Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-306-Ն
Տիպ
Օրենսգիրք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2024-03.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.06.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.07.2021
Дата вступления в силу
01.07.2022

Բովանդակություն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1

 

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1.   Քրեական վարույթը կարգավորող օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենսգրքով:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

Հոդված 2. Քրեական դատավարության օրենսգրքի նպատակը

 

1. Սույն օրենսգրքի նպատակն անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է:

 

Հոդված 3. Քրեական դատավարության օրենսգրքի գործողությունը տարածության վրա

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի նորմերով:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում սույն օրենսգրքի դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա պետությունների տարածքում:

 

 Հոդված 4. Քրեական դատավարության օրենսգրքի գործողությունը ժամանակի մեջ

 

1. Քրեական վարույթի ընթացքում կիրառվում է սույն օրենսգրքի այն դրույթը, որը գործում է համապատասխան վարութային գործողության կատարման կամ դատավարական ակտի կայացման ժամանակ:

2. Ապացույցի թույլատրելիությունը որոշվում է այն ձեռք բերելու պահին գործող օրենքով:

3. Սույն օրենսգրքի դրույթները հետադարձ ուժ չունեն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 

 Հոդված 5. Քրեական դատավարության օրենսգրքի կիրառման առանձնահատկությունները՝ ըստ անձանց շրջանակի

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական իրավազորությունից ազատված այլ անձանց նկատմամբ սույն օրենսգրքի կիրառման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով։

 

 Հոդված 6. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․

1) քրեական վարույթ` առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից սույն օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ.

2) վարույթի նյութեր` քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ կարգով հավաքված ու ստացված փաստաթղթերի և այլ նյութերի համարակալված ամբողջություն.

3) քրեական գործ` դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութեր.

4) մինչդատական վարույթ` վարույթի հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ.

5) նախաքննություն՝ քննիչի կողմից իր իրավասության սահմաններում ենթադրյալ հանցանքի կապակցությամբ իրականացվող գործունեություն.

6) հետաքննություն՝ հետաքննության մարմնի կողմից նախաքննության ընթացքում իրականացվող և դրան օժանդակող գործունեություն, որը ներառում է գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը.

7) դատական վարույթ՝ դատարանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ.

8) դատաքննություն` առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության, իսկ վերադաս դատարանում` դրա արդյունքով կայացված եզրափակիչ դատական ակտի իրավաչափության ստուգման կապակցությամբ իրականացվող գործունեություն.

9) վարույթին ներգրավված անձ` դատավորը, վարույթի հանրային մասնակիցը, վարույթի մասնավոր մասնակիցը, վարույթին օժանդակող անձը, ձերբակալված անձը, ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որի իրավաչափ շահերին առնչվում է վարութային ակտը.

10) դատարան՝ քրեական վարույթի ընթացքում դատական իշխանություն իրականացնող պետական մարմին.

11) դատավոր՝ քրեական վարույթի ընթացքում արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձ.

12) վարույթի հանրային մասնակից՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը.

13) վարույթի մասնավոր մասնակից՝ մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը.

14) վարույթին օժանդակող անձ՝ վկան, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, փորձագետը, թարգմանիչը, հոգեբանը, ընթերական, դատական նիստի քարտուղարը.

15) կողմեր` դատական վարույթում հակադիր շահեր ներկայացնող մասնակիցներ.

16) մեղադրանքի կողմ՝ դատական վարույթին մասնակցող դատախազը, քննիչը, տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը.

17) պաշտպանության կողմ՝ դատական վարույթին մասնակցող մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, գույքային պատասխանողը, նրա օրինական և լիազոր ներկայացուցիչը.

18) դատախազ՝ պետական պաշտոնատար անձ, որը քրեական վարույթի ընթացքում պետության անունից իրականացնում է դատախազության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված լիազորությունները.

19) քննիչ` պետական պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն.

20) քննչական մարմնի ղեկավար` նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննչական մարմնի կամ դրա ստորաբաժանման (գլխավոր վարչության, վարչության, բաժնի, բաժանմունքի և այլնի) ղեկավար կամ նրա տեղակալ, որն իր իրավասության սահմաններում կազմակերպում է նախաքննությունը և ապահովում է դրա արդյունավետությունը.

21) հետաքննության մարմին` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի համակարգում գործող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար (հետաքննության մարմնի պետ) և աշխատակիցներ (հետաքննիչներ), որոնք նախաքննության շրջանակներում իրավասու են կատարելու գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

22) մեղադրյալ՝ անձ, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որի նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ.

23) արդարացված մեղադրյալ՝ մեղադրյալ, որի նկատմամբ առկա է արդարացման վերդիկտ.

24) դատապարտված մեղադրյալ՝ մեղադրյալ, որի նկատմամբ առկա է մեղադրական վերդիկտ.

25) պաշտպան՝ փաստաբան, որը քրեական վարույթի ընթացքում ստանձնել և իրականացնում է ձերբակալված անձի կամ մեղադրյալի պաշտպանությունը.

26) տուժող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետություն, համայնք կամ միջազգային կազմակերպություն, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով նրան պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել` ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելու դեպքում.

27) գույքային պատասխանող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է գույքային պատասխանատվություն կրել ենթադրյալ հանցանքով պատճառված վնասի համար.

28) հանրային մեղադրող` հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում պետության անունից մեղադրանքը պաշտպանող դատախազ.

29) մասնավոր մեղադրող՝ մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում իր անունից մեղադրանքը ներկայացնող տուժող.

30) օրինական ներկայացուցիչ՝ անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իր իրավասության սահմաններում` խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը, մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը.

31) լիազոր ներկայացուցիչ՝ փաստաբան, որին տուժողը կամ գույքային պատասխանողը պատշաճ լիազորել է վարույթի ընթացքում ներկայացնել իր իրավաչափ շահերը, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող տուժողի կամ գույքային պատասխանողի պատշաճ լիազորված աշխատակիցը.

32) վարութային ակտ՝ քրեական վարույթի ընթացքում դատարանի կամ վարույթի հանրային մասնակցի` ի պաշտոնե կատարած գործողություն, դրսևորած անգործություն կամ կայացրած դատավարական ակտ.

33) դատավարական ակտ՝ դատական ակտ կամ վարույթի հանրային մասնակցի կայացրած որոշում.

34) դատական ակտ՝ դատարանի կայացրած որոշում կամ դատավճիռ.

35) եզրափակիչ դատավարական ակտ՝ տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատավարական ակտ, ներառյալ եզրափակիչ դատական ակտը.

36) եզրափակիչ դատական ակտ՝ դատարանում տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատական ակտ.

37) վարութային գործողություն` տվյալ վարույթի շրջանակներում իրավասու դատարանի, վարույթի հանրային մասնակցի կողմից կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նրանց հանձնարարությամբ ի պաշտոնե կատարվող գործողություն.

38) ապացուցողական գործողություն՝ քննիչի կամ դատարանի կողմից, ինչպես նաև հետաքննության մարմնի (քննիչի հանձնարարությամբ) կամ փորձագետի (քննիչի կամ դատարանի հանձնարարությամբ) կողմից կատարվող՝ սույն օրենսգրքով նախատեսված վարութային գործողություն, որի արդյունքում ակնկալվում է ձեռք բերել ապացույց.

39) ապացույց՝ փաստի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված տվյալ, որի հիման վրա քննիչը, դատախազը, դատարանը պարզում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ.

40) օպերատիվ-հետախուզական միջոցառում` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում.

41) քրեական հետապնդման հարուցում` դատախազի կողմից անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնաhատականը պարունակող որոշում կայացնելը կամ ենթադրյալ տուժողի կողմից դատարան քրեական հայց ներկայացնելը.

42) մեղադրանք` որոշակի անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու մասին վարկած, որն ունի փաստական և իրավական հիմնավորում.

43) ռեաբիլիտացիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից արդարացված մեղադրյալին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրվող հատուցում, ինչպես նաև նրա իրավունքների վերականգնում.

44) ձերբակալում՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով անձնական ազատության իրավունքի սահմանափակումը՝ առանց դատարանի որոշման.

45) արձանագրություն՝ վարույթի հանրային մասնակցի կամ դատական նիստի քարտուղարի կազմած փաստաթուղթ, որը հավաստում է որոշակի գործողությունների կատարումը կամ այլ փաստեր.

46) միջնորդություն` վարույթի մասնակցի կամ այլ անձի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին.

47) բացարկ՝ վարույթի մասնակցի գրավոր միջնորդությունը դատավորին, վարույթի հանրային մասնակցին, փորձագետին, թարգմանչին, ընթերակային կամ դատական նիստի քարտուղարին վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ.

48) բողոք՝ վարութային ակտի վերաբերյալ գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) անհամաձայնություն.

49) հանձնարարություն՝ վերադաս դատախազի կողմից հսկող դատախազին, հսկող դատախազի կողմից քննիչին, քննչական մարմնի ղեկավարին, քննչական մարմնի ղեկավարի կողմից քննիչին կամ քննիչի կողմից հետաքննության մարմնին` իրենց իրավասության սահմաններում տրվող գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) հրահանգ՝ պարզելու որոշակի հանգամանքներ, կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց.

50) առարկություն՝ վարույթի հանրային մասնակցի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ վարույթի մեկ այլ հանրային մասնակցի՝ իրավասու անձին ներկայացված գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) անհամաձայնություն.

51) ցուցմունք՝ ձերբակալված անձի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի կողմից հարցաքննության, առերեսման կամ տեղում ցուցմունքների ստուգման, փորձագետի հարցաքննության ընթացքում գրավոր կամ բանավոր հաղորդված և պատշաճ արձանագրված տվյալներ.

52) բացատրություն` դատական վարույթի ընթացքում բանավոր կամ գրավոր պնդում, որը կատարում է վարույթի մասնակիցը կամ այլ անձ` իր դիրքորոշումը ներկայացնելու կամ հիմնավորելու համար.

53) անչափահաս` 18 տարին չլրացած անձ.

54) ազգականներ` ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք: Սույն օրենքի իմաստով՝ անձի հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ են անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ ազգակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ ազգակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են ազգակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

55) մերձավոր ազգական` ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսինը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը.

56) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության, հանգստի, գույք պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց մասնագիտական կամ այլ պահանջմունքները բավարարելու համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, դրանց այլ բաղկացուցիչ մասերը, համապատասխանաբար դրանց անմիջական հարող մասնավոր տարածքները, մասնավոր և ծառայողական տրանսպորտային միջոցը, ինչպես նաև աշխատասենյակը.

57) բանկային կամ հարակից գաղտնիք` օրենքով սահմանված իմաստով՝ բանկային գաղտնիքը, ապահովագրական գաղտնիքը, արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը, կենսաթոշակային գաղտնիքը, ինչպես նաև վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը.

58) դեպքի վայր՝ սահմանափակ տարածք, որտեղ հանցագործության մասին հաղորդմամբ կամ բավարար ապացույցներով համոզիչ հիմնավորվում է, որ կատարվել է հանցանքը, և միաժամանակ կարող են առկա լինել հանցագործության հետքեր, հետևանքներ կամ այլ հանցանշաններ.

59) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք.

60) վերդիկտ՝ մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 7. Քրեական վարույթն իրականացնող մարմինները

 

1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններն են`

1) քննիչը` վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը.

2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը, քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը հաստատելը կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելը.

3) դատարանը` մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով:

 

Հոդված 8. Քրեական վարույթի ամրագրումը

 

1. Քրեական վարույթի շրջանակներում կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքի և արդյունքների, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերի ամրագրումը սույն օրենսգրքով լիազորված անձանց կողմից պարտադիր է:

2. Վարութային գործողությունները ամրագրվում են էլեկտրոնային եղանակով կազմված արձանագրությամբ: Եթե առանձին վարութային գործողության ընթացքի և արդյունքների ամրագրումն էլեկտրոնային եղանակով անհնար է, ապա դա կատարվում է թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ։

3. Մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ:

Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:

4. Մինչդատական վարույթում առանց տեսաձայնագրման կատարված գործողության ընթացքը և արդյունքները մանրամասն նկարագրվում են արձանագրությունում, որը պատրաստվում է վարութային գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապեu հետո:

5. Դատական վարույթում կատարված գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրվում են ձայնագրմամբ և համակարգչային եղանակով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատական վարույթում տեսաձայնագրված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ: Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:

6. Էլեկտրոնային փաստաթղթերի (դատավարական ակտերի, արձանագրությունների, հանձնարարությունների, առարկությունների, միջնորդությունների, բացարկների, բողոքների և այլնի) ձևի և բովանդակության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են թղթային փաստաթղթերի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջները:

7. Էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը (էլեկտրոնային քրեական վարույթ կամ էլեկտրոնային քրեական գործ) պահվում են էլեկտրոնային համակարգում, իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը՝ նաև թղթային տարբերակով: Համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչներում կամ շարժական էլեկտրոնային կրիչներում պահվող տվյալների բովանդակությունը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Առարկաները և այլ նյութեր պահվում են որպեu վարույթի էլեկտրոնային նյութերի բաղկացուցիչ մաu, իսկ դրանց լուսանկարները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Այդ առարկաների և նյութերի ցանկը ևս ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ:

8. Էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները և շարժական կրիչի բնութագիրը սահմանում է Կառավարությունը:

9. Վարույթի նյութերին կցվող յուրաքանչյուր փաuտաթուղթ անմիջապեu համարակալվում է ըuտ էջերի, հաջորդող ամբողջական թվերով` դրանց կցման ժամանակագրական կարգով: Մինչդատական վարույթի նյութերը համակցվում են մեկ կամ մի քանի հատորներում, որոնցից յուրաքանչյուրում պարունակվում է տվյալ հատորում առկա նյութերի ցանկը:

10. Վարույթի նյութերի կամ քրեական գործի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում համապատասխանաբար վերադաս դատախազը կամ դատարանը որոշում է կայացնում դրանք վերականգնելու մասին և միջոցներ ձեռնարկում վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ: Վարույթի նյութերը կամ քրեական գործը վերականգնվում են գոյություն ունեցող փաստաթղթերից պատճեններ հանելով կամ անհրաժեշտ վարութային գործողությունները կրկին իրականացնելով:

(8-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն, խմբ. 26.06.23 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 9. Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը

 

1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր:

2. Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս:

3. Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար:

4. Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:

5. Յուրաքանչյուր դատավարական ակտում նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը: Դատավարական ակտը հաստատվում է իրավասու անձի ստորագրությամբ, իսկ եզրափակիչ դատավարական ակտը` նաև համապատասխան կնիքով:

6. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական ակտերին կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

7. Դատարանի և վարույթի հանրային մասնակցի կողմից իր իրավասության սահմաններում կայացված դատավարական ակտերը ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլ կազմակերպությունների կողմից:

 

Հոդված 10. Քրեական վարույթների միացումը և անջատումը

 

1. Մեկ վարույթում կարող են միացվել՝

1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները.

2) մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները.

3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված մեկից ավելի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները` պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով:

2. Մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:

3. Քրեական վարույթները միացնելու կամ անջատելու մասին քննիչը կամ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները, հայտնի լինելու դեպքում` քրեորեն հետապնդելի արարքը կատարելու մեջ մեղադրվող անձի (անձանց) տվյալները, միացված կամ անջատված վարույթն ստանձնող մարմնի կամ պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև անջատված վարույթին տրվող համարը:

4. Նույն դատարանի մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ:

5. Որոշմանը բնօրինակով կամ պատճենով կցվում են վարույթի վերաբերելի նյութերը, ինչպես նաև վարույթի բոլոր նյութերի ցանկը:

6. Քրեական վարույթի միացման կամ անջատման մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթի մասնավոր մասնակիցներին, իսկ մինչդատական վարույթի ընթացքում նաև անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին:

 

Հոդված 11. Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը

 

1. Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մաuնավոր կարգով` հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով:

2. Հայաստանի Հանրապետության քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մաuնավոր կարգով, իսկ մյուս բոլոր հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:

3. Եթե նույն անձին վերագրվող արարքների մի մասը ենթակա է քրեական հետապնդման հանրային կարգով, իսկ մյուս մասը` մասնավոր կարգով, ապա քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:

4. Անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝

1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով.

2) Հայաստանի Հանրապետության քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

(11-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները

 

1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.

2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).

3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ oրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.

4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մաuին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.

5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.

6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.

7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.

8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.

9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ uույն oրենuգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.

10) անձը մահացել է.

11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից.

13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։

3. Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:

 

Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը

 

1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը.

2) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտմամբ.

3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.

4) առկա է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանգամանքը․

5) մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերվել է մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա ենթադրյալ հանցանք կատարած անձը, եթե բացակայում են հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքերը:

(13-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 14. Քրեական վարույթի ավարտը

 

1. Քրեական վարույթն ավարտվում է`

1) քրեական վարույթը կարճելու մաuին որոշումն ուժի մեջ մտնելով.

2) եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով, եթե այն կատարման հանձնելու համար հատուկ միջոցների ձեռնարկում չի պահանջվում.

3) եզրափակիչ դատական ակտը կատարման հանձնելով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 15. Վարույթի հանրայնությունը

 

1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը և հանրային այլ գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից:

3. Արդարադատություն իրականացնելիս կամ դատական այլ երաշխիքներ ապահովելիս դատավորը պարտավոր է լինել և երևալ անկողմնակալ:

4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:

5. Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով նախատեսված մասնակցություն ունենալու քրեական վարույթում հանրային շահերի պաշտպանությանը:

6. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` տուժողը, պարտավոր են օժանդակել քրեական վարույթում հանրային շահերի պաշտպանությանը:

 

Հոդված 16. Բոլորի հավասարությունն օրենքի առջև

 

1. Բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված դրույթները նույն կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ միատեսակ են կիրառվում:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինների իրավասությունը, նրանց կողմից վարույթի իրականացման ձևը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին դեպքի կամ անձի կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով:

 

Հոդված 17. Անմեղության կանխավարկածը

 

1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2. Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը:

3. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն: Մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել նաև նրա պաշտպանի, օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի վրա: Մեղադրանքի ապացուցման և ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման պարտականությունը հանրային քրեական հետապնդման դեպքում կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում` նաև քննիչը: Մասնավոր քրեական հետապնդման դեպքում այդ պարտականությունը կրում են տուժողը և նրա ներկայացուցիչը:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

 

Հոդված 18. Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը

 

1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:

2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։

3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:

4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:

5. Սույն օրենսգրքով ձերբակալման տվյալ տեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը լրանալուն պես ձերբակալված անձը պետք է անհապաղ ազատ արձակվի, եթե առկա չէ նրան կալանավորելու վերաբերյալ որոշում:

6. Յուրաքանչյուր անձի անհապաղ և պատշաճ ձևով պարզաբանվում են նրան ազատությունից զրկելու պատճառները, իսկ հանցագործության մեջ մեղադրվելու դեպքում՝ նաև մեղադրանքը:

7. Ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն անձի նկատմամբ, որը կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը:

8. Վարույթի ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում՝ դեղերի օգտագործման, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու միջոցով: Արգելվում է անձից տեղեկություններ ստանալ բռնության, սպառնալիքի, խաբեության, նրա իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:

9. Արգելվում է վարույթի ընթացքում մարդու կյանքը կամ առողջությունը վտանգող, նրան ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառող գործողություններ կատարելը:

 

Հոդված 19. Իրավաբանական օգնության ապահովումը

 

1. Ձերբակալված անձը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատասխանողը, նրա օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև վկան վարույթի ընթացքում իրավունք ունեն ստանալու իրենց հրավիրած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնությունը:

2. Վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ արգելելու փաստաբանի ներկայությունն իր վստահորդի մասնակցությամբ կատարվող վարութային գործողությանը:

 

Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը

 

1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները:

2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը:

3. Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը:

4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում վարույթին մասնակից դարձնել մեղադրյալի օրինական ներկայացուցչին:

 

Հոդված 21. Կողմերի հավասարությունը և մրցակցությունը

 

1. Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Կողմերի հավասարությունից և մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման, համագործակցության և արագացված վարույթներում, ինչպես նաև վճռաբեկ վարույթում և բացառիկ վերանայման վարույթներում:

2. Մեղադրանքը և պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը:

3. Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ:

4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:

5. Դատարանը սահմանափակված է մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով, սակայն կաշկանդված չէ մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականով: Օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դատարանի համար պարտադիր չեն:

(21-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 22. Պատշաճ ապացուցումը

 

1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ:

2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա:

3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը:

4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված փաստարկները:

5. Հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ:

6. Խոստովանական ցուցմունքը չի կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, եթե այն չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված բավարար ապացույցներով:

7. Մեղադրյալի դատապարտումը հակակշռող բավարար գործոնների բացակայության պայմաններում չի կարող միայն կամ առավելապես հիմնվել այնպիսի անձի ցուցմունքի վրա, որի հակընդդեմ հարցման հնարավորություն տվյալ մեղադրյալը կամ նրա պաշտպանը կամ ներկայացուցիչը չի ունեցել:

8. Դեպոնացված ցուցմունքը չի կարող դրվել դատավճռի հիմքում, եթե դատարանում վերաբերելի մասով չի հետազոտվել դրա տեսաձայնագրությունը:

 

Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը

 

1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով:

2. Յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար դատաքննության իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք, որին ենթադրյալ հանցագործությամբ վնաս է պատճառվել, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ունի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և հանցագործությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու իրավունք:

4. Վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման:

 

Հոդված 24. Վարույթի ողջամիտ ժամկետը

 

1. Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:

2. Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք:

3. Անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով:

4. Իր վարույթում գտնվող քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշելիս դատավորը նախապատվությունը պետք է տա այն վարույթին, որով`

1) մեղադրյալը գտնվում է կալանքի տակ.

2) մեղադրյալն ավելի երկար է գտնվում անազատության մեջ` այլ վարույթով ներգրավված մեղադրյալների համեմատ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տարբերակիչ հատկանիշների բացակայության դեպքում տվյալ դատավորի կողմից քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշվում է` հաշվի առնելով քրեական գործերը դատարանում ստանալու ժամկետները:

 

Հոդված 25. Կրկին դատվելու անթույլատրելիությունը

 

1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է:

2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը բացառում է քրեական հետապնդումը նորոգելը:

3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ:

4. Անձի վիճակի վատթարացման պահանջի հիման վրա կրկին դատվել չէ՝

1) օրինական ուժի մեջ չմտած եզրափակիչ դատական ակտի կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ չմտած որոշման վերանայումը.

2) հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման վերանայումը` սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում:

5. Հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ դադարեցնելն արգելք չէ մասնավոր քրեական հետապնդում հարուցելու համար:

6. Եթե անձին դատապարտելիս պարզվում է, որ նույն արարքի համար նրա նկատմամբ կիրառվել է վարչական կամ կարգապահական պատասխանատվության` պատժին համարժեք միջոց, ապա նրա նկատմամբ պատիժ նշանակելու դեպքում այն պետք է վերացվի և հաշվի առնվի պատիժ նշանակելիս:

 

Հոդված 26. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը

 

1. Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար:

2. Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել այնպիսի տեղեկություններ կամ տրամադրել այնպիսի նյութեր, որոնք հետագայում ողջամտորեն կարող են օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց:

3. Արգելվում է փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ նյութեր հավաքելը, պահելը կամ օգտագործելը:

4. Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

5. Վարույթի ընթացքում անձին վերաբերող և բժշկական (բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի), նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

6. Բացառությամբ դեպքի վայրի զննության, անձի բնակարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ կարող են կատարվել դատարանի որոշմամբ կամ տվյալ անձի համաձայնությամբ: Ամեն դեպքում, բնակարանում խուզարկությունը, առգրավումը և դեպքի վայրի զննություն չհամարվող զննությունը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:

7. Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման:

(26-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 27.

Վարույթի լեզուն

 

1. Վարույթի լեզուն գրական հայերենն է: Բացառությամբ դատարանի և վարույթի հանրային մասնակիցների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է:

2. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու սույն օրենսգրքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա տիրապետում է:

3. Վարույթի լեզվին չտիրապետող համապատասխան անձին սույն օրենսգրքով նախատեսված՝ հանձնման ենթակա փաստաթղթերի պատճենները տրվում են նաև այն լեզվով, որին նա տիրապետում է:

4. Վարույթն իրականացնող մարմնին այլ լեզվով ներկայացված փաստաթուղթը վարույթի նյութերին կցվում է թարգմանչի վավերացրած հայերեն թարգմանության հետ:

 

Հոդված 28. Դատական վարույթի հրապարակայնությունը

 

1. Դատարանում վարույթը դռնբաց է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։

2. Դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ինչպես նաև տասնվեց տարեկանից փոքր վարույթի մասնակիցը կամ վկան: Դատարանի թույլտվությամբ դատական նիստին կարող է ներկա լինել նաև 16 տարին չլրացած այլ անձ:

3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավասու է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում որոշում կայացնելու դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դռնփակ դատական նիստի անցկացումը պարտադիր է:

4. Դատական վարույթի ընթացքում դատարանի կայացրած ակտերը հայտարարվում են հրապարակայնորեն։ Ելնելով դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերից` դատարանի որոշմամբ դատական ակտի առանձին մասեր կարող են հրապարակայնորեն չհայտարարվել: Նշված դատական ակտերի ներածական և եզրափակիչ մասերն ամեն դեպքում հրապարակվում են:

 

Հոդված 29. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը

 

1. Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին:

3. Իրավունքների չարաշահում թույլ տված կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել նրա վարքագծին համաչափ դատավարական սանկցիա, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:

4. Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց, կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ՝ առավել պիտանի խափանման միջոցով:

 

ԲԱԺԻՆ 2

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 30. Քրեական արդարադատություն իրականացնող դատարանները

 

1. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատությունն իրականացնում են միայն առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ քրեական դատարանը, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը և Վճռաբեկ դատարանը:

(30-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 31. Դատարանի կազմը

 

1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա:

2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա:

3. Վճռաբեկ դատարանը`

1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով.

2) վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ.

3) վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

4. Կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող բոլոր դատավորները դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի կապակցությամբ օժտված են հավասար լիազորություններով:

(31-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 32.

Պահեստային դատավորը

 

1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է:

2. Նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային դատավոր:

3. Մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը:

 

Հոդված 33. Դատարանի իրավասությունը

 

1. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավասու է՝

1) իրականացնելու վարույթ առաջին ատյանի կարգով.

2) իրականացնելու դատական երաշխիքների վարույթ.

3) իրականացնելու դատական վերանայման վարույթ.

4) վարույթ իրականացնելիս կիրառելու դատավարական սանկցիաներ.

5) վարույթ իրականացնելիս կիրառելու խափանման և անվտանգության միջոցներ, գույքի արգելադրում.

6) դատական ակտը հանձնելու կատարման:

2. Դատարանը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ լիազորություններ:

(33-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 34. Նախագահողը և նրա լիազորությունները

 

1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը:

2. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում վարույթը կոլեգիալ կազմով իրականացնելիս նիստը նախագահում է դատարանի նախագահը կամ պալատի նախագահը կամ օրենքով նախատեսված կարգով՝ լիազորված դատավորը:

3. Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատական նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու վարույթի արդարացի իրականացումը և սույն օրենսգրքի այլ պահանջների պահպանումը, ինչպես նաև դատական նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:

4. Նախագահողը վարույթի հետ կապված բոլոր հարցերը ներկայացնում է բոլոր դատավորների լուծմանը: Որոշումն ընդունվում է դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում մեղադրյալի համար առավել բարենպաստ որոշումը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 35. Վարույթի հանրային մասնակիցների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը

 

1. Քրեական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս վարույթի հանրային մասնակիցը գործում է ինքնուրույն` հիմնվելով օրենքի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավասու անձի հանձնարարությունների վրա: Վարույթի հանրային մասնակիցը պատասխանատու է ներքին համոզմունքի վրա հիմնված իր վարութային ակտերի համար:

2. Դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար:

3. Քննչական մարմնի ղեկավարը պատասխանատու է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչների կողմից իրականացվող նախաքննության պատշաճ կազմակերպման, այդ թվում` դրա արդյունավետության համար:

4. Քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար:

5. Հետաքննության մարմինը պատասխանատու է գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներն օրենքով սահմանված կարգով, ժամանակին և արդյունավետ կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար:

 

Հոդված 36. Վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները

 

1. Վերադաս դատախազն իրավասու է հանձնարարություն տալու հսկող դատախազին` նրա իրավասության ներքո գտնվող ցանկացած հարցի կապակցությամբ:

2. Իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է հսկող դատախազի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող դատախազը գտնում է, որ նման հանձնարարությունն անօրինական է կամ անհիմն: Այդ դեպքում հսկող դատախազը, առանց վերադաս դատախազի հանձնարարությունը կատարելու, առարկություն է ներկայացնում հանձնարարություն տված դատախազի վերադասին:

3. Հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու`

1) քննչական մարմնի ղեկավարին, քննիչին կամ հետաքննության մարմնի պետին` նրանց կատարած անօրինական գործողությունը դադարեցնելու կամ դրա հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ.

2) քննչական մարմնի ղեկավարին, քննիչին կամ հետաքննության մարմնի պետին` նրանց անօրինական որոշումը վերացնելու դեպքում դրա հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ.

3) քննիչին` քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ:

4. Իր իրավասության սահմաններում հսկող դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է քննչական մարմնի ղեկավարի, քննիչի և հետաքննության մարմնի պետի համար, սակայն վերջիններս իրավասու են իրենց հասցեագրված հանձնարարության վերաբերյալ առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին: Քննչական մարմնի ղեկավարն իրավասու է վերադաս դատախազին առարկություն ներկայացնելու նաև իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին հասցեագրված հանձնարարության կապակցությամբ:

5. Քննչական մարմնի ղեկավարն իրավասու է հանձնարարություն տալու իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին` նախաքննության պատշաճ կազմակերպմանը, ներառյալ դրա արդյունավետությանը վերաբերող ցանկացած հարցի, այդ թվում` կոնկրետ ապացուցողական գործողություն կատարելու կապակցությամբ:

6. Իր իրավասության սահմաններում քննչական մարմնի ղեկավարի տված հանձնարարությունը պարտադիր է քննիչի համար, սակայն վերջինս իրավասու է դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կատարումը:

7. Քննիչն իրավասու է հանձնարարություն տալու հետաքննության մարմնին` նախաքննության համակողմանիությունը և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

8. Իր իրավասության սահմաններում քննիչի տված հանձնարարությունը պարտադիր է հետաքննության մարմնի համար, սակայն հետաքննության մարմնի պետն իրավասու է դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կատարումը:

(36-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 37. Վերադաս դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

 

1. Մինչդատական վարույթի ընթացքում վերադաս դատախազը՝

1) իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հսկող դատախազին անհապաղ հանձնարարում է միջոցներ ձեռնարկել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն սկսելու ուղղությամբ.

2) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարում է ստորադաս դատախազին կամ այն իրականացնում է անձամբ՝ օգտվելով սույն օրենսգրքով մինչդատական վարույթում հսկող դատախազի լիազորություններից.

3) անհրաժեշտության դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարում է մի քանի դատախազների` նշանակելով դատախազների խմբի ղեկավար.

4) իր որոշմամբ հսկող դատախազին հեռացնում է վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարում այլ դատախազի կամ այն իրականացնում է անձամբ՝ օգտվելով սույն օրենսգրքով մինչդատական վարույթում հսկող դատախազի լիազորություններից.

5) օրենքով նախատեսված դեպքերում իր որոշմամբ փոխում է հսկող դատախազին.

6) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հսկող դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև նրա ինքնաբացարկի կապակցությամբ.

7) անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է մի քանի քննչական մարմինների համատեղ քննչական խմբի կողմից նախաքննության կատարում.

8) իր որոշմամբ, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, վարույթը փոխանցում է նախաքննության մեկ այլ մարմնի` համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.

9) հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով.

10) վերացնում է հսկող դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները և հանձնարարությունները.

11) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հետաքննության մարմնի պետի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի առարկությունների կապակցությամբ, ինչպես նաև վերադաս դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հսկող դատախազի առարկությունների կապակցությամբ.

12) որոշում է կայացնում հսկող դատախազի վարութային ակտերի դեմ բերված վարույթի մասնավոր մասնակիցների կամ այլ անձանց բողոքների կապակցությամբ.

13) մինչդատական վարույթի ընթացքում իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 38. Հսկող դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

 

1. Մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազը՝

1) ստուգում է ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման և արձանագրման մասին օրենսդրության պահանջների կատարումը.

2) իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քննիչին անհապաղ հանձնարարում է նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն, իսկ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը կամ դրան տրված իրավական գնահատականը շտկելու անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն կատարել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ.

3) հաստատում է քննիչի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը.

4) ստուգման համար հետաքննության մարմնից գրավոր պահանջում է քրեական վարույթի ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների վերաբերյալ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով դատախազին տրամադրման ենթակա փաստաթղթերը կամ դրանք ստուգում է դրանց գտնվելու վայրում.

5) ստուգման համար քննիչից գրավոր պահանջում է քրեական վարույթի նյութերը կամ այդպիսիք ստուգում է դրանց գտնվելու վայրում.

6) անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա կայացնում է համապատասխան որոշում.

7) վարույթի նյութերի հիման վրա իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին.

8) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հետաքննիչին, հետաքննության մարմնի պետին, քննիչին, քննչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի, ինչպես նաև վերջիններիս ինքնաբացարկի կապակցությամբ.

9) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում քննիչի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հետաքննության մարմնի պետի առարկությունների կապակցությամբ.

10) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում քննչական մարմնի ղեկավարի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ քննիչի առարկությունների կապակցությամբ.

11) վերացնում է հետաքննության մարմնի պետի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի անօրինական կամ անհիմն որոշումները, ինչպես նաև քննչական մարմնի ղեկավարի կամ քննիչի անօրինական կամ անհիմն հանձնարարությունները.

12) որոշում է կայացնում հետաքննության մարմնի պետի, հետաքննիչի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի վարութային ակտերի դեմ վարույթի մասնավոր մասնակիցների կամ այլ անձանց բերած բողոքների կապակցությամբ.

13) քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու դեպքում հետաքննության մարմնի պետին, հետաքննիչին կամ քննիչին հեռացնում է տվյալ վարույթին մասնակցելուց, սակայն չի կարող որոշում կայացնել նրա փոխարեն այլ անձ նշանակելու մասին.

14) իրավասու վերադաս դատախազին առաջարկում է դիմել իրավասու մարմիններ` քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով.

15) հաստատում է մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը և վարույթի նյութերը հանձնում է դատարան, հաստատում է քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը.

16) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր որոշմամբ չի հաստատում մեղադրական եզրակացությունը, եզրափակիչ ակտը կամ քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է քննչական մարմնի ղեկավարին` վարույթը շարունակելու հանձնարարությամբ.

17) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում իրավասու է հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցելու դատական երաշխիքների վարույթին.

18) ստորագրում է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր.

19) իր որոշմամբ անհապաղ վերացնում է անձի իրավունքների կամ ազատությունների ցանկացած ոչ իրավաչափ սահմանափակում, այդ թվում՝ ազատում է ոչ իրավաչափ պահվող անձանց.

20) վերադաս դատախազի հանձնարարության վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում նրա վերադաս դատախազին՝ առանց այն կատարելու, եթե գտնում է, որ այդ հանձնարարությունն անօրինական է կամ անհիմն․

21) վերադաս դատախազի վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում նրա վերադաս դատախազին՝ չկասեցնելով որոշման կատարումը.

22) մինչդատական վարույթի ընթացքում իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի իմաստով` քրեական վարույթի ընթացքում թույլ տված օրենքի կոպիտ խախտումներն են`

1) Սահմանադրությամբ ամրագրված` մարդու հիմնական իրավունքի կամ ազատության խախտումը.

2) նախաքննության բնականոն ընթացքը խաթարող խախտումը.

3) հսկող դատախազի հանձնարարությունները պարբերաբար չկատարելը:

 

Հոդված 39. Դատախազի լիազորությունները դատական վարույթի ընթացքում

 

1. Դատախազն իրավունք ունի`

1) հայտնելու բացարկներ.

2) հարուցելու միջնորդություններ.

3) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու քրեական վարույթին առնչվող առարկաներ և փաստաթղթեր.

4) ներկայացնելու համար օրենքով սահմանված կարգով պահանջելու քրեական վարույթին առնչվող առարկաներ և փաստաթղթեր, եթե դրանք անհրաժեշտ են վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած նոր ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար.

5) կարծիք հայտնելու դատական վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.

6) առարկելու դատական վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

7) ապացույցների հետազոտման արդյունքում փոխելու մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը.

8) մեղադրական վերդիկտից հետո դիրքորոշում հայտնելու նշանակման ենթակա պատժի վերաբերյալ.

9) ներկայացնելու դիտողություններ դատական նիստի արձանագրության վերաբերյալ.

10) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով բողոքարկելու դատական ակտերը.

11) վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում մասնակցելու դատական նիստին.

12) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Դատախազը պարտավոր է՝

1) առաջին ատյանի դատարանում մասնակցելու դատաքննությանը, հանդես գալու բացման խոսքով և եզրափակիչ ելույթով.

2) մասնակցելու ապացույցների և քրեական վարույթի այլ նյութերի հետազոտմանը.

3) դիրքորոշում հայտնելու համաձայնեցման կամ արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ.

4) մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայց հարուցելու.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով փոփոխելու կամ լրացնելու մեղադրանքը՝ կազմելով նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում.

6) ենթարկվելու դատական նիստի կարգին և նախագահողի կարգադրություններին:

(39-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 39.1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը դատախազների խմբի կողմից

 

1. Անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` դատախազների խմբի ղեկավարը:

(39.1-ին հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-103-Ն)

 

Հոդված 39.2. Դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունները

 

1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում և համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի սահմանած շրջանակներում:

3. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնում է բացառապես դատախազների խմբի ղեկավարը:

4. Դատախազների խմբի ղեկավարը և անդամն իրականացնում են նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(39.2-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-103-Ն)

 

Հոդված 40. Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները

 

1. Նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում` դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական մարմնի ղեկավարը՝

1) նախաքննության կատարումը հանձնարարում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին.

2) վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից հանձնում է մյուսին:

3) ծանոթանում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթի նյութերին.

4) վարույթից հեռացված քննիչին որոշմամբ փոխարինում է իր անմիջական ենթակայության ներքո գործող այլ քննիչով.

5) որոշում է կայացնում նախաքննությունն իր ենթակայության ներքո գործող քննիչներից կազմված քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, իսկ վերադաս դատախազի նախաձեռնությամբ` քննչական այլ մարմինների ղեկավարների հետ միասնական որոշում է կայացնում նախաքննությունը համատեղ քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ.

6) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով իր ենթակայության ներքո գործող քննիչներին հանձնարարում է առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարումը, եթե բացակայում է վարույթը քննչական խմբի կողմից իրականացնելու անհրաժեշտությունը.

7) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի միջնորդությամբ իր իրավասության սահմաններում ներկայացնում է քննչական փոխօգնության խնդրանք, իսկ նման խնդրանք ստանալու դեպքում իր իրավասության սահմաններում ապահովում է դրա կատարումը.

8) որոշում է կայացնում նախաքննությունն անձամբ կատարելու մասին` օգտվելով քննիչի համար սույն օրենսգրքով սահմանված բոլոր լիազորություններից.

9) հետևում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից ապացուցողական և վարութային այլ գործողությունների, դատախազի որոշումների, դատախազի և իր հանձնարարությունների կատարմանը, քրեական հետապնդման և կալանավորման ժամկետների պահպանմանը.

10) ապահովում է վերադարձված վարույթի նյութերով վարույթը շարունակելու մասին դատախազի հանձնարարության կատարումը.

11) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի, այդ թվում` քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին՝ չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

12) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների ու հանձնարարությունների պատճենները քննչական մարմնի ղեկավարն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:

(40-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-280-Ն)

 

Հոդված 41. Քննիչի լիազորությունները

 

1. Քննիչը՝

1) առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն և անմիջապես ձեռնամուխ լինում նախաքննության կատարմանը` այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով հսկող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը կամ դրան տրված իրավական գնահատականը շտկելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազի հանձնարարությամբ փոփոխություն է կատարում քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ.

2) ինքնուրույն ուղղություն է տալիս նախաքննությանը, ընդունում անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է քննչական և վարութային այլ գործողություններ.

3) նախաքննության ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն՝ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով հսկող դատախազին.

4) որոշում է կայացնում անձին ձերբակալելու կամ ձերբակալված անձին ազատ արձակելու մասին՝ որոշման պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին.

5) դիմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով` միջնորդության պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին.

6) հսկող դատախազի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ ազատ է արձակում կալանավորված մեղադրյալին.

7) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում վերացնում է անձի իրավունքների կամ ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակումները.

8) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոց կիրառելու, փոխելու, վերացնելու մասին՝ որոշման պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին.

9) միջոցներ է ձեռնարկում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և վարութային ծախսերի հատուցումն ապահովելու համար.

10) հետաքննության մարմնին տալիս է գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ.

11) հետաքննության մարմնից պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքները.

12) հետաքննության մարմնին հանձնարարում է կատարել ձերբակալման, կալանավորման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից աջակցություն է ստանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս.

13) քրեական հետապնդում հարուցելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում հսկող դատախազին.

14) քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հիման վրա մեղադրանք է ներկայացնում.

15) որոշում է կայացնում տուժող, օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին.

16) ապահովում է վարույթին փաստաբանի մասնակցությունը որպես պաշտպան կամ լիազոր ներկայացուցիչ.

17) վարույթ է ներգրավում վկայի, փորձագետի, թարգմանչի, ընթերակայի.

18) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում վարույթի մասնավոր մասնակիցների միջնորդությունների կապակցությամբ.

19) վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը որպես ապացույց կցում է վարույթի նյութերին, իսկ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով որոշում է կայացնում այդ առարկաների կամ փաստաթղթերի անթույլատրելիության մասին.

20) որոշում է կայացնում ընթերակային, թարգմանչին, փորձագետին հայտնած բացարկի կապակցությամբ.

21) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պաշտպանին, լիազոր ներկայացուցչին, օրինական ներկայացուցչին կամ վկայի փաստաբանին ազատում է վարույթին մասնակցելուց կամ հսկող դատախազի հաստատմամբ հեռացնում է վարույթից.

22) հսկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

23) վարույթը կարճելու կամ նախաքննությունն այլ կերպ ավարտելու, հարկադրանքի միջոց կիրառելու մասին հսկող դատախազի հանձնարարության, ինչպես նաև ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում առանց այն կատարելու դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին.

24) քննչական մարմնի ղեկավարի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

25) որոշում է կայացնում քրեական վարույթը կարճելու մասին` այն ներկայացնելով հսկող դատախազի հաստատմանը.

26) կազմում է մեղադրական եզրակացություն կամ եզրափակիչ ակտ` այն ներկայացնելով հսկող դատախազի հաստատմանը.

27) քննչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ շարունակում է վարույթը դատախազի կողմից վերադարձված նյութերով.

28) որոշում է կայացնում օրենքով նախատեսված ստուգում կամ վերստուգում կատարելու մասին.

29) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(41-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 42. Հետաքննության մարմնի լիազորությունները

 

1. Հետաքննիչը՝

1) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան` իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

2) սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է գաղտնի քննչական գործողություններ.

3) օժանդակում է ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը.

4) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքներն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է քննիչին.

5) հետաքննության կատարման ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է քննիչին.

6) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարում է ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին.

7) մինչև հետաքննության մարմնի վարչական շենք բերելը անհապաղ ազատ է արձակում իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով հետաքննության մարմնի պետին.

8) միջոցներ է ձեռնարկում քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները և փաստաթղթերը, ինչպես նաև դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ.

9) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունները հետաքննիչն իրականացնում է բացառապես քննիչի հանձնարարությամբ:

3. Հետաքննության մարմնի պետը՝

1) իր իրավասության սահմաններում կազմակերպում և ապահովում է հետաքննիչի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունների իրականացումը.

2) անձամբ իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունները.

3) քննիչի հանձնարարության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին.

4) վերադաս դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում հսկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

5) հսկող դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում քննիչի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

6) դատախազի գրավոր պահանջով նրա ստուգմանն է ներկայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով դատախազին տրամադրման ենթակա փաստաթղթերը.

7) անհապաղ ազատ է արձակում հետաքննիչի նախաձեռնությամբ ձերբակալված և հետաքննության մարմնի վարչական շենքում գտնվող անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին.

8) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի վայրի պահպանությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը։

(42-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 43. Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները

 

1. Մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) իրեն ձերբակալելուց կամ մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

2) իր համար հասկանալի լեզվով, անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացվող մեղադրանքի փաստական հանգամանքների և իրավական գնահատականի մասին, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` նաև իրեն ազատությունից զրկելու հիմքերի և պատճառների մասին.

3) մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` ձերբակալման կամ կալանավորման որոշումների պատճենները, ինչպես նաև այն դատավարական ակտերի պատճենները, որոնք նա սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունք ունի.

4) որ ձերբակալումից կամ կալանավորումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում իր կողմից ընտրված անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում նաև հրամանատարը տեղեկացվի իր գտնվելու վայրի մասին.

5) ձերբակալման կամ կալանավորման դեպքում պահանջելու անվճար բժշկական զննում և ստանալու անվճար եզրակացություն, ինչպես նաև իր ընտրությամբ հրավիրելու բժիշկ և անարգել հաղորդակցվելու նրա հետ` առանց տեսողական կամ լսողական վերահսկման.

6) պահպանելու լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ.

7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան.

8) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.

9) մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց.

10) հակընդդեմ հարցման ենթարկելու իր դեմ վկայած անձանց, կամ որ այդ անձինք ենթարկվեն հակընդդեմ հարցման, ինչպես նաև, որ իր օգտին վկայող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ վկայած անձինք.

11) մասնակցելու իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական և վարութային այլ գործողություններին, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին.

12) ստանալու վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական գործողությանն իր մասնակցությունը չթույլատրելու մասին.

13) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.

14) հայտարարելու իր մեղավորության կամ անմեղության մասին.

15) հարուցելու միջնորդություններ.

16) հայտնելու բացարկներ.

17) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.

18) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.

19) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի պատճենը.

20) ծանոթանալու իր նկատմամբ խափանման միջոց կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելու, փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաև անվճար ստանալու այդ որոշումների, ինչպես նաև փորձագետի եզրակացության պատճենը.

21) անվճար ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը.

22) նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ ստանալու կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.

23) դատարանին միջնորդելու՝ կիրառելու համաձայնեցման վարույթ.

23.1) դատարանին միջնորդելու՝ կիրառելու արագացված վարույթ.

24) հսկող դատախազին միջնորդելու՝ կիրառելու համագործակցության վարույթ.

25) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.

26) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու բացման խոսքով, եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ.

27) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը.

28) հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը.

29) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.

30) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.

31) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

32) ստանալու վարույթի հանրային մասնակիցների կամ դատարանի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

33) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.

34) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2. Մեղադրյալը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ.

3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին.

4) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.

5) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

(43-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 44. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը

 

1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` քրեական հետապնդման ենթարկված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը:

2. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր մահացած մերձավոր ազգականի օրինական ներկայացուցիչ, եթե առարկում է նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

3. Անձը մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

4. Վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ թույլատրում է վարույթին որպես մեղադրյալի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածության դեմ իր համաձայնության առկայության դեպքում չեն առարկում մյուսները:

5. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:

6. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև`

1) մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու համար հրավիրելու պաշտպան.

2) իմանալու մեղադրյալին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու ազատության մեջ կամ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին.

3) մասնակցելու մեղադրանք ներկայացնելուն.

4) մասնակցելու մեղադրյալի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների:

7. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու մեղադրյալի շահերին վնասող որևէ գործողություն:

8. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

9. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը կարող է հրավիրվել և հարցաքննվել որպես վկա:

 

Հոդված 45. Քրեական վարույթին պաշտպանի մասնակցության հիմքերը և պայմանները

 

1. Փաստաբանը մեղադրյալի պաշտպանությունն ստանձնում է՝

1) մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, ինչպես նաև այլ անձանց հրավերով՝ մեղադրյալի հետագա գրավոր համաձայնությամբ.

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` վարույթն իրականացնող մարմնի գրավոր պահանջի հիման վրա:

2. Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է պաշտպան նշանակել, եթե՝

1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը վարույթին պարտադիր է, իսկ մեղադրյալը պաշտպան չունի.

2) մեղադրյալը հայտարարում է, որ չունի բավարար միջոցներ պաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պաշտպանի նշանակում նախաձեռնելուց առաջ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին առաջարկել նրա ընտրությամբ հրավիրել պաշտպան: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում պաշտպան նշանակելուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի՝ անվճարունակության վերաբերյալ հայտարարությունն ստուգելու համար:

4. Վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որպես պաշտպան հրավիրելու համար երաշխավորելու որևէ փաստաբանի:

5. Պաշտպանությունն ստանձնելուց անմիջապես հետո պաշտպանը վարույթն իրականացնող մարմին ներկայացնում է՝

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը.

