110.0040.17.03.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 մարտի 1997 թ. N 40-Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին» կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 1993 թվականի հուլիսի 15-ի «ՀՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին» կանոնադրությունը:
Նախարար |
Ա. Պետրոսյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն կանոնադրությունը ընդունված է «Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքի համաձայն և նպատակ ունի կարգավորելու ՀՀ պետական ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու և կրթություն ստանալու պայմանները:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետությունը` իրականացնելով ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության քաղաքականություն, աջակցում է արտասահմանյան երկրներին ազգային մասնագիտական կադրեր պատրաստելու գործում:
1.2. Օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում ՀՀ ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում կրթություն ստանալ անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային վիճակից, ցեղային, ազգային և կրոնական պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, զբաղմունքի բնույթից և այլ հանգամանքներից: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նրանց տրվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի դիպլոմ (վկայական):
1.3. Հայաստանի Հանրապետությունում սովորող բոլոր օտարերկրյա քաղաքացիները օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից, և կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որոշակի պարտավորություններ:
2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
2.1. ՀՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտներում օտարերկրյա քաղաքացիների ուսման ընդունելությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
2.1.1 Հանրապետության բուհերում սովորելու համար օտարերկրյա դիմորդների ընտրությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի նիստերում, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով:
Պայմանագրային հիմունքներով օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարում է բուհը: Սույն ընդունելության համակարգը կիրառվում է միայն առնվազն վերջին երեք տարիների ընթացքում տվյալ պետությունում բնակվող քաղաքացու նկատմամբ:
2.1.2 Պետական պատվերի շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների ընտրությունը կատարվում է.
ա) Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների միջև կնքված մշակութային և գիտական համագործակցության մասին միջպետական համաձայնագրերի հիման վրա:
բ) ՀՀ կրթության և գիտության նախարարության և օտարերկրյա համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայ քաղաքացիներին հատկացվող կրթաթոշակների հիման վրա:
2.2. ՀՀ պետական ուսումնական հաստատությունները և գիտահետազոտական հիմնարկները կարող են կազմակերպել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, պայմանագրային հիմունքներով, վճարովի համակարգում սովորելու նպատակով: Ընտրության կարգը, ուսման պայմանները և վարձի չափը սահմանվում են երկկողմանի պայմանագրով:
2.3. Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` ինչպես ՀՀ քաղաքացիները:
3. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3.1. Օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստանալ`
3.1.1 միջնակարգ հանրակրթական դպրոցներում,
3.1.2 մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններում,
3.1.3 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում,
3.1.4 բարձրագույն ուսումնական հաստատություններում,
3.1.5 բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրայում, ինչպես նաև բարձրացնել իրենց գիտական և մանկավարժական որակավորումը բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում, որակավորման բարձրացման ֆակուլտետներում և դասընթացներում, կլինիկական օրդինատուրայում:
4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ և ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն:
4.2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում`
Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն:
4.3. Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:
4.4. Օտարերկրյա քաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի աստիճանի մասնագիտական որակավորման առկայության դեպքում:
4.5. Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն բժշկական, ինչպես նաև ընտրած մասնագիտությամբ բուժական հաստատություններում աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ, կամ անցել են երկամյա կլինիկական օրդինատուրա (մասնագիտացում):
4.6. Բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում, որակավորման բարձրացման ֆակուլտետներում և դասընթացներում ստաժավորման կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:
4.7. Արվեստի, մշակույթի և ճարտարապետության ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել համապատասխան կրթություն (տե'ս 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.6 կետերը) և ընտրած ասպարեզում ստեղծագործական օժտվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Նշված ուսումնական հաստատություններում սահմանված են ընդունելության լրացուցիչ պայմաններ, որոնք կապված են սովորելու առանձնահատկությունների հետ:
5. ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5.1. Հայաստանի Հանրապետությունում ուսման են ընդունվում գործնականորեն առողջ օտարերկրյա քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու և համապատասխան ուսումնական հաստատություններում սովորելու համար:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
