6. Հայտատուն համարվում է որակավորված, եթե հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից նշանակված «դրական» գնահատականների թիվը գերազանցում է «բացասական» գնահատականների թվին, իսկ դրանց հավասար լինելու դեպքում վճռորոշ է համարվում հանձնաժողովի նախագահի (նիստը նախագահողի) կողմից նշանակված գնահատականը:

7. Հարցազրույցի արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև հարցազրույցի հրավիրված, սակայն չներկայացած հայտատուն նույն հիմունքներով կրկին կարող է մասնակցել որակավորման քննություններին` առանց ներկայացնելու բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի պատճենը և լուսանկարները, եթե նրա կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

8. Հայտատուի որակավորման հետ կապված մյուս հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգի» դրույթներով:

 

Հավելված 5

Հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
նախարարի
1999 թ. հուլիսի 29-ի
N 287 հրամանով

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

Կազմված արձանագրության
համառոտ բովանդակությունը

Ընդունված որոշման
բովանդակությունը

Ծանոթություն
(որոշման N,
ամսաթիվը և այլն)



 

 

     

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

Ծանոթություն: Հաշվետվությանը կից ներկայացվում է`

ա) տեղեկանք հաշվետվության վերաբերյալ (հանձնաժողովի կանոնակարգի պահանջների ապահովման, հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքներում տեղ գտած թերությունների, օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի մասին և այլն),

բ) առաջարկություններ` տեղ գտած թերությունների վերացման, հանձնաժողովի աշխատանքների բարելավման և կատարելագործման, հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

04 օգոստոսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11899125