3) իր լիազորությունները հաստատող և սույն օրենսգրքով պաշտպան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը կամ պաշտպան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշումը:

6. Միևնույն վարույթի շրջանակներում նույն պաշտպանը կարող է ներկայացնել միայն մեկ մեղադրյալի, բացառությամբ երբ նման արգելքը ողջամտորեն կարող է վտանգել արդարադատության շահը, և միաժամանակ երկու կամ ավելի մեղադրյալներ կամավոր, գիտակցաբար և գրավոր հրաժարվել են առանձին պաշտպաններով ներկայացվելու հնարավորությունից:

7. Նույն մեղադրյալը կարող է ունենալ մեկից ավելի պաշտպաններ: Վարութային գործողությանը մեղադրյալի բոլոր պաշտպանների մասնակցությունը պարտադիր չէ: Վարութային գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:

 

Հոդված 46. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը

 

1. Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից:

2. Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝

1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով.

2) մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին.

3) մեղսագրվող արարքը կատարելու պահին մեղադրյալն անչափահաս է.

4) մեղադրյալը ժամկետային զինծառայող է.

5) մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ.

6) տվյալ անձի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթ.

7) տվյալ մեղադրյալի նկատմամբ իրականացվում է հեռակա վարույթ.

8) մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.

9) դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում.

10) մեղադրյալը միջնորդել է կիրառել համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ.

11) մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիա.

12) մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ.

13) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց.

14) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին հեռացրել է վարույթից.

15) դա է պահանջում արդարադատության շահը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ մեղադրյալը պաշտպան չունի, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի մասնակցությունը վարույթին այն պարտադիր դարձնող համապատասխան հիմքն ի հայտ գալուց անմիջապես հետո:

(46-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 47. Պաշտպանից հրաժարվելը

 

1. Պաշտպանից հրաժարվելը մեղադրյալի հայտարարությունն է՝ իր պաշտպանությունն առանց որևէ պաշտպանի օգնության (անձամբ) իրականացնելու վերաբերյալ: Պաշտպանից հրաժարվելու մասին մեղադրյալի հայտարարությունը ամրագրվում է վարույթն իրականացնող մարմնի կազմած արձանագրության մեջ:

2. Պաշտպանից հրաժարվելը վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, գիտակցված, վարույթին մասնակցող պաշտպանի ներկայությամբ, և ողջամտորեն ենթադրելի է, որ մեղադրյալն ի վիճակի է ինքնուրույն իրականացնելու իր պաշտպանությունը: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել պաշտպանից հրաժարվելու պատճառները: Այն դեպքում, երբ պաշտպանից հրաժարվելը պայմանավորված է մեղադրյալի անվճարունակությամբ, վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված կարգով անհապաղ պահանջում է պաշտպան նշանակել պետական միջոցների հաշվին:

3. Պաշտպանից հրաժարված մեղադրյալն իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու վարույթին ներգրավել նոր պաշտպան: Նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ վարույթը վերսկսելու համար, սակայն պաշտպանին պետք է տրամադրվի բավարար ժամանակ մեղադրյալի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար:

4. Նոր պաշտպանից հրաժարվելու մեղադրյալի կամարտահայտությունը պարտադիր չէ վարույթն իրականացնող մարմնի համար, եթե մեղադրյալն ակնհայտ չարաշահում է պաշտպանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ չի ընդունում պաշտպանից հրաժարվելը:

 

Հոդված 48. Պաշտպանի մասնակցության դադարեցումը

 

1. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական վարույթին, եթե՝

1) ձերբակալված անձը, մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը դադարեցրել են հրավիրված կամ նշանակված պաշտպանի լիազորությունները՝ պաշտպանին փոխարինելու նպատակով.

2) վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընդունել է մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից.

3) վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով սույն օրենսգրքով նախատեսված հանգամանքները, պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց.

4) վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով պաշտպանին հեռացրել է վարույթից:

 

Հոդված 49. Պաշտպանի իրավունքները և պարտականությունները

 

1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պաշտպանելու նրա իրավունքները և իրավաչափ շահերը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) իմանալու, թե ինչում է կասկածվում պաշտպանյալը, կամ ծանոթանալու նրան ներկայացված մեղադրանքին, ինչպես նաև մասնակցելու նրա հարցաքննությանը.

2) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.

3) մասնակցելու իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող ցանկացած ապացուցողական կամ վարութային այլ գործողության, մասնակցելու իր կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող ապացուցողական կամ վարութային այլ գործողության, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին, այլ դեպքերում քննիչի առաջարկով մասնակցելու ապացուցողական կամ վարութային այլ գործողության.

4) մեղադրյալին պարզաբանելու նրա իրավունքները և պարտականությունները.

5) ապացուցողական կամ վարութային այլ գործողություն իրականացնող անձի ուշադրությունը հրավիրելու նրա կողմից թույլ տրված օրենքի խախտման վրա.

6) ձեռք բերելու և ներկայացնելու ապացույցներ` վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար.

7) համաձայնության դեպքում հարցման ենթարկելու ֆիզիկական անձանց.

8) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու փաստաթղթեր կամ տեղեկություններ, եթե դրանք չեն պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք.

9) հայտնելու բացարկներ.

10) հարուցելու միջնորդություններ.

11) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.

12) ծանոթանալու իր պաշտպանյալի կամ իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.

13) իր խնդրանքով ստանալու իր կամ իր պաշտպանյալի մասնակցությամբ, ինչպես նաև իր պաշտպանյալի կամ իր միջնորդությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունների, այդ թվում՝ դրանց հավելվածների պատճենները, ինչպես նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք իր պաշտպանյալը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.

14) նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ ստանալու կամ գործից դուրս գրելու ցանկացած տեղեկություն.

15) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.

16) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու բացման խոսքով և եզրափակիչ ելույթով.

17) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը.

18) հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

19) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր պաշտպանյալի շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.

20) տուժողի հետ մեղադրյալի հաշտվելու դեպքում պաշտպանյալի հանձնարարությամբ հանդես գալու նրա անունից.

21) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.

22) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

23) պաշտպանյալի հաշվին, իսկ մեղադրյալին պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ստանալու վարձատրություն.

24) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.

25) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2. Պաշտպանն իրավունք չունի՝

1) հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ ընդունելու նրա առնչությունը ենթադրյալ հանցանքին կամ մեղավորությունը դրա կատարման մեջ.

2) հրապարակելու պաշտպանությունն իրականացնելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) սեփական նախաձեռնությամբ դադարեցնելու իր լիազորությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) խոչընդոտել այլ պաշտպան հրավիրելուն, նշանակելուն կամ վարույթին վերջինիս մասնակցելուն.

5) վարույթին մասնակցելու իր լիազորությունները վերավստահելու այլ անձի:

3. Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի հատուկ հանձնարարության՝

1) հայտարարելու տուժողի հետ պաշտպանյալի հաշտվելու մասին.

2) ընդունելու պաշտպանյալի դեմ ներկայացված քրեական հայցը կամ գույքային հայցը.

3) հետ վերցնելու ի շահ պաշտպանյալի ներկայացված բողոքը:

4. Պաշտպանը պարտավոր է՝

1) պաշտպանությունն ստանձնելուց անմիջապես հետո այդ մասին տեղյակ պահելու վարույթն իրականացնող մարմնին.

2) մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայանալու վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

3) ենթարկվելու վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին.

4) վարույթին մասնակցելուց իրեն ազատելու խնդրանքով դիմելու վարույթն իրականացնող մարմնին, եթե դա չանելն անխուսափելիորեն կվնասի պաշտպանյալի իրավաչափ շահերին:

 

Հոդված 50. Տուժողի իրավունքները և պարտականությունները

 

1. Տուժող ճանաչելու մասին որոշումը կայացնում է քննիչը կամ դատարանը:

2. Տուժողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին.

2) տալու ցուցմունք.

3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ.

4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.

5) հարուցելու միջնորդություններ.

6) հայտնելու բացարկներ.

7) ունենալու լիազոր ներկայացուցիչ և դադարեցնելու նրա լիազորությունները.

8) անվճար ստանալու իր կարգավիճակին վերաբերող դատավարական ակտերի պատճենները.

9) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.

10) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.

11) անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, այն դադարեցնելու կամ կասեցնելու, ինչպես նաև քրեական վարույթը կարճելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության, եզրափակիչ ակտի կամ եզրափակիչ դատական ակտի պատճենը.

12) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները.

13) նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, իր խնդրանքով դրանցից անվճար ստանալու պատճեններ կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.

14) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.

15) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու եզրափակիչ ելույթով.

16) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը.

17) հետ վերցնելու իր կամ իր լիազոր ներկայացուցչի ներկայացրած բողոքը.

18) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.

19) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.

20) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

21) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվելու մեղադրյալի հետ.

22) իրեն ենթադրաբար պատճառված վնասը հատուցելու նպատակով գույքային հայց ներկայացնելու դատարան, մինչև ապացույցների հետազոտման ավարտը փոփոխելու գույքային հայցը, ինչպես նաև մինչև դատարանի առանձին սենյակ հեռանալը հրաժարվելու գույքային հայցից.

23) ստանալու հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում.

24) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.

25) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցված և իրեն պատկանող գույքը և փաստաթղթերի բնօրինակները.

26) օրենքով նախատեսված դեպքերում ազատվելու իր ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարելու պարտականությունից.

27) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.

28) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3. Տուժողը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

2) տալ ցուցմունք.

3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության.

4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթի ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան.

5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.

6) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

4. Տուժողն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է այդ իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

5. Տուժող ճանաչված իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

6. Վարույթի ընթացքում ի հայտ եկած բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կամ դատարանը որոշմամբ դադարեցնում է տուժողի կարգավիճակը:

 

Հոդված 51. Մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող ճանաչելը

 

1. Անձն իրավունք ունի տուժող ճանաչվելու, եթե իր մերձավոր ազգական տուժողը կամ տուժող ճանաչվելու ենթակա անձը մահացել է:

2. Եթե տուժողը կամ տուժող ճանաչվելու ենթակա անձը մահացել է, ապա տուժող է ճանաչվում սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին նման միջնորդություն ներկայացրած մահացածի մերձավոր ազգականը:

3. Մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող ճանաչվում է նրա մերձավոր ազգականներից, որպես կանոն, միայն մեկը: Ընդ որում, տուժող պետք է ճանաչվի այն մերձավոր ազգականը, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուսները:

4. Մահացածի մերձավոր ազգականների բացակայության կամ վերջիններիս կողմից համապատասխան միջնորդություն չներկայացվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչում մահացածի ազգականներից որևէ մեկին` վերջինիս համաձայնությամբ:

5. Սույն հոդվածով նախատեսված կարգով տուժող ճանաչված անձն ունի տուժողի բոլոր իրավունքները, բացառությամբ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ և 21-րդ կետերով նախատեսված իրավունքների, ինչպես նաև տուժողի բոլոր պարտականությունները, բացառությամբ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պարտականության:

 

Հոդված 52. Տուժողը՝ որպես մասնավոր մեղադրող
1. Մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում անձը ճանաչվում է տուժող, եթե նրա ներկայացրած քրեական հայցի հիման վրա բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով նրան վնաս է պատճառվել կամ կարող էր պատճառվել ենթադրյալ հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում:

2. Մասնավոր մեղադրանքի վարույթում անձը տուժող է ճանաչվում քրեական վարույթ սկսելու մասին դատարանի որոշմամբ:

3. Մասնավոր մեղադրող հանդիսացող տուժողն ունի նաև սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 53. Տուժողի օրինական ներկայացուցիչը

 

1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` տուժող ճանաչված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս տուժողի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը: Տուժող ճանաչված իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու տուժողի օրինական ներկայացուցիչ:

2. Անձը տուժողի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

3. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ թույլատրվում է վարույթին որպես տուժողի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուսները:

4. Տուժողի օրինական ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:

5. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև`

1) իմանալու տուժողին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու նրան.

2) մասնակցելու տուժողի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների:

6. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու տուժողի շահերին վնասող որևէ գործողություն:

7. Տուժողի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

8. Տուժողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա:

 

Հոդված 54. Տուժողի լիազոր ներկայացուցիչը

 

1. Անձը տուժողի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

2. Տուժողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու է սահմանափակելու վարութային գործողությանը կամ դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը:

3. Ընդհանուր լիազորությամբ տուժողի ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների: Նա իրավունք ունի մասնակցելու այն բոլոր վարութային գործողություններին, որոնց մասնակցում է տուժողը:

4. Տուժողի ներկայացուցիչն առանց հատուկ լիազորության իրավունք չունի տուժողի անունից՝

1) հետ վերցնելու տուժողի նկատմամբ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ քրեական հայցը.

2) հաշտվելու մեղադրյալի հետ.

3) հրաժարվելու ներկայացված գույքային հայցից կամ փոփոխելու դրա չափը.

4) հետ վերցնելու ի շահ տուժողի ներկայացված բողոքը:

5. Տուժողի լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

 

Հոդված 55. Գույքային պատասխանողի իրավունքները և պարտականությունները

 

1. Գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է դատարանը:

2. Գույքային պատասխանողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին.

2) ծանոթանալու իր դեմ ներկայացված գույքային հայցին և այն հիմնավորող նյութերին.

3) ներկայացնելու պատասխան իր դեմ ներկայացված գույքային հայցի վերաբերյալ.

4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.

5) հարուցելու միջնորդություններ.

6) հայտնելու բացարկներ.

7) ունենալու լիազոր ներկայացուցիչ և դադարեցնելու նրա լիազորությունները.

8) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.

9) դատարանում ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից ստանալու պատճեններ կամ գործից դուրս գրելու ցանկացած տեղեկություն.

10) անվճար ստանալու իր դեմ ներկայացրած գույքային հայցի և դրան կից նյութերի պատճենները.

11) իր խնդրանքով ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի պատճենը, ինչպես նաև անվճար ստանալու եզրափակիչ դատական ակտի պատճենը.

12) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու եզրափակիչ ելույթով.

13) դատական նիստում գույքային հայցի մասով կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.

14) գույքային հայցի մասով առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ, պահանջելու դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին.

15) ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրանում արված գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ դիտողություններ.

16) իր դեմ ներկայացված հայցին առնչվող մասով սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելու դատական ակտը.

17) հետ վերցնելու իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած վերանայման բողոքը.

18) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.

19) մինչև եզրափակիչ դատական ակտ կայացնելու համար դատարանի` առանձին սենյակ հեռանալն ընդունելու հայցը.

20) ի ապահովումն իր դեմ ներկայացված հայցի` դատարանի դեպոզիտ վճարելու դրամական միջոցներ` որպես իր գույքի վրա դրված արգելանքի այլընտրանք.

21) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3. Գույքային պատասխանողը պարտավոր է՝

1) ներկայանալ դատարանի հրավերով.

2) դատարանի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը.

3) ենթարկվել դատական նիստը նախագահողի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

4. Գույքային պատասխանողն իրեն վերապահված իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է այդ իրավունքների և պարտականությունների բնույթին:

5. Գույքային պատասխանող ճանաչված իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն իրականացնում է դրա օրինական ներկայացուցիչը:

 

Հոդված 56. Գույքային պատասխանողի ներկայացուցիչը

 

1. Անձը գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ կամ լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում դատարանի որոշմամբ:

2. Գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ:

3. Գույքային պատասխանողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Դատարանը կարող է սահմանափակել դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը:

4. Ընդհանուր լիազորությամբ գույքային պատասխանողի ներկայացուցիչն ունի գույքային պատասխանողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ գույքային պատասխանողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:

5. Գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը, առանց հատուկ լիազորության, իրավունք չունի գույքային պատասխանողի անունից՝

1) լրիվ կամ մասնակի ընդունելու գույքային հայցը.

2) հաշտություն կնքելու տուժողի կամ նրա ներկայացուցչի հետ.

3) հետ վերցնելու ի շահ գույքային պատասխանողի ներկայացված բողոքը:

6. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

7. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎԱՐՈՒՅԹԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 57. Վկան

 

1. Վկան ցուցմունք տալու նպատակով կողմի կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել վարույթով պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:

2. Անձը որպես վկա կարող է հարցաքննվել սույն օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին գրավոր տեղեկացվելուց հետո:

3. Որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել`

1) փաստաբանը՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.

2) անձը, որին տվյալ վարույթին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել որպես պաշտպան, տուժողի, գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչ, վկայի փաստաբան մասնակցելու կապակցությամբ.

3) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.

4) դատավորը, նախկին դատավորը, դատախազը կամ դատական նիստի քարտուղարը՝ այն վարույթով, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները․

5) քննիչը՝ այն վարույթով, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները, բացառությամբ սույն օրենսգրքի 331-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի․

6) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.

7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի.

8) հաշտարարը, այդ թվում՝ նաև գործունեությունը դադարեցված, պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված հաշտարարության իրականացման նպատակով դիմելու կամ հաշտարարության իրականացման հետ:

(57-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, 16.11.22 ՀՕ-439-Ն)

 

Հոդված 58. Վկայի իրավունքները և պարտականությունները

 

1. Վկան իրավունք ունի՝

1) իմանալու, թե որ վարույթով է հրավիրվում.

2) վարույթն իրականացնող մարմին ներկայանալու փաստաբանի հետ.

3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ.

4) ցուցմունքներ տալիս վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվելու փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.

5) ցուցմունքներ տալիս կազմելու պլաններ, սխեմաներ և գծանկարներ.

6) մինչդատական վարույթի ընթացքում անձամբ գրավոր շարադրելու իր ցուցմունքները.

7) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.

8) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.

9) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.

10) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից իրենից վերցված առարկաները, փաստաթղթերը և այլ նյութերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.

11) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.

12) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2. Վկան պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով` ծանուցագրում նշված օրը և ժամին.

2) տալ ցուցմունք.

3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության, եթե դա անհրաժեշտ է իր տված ցուցմունքը ստուգելու համար.

4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան.

5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.

6) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստի դահլիճը կամ դատարանի շենքը.

7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

 

Հոդված 59. Փորձագետը

 

1. Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝

1) հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալով.

2) առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալով.

3) ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարմանը մասնակցելով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից։ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է միայն վարույթի մասնավոր մասնակցի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օժանդակության համար` միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից:

3. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

4. Քրեական վարույթին Հայաստանի Հանրապետության իրավունքի կամ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ չի ներգրավվում:

 

Հոդված 60. Փորձագետի իրավունքները և պարտականությունները

 

1. Փորձագետն իրավունք ունի՝

1) եզրակացություն տալու համար վարույթն իրականացնող մարմնից պահանջելու անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր.

2) եզրակացություն կամ կարծիք տալու համար վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալու վարույթի վերաբերելի նյութերին և դրանցից դուրս գրելու անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալու մեղադրյալին, տուժողին, վկային.

3) մասնակցելու վարութային գործողություններին, որքանով դրանք վերաբերում են փորձաքննության առարկային և անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.

4) դատարանի և վարույթի մասնակիցների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքների վրա, որոնք կապված են փորձաքննության առարկայի և փորձագետին առաջադրվող հարցերի ձևակերպման հետ.

5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր հաղորդած տեղեկությունների կամ գործողությունների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ.

6) վարույթն իրականացնող մարմնի կողմից ներգրավված լինելու դեպքում յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.

7) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս համապատասխան գործողությունը կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալու վարույթի նյութերին և հարցեր տալու ներկաներին.

8) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս ներկաների ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքների վրա, որոնք մտնում են իր մասնագիտական իրավասության մեջ.

9) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու վերաբերյալ հարցերով անելու հայտարարություններ.

10) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2. Փորձագետը պարտավոր է՝

1) վարույթն իրականացնող մարմնին և իրեն դիմած անձին ներկայացնել իր մասնագիտական ձեռնահասությունը հաստատող փաստաթղթերը.

2) իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավոր և անաչառ եզրակացություն կամ կարծիք, տալ ցուցմունք.

3) ձեռնպահ մնալ առաջադրված հարցերին պատասխանելուց, եթե դրանք դուրս են իր հատուկ գիտելիքների կամ հմտությունների շրջանակից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար.

4) եզրակացություն կամ կարծիք տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլև իր իրավասության շրջանակի մեջ մտնող և հետազոտության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.

5) իրեն ներգրաված մարմնի կամ անձի պահանջով ներկայացնել հետազոտության կատարման ծախսերի նախահաշիվ և կատարած ծախսերի մասին հաշվետվություն.

6) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

7) վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական ձեռնահասության և վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին.

8) ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելիս չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

9) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները․

10) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

 

Հոդված 61. Թարգմանիչը, նրա իրավունքները և պարտականությունները

 

1. Թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: Թարգմանիչ է նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

2. Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:

3. Վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու:

4. Թարգմանիչն իրավունք ունի՝

1) թարգմանությունը ճշգրտելու համար վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ հարցեր տալու թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց.

2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և թարգմանության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված կատարել դիտողություններ.

3) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.

4) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

5. Թարգմանիչը պարտավոր է՝

1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

2) վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.

3) դատարանի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին.

4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարման վայրում, դատական նիստի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

5) թարգմանել լրիվ, ճիշտ և ժամանակին.

6) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրությունում թարգմանության գրառումների լրիվությունը և ճշտությունը, ինչպես նաև վարույթի հանրային և մասնավոր մասնակիցներին հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը.

7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը, ինչպես նաև առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

8) ենթարկվել դատական նիստի կարգին:

(61-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 62. Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները

 

1. Ընթերական վարույթի առարկայով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է ապացուցողական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար: Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

2. Ընթերական իրավունք ունի՝

1) ամբողջությամբ դիտարկելու համապատասխան ապացուցողական գործողության ընթացքը.

2) ծանոթանալու համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությանը.

3) ապացուցողական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս կատարելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.

4) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.

5) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3. Ընթերական պարտավոր է՝

1) վարույթն իրականացնող մարմնի և ապացուցողական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին.

2) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան ապացուցողական գործողության կատարմանը.

3) ենթարկվել ապացուցողական գործողություն կատարող անձի կարգադրություններին.

4) չլքել համապատասխան ապացուցողական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.

5) չհրապարակել ապացուցողական գործողությանը մասնակցելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

6) ստորագրել համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությունը:

 

Հոդված 63. Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները

 

1. Դատական նիստի քարտուղարը վարույթի առարկայով չշահագրգռված հանրային ծառայող է, որը վարում է դատական նիստի արձանագրությունը:

2. Դատական նիստի քարտուղարը իրավունք ունի`

1) մինչև դատական նիստը բացելը ստուգելու դատական նիստի մասնակիցների ինքնությունը.

2) արձանագրման ենթակա հանգամանքների լրիվությունը և ճշգրտությունը ապահովելու համար հարցեր տալու դատական նիստի մասնակիցներին։

3. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է՝

1) մինչև դատական նիստը բացելը պարզել դատական նիստին հրավիրված անձանց ներկայությունը.

2) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին.

3) արձանագրության մեջ լրիվ և ճիշտ շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, դատական նիստի ընթացքում հարուցված միջնորդությունները, հայտնված բացարկները, արված հայտարարությունները և առարկությունները, տրված ցուցմունքները և բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.

4) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.

5) ենթարկվել նախագահողի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

4. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս դատական նիստի քարտուղարը կաշկանդված չէ որևէ անձի ցուցումներով՝ կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 64. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելը

 

1. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու համար հիմք են հանդիսանում քրեական վարույթին համապատասխան անձանց մասնակցությունը բացառող՝ սույն գլխով նախատեսված հանգամանքները:

2. Վարույթին ներգրավված անձինք, որոնք տեղեկություններ ունեն քրեական վարույթին իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել վարույթի շահագրգիռ մասնակիցներին և վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցությամբ վարույթի բնականոն ընթացքի անհնարինության վերաբերյալ՝ հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել վարույթին մասնակցելուց իրենց ազատելու մասին միջնորդություն:

3. Վարույթի մասնավոր մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի բացարկ հայտնելու վարույթի հանրային մասնակցին: Դատավորին բացարկ կարող է հայտնվել մինչև հիմնական դատալսումները սկսելը, բացառությամբ այն դեպքի, երբ բացարկ հայտնողը կհիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել հիմնական դատալսումներն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել։

4. Բացարկը, ինքնաբացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունը պետք է լինեն փաստարկված: Նույն անձին նույն փաստարկմամբ բացարկ կարող է հայտնվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 65. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու հարցի լուծումը

 

1. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունն իր իրավասության սահմաններում լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Համապատասխան անձը վարույթին մասնակցելուց կարող է ազատվել նաև վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:

2. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

3. Ինքնաբացարկ հայտնած դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են բառացի արձանագրման: Եթե ինքնաբացարկ հայտնած դատավորը գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, ապա իրավասու է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ համաձայնում են անտեսել դատավորի ինքնաբացարկը, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը շարունակում է դատական վարույթը:

4. Դատավորին հայտնված բացարկը լուծում է տվյալ դատավորը: Եթե բացարկ է ներկայացվել կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր բացարկի հարցը:

5. Մինչդատական վարույթում դատախազին հայտնված բացարկը լուծում է վերադաս դատախազը, իսկ դատական վարույթում՝ համապատասխան դատարանը:

6. Քննիչին, քննչական մարմնի ղեկավարին, հետաքննիչին կամ հետաքննության մարմնի պետին հայտնված բացարկը լուծում է հսկող դատախազը:

7. Պաշտպանին, տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցչին, վկայի փաստաբանին, մեղադրյալի, տուժողի, գույքային պատասխանողի կամ վկայի օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծում է վարույթն իրականացնող մարմինը:

8. Փորձագետին կամ թարգմանչին հայտնված բացարկը լուծում է վարույթն իրականացնող մարմինը:

9. Ընթերակային հայտնված բացարկը լուծում է ապացուցողական գործողություն կատարող անձը, իսկ դատական նիստի քարտուղարին հայտնված բացարկը` դատարանը:

10. Մեկից ավելի անձանց միաժամանակ հայտնված բացարկների դեպքում առաջնահերթության կարգով լուծվում է այն անձին հայտնված բացարկը, որն իրավասու է լուծելու մյուսների բացարկի հարցը:

11. Այն դեպքում, երբ վարույթին մեկից ավելի անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով, վարույթին մասնակցելուց ազատվում է այն անձը, որը մյուսներից ուշ է ձեռք բերել վարույթին ներգրավված անձի կարգավիճակ, բացառությամբ օրինական ներկայացուցչի:

 

Հոդված 66.

Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները

 

1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե`

1) մինչդատական վարույթում սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում ունկնդրել է ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալի խոստովանությունը.

2) որպես մասնավոր անձ՝ ականատես է եղել այն փաստերին, որոնք քննվում են վարույթի ընթացքում.

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ:

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում դատաքննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ վարույթին հետագայում: Դատավորի կողմից նախնական դատալսումների անցկացումը տվյալ վարույթին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը վարույթին չի բացառում Վճռաբեկ դատարանում նույն վարույթին նրա հետագա մասնակցությունը:

3. Դատավորը պարտավոր չէ հայտնել ինքնաբացարկ կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին:

 

Հոդված 67. Վարույթին հանրային մասնակիցների մասնակցությունը բացառող հանգամանքները

 

1. Վարույթի հանրային մասնակիցը չի կարող մասնակցել քրեական վարույթին, եթե`

1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք.

2) համապատասխան վարույթն իրականացնող դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:

2. Դատախազի մասնակցությունը մինչդատական վարույթին, ինչպես նաև դատարանում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը համապատասխան վարույթին որպես դատախազ նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չեն:

3. Համապատասխան վարույթին նախկինում որպես քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննիչ կամ հետաքննության մարմնի պետ մասնակցելը տվյալ վարույթին որպես հանրային մասնակից նրանց հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

 

Հոդված 68. Վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքները

 

1. Պաշտպանը կամ տուժողի կամ գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը կամ վկայի փաստաբանը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) տվյալ վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկայի փաստաբան հանդես գալու դեպքերի.

2) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ փաստաբանի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

3) տվյալ վարույթի հետ կապված իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են վստահորդի շահերին.

4) ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ է գտնվում տվյալ վարույթին ներգրավված այն անձի հետ, որի շահերը հակասում են վստահորդի շահերին.

5) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փաստաբան:

2. Նույն վարույթի շրջանակներում փաստաբանը կարող է ներկայացնել միայն մեկ անձի (ունենալ միայն մեկ վստահորդ), բացառությամբ սույն օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակի կամ մեկից ավելի տուժողներ կամ վկաներ ներկայացնելու դեպքերի:

 

Հոդված 69. Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները

 

1. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի խնամակալը, հոգաբարձուն կամ իր իրավասության սահմաններում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը կամ մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

2) վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկա հանդես գալու դեպքերի.

3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին. իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

4) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.

5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

2. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը կամ որդեգրողը չի կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 70. Ընթերակային բացարկելը

 

1. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև եթե նա օրենքով իրավունք չունի լինելու ընթերակա:

2. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե վարույթն իրականացնող մարմնի հետ գտնվում է անձնական կամ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ:

3. Ընթերակայի նախկին մասնակցությունը ապացուցողական գործողությանը տվյալ վարույթով այլ ապացուցողական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք է, բացառությամբ սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

 

Հոդված 71. Փորձագետին, թարգմանչին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը

 

1. Փորձագետը կամ թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք.

2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փորձագետ, թարգմանիչ, դատական նիստի քարտուղար.

3) դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ.

4) առկա են նրա ձեռնհասությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ:

2. Որպես փորձագետ, թարգմանիչ կամ դատական նիստի քարտուղար՝ անձի նախկին մասնակցությունը նույն վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ:

 

Հոդված 72. Վարույթին մասնակցելուց ազատելը հարգելի պատճառի առկայության դեպքում

 

1. Փաստաբանը, օրինական ներկայացուցիչը, դատական նիստի քարտուղարը, ընթերական կամ թարգմանիչը, որոնց մասնակցությունը վարույթին չի բացառվում սույն օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով, կարող են իրենց միջնորդությամբ ազատվել վարույթին մասնակցելուց, եթե առկա է նրանց մասնակցությունը խոչընդոտող որևէ հարգելի պատճառ:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 73. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը

 

1. Քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի (uույն գլխում այuուհետ` պաշտպանվող անձ) նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառվում, եթե վարույթի իրականացման հետ կապված նրանց կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ:

2. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը համապատասխան անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կայացնում է հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում, որի կատարումն անհապաղ հանձնարարում է իրավասու պետական մարմնին:

3. Զինծառայողների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել համապատասխան հիմնարկի վարչակազմի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

3.1. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

4. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մաuին անձի դիմումը վարույթն իրականացնող մարմինը քննարկում է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մաuին անմիջապեu հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատաuխան որոշման պատճենը:

5. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու դեպքում դիմում ներկայացրած անձն իրավունք ունի համապատասխան որոշումը բողոքարկելու uույն oրենuգրքով uահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշման կայացումն արգելք չէ նույն անձի կողմից այդպիuի միջոց կիրառելու մաuին նոր դիմում ներկայացնելու համար, եթե ի հայտ են եկել հատուկ պաշտպանության միջոցի կիրառման անհրաժեշտությունը հաստատող նոր հանգամանքներ:

(73-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-497-Ն)

 

Հոդված 74. Հատուկ պաշտպանության միջոցները

 

1. Վարույթի ընթացքում կիրառման ենթակա հատուկ պաշտպանության միջոցներն են`

1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը.

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալների գաղտնիացումը.

3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը.

4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը.

5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը.

6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը.

7) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը.

8) դատական նիստերի դահլիճից հեռացումը կամ դռնփակ դատական նիստի անցկացումը.

9) դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով:

2. Կիրառվող հատուկ պաշտպանության միջոցը պետք է համաչափ լինի պաշտպանվող անձին սպառնացող վտանգի բնույթին և հնարավոր հետևանքներին: Անհրաժեշտության դեպքում նույն անձի նկատմամբ կարող են կիրառվել հատուկ պաշտպանության մեկից ավելի միջոցներ:

3. Հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգն ու պայմանները uահմանում է Կառավարությունը:

4. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի հատուկ պաշտպանությունը կարող է իրականացվել նաև oտարերկրյա պետության տարածքում:

 

Հոդված 75. Պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը

 

1. Պաշտպանվող անձի կյանքին կամ առողջությանն uպառնացող վտանգի մաuին վկայող փաuտերի առկայության դեպքում, երբ դրանք բավարար չեն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, վարույթն իրականացնող մարմինը նրան պաշտոնապեu նախազգուշացնում է պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու անթույլատրելիության, ինչպես նաև այդ պահանջը խախտելու համար օրենքով նախատեսված հնարավոր պատաuխանատվության մաuին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է նախազգուշացման մասին պաշտոնական ծանուցում հանձնելով:

 

Հոդված 76. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը

 

1. Պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալների գաղտնիացումն իրականացվում է`

1) վարույթի նյութերում և այլ փաuտաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպեu նաև վարութային գործողությունների կամ դատական նիuտերի արձանագրություններում անձի վերաբերյալ տեղեկությունների uահմանափակումով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վարույթի նյութերում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելով և բնակության վայրի տվյալները չնշելով.

2) պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վրա ժամանակավոր արգելք դնելով:

2. Տեղեկությունները uահմանափակելու մաuին վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են վարույթի մյուu նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ:

3. Հիմնական վարույթի նյութերից առանձնացված որոշումը և դրան առնչվող նյութերը մատչելի են միայն վարույթն իրականացնող մարմնի և հսկող դատախազի համար։

 

Հոդված 77. Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը

 

1. Վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավաuու մարմինների հետ`

1) հսկողություն է սահմանում պաշտպանվող անձի, նրա բնակարանի կամ գույքի նկատմամբ.

2) ապահովում է պաշտպանվող անձի տեղաշարժման անվտանգությունը, այդ թվում` ապացուցողական կամ վարութային այլ գործողություններին կամ դատական նիստին մասնակցելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ներկայանալիս.

3) պաշտպանվող անձի բնակարանը uարքավորում է հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով.

4) փոխում է պաշտպանվող անձի կողմից օգտագործվող հեռախոuահամարները կամ նրան պատկանող տրանuպորտային միջոցի պետական համարանիշները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցը կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ և uույն oրենuգրքով uահմանված կարգով իրավասու է վերահսկելու պաշտպանվող անձի նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը:

 

Հոդված 78. Պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը

 

1. Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար oրենuդրությամբ uահմանված կարգով նրան տրամադրվում են անհատական պաշտպանության համապատասխան միջոցներ:

 

Հոդված 79. Պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը

 

1. Պաշտպանվող անձն իր գրավոր համաձայնությամբ ժամանակավոր կամ մշտապեu կարող է փոխադրվել բնակության այլ վայր:

2. Բնակության այլ վայր փոխադրելն իրականացվում է միայն այն դեպքում, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

 

Հոդված 80. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը

 

1. Պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ կարող են փոխարինվել նրա ինքնությունը հաuտատող փաuտաթղթերը, ինչպեu նաև կարող է փոխվել նրա արտաքինը:

2. Փաuտաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում` պլաuտիկ վիրահատությունն իրականացվում են միայն այն դեպքում, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

 

Հոդված 81. Պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը

 

1. Եթե պաշտպանվող անձին սպառնացող վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի աշխատանքի, ծառայության կամ ուuման վայրը, ապա վարույթն իրականացնող մարմինն այդ անձի խնդրանքով կամ համաձայնությամբ նրան oգնում է փոխադրվել նոր աշխատանքի, ծառայության կամ ուuման վայր:

2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպեu աշխատանքային uտաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձին ուuման այլ վայր փոխադրելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուuման վայրում առկա պայմանները:

 

Հոդված 82. Դատական նիստերի դահլիճից հեռացումը կամ դռնփակ դատական նիստի անցկացումը

 

1. Պաշտպանվող անձի անվտանգության ապահովման նպատակով դատական նիuտը նախագահողն իրավաuու է՝

1) առանձին անձանց հեռացնելու դատական նիuտի դահլիճից.

2) անցկացնելու դռնփակ դատական նիստ:

 

Հոդված 83. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով

 

1. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մաuին տեղեկություններ հրապարակելու, կարող է կատարվել կեղծանվան oգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):

2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիuի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են oգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող uարք և oրենքին չհակաuող պաշտպանության այլ միջոցներ:

3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց վարույթի մյուu մաuնակիցների ակներև տեuանելիության, կարող է կատարվել տեuաձայնային և տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) oգնությամբ` վարույթի մաuնակիցների մաuնակցությամբ։

 

Հոդված 84. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Պաշտպանվող անձն իրավունք ունի`

1) հարուցելու միջնորդություն հատուկ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մաuին.

2) իմանալու իր նկատմամբ իրականացվող հատուկ պաշտպանության միջոցի, դրա տեuակի, իրականացման ժամկետի և դադարեցման մաuին.

3) բողոքարկելու վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտերը.

4) հրաժարվելու հատուկ պաշտպանության միջոցներից:

2. Պաշտպանվող անձը պարտավոր է`

1) կատարել վարույթն իրականացնող մարմնի և այլ իրավասու մարմնի պահանջները.

2) վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն uպառնացող վտանգի կամ ոչ իրավաչափ գործողության յուրաքանչյուր դեպքի, իր անձնական կյանքում ու գործունեության մեջ տեղի ունեցած և իր պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մաuին.

3) ձեռնպահ մնալ հատուկ պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը խոչընդոտող որևէ գործողություն կատարելուց.

4) պահպանել վարույթն իրականացնող մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից ժամանակավոր oգտագործման համար իրեն հանձնված գույքը և փաuտաթղթերը:

3. Վարույթն իրականացնող մարմինը հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մաuին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ինչպեu նաև աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման գործում:

 

Հոդված 85. Հատուկ պաշտպանության միջոցի դադարեցման հիմքերը և կարգը

 

1. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը դադարեցվում է, եթե պաշտպանվող անձը`

1) այլևu հատուկ պաշտպանության տվյալ միջոցի կարիքը չունի` հատուկ պաշտպանության մեկ այլ միջոց կիրառելու հետևանքով.

2) այլևu հատուկ պաշտպանության կարիք չունի` իր կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին uպառնացող իրական վտանգի վերացման պատճառով.

3) մահացել է:

2. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձն այդ մասին ներկայացրել է գրավոր դիմում:

3. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը դադարեցվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որը եռoրյա ժամկետում ուղարկվում է պաշտպանվող անձին:

 

ԲԱԺԻՆ 3

 

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

 

Հոդված 86. Ապացույցի տեսակները

 

1. Քրեական վարույթում ապացույց են`

1) ձերբակալվածի ցուցմունքը.

2) մեղադրյալի ցուցմունքը.

3) տուժողի ցուցմունքը.

4) վկայի ցուցմունքը.

5) փորձագետի եզրակացությունը.

6) փորձագետի կարծիքը.

7) փորձագետի ցուցմունքը.

8) իրեղեն ապացույցները.

9) ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները.

10) արտավարութային փաստաթղթերը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով կազմված փաստաթղթերը և որևէ կրիչի վրա ամրագրված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն:

 

Հոդված 87. Ձերբակալվածի ցուցմունքը

 

1. Ձերբակալվածի ցուցմունքը՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ընթացքում սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական գործողության ժամանակ մեղադրյալի կարգավիճակ չունեցող ձերբակալվածի գրավոր կամ բանավոր ձևով հաղորդած տվյալներն են:

 

Հոդված 88. Մեղադրյալի ցուցմունքը

 

1. Մեղադրյալի ցուցմունքը մինչդատական կամ դատական վարույթում սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական գործողության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:

 

Հոդված 89. Տուժողի ցուցմունքը

 

1. Տուժողի ցուցմունքը մինչդատական կամ դատական վարույթում սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական գործողության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:

 

Հոդված 90. Վկայի ցուցմունքը

 

1. Վկայի ցուցմունքը մինչդատական կամ դատական վարույթում սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական գործողության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:

 

Հոդված 91. Փորձագետի եզրակացությունը

 

1. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ, վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելով:

 

Հոդված 92. Փորձագետի կարծիքը

 

1. Փորձագետի կարծիքը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ վարույթի մասնավոր մասնակցի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ առանց վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելու:

 

Հոդված 93. Փորձագետի ցուցմունքը

 

1. Փորձագետի ցուցմունքը մինչդատական կամ դատական վարույթում հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:

2. Փորձագետի ցուցմունքը կարող է վերաբերել`

1) իր եզրակացությունը կամ իր կարծիքը ներկայացնելուց հետո դրա ճշգրտմանը կամ պարզաբանմանը.

2) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս նրա ընկալած փաստերին:

 

Հոդված 94. Իրեղեն ապացույցները

 

1. Իրեղեն ապացույց է ճանաչվում ցանկացած առարկա, որը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու միջոց լինել, այդ թվում`

1) ենթադրյալ հանցագործության գործիքները կամ այն առարկաները, որոնք իրենց վրա ենթադրյալ հանցագործության հետքեր են պահպանել.

2) այն առարկաները, որոնք ենթադրյալ հանցավոր ներգործության օբյեկտ են եղել.

3) ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված դրամը, այլ արժեքները և առարկաները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, համապատասխան որոշմամբ ճանաչվում են իրեղեն ապացույց և կցվում վարույթի նյութերին:

 

Հոդված 95. Ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները

 

1. Ապացուցողական գործողությունների արձանագրություններն են սույն օրենսգրքով նախատեսված և գրավոր կազմված փաստաթղթերը, որոնք արտացոլում են ապացուցողական գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կամ սույն օրենսգրքով սահմանված` պատշաճ այլ անձի կողմից անմիջականորեն ընկալված` վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները:

2. Վարութային այլ գործողությունների արձանագրություններն են սույն օրենսգրքով նախատեսված և գրավոր կազմված փաստաթղթերը, որոնք արտացոլում են վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված` վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ բանավոր հաղորդում ընդունելու, մեղայականով ներկայանալու, ձերբակալելու արձանագրությունները:

 

Հոդված 96. Արտավարութային փաստաթղթերը

 

1. Արտավարութային փաստաթուղթ է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերի մասին տվյալներ պարունակող թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որը ձևավորվել է տվյալ քրեական վարույթի շրջանակներից դուրս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, ինչպես նաև համապատասխան որոշմամբ ճանաչվում են արտավարութային փաստաթուղթ և կցվում վարույթի նյութերին:

3. Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով:

4. Քրեական վարույթի շրջանակներից դուրս, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կատարված ստուգման կամ վերստուգման արդյունքները կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ առանց դրանց վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումն օբյեկտիվորեն անհնար է։

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը պարունակում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, ապա այն ճանաչվում է իրեղեն ապացույց:

 

Հոդված 97. Ապացույցների թույլատրելիությունը և դրանց օգտագործման սահմանափակումները

 

1. Վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, ներառյալ վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած ապացույցները համարվում են թույլատրելի, քանի դեռ պատշաճ իրավական ընթացակարգով հակառակը չի հաստատվել:

2. Օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:

3. Օրենքի էական խախտմամբ ստացված են համարվում այն տվյալները, որոնք ձեռք են բերվել`

1) տվյալ քրեական վարույթն իրականացնելու, համապատասխան ապացուցողական կամ վարութային այլ գործողություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից.

2) բացարկման ենթակա անձի էական մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ ողջամտորեն պետք է իմանար վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.

3) սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտմամբ, եթե հնարավոր չէ դրա հետևանքը վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ.

4) քննչական գործողության կատարման ընթացքում մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձից, որի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում` առանց այդ մասին նրան պատշաճ ծանուցելու.

5) անհայտ աղբյուրից.

6) արդի գիտությանը հակասող մեթոդների կիրառմամբ:

4. Ապացույցներ ձեռք բերելիս էական են նաև այն խախտումները, որոնք դրսևորվել են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ կամ քրեական վարույթի սկզբունքների խախտմամբ:

5. Օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տվյալները չեն կարող որպես ապացույց օգտագործվել, եթե՝

1) առկա է դրանք փոխարինած լինելու կամ դրանց հատկանիշները փոփոխած լինելու ողջամիտ կասկած.

2) դրանք ստացվել են այն անձից, որը հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով ունակ չէ ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքները:

6. Պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից:

7. Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կատարված գաղտնի քննչական գործողության արդյունքով ձեռք բերված տեղեկություններն ապացուցման գործընթացում չեն կարող օգտագործվել:

8. Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները չեն կարող ապացուցողական գործողության կատարման հիմք լինել:

9. Այն տվյալները, որոնք ստացվել են վարույթի հանրային մասնակցի թույլ տված` օրենքի պահանջների խախտմամբ, կարող են մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջնորդությամբ օգտագործվել որպես ապացույց, եթե այդ խախտմամբ չեն ոտնահարվել այլ անձի իրավաչափ շահերը: Այդպիսի ապացույցը կարող է օգտագործվել միայն ի շահ տվյալ մեղադրյալի:

10. Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Այդ արտավարութային փաստաթղթերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ դրանք ստացվել են քրեական վարույթ նախաձեռնելուց առավելագույնը չորս ամիս առաջ` ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար, կամ ութ ամիս առաջ` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 418-421-րդ հոդվածներով, 423-425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքներով արտավարութային փաստաթղթերի օգտագործման ժամկետային սահմանափակում չի կիրառվում:

11. Ապացույցների անթույլատրելիությունը, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում օրենքի խախտմամբ ձեռք բերված տվյալների օգտագործման հնարավորությունը որոշմամբ հաստատում է վարույթն իրականացնող մարմինը՝ վարույթի շահագրգիռ մասնակցի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ:

12. Անթույլատրելի ճանաչված ապացույցները պահվում են վարույթի նյութերում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

Հոդված 98.  Իրեղեն ապացույցների պահպանումը

 

1. Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:

2. Շուտ փչացող ապրանքներ կամ արտադրանք հանդիսացող իրեղեն ապացույցները, որոնք դժվար է պահել, կամ որոնց պահելու ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, որոշմամբ վերադարձվում են օրինական տիրապետողին: Օրինական տիրապետողին վերադարձնելու անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հանձնվում են իրացման: Իրացման արդյունքով ստացված միջոցները փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին` այդ մասին պատշաճ ծանուցելով օրինական տիրապետողին: Նշված միջոցների տնօրինման հարցը լուծվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրեղեն ապացույցները փչացել կամ դարձել են ոչ պիտանի (կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը), ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ դրանք ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:

4. Եթե իրեղեն ապացույցը երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար, ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն հանձնվում է տեխնոլոգիական վերամշակման, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Իրեղեն ապացույցի տեխնոլոգիական վերամշակման կամ ոչնչացման մասին կազմվում է արձանագրություն:

5. Եթե իրեղեն ապացույցը մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա այդ ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ`

1) վերադարձվում է օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.

2) լուսանկարվում կամ տեսագրվում է, հնարավորության դեպքում նաև կնքվում է և պահվում որոշմամբ սահմանված վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ վարույթի նյութերին կցվում է այդ իրեղեն ապացույցի գտնվելու վայրի մասին փաստաթուղթ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրացման, որից ստացած միջոցները փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:

6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝

1) վերադարձվում են օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.

2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն.

3) պահվում են վարույթի նյութերի հետ, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն ունեն:

7. Գրավի առարկա իրեղեն ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերադարձվում է դրա օրինական տիրապետողին անհրաժեշտ ապացուցողական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը:

8. Սույն հոդվածով սահմանված` իրեղեն ապացույցը վարույթի նյութերի հետ պահպանելու անհնարինության դեպքերում վարույթի նյութերին հնարավորության դեպքում կցվում է տվյալ իրեղեն ապացույցի նմուշը:

9. Եթե վարույթի նյութերին կցված իրեղեն ապացույցի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, ապա տվյալ առարկան պահվում է վարույթի նյութերի հետ մինչև տվյալ քաղաքացիական գործով վարույթի ավարտը:

 

Հոդված 99.   Փաստաթղթերի պահպանումը

 

1. Փաստաթուղթը պահվում է վարույթի նյութերի հետ՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում:

2. Եթե վարույթի նյութերին կցված փաստաթուղթն օրինական տիրապետողին անհրաժեշտ է ընթացիկ հաշվառման, հաշվետվության կամ այլ իրավաչափ նպատակի համար, ապա վարույթն իրականացնող մարմինը համապատասխան խնդրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում նրան ժամանակավորապես տրամադրում է այդ փաստաթուղթը կամ թույլատրում է պատճենահանել այն:

3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վարույթի նյութերում առկա փաստաթղթերի բնօրինակները շահագրգիռ անձանց խնդրանքով հանձնվում են նրանց, իսկ վարույթի նյութերում պահվում են դրանց պատճենները:

 

Հոդված 100. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինումը

 

1. Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցները տնօրինվում են հետևյալ կանոններով․

1) մեղադրյալին պատկանող՝ դիտավորությամբ կատարված հանցանքի գործիքները բռնագրավվում են կամ հանձնվում իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են, իսկ անզգուշությամբ կատարված հանցանքի գործիքները վերադարձվում են սեփականատիրոջը.