6.1.1 Հարցաթերթիկ:
6.1.2 Դիմում, հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը:
6.1.3 Ինքնակենսագրություն:
6.1.4 Նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը):
6.1.5 Բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու և համապատասխան բուհում սովորելու համար, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակի և պաթոլոգիաների մասին:
6.1.6 Նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
6.1.7 Լուսանկար (4 x 5 սմ չափսի` 6 հատ) (լուսանկարի հակառակ երեսում գրել ազգանունը և անունը):
6.1.8 Ասպիրանտուրա ընդունվելու ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են`
6.1.8.1 ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենը:
6.1.8.2 պաշտոնապես հաստատված տեղեկանք լեզվի իմացության մասին (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
6.2. Փաստաթղթերը (կետ 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8 ) վավերացվում են Հայաստանի Հանրապետության դեսպանության, կամ համապատասխան մարմիններում:
6.3. Փաստաթղթերը (կետ 6.1) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչություն` արտասահմանյան երկրների համապատասխան կառավարական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ համապատասխան մարմինների միջոցով:
6.4. Այն երկրներից, որտեղ չեն գործում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, փաստաթղթերը (տե'ս կետ 6.1) կարող են ներկայացնել նաև անհատական կարգով: Այդ դեպքում վերոհիշյալ փաստաթղթերը (տե'ս կետ 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8) անհրաժեշտ է վավերագրել տվյալ երկրի համապատասխան մարմնում և լեգալիզացվում է տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:
6.5. Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
7. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՏԱՐԻ
ՀԱՅՈՑ ԵՎ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
7.1. Օտարերկրյա քաղաքացիները (բացի ասպիրանտներից և ստաժորներից), որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց և ռուսաց լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ (բաժիններ) մեկ տարի ժամկետով:
7.2. Նախապատրաստական ֆակուլտետում (բաժնում) օտարերկրյա սովորողներն ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն):
7.3. Նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու շրջանում օտարերկրյա սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
7.4. Նախապատրաստական ֆակուլտետում սովորող օտարերկրյա քաղաքացիներին ակադեմիական արձակուրդ չի հատկացվում:
7.5. Ուսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ: Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցի ծրագրի շրջանակներում քննությունները հաջող հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում:
7.6. Նախապատրաստական ֆակուլտետում պետական պատվերով սովորող ուսանողները ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստանալու դեպքում հեռացվում են բուհից:
8. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ
8.1. Մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններն իրականացնում են տնտեսության տարբեր ճյուղերի որակյալ բանվորների պատրաստումը:
8.2. Որակյալ բանվորների պատրաստման ժամկետը 1-3 տարի է` կախված մասնագիտությունից:
9. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
9.1. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիները ստանում են միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետի որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցի ծրագրին համապատասխան գիտելիքներ:
9.2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման ժամկետը կազմում է 2 տարի 6 ամսից մինչև 4 տարի` կախված ընտրված մասնագիտությունից:
10. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
●Հայաստանի Հանրապետության բուհերում կիրառվում է եռաստիճան կրթական համակարգ, որը ընդգրկում է`
ա.) առաջին աստիճանի մասնագետի (բակալավրի) որակավորումը, որի քառամյա ուսումնառության ընթացքում ուսանողներն ստանում են հիմնարար գիտելիքներ ընդհանուր մասնագիտական առարկաներից, ինչպես նաև ձեռք են բերում որոշակի գիտական պաշար` տնտեսագիտության, իրավագիտության, պատմության, բարոյագիտության, հոգեբանության, բնապահպանության (էկոլոգիայի), սոցիոլոգիայի, առողջապահության և այլ բնագավառների գծով, ինչպես նաև անհրաժեշտ մասնագիտական ունակություններ` ստացած գիտելիքները համապատասխան բնագավառում և արտադրության կազմակերպման գործում կիրառելու համար.
բ.) երկրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ընդհանուր մասնագիտական առարկաների հատուկ խորացված դասընթացներ և լրացուցիչ մասնագիտական առարկաներ` ձեռք են բերում տվյալ նեղ մասնագիտության գծով անհրաժեշտ խոր գիտելիքներ.
գ.) երրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում ինքնուրույն գիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներ, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու հմտություններ և ունակություններ:
11. ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՐՎԵՍՏՆԵՐԻ) ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
11.1. Արտասահմանյան ուսումնական հաստատություններում բակալավրի աստիճան ունեցող օտարերկրյա մասնագետները, Հայաստանի Հանրապետության բուհեր ընդունվում են մագիստրոսի աստիճան ստանալու համար:
11.2. Ուսումնական ծրագիրը հաջող ավարտած օտարերկրյա շրջանավարտներին տրվում է տվյալ մասնագիտության գծով համապատասխան աստիճանի որակավորում և սահմանված նմուշի ավարտական վկայական (դիպլոմ):
12. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ
12.1. Մագիստրոսի աստիճան ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա:
12.2. Ասպիրանտուրայում ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանվում է 3 տարուց ոչ ավելի:
12.3. Ասպիրանտուրայում ուսուցման ծրագիրը և քննաշրջանը հաջող ավարտած օտարերկրյա ասպիրանտներին տրվում է հետազոտողի դիպլոմ:
12.4. Հետազոտողի որակավորում ստացած շրջանավարտները իրավունք են ստանում բուհի գիտական խորհրդի որոշմամբ ուսումնառությունը ևս մեկ տարի շարունակելու և պաշտպանելու գիտական ատենախոսություն:
12.5. Գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ հակումներ չդրսևորած, սահմանված ժամկետներում անհատական պլանը չկատարած ասպիրանտը հեռացվում է ասպիրանտուրայից:
13. ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ
13.1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտներում, իսկ որոշ մասնագիտությունների գծով միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ստաժավորման նպատակն է օտարերկրյա մասնագետների գիտական (մանկավարժական) որակավորման, պրոֆեսիոնալ գիտելիքների և վարպետության բարձրացումը:
13.2. Կլինիկական օրդինատուրան բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում բժշկության ճյուղերից մեկի գծով բժիշկների որակավորման բարձրացման հիմնական ձևն է:
13.3. Մասնագիտացման (ստաժավորման) առավելագույն ժամկետը կլինիկական օրդինատուրայում երկու տարի է, իսկ բժշկական բուհերի համար` երեք տարի:
13.4. Մեկ տարուց ավելի ժամկետով Հայաստան ժամանած և հայոց կամ ռուսաց լեզվին չտիրապետող ստաժորին հնարավորություն է տրվում ստաժավորման համար սահմանված ժամանակի հաշվին ընդունող ուսումնական հաստատությունում լեզվական պատրաստություն անցնել:
13.5. Մինչև մեկ տարի ժամկետով ժամանող և հայոց կամ ռուսաց լեզվին չտիրապետող ստաժորը պետք է ապահովվի թարգմանչով ուղարկող կողմի հաշվին:
13.6. Ստաժավորման (կլինիկական օրդինատուրայի) ավարտից հետո ուսումնական հաստատությունը կամ գիտահետազոտական հիմնարկը ստաժորին (կլինիկական օրդինատորին) տալիս է համապատասխան վկայական և անհատական պլանի կատարման մասին հաշվետվությունից քաղվածք:
14. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14.1. Հայաստանի ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում սովորող օտարերկրյա քաղաքացիները ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և պարտականություններ:
14.1.1 Օտարերկրյա սովորողները պարտավոր են`
ա) հարգել ՀՀ սահմանադրությունը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հարգանքով վերաբերվել հայ ժողովրդի ավանդույթներին և սովորույթներին,
բ) պահպանել ուսումնական կարգապահությունը, սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլաններով և ծրագրերով նախատեսված ուսումնական և արտադրական աշխատանքների բոլոր տեսակները, սահմանված ժամկետներում հանձնել քննություններն ու ստուգարքները,
գ) ենթարկվել ուսումնական հաստատության և ուսանողական հանրակացարանի ներքին կանոններին,
դ) կատարել ուսումնական հաստատության կանոնադրությունից բխող ղեկավարության ցուցումներն ու հրահանգները:
14.2. Հայաստանի Հանրապետությունում սովորող օտարերկրացիներն իրավունք ունեն միավորվելու հայրենակցական խմբակցություններում: Հայրենակցական խմբակցություններն ընդգրկում են մեկ երկրից ժամանած սովորողներին և չպետք է կրեն քաղաքական բնույթ: Հայրենակցական միությունները սերտորեն համագործակցում են ուսումնական հաստատության ղեկավարության և տեղական ուսանողական կազմակերպությունների հետ: Նրանց խնդիրն է օժանդակել ուսումնական հաստատության ղեկավարությանը` ուսանողական խորհրդին հետևյալ հարցերում` որոնք ուղղված են.
14.2.1 ուսումնական պլանի հաջող կատարմանը և կարգապահության պահպանմանը,
14.2.2 օտարերկրյա սովորողների ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին, որը նպաստում է հումանիզմի, հայրենասիրության, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը,
14.2.3 կենցաղային և մշակութային խնդիրների լուծմանը,
14.3. Օտարերկրյա սովորողները կարող են դիմել ուսումնական հաստատությունների ղեկավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչություն` առաջացած հարցերի լուծման կապակցությամբ:
14.4. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ուսումնական տարվա տևողությունը, արձակուրդների սկիզբը և ավարտը կարգավորվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից:
Ուսումնառության ընդունված ասպիրանտները Հայաստանի Հանրապետություն են ժամանում հոկտեմբերի 1-ին: Նրանց արձակուրդ է տրվում տարեկան մեկ անգամ, որպես կանոն հուլիս կամ օգոստոս ամիսներին:
Սահմանված ժամկետներում ուսումնական հաստատություն չներկայացած օտարերկրյա սովորողները հեռացվում են ուսումնական հաստատությունից:
15. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
15.1. Պետական պատվերի կամ միջազգային պայմանագրերի շրջանակներում սովորող օտարերկրյա քաղաքացիները ապահովվում են կրթաթոշակներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացի սովորողների համար նախատեսված չափով:
15.2. Ակադեմիական պարտքեր և անհարգելի բացակայություններ ունեցող օտարերկրյա սովորողի կրթաթոշակի չափը ուսումնական հաստատության ղեկավարության որոշմամբ կարող է նվազեցվել:
15.3. Ակադեմիական արձակուրդի շրջանում օտարերկրյա սովորողներին կրթաթոշակ չի վճարվում:
16. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետությունում սովորելու համար թեկնածու օտարերկրյա քաղաքացիները պետք է գրավոր հաստատեն սույն կանոնադրության պահանջները կատարելու իրենց համաձայնությունը: