«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 սեպտեմբերի 2002 թ. |
N ՔՀ-281-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մինչև «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհելու կարգը կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհելու ժամանակավոր կարգը» (հավելված 1):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին՝ կազմակերպել և վերահսկել սույն հրամանի կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանին՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս ղեկավարվել սույն հրամանով հաստատված կարգով:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Դ. Հարությունյան
Հավելված 1
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
Քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհվում են նրանց մասնագիտական որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին, աշխատանքային փորձին, հատուկ պատրաստականությանը և անձնական հատկանիշներին համապատասխան, ինչպես նաև` հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված կոչումները կամ դասերը:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհվում են և վերջիններս կոչումներից զրկվում են ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի ներկայացմամբ:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին սկզբնական կոչումներ շնորհվում են քրեակատարողական ծառայությունում երեք ամիս տևողությամբ փորձաշրջան անցած անձանց:
Տեսչական անձնակազմի պաշտոններում աշխատանքի ընդունելու հետ միաժամանակ քրեակատարողական ծառայության աշխատողներին շնորհվում է ունեցած պահեստի կոչմանը հավասար, սակայն տվյալ պաշտոնի սահմանային կոչումը չգերազանցող կոչում: Պահեստի կոչում չունենալու դեպքում քրեակատարողական ծառայության տեսչական անձնակազմի պաշտոններում աշխատանքի ընդունված միջնակարգ կրթություն ունեցող անձանց, աշխատանքի ընդունելու հետ միաժամանակ, որպես կանոն, շնորհվում է «Կրտսեր սերժանտ», միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց` «Սերժանտ» կամ «Ավագ սերժանտ», տվյալ պաշտոնին համապատասխանող միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց` «Ավագ» կոչումները:
Քրեակատարողական ծառայության տեսչական անձնակազմի պաշտոններում նշանակվող բարձրագույն կրթություն ունեցող անձանց, աշխատանքի ընդունելու հետ միաժամանակ, կարող է շնորհվել «Ենթասպա» կոչում:
«Արդարադատության կրտսեր լեյտենանտ» կոչում շնորհվում է քրեակատարողական ծառայության սպայական կազմի պաշտոններում աշխատանքի ընդունված բարձրագույն կրթություն ունեցող այն անձանց՝ ում մասնագիտական կրթությունը չի համապատասխանում տվյալ պաշտոնին, քրեակատարողական վարչության տեսչական անձնակազմի պաշտոններ զբաղեցնող աշխատողներին, ինչպես նաև քրեակատարողական ծառայության տեսչական անձնակազմի պաշտոններում ոչ պակաս, քան 10 տարվա անբասիր ծառայություն դրսևորած աշխատողներին՝ կենսաթոշակի անցնելու դեպքում՝ խրախուսման կարգով,
«Արդարադատության լեյտենանտ» և դրանից բարձր կոչումները շնորհվում են բարձրագույն կրթություն ունեցող քրեակատարողական ծառայության աշխատողներին:
Քրեակատարողական ծառայության ավագ սպայական կազմի պաշտոններում աշխատանքի ընդունվող անձանց, որպես կանոն, շնորհվում է արդարադատության մայորից ոչ բարձր սկզբնական կոչում, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա պահեստի կոչումն ավելի բարձր է:
Ավագ սպայական կազմի պաշտոններում նշանակելու հետ միաժամանակ քրեակատարողական ծառայության աշխատողը բացառիկ դեպքերում կարող է ներկայացվել ավելի բարձր կոչման:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին հերթական կոչումներ շնորհվում են նախորդ կոչումը կրելու համար սահմանված հետևյալ նվազագույն ժամկետները լրանալու դեպքում՝
ա) «Արդարադատության գնդապետ», «Արդարադատության փոխգնդապետ», «Արդարադատության մայոր» կոչումների համար՝ չորս տարի.
բ) «Արդարադատության կապիտան» կոչման համար՝ երեք տարի.
գ) «Արդարադատության ավագ լեյտենանտ» կոչման համար` երկու տարի.
դ) «Արդարադատության լեյտենանտ» կոչման համար՝ մեկ տարի.
ե) «Ավագ ենթասպա», «Ենթասպա», «Ավագ» կոչումների համար՝ վեց ամիս.
զ) «Ավագ սերժանտ», «Սերժանտ», «Կրտսեր սերժանտ», «Եֆրեյտոր», «Շարքային» կոչումների համար՝ երեք ամիս:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին հերթական կոչումներ շնորհվում են հաջորդական կարգով` նրանց զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը համապատասխան:
Անբասիր ծառայություն դրսևորելու դեպքում քրեակատարողական ծառայության աշխատողներին կարող են շնորհվել արտահերթ, ոչ ավելի, քան ունեցած կոչումից մեկ աստիճանով բարձր կոչումներ` անկախ տվյալ կոչման համար սահմանված նվազագույն ժամկետներից:
«Արդարադատության կապիտան» և դրանից ցածր կոչում ունեցող և ոչ պակաս, քան 25 տարվա անբասիր ծառայություն դրսևորած քրեակատարողական ծառայության աշխատողներին, կենսաթոշակի անցնելու դեպքում խրախուսման կարգով կարող է շնորհվել ունեցած կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում:
Քրեակատարողական ծառայությունում կարգապահական տույժի ենթարկված աշխատողները հերթական կոչման չեն ներկայացվում` մինչև կարգապահական տույժի մարման ժամկետը լրանալը:
Աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում թերացումներ ունեցող անձանց, անկախ հերթական կոչում շնորհելու համար սահմանված ժամկետներից, հերթական կոչում չի շնորհվում` մինչև դրանց վերացումը:
Հերթական կոչում շնորհելու միջնորդությունը մերժվելու դեպքում տվյալ անձը տեղեկացվում է մերժման պատճառ հանդիսացած հանգամանքների մասին, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան տեղեկանք, որն ուղարկվում է քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժին և կցվում տվյալ անձի անձնական գործին:
Հերթական կոչում շնորհելու միջնորդություն չի ներկայացվում քրեակատարողական ծառայության այն աշխատողների վերաբերյալ, ում նկատմամբ տվյալ պահին վարվում է ծառայական քննություն:
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում քրեակատարողական ծառայության աշխատողների կոչումները կարգապահական տույժի կարգով կարող են իջեցվել` ոչ ավելի, քան ունեցած կոչումից մեկ աստիճանով, կամ նրանք կարող են զրկվել այդ կոչումներից:
Քրեակատարողական ծառայության այն աշխատողները, ում կոչումը կարգապահական տույժի կարգով իջեցվել է` նախկին կոչումը կարող է վերականգնվել մեկ տարուց ոչ շուտ` անկախ սահմանված նվազագույն ժամկետը լրանալուց: Կոչումներից զրկված քրեակատարողական ծառայության աշխատողները ենթակա են հեռացման:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհելու աշխատանքների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը:
Քրեակատարողական ծառայության աշխատողներին կոչումներ շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը և հաշվառումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|