2) շրջանառությունից հանված առարկաները հանձնվում են իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են.

3) արժեք չունեցող առարկաները ոչնչացվում են, իսկ շահագրգիռ անձի միջնորդության դեպքում հանձնվում են նրան.

4) հանցագործությամբ անմիջականորեն ստացված դրամը, արժեք ունեցող այլ գույքը վերադարձվում են բարեխիղճ սեփականատիրոջը, իսկ եթե դրանք բարեխիղճ սեփականատեր չունեն, կամ դրանց սեփականատերն անհայտ է, ապա դրանք ուղղվում են հանցագործության հետևանքով պատճառված վնասի կամ վարութային ծախսերի հատուցմանը, իսկ եթե դրա անհրաժեշտությունը բացակայում է, ապա դրանք բռնագրավվում են.

5) մյուս առարկաները հանձնվում են սեփականատիրոջը, իսկ եթե սեփականատերը հայտնի չէ, ապա հանձնվում են իրավասու հաստատություն:

2. Առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կյանքի դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ վարույթներով իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 101.  

Ապացուցումը

 

1. Ապացուցումը սույն օրենսգրքով նախատեսված` ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:

 

Հոդված 102. Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները

 

1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝

1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ.

5) քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.

6) մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները.

7) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը.

8) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից.

9) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները.

10) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները:

2. Սույն օրենսգրքով նախատեսված վարույթի առանձին տեսակների համար կարող է սահմանվել ապացուցման ենթակա հանգամանքների այլ շրջանակ:

 

Հոդված 103. Ապացույցներ հավաքելը

 

1. Ապացույցները հավաքվում են քրեական վարույթի ընթացքում՝ սույն օրենսգրքով նախատեսված ապացուցողական գործողությունների կատարման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով` օտարերկրյա իրավասու մարմինների կողմից համապատասխան գործողությունների կատարման միջոցով:

 

Հոդված 104. Ապացույցների ստուգումը

 

1. Քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ենթակա են պատշաճ ստուգման՝ ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով:

 

Հոդված 105. Ապացույցների գնահատումը

 

1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից:

2. Քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ:

3. Ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև քննիչը և դատախազը չպետք է կանխակալ վերաբերմունք դրսևորեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան, քանի դեռ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրանք չեն գնահատվել:

 

Հոդված 106. Փաստերի իրավական կանխավարկածը

 

1. Եթե քրեական վարույթի ընթացքում հակառակը չի ապացուցվում, ապա ապացուցված են համարվում՝

1) հանրահայտ փաստը.

2) արդի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների համընդհանուր ճանաչում ստացած մեթոդիկաների ճշմարտացիությունը.

3) փաստը, որը անձին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ իրավական ակտով կամ պայմանագրով սահմանված իր մասնագիտական կամ պաշտոնեական պարտականությունների կապակցությամբ.

4) փաստը, որը մեղադրյալին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ՝ որպես նրա բացառիկ իրազեկության հանգամանք:

2. Եթե վարույթի մասնակիցը վիճարկում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստերի հավաստիությունը, ապա կրում է հակառակն ապացուցելու պարտականությունը:

 

Հոդված 107. Որոշակի ապացույցներով հաստատվող հանգամանքները

 

1. Ստորև նշված հանգամանքները քրեական վարույթում կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով՝

1) մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի բնույթը կամ ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ.

2) հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով դեպքի պահին իր գործողությունների (անգործության) բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու` անձի ունակ չլինելը՝ դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ.

3) վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու կամ վերարտադրելու` վկայի կամ տուժողի ունակ չլինելը՝ դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ.

4) վարույթի համար նշանակություն ունենալու դեպքում՝ տուժողի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը՝ տարիքը հաստատող փաստաթղթով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատաբժշկական և դատահոգեբանական փորձագետների եզրակացությամբ.

5) մեղադրյալի նախկին դատվածությունը և նրա նկատմամբ որոշակի պատիժ նշանակած լինելը՝ համապատասխան դատավճռի պատճենով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավասու պետական մարմնի տեղեկանքով:

 

ԲԱԺԻՆ 4

 

ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

 

Հոդված 108. Ձերբակալման տեսակները և ժամկետի հաշվարկը

 

1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝

1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.

2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.

3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:

2. Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(108-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 109. Ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում

 

1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝

1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը կազմում է անձի ձերբակալման արձանագրություն:

3. Արձանագրության մեջ նշվում են`

1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն.

2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը.

3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը.

4) անձին ազատությունից փաստացի զրկելու պահին կամ իրավասու մարմին բերելուց հետո կատարված անձնական խուզարկությամբ անձից վերցված առարկաների կամ փաստաթղթերի անվանումը և նկարագրությունը` առկայության դեպքում.

5) ձերբակալվածի մարմնի կամ հագուստի վրա տեսանելի վնասվածքները` առկայության դեպքում, ինչպես նաև առերևույթ նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը.

6) ձերբակալվածի հայտարարությունները.

7) ձերբակալվածին իրավասու մարմին բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

4. Արձանագրությունն ստորագրում են ձերբակալում իրականացրած անձը և ձերբակալվածը: Ձերբակալվածի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ ամրագրվում են ինչպես այդ փաստը, այնպես էլ հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է ձերբակալվածին:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների և պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը:

6. Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալման որոշում կայացրած իրավասու անձը պարտավոր է ձեռնարկել ձերբակալվածի խնամքի տակ գտնվող անչափահաս կամ անաշխատունակ անձանց խնամքի կամ գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ:

8. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի: Սակայն ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի, և նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում:

9. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը:

10. Սույն հոդվածի իմաստով՝ ձերբակալում իրականացնող անձ է համարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը:

 

Հոդված 110. Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի իրավունքները, պարտականությունները, դրանց իրականացման պայմաններն ու երաշխիքները

 

1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ձերբակալված անձը ձերբակալման որոշումն ստանալու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա իրեն ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից ձեռք է բերում սույն օրենսգրքով մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները:

2. Մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն իրավունք ունի՝

1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.

2) պահպանելու լռություն.

3) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.

5) իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից:

4. Մինչև մեղադրյալի վերաբերելի պարտականությունները ձեռք բերելը ձերբակալված անձն ունի հետևյալ պարտականությունները․

1) ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին.

2) ենթարկվել անձնական խուզարկության.

3) ենթարկվել բժշկական զննման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`

1) ձերբակալումն իրականացնող անձը պարտավոր է ձերբակալելուց անմիջապես հետո ձերբակալվածին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև նրա իրավունքները և պարտականությունները.

2) հետաքննության մարմինը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձերբակալվածին հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ապահովել ձերբակալվածի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, ձերբակալվածի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական զննումը, չխոչընդոտել փաստաբանի հաղորդակցվելը և տեսակցելը ձերբակալվածի հետ:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումը վարույթն իրականացնող մարմնի վերադասի համաձայնությամբ կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ գրավոր հայտնվում է ձերբակալվածին, ինչպես նաև կազմվում է առանձին որոշում` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները:

 

Հոդված 111. Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար

 

1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառները, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

3․ Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը:

 

Հոդված 112. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

 

1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, ապա քննիչն իրավասու է որոշում կայացնելու նրան ձերբակալելու մասին` միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառները, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

4․ Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

 5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը:

 

Հոդված 113. Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները

 

1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը:

2. Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկություն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել ձերբակալվածին, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական:

3. Սույն հոդվածում նշված անձինք համապատասխան երաշխիքներից օգտվում են նաև նրանց ազատությունից փաստացի զրկելու այլ դեպքերում:

 

Հոդված 114. Ձերբակալվածին ազատելը

 

1. Իրավասու անձը ձերբակալվածին ազատ է արձակում, եթե՝

1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը.

2) վերացել է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը.

3) անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ.

4) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

2. Ձերբակալվածին ազատ արձակելու մասին քննիչի կամ դատախազի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է ազատված անձին: Որոշման մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

3. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մեղադրյալն անհապաղ ազատ է արձակվում դատարանի կարգադրությամբ: Դատարանի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է մեղադրյալին, որում նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, եթե քննիչի կամ դատախազի որոշմամբ անձն ազատ չի արձակվել, ձերբակալվածին ազատ է արձակում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Այդ դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը անձին հանձնում է ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանք, որի մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն): Տեղեկանքի պատճենն ուղարկվում է քննիչին և հսկող դատախազին:

5. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալված անձն ազատ արձակվելուց հետո չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածով:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 115. Խափանման միջոցների տեսակները

 

1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։

2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`

1) տնային կալանքը.

2) վարչական հսկողությունը.

3) գրավը.

4) պաշտոնավարման կասեցումը.

5) բացակայելու արգելքը.

6) երաշխավորությունը.

7) դաստիարակչական հսկողությունը.

8) զինվորական հսկողությունը:

 

Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը

 

1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:

2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:

4. Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման պատճենը մեղադրյալին հնարավորության դեպքում հանձնվում է անհապաղ:

 

Հոդված 117. Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը

 

1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին:

2. Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ:

3. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար:

4. Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին, իսկ դրա պատճենը` այն անձին, որի նկատմամբ կիրառվում է խափանման միջոցը: Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին քննիչի որոշման պատճենը հանձնվում է նաև հսկող դատախազին:

5. Եթե խափանման միջոցի կիրառման վերաբերյալ բողոքի քննարկման արդյունքով կիրառված խափանման միջոցը վերացվել է, ապա այդ կամ այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կարող է կիրառվել նույն վարույթով միայն նոր հանգամանքի առկայության դեպքում:

 

Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները

 

1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:

2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

3. Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:

4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։

5. Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը:

6. Կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:

 

Հոդված 119. Կալանքի ժամկետը

 

1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:

2. Մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով` պահպանելով սույն հոդվածով սահմանված մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները:

3. Մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն է`

1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

4) տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով:

5. Կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը:

6. Կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է նաև այն ժամանակը, երբ մեղադրյալը դատարանի որոշմամբ գտնվել է բժշկական հաստատությունում` փորձաքննություն կատարելու համար, կամ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողությունը:

7. Կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում անձը արգելանքի տակ է գտնվել այլ պետության տարածքում` պայմանավորված վարույթի փոխանցմամբ կամ անձի հանձնմամբ:

 

Հոդված 120. Կալանքից ազատելը

 

1. Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝

1) վերացել է անձին կալանքի տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը.

2) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.

3) մեղադրյալի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ.

4) դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.

5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը.

6) լրացել է անձին կալանքի տակ պահելու՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.

7) սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել կամ վերացվել է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին դատարանը կալանքից ազատում է անմիջապես դատական նիստի դահլիճում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքից:

 

Հոդված 121. Կալանքից ազատված անձին կրկին կալանավորելը

 

1. Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:

2. Եթե կալանքից ազատված անձը նորից է կալանավորվում, ապա նրան կալանքի տակ պահելու առավելագույն թույլատրելի ժամկետը որոշելիս հաշվարկվում է մինչև կալանքից ազատվելը կալանքի տակ նրա եղած ժամանակը:

 

Հոդված 122. Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները

 

1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը:

2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:

3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`

1) քննիչը` մինչև մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատախազին հանձնելը.

2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչից ստանալու պահից մինչև դրանք դատարան հանձնելը.

3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս:

4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները քննիչը կարող է կիրառել բացառապես հսկող դատախազի համաձայնությամբ:

5. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքների վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայության դեպքում:

 

Հոդված 123. Տնային կալանքը

 

1. Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց.

2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

3. Տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը: Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։ Այդ մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

5. Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

6. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

 

Հոդված 124. Վարչական հսկողությունը

 

1. Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանը.

2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր.

3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ.

4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արգելքները սահմանելիս հաշվի են առնվում մեղադրյալի առողջական վիճակը, ինչպես նաև աշխատանքի և ուսման պայմանները:

4. Մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու մասին որոշման պատճենը կատարման նպատակով ուղարկվում է դատարանի կողմից սահմանված իրավասու մարմնին:

5. Իրավասու մարմինն անհապաղ գրանցում է մեղադրյալին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին:

6. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

7. Վարչական հսկողության կիրառման կարգի և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

 

Հոդված 125. Գրավը

 

1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը Հայաստանի Հանրապետության դրամի, շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:

2. Գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը և մեղադրյալի գույքային դրությունը: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

3. Գրավը կարող է մուծել մեղադրյալը կամ ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Եթե գրավը մուծում է այլ անձ, ապա նրան բացատրվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչպես նաև մեղադրյալի կողմից անօրինական վարքագիծ դրսևորվելու դեպքում՝ վրա հասնող հնարավոր հետևանքները:

4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար։

5. Եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում և դրա պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է մեղադրյալին և գրավը մուծած անձին` նրանց պարզաբանելով այդ որոշման բողոքարկման` սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված կարգը: Եթե որպես գրավ ընդունվել է անշարժ կամ շարժական գույք, ապա խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այդ գույքի վաճառքից մնացած գումարի այն մասը, որը գերազանցում է գրավի չափը, ենթակա է վերադարձման:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատական վարույթում գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կայացնում է դատարանը։ Այդ որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով։

7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված խախտումները, կամ գրավը որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունվում է համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

(125-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

Հոդված 126. Պաշտոնավարման կասեցումը

 

1. Պաշտոնավարման կասեցումը հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով աշխատող մեղադրյալի լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատումն է։

2. Մեղադրյալի պաշտոնավարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի քրեական վարույթին կամ կկատարի հանցանք:

3. Մեղադրյալի պաշտոնավարումը կասեցվում է համապատասխան որոշումը կայացնելու պահից։ Պաշտոնավարման կասեցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է մեղադրյալի աշխատավայրի վարչակազմ, իսկ դրա պատճենը հանձնվում է մեղադրյալին։

 

Հոդված 127. Բացակայելու արգելքը

 

1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ, ապա իրավասու մարմինը կարող է որոշում կայացնել նրա` Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին:

2. Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:

 

 Հոդված 128. Երաշխավորությունը

 

1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականությունները կատարելը երաշխավորելու նպատակով վստահություն վայելող առնվազն երկու անձինք իրենց հեղինակությամբ ստանձնում են գրավոր պարտավորություն:

2. Երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձն այդ խնդրանքով գրավոր դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը դիմողին ծանոթացնում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությանը, նրան բացատրում երաշխավորի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև նախազգուշացնում երաշխավորի կողմից իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողին հնարավորություն է տրվում հաստատելու իր խնդրանքը կամ հրաժարվելու դրանից: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և երաշխավորը:

3. Երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում իրավասու մարմնի որոշման մեջ նշվում են նաև երաշխավորի անունը, ազգանունը և վերաբերելի այլ անձնական տվյալներ: Որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորին:

 

 Հոդված 129. Դաստիարակչական հսկողությունը

 

1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով անչափահաս մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել անչափահաս մեղադրյալի ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին կամ փակ մանկական հիմնարկի վարչակազմին, որտեղ նա գտնվում է:

2. Ծնողը, որդեգրողը, հոգաբարձուն իրավունք ունեն հրաժարվելու անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական հսկողություն իրականացնելուց:

3. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց դաստիարակչական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և դաստիարակչական հսկողությունն ստանձնած անձը:

 

 Հոդված 130. Զինվորական հսկողությունը

 

1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով զինվորական ծառայություն անցնող մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել զորամասի կամ զորամիավորման հրամանատարին:

2. Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց զինվորական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է համապատասխան որոշմանը և հանձնում դրա պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և հրամանատարության ներկայացուցիչը:

3. Մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՈՒՄԸ

 

 Հոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը

 

1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:

2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում․

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.

2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.

4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք:

 

 Հոդված 132. Արգելադրման ենթակա գույքը

 

1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը:

2. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձանցից յուրաքանչյուրի՝ արգելադրման ենթակա գույքի բաժինը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում ենթադրյալ հանցագործությանը մեղադրյալներից յուրաքանչյուրի դերը և մասնակցության աստիճանը:

3. Արգելադրման ենթակա չէ`

1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.

2) իրեղեն ապացույց ճանաչված գույքը:

 

 Հոդված 133. Գույքի արգելադրման կարգը

 

1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:

2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար:

3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ:

4. Քննիչը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում է գույքի արգելադրման մասին որոշումը և պահանջում հանձնել արգելադրման ենթակա գույքը:

5. Դատարանի որոշման հիման վրա գույքի արգելադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Եթե գույքի արգելադրման համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա գույքի արգելադրումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով:

7. Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից:

8. Եթե որոշման մեջ արգելադրման ենթակա գույքը որոշակիացված չէ, ապա արգելադրմանը ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի ընտրելու այն գույքը, որը բավարար է որոշման պահանջները կատարելու համար:

9. Գույքի արգելադրման փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արգելադրված, այդ թվում՝ վերցված կամ պահպանության թողնված ամբողջ գույքի անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, արժեքը, այլ անհատական հատկանիշները, ինչպես նաև արգելադրմանը ներկա անձանց հայտարարությունները:

10. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին: Իրավաբանական անձին պատկանող կամ նրա տիրապետության ներքո գտնվող գույքն արգելադրելու դեպքում արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրա ներկայացուցչին:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

 Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը

 

1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է:

2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական գույքի կառավարման լիազոր մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության դրամը մուծվում է այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է լինելու վարույթը: Վերցված մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքը արգելադրվել է կամ պահպանության են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին:

3. Արգելադրված և չվերցված մեծածավալ գույքը կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրավասու պետական մարմնին: Գույքի պահպանության համար պատասխանատու անձին բացատրվում է տվյալ գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, որի մասին նրանից վերցվում է ստորագրություն:

(134-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-294-Ն, 11.12.23 ՀՕ-401-Ն)

 

 

 Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունը

 

1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը:

2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին:

3. Գրավառուի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գրավի առարկան իրացնելու նպատակով հանվում է արգելանքից, եթե այն չի հանդիսանում՝

1) հանցագործության արդյունքում ստացված գույք.

2) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք.

3) տուժողին ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք վիճարկում են դատական կարգով:

Գրավառուի պահանջները բավարարելուց և գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է դատարանի դեպոզիտ:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

 Հոդված 136. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները

 

1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝

1) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը.

2) անվտանգության միջոցները:

 

 Հոդված 137. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը

 

1. Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչև մեկ ամիս ժամկետով կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում՝ դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննության ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար:

2. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը։

3. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու հարկադրանքի միջոցի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

 

 Հոդված 138. Անվտանգության միջոցները

 

1. Անվտանգության միջոցներն են՝

1) ընտանեկան հսկողությունը.

2) բժշկական հսկողությունը:

2. Անվտանգության միջոցը կարող է կիրառվել մեղադրյալի, ինչպես նաև այն անձի նկատմամբ, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ:

 

 Հոդված 139. Ընտանեկան հսկողությունը

 

1. Ընտանեկան հսկողությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին նրա ազգականին կամ խնամակալին հանձնելն է` նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով: Ընտանեկան հսկողությունը կիրառվում է հանրության համար վտանգ չներկայացնող անձի նկատմամբ:

2. Ընտանեկան հսկողության կիրառման մասին տեղյակ է պահվում առողջապահության ոլորտի իրավասու մարմինը:

3. Ընտանեկան հսկողության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են դաստիարակչական հսկողության` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

 

 Հոդված 140. Բժշկական հսկողությունը

 

1. Բժշկական հսկողությունը հանրության համար վտանգ ներկայացնող անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելն է հիվանդանոցային հսկողություն կամ բուժում ապահովելու նպատակով:

2. Բժշկական հսկողությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է անվտանգության այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից բժշկական հսկողության կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը։

3. Բժշկական հսկողության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

 

 Հոդված 141. Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները

 

1. Վարույթի մասնակցի կամ այլ անձի կողմից իր իրավունքները չարաշահելու կամ իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա:

2. Դատավարական սանկցիաներն են՝

1) նկատողությունը.

2) իրավունքի իրականացման սահմանափակումը.

3) դատական նիստի դահլիճից հեռացնելը.

4) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը.

5) դատական տուգանքը.

6) վարույթից հեռացնելը:

3. Իրավունքները չարաշահելու դեպքում կարող է կիրառվել միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիան:

4. Դատավարական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի ապահովել վարույթի բնականոն ընթացքը: Անձի նկատմամբ կիրառված սանկցիան պետք է համաչափ լինի նրա վարքագծի բնույթին և հետևանքներին:

5. Դատավարական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:

 

 Հոդված 142. Նկատողությունը

 

1. Նկատողությունը որոշակի վարութային գործողության կատարման ժամանակ կամ դատական նիստի ընթացքում վարույթի մասնակցին կամ այլ անձին ուղղված՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու կամ իրավասու անձի կարգադրություններին ենթարկվելու հրահանգ է:

2. Մինչդատական վարույթում նկատողությունը տրվում է գրավոր, իսկ դատական վարույթում բանավոր՝ այն մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ:

3. Նկատողության պահանջները չկատարելը կարող է առաջ բերել սույն օրենսգրքով նախատեսված այլ սանկցիայի կիրառում: Այդ հնարավորության, ինչպես նաև ավելի խիստ սանկցիայի կիրառման հետևանքների մասին վարույթն իրականացնող մարմինը նկատողության յուրաքանչյուր դեպքում պատշաճ ձևով հայտնում է համապատասխան անձին:

 

 Հոդված 143. Իրավունքի իրականացման սահմանափակումը

 

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` որոշակի իրավունքների սույն օրենսգրքով սահմանված պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը.

4) վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը.

5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը.

6) պաշտպանից հրաժարվելը,

7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:

3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև վարութային գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ վարութային գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

 

 Հոդված 144. Դատական նիստի դահլիճից հեռացնելը

 

1. Դատական նիստի ընթացքում կիրառված նկատողության պահանջները չկատարելու դեպքում դատարանը կարող է դատական վարույթի մասնակցին (բացառությամբ դատախազի, որպես պաշտպան կամ լիազոր ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի) կամ դատական նիստին ներկա այլ անձին հեռացնել դատական նիստի դահլիճից մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը:

2. Անձին դատական նիստի դահլիճից հեռացնելու կարգադրությունը մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ:

3. Եթե դատական նիստի դահլիճից հեռացված վարույթի մասնակցի բացակայությամբ դատական նիստը շարունակելն անհնար է, ապա դատարանը հետաձգում է դատալսումները:

4. Մեղադրյալին դատական նիստի դահլիճից առաջին և երկրորդ անգամ հեռացնելու դեպքում դատալսումները հետաձգվում են: Մեղադրյալին դատական նիստի դահլիճից հեռացնելու` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետագա առկայության դեպքում դատարանը մեղադրյալին հեռացնում է դատական նիստի դահլիճից` շարունակելով տվյալ դատական նիստը:

5. Դատական նիստի դահլիճից հեռացված մեղադրյալին դատարանը հնարավորություն է ընձեռում հանդես գալու եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ, իսկ անազատության մեջ պահվող մեղադրյալին՝ նաև մասնակցելու վերդիկտ կամ դատավճիռ հրապարակելու նիստին: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետագա առկայության դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալին դարձյալ հեռացնելու դատական նիստի դահլիճից` շարունակելով տվյալ դատական նիստը:

6. Դատական նիստի դահլիճից հեռացնելու կարգադրությունն անհապաղ և կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է հարկադրաբար՝ դատական կարգադրիչների միջոցով:

 

 Հոդված 145. Վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը

 

1. Վարույթի մասնավոր մասնակցի (բացառությամբ փաստաբանի), ինչպես նաև վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը դրանց կատարումն ապահովելու նպատակով իրավասու է որոշում կայացնելու անձին հարկադրաբար ներկայացնելու մասին:

2. Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, հարկադրաբար ներկայացնելու ենթակա անձի տվյալները, իրավասու մարմինը, որին հանձնարարվում է հարկադրաբար ներկայացնելը, դրա հիմքը և պատճառները:

3. Անձին հարկադրաբար ներկայացնելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնվում հարկադրաբար ներկայացնելու մասին որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո անձը ներկայացվում է վարույթն իրականացնող մարմին: Հարկադրաբար ներկայացնելու փաստը վարույթն իրականացնող մարմնի կողմից ամրագրվում է համապատասխան արձանագրությամբ, որի պատճենը, իսկ դատարանի դեպքում՝ քաղվածքը հանձնվում է անձին: Արձանագրության մեջ նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, նրա հայտարարությունները, նրան հարկադրաբար ներկայացրած իրավասու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմին անձին բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն: Արձանագրությունը կամ քաղվածքը ստորագրվում է հարկադրաբար ներկայացված անձի, նրան ներկայացրած իրավասու անձի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից:

4. Անձին անազատության մեջ պահելը չի կարող տևել ավելի, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման նպատակով նա հարկադրաբար ներկայացվել է, սակայն բոլոր դեպքերում ոչ ավելի, քան 12 ժամը: Անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու կամ սույն մասով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու դեպքում անձն անհապաղ ազատ է արձակվում: Այդ փաստը և անձին ազատ արձակելու հիմքը, տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն նշվում են համապատասխան արձանագրության մեջ, որի պատճենը կամ քաղվածքը հանձնվում է անձին:

 

 Հոդված 146. Դատական տուգանքը

 

1. Նախագահողի տված նկատողության պահանջները չկատարելու դեպքում դատարանն իրավասու է դատական վարույթի մասնակցի նկատմամբ նշանակել դատական տուգանք:

2. Դատական տուգանքի չափը չի կարող գերազանցել 100․000 Հայաստանի Հանրապետության դրամը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ, որի պատճենը նույն օրն ուղարկվում է տուգանված անձին:

3. Դատական տուգանք նշանակելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով:

4. Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Նշանակված դատական տուգանքը վճարվում է պետական բյուջե:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

 Հոդված 147. Վարույթից հեռացնելը

 

1. Վարույթին մասնակցող փաստաբանը կամ լիազոր ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև հանրային մեղադրողը վարույթն իրականացնող մարմնի հիմնավոր որոշմամբ կարող է հեռացվել վարույթից, եթե`

1) երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայացել դատական նիստին կամ իր համար պարտադիր վարութային գործողության կատարմանը կամ

2) սույն գլխով սահմանված կարգով երեք անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է չարամտորեն չկատարել իր պարտականությունները:

2. Մինչդատական վարույթում փաստաբանին, լիազոր ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչին վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը ենթակա է հաստատման հսկող դատախազի կողմից:

3. Վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում, իսկ նրա կողմից բողոքը չբավարարվելու դեպքում` դատարան: Վարույթից հեռացնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով:

 

ԲԱԺԻՆ 5

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

 Հոդված 148. Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը

 

1. Յուրաքանչյուր ոք, վարույթին ներգրավվելով, իրավունք ունի տեղեկանալու իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողության նշանակության մասին:

2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել դրանց իրականացման պատշաճ և իրական հնարավորությունը:

3. Վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են մինչև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողությունն uկuելը և իր կողմից որևէ դիրքորոշում արտահայտելը:

4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթի մաuնակցին հայտնել անհրաժեշտ տվյալներ այն անձանց մաuին, որոնց կարող է բացարկ հայտնվել:

5. Քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին և վարույթին օժանդակող անձանց պարտավոր է հայտնել տվյալ վարույթով հսկող դատախազի և քննչական մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և աշխատանքային հասցեները:

 

 Հոդված 149. Ծանուցման եղանակները

 

1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:

2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.

3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:

3. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով:

4. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:

5. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով։

 

 Հոդված 150. Ծանուցագիրը և դրա բովանդակությունը

 

1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի վարութային գործողության կամ դատական նիստի:

2. Ծանուցագրում նշվում են՝

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները.

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը.

3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.

4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը).

5) վարույթի նախաձեռնման հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը.

6) կատարման ենթակա վարութային գործողությունը.

7) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.

8) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները:

3. Տվյալ կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:

4. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ վարութային գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ վարութային գործողությունը ենթակա չէ հետաձգման:

 

 Հոդված 151. Ծանուցագիրը հանձնելը

 

1. Ծանուցագիրը հանձնվում է վարութային գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե վարութային գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ, կամ դատալսումները չեն կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ուշ հանձնելու պատճառը:

2. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:

3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:

4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրն ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:

5. Այլ պետության տարածքում բնակվող անձին թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաև Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ միջազգային պայմանագրով սահմանված այլ կարգով:

6. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմնին:

7. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ նրա կողմից գրավոր հայտնված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:

 

 Հոդված 152. Թղթային ծանուցագիրն ընդունելու պարտականությունը

 

1. Ծանուցվողը պարտավոր է ընդունել թղթային ծանուցագիրը:

2. Եթե ծանուցվողը հրաժարվում է ընդունել թղթային ծանուցագիրը, ապա ծանուցագիրը հանձնողն այդ մասին նշում է կատարում ծանուցագրի` ստորագրության համար հատկացված մասում և ծանուցագիրը վերադարձնում է վարույթն իրականացնող մարմին:

 

 Հոդված 153. Ծանուցման պատշաճությունը

 

1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում․

6) ծանուցվողը վարութային գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը.

7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.

8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր և հստակ առաջարկված եղանակով:

2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է վարութային գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ: Վարութային գործողությունը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը։

(153-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

 Հոդված 154. Միջնորդության հարուցումը և լուծումը

 

1. Բանավոր միջնորդությունն ամրագրվում է վարութային գործողության կամ դատական նիuտի արձանագրության մեջ, իuկ գրավոր միջնորդությունը կցվում է վարույթի նյութերին:

2. Բանավոր միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի անհապաղ, իսկ գրավոր միջնորդությունը` այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:

3. Մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննության ավարտի մասին՝ վարույթի մասնավոր մասնակիցներին ծանուցելուց հետո քննիչին և հսկող դատախազին ուղղված նրանց միջնորդությունները կարող են թողնվել առանց քննության, որը ենթակա չէ բողոքարկման:

4. Միջնորդության լուծումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է հետաձգվել մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:

5. Միջնորդությունը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձը, օրենքով նախատեսված դեպքերում այն հարուցվել է ոչ ժամանակին կամ uտորագրված չէ:

6. Միջնորդության վերաբերյալ ընդունված որոշման պատճենը վարույթն իրականացնող մարմինն անմիջապեu ուղարկում է միջնորդությունը հարուցած անձին:

7. Միջնորդության մերժումը չի խոչընդոտում նույն հարցի վերաբերյալ միջնորդության հարուցումը վարույթի հետագա փուլերում կամ վարույթն իրականացնող այլ մարմնի առջև: Վարույթի նույն փուլում կամ վարույթն իրականացնող նույն մարմնի առջև կրկին հարուցված միջնորդությունը քննության է առնվում, եթե այն հիմնավորելու համար բերվում են նոր էական փաuտարկներ: Հակառակ դեպքում միջնորդությունը թողնվում է առանց քննության:

 

 Հոդված 155. Վարույթի մասնակից ճանաչելու միջնորդությունը

 

1. Վարույթի մաuնակից չհանդիuացող ցանկացած անձ uույն oրենuգրքով նախատեuված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի միջնորդելու իրեն ճանաչել տուժող կամ օրինական ներկայացուցիչ:

2. Տուժող կամ օրինական ներկայացուցիչ ճանաչելու մաuին անձի միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից այն uտանալու պահից երեք oրվա ընթացքում: Միջնորդության վերաբերյալ ընդունված որոշման մաuին անմիջապեu ծանուցվում է դիմողը` նրան ուղարկելով համապատաuխան որոշման պատճենը:

(155-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 156. Բողոքարկումը

 

1. Դատարանի, ինչպես նաև վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վարույթի մասնավոր մասնակցի, ինչպես նաև ցանկացած այլ անձի կողմից, որի իրավաչափ շահերին առնչվում է տվյալ վարութային ակտը, եթե սույն օրենսգրքով բողոքարկման այլ ժամկետ սահմանված չէ:

2. Հետաքննության մարմնի պետի, հետաքննիչի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի վարութային ակտը կարող է բողոքարկվել հսկող դատախազին, հսկող դատախազի վարութային ակտը՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը կարող է բողոքարկվել դատարան:

3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու այն, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան բողոքարկման ժամկետը լրանալը նույն բողոքը կրկին ներկայացնելուն:

4. Ի շահ մեղադրյալի բերված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Ի շահ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բերված բողոքը հետ վերցվել չի կարող:

5. Վարույթի հանրային մասնակցին ուղղված բողոքը պետք է քննության առնվի և լուծվի այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

6. Բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է բողոք բերելու իրավունք չունեցող անձը, ժամկետանց է, չի պարունակում նշում բողոքարկվող վարութային ակտի մաuին կամ uտորագրված չէ:

7. Իրավասու մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապեu ուղարկում է բողոքը բերած անձին: Բողոքը և դրա վերաբերյալ կայացված որոշումը կցվում են վարույթի նյութերին:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՅՑԸ ԵՎ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՆ

 

 Հոդված 157. Գույքային հայցի ընդդատությունը

 

1. Գույքային հայցը քննվում է քրեական վարույթի շրջանակներում՝ ըստ վերջինիս ընդդատության:

 

 Հոդված 158. Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը

 

1. Գույքային հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին, և գույքային հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:

3. Քրեական վարույթի շրջանակներում գույքային վնասի հատուցման հիմքը, պայմանները, ծավալը և եղանակները սահմանվում են քաղաքացիական, բնապահպանական, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական և նյութական այլ օրենսդրությամբ:

4. Քրեական վարույթում գույքային հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները և հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված հակընդդեմ հայց հարուցելու կանոնները:

5. Գույքային հայց հարուցելու համար պետական տուրք չի գանձվում:

6. Եզրափակիչ դատական ակտը գույքային հայցի մասով կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

 Հոդված 159. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը

 

1. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա են մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պատճառված հետևյալ վնասները․

1) անմիջականորեն պատճառված գույքային վնասը.

2) կորցված, վնասված կամ ոչնչացված գույքը փոխարինելու կամ նորոգելու համար կատարված ծախսերը.

3) առողջությունը վերականգնելու, ներառյալ լրացուցիչ սննդի, հավելյալ խնամքի համար կատարված ողջամիտ ծախսերը.

4) մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի հուղարկավորության, հուշաքարի, տապանաքարի տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման համար կատարված ողջամիտ ծախսերը:

 

 Հոդված 160. Գույքային հայցի հարուցումը

 

1. Մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում և պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը:

2. Գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո` մինչև նախնական դատալսումների ավարտը: Վարույթին ավելի ուշ ներգրավված տուժողն իրավասու է գույքային հայց հարուցելու տուժող ճանաչվելուց անմիջապես հետո:

3. Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

4. Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին:

5. Հայցի հիմքը և չափը ճշգրտելու անհրաժեշտության դեպքում տուժողը, նրա ներկայացուցիչը կամ դատախազը մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն իրավունք ունեն գրավոր փոփոխելու կամ լրացնելու հայցադիմումը:

6. Եթե հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա թերությունները վերացնելու համար դատարանն այն վերադարձնում է ներկայացրած անձին: Եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում հայցը համարվում է ընդունված սկզբնական ներկայացման օրը: Հակառակ դեպքում հայցը համարվում է չհարուցված:

7. Գույքային հայց ներկայացրած անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը ձեռնարկում է գույքային հայցն ապահովելու միջոցներ:

8. Գույքային հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի այդպիսի հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

 Հոդված 161. Գույքային հայցից հրաժարվելը

 

1. Գույքային հայց ներկայացրած անձն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու հայցից, եթե դա չի հակասում օրենքին, կամ դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և իրավաչափ շահերը:

2. Գույքային հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է գույքային հայցի մասով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ գույքային հայցը քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով կրկին հարուցելու հնարավորությունից:

3. Մինչև հայցից հրաժարվելն ընդունելը դատարանը պարտավոր է տուժողին պարզաբանել հայցից հրաժարվելու` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հետևանքները:

4. Հայցից հրաժարվելն ընդունելու կամ չընդունելու դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում:

5. Գույքային հայցից հրաժարվելը հիմք չէ առաջադրված մեղադրանքը վերացնելու, փոփոխելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար:

 

 Հոդված 162. Գույքային հայցի լուծումը

 

1. Գույքային հայցը լուծվում է եզրափակիչ դատական ակտով` լրիվ կամ մասնակի բավարարվում է, ներառյալ հաշտության համաձայնության տեսքով, մերժվում է կամ թողնվում առանց լուծման:

2. Արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու:

3. Գույքային հայցը մերժելու, լրիվ կամ մասնակի բավարարելու մասին` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բացառում է նույն անձանց միջև նույն առարկայի մասին հայցի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

4. Առանց լուծման թողնված գույքային հայցը կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

 

 Հոդված 163. Գույքային վնասի հատուցումը դատարանի նախաձեռնությամբ

 

1. Այն դեպքում, երբ տուժողը զրկված է իր գույքային շահերը պաշտպանելու հնարավորությունից` մեղադրյալից կախվածություն ունենալու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելու, հոգեկան առողջության խնդիր ունենալու կամ այլ պատճառով, դատարանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ եզրափակիչ դատական ակտով լուծելու հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու հարցը:

 

 Հոդված 164. Արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիան

 

1. Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում:

2. Արդարացված մեղադրյալը որպես հատուցում իրավունք ունի ստանալու`

1) աշխատավարձը, թոշակը, նպաստը կամ այլ եկամուտը, որից նա զրկվել է.

2) գույքն առգրավելու, արգելադրելու, բռնագրավելու կամ այլ կերպ տնօրինելու հետևանքով պատճառված վնասը.

3) անազատության մեջ գտնվելու հետևանքով ծախսված գումարը․

4) փաստաբանին վճարված գումարը․

5) վճարված վարութային ծախսերը։

3. Արդարացված մեղադրյալն իրավունք ունի նաև`

1) վերականգնվելու նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում ստանալու համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.

2) բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու անազատության մեջ պահելու ձևով պատիժը կրելու ժամանակը.

3) վերականգնելու պատվավոր կամ զինվորական կոչումը, կարգը, աստիճանը, որակավորման դասը կամ պետական պարգևը:

4. Արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից:

5. Արդարացված մեղադրյալի մահվան դեպքում սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը։

6. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վերաքննիչ դատարանի կողմից արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում անձը սույն հոդվածով նախատեսված ռեաբիլիտացիա կարող է պահանջել միայն քաղաքացիական դատավարության կարգով:

(164-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

 Հոդված 165. Փաստաբանի, փորձագետի և թարգմանչի վարձատրությունը

 

1. Փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին՝ փաստաբանի և վստահորդի միջև համաձայնեցված պայմաններով, կամ փաստաբանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական միջոցների հաշվին:

3. Փորձագետը և թարգմանիչը ստանում են՝

1) աշխատավայրից աշխատավարձ, եթե վարույթին մասնակցել են ի կատարումն աշխատանքային առաջադրանքի.

2) պետական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են վարույթն իրականացնող մարմնի հետ անմիջական պայմանավորվածությամբ.

3) վարույթի համապատասխան մասնավոր մասնակցի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ մասնակցի հետ ունեցած պայմանավորվածությամբ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է փորձագետի կամ թարգմանչի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո՝ վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:

 

 Հոդված 166. Վարույթին ներգրավված անձանց ծախսերը և դրանց հատուցումը

 

1. Պետական միջոցների հաշվին ենթակա են հատուցման տուժողի, նրա օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պետական միջոցների հաշվին նշանակված փաստաբանի, փորձագետի, թարգմանչի, հոգեբանի, վկայի հետևյալ ծախսերը․

1) վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու համար կատարված տրանսպորտային ծախսերը (բացառությամբ օդային տրանսպորտով երթևեկության արժեքի), իսկ վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ՝ նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը.

2) գիշերակացի արժեքը, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.

3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.

4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որի ընթացքում վարույթին մասնակցելու համար անձը եղել է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ` չկատարելով աշխատանքային պարտականությունները, եթե միջին աշխատավարձը գործատուն չի պահպանել.

5) վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությանը մասնակցելու հետևանքով աղտոտված, փչացած, ոչնչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը:

2. Փորձագետին հատուցվում է նաև նրան պատկանող այն նյութերի արժեքը, որոնք նա սպառել է հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաև աշխատանքի կատարման համար անհրաժեշտ սարքավորումներն օգտագործելու, ծառայություններ ստանալու համար կատարած ծախսերը:

3. Վարույթի ընթացքում կատարված ծախսերը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են հատուցվել վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:

 

 Հոդված 167. Վարութային ծախսերը և դրանց հատուցումը

 

1. Վարութային ծախսեր են՝

1) տուժողի, փորձագետի, հոգեբանի, վկայի ներկայանալու ճանապարհածախսի, գիշերակացի և օրապահիկի ծախսերի հատուցման գումարները.

2) փորձագետի և թարգմանչի վարձատրության գումարները.

3) պետական միջոցների հաշվին ներգրավված փաստաբանին վճարվելիք գումարները.

4) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարները.

5) փախուստի մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերման համար իրավասու մարմնի կողմից ծախսված գումարները.

6) փորձաքննություն և փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և վարույթի ընթացքում կատարված նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարները.

7) վարույթի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարները:

2. Հանրային մեղադրանքով վարութային ծախսերը վճարվում են պետական միջոցների հաշվին, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ: Մասնավոր մեղադրանքով վարութային ծախսերի բաշխման կարգը որոշում է դատարանը:

3. Եթե դատապարտված մեղադրյալը վճարունակ է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-7-րդ կետերում թվարկված վարութային ծախսերի հատուցման պարտականությունը դատարանը դնում է նրա վրա:

4. Նույն վարույթի շրջանակներում մի քանի անձանց դատապարտվելու դեպքում վարութային ծախսերը նրանց միջև բաշխվում են դատարանի որոշած չափաբաժիններով՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի մեղավորության բնույթն ու աստիճանը և գույքային դրությունը:

5. Եթե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը մեղադրյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն վարութային ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար:

6. Եթե դատապարտված մեղադրյալը կամ տուժողը ակնհայտ վճարունակ է, ապա դատարանն իրավասու է նրանից բռնագանձելու իրեն ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը, բացառությամբ այն դեպքի, երբ մեղադրյալին իրավաբանական օգնությունը ցույց է տրվել անկախ նրա կամքից:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

 Հոդված 168. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանումը

 

1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի առավել զգայուն հարցերին վերաբերող ապացույցները վարույթի շահագրգիռ մասնակցի պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ հետազոտվում են դռնփակ դատական նիստում:

4. Գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքով ձեռք բերված՝ վարույթին չվերաբերող և անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին առնչվող նյութերը պահվում են առանձին և չեն կարող օգտագործվել տվյալ քրեական վարույթում, բացառությամբ երբ վարույթի մասնավոր մասնակիցը վիճարկում է դրանց վերաբերելիությունը: Նշված նյութերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամիս անց, սակայն ոչ ուշ, քան նշված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:

(168-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 169. Պետական գաղտնիքի պահպանումը

 

1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

3. Պետական գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող հանրային ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված վարույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված քննիչը, դատախազը, դատավորը:

5. Վարույթի այն մասնավոր մասնակիցները, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն տրամադրվում:

 

 Հոդված 170. Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը

 

1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բժշկական, նոտարական, բանկային և հարակից գաղտնիք, ծառայողական, առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Վարույթի ընթացքում չպետք է կամայականորեն հավաքվեն, պահվեն, օգտագործվեն կամ տարածվեն սույն հոդվածի 1-ին մասում նշված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկություններ, իրավունք ունի հրաժարվելու այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը:

4. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի քննիչից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող անձն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

6. Սույն հոդվածով նախատեսված գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները շահագրգիռ անձանց պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 Հոդված 171. Ժամկետների հաշվումը

 

1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն ժամը կամ օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24․00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս:

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ անազատության մեջ պահվող կամ բժշկական հաստատությունում գտնվող անձանց համար՝ եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը համապատասխան հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը:

5. Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ անազատության մեջ պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը՝ այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:

6. Վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հաստատվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով:

 

 Հոդված 172. Ժամկետը բաց թողնելու հետևանքները և դրա վերականգնման կարգը

 

1. Ժամկետն անցնելուց հետո կատարված գործողություններն առաջացնում են անբարենպաստ վարութային հետևանքներ, եթե ժամկետը չի վերականգնվում:

2. Բաց թողնված ժամկետի վերականգնում հնարավոր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ժամկետը վերականգնվում է միայն միջնորդողի համար, եթե վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ժամկետի բացթողումով բողոքարկված որոշման կատարումը բողոքարկողի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 6

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ

 

 Հոդված 173. Քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը

 

1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`

1) ֆիզիկական անձից.

2) իրավաբանական անձից.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

3. Եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը, և միաժամանակ նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը:

4. Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:

5. Միջազգային իրավունքին համապատասխան` որևէ անձի հանձնման խնդրանքի մերժումը այդ հանձնման խնդրանքում նշված ենթադրյալ հանցանքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է, եթե այդ անձի և նրան վերագրվող ենթադրյալ արարքի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողությունը:

6. Քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված, այդ թվում՝ անհայտ կամ չբացահայտված աղբյուրից: Այդպիսի տեղեկությունը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ ստուգվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե այն պարունակում է այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

 

 Հոդված 174. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը

 

1. Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը:

2. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը շարադրվում է գրավոր` առաջին դեմքով: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության հասցեն, ստորագրությունը, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:

3. Այն դեպքում, երբ լրացել է հաղորդում ներկայացրած անձի 16 տարին, նա նախազգուշացվում է uուտ մատնության համար քրեական պատաuխանատվության մաuին, որը հաuտատում է իր uտորագրությամբ: Այսպիսի նախազգուշացում ստորագրությամբ արվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ներկայացրել է նախապես շարադրված գրավոր հաղորդում:

 

 Հոդված 175. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը

 

1. Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած ֆիզիկական անձի ինքնությունը պարզելու համար բավարար տվյալներ, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը:

2. Իրավաբանական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև բացահայտի իրավաբանական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը:

3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:

4. Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա քննիչն իրավասու է քրեական վարույթ չնախաձեռնելու, որի մասին հաղորդումը ներկայացրածը գրավոր տեղեկացվում է: Այդպիսի հաղորդումը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ կարող է ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 176. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը

 

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը պետք է ունենա ձևաթղթի վրա շարադրված և պատշաճ վավերացված պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև:

2. Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև բացահայտի համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:

 

 Հոդված 177. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, քննիչի, դատախազի կամ դատավորի հաղորդումը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, քննիչի, դատախազի կամ դատավորի հաղորդումը պետք է ունենա ձևաթղթի վրա շարադրված և պատշաճ վավերացված պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև:

2. Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև բացահայտի համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:

 

 Հոդված 178. Քրեական վարույթ նախաձեռնելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

2. Արձանագրության մեջ նշվում են քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, հաղորդմամբ ներկայացված առերևույթ հանցանքի փաստական նկարագրությունը, քրեական oրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով սկսվում է վարույթը, հաղորդմանը կցված նյութերի ցանկը` այդպիսիք լինելու դեպքում:

3. Արձանագրությունը կազմելուց հետո քննիչն անմիջապես ձեռնամուխ է լինում նախաքննության կատարմանը` արձանագրության և կից նյութերի պատճեններն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին: Արձանագրության պատճենը այն կազմելուց անմիջապես հետո հանձնվում կամ ուղարկվում է հաղորդումը ներկայացրած անձին:

4. Յուրաքանչյուր նոր դեպքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու հետ միաժամանակ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները քրեորեն հետապնդելի արարքը կանխելու կամ խափանելու, այն կատարած անձին հայտնաբերելու, ինչպեu նաև հանցագործության հետքերը կամ վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաuտաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ:

5. Քրեական վարույթ նախաձեռնելու յուրաքանչյուր դեպքում քննիչն այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է հետաքննության իրավասու մարմնի պետին` կցելով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը:

6. Եթե քրեական վարույթ նախաձեռնած քննիչը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, իրավասու չէ նախաքննություն կատարելու, ապա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո նա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունն ուղարկում է հսկող դատախազին՝ դրան կցելով վարույթի բոլոր նյութերը:

7. Նախաքննության ընթացքում այլ ենթադրյալ հանցանք կատարելու փաստի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում նոր քրեական վարույթ է նախաձեռնվում, որի արձանագրությանը կցվում են համապատասխան փաստը հաստատող վարույթի նյութերը:

(178-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 179. Քրեական վարույթ չնախաձեռնելը

 

 1. Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ հաղորդումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:

2. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:

3. Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները:

(179-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 Հոդված 180. Նախաքննության մարմինները

 

1. Իրենց իրավասության սահմաններում նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:

(180-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 181. Քննչական ենթակայությունը

 

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

3. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները։

4. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։

5. Այն դեպքում, երբ մեկից ավելի հանցանքների կապակցությամբ նախաձեռնված վարույթով հանցանքներից առնվազն մեկը նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:

6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:

6.1. Սույն հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված վարույթներով նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները: 

7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված անձանց վերագրվող հանցանքներով միևնույն վարույթով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով:

8. Բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար։

8.1. Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաև իր որոշմամբ փոխելու քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ, կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացվել է այդ վարույթին:

9. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:

(181-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-132-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն, 12.06.24 ՀՕ-260-Ն)

 

 Հոդված 182. Նախաքննության կատարման վայրը

 

1. Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում:

2. Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իրավասության սահմաններում ապահովելու դրանց կատարումը` հանձնարարություն տալու կամ քննչական փոխօգնության խնդրանք ներկայացնելու եղանակով:

3. Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

4. Մեկից ավելի վայրերում ենթադրյալ հանցանքների կատարման դեպքում, եթե դրանց վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքների մեծ մասը կամ դրանցից առավել ծանրը:

5. Նախաքննության ընթացքում տարածքային ենթակայության հետ կապված վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը:

 

 Հոդված 183. Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից

 

1. Վարույթի բարդության կամ դրա ծավալի մեծության դեպքում նախաքննության կատարումը կարող է առանձին որոշմամբ հանձնարարվել մի քանի քննիչի: Որոշման մեջ նշվում են խմբի ղեկավար քննիչը և մյուս բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը:

2. Վարույթի մասնավոր մասնակիցները ծանոթացվում են քննչական խումբ ստեղծելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչի բացարկ հայտնելու իրավունքը:

 

 Հոդված 184. Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները

 

1. Քննչական խմբի ղեկավար կարող է նշանակվել այն նախաքննության մարմնի քննիչը, որին սույն օրենսգրքի 181-րդ հոդվածի կանոններով վերապահված է նախաքննության կատարումը: Քննչական խմբի ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է քննչական խմբի աշխատանքը: Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությունները պարտադիր են խմբի բոլոր քննիչների համար:

2. Միայն քննչական խմբի ղեկավարն է իրավասու կայացնելու վարույթները միացնելու, անջատելու, վարույթը կարճելու կամ փոխակերպելու մասին որոշումները, ներկայացնելու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու կամ վերսկսելու, խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունները:

3. Մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտն ստորագրում է քննչական խմբի ղեկավարը:

4. Քննչական խմբի ղեկավարն իրավասու է մասնակցելու խմբի այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, անձամբ կատարելու քննչական գործողություններ և կայացնելու որոշումներ:

 

 Հոդված 185. Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելը

 

1. Դատախազը և քննիչը պարտավոր են մինչդատական վարույթի ընթացքում միջոցներ ձեռնարկել պարզելու համար հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնատար անձին կամ իրավաբանական անձի ղեկավարին ներկայացնել այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագիր:

2. Միջնորդագիրը ենթակա է պարտադիր քննարկման, որի արդյունքների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հաղորդվում է այն ուղարկած մարմնին կամ պաշտոնատար անձին:

 

 Հոդված 186. Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը

 

1. Վարույթի մասնավոր մասնակիցները, վկան և նրա փաստաբանն իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով գրավոր չի արգելել դրանց հրապարակումը: Այս դեպքում քննիչը պարտավոր է վարույթի մասնավոր մասնակցին, վկային և նրա փաստաբանին գրավոր նախազգուշացնել նախաքննության տվյալների հրապարակման համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

2. Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է`

1) խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքին.

2) դառնալ հանցանքի կատարման պատճառ.

3) վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները կամ իրավաչափ շահերը.

4) հանգեցնել օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակման:

3. Նախաքննության տվյալների հրապարակման` սույն հոդվածով սահմանված արգելքները չեն տարածվում փաստաբանի և նրա վստահորդի միջև տեղեկությունների փոխանակման վրա:

 

 Հոդված 187. Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում

 

1. Քննչական մարմնի ղեկավարը իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:

2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:

3. Նախաքննության մարմնի որևէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:

4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որևէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:

7. Նախաքննության մարմնի` ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որևէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:

9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:

 

 Հոդված 188. Հետաքննություն կատարելու հիմքը, սկիզբն ու ավարտը

 

1. Հետաքննությունը կատարվում է նախաձեռնված քրեական վարույթի մասին հետաքննության մարմնի կողմից պատշաճորեն տեղեկանալու հիմքով: Հետաքննությունն սկսվում է միայն նախաքննությունը սկսելուց հետո:

2. Հետաքննության շրջանակներում գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել բացառապես քննիչի հանձնարարության հիման վրա:

3. Հետաքննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են կատարվել քննիչի հանձնարարությամբ կամ հետաքննության մարմնի նախաձեռնությամբ:

4. Հետաքննության շրջանակներում կատարված գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները անհապաղ ներկայացվում են քննիչին:

5. Հետաքննությունն ավարտվում է նախաքննության հետ միաժամանակ: Նախաքննության ավարտման պահին շարունակվող գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվում են:

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

 

 Հոդված 189. Հանրային քրեական հետապնդում հարուցելը

 

1. Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնելու անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն` նշելով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև կցելով վարույթի վերաբերելի նյութերը: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձի ձերբակալված լինելու դեպքում քննիչը սույն մասով նշված միջնորդությունը և նյութերը հսկող դատախազին է ներկայացնում ոչ ուշ, քան ձերբակալման որոշումն անձին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում:

3. Միջնորդությունը և այն հիմնավորող նյութերը ստանալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում, հսկող դատախազը որոշում է կայացնում անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ քրեական հետապնդում հարուցելու հիմքի բացակայության դեպքում իր որոշմամբ մերժում է քննիչի միջնորդությունը:

4. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ, մեղադրանքի փաստական հիմքը` մեղսագրվող արարքի էությունը, կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են առկա ապացույցներով, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը):

5. Այն դեպքում, երբ անձին վերագրվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով նախատեսված մի քանի արարքներ, որոշման մեջ նշվում են դրանցից յուրաքանչյուրի փաստական հիմքը և իրավական գնահատականը:

6. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հսկող դատախազը կարող է կայացնել նաև իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:

7. Դատախազն իրավունք չունի քննիչին հանձնարարելու ներկայացնել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշակի բովանդակությամբ միջնորդություն կամ կազմել այդպիսի որոշման նախագիծ:

 

 Հոդված 190. Մեղադրանք ներկայացնելը

 

1. Քննիչը մեղադրյալին մեղադրանք է ներկայացնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քննիչն իրավասու է առանց մեղադրանք ներկայացնելու առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում: Առարկությունը մերժվելու դեպքում մեղադրանքը ներկայացվում է մերժման մասին որոշումը ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում:

3. Այն դեպքում, երբ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է, կամ այլ պատճառով անհնար է ապահովել նրա հասանելիությունը, մեղադրանք ներկայացնելու՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն ընդհատվում է, իսկ մեղադրանքը ներկայացվում է մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

4. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան է հանձնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, պարզաբանում մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մեղադրյալին հանձնում է դրանց ցանկը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է քննիչի կողմից կազմված արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և մասնակցող այլ անձինք: Մեղադրյալի կամ մասնակցող այլ անձանց կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչը տեսաձայնագրման ներքո պարզում և արձանագրության մեջ շարադրում է նման հրաժարման պատճառները, իսկ նրանց կողմից այդպիսիք չհայտնելու դեպքում այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և դրա պատճենն անհապաղ ուղարկում հսկող դատախազին: Եթե սույն մասով նախատեսված տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը ներգրավում է ընթերակա՝ արձանագրության մեջ նշելով տեսաձայնագրության անհնարինությունը հաստատող հանգամանքները:

 

 Հոդված 191. Մեղադրանքը փոփոխելը կամ լրացնելը

 

1. Եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունը, ապա սույն օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ կայացվում է քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում, և անձին ներկայացվում է նոր մեղադրանք:

 

 Հոդված 192. Հանրային քրեական հետապնդման ժամկետները

 

1. Մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան`

1) երեք ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.

2) հինգ ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.

3) ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով.

4) տասն ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով:

2. Բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, վերադաս դատախազը հսկող դատախազի միջնորդությամբ իրավասու է երկարաձգելու ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը մեկ ամսով, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը երկու ամսով:

3. Եթե անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված տարբեր ծանրության մեկից ավելի հանցանքների համար, ապա կիրառվում է առավել ծանր հանցանքի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:

4. Եթե անձի նկատմամբ ավելի ծանր հանցանքի (հանցանքների) համար հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվում է, կամ նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխվում է, ապա կիրառվում է այն հանցանքի (հանցանքների) համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, որով (որոնցով) հանրային քրեական հետապնդումը շարունակվում է: Այդ ժամկետը լրացած կամ մեկ ամսից պակաս լինելու դեպքում քրեական հետապնդումը չի կարող տևել ավելի, քան մեկ ամիս:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներն ընդհատվում են քրեական հետապնդումը դադարեցնելու պահից և շարունակվում են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու կամ քրեական հետապնդումը նորոգելու դեպքում։

 

 Հոդված 193. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը

 

1. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում կայացնելու պահից:

2. Քրեական հետապնդման ժամկետը կարող է կաuեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

1) քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է.

2) մեղադրյալի մոտ առկա է ծանր հիվանդություն, որը նրան տևական ժամանակով զրկում է վարույթին մասնակցելու հնարավորությունից.

3) մեղադրյալը Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu գտնվելու պատճառով չի կարող մաuնակցել վարույթին.

4) մեղադրյալի հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է վարույթի հետագա իրականացմանը:

3. Եթե առանց նշանակված փորձաքննության եզրակացությունը կամ առանց քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը, ապա յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդման ժամկետը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով կարող է կասեցվել երկու ամսից ոչ ավելի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ չորս ամսից ոչ ավելի ժամկետով։ Ամեն դեպքում, սույն մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման կասեցման ընդհանուր ժամկետը նույն մեղադրյալի նկատմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետները, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ նույն հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների կրկնապատիկը։

4. Քրեական հետապնդման ժամկետը կաuեցվում է մինչև դրա համար հիմք ծառայած հանգամանքների վերանալը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև համագործակցությունը դադարեցնելը կամ մինչև մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը։

 

 Հոդված 194. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը

 

1. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո, սակայն չի սահմանափակում նախաքննության ընթացքում վարութային այլ գործողությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելուց հետո:

2. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին: Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը: Այդ որոշումներն անհապաղ ուղարկվում են քննիչին:

3. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:

4. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վարույթի մասնավոր մասնակիցը կարող է բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքը ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

 

 Հոդված 195. Քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելը

 

1. Քրեական հետապնդման ժամկետը վերսկսվում է, երբ վերանում է այն կասեցնելու հիմքը: Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքը վերանալու դեպքում քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդման ժամկետը վերսկսելու մասին:

2. Այդ միջնորդությունը ներկայացնելու, այն լուծելու, ինչպես նաև համապատասխան որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգը:

3. Քրեական հետապնդման ժամկետը վերսկսվում է նաև այն դեպքում, երբ վերադաս դատախազն իր որոշմամբ վերացնում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումը:

 

 Հոդված 196. Հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

2. Եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքի որևէ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ապա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այդ միջնորդության հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

3. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կարող է կայացնել նաև իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:

4. Որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու իրավական հիմքերը և հիմնավորումները, կիրառված խափանման միջոցի վերացման, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:

5. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չհարուցելիս կամ այն դադարեցնելիս որոշման մեջ չպետք է տրվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը:

6. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը: Նշված անձանց քննիչը բացատրում է նաև սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված` վարույթի նյութերին ծանոթանալու կարգը:

7. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:

8. Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:

9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին:

10. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել դատարան:

11. Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում իրավասու դատախազը հարուցում է քրեական հետապնդում կամ նորոգում է այն: Եթե դատարանը բողոքը բավարարել է մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ իրավասու դատարան հանձնելուց հետո, ապա քրեական հետապնդումը հարուցելու կամ նորոգելու պահից օրենքի ուժով համարվում է, որ դատարանի վարույթում գտնվող քրեական գործից անջատվել է նոր վարույթ: Այդ մասին իրավասու դատախազը կազմում է արձանագրություն և դրա հիման վրա դատարանից պահանջում է նոր հարուցված կամ նորոգված քրեական հետապնդմանը վերաբերող քրեական գործի նյութերի պատճենները:

12. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից:

 

 Հոդված 197. Հայեցողական քրեական հետապնդումը

 

1. Հսկող դատախազն իրավասու է չհարուցելու քրեական հետապնդում կամ դադարեցնելու քրեական հետապնդումը, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր պայմանները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա կամ քննիչի միջնորդությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բովանդակության, հանձնման և բողոքարկման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և նույն հոդվածի 6-12-րդ մասերով նախատեսված կարգը:

 

 Հոդված 198. Չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելը

 

1. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի չբողոքարկված որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել վերադաս դատախազի կողմից այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումն անօրինական կամ չհիմնավորված լինելու հիմքով կարող է վերացվել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից այն կայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներն անցնելուց հետո քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը և այն հաստատելու մասին վերադաս դատախազի որոշումը կարող են վերացվել բացառապես Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից` նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով, եթե այդ որոշումները դատական ստուգման չեն ենթարկվել: Այդ վարույթի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում է սույն օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված կարգը:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները վերացնելու դեպքում քրեական հետապնդումը հարուցվում կամ նորոգվում է, իսկ որոշման պատճենները քննիչն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու՝ սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կարգը և ժամկետները:

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

 Հոդված 199. Նախաքննության ավարտը մեղադրական եզրակացություն կազմելով

 

1. Եթե մինչդատական վարույթում հավաքված բոլոր ապացույցները գնահատելով` քննիչը հանգում է հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, ապա նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնում վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը` միաժամանակ սկսելով մեղադրական եզրակացության կազմումը:

2. Վարույթի մասնավոր մասնակիցներին քննիչը գրավոր պարզաբանում է նաև, որ վարույթի նյութերը դատարան հանձնելուց հետո նրանք կարող են իրենց միջնորդությունները ներկայացնել իրավասու դատարան:

3. Եթե նախաքննության ընթացքում ապացուցողական գործողությունների կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքում տեղեկություններ են հավաքվել վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձանց վերաբերյալ, ապա քննիչը նրանց գրավոր հայտնում է այդպիսի տեղեկություններ պարունակող վարույթի նյութերին ծանոթանալու տեղը և ժամանակը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել:

4. Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար:

 

 Հոդված 200. Մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ վարույթի նյութերին ծանոթանալու կարգը

 

1. Քննիչը վարույթի նյութերը մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի և պաշտպանի ծանոթացմանը ներկայացնում է բոլոր դեպքերում, իսկ վարույթի մասնավոր մյուս մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր խնդրանքով:

2. Վարույթի նյութերը ծանոթացման համար ներկայացվում են համարակալված էջերով և յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով` մեկ կամ մի քանի կարված հատորի տեսքով: Ծանոթացման համար ներկայացվում են նաև վարույթի նյութերի հետ պահվող իրեղեն ապացույցները և ապացուցողական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները: Եթե վարույթի նյութերը բաղկացած են մի քանի հատորից, բոլոր հատորները ներկայացվում են միաժամանակ:

3. Վարույթի նյութերին ծանոթացող անձի գրավոր դիմումով նրան է հանձնվում վարույթի նյութերի էլեկտրոնային տարբերակը։

4. Վարույթի նյութերին ծանոթացող անձն իրավունք ունի դրանում առկա փաստաթղթերից անելու դուրսգրումներ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ լսելու ձայնագրությունները, դիտելու տեսագրությունները, տեսաձայնագրությունները, արձանագրությունների հավելված տեսապատկերները, ուսումնասիրելու իրեղեն ապացույցները և լուսանկարելու դրանք:

5. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթացնելու դեպքում քննիչը նախազգուշացնում է դրանց հրապարակման անթույլատրելիության, ինչպես նաև դրա համար նախատեսված պատասխանատվության մասին, որի կապակցությամբ համապատասխան անձինք տալիս են ստորագրություն, և կազմվում է արձանագրություն:

6. Վարույթի նյութերին ծանոթանալու համար վարույթի մասնակիցներին տրամադրվում է ողջամիտ ժամկետ:

 

 Հոդված 201. Վարույթի նյութերին ծանոթացնելու արձանագրությունը

 

1. Վարույթի նյութերին ծանոթանալու փաստն ամրագրվում է քննիչի կազմած արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը և վարույթի նյութերին ծանոթացած անձը:

2. Արձանագրության մեջ նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, ծանոթացման համար ներկայացված վարույթի նյութերի հատորների քանակը և յուրաքանչյուր հատորում առկա էջերի թիվը, իրեղեն ապացույցները, ապացուցողական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները, վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, սկիզբը և ավարտը (տևողությունը), ինչպես նաև վարույթի նյութերից պատճեններ հանելու հանգամանքը:

 

 Հոդված 202. Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները

 

1. Մեղադրական եզրակացությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Մեղադրական եզրակացության ներածական մասում նշվում է այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը:

3. Մեղադրական եզրակացության նկարագրական մասում շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, այդ թվում՝ մեղադրյալին և տուժողին բնութագրող հանգամանքները:

4. Մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները:

5. Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և մեղադրյալի անձին վերաբերող ու վարույթի համար նշանակություն ունեցող այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նրան մեղսագրվող արարքի իրավական գնահատականը (քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրվում է մեղադրյալը):

6. Մեղադրական եզրակացությունն ստորագրվում և կնքվում է քննիչի կողմից:

7. Քննիչը մեղադրական եզրակացությանը կցում է վարույթին ներգրավված բոլոր անձանց կարգավիճակի և վերաբերելի անձնական տվյալների, դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկի, իրեղեն ապացույցների գտնվելու վայրի, գույքի հնարավոր բռնագրավումը կամ հնարավոր գույքային հայցն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, կատարված վարութային ծախսերի, կիրառված հարկադրանքի միջոցների և քրեական հետապնդման ժամկետների մասին տեղեկանքները:

(202-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 203. Մեղադրական եզրակացությունը հսկող դատախազին հանձնելը

 

1. Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում ոչ ուշ, քան տվյալ մեղադրյալի համար սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալուց տասնհինգ օր առաջ:

2. Վարույթի նյութերը հսկող դատախազին հանձնվում են համարակալված էջերով և յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով` մեկ կամ մի քանի կարված հատորների տեսքով: Դատախազին են ներկայացվում նաև նյութերի հետ պահվող իրեղեն ապացույցները և ապացուցողական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները:

 

 Հոդված 204. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով ստուգման ենթակա հանգամանքները

 

1. Հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքով պարզում է`

1) առկա են արդյոք բավարար ապացույցներ մեղադրյալին վերագրվող արարքը կատարելու մեջ նրա մեղավորությունը դատարանում ապացուցելու համար.

2) մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ընդգրկում է արդյոք նրա կողմից ենթադրաբար կատարված բոլոր հանցանքները.

3) քրեական հետապնդում հարուցված է արդյոք ենթադրյալ հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց նկատմամբ.

4) ճիշտ է արդյոք տրվել մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը.

5) կան արդյոք քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հիմքեր.

6) հիմնավոր է արդյոք մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կամ այդպիսին չկիրառելը.

7) ձեռնարկված են արդյոք անհրաժեշտ միջոցներ` գույքի հնարավոր բռնագրավումը, հնարավոր գույքային հայցը և հնարավոր վարութային ծախսերն ապահովելու համար.

8) արդյոք կատարվել է համակողմանի և անաչառ նախաքննություն.

9) պահպանված են արդյոք նախաքննության կատարման կարգը սահմանող սույն օրենսգրքի մյուս կանոնները.

10) մեղադրական եզրակացությունը բավարարում է արդյոք սույն օրենսգրքի 202-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

(204-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 205. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը

 

1. Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին.

2) մեղադրական եզրակացությունը վերակազմելու մասին, եթե քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրանքից հանել առանձին փաստեր կամ ի շահ մեղադրյալի փոխել նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը` առանց սկզբնական փաստերն էապես փոխելու.

3) վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը, կարճել վարույթը, կասեցնել քրեական հետապնդման ժամկետը կամ կազմել նոր մեղադրական եզրակացություն:

2. Եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը լրացնել կամ փոփոխել սկզբնականից էապես տարբերվող փաստերով, ապա հսկող դատախազը նախաքննությունը շարունակելու համար վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմին:

3. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազն իրավասու է վերացնելու կամ փոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` միջոցներ ձեռնարկել խափանման միջոց կիրառելու համար:

4. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իրավասու է իր որոշմամբ կրճատելու կամ լրացնելու դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկը:

 

 Հոդված 206. Վարույթի նյութերը դատարան հանձնելը

 

1. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իր որոշմամբ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:

2. Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ:

2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործն ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Վարույթի նյութերը դատարան հանձնելու մասին հսկող դատախազն անմիջապես գրավոր տեղեկացնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց պատշաճ ձևով ուղարկելով մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը կամ դրա հավելվածները ներկայացվում են միայն վերջին խմբագրությամբ՝ դրանց կցելով դատախազի համապատասխան որոշման պատճենը:

(206-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

 Հոդված 207. Նախաքննության ավարտը քրեական վարույթը կարճելով

 

1. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը: Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար:

2. Վարույթի նյութերը ծանոթացման համար ներկայացվում են այդ իրավունքն ունեցող անձանց գրավոր խնդրանքով: Վարույթի նյութերի ծանոթացման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-6-րդ մասերով և 201-րդ հոդվածներով նախատեսված կարգը:

3. Վարույթի նյութերին ծանոթանալուց հետո վարույթի մասնավոր մասնակիցներն իրավունք ունեն ներկայացնելու միջնորդություններ նոր վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ` նյութերին ծանոթանալու վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Միջնորդություններ չներկայացնելու կամ միջնորդությունը չբավարարելու վերաբերյալ քննիչի որոշման դեմ բերված բողոքը հսկող դատախազի կողմից մերժվելու դեպքում քննիչը կազմում է քրեական վարույթը կարճելու մասին որոշում: Հսկող դատախազի որոշումը կարող է վիճարկվել վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման շրջանակներում:

5. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքերը և հիմնավորումները, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:

6. Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ որոշում է կայացնում վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը:

7. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-9-րդ մասերով նախատեսված կարգը:

8. Քրեական վարույթը սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված հիմքով կարճելու դեպքում քննիչը շահագրգիռ անձին նաև բացատրում է մասնավոր մեղադրանքով վարույթ նախաձեռնելու` սույն օրենսգրքի 54-րդ գլխով սահմանված կարգը:

9. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկել դատարան:

10. Դատարանի կողմից բողոքը բավարարելու դեպքում նախաքննությունը շարունակվում է:

11. Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից:

12. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել: Այդ դեպքում վարույթը նորոգվում է:

13. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման անհստակությունները լուծվում են հսկող դատախազի որոշմամբ, եթե դրանց լուծումը չի փոխում որոշման էությունը։ Լուծման ենթակա են ապացույցների պահպանման կամ տնօրինման, գույքի արգելադրման, վարութային ծախuերի բաշխման հարցերը, եթե քրեական վարույթը կարճելու մասին որոշմամբ դրանք չեն լուծվել կամ հստակ չեն լուծվել։

(207-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

ԲԱԺԻՆ 7

 

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 Հոդված 208. Քննչական գործողությունների տեսակները

 

1. Քննչական գործողություններն են`

1) հարցաքննությունը.

2) առերեսումը.

3) ցուցմունքը տեղում ստուգելը.

4) զննումը.

5) քննումը.

6) փորձարարությունը.

7) ճանաչումը.

8) տեղեկատվության պահանջը.

9) առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը.

10) խուզարկությունը.

11) առգրավումը.

12) արտաշիրմումը:

 

 Հոդված 209. Քննչական գործողությունների կատարման հիմքերը

 

1. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց:

2. Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝

1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը.

2) արտաշիրմումը.

3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական խուզարկության.

4) առգրավումը, բացառությամբ բնակարանում կատարվող առգրավման, նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավման, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման, բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավման.

5) քննումը:

3. Բացառապես դատախազի թույլտվությամբ են կատարվում՝

1) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը.

2) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը:

4. Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝

1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը.

2) դեպքի վայր չհանդիսացող բնակարանում զննումը և դեպքի վայր հանդիսացող բնակարանում հետագա զննումը.

3) թվային խուզարկությունը.

4) նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը.

5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը.

6) էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավումը:

(209-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

 Հոդված 210. Քննչական գործողության մասնակիցները

 

1. Քննչական գործողությունը կատարում է տվյալ վարույթով քննչական գործողություն կատարելու իրավասություն ունեցող քննիչը:

2. Քննչական գործողության ընթացքում մասնագիտական օժանդակություն ստանալու նպատակով քննիչն իրավասու է դրա կատարմանը ներգրավելու փորձագետ: Քննումը, արտաշիրմումը, մարդու կամ կենդանու դիակի զննումը, մարդու կամ կենդանու դիակի ճանաչումը կատարվում են փորձագետի մասնակցությամբ:

3. Քննչական գործողության արդյունավետությունն ապահովելու նպատակով քննիչն իրավասու է դրան մասնակից դարձնելու վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև վարույթին օժանդակող անձանց:

4. Քննչական գործողության կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար քննիչն իրավասու է դրա կատարմանը ներգրավելու նաև հետաքննության մարմնի աշխատակիցների:

5. Եթե սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողության տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը դրա կատարմանը (բացառությամբ հարցաքննության և առերեսման) ներգրավում է առնվազն երկու ընթերակա՝ արձանագրության մեջ նշելով տեսաձայնագրության անհնարինությունը հաստատող հանգամանքները։

6. Նույն ընթերական չի կարող մասնակցել միևնույն վարույթի ընթացքում կատարվող մեկից ավելի քննչական գործողության, բացառությամբ այն դեպքի, երբ այդ քննչական գործողությունն անմիջականորեն հաջորդում է տվյալ ընթերակայի մասնակցությամբ կատարված մեկ այլ ապացուցողական գործողությանը:

 

 Հոդված 211. Քննչական գործողության մասնակիցների իրավունքների պաշտպանության ընդհանուր երաշխիքները

 

1. Ժամը 22.00-ից մինչև 7.00-ն քննչական գործողության կատարումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հետաձգումը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքում ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման:

2. Նախքան քննչական գործողությունն սկսելը քննիչը ճշտում է քննչական գործողության կատարմանը ներգրավված բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց բացատրում է քննչական գործողության էությունը, դրա կատարման կարգը, մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

3. Անթույլատրելի են քննչական գործողության մասնակցի նկատմամբ բռնությունը, սպառնալիքը և անօրինական այլ գործողությունները, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, ինչպես նաև նրա կյանքի կամ առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:

4. Արգելվում է մերկացմամբ զուգորդվող քննչական գործողությանը հակառակ սեռի անձանց ներկայությունը, բացառությամբ բժշկության բնագավառի փորձագետի: Մերկացմամբ զուգորդվող քննչական գործողությունը չի կարող տեսաձայնագրվել, տեսագրվել կամ լուսանկարվել:

5. Արգելվում է քննչական գործողության ընթացքում հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակումը: Քննիչը պարտավոր է քննչական գործողության մասնակիցներին նախազգուշացնել քննչական գործողության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ սույն մասում նշված տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության և դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:

6. Քննչական գործողության ընթացքը և արդյունքները շարադրվում են արձանագրությունում, որը կազմվում է քննչական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

 Հոդված 212. Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները

 

1. Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանն իրավունք ունի մասնակցելու նրա օրինական ներկայացուցիչը:

2. Քննչական գործողությունն սկսելուց առաջ հոգեբանին և օրինական ներկայացուցչին պարզաբանվում են քննչական գործողությանը մասնակցելու և դիտողություններ անելու իրավունքները: Ցուցմունք տալու հետ կապված քննչական գործողությանը մասնակցող հոգեբանին և օրինական ներկայացուցչին բացատրվում է նաև հարցեր տալու նրանց իրավունքը, իսկ հոգեբանին՝ նաև կատարվող քննչական գործողության վերաբերյալ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու իրավունքը: Քննիչն իրավունք ունի հանելու տրված հարցերը կամ չընդունելու ներկայացված առաջարկները, սակայն ամեն դեպքում դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:

3. Հոգեբանի առաջարկությամբ և անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով քննչական գործողությունը կատարվում է այնպիսի պայմաններում (վայրը, տևողությունը, մասնակիցների շրջանակը և այլն), որոնք թույլ կտան առավելագույնս երաշխավորել նրա լավագույն շահերը։

4. Հոգեբանի առաջարկությամբ և անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով ցուցմունք տալու հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչն անչափահասին տրվելիք հարցերը ձևակերպում և համաձայնեցնում է հոգեբանի հետ։

5. Հոգեբանի առաջարկությամբ և անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով ձերբակալվածի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի հարցերն անչափահասին տրվում են հոգեբանի հետ համաձայնեցնելուց հետո՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության։

6. Ցուցմունք տալու հետ կապված քննչական գործողությանը մասնակցող և տասնվեց տարին չլրացած անչափահասին բացատրվում է ճշմարտացի ցուցմունք տալու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

 

 Հոդված 213. Խլություն, համրություն կամ ծանր հիվանդություն ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների առանձնահատկությունները

 

1. Խլություն կամ համրություն ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությանը ներգրավվում է նրա հետ հաղորդակցվելու ունակ թարգմանիչ:

2. Հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունը կատարվում է միայն ձեռնհաս բժշկի գրավոր թույլտվությամբ: Այդ թույլտվությամբ կարող է սահմանվել նաև տվյալ քննչական գործողությունը բժշկի ներկայությամբ կատարելու պայման, որը պարտադիր է քննիչի համար:

 

 Հոդված 214. Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը

 

1. Քննչական գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրելու, հանցագործության հետքերը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու նպատակով կարող են կատարվել ձայնագրում, լուսանկարում, պատրաստվել հետքերի ծեփապատճեններ և դրոշմվածքներ, կիրառվել այլ տեխնիկական միջոցներ:

2. Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ քննիչն այդ մասին տեղեկացնում է քննչական գործողության մասնակիցներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում տեխնիկական միջոցների սարքինությունն ստուգելու ուղղությամբ:

3. Սույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է։

4. Տեսաձայնագրումը պետք է իրականացվի քննչական գործողությունը սկսելու պահից մինչև դրա ավարտը, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ օբյեկտիվ անհնարինության այլ դեպքերի: Տեսաձայնագրման ընդհատման դեպքում քննչական գործողության կատարումն ընդհատվում է, որի պատճառները նշվում են այդ նպատակով կազմվող առանձին արձանագրությունում: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրումը վերսկսելու պահից: Մինչ այդ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության բնականոն ընթացքը և արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Տեսաձայնագրման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրությունը չի կարող մոնտաժվել կամ այլ կերպ փոփոխվել:

5. Տեսաձայնագրման միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:

6. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ այլ վայրում գտնվելու պատճառով անձի ներկայությունը քննչական գործողության կատարմանն անհնար է, կամ երբ առկա է անձի անվտանգությունն ապահովելու, կամ անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, և դա է պահանջում արդարադատության շահը, քննչական գործողությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):

7. Տեսակապի միջոցով քննչական գործողության ընթացքում պետք է երաշխավորվի, որ քննիչը և այլ վայրում գտնվող քննչական գործողության մասնակիցները հստակ տեսնեն և լսեն միմյանց:

8. Տեսակապի միջոցով քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչը պետք է հայտարարի`

1) քննչական գործողությունը կատարելու տեղը, տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև տեղեկություններ, թե որ վարույթով է կատարվում տվյալ քննչական գործողությունը.

2) քննչական գործողությունը կատարող քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը.

3) այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող իրավասու անձի անունը, ազգանունը, պաշտոնը.

4) քննչական գործողության ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները:

9. Այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող անձն ապահովում է քննչական գործողության մասնակիցների ինքնության ստուգումը: Քննչական գործողության ավարտին քննիչը քննչական գործողության մասնակիցներին հարցնում է, թե արդյոք ունեն առարկություններ քննչական գործողության կատարման կարգի կամ ընթացքի վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում խնդրում է բարձրաձայն ներկայացնել դրանք:

10. Տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:

11. Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։

(214-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, խմբ. 26.06.23 ՀՕ-199-Ն)

 

 Հոդված 215. Քննչական գործողության արձանագրությունը

 

1. Քննչական գործողության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ։

2. Առանց տեսաձայնագրման կատարված քննչական գործողության արձանագրությունում պարտադիր նշվում են՝

1) գործողության տեսակը, կատարման վայրը (հասցեն), տարին, ամիսը, օրը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.

2) արձանագրությունը կազմողի պաշտոնը, անունը և ազգանունը.

3) գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի կարգավիճակը, ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ․

4) տվյալ գործողության էությունը և կատարման կարգը բացատրելու, ինչպես նաև գործողության մասնակիցներին նրանց իրավունքները (այդ թվում՝ արձանագրության վերաբերյալ հայտարարություններ ու դիտողություններ անելու, լրացումներ և ուղղումներ պահանջելու իրավունքը), պարտականությունները և դրանք չկատարելու հետևանքները պարզաբանելու փաստը, որը հավաստվում է գործողության մասնակիցների ստորագրությամբ․

5) իրականացված գործողությունների ընթացքի, այդ թվում՝ դրանց հաջորդականության և արդյունքների մանրամասն նկարագրությունը․

6) գործողության ընթացքում պարզված հանգամանքները․

7) առկայության դեպքում՝ գործողության մասնակիցների դիտողությունները, հայտարարությունները, նրանց պահանջով կատարված լրացումները և ուղղումները.

8) տեխնիկական միջոցների կիրառման դեպքում՝ դրանց նկարագիրը, ինչպես նաև գործողության մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու փաստը, որը հավաստվում է գործողության մասնակիցների ստորագրությամբ․

9) առկայության դեպքում՝ արձանագրությանը կցված հավելվածները։

3. Տեսաձայնագրմամբ, այդ թվում՝ տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունում միայն նշվում են տվյալ գործողության էությունը, հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները։ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերաբերելի մյուս տեղեկությունները, ինչպես նաև գործողությունների կատարման փաստը ամրագրվում են միայն տեսաձայնագրմամբ։

4. Արձանագրությունը ծանոթացման համար ներկայացվում է քննչական գործողության մասնակիցներին:

5. Արձանագրությունն ստորագրում են քննիչը և նրա հետ նույն վայրում գտնվող քննչական գործողության մասնակիցները: Արձանագրությունում կատարված լրացումները և ուղղումներն ստորագրում է դրանք նախաձեռնած անձը:

6. Արձանագրությունն ստորագրելուց քննչական գործողության որևէ մասնակցի հրաժարվելու դեպքում այդ անձին հնարավորություն է տրվում շարադրելու հրաժարման շարժառիթները: Եթե անձը հրաժարվում է արձանագրությունում շարադրել այն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները, ապա քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, ինչպես նաև քննչական գործողությանը մասնակցող փաստաբանի ստորագրություններով:

7. Եթե հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով քննչական գործողության մասնակիցը զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթացման է ներկայացվում կամ հայտարարվում է քննիչի կամ քննչական գործողությանը մասնակցող փաստաբանի կողմից, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության իսկությունը և այն ստորագրելու անհնարինության հիմնավորումը:

8. Եթե սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված դեպքերում քննչական գործողությանը որևէ փաստաբան չի մասնակցում, ապա համապատասխան փաստերը հաստատվում են սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

9. Առանձին քննչական գործողությունների համար սույն օրենսգրքով կարող են նախատեսվել դրանց արձանագրություններին ներկայացվող հատուկ պահանջներ:

 

 Հոդված 216. Քննչական գործողության արձանագրության հավելվածները

 

1. Քննչական գործողության արձանագրությանը համարակալված կցվում են հետևյալ հավելվածները․

1) քննչական գործողության ընթացքում վերցված առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը.

2) քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները, տեսաերիզները, ձայնագրությունները, լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները.

3) քննչական գործողության ընթացքում կազմված կամ պատրաստված տեղեկանքները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նյութերը մանրամասն նկարագրվում են համապատասխան արձանագրության մեջ, փաթեթավորվում են և կնքվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նյութերը քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մաս են և չեն կարող օգտագործվել առանց արձանագրության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանցում պարունակվող տվյալների ամբողջականությունը խախտված է:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 217. Հարցաքննության ընդհանուր պայմանները

 

1. Հարցաքննությունը վկային, տուժողին, փորձագետին, մեղադրյալին կամ ձերբակալվածին հարցեր տալու միջոցով վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելն է:

2. Հարցաքննությունը կատարվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` հարցաքննվողի գտնվելու վայրում: Եթե հարգելի պատճառով վարույթն իրականացնող մարմին անձի ներկայանալն անհնար է, ապա հարցաքննությունը կատարվում է հարցաքննվողի գտնվելու վայրում:

3. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի հարցաքննությունը՝ 2 ժամից ավելի: Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի համար՝ 6 ժամը:

4. Բժշկական տեղեկանքի հիման վրա հարցաքննությունն իրականացվում է սույն հոդվածով նախատեսվածից ավելի կարճ ժամկետներում:

5. Հարցաքննությունն սկսվում է հարցաքննվողին հարցեր տալով: Հարցերին պատասխանելուց հետո հարցաքննվողին առաջարկվում է հայտնել նաև այն տեղեկությունները, որոնք նրա կարծիքով կարող են նշանակություն ունենալ վարույթի համար: Եթե հարցաքննությանը մասնակցում է փաստաբանը, լիազոր ներկայացուցիչը, պաշտպանը, օրինական ներկայացուցիչը կամ հոգեբանը, ապա նրանք կարող են հարցաքննվողին հարցեր տալ միայն քննիչի հարցերն ավարտվելուց հետո:

6. Հարցաքննության ընթացքում հարցաքննվողին կարող են ներկայացվել ապացույցներ` դրանց կամ դրանցում պարունակվող տվյալներին ծանոթանալու համար: Հարցաքննության ընթացքում ապացույցների ներկայացումը չի կարող փոխարինել ճանաչմանը:

7. Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգով կատարվող հարցաքննության և դրա արձանագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 309-րդ հոդվածով:

 

 Հոդված 218. Վկայի հարցաքննությունը

 

1. Վկան կարող է հարցաքննվել վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի վերաբերյալ:

2. Վկան հարցաքննվում է այլ հարցաքննվողներից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն վարույթի շրջանակներում հարցաքննության ենթակա անձինք մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ վարույթի կապակցությամբ է նա հրավիրվել, և պարզաբանում, որ նա պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Վկան նախազգուշացվում է հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականության, ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հայտնվում է նաև, որ իր տված ցուցմունքը կարող է քրեական վարույթի ընթացքում օգտագործվել որպես ապացույց:

4. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, ապա փաստաբանն իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու վկային նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Փաստաբանը վկային հարցեր է տալիս միայն քննիչի թույլտվությամբ և իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Սույն օրենսգրքով նախատեսված` վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

5. Եթե փաստաբանի հետ հարցաքննությանը ներկայանալու իրավունքի մասին պատշաճ ծանուցված վկան հարցաքննությանը ներկայացել է առանց փաստաբանի, ապա քննիչը պարտավոր չէ փաստաբան հրավիրելու հիմքով հետաձգել հարցաքննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ վկան գտնում է, որ փաստացի կասկածվում է հանցագործության մեջ:

6. Այն դեպքում, երբ վկան տվյալ վարույթին առնչվող մեկ այլ վարույթում մեղադրյալ է, կամ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապա այդ վկայի հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով:

 

 Հոդված 219. Փորձագետի հարցաքննությունը

 

1. Փորձագետը կարող է հարցաքննվել իր ներկայացրած եզրակացության կամ կարծիքի ճշգրտման կամ պարզաբանման նպատակով, ինչպես նաև ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս իր ընկալած փաստերի վերաբերյալ:

2. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է փորձագետի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ վարույթի կապակցությամբ է նա հրավիրվել, և նախազգուշացնում է հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականության, ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Փորձագետին հայտնվում է նաև, որ իր տված ցուցմունքը կարող է քրեական վարույթի ընթացքում օգտագործվել որպես ապացույց:

 

 Հոդված 220. Տուժողի հարցաքննությունը

 

1. Տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կանոններով:

2. Հարցերն ավարտելուց հետո տուժողին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, տուժողի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

3. Եթե տուժողը հարցաքննության է ներկայացել լիազոր ներկայացուցչի հետ, ապա նա իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու տուժողին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու տուժողին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու լիազոր ներկայացուցչի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` տուժողի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

4. Այն դեպքում, երբ տվյալ վարույթի շրջանակներում տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, նրա հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

 

 Հոդված 221. Մեղադրյալի հարցաքննությունը

 

1. Մեղադրյալը կարող է հարցաքննվել իրեն ներկայացված մեղադրանքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ:

2. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք ներկայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Մեղադրյալը հարցաքննվում է այլ անձանցից անջատ:

3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին պարզաբանում է պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվելու նրա իրավունքը և մեղադրյալին տրամադրում սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքների և պարտականությունների ցանկը, եթե այն մինչ այդ մեղադրյալին չէր տրամադրվել: Այդ փաստը հաստատվում է մեղադրյալի ստորագրությամբ: Քննիչը մեղադրյալին բացատրում է նաև լռելու նրա իրավունքը, պարզաբանում, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, ինչպես նաև հայտնում է, որ նրա ցուցմունքը քրեական վարույթի ընթացքում կարող է օգտագործվել որպես ապացույց: Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության և նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ փաստը հավաստվում է մեղադրյալի ստորագրությամբ:

4. Մինչև հարցեր տալը քննիչը պարզում է, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է ներկայացված մեղադրանքում: Հարցերն ավարտելուց հետո մեղադրյալին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, մեղադրյալի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

5. Եթե մեղադրյալի հարցաքննությանը մասնակցում է նրա պաշտպանը, ապա նա իրավունք ունի քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու մեղադրյալին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Պաշտպանն իրավունք ունի հարցեր տալու մեղադրյալին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու պաշտպանի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` մեղադրյալի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ պաշտպանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

6. Առաջին հարցաքննությունից հետո մեղադրյալը կարող է հարցաքննվել լրացուցիչ հանգամանքներ պարզաբանելու նպատակով:

 

 Հոդված 222. Ձերբակալվածի հարցաքննությունը

 

1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ձերբակալված անձը կարող է հարցաքննվել իրեն վերագրվող արարքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ:

2. Ձերբակալվածի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Հարցաքննությունից առաջ ձերբակալվածին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է ձերբակալվածի մասնակցությամբ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով ձերբակալվածին և նրա պաշտպանին: Ամեն դեպքում, պաշտպանի հետ տեսակցության տևողությունը չի կարող սահմանափակվել ավելի քան 2 ժամով:

4. Ձերբակալվածի հարցաքննությանը պաշտպանի չներկայանալու դեպքում պաշտպան է նշանակվում սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով, որն ինքնին չի սահմանափակում նախկինում ներգրավված պաշտպանի մասնակցությունը վարույթին:

 

 

Հոդված 223. Հարցաքննության արձանագրությունը

 

1. Հարցաքննվող անձի ցուցմունքներն արձանագրվում են առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխաններն արձանագրվում են նույն հաջորդականությամբ, ինչ որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք հանվել են քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Ցուցմունք տալուց կամ հարցերին պատասխանելուց հրաժարվելու հիմքը կամ պատճառը նշվում է արձանագրությունում:

2. Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքներն արձանագրելու անձամբ, որի մասին քննիչը նշում է արձանագրությունում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:

3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ արտավարութային փաստաթղթեր, կամ հրապարակվում են ապացուցողական այլ գործողությունների արձանագրություններ, կամ վերարտադրվում են ձայնագրման, տեսագրման կամ տեսաձայնագրման նյութեր, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունում պետք է շարադրվեն նաև դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:

4. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվողի կողմից կատարվել են նշումներ, կազմվել են սխեմաներ, գծագրեր, նկարներ, ապա դրանք հարցաքննվողի ստորագրությամբ կցվում են արձանագրությանը, և այդ մասին նշվում է արձանագրությունում:

5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի և հարցաքննության մյուս մասնակիցների ծանոթացմանը, կամ նրանց խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայտարարությունները շարադրվում են արձանագրության մեջ:

6. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը և հարցաքննության մյուս մասնակիցները հավաստում են ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձն ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:

7. Հարցաքննության տեսաձայնագրման դեպքում ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները, ինչպես նաև հարցաքննության ընթացքում կատարված մյուս գործողություններն ամրագրվում են միայն տեսաձայնագրմամբ։

8. Հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում և դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաև շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաև առկայության դեպքում դրան է կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած և ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը: Տեսաձայնագրության շարժական կրիչում պահվելու դեպքում այն կցվում է արձանագրությանը: Ցուցմունքի վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը:

(223-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 224. Առերեսումը

 

1. Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ:

2. Առերեսումը կատարվում է հարցաքննության` սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Մինչև առերեսվողներին հարցեր տալը քննիչը պարզում է, թե արդյոք նրանք ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Դրանից հետո քննիչն առերեսվողներին տալիս է նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները պարզաբանող հարցեր: Քննիչի հարցերն ավարտվելուց հետո առերեսվողները, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հարցաքննության ժամանակ հարցեր տալու իրավունք ունեցող անձինք կարող են հարցեր տալ առերեսվողներին:

4. Առերեսվողների նախորդ ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տալուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո, իսկ եթե առերեսվողն օգտվում է սույն օրենսգրքով սահմանված լռելու իրավունքից, ապա այդ մասին արձանագրության մեջ նշում կատարելուց հետո:

5. Առերեսման արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Հոդված 225. Ցուցմունքը տեղում ստուգելը

 

1. Ցուցմունքը տեղում ստուգելը նախապես հարցաքննված ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից իր ցուցմունքի պարզաբանումն է այն վայրում, որտեղ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրված են եղել այդ ցուցմունքում:

2. Տեղում ցուցմունքի ստուգումն սկսելուց առաջ քննիչը նախապես հարցաքննված անձին առաջարկում է ցույց տալ այն վայրը, որտեղ պետք է ստուգվի նրա ցուցմունքը, այնուհետև տեղում վերարտադրել ստուգման ենթակա ցուցմունքը` զուգահեռաբար կատարելով որոշակի գործողություններ և մատնացույց անելով վարույթի համար նշանակություն ունեցող հետքերը, առարկաներն ու փաստաթղթերը:

3. Արգելվում է նույն տեղում մեկից ավելի անձանց ցուցմունքների միաժամանակյա ստուգումը:

4. Ցուցմունքը տեղում ստուգելու արդյունքներն արձանագրելուց հետո, եթե նախկին ցուցմունքի և տեղում դրա ստուգման արդյունքների միջև առկա է հակասություն, քննիչն իրավասու է հակասության պատճառը պարզելու նպատակով լրացուցիչ հարցաքննելու ցուցմունք տված անձին:

 

Հոդված 226. Զննումը

 

1. Զննումը վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու նպատակով տեղանքի, շինության, տրանսպորտային միջոցի, առարկայի, փաստաթղթի բովանդակության, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի տեսողական ուսումնասիրությունն է:

2. Բնակարանում զննումը, բացառությամբ դեպքի վայրի սկզբնական զննության, կարող է կատարվել բացառապես դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում:

3. Զննության ընթացքում զննության ենթակա օբյեկտները կարող են տեսողական դիտարկման համար մատչելի դարձվել տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև կարող են կատարվել զննվող վայրի կամ առանձին առարկաների չափումներ, կազմվել հատակագծեր, գծագրեր, սխեմաներ: Այդ մասին նշվում է արձանագրության մեջ, իսկ կազմված առանձին փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:

4. Տեղանքի, շինության, դրանց տարածքում գտնվող առարկայի, տրանսպորտային միջոցի զննումը հնարավորության դեպքում կատարվում է դրա սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ:

5. Դիակի կամ դրա առանձին մասերի զննումը կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ: Չճանաչված դիակները ենթակա են լուսանկարման և մատնադրոշմման:

6. Հանրամատչելի համակարգչային ծրագրերի, համացանցային կայքերի, թվայնացված տվյալների զննությունից առաջ քննիչը համակարգչային եղանակով պատճենում է զննվող օբյեկտները, ըստ անհրաժեշտության պատրաստում դրանց թղթային պատճենները և այդ մասին նշում արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող թղթային պատճենները (երբ դա հնարավոր է և անհրաժեշտ վարույթի համար) ստորագրվում են զննության մասնակիցների կողմից և համակարգչային պատճենի հետ միասին կցվում արձանագրությանը:

7. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ փորձագետի օգնությամբ վերցնում է հետքեր, առարկաներ, փաստաթղթեր, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Քննիչն ամեն դեպքում վերցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանառությունից հանված կամ ապօրինի շրջանառության մեջ գտնվող օբյեկտները՝ անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից:

8. Այլ քննչական գործողության ժամանակ հայտնաբերված օբյեկտների զննումը կատարվում է այդ քննչական գործողության ընթացքում, իսկ զննման արդյունքներն ամրագրվում են տվյալ քննչական գործողության արձանագրության մեջ:

(226-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 227. Քննումը

 

1. Քննումը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայությունը պարզելու նպատակով կատարվող տեսողական ուսումնասիրությունն է: Քննիչն իրավասու է կատարելու քննում, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:

2. Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող քննմանը, քննվողի մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայության պարզումը քննիչի հանձնարարությամբ կատարում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետը: Այդ ստուգման արդյունքները փորձագետը շարադրում է տեղեկանքում, որը, որպես հավելված, կցվում է արձանագրությանը:

 

Հոդված 228. Փորձարարությունը

 

1. Փորձարարությունը վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք ստուգելու նպատակով փորձերի և այլ հետազոտական գործողությունների կատարումն է:

2. Փորձարարության կատարման պայմանները պետք է հնարավորինս մոտ լինեն ստուգման ենթակա հանգամանքին: Պատահական արդյունքից խուսափելու նպատակով քննչական փորձարարության բովանդակությունը կազմող փորձերն ու հետազոտական գործողությունները կարող են կատարվել մի քանի անգամ:

 

Հոդված 229. Ճանաչման ընդհանուր պայմանները

 

1. Ճանաչումը որոշակի անձի կամ օբյեկտի (առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի) ինքնությունը կամ նույնությունը պարզելու նպատակով այդ անձին կամ օբյեկտը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ընկալմանը ներկայացնելն է:

2. Մինչև ճանաչումը քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է ճանաչվող անձի կամ օբյեկտի հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողն ընկալել է այդ անձին կամ օբյեկտը:

3. Ճանաչում չի կատարվում, իսկ կատարված ճանաչումը չի կարող համարվել իրավաչափ, եթե հարցաքննվելիս ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվող անձի կամ օբյեկտի նույնացման համար:

4. Կրկնակի ճանաչումն անթույլատրելի է: Ճանաչում չի կատարվում նաև այն դեպքում, երբ ճանաչողը վարույթի ընթացքում տեսել է ճանաչվող անձին կամ օբյեկտը:

5. Ճանաչման արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձի կամ առարկայի նկարագրությունը, ինչպես նաև այն հատկանիշները, որոնցով կատարվել է ճանաչումը: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով ճանաչում կատարելու դեպքում արձանագրությանը կցվում է նաև ճանաչման տեսաձայնագրությունը:

 

Հոդված 230. Անձի ճանաչումը

 

1. Անձը կարող է ճանաչվել արտաքին հատկանիշներով, ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով:

2. Անձը ճանաչման է ներկայացվում նույն սեռի և արտաքինով իրեն հնարավորինս նման առնվազն երեք այլ անձանց հետ: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով ճանաչումն իրականացվում է ճանաչման ենթակա հատկանիշին հնարավորինս նման հատկանիշ ունեցող, նույն սեռի և արտաքինով հնարավորինս նման երեք այլ անձանց մասնակցությամբ: Ձայնով ճանաչումն իրականացվում է ճանաչվողի ձայնին հնարավորինս նման ձայն ունեցող երեք այլ անձանց մասնակցությամբ: Ճանաչման պայմանները պետք է հնարավորինս մոտ լինեն այն պայմաններին, որոնցում ճանաչողն ընկալել է ճանաչման ներկայացված անձին:

3. Եթե անձին ճանաչման ներկայացնելն անհնար է, կամ ճանաչվողի հատկանիշներն էապես փոխված լինելու հետևանքով աննպատակահարմար է, ապա ճանաչումը կարող է կատարվել համապատասխան հատկանիշներով ճանաչվողին նման առնվազն երեք այլ անձանց լուսանկարներով, տեսագրություններով, տեսաձայնագրություններով կամ ձայնագրություններով:

4. Ճանաչումն սկսելուց անմիջապես առաջ քննիչը ճանաչողի բացակայությամբ ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել իր ցանկացած տեղը: Այնուհետև ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն անձին, որին նա կարող է ճանաչել, և բացատրել, թե ինչ հատկանիշներով ճանաչեց այդ անձին:

5. Քննիչի նախաձեռնությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:

 

Հոդված 231. Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը

 

1. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է առնվազն երեք միատեսակ այլ առարկաների շարքում: Այն առարկայի ճանաչումը, որին նման առարկաներ անհնար կամ դժվար է ձեռք բերել, ինչպես նաև փաստաթղթի, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի, դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում են ներկայացված մեկ օբյեկտով:

2. Մինչև առարկան ճանաչման ներկայացնելն այն կարող է մաքրվել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյութերից, եթե դա բացասաբար չի ազդի ճանաչման արդյունքի վրա:

3. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը ողջ է տեսել, ապա թույլատրվում է հանգուցյալին շպար անել: Դիակի կամ դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ:

4. Եթե ճանաչվող առարկան ճանաչողին է ներկայացվել այլ առարկաների շարքում, ապա ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն առարկան, որը նա կարող է ճանաչել:

5. Ճանաչողին առաջարկվում է բացատրել, թե ինչ հատկանիշներով է ճանաչել առարկան, փաստաթուղթը, կենդանուն կամ դիակը:

 

Հոդված 232. Տեղեկատվության պահանջը

 

1. Տեղեկատվության պահանջը քննիչի գրավոր դիմումն է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձին կամ ցանկացած այլ կազմակերպությանը:

2. Տեղեկատվության պահանջը պարտադիր է դրա հասցեատիրոջ համար, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) հայցվող տեղեկությունն օրենքով պաշտպանվող գաղտնիք է.

2) լրատվական գործունեություն իրականացնողը կամ լրագրողը չի ցանկանում բացահայտել տեղեկատվության աղբյուրը.

3) պահանջվում են առանձին փաստաթղթեր, առարկաներ կամ այլ նյութեր.

4) անձը ենթադրում է, որ դա հետագայում ողջամտորեն կարող է օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի:

3. Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաև՝

1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները.

2) հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները.

3) համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը և տևողությունը, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի անհատականացման տվյալները, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տվյալները կարող են պահանջվել`

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) տուժողի կամ վկայի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրա ցուցմունքը ստուգելու համար:

5. Հայցվող տեղեկությունը քննիչի սահմանած ժամկետում տրամադրվում է տեղեկանքի ձևով, որը, որպես հավելված, կցվում է տեղեկատվության պահանջի արձանագրությանը:

 

Հոդված 233. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը

 

1. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը ցանկացած անձի կամովին ներկայացրած և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաստաթղթերը քննիչի կողմից վարույթի նյութերին կցելն է: Քննիչը պարտավոր է վարույթի նյութերին կցել վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը:

2. Առարկան կամ փաստաթուղթը վարույթի նյութերին կցելու դեպքում կազմվում է արձանագրություն, որտեղ նկարագրվում է ներկայացված առարկան կամ փաստաթուղթը և նշվում ներկայացնողի պարզաբանումն այն ձեռք բերելու հանգամանքների մասին:

3. Եթե առարկան կամ փաստաթուղթը ներկայացվում է այլ քննչական գործողության ընթացքում, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունները մտցվում են համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ, իսկ տվյալ առարկան կամ փաստաթուղթը կցվում է այդ քննչական գործողության արձանագրությանը:

 

Հոդված 234. Խուզարկության ընդհանուր պայմանները

 

1. Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է:

2. Խուզարկությանն իրավունք ունի ներկա լինելու խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողը կամ նրա ներկայացուցիչը, որի մասին նրանց տեղեկացնում է վարույթն իրականացնող մարմինը: Եթե խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողը կամ նրա ներկայացուցիչը ցանկություն է հայտնել մասնակցել խուզարկությանը, ապա նրա ներկայությունը չի կարող խոչընդոտվել:

3. Խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել որոշման պատճենը:

4. Խուզարկության որոշման մեջ նշվում են այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է խուզարկություն կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև որոնվող օբյեկտը, տվյալը կամ անձը, խուզարկություն կատարելու ժամանակը և տեղը:

5. Խուզարկություն կատարող անձի բոլոր գործողությունները պետք է տեսանելի լինեն խուզարկությանը ներկա անձանց: Խուզարկությանը ներկա անձը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն հետևելու քննիչի գործողություններին, անելու հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

6. Խուզարկություն կատարելիս քննիչը միջոցներ է ձեռնարկում, որ խուզարկության օբյեկտին վնաս չհասցվի:

7. Վերցված բոլոր օբյեկտները ներկայացվում են խուզարկության մասնակիցներին, փաթեթավորվում և կնքվում են:

8. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր օբյեկտները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանված են շրջանառությունից կամ գտնվում են ապօրինի շրջանառության մեջ՝ անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, կամ որոնք իրենց բնույթով, բովանդակությամբ, տարբերակիչ նշաններով կամ իրենց վրա առկա հետքերով կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ:

 

Հոդված 235. Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը

 

1. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք խուզարկության որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը:

2. Եթե 234-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք ներկա չեն խուզարկությանը, ապա այն կատարվում է համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

3. Մեղադրյալի բնակարանում կամ նրան պատկանող կամ նրա տիրապետման ներքո գտնվող շինությունում կամ տեղանքում խուզարկությունը կատարվում է մեղադրյալի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են նրա ներկայությունը խոչընդոտող օբյեկտիվ պատճառներ, կամ երբ խուզարկությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու նպատակով նրան նախապես խուզարկության մասին տեղեկացնելը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքով ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման:

4. Խուզարկություն կատարելիս քննիչն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ բնակարանները, շինություններն ու պահեստարանները, եթե շահագրգիռ անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:

5. Քննիչն իրավասու է խուզարկության վայրում գտնվող անձանց արգելելու հեռանալու այդ վայրից, հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ, ինչպես նաև թույլ չտալու այլ անձանց մուտքը խուզարկության վայր մինչև խուզարկության ավարտը:

 

Հոդված 236. Թվային խուզարկությունը

 

1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է:

2. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը:

3. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ:

 

Հոդված 237. Անձնական խուզարկությունը

 

1. Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր:

2. Առանց առանձին որոշման` անձնական խուզարկության կարող է ենթարկվել`

1) հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատությունից նրան փաստացի զրկելու պահին կամ բերելուց անմիջապես հետո.

2) մեղադրյալը` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ազատությունից նրան փաստացի զրկելու պահին.

3) բնակարանում կամ այլ վայրում խուզարկությանը մասնակցող անձը, եթե այդ ընթացքում ի հայտ են գալիս հիմքեր ողջամտորեն ենթադրելու, որ այդ անձն իր մոտ կարող է ունենալ այն առարկաները, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվում է խուզարկությունը, կամ այնպիսի իրեր, որոնք ողջամտորեն վկայում են ենթադրյալ հանցանքի կատարման մասին:

3. Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությանը, խուզարկվողի հագուստի մեջ կամ նրա մարմնի վրա ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի կամ խուզարկվողի հետ նույն սեռի այլ քննիչի կամ հետաքննիչի կողմից:

 

Հոդված 238. Խուզարկության արձանագրությունը

 

1. Խուզարկության ընթացքում ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրա քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:

2. Եթե որոնվող օբյեկտը կամ անձը հանձնվել է կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Եթե եղել են որոնվող կամ հայտնաբերված օբյեկտները ոչնչացնելու կամ թաքցնելու, որոնվող անձի փախուստի կամ թաքնվելու փորձեր, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

3. Եթե անձնական խուզարկության ընթացքում առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվել է այլ անձի կողմից, ապա արձանագրությանը կցվում է որոնման արդյունքներն արտացոլող` այդ անձի կազմած տեղեկանքը:

4. Խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին, որի ներկայությամբ կատարվել է խուզարկությունը, իսկ նրանց բացակայության դեպքում` այն համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որը մասնակցել է խուզարկությանը: Անձնական խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկվողին։

 

Հոդված 239. Առգրավումը

 

1. Առգրավումը վարույթի համար նշանակություն ունեցող և ստույգ հայտնի տեղում կամ անձի մոտ գտնվող որոշակի առարկաներ, նյութեր, թվային տվյալներ կամ փաստաթղթեր քննիչի նախաձեռնությամբ վերցնելն է:

2. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավման կարգը համաձայնեցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի հետ:

3. Նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը կարող է կատարվել, եթե համապատասխան հաղորդակցությունը վերաբերում է՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:

4. Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաները կարող են առգրավվել միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին.

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին:

5. Առգրավման որոշման մեջ նշվում են այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է առգրավում կատարելու անհրաժեշտություն, առգրավման ենթակա օբյեկտը, առգրավում կատարելու ժամանակը և տեղը:

6. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք առգրավման որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի առգրավումը:

7. Առգրավումը կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:

8. Առգրավման որոշման պատճենը հանձնելուց և որոշումը հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է ներկայացնել առգրավման ենթակա օբյեկտը: Բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաները ներկայացնելուց առանց ողջամիտ հիմնավորման հրաժարվելու դեպքում քննիչն իրավասու է դրանք հայտնաբերելու նպատակով կատարելու որոնողական գործողություններ: Այլ դեպքերում առգրավման որոշման հիման վրա որոնողական գործողությունների կատարումն արգելվում է:

9. Եթե առգրավման ենթակա առարկան կամ փաստաթուղթը գտնվում է այլ քրեական, դատական կամ վարչական վարույթի նյութերում, ապա քննիչին տրամադրվում է տվյալ առարկայի լուսանկարը կամ փաստաթղթի պատճենը` վարույթն իրականացնողի ստորագրությամբ: Առարկայի կամ փաստաթղթի բնօրինակը քննիչին տրամադրվում է միայն փորձաքննություն կատարելու նպատակով և դրա ավարտից հետո ենթակա է վերադարձման:

10. Էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալներն առգրավվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը։

11. Առգրավված բոլոր օբյեկտները ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաթեթավորվում և կնքվում քննիչի կնիքով:

12. Առգրավման արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, որի մոտ կատարվել է առգրավումը: Եթե առգրավումը կատարվել է իրավաբանական անձի, հիմնարկի կամ զորամասի տարածքում, ապա արձանագրության պատճենը հանձնվում է դրա ներկայացուցչին:

 

Հոդված 240. Արտաշիրմումը

 

1. Արտաշիրմումը կոնկրետ տեղում դիակի առկայության փաստը պարզելու, հանգուցյալի հետ թաղված և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու, ինչպես նաև դիակը և այդ առարկաները զննելու, ճանաչման ներկայացնելու, հետազոտման համար նմուշներ վերցնելու, փորձաքննություն կատարելու նպատակով թաղման տեղը բացելն է:

2. Արտաշիրմում կատարելու մասին քննիչի որոշման մեջ պետք է նշվեն այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով պետք է կատարվի արտաշիրմումը, հանգուցյալի վերաբերելի տվյալները, արտաշիրմման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, արտաշիրմման նպատակը, այն կատարելու ժամանակը և տեղը:

3. Արտաշիրմման մասին որոշումը և այն բողոքարկելու իրավունքի, դրա ժամկետի ու կարգի վերաբերյալ ծանուցումը քննիչը հանձնում է հանգուցյալի մերձավոր ազգականներից որևէ մեկին: Մինչև արտաշիրմում կատարելը հանգուցյալի մերձավոր ազգականն իրավունք ունի արտաշիրմման մասին քննիչի որոշումը բողոքարկել հսկող դատախազին` որոշումը հանգուցյալի մերձավոր ազգականներից որևէ մեկին հանձնելու պահից եռօրյա ժամկետում:

4. Արտաշիրմման մասին քննիչի որոշումը հսկող դատախազին բողոքարկելու դեպքում արտաշիրմումը չի կարող կատարվել մինչև հսկող դատախազի կողմից այդ բողոքի լուծումը:

5. Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ: Արտաշիրմմանը տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է: Արտաշիրմմանն իրավունք ունի մասնակցելու հանգուցյալի որևէ մերձավոր ազգական:

6. Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապացուցողական գործողությունները կատարելու նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 241. Գաղտնի քննչական գործողությունների տեսակները

 

1․Գաղտնի քննչական գործողություններն են`

1) ներքին դիտումը.

2) արտաքին դիտումը.

3) նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը.

4) թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը.

5) ֆինանսական գործարքների վերահսկումը.

6) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը:

 

Հոդված 242. Գաղտնի քննչական գործողությունների կատարման հիմքը և պայմանները

 

1. Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է:

2. Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է քննիչի հանձնարարությամբ` դատարանի որոշման հիման վրա:

3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:

4. Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 243. Գաղտնի քննչական գործողությունների իրավաչափության երաշխիքները

 

1. Եթե գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ձեռք են բերվել անձի վերաբերյալ տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողությունն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք քրեական վարույթում չեն կարող օգտագործվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննության մարմինը գործել է դատարանի որոշման հիման վրա և բարեխղճորեն: Այդ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

2. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել`

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.

4) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:

3. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքով ստացվելիք տեղեկությունները ողջամտորեն կարող են վերաբերել՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր․

2) մեղադրյալին․

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և ստացվելիք տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին.

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կարող է կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և ստացվելիք տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին:

4. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել բացառապես այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

5. Անկախ կարգավիճակից` նույն անձի նկատմամբ սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված որևէ գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը նույն վարույթով չի կարող գերազանցել տասներկու ամիսը: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երեք ամիսը չգերազանցող ժամկետով:

6. Գաղտնի քննչական գործողությունը դադարեցվում է, եթե`

1) վերացել է դրա անհրաժեշտությունը.

2) ավարտվել է նախաքննությունը.

3) լրացել է իրավասու դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը կամ գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը:

7. Արգելվում է կատարել սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ գործողությունը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Ամեն դեպքում, այդ հաղորդակցության վերահսկման արդյունքով ստացված տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:

8. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը նույն անձի նկատմամբ միևնույն անձի տված ցուցմունքի հիման վրա կարող է կատարվել միայն մեկ անգամ:

9. Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում հատուկ տեխնիկական միջոցների գործադրումը չպետք է վնաս պատճառի մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

10. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և գաղտնի քննչական գործողությունների կատարումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

(243-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 244. Գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին քննիչի հանձնարարությունը

 

1. Գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին քննիչի հանձնարարությունը տրվում է գրավոր և պետք է պարունակի տվյալներ քրեական վարույթի մասին, որի շրջանակներում պետք է կատարվի գաղտնի քննչական գործողությունը, տվյալներ հանձնարարությունը տվողի, հանձնարարությունը կատարող մարմնի վերաբերյալ, կատարման ենթակա գաղտնի քննչական գործողության տեսակը, կատարման վերաբերելի պայմանները և տևողությունը, տեղեկություններ, թե երբ և ում պետք է ներկայացվեն դրա արդյունքները:

2. Գաղտնի քննչական գործողություն կատարելու հանձնարարությանը կցվում է գաղտնի քննչական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշման պատճենը:

 

Հոդված 245. Գաղտնի քննչական գործողության արձանագրությունը

 

1. Գաղտնի քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն արձանագրում է այն կատարող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն գաղտնի քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, այն կատարող հետաքննիչի, գաղտնի քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև ֆիզիկական այն անձի (կամ նրա օրինական ներկայացուցչի) անունը և ազգանունը, իրավաբանական այն անձի անվանումը և գտնվելու վայրը, որոնց վրա տարածվում են գաղտնի քննչական գործողության արդյունքով ձեռք բերված տեղեկությունները, գաղտնի քննչական գործողության ընթացքում ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված հատուկ տեխնիկական միջոցները, ինչպես նաև գործողության հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունն ստորագրում է (են) գաղտնի քննչական գործողությունը կատարող պաշտոնատար անձը (անձինք):

2. Հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրության մեջ պետք է բառացի վերարտադրվի ձայնագրությունը:

3. Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, էլեկտրոնային տեղեկատվության կրիչները, ձայներիզները, տեսաերիզները, դիապոզիտիվները, գծագրերը, պլանները, որոնք կազմվել կամ պատրաստվել են գաղտնի քննչական գործողության ընթացքում, կցվում են դրա արձանագրությանը:

4. Գաղտնի քննչական գործողությունը կատարող պաշտոնատար անձի, գաղտնի քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոններն արձանագրության մեջ կարող են չնշվել, եթե դրանով կարող են բացահայտվել հետաքննության մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները կամ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք:

5. Գաղտնի քննչական գործողության արձանագրությունը հետաքննության մարմինը փոխանցում է այդ գործողությունը կատարելու հանձնարարություն տված քննիչին, իսկ համապատասխան պահանջի դեպքում՝ նաև հսկող դատախազին: Արձանագրությունն այլ մարմինների կամ անձանց փոխանցել չի թույլատրվում:

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 246. Ներքին դիտումը

 

1. Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է` տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:

 

Հոդված 247. Արտաքին դիտումը

 

1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման, հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է բաց տարածությունում, հանրային վայրում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:

 

Հոդված 248. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը

 

1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս փոստային կապի օպերատորները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել սույն գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

 

Հոդված 249. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը

 

1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:

2. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են`

1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը․

2) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը, համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը:

3. Պահպանված գաղտնի թվային տվյալները ենթակա են անհապաղ ոչնչացման, եթե դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո՝ 90 օրվա ընթացքում, հետաքննության մարմինը դրանք չի վերցրել:

4. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել գաղտնի քննչական գործողության կատարման համար անհրաժեշտ այլ պայմաններ:

 

Հոդված 250. Ֆինանսական գործարքների վերահսկումը

 

1. Ֆինանսական գործարքների վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող` անձի ֆինանսական գործարքների գաղտնի դիտարկումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել գաղտնի քննչական գործողության կատարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

 

Հոդված 251. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

 

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան հետաքննության մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:

2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է կատարվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար, բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի արժանահավատ ցուցմունքի հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենսգրքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ և 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գաղտնի քննչական գործողության ընթացքը և արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 252. Փորձաքննության նպատակը և սահմանները

 

1. Փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ:

2. Փորձաքննությունը կատարվում է անկախ վարույթին ներգրավված այլ անձանց մոտ հատուկ գիտելիքների առկայությունից:

3. Անչափահաս տուժողի կամ վկայի նկատմամբ փորձաքննություն կատարվում է միայն նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 253. Փորձաքննություն կատարելու հիմքը

 

1. Փորձաքննությունը կատարվում է քննիչի որոշման հիման վրա:

2. Փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է նշվեն`

1) այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով պետք է կատարվի փորձաքննությունը.

2) փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող տվյալները.

3) փորձագիտական կազմակերպության անվանումը կամ այն անձի անունը և ազգանունը, որին հանձնարարվում է փորձաքննության կատարումը.

4) փորձագետին առաջադրվող հարցերը.

5) փորձաքննության համար անհրաժեշտ և փորձագետին տրամադրվող վարույթի վերաբերելի նյութերը:

3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները նշվում են նաև վարույթի մասնավոր մասնակցի կողմից փորձաքննություն նախաձեռնելու կապակցությամբ կազմվող փաստաթղթում։

 

Հոդված 254. Փորձաքննության համար նմուշ ստանալը

 

1. Մինչև փորձաքննություն նշանակելը կամ դրա կատարման ընթացքում քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագետը, սույն օրենսգրքի 28-րդ գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ, իրավասու է վերցնելու մարդու, դիակի, կենդանու, նյութի կամ այլ օբյեկտի հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձաքննության կատարման համար:

2. Նմուշ կարող են լինել`

1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.

2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ.

3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները.

4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.

5) ձայնագրությունը.

6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.

7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.

8) այլ նյութեր և առարկաներ:

3. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին որոշումը կայացնում է քննիչը: Այդ որոշման մեջ պետք է նշվեն`

1) նմուշ ստացող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

2) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նրա անունը, ազգանունը և կարգավիճակը.

3) եթե նմուշը ստացվում է նյութից կամ այլ օբյեկտից, ապա դրա գտնվելու վայրը և դրա մասին այլ վերաբերելի տվյալներ.

4) ստացման ենթակա նմուշի տեսակը, չափը կամ քանակը.

5) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նմուշ հանձնելու համար նրա ներկայանալու տեղը և ժամանակը.

6) նմուշը ստանալու նպատակը:

4. Քննիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով անձին հրավիրում է իր մոտ կամ վերջինիս ներկայանալու անհնարինության դեպքում գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը և բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները:

5. Նմուշի ստացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները քննիչը կատարում է համապատասխան բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ:

6. Բացառությամբ մարդուց ստացվող նմուշների, քննիչը կարող է փորձաքննության համար նմուշ ստանալ նաև քննչական գործողության ընթացքում:

7. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին արձանագրությունում, սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված տվյալները նշելուց բացի, քննիչը կամ փորձագետը նկարագրում է նաև ստացված նմուշները: Ստացված նմուշները պատշաճ փաթեթավորվում են, կնքվում և կցվում են արձանագրությանը:

 

Հոդված 255. Փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքները

 

1. Փորձաքննության կատարման կապակցությամբ վարույթի այն մասնավոր մասնակիցը, որի իրավաչափ շահերին առերևույթ առնչվում է փորձաքննությունը, իրավունք ունի`

1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալու փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալու սույն հոդվածով սահմանված իր իրավունքների պարզաբանում.

2) փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում բացարկ հայտնելու փորձագետին, միջնորդելու, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ` հիմնավորելով այդ անձի մասնագիտական ձեռնհասությունը, միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր.

3) քննիչի թույլտվությամբ և փորձագետի համաձայնությամբ ներկա լինելու փորձաքննության կատարմանը.

4) պարզաբանումներ տալու փորձագետին.

5) փորձագետի եզրակացությունը քննիչին հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում ստանալու դրա պատճենը.

6) միջնորդելու, որ կատարվի փորձագետի հարցաքննություն, կամ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն.

7) մասնակցելու իր միջնորդությամբ կատարվող փորձագետի հարցաքննությանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից օգտվում է նաև`

1) այն անձը, որի նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը.

2) ցանկացած այլ անձ, որի իրավաչափ շահերին ակնհայտորեն առնչվում է փորձաքննությունը:

 

Հոդված 256. Փորձաքննության կատարման կարգը

 

1. Փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից:

2. Եթե փորձաքննությունը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանը, ապա փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը քննիչը ուղարկում է այդ փորձագիտական կազմակերպության ղեկավարին: Այդ դեպքում փորձաքննությունը կատարում է որոշման մեջ նշված փորձագետը, իսկ նշված չլինելու դեպքում` տվյալ փորձագիտական կազմակերպության այն փորձագետը, որին փորձաքննության կատարումը հանձնարարել է փորձագիտական կազմակերպության ղեկավարը:

3. Փորձագիտական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալու հանձնարարություններ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:

4. Եթե փորձաքննությունը հանձնարարված է որևէ փորձագիտական կազմակերպության փորձագետ չհանդիսացող անձի, ապա քննիչը, հավաստիանալով նրա ինքնության և մասնագիտական ձեռնհասության մեջ, փորձագետին է հանձնում փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը:

5. Քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագիտական կազմակերպության ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներին ու պարտականություններին:

6. Եթե առկա է վտանգ, որ փորձաքննության արդյունքում նմուշը կարող է վերանալ կամ հետագա հետազոտության համար դառնալ ոչ պիտանի, ապա փորձագետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել քննիչին: Այս դեպքում փորձաքննությունը կարող է կատարվել քննիչի համաձայնությամբ, և դա պետք է արտացոլվի նաև փորձագետի եզրակացության մեջ:

7. Քննիչն իրավասու է ներկա լինելու փորձաքննության կատարմանը, փորձագետից ստանալու նրա գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ:

8. Փորձագետի խնդրանքով քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում անհրաժեշտ աջակցություն ցույց տալ փորձագետին` փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար:

 

Հոդված 257. Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը

 

1. Հետազոտության բարդությունից ելնելով` քննիչն իրավասու է նշանակելու հանձնաժողովային փորձաքննություն, որը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից:

2. Եթե վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա քննիչը նշանակում է համալիր փորձաքննություն:

3. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանն առանց հանձնաժողովային կամ համալիր փորձաքննության պահանջի, ապա հիմնարկի ղեկավարը քննիչի համաձայնությամբ իրավասու է կազմակերպելու հանձնաժողովային կամ համալիր փորձաքննություն:

4. Եթե տվյալ փորձագիտական կազմակերպության փորձագետների թվում բացակայում են համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ կամ հմտություններ ունեցող փորձագետներ, ապա փորձագիտական կազմակերպության ղեկավարի առաջարկությամբ քննիչը կայացնում է լրացուցիչ որոշում, որով սահմանում է համալիր փորձաքննությանը ներգրավվող փորձագետների կազմը:

 

Հոդված 258. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը

 

1. Եթե փորձագետի եզրակացությունը թերի կամ անորոշ է, քննիչն իրավասու է նշանակելու լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ այլ փորձագետի:

2. Եթե փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել փորձաքննության ընթացքում օգտագործված ապացույցները, կամ խախտվել է փորձաքննության կատարման կարգը, ապա քննիչը պարտավոր է նշանակել կրկնակի փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետին կարող է առաջադրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը:

3. Քննիչի նախաձեռնությամբ նախկին փորձաքննությունը կատարած փորձագետը կարող է ներգրավվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության կատարմանը և տալ պարզաբանումներ, սակայն հետազոտական գործողությունների կատարմանը և եզրակացության ձևավորմանը նա չի մասնակցում:

 

Հոդված 259. Փորձագետի եզրակացության բովանդակությունը

 

1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է իր ստորագրությամբ հաստատված գրավոր եզրակացություն, որն ուղարկվում է քննիչին:

2. Փորձագետի եզրակացության մեջ նշվում են`

1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը.

2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները.

3) փորձաքննության կատարման հիմքը.

4) փորձաքննության տեսակը.

5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.

6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք.

7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների նկարագրությունը.

8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները.

9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

3. Եթե փորձագետին առաջադրված հարցերը դուրս են իր հատուկ գիտելիքների և հմտությունների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար, ապա փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորումը:

4. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելիս միասնական հետևության հանգելու դեպքում եզրակացությունն ստորագրում են փորձաքննությունը կատարած բոլոր փորձագետները: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` դրանում ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:

5. Համալիր փորձաքննության կատարման ընթացքում պարզված հանգամանքների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների և հմտությունների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը: Յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որն իր գիտական իրավասության սահմաններում է:

6. Փորձագետի եզրակացությանը փաթեթավորված և կնքված ձևով կցվում են քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետի հետևությունները պարզաբանող և հիմնավորող սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, տեսաձայնագրություններ:

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 8

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 260. Առարկայական ընդդատությունը

 

1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաև դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:

2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ բերված վերանայման բողոքներով վարույթների, որոնք ընդդատյա են վերաքննիչ hակակոռուպցիոն դատարանին:

3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:

(260-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, փոփ., խմբ. 23.12.22 ՀՕ-577-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 261. Տարածքային ընդդատությունը

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են այն վարույթները, որոնք վերաբերում են այդ դատարանի դատական տարածքում ենթադրաբար կատարված հանցանքներին` անկախ քննչական ենթակայության կանոններից:

2. Եթե վարույթը վերաբերում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատական տարածքներում ենթադրաբար կատարված երկու կամ ավելի հանցանքներին, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ենթադրաբար կատարվել է վերջին հանցանքը:

3. Եթե մինչդատական վարույթի ընթացքում հնարավոր չի եղել պարզել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը:

4. Այլ պետության տարածքում ենթադրաբար կատարված հանցանքի վերաբերյալ վարույթն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության կամ հաշվառման վերջին վայրը, իuկ եթե հնարավոր չի եղել այն պարզել, ապա այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթը վերջինն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը:

5. Տարածքային ընդդատությունը բոլոր մեղադրյալների համաձայնությամբ կարող է փոխվել, եթե վարույթի մասնավոր մասնակիցների և վկաների մեծամասնությունը բնակվում է առաջին ատյանի մեկ այլ դատարանի դատական տարածքում: Ընդդատությունը փոխելու որոշումն ընդունում է մեղադրանքը քննող դատարանը:

6. Դատական երաշխիքների վարույթներն ընդդատյա են մինչդատական վարույթն իրականացնող նախաքննության մարմնի նստավայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իսկ բացառիկ դեպքերում՝ նաև համապատասխան վարութային գործողության կատարման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, եթե դա չի հանգեցնի վարույթի մասնակիցների իրավունքների և իրավաչափ շահերի չարդարացված սահմանափակման:

7. Սույն հոդվածի 1-6-րդ մասերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:

(261-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, փոփ., լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 262. Ընդդատությունը վարույթները միացնելիս

 

1. Եթե մինչդատական վարույթում միացվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության տարբեր դատարաններին ընդդատյա երկու կամ ավելի վարույթներ, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ենթադրաբար կատարվել է վերջին հանցանքը:

2. Եթե մինչդատական վարույթում միացված վարույթներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթ է, ապա մեղադրանքը քննում է հակակոռուպցիոն դատարանը:

(262-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության

 

1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության:

2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության:

3. Մինչև վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ:

4. Վարույթն ըստ տարածքային ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ վարույթի տարածքային ընդդատությանը:

5. Վարույթն ըստ ընդդատության ստացած հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորը առարկայական ընդդատության հարցի որոշման համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են վարույթի առարկայական ընդդատության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:

7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի տարածքային ընդդատության հարցը։

8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերջնականապես լուծում են վարույթի առարկայական ընդդատության հարցը՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում։

9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:

(263-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  34

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 264. Դատական վարույթի իրականացման ձևը և վայրը

 

1. Դատական վարույթն իրականացվում է բանավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով:

2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է դատական նիստերի ձևով, որոնց ընթացքում, որպես կանոն, անցկացվում են դատալսումներ։ Դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), ինչպես նաև 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները։

4. Գրավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է առանց դատական նիստ անցկացնելու: Վարույթի մասնակիցներն իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը ներկայացնում են գրավոր՝ համապատասխան վարույթ հարուցելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշված ժամկետում։ Գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթով դրա մասնակիցները տեղեկացվում են միայն դատական ակտի կայացման օրվա մասին:

5. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։

6. Եթե վարույթի արդարացի իրականացումը պահանջում է վարութային գործողությունների կատարում այլ վայրում, ապա կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դատական նիստը կարող է անցկացվել դատական նիստերի դահլիճից դուրս։

 

Հոդված 265. Արտագնա դատական նիստը

 

1. Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը` հետևյալ դեպքերում`

1) բոլոր մեղադրյալները զինծառայող են.

2) բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, իսկ 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում:

3. Դատարանը մերժում է արտագնա դատական նիստ անցկացնելու միջնորդությունը, եթե`

1) դատական նիստը միջնորդված վայրում անցկացնելը կարող է անհամաչափ դժվարություններ առաջացնել վարույթի մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար կամ

2) միջնորդված վայրում ողջամտորեն հնարավոր չէ ապահովել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները:

 

Հոդված 266. Դատական նիստի կարգը

 

1. Մինչև դատարանի կազմի` դատական նիuտի դահլիճ մտնելը կամ դատական նիստի դահլիճից դուրս գալը դատական նիuտի քարտուղարը համապատասխանաբար հայտարարում է. «Ոտքի, Դատարանն է գալիu» կամ «Ոտքի, Դատարանը հեռանում է»: Նշված հայտարարություններից հետո դատական նիuտի դահլիճում բոլոր ներկաները ոտքի են կանգնում:

2. Համապատասխան որոշմամբ սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է, թե որ վարույթն է ենթակա քննության, ինչպես նաև հայտնում է դատավորի և դատական նիստի քարտուղարի անունը և ազգանունը: Այնուհետև դատական նիuտի քարտուղարը զեկուցում է դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին, ինչպեu նաև բացակայող անձանց չներկայանալու պատճառները: Դատական վարույթի որևէ մասնակցի չներկայանալու դեպքում դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորության հարցը:

3. Դատական վարույթի բոլոր մաuնակիցները դատարանին պարտավոր են դիմել հոտնկայս` «Պատվարժան Դատարան» արտահայտությամբ, ինչպես նաև դատական նիստի ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է միայն նախագահողի թույլտվությամբ:

4. Նախագահողն արգելում է ոչ պատշաճ հագուստով կամ վիճակում գտնվող անձի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:

5. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են վարույթի յուրաքանչյուր մաuնակցի և դատական նիստին ներկա յուրաքանչյուր անձի համար: Դատական նիստի կարգը խախտելու դեպքում դատարանն իրավասու է վարույթի մասնակցի և դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ:

 

Հոդված 267. Դատական նիստի դռնբացությունը

 

1. Դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը:

2. Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար՝

1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը.

2) անչափահասի լավագույն շահի պաշտպանությունը.

3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը.

4) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանությունը:

3. Եթե դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը պահանջում է քննարկում միայն կողմերի մասնակցությամբ, ապա հարցը քննարկվում է դռնփակ դատական նիստում:

4. Դատարանը բոլոր դեպքերում հրապարակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին որոշումը, ինչպես նաև դրա հիմքերը:

5. Վարույթին ներգրավված անձանց հետ մեկտեղ դռնփակ դատական նիստին դատարանի թույլտվությամբ կարող են ներկա լինել նաև այլ անձինք: Դատարանն իրավասու է դռնփակ դատական նիստին ներկա անձանց նախազգուշացնելու դրա ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության մասին:

(267-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 268. Դատական վարույթի բանավորությունն ու անմիջականությունը

 

1. Դատական նիստի ընթացքում դատարանի և դատական վարույթի մասնակիցների միջև բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները և հայտարարությունները կատարվում են բանավոր:

2. Բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը դատական նիստում ենթակա են անմիջական հետազոտման դատարանի և դատական վարույթի մասնակիցների կողմից:

3. Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված ապացույցները:

4. Սույն հոդվածը կիրառելի չէ գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթի նկատմամբ:

 

Հոդված 269. Դատարանի կազմի անփոփոխելիությունը և դատական վարույթի անընդհատությունը

 

1. Դատարանում վարույթը պետք է իրականացվի դատարանի նույն կազմով:

2. Վարույթին դատավորի մաuնակցության անհնարինության դեպքում նա փոխարինվում է տվյալ դատարանի այլ դատավորով: Բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն uկuվում է նորից:

3. Նախքան բանավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթն ավարտելը կամ դատալսումները հետաձգելը բանավոր ընթացակարգով այլ դատական վարույթ իրականացնել չի թույլատրվում:

 

Հոդված 270. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը

 

1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով դատական նիստին մասնակցող կողմերի կարծիքները:

2. Վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու, ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու, վարույթին մասնակցելուց ազատելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցն անթույլատրելի ճանաչելու, դատական տուգանք նշանակելու, վարույթից հեռացնելու մաuին որոշումները շարադրվում են առանձին փաuտաթղթի ձևով:

3. Մյուu բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին փաuտաթղթի ձևով կամ դրանք դատական նիuտի արձանագրության մեջ մտցնելով:

4. Դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաuտաթղթի ձևով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են կողմերին:

5. Վերդիկտը և վարույթը եզրափակող դատական ակտը կայացվում է առանձին սենյակում: Առանձին սենյակում կարող է ներկա լինել միայն տվյալ վարույթն իրականացնող դատավորը: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:

 

Գ Լ ՈՒ Խ  35

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 271. Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին

 

1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված բոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ:

2. Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձը պարտավոր է նախապես և պատշաճ կարգով դատարանին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինության և դրա պատճառների մասին:

3. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ` հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով:

3.1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:

4. Վերդիկտի և դատավճռի հրապարակման դատական նիստին վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ, բացառությամբ անազատության մեջ պահվող մեղադրյալի:

(271-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 272. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները

 

1. Մեղադրյալի մաuնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են:

2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով:

3. Դատական նիստն առանց մեղադրյալի մասնակցության կարող է անցկացվել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով, 271-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

4. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։

5. Դատական նիստը չի կարող անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։

 

Հոդված 273. Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները

 

1. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են:

2. Վարույթից հանրային մեղադրողին հեռացնելու կամ այլ պատճառով նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանրային մեղադրողը փոխարինվում է այլ դատախազով: Վարույթին ընդգրկված նոր հանրային մեղադրողին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրանքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախuված ժամանակը և այլ հանգամանքներ:

3. Դատական նիստին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են:

4. Պաշտպանին վարույթից հեռացնելու կամ այլ պատճառով վարույթին նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում դատարանը մեղադրյալին առաջարկում է հրավիրել նոր պաշտպան: Նոր պաշտպան չհրավիրվելու դեպքում դատարանը Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել այլ պաշտպան:

5. Վարույթին ընդգրկված նոր պաշտպանին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրյալի պաշտպանությունը նախապատրաստելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախuված ժամանակը և այլ հանգամանքներ:

 

Հոդված 274. Տուժողի, գույքային պատասխանողի, նրանց ներկայացուցիչների, մեղադրյալի օրինական ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները

 

1. Տուժողի, գույքային պատասխանողի, նրանց ներկայացուցիչների, մեղադրյալի օրինական ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) դատարանը համապատասխան անձին նախապես թույլատրել է չմասնակցել դատական նիստին.

2) դատարանը, լսելով կողմերի կարծիքը, գտնում է, որ համապատասխան անձի բացակայությունը խոչընդոտ չէ դատական նիստն անցկացնելու համար.

3) հրապարակվում է վերդիկտը կամ դատավճիռը:

2. Եթե այլ դեպքերում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանցից որևէ մեկը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են:

 

Հոդված 275. Վկայի, փորձագետի և թարգմանչի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները

 

1. Դատական նիստին հրավիրված որևէ վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում դատարանը, լuելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում դատական նիստը շարունակելու կամ դատալսումները հետաձգելու մաuին: Դատական նիստը շարունակվում է, եթե տվյալ դատական նիստին հրավիրված վկայի կամ փորձագետի բացակայությունը չի խոչընդոտի վարույթի արդարացի իրականացմանը:

2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում թարգմանչի մաuնակցությունը դատական նիստին պարտադիր է: Թարգմանչի չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են:

 

Գ Լ ՈՒ Խ  36

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Հոդված 276. Դատաքննության սահմանները

 

1. Առաջին ատյանի դատարանում վարույթն իրականացվում է միայն մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքով:

2. Մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի դատարանում կարող է փոփոխվել կամ լրացվել միայն հանրային մեղադրողի կողմից, եթե հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, և որոնք ինքնին կամ այլ փաստական հանգամանքների հետ միասին անհրաժեշտ են դարձնում մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացնելը:

3. Մինչև վերդիկտ կայացնելու համար առաջին ատյանի դատարանի` առանձին սենյակ հեռանալը հանրային մեղադրողն իրավասու է փոխելու մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

4. Դատարանն իրավասու է հաստատված կամ հերքված համարելու միայն մեղադրյալին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները: Վերդիկտ կայացնելիս դատարանը, դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից, կարող է փոխել մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը, եթե տարբերվող իրավական գնահատականի հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում քննարկել է կողմերի հետ:

 

Հոդված 277. Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը

 

1. Հանրային մեղադրողն առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանում է ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ: Սույն օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստական հանգամանքների առկայության դեպքում հանրային մեղադրողը միջնորդում է դատարանին ժամանակ տրամադրել` մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար: Նման միջնորդություն կարող է ներկայացվել մինչև եզրափակիչ ելույթներն սկսվելը:

2. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը մերժվում է միայն այն դեպքում, երբ այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պայմանների բացակայությամբ: Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը շարունակում է վարույթը:

3. Հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը հետաձգում է դատալսումները` ողջամիտ ժամկետ տրամադրելով մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար:

4. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում հանրային մեղադրողը կազմում է նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշում, որը փոխարինում է մեղադրական եզրակացությանը և պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշումը տրվում է դատարանին և դատական վարույթի մասնակիցներին: Դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ է տրամադրում մեղադրյալին և նրա պաշտպանին, տուժողին, գույքային պատաuխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

5. Եթե նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշումը կազմվել կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, ապա դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամկետ է տրամադրում այդ որոշումը սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Եթե դատարանի սահմանած ժամկետում սույն օրենսգրքի պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով` այդ մասին կայացնելով առանձին որոշում:

6. Եթե հիմնական դատալսումների ընթացքում բոլոր ապացույցների հետազոտումից հետո հանրային մեղադրողը գալիս է այն համոզման, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ կամ որոշակի մասով չի ապացուցվել, ապա եզրափակիչ ելույթում միջնորդում է դատարանին համապատասխանաբար ամբողջությամբ կամ որոշակի մասով արդարացնել մեղադրյալին:

7. Հաշվի առնելով մեղադրյալին արդարացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության հիմքը, հիմնավորումները և ծավալը, ինչպես նաև լսելով դրա վերաբերյալ վարույթի մյուս մասնակիցների կարծիքը` դատարանն իրավասու է եզրափակիչ դատական ակտում բավարարելու կամ մերժելու միջնորդությունը:

 

Հոդված 278. Դատալսումները հետաձգելը

 

1. Դատալսումները հետաձգվում են՝

1) եթե առկա է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու որևէ հիմք.

2) դատական նիuտին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա.

3) եթե դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է լուծել տվյալ վարույթով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցը.

4) եթե սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատական նիստի դահլիճից հեռացված վարույթի մասնակցի բացակայությամբ դատական նիստը շարունակելն անհնար է:

2. Դատալսումները դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող են հետաձգվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) նոր ապացույց ձեռք բերելու համար.

2) հանրային մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, ինչպես նաև պաշտպանության կողմին նոր մեղադրանքին ծանոթանալու և դրանից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկելու համար.

3) վերդիկտ կամ դատավճիռ կայացնելու համար.

4) եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում հետագա դատական նիստերին վարույթի համապատասխան մասնակցի ներկայությունն ապահովելու համար: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը դիմում է Սահմանադրական դատարան:

4. Դատալսումները հետաձգելու մասին դատարանը կայացնում է որոշում: Յուրաքանչյուր դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով վարույթը շարունակելուն խոչընդոտող հանգամանքների առանձնահատկությունը և դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցների բնույթը:

(278-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 279. Դատական նիստի արձանագրումը

 

1. Դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման: Արձանագրությունը դատական նիստի ընթացքում վարում է դատական նիuտի քարտուղարը՝ դրանում ներառելով բոլոր վարութային գործողությունները և որոշումները:

2. Դատական նիuտի դահլիճում արձանագրությունը վարվում է դատական նիuտի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը կատարվում է դատական նիuտերի դահլիճում իրականացվող վարութային գործողությունների և կայացվող որոշումների մաuին նշումների ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը uահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության դեպքում կամ դատական նիuտերի դահլիճից դուրu առանձին վարութային գործողություններ կատարելիu արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

4. Դատական նիuտի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են՝

1) դատական նիuտի վայրը, տարին, ամիuը, ամuաթիվը.

2) դատական նիuտը uկuելու և ավարտելու ժամը.

3) իրականացվող վարույթի տվյալները.

4) վարույթն իրականացնող դատարանի անվանումը և կազմը, դատական նիստին ներկա վարույթի մասնակիցները.

5) մեղադրյալի անձին վերաբերող տվյալները և կիրառված խափանման միջոցը.

6) վարութային գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել.

7) վարույթի մասնակիցների ելույթների, միջնորդությունների և հայտարարությունների համառոտ բովանդակությունը.

8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց առանձին փաստաթուղթ կազմելու.

9) հիշատակում որոշումներն առանձին uենյակում կայացված լինելու մաuին.

10) հիշատակում վարույթի մաuնակիցների իրավունքների և պարտականությունների պարզաբանման մասին.

11) ցուցմունքների բովանդակությունը` տրված հարցերը և դրանց պատաuխանները.

12) ապացույցների հետազոտմանն ուղղված այլ գործողությունները և դրանց արդյունքները.

13) այն հանգամանքները, որոնք վարույթի մաuնակիցները խնդրել են ամրագրել արձանագրության մեջ.

14) հիշատակում վերդիկտի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մաuին.

15) տեղեկություններ դատական նիuտի կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաuտերի և խախտողի անձի, ինչպեu նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված դատավարական սանկցիայի մաuին.

16) հիշատակում արձանագրությանը վարույթի մաuնակիցների ծանոթանալու և դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու մասին.

17) առանձին փաստաթղթի ձևով կայացվող որոշումների բովանդակությունը.

18) վերդիկտը և դատավճռի եզրափակիչ մաuը:

5. Uույն հոդվածի 4-րդ մաuի 11-13-րդ կետերով նախատեuված տեղեկությունները դատական նիuտերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:

6. Դատական նիuտի ժամանակ պարզ թղթային արձանագրությունը վարվում է ձեռագիր կամ համակարգչային եղանակով և նախագահողի ու դատական նիստի քարտուղարի uտորագրությամբ կցվում է վարույթի նյութերին:

7. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիu դրա համառոտագրումը կատարվում է ձայնագրման հետ միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը վարույթի նյութերին կցվում է էլեկտրոնային կրիչով: Համառոտագրումը վարույթի նյութերին կցվում է թղթային կրիչով` դատական նիuտի քարտուղարի uտորագրությամբ:

8. Դատական նիuտի ձայնային արձանագրության կրիչի oրինակը դրա համառոտագրման հետ միասին վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիuտից անմիջապեu հետո:

9. Դատական նիuտի պարզ թղթային արձանագրության պատճենը վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան դիմումը ստանալու հաջորդ oրը:

10. Արձանագրության բովանդակության մեջ չի թույլատրվում կատարել ջնջումներ: Ուղղում կատարելու անհրաժեշտության դեպքում դատական նիստի քարտուղարն այն մինչև ստորագրելը համաձայնեցնում է նախագահողի հետ:

 

Հոդված 280. Պարզ թղթային արձանագրության վերաբերյալ դիտողությունները

 

1. Վարույթի մաuնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային արձանագրությանը և երեք oրվա ընթացքում դիտողություններ ներկայացնելու դրա լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

2. Պարզ թղթային արձանագրության վերաբերյալ դիտողությունները քննարկում է արձանագրությունն uտորագրած դատավորը` եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ կայացնելով որոշում:

 

Հոդված 281. Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը

 

1. Առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

2. Առաջին ատյանի դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը։

3. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ դատարանի այլ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը:

4. Վճռաբեկ դատարանի դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը:

 

Հոդված 282. Դատավճիռը կատարման հանձնելը

 

1. Oրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարման է հանձնվում այն կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք oրվա ընթացքում:

2. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում հանցանքը կատարած անձը, ապա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք oրվա ընթացքում, դատարանը քրեական գործն ուղարկում է իրավասու դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

3. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը:

4. Դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտվածի մերձավոր ազգականներից որևէ մեկին հայտնել դատավճիռը կատարման հանձնելու մաuին: Եթե կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձն oտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաuտանի Հանրապետությունն ունի քրեական գործերով իրավական oգնություն ցույց տալու մաuին միջազգային պայմանագիր կամ այդպիuի oգնություն ցույց տալու փոխադարձության շուրջ պայմանավորվածություն, ապա դատարանն այդ անձի նկատմամբ դատավճիռը կատարման հանձնելու կարգադրության մաuին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ դատապարտված անձն ապաստան հայցող է կամ փախստական:

 

Հոդված 283. Դատական ակտի անհստակությունների լուծումը

(վերնագիրը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

1. Դատական ակտը կայացրած դատարանն իրավասու է համապատասխան որոշում կայացնելով լուծել դրա անհuտակությունները, եթե նման լուծումը չի փոխում դատական ակտի էությունը:

2. Լուծման ենթակա են հետևյալ անհստակությունները.

1) ճիշտ չի հաշվարկվել պատժաչափը.

2) չեն լուծվել կամ հստակ չեն լուծվել խափանման միջոցի կիրառման, ապացույցների պահպանման կամ տնօրինման, գույքի արգելադրման, վարութային ծախuերի բաշխման հարցերը.

3) դատավճռի նկարագրական կամ պատճառաբանական մասում առկա են ոչ միանշանակ ձևակերպումներ.

4) դատական ակտում առկա են վրիպակներ կամ բացթողումներ:

(283-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

 

ԲԱԺԻՆ 9

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  37

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 284. Խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների շրջանակը

 

1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝

1) վարչական հսկողությունը, տնային կալանքը կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը,

2) տնային կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը,

3) կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Հոդված 285. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը

 

1. Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի միջնորդության հիման վրա։

2. Քննիչի (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի) միջնորդությունը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) քննիչի (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի) անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.

4) վարույթի համարը.

5) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, վերաբերելի անձնական տվյալները, իսկ անազատության մեջ լինելու պարագայում՝ դրա իրավական հիմքերը և ազատությունից զրկելու փաստացի ժամանակը.

6) միջնորդվող խափանման միջոցը և դրա պայմանները.

7) միջնորդության հիմնավորումները.

8) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։

3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրության և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենները, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները։ Եթե մեղադրյալը, որի նկատմամբ հարուցվում է միջնորդությունը, անազատության մեջ է, ապա միջնորդությանը կցվում են նաև անձին ազատությունից զրկելու հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

4. Միջնորդությունը և կից նյութերը դատարան են ներկայացվում երկու օրինակով։

5. Ձերբակալված մեղադրյալը դատարան է բերվում միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ:

6. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

7. Խափանման միջոց կիրառելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, իսկ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում։

8. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը։ Դատական նիստը նշանակվում է հնարավոր ամենակարճ ժամկետում։ Դատական նիստի ժամանակը որոշելիս հաշվի է առնվում միջնորդությանը և կից նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ձևավորելու համար պաշտպանության կողմին ողջամտորեն անհրաժեշտ ժամանակը։ Վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո միջնորդության և կից նյութերի մեկ օրինակն անհապաղ հանձնվում է մեղադրյալին։

9. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։

10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է։

(285-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 286. Խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի առարկան

 

1. Դատարանում խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի առարկան են կազմում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման կամ կիրառված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը և իրավաչափությունը, ավելի մեղմ խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը, իսկ ձերբակալված մեղադրյալի նկատմամբ՝ նաև ձերբակալման իրավաչափությունը։

 

Հոդված 287. Խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի իրականացումը

 

1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ անցկացվում են դատալսումներ՝ կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա, քննիչի և մեղադրյալի պարտադիր մասնակցությամբ։ Մեղադրյալի ներկայության ապահովման պարտականությունը կրում է միջնորդությունը հարուցած պաշտոնատար անձը։

2. Մեղադրյալի պարտադիր մասնակցության կանոնից բացառություն են հետևյալ դեպքերը․

1) մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ, կամ նա գտնվում է Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu.

2) խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի մասով` մեղադրյալը կամովին և գրավոր հրաժարվել է դատալսումներին մասնակցելու իրավունքից, ունի պաշտպան, որը մասնակցում է խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին, և միաժամանակ դատարանը չի որոշել, որ դատալսումներին մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է:

3. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին մասնակցության իրավունք ունեն հսկող դատախազը, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանը և օրինական ներկայացուցիչը։

4. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցի քննության դատական նիստը դռնփակ է։ Դատարանը կարող է կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում որոշում կայացնել դատական նիստը դռնբաց անցկացնելու մասին։

5. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին առաջինը բացատրություն է տալիս մեղադրանքի կողմը, ապա՝ պաշտպանության կողմը։ Բացատրություն ներկայացնող կողմին հարցեր տալու իրավունք ունի հակառակ կողմը, ինչպես նաև դատավորը։

6. Կողմերը կարող են դատարան ներկայացնել վարույթի առարկային վերաբերող լրացուցիչ նյութեր։ Վերաբերելի չլինելու դեպքում դատարանը քննության չի առնում լրացուցիչ նյութերը, սակայն պարտավոր է դրանք կցել վարույթին։ Վերաբերելի լինելու դեպքում հակառակ կողմին տրվում է լրացուցիչ նյութերին ծանոթանալու ողջամիտ հնարավորություն։

7. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումների կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթները։

8. Դատալսումներն ավարտելով՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։

 

Հոդված 288. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը

 

1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին.

2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին.

3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։

2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝

1) հայտնաբերում է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որևէ հանգամանք.

2) չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը.

3) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից` իրենց իրավասության սահմաններում.

4) առկա է մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, և չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.

5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։

3. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, եթե՝

1) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ.

2) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդված խափանման միջոցի առավել մեղմ պայմաններով կիրառմամբ (առավել կարճ ժամկետով կամ մեղադրյալի համար առավել բարենպաստ պայմաններով):

4. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումը, եթե գալիս է հետևության, որ մեղադրանքի կողմը սույն օրենսգրքով սահմանված կարգով պատշաճորեն հիմնավորել է միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը միջնորդված պայմաններով։

5. Եթե դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա դրանում հստակորեն սահմանում է կիրառվող խափանման միջոցի տեսակը և պայմանները։

6. Եթե դատարանը կայացնում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում, ապա մեղադրյալի հիմնավոր միջնորդության հիման վրա իրավասու է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու ձեռնարկելու կալանավորվածի խնամքի տակ գտնվող անչափահաս կամ անաշխատունակ անձանց խնամքի կամ գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ:

7. Եթե դատարանը պարզում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները, ապա որոշմամբ՝

1) հաստատում է այդ փաստը.

2) ձերբակալված անձին պարզաբանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուցում ստանալու կարգը.

3) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց.

4) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

8. Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։

9. Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին։

 

Հոդված 289. Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը

 

1. Կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։

2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել կալանքի իրավաչափությունը վիճարկող կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը հիմնավորող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ և հինգ օրվա ընթացքում նշանակում է դատական նիստ։

3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությամբ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ։ Եթե դատարանը, միջնորդության փաստարկների բնույթից ելնելով, գալիս է հետևության, որ մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ, ապա վարույթ հարուցելու մասին որոշմամբ հատուկ սահմանում է, որ դատական նիստը կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ։

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ կալանքի իրավաչափության և անհրաժեշտության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել.

2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու մասին, եթե հաստատում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով ամրագրված հանգամանքներից որևէ մեկի առկայությունը։ Եթե կալանքը վերացնելով դատարանը գալիս է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, ապա որոշման մեջ հստակորեն սահմանում է կիրառվող խափանման միջոցի տեսակը և պայմանները։

 

Հոդված 290. Կալանավորման հարցի վերստին քննարկումը և լուծումը

 

1. Եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կայացվել է առանց մեղադրյալի մասնակցության, ապա մեղադրյալին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո կալանավորելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում այդ անձին ներկայացնել իրավասու դատարան` նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար:

2. Սույն հոդվածով սահմանված կարգով դատարան ներկայացված մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվում և լուծվում է սույն օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  38

 

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 291. Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը

 

1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝

1) սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որևէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․

2) գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․

3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Հոդված 292. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը

 

1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.

4) վարույթի համարը.

5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.

6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.

7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.

8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.

9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.

10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։

3. Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը։

4. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ:

5. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:

6. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև տվյալներ համապատասխան ֆինանսական գործարքների վերաբերյալ, այն անձի անհատական տվյալները, որին վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը, ինչպես նաև առկայության դեպքում` համապատասխան բանկային հաշվի (ավանդի) տվյալները:

7. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի ցուցմունքը:

8. Գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապատասխան գաղտնի քննչական գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

10. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է հնարավոր ամենակարճ ժամկետում: Դատական նիստի ժամանակը որոշելիս հաշվի է առնվում միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքի կորստի կամ վնասման հավանականությունը:

11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։

12. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է:

(292-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները

 

1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիստին կարող է մասնակցել հսկող դատախազը, իսկ գաղտնի քննչական գործողություն կատարելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում` նաև համապատասխան հետաքննության մարմնի պետը կամ հետաքննիչը:

2. Դատարանի պահանջով քննիչը, հսկող դատախազը, դատական նիստին մասնակցող հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը տալիս են միջնորդության առարկայի վերաբերյալ բացատրություններ։

3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին.

2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին.

3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը դատարանը կայացնում է նաև այն դեպքում, երբ միջնորդության քննության արդյունքով պարզում է, որ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելուց հետո այն չի հիմնավորվել նոր ի հայտ եկած էական հանգամանքներով կամ վերաբերելի լրացուցիչ նյութերով:

4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։

5. Միջնորդության քննության արդյունքով դատարանի կայացրած որոշումը պատշաճ ձևով տրվում է միջնորդությունը ներկայացրած քննիչին ոչ ուշ, քան որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։

(293-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  39

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 294. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական երաշխիքների շրջանակը

 

1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝

1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը․

2) գույքի արգելադրումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Հոդված 295. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը

 

1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում։

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.

4) վարույթի համարը.

5) արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձին վերաբերելի անձնական տվյալները և հասցեն.

6) արգելադրված գույքի նկարագրությունը.

7) գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկները.

8) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին խնդրանք և դրա հիմնավորումները.

9) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։

3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, գույքի արգելադրման մասին որոշման պատճենները, գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի տվյալ միջնորդության պատճենն ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները:

4. Ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու հաջորդ օրը դատարանը կայացնում է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

5. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը, ինչպես նաև դռնբաց կամ դռնփակ լինելը։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է միջնորդությունը հարուցած քննիչին, ինչպես նաև արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի:

6. Դատական նիստը նշանակվում է յոթնօրյա ժամկետում։

7. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։

8. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է։

(295-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 296. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի իրականացումը

 

1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով միջնորդության քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ քննիչի պարտադիր մասնակցությամբ։ Դատալսումներին մասնակցելու իրավունք ունեն արգելադրված գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը, նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև հսկող դատախազը։

2. Դատալսումները կարող են անցկացվել արգելադրված գույքի սեփականատիրոջ, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի բացակայությամբ, եթե նա պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի մասին:

3. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական նիստը դռնբաց է, եթե վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման մեջ դատարանը չի որոշել անցկացնել դռնփակ նիստ։ Ամեն դեպքում դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում հիմնավորված փոխել դատական նիստի հրապարակայնության մասին որոշումը։

4. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատալսումներին առաջինը բացատրություն է տալիս քննիչը, ապա՝ արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը, եթե այդ անձինք ներկայացել են դատական նիստին: Բացատրություն ներկայացնողին հարցեր տալու իրավունք ունի հակառակ կողմը, ինչպես նաև դատավորը։

5. Կողմերը կարող են դատարան ներկայացնել վարույթի առարկային վերաբերող լրացուցիչ նյութեր։ Վերաբերելի չլինելու դեպքում դատարանը քննության չի առնում լրացուցիչ նյութերը, սակայն պարտավոր է դրանք կցել վարույթին։ Վերաբերելի լինելու դեպքում հակառակ կողմին տրվում է լրացուցիչ նյութերին ծանոթանալու ողջամիտ հնարավորություն։

6. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատալսումների կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթները։

7. Դատալսումներն ավարտելով՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

 

Հոդված 297. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հաստատման միջնորդության վերաբերյալ որոշումը

 

1. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին.

2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին։

2. Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը։

 

Հոդված 298. Սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը և դրա քննությունը

 

1. Արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դատարան գույքի արգելադրումը վերացնելու մասին ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հետո։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։

2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում դատական նիստը նշանակվում է յոթնօրյա ժամկետում։

3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 296-րդ հոդվածի վերաբերելի պահանջների պահպանմամբ։

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ գույքի արգելադրման իրավաչափության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել.

2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին, եթե համաձայնվում է միջնորդության փաստարկներին:

5․ Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը։

 

Գ Լ ՈՒ Խ  40

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ (ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը

 

1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․

1) ձերբակալումը.

2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը.

3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը.

4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը.

5) վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը.

6) խափանման միջոց կիրառելու մասին որոշումը.

7) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը.

8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշումը.

9) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը.

10) հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումը.

11) Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերացնելու մասին:

2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից:

 

Հոդված 300. Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը

 

1. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքներ կարող է ներկայացնել վարույթի մասնավոր մասնակիցը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, եթե հիմնավորում է իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը:

2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը:

3. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է`

1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը.

2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել:

 

Հոդված 301. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությունը

 

1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.

4) առկայության դեպքում` վարույթի համարը.

5) բողոքարկվող վարութային ակտը.

6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.

7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.

8) բողոքի փաստարկները և պահանջը.

9) բողոքին կցվող նյութերի ցանկը։

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):

(301-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 302. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը

 

1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է վարույթը հարուցելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:

1.1․ Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:

1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին:

2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

3. Վարույթի հարուցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին:

4. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը վարույթի հանրային մասնակիցներից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր, իսկ բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքում՝ նաև ներկայանալ դատական նիստին:

5. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին:

(302-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.01.24 ՀՕ-32-Ն) 

 

Հոդված 303. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի իրականացումը

 

1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։ Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիստին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամբ վարույթը կարճվում է:

2. Բանավոր ընթացակարգով մինչդատական ակտի վիճարկման դատալսումներին մասնակցելու իրավունք ունեն բողոքարկվող մինչդատական ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակիցը և հսկող դատախազը։ Սույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարույթի տվյալ հանրային մասնակցի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է:

3. Դատական նիստին մասնակցող անձինք ունեն բացատրություն տալու իրավունք:

4. Դատալսումներն ավարտելով՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։

 

Հոդված 304. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները

 

1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն:

2. Ամեն դեպքում, բողոքը բավարարվում է, եթե վարույթի հանրային մասնակիցը չի ներկայացրել դատարանի պահանջած նյութերը: Բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան:

3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն:

4. Բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին:

 

Հոդված 305. Ձերբակալման իրավաչափության վիճարկումը

 

1. Ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Ձերբակալման վերաբերյալ բողոքն ստանալուց հետո դատարանն անհապաղ որոշում է կայացնում ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու մասին:

3. Դատարանը դատական նիստում բողոքը քննարկում է՝

1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.

2) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում դրա քննարկման հետ միաժամանակ.

3) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում ոչ շուտ, քան հինգ, և ոչ ուշ, քան տասն օրվա ընթացում:

4. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված միջոցները, իսկ սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում որոշմամբ անհապաղ ազատ է արձակում ձերբակալվածին:

 

Գ Լ ՈՒ Խ  41

 

ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊՈՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 306. Ցուցմունքի դեպոնացման դատական երաշխիքի շրջանակը

 

1. Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում պատշաճ ապացուցումն ապահովելու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։

 

Հոդված 307. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը

 

1. Ցուցմունքի դեպոնացում կատարելու միջնորդությունը պետք է բովանդակի դրա անհրաժեշտության հիմնավորումները, ինչպես նաև վարույթի այն մասնակիցների մասին տվյալներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։

2. Միջնորդությունը ներկայացնողը դրան կցում է իր տիրապետման ներքո գտնվող բոլոր այն նյութերը, որոնք դեպոնացման մասնակիցներին հնարավորություն կտան պատշաճորեն իրականացնելու հակընդդեմ հարցման իրավունքը։

3. Դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ, կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն։

4. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու դեպքում նույն միջնորդության ներկայացումը թույլատրվում է, եթե դեպոնացումը հիմնավորելու համար բերվում են նոր էական փաստարկներ:

 

Հոդված 308. Ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշումը

 

1. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում, որում պետք է նշվեն միջնորդությունը ներկայացրած վարույթի մասնակիցը, ցուցմունք տալու և դեպոնացմանը մասնակցելու համար հրավիրվող անձանց անունները, ինչպես նաև դեպոնացման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը։

2. Ցուցմունքի դեպոնացումը նշանակվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացումից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 10 օր հետո։

3. Ցուցմունքի դեպոնացման օրը որոշելիս դատարանը հաշվի է առնում վարույթի մասնակիցների կողմից հակընդդեմ հարցում կատարելուն նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը։

4. Ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, ինչպես նաև վարույթի այն մասնակիցներին, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։ Վարույթի այդ մասնակիցներին ուղարկվում են նաև սույն օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը։

 

Հոդված 309. Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը

 

1. Ցուցմունքի դեպոնացումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ սույն օրենսգրքի 8-րդ բաժնի պահանջների` վերաբերելի մասով (mutatis mutandis) պահպանմամբ։

2. Պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ ցուցմունքի դեպոնացում կատարելու համար։ Պատշաճ ծանուցված պաշտպանի կողմից ցուցմունքի դեպոնացման դատական նիստին մեկ անգամ չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են:

3. Դատարանն ապահովում է սույն օրենսգրքով սահմանված՝ հարցաքննության ընթացակարգի պահպանումը, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման ընթացքում հակընդդեմ հարցման իրավունքի իրականացումը։ Դատարանն իրավասու է դեպոնացման վարույթի մասնակիցներին տալու պարզաբանող, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների երաշխավորման հետ կապված հարցեր:

4. Ցուցմունքի դեպոնացման արդյունքով սույն օրենսգրքի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է ցուցմունքի դեպոնացման արձանագրություն, որին կցվում է դատական նիստի տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը: Ցուցմունքի դեպոնացման արձանագրությունն ստորագրում են դեպոնացման մասնակիցները, իսկ նախագահող դատավորն այն հաստատում է իր կնիքով։

5. Ցուցմունքի դեպոնացման դատական նիստի տեսաձայնագրության հիման վրա քննիչն անհրաժեշտության դեպքում կազմում և ստորագրում է դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումը, որը կցվում է արձանագրությանը։ Դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը։

 

ԲԱԺԻՆ 10

 

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  42

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 310. Նախնական դատալսումներ նշանակելը

 

1. Նախնական դատալսումները պարտադիր են բոլոր քրեական վարույթներով:

2. Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

3. Եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործը ստանալու և որոշումը կայացնելու օրվա, ինչպես նաև նախնական դատալսումների վայրի և ժամանակի մասին:

5. Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին` դրան կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում:

 

Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը

 

1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝

1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.

2) վարույթի ընդդատության հարցը.

3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը.

4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը.

5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը.

6) միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ արագացված վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը.

7) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը.

8) ապացույցների թույլատրելիության հարցը.

9) այլ վերաբերելի հարցեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:

(311-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 312. Նախնական դատալսումների անցկացման կարգը

 

1. Նախնական դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

2. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց և դատական նիստի մասնակիցների վերաբերյալ հաղորդումն ունկնդրելուց հետո նախագահողն ստուգում է վարույթի մասնակիցների ինքնությունը և նրանց լիազորությունների պատշաճությունը:

3. Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը մեղադրյալին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել մեղադրյալին:

4. Դատալսումները հետաձգվում են նաև այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին: Տվյալ հիմքով դատական նիստը հետաձգելիս դատարանը հանրային մեղադրողին պարտավորեցնում է դատարանի սահմանած ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել սույն օրենսգրքի 202-րդ հոդվածների պահանջներին, այն ներկայացնել դատարան, իսկ դրա պատճենը հանձնել դատական վարույթի մասնակիցներին: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, ապա դատարանի սահմանած ժամկետը չպետք է երեք, իսկ մնացած դեպքերում յոթ օրվանից ավելի լինի:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված` դատալսումները հետաձգելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը պարզում է, թե արդյոք դատական վարույթի մասնակիցներն ստացել են սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը և սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հուշաթերթը: Այդ փաստաթղթերն ստացված չլինելու դեպքում դրանք հանձնվում են անհապաղ:

6. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը վարույթի մասնակցին տալիս է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ:

 

Հոդված 313. Ինքնաբացարկը, բացարկը և վարույթին մասնակցելուց ազատելու հարցի քննարկումը

 

1. Նախնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում և կարգով քննարկվում և լուծվում են ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ հարցերը:

2. Եթե նախնական դատալսումների ընթացքում պարզվում է, որ առկա է վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հիմք, ապա դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու կամ իրեն հայտնված բացարկն ընդունելու մասին որոշում և քրեական գործը հանձնում է տվյալ դատարանի նախագահին:

 

Հոդված 314. Վարույթի ընդդատության հարցի քննարկումը

 

1. Եթե նախնական դատալսումների ընթացքում դատարանը պարզում է, որ վարույթն իրեն ընդդատյա չէ, ապա որոշում է կայացնում այն ըստ ընդդատության փոխանցելու մասին` նշելով նման որոշման իրավական հիմքերը և այն դատարանը, որին ուղարկվում է վարույթը:

 

Հոդված 315. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկումը

 

1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:

2. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ վերացվում են տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, իսկ վարույթը կարճելու դեպքում` նաև այլ անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները: Վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծվում է նաև իրեղեն ապացույցների տնօրինման հարցը:

3. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:

 

Հոդված 316. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննարկումը

 

1. Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը:

 

Հոդված 317. Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը

 

1. Սույն օրենսգրքի 20-րդ գլխով նախատեսված կարգով հարուցված գույքային հայցի հիման վրա նախնական դատալսումների ընթացքում դատարանը լուծում է անձին գույքային պատասխանող ճանաչելու հարցը:

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը լուծվում է գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշմամբ:

3. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատարանը նրան ուղարկում է հայցի և դրան կից նյութերի պատճենները, ինչպես նաև գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշման պատճենը և գույքային պատասխանողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում:

4. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով` գույքային պատասխանողին հնարավորություն տալով իրականացնելու սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները: Միաժամանակ դատարանը որոշում է հաջորդ դատական նիստի օրը և ժամը` այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով կողմերին, այդ թվում` գույքային պատասխանողին:

 

Հոդված 318. Համաձայնեցման վարույթ կամ արագացված վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցի քննարկումը

(վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին մեղադրյալի միջնորդության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 55-րդ գլխով նախատեսված հարցերի քննարկում:

2. Համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին հանրային մեղադրողի միջնորդության առկայության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 56-րդ գլխով նախատեսված հարցերի քննարկում:

3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության առկայության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 55.1-ին գլխով նախատեսված հարցերի քննարկում:

(318-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 319. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկումը

 

1. Նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները: Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած` հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում:

2. Որևէ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի առաջարկը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր առաջարկները քննարկելուց և լուծելուց հետո դատարանը կայացնում է ապացույցների ծավալը սահմանելու մասին որոշում` ամրագրելով հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը` առաջարկներից յուրաքանչյուրում նշված հաջորդականությամբ:

4. Հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը սահմանելիս դատարանը ղեկավարվում է հետևյալ կանոններով․

1) սկզբից պետք է հետազոտվեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները, ապա՝ պաշտպանության կողմի ապացույցները.

2) տուժողի և նրա ներկայացուցչի ներկայացրած ապացույցները պետք է հետազոտվեն հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցները հետազոտելուց հետո.

3) գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի ներկայացրած ապացույցները պետք է հետազոտվեն մեղադրյալի և պաշտպանի ներկայացրած ապացույցները հետազոտելուց հետո.

4) եթե վարույթին մասնակցում են մի քանի տուժողներ, մեղադրյալներ կամ գույքային պատասխանողներ, ապա նրանց ներկայացրած ապացույցների հետազոտման հերթականությունը որոշում է դատարանը` հաշվի առնելով կողմերի կարծիքները:

5. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը կարող է լրացվել սույն օրենսգրքի 334-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 320. Ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը

 

1. Սույն օրենսգրքի 319-րդ հոդվածով սահմանված կարգով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանելուց հետո դատարանը կողմերի համապատասխան միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում և լուծում է ապացույցի թույլատրելիության հարցը:

2. Ապացույցի թույլատրելիության հարցը քննարկելիս դրա բովանդակային հետազոտում չի իրականացվում: Եթե ապացույցի թույլատրելիության որոշումը պահանջում է տվյալ կամ մեկ այլ ապացույցի բովանդակային հետազոտում, ապա ապացույցն անթույլատրելի ճանաչելու հարցի լուծումը հետաձգվում է և հիմնական դատալսումների ընթացքում իրականացվում է սույն օրենսգրքի 335-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Դատարանն ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին կայացնում է որոշում:

4. Անթույլատրելի ապացույցը հանվում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկից, սակայն այն շարունակվում է պահվել քրեական գործում:

 

Հոդված 321. Այլ վերաբերելի հարցերի քննարկումը

 

1. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց և լուծելուց հետո կողմերն իրավունք ունեն միջնորդելու նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձնել այլ վերաբերելի հարցեր:

2. Դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձնելու ցանկացած այլ վերաբերելի հարց:

 

Հոդված 322. Հիմնական դատալսումներ նշանակելը

 

1. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը կայացնում է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում:

2. Հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշումը բովանդակում է վարույթի համարը, մեղադրյալի մասին վերաբերելի տվյալներ, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվածի մասը, կետը), ինչպես նաև տեղեկություններ հիմնական դատալսումների հրապարակայնության, առաջին դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:

3. Առաջին դատական նիստը հրավիրվում է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Այդ ընթացքում դատարանը միջոցներ է ձեռնարկում հիմնական դատալսումների պատշաճ անցկացումն ապահովելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  43

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 323. Հիմնական դատալսումների սկիզբը

 

1. Հիմնական դատալսումներն սկսվում են սույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատական նիստը բացելով և դատաքննության մասնակիցների վերաբերյալ հաղորդումը լսելով: Այնուհետև նախագահողը կարգադրում է դատական նիստի ներկայացած վկաներին մինչև նրանց հարցաքննությունը լքել դահլիճը, իսկ դատական կարգադրիչներին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել, որ չհարցաքննված վկաները չհաղորդակցվեն արդեն հարցաքննված վկաների, ինչպես նաև դատական նիստերի դահլիճում գտնվող այլ անձանց հետ:

 

Հոդված 324. Կողմերի բացման խոսքը

 

1. Մինչև ապացույցների հետազոտումն սկսելը բացման խոսքով հանդես են գալիս նախ հանրային մեղադրողը, իսկ այնուհետև, իր ցանկությամբ, պաշտպանը կամ պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող մեղադրյալը:

2. Հանրային մեղադրողը բացման խոսքում ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

3. Պաշտպանության կողմի բացման խոսքում ներկայացվում է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումը: Նախագահողն իրավասու է մեղադրյալի դիրքորոշումը ճշտող հարցեր տալու:

4. Բացման խոսքերը ներկայացնելուց անմիջապես հետո դատարանն անցնում է ապացույցների հետազոտմանը:

 

Հոդված 325. Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները

 

1. Ապացույցները հետազոտվում են նախնական դատալսումներում սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ:

2. Կողմն իրավունք ունի իր ներկայացրած և հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը հետազոտման ներկայացնելու սահմանված հաջորդականությունից ավելի շուտ` հարցաքննության ընթացքում:

3. Կողմն իրավունք ունի հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը առանց հետազոտման ներկայացնելու հարցաքննվողին` դրա վերաբերյալ տալով հարցեր:

4. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին միջնորդել սահմանափակելու իր ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դա կարող է կասկածի տակ դնել վարույթի արդարացիությունը:

 

Հոդված 326. Հարցաքննության ընդհանուր կարգը

 

1. Հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարզում է հարցաքննվողի ինքնությունը, նրա հարաբերությունները վարույթի մասնակիցների հետ, բացատրում ցուցմունք տալու հետ կապված` սույն օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվությունը: Այդ կապակցությամբ հարցաքննվողն ստորագրում է դատական նիստի արձանագրության մեջ:

2. Մինչև հարցաքննությունն սկսելը հարցաքննվողն անում է հետևյալ բովանդակությամբ բանավոր հայտարարություն. «Ես` անուն-ազգանուն, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»:

3. Հարցաքննության կանչված անձին առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է անձը (ուղիղ հարցաքննություն): Ուղիղ հարցաքննությունից հետո անձին կարող է հարցեր տալ հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն): Նախագահողն իրավունք ունի անձին հարցեր տալու ուղիղ և խաչաձև հարցաքննություններն ավարտվելուց հետո: Դատարանի նախաձեռնությամբ կանչված անձին առաջինը հարցեր է տալիս նախագահողը, ապա մեղադրանքի և պաշտպանության կողմերը:

4. Ուղիղ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն արգելվում է: Կողմն իրավունք ունի առարկելու ուղղորդող հարցի դեմ: Նախագահողը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հանելու ուղղորդող կամ վարույթին չվերաբերող հարցերը:

5. Խաչաձև հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն իրավաչափ է:

6. Հարցաքննվող անձը կարող է հարցաքննության ընթացքում օգտվել գրառումներից կամ նշումներից, որոնք նախագահողի պահանջով ներկայացվում են դատարան և նրա կողմից կարող են կցվել վարույթի նյութերին:

7. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանում ցուցմունք տված անձը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կրկին հարցաքննվել:

 

Հոդված 327. Հարցաքննության հատուկ կարգը

 

1. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը, կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):

2. Տեսակապի միջոցով հարցաքննության ընթացքում պետք է երաշխավորվի, որ դատական վարույթի մասնակիցները և այլ վայրում գտնվող ու ցուցմունք տվող անձը հստակորեն տեսնեն և լսեն միմյանց:

3. Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը:

4. Տեսակապի միջոցով հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պետք է հայտարարի`

1) հարցաքննության կատարման օրը և ժամը, ինչպես նաև տեղեկություններ, թե որ վարույթի շրջանակներում է կատարվում տվյալ հարցաքննությունը.

2) հարցաքննվողի գտնվելու վայրը, եթե այդ տեղեկության հրապարակումը չի կարող սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը.

3) հարցաքննվողի անունը, ազգանունը, հայրանունը և կարգավիճակը.

4) հարցաքննության կատարումն ապահովող իրավասու անձի անունը և ազգանունը.

5) հարցաքննության ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները:

5. Հատուկ կարգով հարցաքննությունն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե արդյոք ունեն առարկություններ հարցաքննության կատարման կարգի կամ ընթացքի վերաբերյալ:

6. Տեսակապի միջոցով կատարված հարցաքննության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

 

Հոդված 328. Հարցաքննության կարգի առանձնահատկությունները՝ ըստ հարցաքննվողի կարգավիճակի

 

1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևu չհարցաքննված վկաների բացակայությամբ: Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նախագահողը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը:

2. Եթե վկայի կամ տուժողի նկատմամբ կիրառված է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված հատուկ պաշտպանության միջոց, ապա հարցաքննությունը կատարվում է դատական վարույթի մյուս մասնակիցների տեսողական դիտարկումից դուրս և առանց վկայի կամ տուժողի իրական անձնական տվյալները բացահայտելու, որի վերաբերյալ կայացվում է որոշում: Մեղադրյալի պաշտպանության իրավունքն իրացնելու կամ վարույթի արդարացիությունն ապահովելու նպատակով դատարանն իրավասու է կողմի միջնորդությամբ նրան տրամադրելու հարցաքննվածի վերաբերյալ այնպիսի իրական տվյալներ, որոնց բացահայտումը չի կարող սպառնալ նրա կամ նրա մերձավորի անվտանգությանը:

3. Եթե տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, ապա նա հարցաքննվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով:

4. Փորձագետին հարցերը տրվում են նրա տված եզրակացությունը կամ կարծիքը հետազոտելուց հետո:

5. Մեղադրյալը կարող է հարցաքննվել այն դեպքում, երբ կողմերից մեկը նման միջնորդություն է ներկայացրել, և մեղադրյալը նախնական դատալսումների ընթացքում հաստատել է ցուցմունք տալու իր մտադրությունը: Ապացույցների հետազոտման ընթացքում ցանկացած պահի մեղադրյալն իրավունք ունի հայտարարելու ցուցմունք տալու ցանկության մասին:

 

Հոդված 329. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները

 

1. Անչափահաս տուժողի կամ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու տվյալ տուժողի կամ վկայի հարցաքննությանը:

2. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է հոգեբանի մասնակցությամբ:

3․ Անչափահաս տուժողը կամ վկան հոգեբանի առաջարկությամբ չի հարցաքննվում, եթե դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերի պաշտպանության համար, և պաշտպանության կողմը մինչդատական վարույթում հնարավորություն է ունեցել հարցեր տալու անչափահասին։

4. Մինչև տասնվեց տարեկան տուժողի կամ վկայի հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը նրանց բացատրում է վարույթի արդարացի իրականացման համար ճշմարտացի ցուցմունքներ տալու նշանակությունը, սակայն չի նախազգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

5. Հարցաքննության ավարտին օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նախագահողի թույլտվությամբ հարցեր տալու անչափահաս տուժողին կամ վկային:

 

Հոդված 330. Ցուցմունքների հրապարակումը

 

1. Կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ մինչդատական վարույթում կամ դատարանում սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ տրված ցուցմունքի, ինչպես նաև դրան կցված հավելվածների (նկարների, գծագրերի, սխեմաների, լուսանկարների, ձայնագրությունների, տեսագրությունների, տեսաձայնագրությունների, նկարահանումների, տեսաֆիլմերի) հրապարակումը թույլատրվում է, եթե՝

1) մինչդատական վարույթում անձի ցուցմունքը, սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպոնացվել է.

2) առկա է էական հակասություն անձի՝ դատարանում և նախկինում տված ցուցմունքների միջև.

3) օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ մեղադրյալը դատարանում ցուցմունք տալու ցանկություն չի հայտնել.

4) վկան կամ տուժողը դատարանի առջև ոչ իրավաչափորեն հրաժարվել է ցուցմունք տալուց.

5) անձը մահացել է կամ կորցրել է հաղորդակցվելու ունակությունը, և մինչդատական վարույթում ծանր հիվանդության հիմքով տվյալ անձի ցուցմունքի դեպոնացման անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայել է.

6) սույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում:

2. Մինչդատական վարույթում մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող հրապարակվել, եթե դրանք ստացվել են պաշտպանի բացակայությամբ, և մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից:

3. Անձի՝ նախկինում տված ցուցմունքը կարող է հրապարակվել միայն դատարանում նրա հարցաքննությունն ավարտելուց կամ այդպիսի հարցաքննության անհնարինությունը հաստատելուց հետո: Մինչև ցուցմունքի հրապարակումն արգելվում է դրան կցված հավելվածների հետազոտումը:

4. Ցուցմունքը վերաբերելի մասով հրապարակում է այդպիսի միջնորդություն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու ցուցմունքի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:

 

Հոդված 331. Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը

 

1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է դիտարկմամբ: Առաջինն իրեղեն ապացույցը դիտարկում է այն ներկայացրած կողմը, ապա` մյուս կողմը, այնուհետև՝ դատարանը: Կողմերն իրավունք ունեն դատարանի ուշադրությունը հրավիրելու իրեղեն ապացույցի դիտարկման արդյունքում պարզված էական փաստական հանգամանքների վրա: Դատական նիստի դահլիճից դուրս գտնվող իրեղեն ապացույցի հետազոտումը կատարվում է դրա գտնվելու վայրում:

2. Ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունը և արտավարութային փաuտաթուղթը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան արձանագրության կամ այլ փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:

3. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված առարկաներն սկզբից դիտարկում է նախագահողը, այնուհետև՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերը, իսկ դատարանի նախաձեռնությամբ ստացված փաստաթուղթը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:

4. Այն դեպքում, երբ իրեղեն ապացույցի, ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրության կամ արտավարութային փաuտաթղթի հետազոտման արդյունքում կողմը վիճարկում է դրա թույլատրելիությունը, կամ դատարանն ունի հիմնավոր կասկածներ համապատասխան ապացույցի հավաստիության վերաբերյալ, ապա դատարանի որոշմամբ այդ ապացույցը ձեռք բերած կամ կազմած անձը կարող է հարցաքննության հրավիրվել և հարցաքննվել վկայի համար սահմանված կանոններով:

5. Այն դեպքում, երբ առկա է սույն հոդվածի 4-րդ մասում նշված ապացույցների ձեռքբերման կամ ամրագրման ընթացակարգի առերևույթ խախտում, տվյալ ապացույցը չի կարող օգտագործվել առանց այն ձեռք բերած կամ կազմած անձի հարցաքննության:

 

Հոդված 332. Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը

 

1. Փորձագետի եզրակացությունը և փորձագետի կարծիքը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:

2. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված փորձագետի եզրակացությունը հետազոտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված փորձագետի եզրակացությունը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:

3. Այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի հարցաքննություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության:

 

Հոդված 333. Այլ ապացուցողական գործողություններ կատարելը

 

1. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է նշանակելու փորձաքննություն` սույն օրենսգրքի 252-258-րդ հոդվածներով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ:

2. Փորձաքննության նշանակում միջնորդող կողմը դատարան գրավոր ներկայացնում է փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը:

3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիu նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ներկայացնել փորձագետին տրվելիք հարցերը, ինչպես նաև կարծիք հայտնել հնարավոր փորձագիտական կազմակերպության կամ փորձագետի, փորձաքննության համար ներկայացվելիք առարկաների կամ փաստաթղթերի մասին:

4. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, այլ կազմակերպություններից պահանջելու, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հարցում կատարելու միջոցով, վարույթի արդարացի իրականացման համար անհրաժեշտ առարկաներ, փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, իրավասու է կատարելու տեղանքի, շինության, տրանսպորտային միջոցի զննում, քննում, փորձարարություն, ճանաչում, արտաշիրմում, եթե մինչդատական վարույթում նշված ապացուցողական գործողությունները չեն կատարվել կամ դատարանը գտնում է, որ դրանց կատարման վերաբերյալ մինչդատական վարույթում կազմված արձանագրությունները հետազոտելը բավարար չէ վարույթի արդարացիության համար:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվում են uույն oրենuգրքով uահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ` կողմերի, իսկ դատարանի որոշմամբ` նաև վկայի, փորձագետի մասնակցությամբ:

(333-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 334. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը

 

1. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը:

2. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն հարուցելու դեպքում կողմը հիմնավորում է, թե լրացուցիչ ինչ ապացույց պետք է հետազոտվի` ինչ փաստական հանգամանք հաստատելու կամ հերքելու համար:

3. Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում: Միջնորդությունը բավարարվելու դեպքում ապացույցների հետազոտումը շարունակվում է:

4. Այն դեպքում, երբ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն չի հարուցվում, կամ այն որոշմամբ մերժվում է, դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու հարցը: Դատարանը միջոցներ է ձեռնարկում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար, եթե գտնում է, որ դա չանելը կասկածի տակ կդնի վարույթի արդարացիությունը:

 

Հոդված 335. Ապացույցների անթույլատրելիության հարցի քննարկումը

 

1. Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են անթույլատրելի ճանաչել որևէ հետազոտված ապացույց:

2. Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատարանը կայացնում է տվյալ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում` առանձին փաստաթղթի ձևով, իսկ միջնորդությունը մերժելու դեպքում` կայացնում է որոշում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունների հարցը քննարկելուց և լուծելուց հետո դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտված ցանկացած ապացույցի անթույլատրելիության հարցը: Ապացույցն անթույլատրելի ճանաչելու որոշումը կայացվում է առանձին փաստաթղթի ձևով:

 

Հոդված 336. Ապացույցների հետազոտումն ավարտելը

 

1. Ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելուց և լուծելուց հետո, ինչպես նաև մեղադրանքը փոփոխելու և լրացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում դատարանն ավարտում է ապացույցների հետազոտումը և հայտարարում կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելու մասին:

2. Դատարանը կողմերին պարզաբանում է, որ նրանք եզրափակիչ ելույթներում, իuկ դատարանը` դատական ակտ կայացնելիu, կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում և չեն կարող վկայակոչել կամ օգտագործել անթույլատրելի ճանաչված ապացույցները:

3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, նրանց ողջամիտ ժամկետ է տրամադրում եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:

 

Հոդված 337. Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը

 

1. Կողմերի եզրափակիչ ելույթները բաղկացած են հանրային մեղադրողի և պաշտպանի ճառերից: Եթե դատական վարույթին պաշտպան չի մասնակցում, եզրափակիչ ելույթով հանդես է գալիս մեղադրյալը:

2. Եզրափակիչ ելույթով կարող են հանդես գալ նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատաuխանողը կամ նրա ներկայացուցիչը` այդպիսի միջնորդություն հարուցելու դեպքում:

3. Եզրափակիչ ելույթներն սկսվում են հանրային մեղադրողի ճառով, ապա ելույթ են ունենում մեղադրանքի կողմի մյուս ներկայացուցիչները: Դրանից անմիջապես հետո եզրափակիչ ելույթով հանդես են գալիս պաշտպանության կողմի ներկայացուցիչները:

4. Եթե եզրափակիչ ելույթներով հանդես են գալու մի քանի հանրային մեղադրող, պաշտպան, մեղադրյալ, տուժող, գույքային պատաuխանող կամ նրանց ներկայացուցիչներ, ապա նախագահողը տվյալ անձանց առաջարկում է որոշել իրենց ելույթների հաջորդականությունը: Եթե նշված անձինք համաձայնության չեն գալիu եզրափակիչ ելույթների հաջորդականության հարցում, ապա այն որոշում է դատարանը:

5. Իրենց ելույթներում կողմերն իրավունք չունեն հիմնվելու այնպիuի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել նախքան եզրափակիչ ելույթները սկսելը կամ ճանաչվել են անթույլատրելի, բացառությամբ սույն օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

6. Նախագահողն իրավասու է ընդհատելու ելույթ ունեցող անձին, եթե նա անդրադառնում է վարույթին չառնչվող հանգամանքների կամ նախքան եզրափակիչ ելույթներն սկսելը չհետազոտված կամ անթույլատրելի ճանաչված ապացույցների:

7. Եզրափակիչ ելույթով հանդես եկած յուրաքանչյուր անձ բոլոր ելույթների ավարտից հետո իրավունք ունի մեկ անգամ հակիրճ իր նկատառումները ներկայացնելու դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ: Այդպիսի իրավունքից վերջինը օգտվում են պաշտպանը և մեղադրյալը:

 

Հոդված 338. Օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկումը

 

1. Եզրափակիչ ելույթով հանդես եկած անձն իրավունք ունի մինչև դատարանի՝ առանձին սենյակ հեռանալը դատարան գրավոր ներկայացնելու սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասի շրջանակներում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի կապակցությամբ օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ իր կողմից առաջարկվող հիմնավորումները կամ ձևակերպումները, որոնք դատարանի համար պարտադիր չեն:

2. Դատարանը կարող է եզրափակիչ ելույթով հանդես եկած անձանց հարցեր ուղղել հետազոտված փաստական հանգամանքների կապակցությամբ` օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ:

3. Բոլոր եզրափակիչ ելույթներն ունկնդրելուց հետո դատարանը կարող է օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված եղանակներով օրենքի կիրառման կամ մեկնաբանման որևէ հարց քննարկման առարկա դարձնելիս դատարանը պարտավոր է զերծ մնալ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց:

 

Հոդված 339. Մեղադրյալի եզրափակիչ հայտարարությունը

 

1. Եզրափակիչ ելույթներն ունկնդրելուց հետո նախագահողը մեղադրյալին առաջարկում է հանդես գալ եզրափակիչ հայտարարությամբ: Մեղադրյալը կարող է հրաժարվել այդ իրավունքի իրականացումից: Մեղադրյալի եզրափակիչ հայտարարության ընթացքում նրան հարցեր տալ չի թույլատրվում:

2. Նախագահողն իրավասու է մեղադրյալին ընդհատելու, եթե նա շոշափում է վարույթին ակնհայտորեն չառնչվող հանգամանքներ:

 

Հոդված 340. Ապացույցների հետազոտումը վերսկսելը

 

1. Եթե վարույթի մասնակիցը եզրափակիչ ելույթում կամ մեղադրյալն իր եզրափակիչ հայտարարության մեջ հայտնում է վարույթի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ կամ հետազոտման նպատակով ներկայացնում է նախկինում իր համար անհայտ նոր ապացույցներ, ապա դատարանը մինչև առանձին սենյակ հեռանալը և, ելնելով վարույթի արդարացիության անհրաժեշտությունից, իրավունք ունի որոշում կայացնելու ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին:

2. Ապացույցների վերսկսված հետազոտումն ավարտելուց հետո դատարանը նորից անցնում է եզրափակիչ ելույթները և մեղադրյալի եզրափակիչ հայտարարությունը լսելուն:

 

Հոդված 341. Դատարանի հեռանալն առանձին սենյակ

 

1. Մեղադրյալի եզրափակիչ հայտարարությունը լսելուց հետո դատարանը հայտարարում է հիմնական դատալսումների ավարտը և վերդիկտ կայացնելու համար հեռանում է առանձին uենյակ` հայտարարելով վերդիկտի հրապարակման վայրը, oրը և ժամը:

 

Հոդված 342. Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը

 

1. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).

2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.

3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը.

4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ։

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որով սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման:

4. Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության:

5. Այն դեպքում, երբ նախաքննության կամ դատաքննության ժամանակ առաջացել է մեղադրյալի մեղսունակության կամ վարույթի իրականացման ժամանակ նրա կողմից իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ առկա է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, դատարանը վերդիկտ կայացնելիս առանձին անդրադառնում է մեղադրյալի մեղսունակության հարցին:

 

Հոդված 343. Հիմնական դատալսումները վերսկսելը

 

1. Եթե սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված հարցերը քննարկելիս դատարանը գտնում է, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է հետազոտել ապացույցներ, ապա որոշում է կայացնում ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին: Ապացույցների վերսկսված հետազոտումն ավարտելուց հետո դատարանը նորից ունկնդրում է կողմերի եզրափակիչ ելույթները և մեղադրյալի եզրափակիչ հայտարարությունը, որից հետո վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու:

2. Եթե առանձին սենյակում սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հարցը քննարկելիս դատարանը գտնում է, որ դրա արդարացի լուծման համար անհրաժեշտ է կողմերի քննարկման առարկա դարձնել օրենքի կիրառման կամ մեկնաբանման որևէ հարց, ապա որոշում է կայացնում եզրափակիչ ելույթները վերսկսելու մասին: Կողմերին հարցեր ուղղելուց և դրանց վերաբերյալ նրանց կարծիքները լսելուց հետո դատարանը վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու:

3. Եթե առանձին սենյակում սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հարցը քննարկելիս դատարանն ունենում է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակության վիճակում, կամ հանցանքը կատարելուց հետո ի հայտ է եկել հոգեկան առողջության խնդիր, որը նրան զրկել է իր գործողությունները գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա որոշում է կայացնում եզրափակիչ ելույթները վերսկսելու մասին: Կողմերին հարցեր ուղղելուց և դրանց վերաբերյալ նրանց կարծիքները լսելուց հետո դատարանը վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու, կամ որոշում է կայացնում քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի փոխակերպելու մասին:

 

Հոդված 344. Վերդիկտը հրապարակելը

 

1. Վերդիկտը կազմվում է գրավոր և հրապարակվում է դատական նիստում:

2. Վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։

3. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է կալանավորված մեղադրյալին:

4. Մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառելու խափանման միջոց, փոխելու կամ անփոփոխ թողնելու կիրառված խափանման միջոցը:

5. Լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է երկշաբաթյա ժամկետում։

(344-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  44

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 345. Լրացուցիչ դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը

 

1. Լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում`

1) արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի հարցը.

2) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ հարցերը.

3) պատժի վերաբերյալ հարցերը.

4) գույքային հայցը լուծելու հարցը.

5) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը.

6) գույքի բռնագրավման հետ կապված հարցերը․

7) գույքի արգելադրման հետ կապված հարցերը.

8) ապացույցների պահպանման և տնօրինման հարցերը.

9) խափանման միջոցի կիրառման հետ կապված հարցերը.

10) վարութային ծախսերին վերաբերող հարցերը.

11) վերաբերելի այլ հարցեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հարցը քննարկվում է միայն արդարացման վերդիկտի դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նշված հարցերը քննարկվում են միայն մեղադրական վերդիկտի դեպքում:

 

Հոդված 346. Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը

 

1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

2. Պատշաճ ծանուցված հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների բացակայությունը խոչընդոտ չէ լրացուցիչ դատալսումներն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում: Լրացուցիչ դատալսումներին անազատության մեջ պահվող մեղադրյալի մասնակցությունը ամեն դեպքում պարտադիր է:

3. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց հետո դատարանն անցնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկմանը և դրա համար անհրաժեշտ ապացույցների հետազոտմանը: Ամեն դեպքում, հետազոտվում են քրեական գործում առկա չհետազոտված այն թույլատրելի ապացույցները, որոնք վերաբերում են սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հարցերին:

4. Սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը դատավճիռ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

 

Հոդված 347. Դատավճիռը

 

1. Դատավճիռը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից:

2. Դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավոր:

3. Դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն միջազգային պայմանագրի կամ օրենքի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ վարույթն իրականացնելիս:

4. Դատավճիռը հիմնավոր է, եթե՝

1) դատարանի հետևությունները հիմնված են միայն հետազոտված թույլատրելի ապացույցների վրա.

2) դատարանի կողմից հաստատված կամ հերքված համարված փաստական հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին.

3) դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները պատշաճ պատճառաբանված են:

5. Դատավճիռը կարող է լինել արդարացման կամ մեղադրական:

6. Արդարացման դատավճիռը կայացվում է արդարացման վերդիկտի հիման վրա: Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում:

7. Մեղադրական դատավճիռը կայացվում է մեղադրական վերդիկտի հիման վրա և բովանդակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու, պատժից ազատելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` պատիժ չնշանակելու մասին դատարանի որոշումը:

(347-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 348. Դատավճռի բովանդակությունը

 

1. Դատավճռում պետք է շարադրվեն հետևյալ հարցերի պատասխանները․

1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).

2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.

3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը.

4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ.

5) ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի համար.

6) դատապարտված մեղադրյալի արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման.

7) ապացուցված են արդյոք դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները.

8) դատապարտված մեղադրյալը ենթակա է արդյոք պատժի իր կատարած հանցանքի համար.

9) ինչ պատիժ պետք է նշանակվի դատապարտված մեղադրյալի նկատմամբ.

10) դատապարտված մեղադրյալը արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.

11) գույքային հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե գույքային հայց չի հարուցվել.

12) որ գույքն է ենթակա բռնագրավման, ինչ չափով և ինչպիսի հիմքով․

13) վերացվելու է արդյոք կիրառված գույքի արգելադրումը, իսկ եթե այդպիսին կիրառված չէ, ապա ենթակա է արդյոք կիրառման.

14) ինչպես պետք է պահպանվեն և տնօրինվեն ապացույցները.

15) դատապարտված մեղադրյալի նկատմամբ վերացվելու, փոխվելու կամ կիրառվելու է արդյոք որևէ խափանման միջոց.

16) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն վարութային ծախսերը։

2. Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով գույքային հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը լրիվ կամ մասնակիորեն բավարարում կամ մերժում է այն կամ թողնում է առանց լուծման: Գույքային հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավունք ունի մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը որոշում կայացնելու հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, եթե այդպիսի միջոցներ նախկինում ձեռնարկված չեն եղել:

3. Դատավճիռ կայացնելիս դատարանն անհրաժեշտության դեպքում դատապարտված մեղադրյալի նկատմամբ իրավասու է կիրառելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցներ:

4. Մի քանի մեղադրյալների դեպքում սույն հոդվածում նշված բոլոր վերաբերելի հարցերի պատասխանները շարադրվում են յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ առանձին:

 

Հոդված 349. Դատավճռի կառուցվածքը

 

1. Դատավճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Դատավճռի ներածական մասում նշվում են`

1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.

2) դատավճիռը կայացնելու վայրը և ժամանակը.

3) դատավճիռը կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, հանրային մեղադրողը, վարույթի մասնավոր մասնակիցները.

4) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և այլ վերաբերելի տեղեկություններ.

5) քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է ներկայացվել:

3. Դատավճռի նկարագրական մասում նշվում են՝

1) մեղադրանքի փաստական նկարագրությունը.

2) դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները.

3) դատարանի փաստական վերլուծությունները.

4) հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները:

4. Դատավճռի պատճառաբանական մասում նշվում են՝

1) կիրառվող իրավունքը, այդ թվում՝ միջազգային պայմանագրերը.

2) դատարանի իրավական վերլուծությունները.

3) դատարանի հետևությունները և դրանց իրավական հիմնավորումները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է դատավճիռ կայացնելիս:

5. Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են`

1) դատարանի որոշումները.

2) դատավճռի բողոքարկման կարգը:

6. Նախագահողն ստորագրում է դատավճռի յուրաքանչյուր էջը։

 

Հոդված 350. Դատավճռի հրապարակումը

 

1. Դատավճիռը հրապարակվում է նախապես հայտարարված վայրում և ժամին: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկաները դատավճիռը լսում են հոտնկայս:

2. Նախագահողը հրապարակում է դատավճիռն ամբողջությամբ կամ միայն դրա եզրափակիչ մասը:

3. Եթե վարույթի մասնավոր մասնակիցը չի տիրապետում վարույթի լեզվին, ապա դատավճիռը հրապարակելիս թարգմանիչը տվյալ անձի համար թարգմանում է դրա եզրափակիչ մասը:

4. Դատավճիռը հրապարակելուց հետո նախագահողը պարզաբանում է դատավճռի բողոքարկման կարգը և ժամկետը, ինչպես նաև տալիս է անհրաժեշտ այլ պարզաբանումներ:

5. Եթե դատապարտված մեղադրյալը կալանքի տակ է, ապա նրան պատժից ազատելու, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու կամ մեղադրյալին այն ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտելու դեպքում, որը չի գերազանցում անազատության մեջ փաստացի մնալու ժամկետը, դատարանը դատական նիստի դահլիճից նրան անհապաղ ազատ է արձակում:

6. Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

(350-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 351. Դատարանի լրացուցիչ որոշումը

 

1. Դատարանը դատավճռի հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատաքննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել մինչդատական վարույթի ընթացքում:

2. Լրացուցիչ որոշումը հրապարակվում է դատական նիստում:

3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսին չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արձանագրված խախտումները վերացնելու և նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։

4. Լրացուցիչ որոշման քննարկման արդյունքները պետք է հանրության համար հասանելի դարձվեն:

 

ԲԱԺԻՆ 11

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  45

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 352. Դատական վերանայման կառուցակարգերը

 

1. Դատական վերանայումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված կառուցակարգերի շրջանակներում:

2. Վերաքննությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած`

1) դատավճիռը.

2) վարույթը կարճելու մասին որոշումը.

3) անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը.

4) անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին որոշումը:

3. Վճռաբեկությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած`

1) դատավճիռը.

2) վերաքննության արդյունքով կայացված այլ եզրափակիչ դատական ակտը.

3) բացառիկ վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը:

4. Հատուկ վերանայումը վերաքննիչ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի` սույն օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

5. Հատուկ վերանայումը Վճռաբեկ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

6. Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

(352-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 353. Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը

 

1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝

1) վարույթի մասնավոր մասնակիցը.

2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին.

3) դատախազը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մասով:

3. Դատախազը կարող է դատական վերանայման բողոք բերել միայն հանրային շահին առնչվող մասով:

4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

 

Հոդված 354. Դատական վերանայման բողոքի հիմքերը
 

1․Դատական վերանայման բողոքի հիմքերն են`

1) դատական սխալը` միջազգային պայմանագրի կամ նյութական օրենքի խախտումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա.

2) որևէ փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունը, որը կարող է ազդել դատական ակտի իրավաչափության վրա:

Հոդված 355. Դատական վերանայման բողոքը

1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.

4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.

5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.

6) բողոքին կցվող նյութերի ցանկը.

7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)։

3. Բողոքարկման հստակ ժամկետի առկայություն ենթադրող դատական վերանայման դեպքում նախքան բողոքարկման ժամկետի ավարտը կարող է բերվել դատական վերանայման հավելյալ բողոք, որը պետք է բովանդակի`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տվյալները.

2) սկզբնական բողոքի ներկայացման տարին, ամիսը և օրը.

3) բողոքի հավելյալ հիմքը, բողոքի հիմքը հաստատող լրացուցիչ փաստերը, ինչպես նաև դրանք հիմնավորող հավելյալ, այդ թվում՝ նոր փաստարկները:

4. Դատական վերանայման բողոքի հիմքերը և դրանք հաստատող փաստերը ներկայացվում են բացառապես բողոքում և չեն կարող փոփոխվել կամ լրացվել դատական վարույթի ընթացքում:

(355-րդ հոդվածը լրաց.16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 356. Դատական վերանայման բողոք բերելու կարգը և հետևանքները

1. Դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը դատական ակտ կայացրած դատարան՝ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները կատարելու համար:

2. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:

3. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հինգերորդ օրը դատական ակտը կայացրած դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին՝ պարզաբանելով բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգը և ժամկետը, իսկ քրեական գործը կամ վարույթի նյութերը՝ համապատասխան վերադաս դատարան:

4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշմամբ դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:

Հոդված 357. Դատական վերանայման բողոքի պատասխանը

1. Դատական վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան սույն օրենսգրքով սահմանված ժամկետում:

2. Դատական վերանայման բողոքի պատասխանը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.

2) տվյալներ պատասխանը ներկայացրած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) բողոքարկված դատական ակտը, այն կայացրած դատարանի անվանումը, ինչպես նաև բողոք բերած անձի տվյալները՝ նշելով նրա կարգավիճակը.

4) բողոքի հիմքի, այն հաստատող փաստերի, ինչպես նաև պահանջի վերաբերյալ դիրքորոշումը և այն հիմնավորող փաստարկները.

5) բողոքին կցվող նյութերի ցանկը․

6) պատասխանը ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

3. Դատական վերանայման բողոքի պատասխանը համապատասխան վերադաս դատարանն ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին:

Հոդված 358. Դատական վերանայման բողոքը հետ վերցնելը և դրա հետևանքները

1. Բողոք բերած անձը կամ այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունի համապատասխան վերադաս դատարան ուղղված միջնորդությամբ հետ վերցնելու այն կամ հրաժարվելու բողոքի մի մասից մինչև դատական նիստում նախագահող դատավորի կամ դատավորներից մեկի զեկուցումը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված գրավոր ընթացակարգով դատական վերանայման դեպքում՝ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշված ժամկետում։ Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել նաև վերադաս դատախազը:

2. Միջնորդությունը բավարարելու դեպքում տվյալ բողոքը կամ դրա մի մասը քննության ենթակա չէ: Եթե տվյալ դատական ակտի դեմ այլ բողոք չի բերվել, ապա միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից բողոքարկված դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

3. Համապատասխան դատական վարույթը կարճելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթի բոլոր մասնակիցներին:

4. Վճռաբեկության դեպքում բողոքը հետ վերցնելու միջնորդությունը կարող է չբավարարվել, եթե բողոքի քննությունը հիմնարար նշանակություն ունի օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառությունն ապահովելու կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու համար:

Հոդված 359. Դատական վերանայման սահմանները

1. Վերաքննությունը և վճռաբեկությունն իրականացվում են բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:

2. Վերադաս դատարանն իրավասու է ի շահ մեղադրյալի դուրս գալու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի սահմաններից, եթե՝

1) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո հայտնաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք.

2) հայտնաբերվում է, որ մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական.

3) հայտնաբերվում են սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներ.

4) հայտնաբերվում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել.

5) բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նաև դատական ակտը չբողոքարկած մեղադրյալին:

3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:

4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա:

Հոդված 360. Դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումները

1. Դատական նիստը բացելուց հետո նախագահող դատավորը հայտարարում է, թե որ վարույթի շրջանակներում ինչ բողոք է քննվում: Այնուհետև նախագահողի հանձնարարությամբ դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցների մասին: Վարույթի մասնակիցների չներկայանալը խոչընդոտ չէ դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումներ անցկացնելու համար:

2. Նախագահող դատավորը կամ դատավորներից մեկը ներկայացնում է զեկուցում, որում շարադրվում են վարույթի ընթացքը, էական փաստերը, բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, բողոքի պահանջը, ինչպես նաև բողոքի պատշաճ պատասխանը:

3. Դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցներին հարցեր կարող են տալ նախ դատավորները, ապա, դատարանի թույլտվությամբ, վարույթի մյուս մասնակիցները: Մի քանի մասնակցի կողմից հարցեր տալու ցանկություն հայտնելու դեպքում հարցեր տալու հաջորդականությունը որոշում է դատարանը:

4. Հարցեր տալու հնարավորություն ընձեռելուց հետո դատարանը հեռանում է որոշում կայացնելու:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը վերաքննության նկատմամբ չեն կիրառվում:

Հոդված 361. Դատական վերանայման բողոքի հիման վրա կոլեգիալ կազմով եզրափակիչ դատական ակտ կայացնելը

 1. Դատական վերանայման բողոքի հիման վրա կոլեգիալ կազմով եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դատավորների խորհրդակցության ժամանակ առանձին սենյակում կարող են գտնվել միայն տվյալ վարույթով դատական կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքով նախատեսված հաջորդականությամբ: Առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է բողոք բերած անձի համար:

3. Դատավորներից յուրաքանչյուրը յուրաքանչյուր հարցի պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում: Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար:

4. Դատական ակտի յուրաքանչյուր էջ կնքվում է, իսկ վերջին էջը ստորագրում են բոլոր դատավորները: Դատական ակտի եզրափակիչ մասի կապակցությամբ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորը չի ստորագրում դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել տարբերվող հատուկ կարծիք:

5. Դատական ակտի պատճառաբանական մասի կապակցությամբ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավասու է գրավոր շարադրելու համընկնող հատուկ կարծիք:

6. Հատուկ կարծիքն ստորագրում և կնքում է մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորը, և այն կցվում է քրեական գործին։ Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: Հատուկ կարծիքը տրամադրվում է տվյալ վարույթի մասնակիցներին։

(361-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը

1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`

1) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.

2) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը.

3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

2. Միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրառումն է, եթե այն ենթակա չէր կիրառման, կամ չկիրառումն է, եթե այն ենթակա էր կիրառման, կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է:

3. Նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ նյութական այլ օրենքի որևէ հոդվածի, հոդվածի մասի կամ կետի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ որևէ հոդվածի, հոդվածի մասի կամ կետի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ նյութական օրենքի սխալ մեկնաբանումն է:

4. Քրեադատավարական օրենքի էական խախտում է դատական վարույթի ընթացքում քրեական վարույթի որևէ սկզբունքի խախտումը:

5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում:

6. Վերադաս դատարանն իրավասու է մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու արդարացման դատավճիռը, ինչպես նաև մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու մեղադրական դատավճիռը միայն այն դեպքում, երբ այդ հիմքով և պահանջով բողոք է բերել դատախազը կամ տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

7. Արդարացման դատավճիռը, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման հիմքով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում:

8. Սույն հոդվածի 1-5-րդ մասերը բացառիկ վերանայման նկատմամբ չեն կիրառվում:

Հոդված 363. Դատական վերանայման արդյունքով կայացվող դատական ակտի բովանդակությունը

1. Դատական վերանայման արդյունքով կայացվող դատական ակտի մեջ նշվում են՝

1) քրեական վարույթի կամ քրեական գործի համարը.

2) դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) դատարանի կազմը.

4) բողոք բերած անձի (անձանց) անունը (անունները) կամ անվանումը (անվանումները).

5) վարույթն իրականացրած ստորադաս դատարանի (դատարանների) անվանումը, եզրափակիչ դատական ակտի (ակտերի) կայացման տարին, ամսաթիվը, դատարանի կազմը (կազմերը).

6) վարույթի մասնակիցների անունները, հայրանունները, ազգանունները.

7) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը.

8) բողոքարկման հիմքերը, փաստարկները և բողոքի պահանջը.

9) վարույթի ընթացքը.

10) վերանայումն իրականացնող դատարանի հիմնավորումները.

11) նորմատիվ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվում է որոշում կայացնելիս.

12) բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտում դատարանը հիմնավորված իրավական գնահատական է տալիս դատական վերանայման բողոքում ներկայացված բոլոր փաստարկներին, բացառությամբ այն փաստարկների, որոնց հիմնազուրկ լինելը անկողմնակալ դիտորդի մեջ չի կարող կասկած հարուցել:

3. Բանավոր ընթացակարգով իրականացված դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Դատական ակտն ամբողջությամբ օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

 

Գ Լ ՈՒ Խ  46

 

ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 364. Վերաքննիչ բողոք բերելու և վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները

1. Վերաքննիչ բողոքը բերվում է վերաքննության ենթակա դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Հոդված 365. Վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդությունը

1. Վարույթի մասնակիցներն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանի փաստարկումները հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր ապացույցներ, միջնորդելու ցուցմունք տալու համար դատարան հրավիրել իրենց նշած անձին, նշանակելու փորձաքննություն, պահանջելու իրենց համար ոչ մատչելի ապացույցներ, եթե հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները, հրավիրելու տվյալ անձին կամ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:

Հոդված 366. Վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները

1. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին.

2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը.

3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.

4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման.

5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

5. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին:

(366-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 367. Վերաքննության սահմանները

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև նոր ապացույցներով:

2. Վերաքննության կարգով բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքներն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ հետևյալ դեպքերի․

1) բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ հետևության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել.

2) բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և նոր ապացույցներով վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր չէ.

3) վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առկա է քրեական հետապնդումը բացառող փաստական հանգամանք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանն իրավասու է հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ նոր ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, որը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ նոր ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

5. Դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանն իրավասու է իր դատական ակտը հիմնավորելու համար հիմնվելու վերաքննիչ դատարանի նիստում չհետազոտված, սակայն առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների վրա:

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը

1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին:

2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով`

1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը.

2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը.

4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը:

3. Վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

4. Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

Հոդված 369. Վերաքննության կարգով դատաքննությունը

1. Դատարանի որոշմամբ վերաքննության կարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում` դատախազի մասնակցությունը:

2․ Զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքը ներկայացրած անձի բացատրությունները, իսկ դատարանի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում` նաև դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի բացատրությունները:

3. Ապացույցների հետազոտման անհրաժեշտության դեպքում այն կատարվում է դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ դատարանի սահմանած ծավալով: Կողմի միջնորդությամբ դատարանը կարող է ընդլայնել այդ ծավալը` հետազոտելով նաև այլ ապացույցներ, այդ թվում` նոր:

4. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո, իսկ եթե ապացույցների հետազոտում չի կատարվել, ապա կողմերի բացատրությունները լսելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, և այդ միջնորդությունները լուծելուց հետո անցնում է եզրափակիչ ելույթներին:

5. Եզրափակիչ ելույթների հերթականությունը որոշում է դատարանը: Եզրափակիչ ելույթներով դատալսումներին կողմերի մասնակցությունը պարտադիր չէ:

6. Եզրափակիչ ելույթներով դատալսումներն ավարտելուց հետո դատարանը հեռանում է եզրափակիչ դատական ակտ կայացնելու:

Հոդված 370. Եզրափակիչ դատական ակտ կայացնելը

1. Բողոքը քննելու արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է եզրափակիչ դատական ակտ, որը՝

1) հաստատում կամ լրացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը․

2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին․

3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Վերաքննիչ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) հիմնավոր է արդյոք վերաքննիչ բողոքը (վերաքննիչ բողոքներից յուրաքանչյուրը).

2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք.

3) պետք է արդյոք փոխել սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված որևէ հարցի առաջին ատյանի դատարանի տված պատասխանը.

4) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի.

5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով.

6) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա պետք է կայացվի նոր դատական ակտ, թե վարույթը պետք է փոխանցվի առաջին ատյանի համապատասխան դատարան.

7) եթե վարույթը ենթակա է փոխանցման առաջին ատյանի համապատասխան դատարան, ապա ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը:

Հոդված 371. Վերաքննության արդյունքով կայացվող դատական ակտերը

1. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանը`

1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով կայացնում է նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցում է առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը.

3) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

2. Դատական ակտը բեկանելիս վերաքննիչ դատարանն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար:

Հոդված 372. Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը

1․Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե՝

1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին.

2) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.

3) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը.

4) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

5) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին.

6) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

Հոդված 373. Փաստական հանգամանքների մասին դատավճռում կամ որոշման մեջ շարադրված հետևությունների անհամապատասխանությունն ապացույցներին

1. Պարզելով, որ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը:

Հոդված 374. Միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը

1. Պարզելով, որ միջազգային պայմանագիրը ճիշտ կիրառված չէ, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը:

Հոդված 375. Նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառումը

1. Պարզելով, որ մեղադրյալի դատապարտման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ նրա արարքը հակաիրավական չէ, կամ առկա է քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման փոխարեն մեղադրյալը դատապարտվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ:

2. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ խիստ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը փոփոխում է դատական ակտը` հանցագործությանը տալով մեղադրյալի համար ավելի բարենպաստ իրավական գնահատական:

3. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ մեղմ լինելու պատճառով, վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Եթե նախկինում վարույթը նույն հիմքով փոխանցված է եղել առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ:

4. Պարզելով, որ մեղադրյալի արդարացման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որևէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը բացառող որևէ հանգամանք (դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Եթե նախկինում վարույթը նույն հիմքով փոխանցված է եղել առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ:

5. Պարզելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, վերաքննիչ դատարանը փոփոխում է դատական ակտը:

6. Պարզելով, որ նյութական օրենքի որևէ այլ դրույթ, ներառյալ գույքային հայցը լուծելու առումով, ճիշտ կիրառված չէ, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության, կամ փոփոխում է դատական ակտը:

Հոդված 376. Քրեադատավարական օրենքի էական խախտումը

1. Դատական ակտն անվերապահորեն ենթակա է բեկանման, եթե՝

1) քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.

2) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.

3) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.

4) դատական վարույթն անիրավաչափորեն իրականացվել է մեղադրյալի բացակայությամբ.

5) դատական վարույթն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր.

6) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու մեղադրյալի իրավունքը.

7) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած մեղադրյալին հնարավորություն չի տրվել հանդես գալու եզրափակիչ ելույթով.

8) քրեական գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.

9) բողոքարկվող դատական ակտում բացակայում է դրա պատճառաբանական մասը.

10) խախտվել են ընդդատության կանոնները.

11) դատարանը մեղադրյալին մեղսագրվող փաստական հանգամանքներին (արարքին) տվել է տարբերվող իրավական գնահատական՝ առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու.

12) վերադաս դատարանի փոխանցած վարույթով չեն կատարվել այդ դատարանի սահմանած ծավալի շրջանակներում անհրաժեշտ վարութային գործողությունները:

2. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` դադարեցնելով քրեական հետապնդումը կամ կարճելով քրեական վարույթը:

3. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 2-12-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

4. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական oրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության:

Հոդված 377. Նշանակված պատժի անարդարացիությունը

1. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս կամ պատժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող կամ հանցագործության վտանգավորությունը կամ մեղադրյալի անձը բնութագրող որևէ հանգամանք, որի արդյունքով նշանակել է անարդարացի` ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ պատիժ, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը` մեղմացնելով կամ խստացնելով պատիժը կամ այլ կերպ լուծելով պատժի կրման հարցը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

Հոդված 378. Նոր փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունը

1. Պարզելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելուց հետո հայտնաբերվել կամ առաջացել է այնպիսի փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, կամ փոփոխում է դատական ակտը:

Հոդված 379. Վերաքննությամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը հաջորդող վարույթը

1. Վերաքննության արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վերաքննության արդյունքով կայացված դատական ակտը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

3. Բողոքարկվող դատական ակտը վերաքննության կարգով բեկանվելու և վարույթն առաջին ատյանի դատարան փոխանցելու դեպքում վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով:

 

Գ Լ ՈՒ Խ  47

 

ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 380. Վճռաբեկ բողոք բերելու և վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները

1. Վճռաբեկ բողոքը բերվում է վճռաբեկ բողոքարկման ենթակա դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հոդված 381. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ

2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եթե`

1) ստորադաս դատարանների` տարբեր վարույթներով առնվազն երկու դատական ակտերում նույն նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով.

2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).

3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է մեկ այլ վարույթով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).

5) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

3. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ դատական սխալները․

1) քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, կամ արդարացման դատավճիռ չի կայացվել.

2) մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական.

3) մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել.

4) թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քրեադատավարական օրենքի որևէ խախտում:

4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները․

1) ուժի մեջ մտած համաներման ակտը կիրառելի է մեղադրյալի նկատմամբ.

2) լրացել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.

3) մեղադրյալը մահացել է.

4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ.

5) որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն:

Հոդված 382. Վճռաբեկ բողոքը

1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 381-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):

2. Օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հնարավոր որոշման էական նշանակությունը պետք է հիմնավորվի հետևյալ եղանակներից առնվազն մեկով․

1) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պարագայում` բողոքին կցել համապատասխան դատական ակտերը, մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտով և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտով նույն նորմատիվ իրավական ակտի տարաբնույթ կիրառման վերաբերյալ.

2) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ․

3) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պարագայում` մեջբերել ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.

4) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.

5) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պարագայում` փաստարկելով, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից էապես տարբերվող դատական ակտ:

(382-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 383. Վճռաբեկ բողոքով նախնական վարույթը

1. Վճռաբեկ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և տասն օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը.

3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.

4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վճռաբեկ բողոքարկման.

5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Եթե վճռաբեկ բողոքում վկայակոչված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված որևէ պայման, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վկայակոչված պայմանի բացակայությունը։

4. Վճռաբեկ բողոքը ընդունվում է վարույթ, եթե այն համապատասխանում է սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին, և միաժամանակ Վճռաբեկ դատարանը չի գալիս հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

5. Սույն հոդվածի 1-2-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Սույն հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում: Վճռաբեկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է վճռաբեկ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

6. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու, բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին:

(383-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 384. Վճռաբեկ բողոքով դատաքննությունը

1. Վճռաբեկ դատարանը բողոքի քննությունն իրականացնում է ողջամիտ ժամկետում:

2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը և դատական վարույթի մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

 

Հոդված 384.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը

 

1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:

2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:

3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝

1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.

2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.

3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները.

4) հնարավորության դեպքում և, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.

5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.

6) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը.

7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:

4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:

5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:

6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցում ներկայացնող դատավորը, որը պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:

(384.1-ին հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-236-Ն)

Հոդված 385. Դատական ակտ կայացնելը

1. Բողոքը քննելու արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը՝

1) հաստատում կամ լրացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը․

2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է ստորադաս դատարանների դատական ակտերին․

3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Վճռաբեկ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) հիմնավոր է արդյոք վճռաբեկ բողոքը (վճռաբեկ բողոքներից յուրաքանչյուրը).

2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք.

3) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի.

4) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով.

5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա վարույթը պետք է փոխանցվի վերաքննիչ դատարան, թե առաջին ատյանի համապատասխան դատարան, և ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը։

Հոդված 386. Վճռաբեկության արդյունքով կայացվող դատական ակտերը

1. Վճռաբեկության արդյունքում Վճռաբեկ դատարանը`

1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով վարույթը փոխանցում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է oրինական ուժի մեջ.

3) փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի դատական ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

4) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը` դադարեցնելով քրեական հետապնդումը կամ կարճելով քրեական վարույթը.

5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանված կամ փոփոխված լինելու դեպքերում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում Վճռաբեկ դատարանը լրացուցիչ հիմնավորում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված:

(386-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Հոդված 387. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը

1. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե՝

1) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.

2) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը.

3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

4) նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին.

5) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

2. Պարզելով, որ միջազգային պայմանագիրը ճիշտ կիրառված չէ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

3. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ, կամ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, Վճռաբեկ դատարանը բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

4. Պարզելով, որ թույլ է տրվել նյութական օրենքի, ներառյալ գույքային հայցը լուծելու առումով, այլ ոչ ճիշտ կիրառում, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

5. Պարզելով, որ թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, Վճռաբեկ դատարանը բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` կարճելով վարույթը կամ դադարեցնելով քրեական հետապնդումը:

6. Պարզելով, որ թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի 2-12-րդ կետերով նախատեսված խախտում, Վճռաբեկ դատարանը բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

7. Պարզելով, որ թույլ է տրվել քրեադատավարական oրենքի այլ էական խախտում, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

8. Պարզելով, որ պատիժ նշանակելիս կամ պատժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առնվել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող կամ հանցագործության վտանգավորությունը կամ մեղադրյալի անձը բնութագրող որևէ հանգամանք, որի արդյունքով նշանակվել է անարդարացի` ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ պատիժ, Վճռաբեկ դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը` մեղմացնելով կամ խստացնելով պատիժը կամ այլ կերպ լուծելով պատժի կրման հարցը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

9. Պարզելով, որ առկա է այնպիսի փաստական կամ իրավական հանգամանք, այդ թվում` իրավունքի զարգացմանը վերաբերող հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

Հոդված 388. Վճռաբեկությամբ եզրափակիչ որոշման հրապարակմանը հաջորդող վարույթը

1. Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Որոշումը հրապարակման օրվանից ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին և տվյալ վարույթի մասնակիցներին:

3. Բողոքարկվող դատական ակտը վճռաբեկության կարգով բեկանվելու և վարույթն ստորադաս դատարան փոխանցելու դեպքում վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` Վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով:

 

Գ Լ ՈՒ Խ  48

 

ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Հոդված 389. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը

1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը․

1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին․

3) սույն օրենսգրքի 285-րդ, 292-րդ, 295-րդ կամ 302-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական երաշխիքների որևէ վարույթի հարուցումը մերժելու, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու մասին.

4) սույն օրենսգրքի 284-րդ, 291-րդ, 294-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը բավարարելու կամ մերժելու մասին, ինչպես նաև մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին.

5) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու կամ բժշկական հսկողություն կիրառելու վարույթի հարուցումը մերժելու մասին.

6) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու կամ բժշկական հսկողություն կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին.

7) դատական տուգանք նշանակելու մասին.

8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին.

9) դատարան հարկադրաբար ներկայացնելու մասին.

10) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին.

11) համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին.

12) հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին․

13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր:

Հոդված 390. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները

1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Հոդված 391. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները

1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին.

2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը.

3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.

4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման.

5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում բողոքն ընդունվում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

4. Հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Վերաքննիչ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

5. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը մեկօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

(391-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 392. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ժամկետները

1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման վարույթն իրականացվում և ավարտվում է բողոքը վարույթ ընդունելուց հետո՝

1) հնգօրյա ժամկետում՝ սույն օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատական ակտերի դեպքում.

2) տասնօրյա ժամկետում՝ սույն օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված դատական ակտերի դեպքում.

3) քսանօրյա ժամկետում՝ այլ դատական ակտերի դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշմամբ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:

(392-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 393. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը

1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) դատական ակտը թողնում է անփոփոխ.

2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.

3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

2. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին և համապատասխան առաջին ատյանի դատարան:

3. Եթե վերաքննիչ դատարանում հատուկ վերանայումն իրականացվում է առաջին ատյանի դատարանում ընթացող վարույթի պայմաններում, ապա վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը հայտարարվում է առաջին ատյանի դատարանի առաջիկա նիստում:

Հոդված 394. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը

1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա են վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի հետևյալ դատական ակտերը․

1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին․

3) դատական տուգանք նշանակելու մասին.

4) վարույթից հեռացնելու մասին.

5) դատարան հարկադրաբար ներկայացնելու մասին.

6) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին.

7) վերաքննիչ բողոքը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին.

8) վերաքննիչ վարույթը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման վարույթը կարճելու մասին.

9) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր:

Հոդված 395. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները

1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

2. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է բողոքն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

(395-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Հոդված 396. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանները

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը:

Հոդված 397. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը

1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 396-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները:

2. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից էապես տարբերվող դատական ակտ:

Հոդված 398. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը

1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը.

3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.

4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքարկման.

5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն:

4. Վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ, եթե այն համապատասխանում է սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին, և միաժամանակ Վճռաբեկ դատարանը չի գալիս հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։ Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Վճռաբեկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վճռաբեկ բողոքը վերստին ներկայացնելու օրվանից, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

6. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման, ինչպես նաև բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարան:

(398-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21507

Հոդված 399. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ժամկետները

1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման վարույթն իրականացվում և ավարտվում է բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ հնարավոր ամենասեղմ ժամկետում:

2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը և վարույթի վերաբերելի մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

Հոդված 400. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը

1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը`

1) դատական ակտը թողնում է անփոփոխ.

2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.

3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

2. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: Դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին ու համապատասխան ստորադաս դատարան:

3. Եթե Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայումն իրականացվում է ստորադաս դատարանում ընթացող վարույթի պայմաններում, ապա վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը հայտարարվում է այդ դատարանի առաջիկա նիստում:

 

Գ Լ ՈՒ Խ  49

 

ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը

1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.

3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը:

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը:

Հոդված 402. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

1. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեն`

1) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որի իրավաչափ շահերին առնչվում է ենթադրյալ նոր հանգամանքը կամ ենթադրյալ հիմնարար խախտումը կամ ենթադրյալ նոր ի հայտ եկած հանգամանքը.

2) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված անձը.

3) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել է միջազգային պայմանագրի պահանջներին համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձի փոխարեն բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը

1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․

1) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի, մեղադրյալի, փորձագետի ցուցմունքների սուտ լինելը կամ թարգմանչի կատարած թարգմանության սխալ կամ փորձագետի եզրակացության կամ կարծիքի կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունների և արտավարութային փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն.

2) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորի հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել տվյալ գործը քննելիս.

3) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են վարույթի հանրային մասնակիցների այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն.

4) Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.

6) Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման համար, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով․

1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ.

2) անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որն ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական.

2.1) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, կամ խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված կանոնները.

3) մեղադրյալի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը կայացվել է բացառապես նրա խոստովանական ցուցմունքի հիման վրա.

4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը վարույթն իրականացրել է ոչ օրինական կազմով.

5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանում վարույթն անիրավաչափորեն իրականացվել է մեղադրյալի բացակայությամբ.

6) օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանում վարույթն անիրավաչափորեն իրականացվել է պաշտպանի կամ թարգմանչի բացակայությամբ, և այդ հանգամանքն ազդել է վարույթի ելքի վրա.

7) քրեական գործում բացակայում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանի դատական նիստի արձանագրությունը, եթե այն հնարավոր չէ վերականգնել.

8) օրինական ուժի մեջ մտած դատական ակտում բացակայում է պատճառաբանական մասը:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք կարող է բերվել այն դեպքում, երբ՝

1) պարզվել են դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև հաստատում են վարույթը կարճելու ոչ իրավաչափ լինելը․

2) վերացել է մեղսունակության վիճակում հանցանքը կատարած անձի մոտ առկա և պատժի կրումը անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիրը:

(403-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 404. Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները

1. Բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ բողոք բերելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին:

2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում չորսամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

3. Արդարացման դատավճռի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ:

5. Դատապարտյալի մահն արգելք չէ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով բացառիկ վերանայում իրականացնելու համար:

Հոդված 405. Նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթը

 1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նոր ի հայտ եկած հանգամանքների մասին հաղորդումը շահագրգիռ կամ իրավասու անձը ուղարկում է դատախազին:

2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքի առերևույթ առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու հանձնարարություն է տալիս նախաքննության մարմնին:

3. Քննության արդյունքներով դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով՝ հաղորդումն ստացած դատախազը կազմում է եզրակացություն և այն ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում որոշմամբ կարճում է վարույթը: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որը կարող է այն բողոքարկել սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, դատական ակտը վերանայելու հիմքերն առկա համարելով, նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք է ներկայացնում համապատասխան վերադաս դատարան` դրան կցելով եզրակացությունը և այլ անհրաժեշտ նյութեր:

5. Դատական ակտը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը որոշմամբ կարճում է նախնական վարույթը: Որոշումը և վարույթի նյութերի պատճենները եռօրյա ժամկետում ուղարկվում են հաղորդում ներկայացրած շահագրգիռ անձին, որն իրավունք ունի դրանց հիման վրա բերելու բացառիկ վերանայման բողոք՝ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով:

Հոդված 406. Բացառիկ բողոքարկման կարգը

1. Բացառիկ վերանայման բողոքը ներկայացվում է Վճռաբեկ դատարան, իսկ եթե բողոքարկվող դատական ակտը կայացրել է առաջին ատյանի դատարանը՝ վերաքննիչ դատարան:

2. Բացառիկ վերանայման բողոքի և կից նյութերի պատճենները պատշաճորեն ուղարկվում են այն անձանց, որոնք եղել են տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներ: Եթե բողոքը բերել է սույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձը կամ նրա լիազորած անձը, ապա բողոքի և կից նյութերի պատճեններն ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

3. Բացառիկ վերանայման բողոքին կցվում են բողոքի և կից նյութերի պատճենները սույն հոդվածով նախատեսված հասցեատերերին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:

Հոդված 407. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը

1. Բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթը հարուցվում է իրավասու դատարանի որոշմամբ։ Բացառիկ վերանայման վարույթն իրականացվում է ողջամիտ ժամկետում:

2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը, նրա լիազորած անձը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և 10 օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին: 

3. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը որոշմամբ մերժվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում․

1) բողոքն իրավասու դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.

3) նոր հանգամանքը, նոր ի հայտ եկած հանգամանքը կամ հիմնարար խախտումն ակնհայտ բացակայում են.

4) բողոքը ներկայացրել է ոչ պատշաճ անձը․

5) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման:

4. Վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որն ուղարկվում է բողոքաբերին և սույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:

5. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել Վճռաբեկ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով:

(407-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Հոդված 408. Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը

1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:

2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա:

3. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վերաքննիչ դատարանի դատական ակտը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված վճռաբեկության կարգով:

4. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոքը բերած անձին և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներին:

5. Բողոքարկվող դատական ակտը բացառիկ վերանայման կարգով բեկանվելու և վարույթը ստորադաս դատարան փոխանցվելու դեպքում վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բացառիկ վերանայում իրականացրած դատարանի սահմանած ծավալով:

 

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 12

 

ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  50

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 409. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի ընդհանուր պայմանները

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց վերաբերյալ վարույթներով, որոնց տաuնութ տարին չի լրացել ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահին, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնց տարիքը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում հայտարարում են, կամ ողջամտորեն ենթադրվում է, որ անչափահաս են, քանի դեռ սույն օրենսգրքով սահմանված կարգով չի հաստատվել հակառակը:

2. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացվում է uույն oրենuգրքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով uույն գլխով նախատեսված կանոնները:

3. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անչափահաuի դաստիարակության, բնակության, կրթության կամ աշխատանքի բնականոն պայմաններն ապահովելու, ինչպես նաև ոչ իրավաչափ ներգործությունից նրան առավելագույնս զերծ պահելու համար:

4. Անչափահասի նկատմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի և ներգործության մյուս միջոցները պետք է համարժեք լինեն նրան վերագրվող հանցանքի փաստական հանգամանքներին և ծանրության աստիճանին, ինչպես նաև անչափահաuի անձին, նրա սոցիալական և հոգեկան վիճակին:

Հոդված 410. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները

1. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով, բացի սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված ապացուցման ենթակա հանգամանքներից, պարզվում են՝

1) անչափահասի տարիքը (ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը).

2) անչափահասի սոցիալական, ընտանեկան վիճակը, կրթության և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման մակարդակը և նրա անձի այլ առանձնահատկությունները.

3) անչափահասի վրա տարիքով ավագ անձանց ազդեցությունը.

4) ենթադրյալ հանցանքի կատարման պատճառները և դրան նպաստող պայմանները:

2. Հոգեկան առողջության խնդիրների հետ չկապված մտավոր սահմանափակումների մասին վկայող տվյալների առկայության դեպքում պետք է պարզվի նաև, թե արդյոք անչափահասը կարող էր ամբողջությամբ գիտակցել իր գործողությունների (անգործության) փաստական բնույթը և քրեական հակաիրավականությունը կամ ղեկավարել դրանք:

Հոդված 411. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը

1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ ցանկացած վարույթ պետք է ի սկզբանե իրականացվի արագ և առանց անհարկի ձգձգումների:

2. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամկետները երկարաձգվել չեն կարող:

3. Չափահասի հետ ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի վերաբերյալ վարույթն անջատվում է սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե վարույթի անջատումը կարող է բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, ապա չափահասների հետ ներգրավված անչափահաս մեղադրյալի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները:

4. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի նյութերն առանց հատուկ անհրաժեշտության չպետք է հասանելի լինեն վարույթի բոլոր մասնակիցներին կամ հրապարակվեն, ներառյալ չափահաս անձին վերագրվող հանցանքի քննության ընթացքում:

Հոդված 412. Պաշտպանի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին

1. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է այդ անձի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից:

2. Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը, բացառությամբ այն դեպքի, երբ դա պայմանավորված է այլ պաշտպան ունենալու ցանկությամբ: Այդ դեպքում, ինչպես նաև մեղադրյալի օրինական ներկայացուցչի կողմից պաշտպանի լիազորությունները դադարեցնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին նոր պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար:

Հոդված 413. Օրինական ներկայացուցչի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին

1. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով օրինական ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է:

2. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչի մասնակցությունն ապահովում է անչափահասի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից: Վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչին պարզաբանում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:

3. Սույն օրենսգրքի 69-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը վարույթին անհապաղ մասնակից է դարձնում անչափահասի այլ օրինական ներկայացուցչի:

 

Հոդված 414. Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը

 

1. Անչափահաuի ազատության uահմանափակման մաuին ցանկացած որոշում պետք է ընդունվի վարույթի բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո uահմանափակումը հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով:

2. Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը:

3. Հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալված անչափահասի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու անհրաժեշտության դեպքում նա պետք է դատարան ներկայացվի ձերբակալման պահից 48 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալված անչափահասը դատարան ներկայացնելու պահից 12 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

4. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը լուծելիս յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի նրան դաստիարակչական հսկողության հանձնելու հնարավորությունը՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահաuի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նա խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները: Ամեն դեպքում, անչափահաu մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար:

6. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում մեկ ամսից ոչ ավելի ժամկետով: Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կիրառված կալանքի կամ տնային կալանքի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) երկու ամիսը` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

2) վեց ամիսը` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

7. Առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող անչափահասի նկատմամբ կիրառվող կալանքը կամ տնային կալանքը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել ևս առավելագույնը երկու ամսով:

8. Անչափահասին ազատ արձակելու վերաբերյալ յուրաքանչյուր պատշաճ միջնորդություն վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է քննարկվի և լուծվի անհապաղ:

Հոդված 415. Անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը

1. Անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է պաշտպանի և հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս մեղադրյալի հարցաքննությանը մասնակցելու իրավունք ունի նաև նրա օրինական ներկայացուցիչը:

2. Հարցաքննությունն սկսելուց առաջ տասնվեց տարին չլրացած մեղադրյալին վարույթն իրականացնող մարմինը բացատրում է նրա լռելու իրավունքը, պարզաբանում է, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, ինչպես նաև հայտնում է, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Եթե տասնվեց տարին չլրացած մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա վարույթն իրականացնող մարմինը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության մասին, սակայն չի նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հոդված 416. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելը

1. Եթե մինչդատական վարույթում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի քննության ընթացքում պարզվում է, որ նախկինում հանցանք չկատարած անչափահաս մեղադրյալի ուղղումը հնարավոր է առանց նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա հսկող դատախազը քննիչի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և հարուցում է անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդություն, որը վարույթի նյութերի հետ միասին հանձնում է դատարան:

2. Հսկող դատախազն իրավասու է անչափահաս մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու առանց դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ չհարուցելու քրեական հետապնդում, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր պայմանները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է անչափահաս մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը:

4. Դատարանը միջնորդությունը և վարույթի նյութերը քննարկում է սույն օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

5. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անչափահասի նկատմամբ Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին: Դատարանը դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարում է մասնագիտացված իրավասու մարմնին:

6. Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է դատախազին՝ քրեական հետապնդումը վերսկսելու համար:

Հոդված 417. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ դատական վարույթի առանձնահատկությունները

1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստերն անցկացվում են դռնփակ:

2. Դռնբաց դատական նիստ կարող է անցկացվել միայն անչափահաս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջնորդությամբ, եթե դա ինքնին չի վնասի անչափահասի իրավաչափ շահերին: Ամեն դեպքում, դռնբաց դատական նիստ անցկացնելիս դատարանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

3. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ և հոգեբանի կարծիքը լսելուց հետո դատարանը կարող է որոշում կայացնել անչափահաս մեղադրյալին դատական նիստի դահլիճից հեռացնելու մասին, եթե հետազոտման ենթակա հանգամանքները կարող են նրա վրա բացասական ազդեցություն ունենալ:

4. Դատական նիստի դահլիճ մեղադրյալի վերադառնալուց հետո նախագահողը պաշտպանին հնարավորություն է ընձեռում մեղադրյալին առանձին պարզաբանելու կատարված գործողությունների բովանդակությունը, ինչպես նաև նրա հետ քննարկելու մեղադրյալի բացակայությամբ հարցաքննված անձանց հարցեր տալու անհրաժեշտությունը:

Հոդված 418. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելը

1. Եթե մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթի արդյունքով պարզվում է, որ առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները, ապա դատարանը որոշում է կայացնում անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին:

2. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելուց դատարանն անչափահասին և նրա օրինական ներկայացուցչին պարզաբանում է նշանակված միջոցի բովանդակությունը, դրանից խուսափելու, դրա պահանջները խախտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հետևանքները:

3. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվում է կողմերին, ինչպես նաև անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմին:

Հոդված 419. Անչափահասի նկատմամբ դատավճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը

1. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանը, սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հարցերից բացի, լուծում է նաև վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով պատժից ազատելու հարցը, ինչպես նաև քննարկում է հանցանքի կատարման պատճառները, դրան նպաստող պայմանները և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:

2. Վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով պատժից ազատելու դեպքում դատարանը նշում է, թե անչափահասի վարքագծի նկատմամբ հսկողությունը մասնագիտացված որ իրավասու մարմնին է հանձնարարվում:

(419-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Գ Լ ՈՒ Խ  51


ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 420. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի սահմանները

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթը (այսուհետ` բժշկական հարկադրանքի վարույթ) իրականացվում է`

1) այն անձի նկատմամբ, որը ենթադրյալ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում.

2) այն անձի նկատմամբ, որը ենթադրյալ հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն ունի պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր:

2. Բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:

Հոդված 421. Բժշկական հարկադրանքի վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները

1. Բժշկական հարկադրանքի վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝

1) դեպքը և դրա հանգամանքները.

2) արարքը տվյալ անձի կողմից կատարելը.

3) արարքը կատարելիս տվյալ անձի մեղսունակությունը և մեղքը.

4) տվյալ անձի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայությունը, ինչպես նաև դրա բնույթը, աստիճանը և առաջացման ժամանակը.

5) տվյալ անձի վարքագիծը և առողջական վիճակն արարքը կատարելուց առաջ և հետո.

6) պատճառված վնասի բնույթը և չափը:

Հոդված 422. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելը

1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչը կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:

2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում:

3. Եթե տվյալ վարույթով ներգրավված են մեկից ավելի մեղադրյալներ, ապա փոխակերպման մասին որոշում կայացնելուց առաջ սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձին վերաբերող մասով վարույթն անջատվում է:

4. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելու պահից 48 ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը այդ վարույթն սկսելու հիմք հանդիսացած որոշումների պատճենները հանձնում է այն անձին, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթը, ինչպես նաև այդ անձի պաշտպանին կամ ներկայացուցչին` այդ փաստաթղթերին կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ հուշաթերթ:

5. Եթե բժշկական հարկադրանքի վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերը վերանում են, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է բժշկական հարկադրանքի վարույթը քրեական վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է վարույթի մասնակիցներին, իսկ քննիչը՝ նաև հսկող դատախազին:

6. Սույն հոդվածով նախատեսված փոխակերպման յուրաքանչյուր դեպքում վարույթը չի վերսկսվում:

Հոդված 423. Այն անձի իրավունքները և երաշխիքները, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ

1. Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից` այնքանով, որքանով դրանց իրականացումը հնարավոր է այդ անձի առողջական վիճակից ելնելով:

2. Բժշկական հարկադրանքի մինչդատական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

3. Եթե այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, առողջական վիճակի պատճառով ընդհանրապես ի վիճակի չէ մասնակցելու վարութային գործողություններին, ապա քննիչն այդ մասին կազմում է արձանագրություն, որի պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև տվյալ անձի պաշտպանին և ներկայացուցչին:

Հոդված 424. Պաշտպանը և ներկայացուցիչը բժշկական հարկադրանքի վարույթում

1. Բժշկական հարկադրանքի վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

2. Քննիչի կամ դատարանի որոշմամբ բժշկական հարկադրանքի վարույթում որպես ներկայացուցիչ կարող է մասնակցել տվյալ անձի խնամակալը կամ մերձավոր ազգականը, իսկ նրա ներգրավման անհնարինության դեպքում` այն բժշկական հաստատության ներկայացուցիչը, որտեղ գտնվում է տվյալ անձը:

Հոդված 425. Բժշկական հարկադրանքի վարույթով անվտանգության միջոցները

1. Բժշկական հարկադրանքի վարույթում խափանման միջոցներ չեն կարող կիրառվել, իսկ մինչև վարույթի փոխակերպումը կիրառված խափանման միջոցները ենթակա են վերացման:

2. Բժշկական հարկադրանքի վարույթում կարող են կիրառվել սույն օրենսգրքի 136-րդ հոդվածով նախատեսված հարկադրանքի միջոցները:

Հոդված 426. Մինչդատական վարույթի ավարտը բժշկական հարկադրանքի վարույթով

1. Հավաքված ապացույցները համարելով բավարար` քննիչը, մեղադրական եզրակացությանը ներկայացվող վերաբերելի պահանջների պահպանմամբ, կազմում է եզրափակիչ ակտ կամ կայացնում է վարույթը կարճելու մասին որոշում` այն վարույթի նյութերի հետ անհապաղ հանձնելով հսկող դատախազին:

2. Ստանալով վարույթի նյութերը` հսկող դատախազը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) հաստատում է եզրափակիչ ակտը և վարույթի նյութերը հանձնում դատարան.

2) հաստատում է վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը.

3) չի հաստատում եզրափակիչ ակտը կամ քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է քննչական մարմնի ղեկավարին` վարույթը շարունակելու համար:

Հոդված 427. Նախնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով

1․ Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝

1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.

2) վարույթի ընդդատության հարցը.

3) վարույթը կարճելու հարցը.

4) անվտանգության միջոց կիրառելու հարցը.

5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը.

6) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը.

7) ապացույցների թույլատրելիության հարցը.

8) այլ վերաբերելի հարցեր:

Հոդված 428. Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով

1. Դատախազի բացման խոսքում ներկայացվում է դեպքի փաստական նկարագրությունը, և հիմնավորվում է բժշկական հարկադրանքի վարույթ կիրառելու անհրաժեշտությունը, ապա բացման խոսքով հանդես է գալիս պաշտպանը: Այնուհետև հետազոտվում են կողմերի ներկայացրած ապացույցները, կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, և դատարանը վերդիկտ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ:

2. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) ապացուցված են արդյոք տվյալ անձին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).

2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.

3) ապացուցված է արդյոք տվյալ անձի կողմից այդ արարքը կատարելը.

4) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ արարքը կատարելու պահին անձի անմեղսունակությունը.

5) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ անձի մեղքն իրեն վերագրվող արարքը կատարելու մեջ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ։

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը լուծում է նաև սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված հարցը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է անմեղսունակության վերդիկտ։

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որը սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման:

Հոդված 429. Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով

1. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում լրացուցիչ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Մեղադրական վերդիկտին կամ անմեղսունակության վերդիկտին հաջորդող լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում`

1) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ հարցերը.

2) պատիժ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ հարցերը.

3) գույքային հայցը լուծելու հարցը.

4) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը.

5) գույքի արգելադրման հետ կապված հարցերը.

6) ապացույցների պահպանման և տնօրինման հարցերը.

7) խափանման կամ անվտանգության միջոցի կիրառման հետ կապված հարցերը.

8) վարութային ծախսերին վերաբերող հարցերը.

9) վերաբերելի այլ հարցեր:

Հոդված 430. Եզրափակիչ դատական ակտը բժշկական հարկադրանքի վարույթով

1. Արդարացման կամ մեղադրական վերդիկտի հիման վրա դատարանը կայացնում է համապատասխանաբար արդարացման կամ մեղադրական դատավճիռ: Անմեղսունակության վերդիկտի հիման վրա դատարանը կայացնում է բժշկական հարկադրանքի դատավճիռ:

2. Մեղադրական և բժշկական հարկադրանքի դատավճռում դատարանը պետք է լուծի նաև հետևյալ հարցերը․

1) ապացուցված է արդյոք տվյալ անձի մոտ այնպիսի հոգեկան առողջության խնդրի առկայությունը, որն անհնար է դարձնում տվյալ անձի կողմից պատժի կրումը.

2) անձի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց.

3) բժշկական բնույթի հարկադրանքի ինչ միջոց պետք է կիրառվի տվյալ անձի նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  52

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 431. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց գտնվելը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո

1. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը դրա առնչությամբ տվել է հստակ համաձայնություն:

Հոդված 432. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք

1. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվում են հետևյալ անձինք․

1) օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

2) փոխադարձության սկզբունքի հիման վրա դիվանագիտական ներկայացուցչությունների վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցները և նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

3) փոխադարձության սկզբունքի հիման վրա դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

4) դիվանագիտական սուրհանդակները.

5) հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք.

6) օտարերկրյա պետության ներկայացուցիչները, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամները և փոխադարձության սկզբունքի հիմքով օտարերկրյա պետության այն պատվիրակությունների անդամները, որոնք ժամանել են միջազգային բանակցությունների, միջազգային վեհաժողովների և խորհրդակցությունների կամ այլ պաշտոնական հանձնարարություններով կամ նույն նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, նշված անձանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նրանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

7) միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետության ներկայացուցչությունների ղեկավարները, անդամները և անձնակազմը, դրանց պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են միջազգային պայմանագրերի կամ միջազգային հանրաճանաչ սովորույթների ուժով.

8) Հայաստանի Հանրապետությունում ներկայացված միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են միջազգային պայմանագրերի կամ միջազգային հանրաճանաչ սովորույթների ուժով.

9) երրորդ պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, և նրանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նշված անձանց կամ ճանապարհորդում են առանձին` նրանց միանալու կամ իրենց պետություն վերադառնալու նպատակով:

Հոդված 433. Անձնական անձեռնմխելիությունը

1. Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց ձերբակալած կամ կալանավորած մարմինը պարտավոր է հեռախոսագրով, հեռագրով կամ կապի այլ միջոցով այդ մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան պետության արտաքին գործերի նախարարությանը:

Հոդված 434. Քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը

1. Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից: Այդպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

2. Դիվանագիտական ներկայացուցչությունն սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից միայն իրենց գործունեության ոլորտում ծառայողական պարտականությունները կատարելիս:

Հոդված 435. Ցուցմունք չտալու և նյութեր չներկայացնելու արտոնությունը

1. Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում պարտավոր չեն դրա համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնությունն ստանալու դեպքում համապատասխան անձանց հանձնված ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում ցուցմունք տալու համար հարցաքննության չներկայանալու դեպքում հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին:

3. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր չեն վարույթն իրականացնող մարմին ներկայացնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանն առնչվող թղթակցություններ կամ այլ փաստաթղթեր:

Հոդված 436. Շինությունների և փաստաթղթերի անձեռնմխելիությունը

1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարել թույլատրվում է միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնն զբաղեցնող անձի համաձայնությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները փոխադարձության սկզբունքի հիման վրա տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների և նրանց ընտանիքների հետ համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում:

3. Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության սկզբունքի հիման վրա անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելը թույլատրվում են միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ:

4. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող վերահսկվել կամ առգրավվել:

5. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարույթն իրականացնող մարմիններն ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

6. Սույն հոդվածով սահմանված շինություններում զննությունը, խուզարկությունը, առգրավումը, ձերբակալումը և կալանավորումը կատարվում են հսկող դատախազի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  53

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 437. Վարույթի ընդհանուր պայմանները

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են իրավաբանական անձին վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթով:

2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ ֆիզիկական անձի քրեական պատասխանատվությունը կամ նրա մեղավորությունն այլ կերպ հաստատելը չի բացառում իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Այս վարույթներն իրականացվում են առանձին և չեն փոխարինում մեկը մյուսին։

4. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում կազմվող բոլոր դատավարական ակտերի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջները՝ համապատասխանաբար ներառելով նաև իրավաբանական անձի վավերապայմանները, իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի և իրավաբանական անձի լիազոր ներկայացուցչի տվյալները:

Հոդված 438. Վարույթ նախաձեռնելու կարգը

1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ կարող է նախաձեռնվել միայն, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ առկա է՝

1) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

2) ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում:

2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հարցը լուծում է սույն հոդվածի 1-ին մասում նշված վարույթներով համապատասխանաբար մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն կամ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազը կամ նրա վերադաս դատախազը:

Հոդված 439. Ապացուցման ենթակա հանգամանքները

1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝

1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) իրավաբանական անձի առնչությունը դեպքին․

3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) իրավաբանական անձի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքը.

5) իրավաբանական անձի գործունեության բնույթը,

6) իրավաբանական անձին վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը.

7) իրավաբանական անձի ֆինանսական վիճակը,

8) քրեական օրենքով նախատեսված` իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները.

9) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս իրավաբանական անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ քրեաիրավական ներգործության միջոցներից.

10) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները.

11) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները:

Հոդված 440. Իրավաբանական անձի քրեական հետապնդումը բացառող հանգամանքները

1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման նաև, եթե`

1) չեն ապացուցվել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված հիմքերը.

2) առկա են իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառող՝ Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 124-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները.

3) իրավաբանական անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 125-րդ հոդվածի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից։

Հոդված 441. Իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները

1. Վարույթի ընթացքում իրավաբանական անձն օժտված է մեղադրյալի՝ սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված իրավունքներով և կրում է նույն հոդվածով նախատեսված պարտականություններն այնքանով, որքանով դրանք վերագրելի կարող են լինել իրավաբանական անձին։

Հոդված 442. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը

1. Վարույթին իրավաբանական անձը մասնակցում է օրինական ներկայացուցչի միջոցով։ Որպես օրինական ներկայացուցիչ կարող է հանդես գալ այն անձը, որն իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված է իրավաբանական անձի անունից ձեռք բերելու իրավունքներ և կրելու պարտականություններ, հանդես գալու իրավաբանական անձի անունից։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները բավարարող անձն իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելուց անմիջապես հետո՝ իրավաբանական անձի դիմումի հիման վրա, իսկ դրա բացակայության դեպքում՝ սեփական նախաձեռնությամբ։

3. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին քննիչի որոշումն այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հսկող դատախազին այն անձի կողմից, որի իրավունքներին և իրավաչափ շահերին այն ենթադրաբար առնչվում է։

4. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ չի կարող ճանաչվել այն անձը, որի կատարած հանցանքի համար քրեական հետապնդում է հարուցվել իրավաբանական անձի նկատմամբ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված, սույն օրենսգրքի 69-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքերում, երբ հնարավոր չէ վարույթին մասնակից դարձնել իրավաբանական անձի այլ օրինական ներկայացուցչի, վարույթն իրականացնող մարմնի պահանջով իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ է նշանակում պետական լիազոր մարմինը։

6. Օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և կրում է նրա պարտականություններն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել իրավաբանական անձի նկատմամբ:

7. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը սույն վարույթի ընթացքում չի կարող հարցաքննվել որպես վկա:

Հոդված 443. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչը

1. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչն այն փաստաբանն է, որն իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի հրավերով իրականացնում է իրավաբանական անձի պաշտպանությունը:

2. Լիազոր ներկայացուցիչն ունի պաշտպանի բոլոր իրավունքները և կրում է նրա պարտականություններն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել իր նկատմամբ:

3. Սույն օրենսգրքի 68-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով լիազոր ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին առաջարկում է հրավիրել այլ լիազոր ներկայացուցիչ:

Հոդված 444. Իրավաբանական անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը

1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է հսկող դատախազի կողմից իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման կայացմամբ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը վկայող փաստերի հիման վրա:

2. Իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման մեջ նշվում են իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, մեղադրանքի փաստական հիմքը` մեղսագրվող արարքի էությունը, կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են առկա ապացույցներով, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված իրավաբանական անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը):

3. Որոշումն ուղարկվում է քննիչին՝ իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին հանձնելու համար:

4. Քննիչը, ստանալով իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին դատախազի որոշումը, այն անհապաղ հանձնում է իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին, պարզաբանում է մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերջինիս հանձնում է դրանց ցանկը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է քննիչի կազմած արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը, իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը և մասնակցող այլ անձինք: Օրինական ներկայացուցչի կամ մասնակցող այլ անձանց կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը:

Հոդված 445. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները

1. Իրավաբանական անձի կողմից հանցանք կատարելը կանխելու, իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար իրավաբանական անձի նկատմամբ կարող են կիրառվել ապահովման միջոցներ:

2. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցներն են՝

1) գրավը․

2) գույքի արգելադրումը․

3) որոշակի գործարքներ իրականացնելու իրավունքի սահմանափակումը.

4) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը․

5) լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը․

6) լուծարման կամ սնանկացման գործընթացի կասեցումը։

3. Ապահովման միջոց կարող է կիրառվել, եթե առկա է հիմնավոր կասկած, որ ֆիզիկական անձի կողմից հանցանքն առերևույթ կատարվել է ի շահ իրավաբանական անձի կամ կապված է նրա ծառայողական գործունեության հետ:

4. Ապահովման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում իրավաբանական անձի գործունեությունն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:

5. Ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության կամ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝

1) իրավաբանական անձի գործունեության բնույթը և այդ գործունեությամբ պատճառված հետևանքները․

2) իրավաբանական անձի ֆինանսական վիճակը․

3) իրավաբանական անձի կառավարման մարմնում այն ֆիզիկական անձի ունեցած կարգավիճակը, որն ուղղակիորեն առնչվում է իրավաբանական անձին մեղսագրվող արարքի կատարմանը․

4) իրավաբանական անձի կողմից հանցագործության հետևանքների վերացմանն ուղղված միջոցները:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ապահովման միջոցների նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքի՝ խափանման միջոց գրավի և հարկադրանքի միջոց գույքի արգելադրման վերաբերյալ դրույթները։

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցները նախաքննության ընթացքում կիրառվում են քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում նշված ապահովման միջոցները կիրառվում են դատարանի որոշմամբ:

8. Որոշման մեջ համապատասխանաբար նշվում են գործարքների այն տեսակները, որոնք տվյալ իրավաբանական անձն իրականացնելու իրավունք չունի, ինչպես նաև գործունեության այն տեսակները, որոնցով տվյալ իրավաբանական անձը չի կարող զբաղվել։

9. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցների կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա տվյալ ապահովման միջոցն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով։

10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցների կիրառման մասին քննիչի որոշումը հաստատելիս դատարանը վերաբերելի մասով ղեկավարվում է սույն օրենսգրքի 39-րդ գլխով նախատեսված իրավադրույթներով։

11. Վարույթն իրականացնող մարմինն իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրել առանձին գործարքների իրականացումը, եթե դա անհրաժեշտ է իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար։

12. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջնորդությամբ կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ վերացվում է, կամ կիրառված սահմանափակումները կրճատվում են, եթե ամբողջովին կամ որոշակի մասով վերացել է ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Քննիչի կամ դատարանի որոշումը դրա կատարումն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում անհապաղ ուղարկվում է իրավասու մարմին։

Հոդված 446. Մինչդատական վարույթի ավարտը իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով

1. Հավաքված ապացույցները համարելով բավարար` քննիչը, մեղադրական եզրակացությանը ներկայացվող վերաբերելի պահանջների պահպանմամբ, կազմում է եզրափակիչ ակտ կամ կայացնում է վարույթը կարճելու մասին որոշում` այն վարույթի նյութերի հետ անհապաղ հանձնելով հսկող դատախազին:

2. Ստանալով վարույթի նյութերը` հսկող դատախազը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) հաստատում է եզրափակիչ ակտը և վարույթի նյութերը հանձնում դատարան.

2) հաստատում է վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը.

3) չի հաստատում եզրափակիչ ակտը կամ քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է քննչական մարմնի ղեկավարին` վարույթը շարունակելու համար:

Հոդված 447. Ընդդատությունը

1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում է տվյալ իրավաբանական անձի գտնվելու վայրը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում կատարվել է ենթադրյալ հանցանքը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթը, եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, կամ դրա կատարման վայրը պարզել հնարավոր չի եղել, ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում վրա են հասել վտանգավոր հետևանքները:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը չեն տարածվում իրավաբանական անձի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներով վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:

(447-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Հոդված 448. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները

1. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Վերջինիս չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է:

2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալու դեպքում դատարանն իրավասու է որոշում կայացնելու իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին հարկադրաբար ներկայացնելու մասին:

Հոդված 449. Բանակցությունները

1. Նախնական դատալսումների ընթացքում իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնության դեպքում լիազոր ներկայացուցչի միջնորդությամբ և հանրային մեղադրողի համաձայնությամբ կարող են նախաձեռնվել բանակցություններ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցների վերաբերյալ համաձայնության հանգելու նպատակով։

2. Միջնորդությունը դատարանը բավարարում է, եթե այն ներկայացվել է կամավոր, և իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը գիտակցում է միջնորդության բնույթը և հետևանքները։ Միջնորդությունը բավարարելու դեպքում կողմերի բանակցությունների համար սահմանվում է երկշաբաթյա ժամկետ։

3. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին:

4. Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում իրավաբանական անձի նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող քրեաիրավական ներգործության միջոցը պետք է համապատասխանի Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21-րդ գլխի վերաբերելի դրույթներին:

5. Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝

 1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.

 2) հանրային մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

3) իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

4) իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի և լիազոր ներկայացուցչի անունը և ազգանունը․

5) տուժողի անունը և ազգանունը (անվանումը), եթե տուժողը մասնակցել է բանակցություններին.

6) իրավաբանական անձի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը և դրա կիրառման ժամկետը.

7) եզրափակիչ ակտի մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, դրա իրավական գնահատականը.

8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը.

9) համաձայնեցված քրեաիրավական ներգործության միջոցը:

6. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված քրեաիրավական ներգործության միջոցը, ինչպես նաև վերջնական քրեաիրավական ներգործության միջոցը:

7. Համաձայնությունը համարվում է կնքված իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի, հանրային մեղադրողի և բանակցություններին մասնակցելու դեպքում նաև տուժողի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրելու պահից:

8. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ հանձնվում է դատարանին և արձանագրությունն ստորագրած անձանց:

9. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում նախնական դատալսումները շարունակվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

10. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունների, լրացուցիչ դատալսումներ անցկացնելու, դատավճիռ կայացնելու և դատավճռի բողոքարկման սահմանների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 461-464-րդ հոդվածներով սահմանված կանոնները։

Հոդված 450. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով դատավճիռը

1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթով կայացվող դատավճիռը, բացի սույն օրենսգրքի 349-րդ հոդվածով նախատեսված պահանջներից, յուրաքանչյուր դեպքում պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված՝ իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հիմքը կազմող նպատակների կամ պայմանների ապացուցվածության վերաբերյալ հետևություններ:

 

ԲԱԺԻՆ 13

 

ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  54

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 451. Վարույթ նախաձեռնելը

1. Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան:

2. Քրեական հայցը կարող է ներկայացնել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը:

3. Քրեական հայցը պետք է բովանդակի՝

1) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը.

2) այն անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը, որի դեմ ներկայացվել է քրեական հայցը.

3) մեղադրանքի բովանդակությունը, այդ թվում՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը կամ հոդվածի մասը.

4) այն անձանց անունները, ազգանուններն ու բնակության կամ հաշվառման վայրերը, որոնք պետք է կանչվեն դատական նիստին.

5) մեղադրանքը հիմնավորող նյութերը:

 4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը քրեական հայցը ներկայացնում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:

5. Մասնավոր մեղադրանքով մինչդատական վարույթն իրականացվում է բացառապես ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար:

Հոդված 452. Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները

1. Քրեական հայցն ստանալուց հետո դատավորը ստուգում է՝ արդյոք պահպանվել են սույն օրենսգրքի 451-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` քրեական հայցին ներկայացվող պահանջները, արդյոք քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել մասնավոր կարգով, և հնգօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) քրեական վարույթ սկսելու մասին.

2) քրեական հայցը վերադարձնելու մասին.

3) քրեական հայցը և կից նյութերն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

4) քրեական վարույթ սկսելը մերժելու մասին:

2. Քրեական հայցը, համապատասխան թերությունները մատնանշելով, առնվազն հինգ օր ժամկետով վերադարձվում է, եթե դրանում առկա են շտկելի թերություններ:

3. Քրեական հայցը և կից նյութերն ուղարկվում են ըստ ընդդատության, եթե պարզվում է, որ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը դուրս է տվյալ դատարանի դատական տարածքից:

4. Քրեական վարույթ սկսելը մերժվում է, եթե`

1) ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնի չէ.

2) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքներն ակնհայտորեն հանցավոր չեն.

3) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել միայն հանրային կարգով.

4) դատարանի սահմանած ժամկետում քրեական հայցի թերությունները չեն վերացվել, կամ այն վերստին չի ներկայացվել:

Հոդված 453. Քրեական վարույթն սկսելու մասին որոշումը

1. Քրեական վարույթն սկսելու մասին որոշման մեջ նշվում են՝

1) տուժողի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը.

2) մեղադրյալի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը.

3) մեղադրանքի փաստական նկարագրությունը.

4) ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը.

5) տուժողի ներկայացրած նյութերը.

6) նախնական դատալսումների տարին, ամիսը, օրը և ժամը.

7) քրեական հայցին կցված նյութերին ծանոթանալու մեղադրյալի իրավունքը:

2. Քրեական վարույթն սկսելու մասին որոշում կայացնելու պահից այն անձը, որի դեմ քրեական հայց է ներկայացվել, ստանում է մեղադրյալի կարգավիճակ, իսկ այն անձը, որը քրեական հայց է ներկայացրել, ճանաչվում է տուժող:

3. Որոշման պատճենը երկօրյա ժամկետում ուղարկվում է տուժողին և մեղադրյալին: Նույն ժամկետում մեղադրյալին ուղարկվում է նաև քրեական հայցի պատճենը:

4. Եթե քրեական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելուց հետո պարզվել է, որ մասնավոր մեղադրանքով մեղադրյալի նկատմամբ նույն արարքի համար քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային կարգով, ապա մասնավոր մեղադրանքով վարույթը կարճվում է, իսկ վարույթի նյութերը փոխանցվում են վարույթն իրականացնող մարմին:

Հոդված 454. Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները

1. Նախնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 42-րդ գլխի վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է տուժողի և մեղադրյալի հաշտության հնարավորության հարցը: Եթե կողմերը հաշտվում են, ապա նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում նախնական դատալսումները շարունակվում են:

3. Եթե մինչև հիմնական դատալսումները սկսելը մեղադրյալը տուժողի դեմ քրեական հայց է ներկայացնում դատարան, երկու մեղադրանքները քննվում են մեկ վարույթում: Այդ դեպքում տուժողներից յուրաքանչյուրը միաժամանակ հանդիսանում է նաև մեղադրյալ և ունի ինչպես տուժողի, այնպես էլ մեղադրյալի իրավունքներ և պարտականություններ:

Հոդված 455. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները

1. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 43-րդ և 44-րդ գլուխների վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումների ընթացքում որպես մեղադրող հանդես է գալիս տուժողը, որը կրում է քրեական հայցում ներկայացված մեղադրանքն ապացուցելու պարտականություն:

3. Հիմնական դատալսումներն սկսվում են տուժողի կողմից քրեական հայցի ներկայացմամբ: Այնուհետև դատարանը մեղադրյալին հարցնում է` արդյոք նրան հասկանալի է մեղադրանքը, և արդյոք նա իրեն մեղավոր ճանաչում է: Դատարանը կողմերին բացատրում է մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը հաշտության համաձայնություն կնքելու նրանց իրավունքը:

4. Հաշտության դեպքում նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում հիմնական դատալսումները շարունակվում են:

5. Մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի առանձին սենյակ հեռանալը տուժողն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվելու մեղադրանքից: Եթե մեղադրյալը ներկայացրել է իր գրավոր բացատրությունները և միջնորդել հիմնական դատալսումներն անցկացնել առանց իր մասնակցության, ապա տուժողի կարծիքը լսելուց հետո դատարանն իրավասու է հիմնական դատալսումներն իրականացնելու մեղադրյալի բացակայությամբ:

6. Մասնավոր մեղադրանքի վարույթով լրացուցիչ դատալսումներ չեն անցկացվում:

Հոդված 456. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելը և քրեական վարույթը կարճելը

1. Հիմնական դատալսումների ընթացքում մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է, եթե`

1) տուժողը և մեղադրյալը հաշտվել են.

2) տուժողը հրաժարվել է մեղադրանքից.

3) տուժողը և նրա ներկայացուցիչն առանց հարգելի պատճառի երկու անգամ չեն ներկայացել դատական նիստին:

Հոդված 457. Եզրափակիչ դատական ակտերը

1. Մասնավոր մեղադրանքով կայացվում է միասնական դատավճիռ` առանց վերդիկտի: Դատավճռի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին, ինչպես նաև դատախազություն:

2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Եթե հիմնական դատալսումների արդյունքով պարզվում է, որ ապացուցված արարքի կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր իրականացվել միայն հանրային կարգով, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվածի մասը կամ կետը:

4. Արդարացման դատավճիռ կայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դեպքում դատարանը լուծում է նաև տուժողի գործողությունների հետևանքով մեղադրյալին պատճառված վնասի հատուցման հարցը:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

 

Գ Լ ՈՒ Խ  55

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 458. Համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը

1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում` մեղադրյալի միջնորդության հիման վրա:

2. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝

1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.

2) վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.

3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.

4) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկում է հանրային մեղադրողը.

5) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը:

Հոդված 459. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը

1. Դատարանը բավարարում է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները:

2. Մեղադրյալի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կողմերի բանակցությունների համար սահմանում է առավելագույնը մեկամսյա ժամկետ:

3. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժում է առանձին որոշմամբ:

Հոդված 460. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ:

2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Եթե վնասը պատճառվել է պետությանը, ապա բանակցություններում պետության անունից հանդես է գալիս մեղադրողը։

3. Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:

4. Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.

2) հանրային մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, մեղադրյալի դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.

4) պաշտպանի անունը և ազգանունը.

5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը.

6) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը.

7) մեղադրական եզրակացության մեջ նշված արարքը և դրա համաձայնեցված իրավական գնահատականը.

8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը.

9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.

10) բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը (եթե դրանք համաձայնեցվել են):

5. Բանակցություններին մեկից ավելի մեղադրյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն:

6. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը:

7. Համաձայնությունը համարվում է կնքված մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և բանակցություններին մասնակցելու դեպքում տուժողի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրելու պահից:

8. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ հանրային մեղադրողը հանձնում է դատարան, մեղադրյալին, նրա պաշտպանին և տուժողին:

9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում նախնական դատալսումները շարունակվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

(460-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Հոդված 461. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները

1. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

2. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները, եթե, կողմերի բանակցությունների ընթացքում ծանոթանալով քրեական գործին, հանգել է հետևության, որ`

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին:

3. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 460-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է: Եթե դատարանի սահմանած ժամկետում կողմերը չեն ներկայացնում համաձայնության մասին պատշաճ արձանագրություն, ապա դատարանն ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները:

Հոդված 462. Համաձայնեցման վարույթով լրացուցիչ դատալսումները

1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:

2. Լրացուցիչ դատալսումներն սկսվում են հանրային մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:

3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները և պնդում է արդյոք կնքված համաձայնությունը:

4. Դատարանը պաշտպանին և հանրային մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:

5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:

6. Համաձայնության մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

7. Եթե սույն հոդվածի 3-5-րդ մասերում նշված հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան, կամ մինչև դատարանի` առանձին սենյակ հեռանալը սույն հոդվածում նշված անձանցից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում նախնական դատալսումները վերսկսելու մասին:

Հոդված 463. Համաձայնեցման վարույթով դատավճիռ կայացնելը

1. Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:

3. Մեղադրական դատավճռով դատարանը նշանակում է համաձայնության մասին արձանագրությամբ համաձայնեցված պատիժը (պատժատեսակն ու պատժաչափը), սահմանում է բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը:

4. Եթե առկա է գույքային հայց, ապա այն թողնվում է առանց լուծման:

5. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 464. Համաձայնեցման վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

1. Սույն օրենսգրքի 463-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և 377-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

 

ԳԼՈՒԽ 55.1

(գլուխը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն)

(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ԱՐԱԳԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 464.1. Արագացված վարույթ կիրառելու հիմքը

 

1. Դատարանը արագացված վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի միջնորդության հիման վրա:

2. Արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե՝

1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.

2) վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է արագացված վարույթ կիրառելու դեմ.

3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.

4) արագացված վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը կամ տուժողը:

 

Հոդված 464.2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը

 

1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը միջոցներ է ձեռնարկում արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ տուժողի կարծիքը պարզելու համար:

2. Միջնորդություն ներկայացնելուց հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք նա խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արդյոք արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

4. Դատարանը բավարարում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված` արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները:

5. Դատարանը որոշում է կայացնում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և նախնական դատալսումները ընդհանուր կարգով շարունակելու մասին, եթե՝

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) սույն հոդվածի 3-րդ մասի հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան:

6. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում և որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

 

Հոդված 464.3. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումները

 

1. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով և 11-րդ կետով նշված հարցերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

 

Հոդված 464.4. Արագացված վարույթով դատավճիռ կայացնելը

 

1. Արագացված վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատարանը արագացված վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:

3. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարույթային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

4. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

 

Հոդված 464.5. Արագացված վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

 

 1. Սույն օրենսգրքի 464.4-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով:

 

ԳԼՈՒԽ 55.2

(գլուխը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն)

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 464.6.

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով՝ առաջին անգամ հանցանք կատարած և ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին։

2. Վարույթի նյութերը մեղադրյալի ծանոթացմանը ներկայացնելիս քննիչը ճշտում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:

3. Եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաև մեղադրյալը և նրա պաշտպանը: Արձանագրությունը կցվում է մեղադրական եզրակացությանը:

4. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց առաջ քննիչն իրավասու է մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանալու, թե արդյոք մեղադրյալը գիտակցում է իր միջնորդության բնույթն ու հետևանքները:

 

Հոդված 464.7. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները

 

1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված և ստորագրված արձանագրություն:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝

1) մեղադրյալն անչափահաս է.

2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար.

3) մեղադրյալին մեղսագրվող արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ.

4) մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին.

5) գույքային հայց է հարուցվել մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար.

6) սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս հսկող դատախազն իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկել է դրա դեմ՝ այդ մասին նշում կատարելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ․

7) մեղադրյալը գրավոր հրաժարվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուց․

8) խախտվել է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգը:

 

Հոդված 464.8. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը

 

1. Դատավորը քրեական գործն ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործն ստանալու և որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաև դատավճռի կայացման օրվա մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:

4. Դատարանը որոշում է կայացնում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը դադարեցնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե, ծանոթանալով քրեական գործին, հանգում է հետևության, որ՝

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) առկա է սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը:

 

Հոդված 464.9. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը

 

1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճիռը կայացվում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

3. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերաբերելի դրույթները:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Դատավճիռը պետք է պարունակի պարզաբանում այն բողոքարկելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ։

6. Դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին:

 

Հոդված 464.10.

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

 

1. Սույն օրենսգրքի 464.9-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և 377-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  56

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 465. Համագործակցության վարույթի նպատակը և կիրառելու հիմքը

1. Համագործակցության վարույթը կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով:

2. Համագործակցության վարույթը կարող է նախաձեռնվել միայն մեղադրյալի կողմից մինչդատական համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն (այսուհետ` համագործակցության միջնորդություն) ներկայացնելու դեպքում:

3. Համագործակցության միջնորդությունը պետք է վերաբերի այլ անձի կողմից ենթադրաբար կատարված և մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրությանը համարժեք կամ ավելի ծանր հանցանքի։

Հոդված 466. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը

1. Համագործակցության միջնորդությունը հասցեագրվում է հսկող դատախազին և ստորագրվում է մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից:

2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը:

3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում են, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բնույթը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել հանցագործության բացահայտումը կամ այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելուն աջակցելու նպատակով:

4. Համագործակցության միջնորդությունը մեղադրյալի կամ նրա պաշտպանի կողմից հսկող դատախազին հանձնվում է քննիչի միջոցով: Եթե միջնորդությունը ներկայացնելու պահին մեղադրյալը պաշտպան չունի, ապա քննիչը միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում պաշտպանի հետ քննարկելու միջնորդությունը:

5. Մեղադրյալի և պաշտպանի կողմից ստորագրված միջնորդությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, քննիչն այն հանձնում է հսկող դատախազին՝ կցելով դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ իր գրավոր կարծիքը:

6. Նույն վարույթով մեկից ավելի մեղադրյալների կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագիր կնքելու ցանկություն արտահայտվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է համագործակցության առանձին միջնորդություն:

Հոդված 467. Համագործակցության միջնորդության լուծումը

1. Համագործակցության միջնորդությունը և դրա վերաբերյալ քննիչի կարծիքը ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հսկող դատախազը որոշում է կայացնում համագործակցության միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

2. Համագործակցության միջնորդությունը մերժվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 465-րդ և 466-րդ հոդվածներով սահմանված պայմաններին, կամ եթե հսկող դատախազը տվյալ համագործակցությունը համարում է ոչ անհրաժեշտ:

Հոդված 468. Համագործակցության համաձայնագիր կազմելու կարգը

1. Համագործակցության միջնորդությունը բավարարելու դեպքում հսկող դատախազը մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցությամբ կազմում է համագործակցության համաձայնագիր:

2. Համագործակցության համաձայնագրի մեջ նշվում են`

1) այն կազմելու տեղը և ժամանակը.

2) հսկող դատախազի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի կամ ուսման վայրը, դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.

4) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա ժամկետը.

5) պաշտպանի անունը, ազգանունը և վարույթին նրա մասնակցության հիմքը.

6) մեղադրյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը, արարքի իրավական գնահատականը, ինչպես նաև մեղադրյալի կողմից մեղադրանքը չվիճարկելը.

7) համագործակցության բնույթը և այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել համագործակցության նպատակին հասնելու համար.

8) Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառվելու են համաձայնագրով նախատեսված պարտականությունները մեղադրյալի կողմից պատշաճ կատարվելու դեպքում.

9) բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը (եթե դրանք նշված են)․

10) տեղեկացում այն մասին, որ համագործակցությունից մեղադրյալի հրաժարվելու դեպքում համագործակցության ընթացքում ստացված տվյալները կարող են օգտագործվել որպես ապացույց.

11) մեղադրյալի կողմից համաձայնագիրը կամավոր կնքելը, դրա բնույթը և հետևանքները գիտակցելը:

3. Եթե չհատուցված վնասը տուժողին պատճառվել է միայն մեղադրյալին մեղսագրվող արարքով, ապա համաձայնագրում նշվում է նաև այդ վնասը լրիվ հատուցելու մեղադրյալի պարտականությունը:

4. Եթե մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում անհրաժեշտ է համապատասխան անձի նկատմամբ ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցներ, ապա այդ մասին նշվում է համաձայնագրում:

5. Համաձայնագիրն ստորագրում են հսկող դատախազը, մեղադրյալը և պաշտպանը: Համաձայնագրի մեկական օրինակ հանձնվում է մեղադրյալին և պաշտպանին:

6. Համագործակցության համաձայնագիր կնքելու մասին մեկից ավելի մեղադրյալների միջնորդություններ բավարարելու դեպքում հսկող դատախազը նրանցից յուրաքանչյուրի հետ կնքում է առանձին համաձայնագիր:

7. Եթե նախաքննության ընթացքում առաջանում է համագործակցության համաձայնագիրը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա սույն գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է համագործակցության նոր համաձայնագիր։

Հոդված 469. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը

1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:

2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումը, ինչպես նաև համագործակցության համաձայնագիրը:

3. Համագործակցության վարույթի ընթացքում քննիչի միջնորդությամբ հսկող դատախազն իրավասու է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով կասեցնելու մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը, եթե դա անհրաժեշտ է համաձայնագրով նրա ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:

4. Մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում քննիչը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կնքված փակ ծրարում պահելու, ինչպես նաև համապատասխան անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին:

5. Նախաքննության ավարտից հետո քննիչը սույն օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթի նյութերը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար:

Հոդված 470. Համագործակցությունից հրաժարվելը

1. Մինչև համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունների կատարումը մեղադրյալն իրավունք ունի գրավոր դիմումով հրաժարվելու համագործակցությունից: Այդ դեպքում հսկող դատախազի որոշմամբ համագործակցությունը դադարեցվում է, և վարույթը շարունակվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 471. Համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությունը

1. Սույն օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հսկող դատախազը, ուսումնասիրելով քննիչից ստացած վարույթի նյութերը, ինչպես նաև մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող ապացույցները, հաստատում է մեղադրական եզրակացությունը և իրավասու դատարան միջնորդություն է հարուցում մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին կամ որոշմամբ մերժում է այդպիսի միջնորդությամբ վարույթի նյութերը դատարան հանձնելը, եթե մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:

2. Միջնորդության մեջ նշվում են`

1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները.

2) հանցագործության բացահայտումը և այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար մեղադրյալի համագործակցության նշանակությունը.

3) մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող ապացույցները.

4) մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ նրա հետ կապված այլ անձի նկատմամբ կիրառված հատուկ պաշտպանության միջոցները, դրանց հիմքերը և նպատակը:

3. Միջնորդության պատճենը հանձնվում է մեղադրյալին և նրա պաշտպանին, որոնք իրավունք ունեն դրա վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնելու դատարան:

4. Մեղադրյալին և պաշտպանին հանձնվում է մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությամբ վարույթի նյութերը դատարան հանձնելը մերժելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Մինչև բողոքի լուծումը վարույթի նյութերը չեն կարող ուղարկվել դատարան:

Հոդված 472. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հիմքը և պայմանները

1. Դատարանը նախնական դատալսումների ընթացքում քննարկում է համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հարցը, եթե դատախազը վարույթի նյութերը դատարան հանձնելիս նման միջնորդություն է հարուցել:

2. Դատարանը բավարարում է դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու միջնորդությունը, եթե համոզվում է, որ`

1) համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագիրը մեղադրյալը կնքել է կամավոր, դրա բնույթը և հետևանքները գիտակցելով, պաշտպանի մասնակցությամբ և սույն գլխով նախատեսված մյուս պահանջների պահպանմամբ.

2) ներկայացվել են մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու մասին առերևույթ բավարար ապացույցներ.

3) մեղադրյալի համագործակցությունը չի հանգել հանցանքի կատարմանը բացառապես իր մասնակցության մասին տվյալներ հայտնելուն.

4) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը նա չի կատարել.

5) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականը չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններից անգամ մեկի բացակայության դեպքում դատարանն առանձին որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին:

4. Դատախազի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

Հոդված 473. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները

1. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և տուժողի (եթե կայացվելիք դատավճիռը կարող է շոշափել նրա շահերը) պարտադիր մասնակցությամբ:

2. Լրացուցիչ դատալսումների սկզբում հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը, որից հետո հաստատում է մեղադրյալի համագործակցության փաստը և պարզաբանում դատարանին, թե հատկապես ինչում է դա արտահայտվել:

3. Մեղադրյալը և պաշտպանն իրավունք ունեն իրենց նկատառումները հայտնելու մեղադրյալի համագործակցության բնույթի և այլ էական հանգամանքների վերաբերյալ:

4. Լրացուցիչ դատալսումների ընթացքում հետազոտվում են այն ապացույցները, որոնք հաստատում են՝

1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները.

2) մեղադրյալի՝ համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը.

3) հանցագործության բացահայտումը և այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գործում մեղադրյալի հետ համագործակցության դերը և նշանակությունը.

4) մեղադրյալի անձը բնութագրող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.

5) համագործակցության արդյունքով մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապակցված այլ անձի անվտանգության սպառնալիքի աստիճանը:

Հոդված 474. Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը

1. Համագործակցության վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճռում շարադրվում են`

1) մեղադրյալին մեղսագրվող հանցանքի փաստական նկարագրությունը և իրավական գնահատականը.

2) մեղադրյալի կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագրով ստանձնած պարտականությունները կատարելու վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող ապացույցները.

3) համագործակցության նպատակի նվաճման վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող ապացույցները:

3. Հետազոտված ապացույցներով մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների կատարումը, ինչպես նաև համագործակցության նպատակի նվաճումը հաստատված համարելու դեպքում դատարանը մեղադրյալի նկատմամբ կայացնում է մեղադրական դատավճիռ, նշանակում է պատիժ և սահմանում բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում նախնական դատալսումները վերսկսելու մասին:

6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 475. Համագործակցության վարույթով դատավճռի վերանայման առանձնահատկությունները

1. Համագործակցության վարույթով կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով:

2. Եթե մեղադրյալի նկատմամբ սույն գլխի կանոններին համապատասխան կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերվում է, որ նա նախաքննության մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն, ապա դատավճիռը ենթակա է վերանայման սույն օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  57

 

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 476. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները

 

1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։

2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝

1) մեղադրյալի մասնակցությունը վարույթին անհնար է հարգելի պատճառով.

2) մեղադրյալն անչափահաս է.

3) մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր, կամ առկա է մեղադրյալի՝ այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

3. Հեռակա վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։

 

Հոդված 477. Հեռակա վարույթ սկսելը

 

1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա քննիչը կայացնում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում։ Այդ որոշումը կարող է կայացվել մինչև նախաքննության ավարտը։

2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը տվյալ մեղադրյալի նկատմամբ կայացնում է հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում:

3. Եթե հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը կամ պայմաններից որևէ մեկը չի հաստատվում, կամ ի հայտ է գալիս հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված որևէ հանգամանք, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում:

 

Հոդված 478. Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները

 

1. Հեռակա վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։

2. Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան։

3. Հեռակա վարույթում մեղադրյալի բոլոր իրավունքներն իրականացվում են պաշտպանի միջոցով, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների։ Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում։

4. Պաշտպանը կարող է ընդունել մեղադրյալի առնչությունը ենթադրյալ հանցանքին կամ մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ և պատշաճ ձևով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին։

 

Հոդված 479. Հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթը

 

1. Հեռակա վարույթ սկսելուց հետո անհապաղ քննիչը հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին։

2. Եթե մինչև հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի ներկայացվել, ապա մեղադրանք ներկայացնելու՝ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն սկսում է հոսել սույն օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով վարույթին պաշտպան ներգրավելու պահից:

3. Հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնելով, ինչպես նաև մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը նրան պարզաբանելով։ Նշված գործողությունների կատարումը հաստատվում է համապատասխան արձանագրությամբ, որը ստորագրում են քննիչը և պաշտպանը։

4. Վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում քննիչը դրա պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին և վարույթի մասնակիցներին:

5. Սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վարույթի նյութերը դատարան հանձնելիս հսկող դատախազը համապատասխան որոշման մեջ նշում է կատարում մինչդատական վարույթը հեռակա կարգով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև իրավասու դատարան միջնորդություն է հարուցում խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։

 

Հոդված 480. Հեռակա կարգով իրականացվող դատաքննությունը

 

1. Մինչև հեռակա դատաքննություն իրականացնելու մասին դատախազի միջնորդության քննությունը դատարանը պարզում է, թե արդյոք խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը պաշտպանին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել պաշտպանին:

2. Հեռակա վարույթով նախնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին հարցը:

3. Դատարանը բավարարում է հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդությունը, եթե՝

1) առկա են հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը և պայմանները.

2) բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված հանգամանքները.

3) հեռակա վարույթ սկսելու պահին մեղադրյալն ունեցել է վարույթին ներգրավված պաշտպան, կամ հեռակա վարույթ սկսելուց հետո պաշտպանը վարույթին ներգրավվել է սույն օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներից որևէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանն առանձին որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին:

5. Եթե մինչդատական վարույթում մեղադրյալը ցուցմունք է տվել, ապա հիմնական դատալսումների ընթացքում այն հրապարակվում է սույն օրենսգրքի 330-րդ հոդվածով սահմանված կարգով։

6. Մեղադրյալի կողմից դատաքննությանը մասնակից դառնալու դեպքում դատարանը վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո նրան տրամադրում է ողջամիտ ժամկետ քրեական գործին ծանոթանալու համար:

7. Օրինական ուժի մեջ չմտած դատավճռով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ այն անփոփոխ թողնելու հիմքով կալանավորված մեղադրյալի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգը:

 

Հոդված 481. Հեռակա վարույթով բողոքարկման և վերանայման առանձնահատկությունները

 

1. Հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը պաշտպանության կողմը, ի թիվս սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկել նաև հեռակա վարույթի կիրառման ոչ իրավաչափ լինելու հիմքով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատարանն ամբողջությամբ բեկանում է դատական ակտը՝ վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

3. Հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով մեղադրյալի բողոքի հիման վրա ենթակա է վերանայման սույն օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված կարգով, եթե այն նախկինում մեղադրյալի կողմից նույն հիմքով բողոքարկված չի եղել։ Այդ դեպքում բացառիկ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու պահից պատժի մասով դատական ակտի կատարումը կասեցվում է։

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով դատական ակտը բեկանելու դեպքում նոր քննության ժամանակ մեղադրյալի բացակայությամբ անցկացված դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն կարող օգտագործվել։

 

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 14

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  58

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 482. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով, բացառությամբ սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հոդված 483. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:

2. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործերը սույն օրենսգրքով սահմանված կարգով նախաքննություն կատարելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:

3. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար: Մինչ այդ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից։

4. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

6. Այն քրեական գործերը, որոնցով սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, դատարան են ուղարկվում և քննվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

9. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

11. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան:

12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

12.1. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված դատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

13. Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը՝ հակակոռուպցիոն պալատին վերաբերող կարգավորումների մասով, 260-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 4-րդ մասի վերաբերյալ բացառության մասով, և 4-րդ մասն ուժի մեջ են մտնում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործելու պահից: Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանում բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում:

14. Սույն օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

15. Սույն օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (քրեական վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը (վարույթները) կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով (վարույթներով) վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:

16. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները.

1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.

4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-րդ, 282-րդ, 284-290-րդ, 294-րդ, 409-րդ, 410-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները.

6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ, 399-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները.

7) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 329-րդ, 330-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները.

8) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

9) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

10) նախաքննությունը քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

11) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

12) սույն մասի 5-7-րդ կետերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.

13) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 9-11-րդ կետերով նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.

14) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի.

15) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն մասի 13-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 9-11-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.

16) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.

17) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն մասով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:

17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները.

1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.

4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 291-293-րդ, 329-րդ, 330-րդ, 340-րդ, 399-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները.

6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

7) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

8) նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.

9) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.

10) սույն մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.

11) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.

 12) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչի ենթակա և սույն մասի 11-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.

13) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.

14) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:

18. Սույն օրենսգրքի 192-195-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

19. Սույն օրենսգրքի 212-րդ, 329-րդ և 415-րդ հոդվածներով սահմանված՝ հոգեբանի մասնակցության փոխարեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը իրավաչափ համարել մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը:

20. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այդ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննչական գործողությունները կատարվում են ընթերակաների պարտադիր մասնակցությամբ՝ սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառության հաշվառմամբ:

21. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասը և 262-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:

22. Սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջև տարածքային ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները կիրառվում են սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից: Մինչև սույն հոդվածի համապատասխան կարգավորումը կիրառվելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին համապատասխան վեճը ենթակա է լուծման Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից՝ համապատասխան որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

23. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերի (վարույթների) վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում:

24. Սույն օրենսգրքի 53-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

25. Սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:

26. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվում:

(483-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-566-Ն, խմբ., լրաց. 26.06.23 ՀՕ-199-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հուլիսի 27

Երևան
ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: