Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-ԿԳ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.04.2001-25.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.47
Принят
Էներգետիկայի նախարարություն
Дата принятия
13.02.2001
Подписан
Էներգետիկայի նախարար
Дата подписания
13.02.2001
Дата вступления в силу
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

108.0010-ԿԳ.13.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

N 10-ԿԳ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ա» և «ժդ» ենթակետերը, ինչպես նաև ՀՀ Էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 192-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոններ»-ի 1.5 բաժնի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրահանգի պետական գրանցման պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ Էներգետիկայի նախարարության 1999 թ. հունիսի 14-ի N 89-ՄՄ հրամանով հաստատված «Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգը»:

 

Նախարար

Կ. Գալուստյան

 

 

Հաստատված է
ՀՀ Էներգետիկայի
նախարարության
13.02.2001 թ. N 10-ԿԳ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկայի նախարարության կանոնադրության «ա», «դ» և «ժ» կետերի և ՀՀ Էներգետիկայի նախարարի 1998 թ. հունիսի 24-ի N 192-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման կանոններ»-ի 1.5 բաժնի դրույթների իրականացման ապահովման նպատակով և տալիս է հիմնական ցուցումներ էլեկտրական կայանների և ցանցերի էլեկտրատեղակայումների աշխատանքում խախտումների քննման, դասակարգման և հաշվառման վերաբերյալ:

Հրահանգը չի սահմանում կողմերի միջև առևտրային պայմանագրերի խախտման, ինչպես նաև էներգահամակարգում հզորության սակավության դեպքում սպառողների էներգամատակարարման պայմանների փոփոխման կամ կողմերի մեղավորության որոշման կարգը:

Սույն հրահանգի պահանջների կատարումը պարտադիր է ՀՀ Էներգետիկայի բնագավառի կարգավարող, էլեկտրական կայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի, տեխնոլոգիական կապի, շինմոնտաժային, կարգաբերող, նորոգող և նախագծող ընկերությունների համար:

Խախտումների քննության, դասակարգման և հաշվառման աշխատանքների կատարման հսկողությունը իրականացվում է «Էներգապետհսկողություն» Գլխավոր վարչության կողմից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Էլեկտրական կայանների և ցանցերի էլեկտրատեղակայումների աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության, դասակարգման և հաշվառման հիմնական խնդիրներն են` խախտման բոլոր պատճառների և մեղավորների բացահայտումը, վնասված սարքավորումների և կառույցների աշխատունակության վերականգնմանն, էներգետիկական սարքավորումներում նմանատիպ խախտումների կանխարգելմանն և էներգետիկայի բնագավառում գործող ընկերությունների (այսուհետ ընկերություններ) անձնակազմի պատասխանատվության բարձրացմանն ուղղված կազմակեպչա-տեխնիկական միջոցառումների մշակումը:

1.2. Խախտումների քննության արդյունքներից ելնելով, որոշվում է կարգադրիչ փաստաթղթերի թողարկման անհրաժեշտությունը:

1.3. Քննության ակտով նախատեսված միջոցառումները ենթակա են պարտադիր կատարման:

1.4. Հետևանքների բնույթից և ծանրությունից կախված խախտումները ստորաբաժանվում են վթարների, առաջին և երկրորդ աստիճանի խափանումների:

1.5. Սպառողների հաշվեկշռում գտնվող կայանքների աշխատունակության խախտման հետևանքով սպառիչների էներգամատակարարման ընդհատումները, անկախ հետևանքներից, դասակարգվում են որպես սպառողական անջատումներ և հաշվառվում են սպառողների կողմից:

1.6. Յուրաքանչյուր առանձին հաշվառվող խախտում պետք է դասակարգվի ըստ խախտման զարգացման առավել ծանր հետևանքների:

1.7. Վթար կամ խափանում չեն համարվում`

ա) օպերատիվ (վթարային) հայտերով սարքավորումների դուրս բերումն աշխատանքից, եթե այն չի հանգեցրել կարգավարական գրաֆիկի կամ փոխհոսքի խախտման, վթարային անջատումների կամ սահմանափակումների:

Վթար կամ խափանում չեն համարվում նաև էլեկտրահաղորդման գծերի անջատումները, եթե նրանք միացվել են ԱԿՄ-ով, կամ անմիջապես ձեռքով:

բ) սարքավորումների և կառույցների վնասվածքները, որոնք տեղի են ունեցել համակողմանի փորձարկման ընթացքում մինչև նրանց շահագործման մեջ մտցնելը կամ հայտնաբերվել են պլանային նորոգումների, պրոֆիլակտիկ զննումների և փորձարկումների ժամանակ, ինչպես նաև էներգակիրների պարամետրերի երկարատև շեղումները (հաշվառվում են հատուկ ձևով), եթե այդ վնասվածքները կամ շեղումները չեն առաջացել անձնակազմի մեղքով:

 

2. ԽԱԽՏՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

 

2.1. Վթարներ

 

2.1.1. Համակարգային վթարներ

Համակարգային վթարներ են համարվում`

2.1.1.1. Էներգահամակարգի մարումը կամ բաժանումը առանձին աշխատող մասերի, որը առաջ է բերել սպառման հզորության 30% և ավելի անջատում:

2.1.1.2. Էներգահամակարգի աշխատելը 49,0 Հց (կամ ցածր) և 50,5 Հց (կամ բարձր) հաճախականությամբ` 10 րոպե և ավել տևողությամբ:

2.1.1.3. Հայկական էներգահամակարգի առանձնացումը զուգահեռ աշխատող էներգահամակարգից, կամ բաժանումը առանձին մասերի կայունության խախտման հետևանքով:

2.1.2. Կայանային վթարներ

Կայանային վթարներ են համարվում`

2.1.2.1. Էլեկտրակայանում տեղի ունեցած խախտման պատճառով էլեկտրակայանի էլեկտրական բեռի լրիվ բեռնաթափումը` 2-ից ոչ պակաս աշխատող ագրեգատների դեպքում:

2.1.2.2. «Ա» խմբի (տես հավելված 1) սարքավորման վնասվելը` անկախ նրա աշխատանքի մեջ լինելու հանգամանքից, եթե պահանջվում է նրա հիմնական նորոգում կամ այդ սարքավորման վերականգնումն անհնար է:

2.1.2.3. 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միացման անջատման «հրաժարումը», որը բերում է այլ միացությունների անջատմանը:

2.1.2.4. Հիմնական շինարարական կառույցների փլուզումը (տես հավելված 1):

2.1.2.5. 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկումը, որի վերականգնման համար պահանջվում է 30 րոպե և ավելի ժամանակ:

2.1.3. Էլեկտրացանցային վթարներ

Էլեկտրացանցային վթարներ են համարվում`

2.1.3.1. 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառիչների էլեկտրասնման ընդհատում 24 ժամից ավելի տևողությամբ կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում 48-ից ավելի ժամվա ընթացքում:

2.1.3.2. «Ա» խմբի (տես հավելված 1) սարքավորման վնասվելը, որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 15-ից ավելի օրերի ընթացքում կամ, եթե այդ սարքավորման վերականգնումն անհնար է, կամ աննպատակահարմար:

2.1.3.3. 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միացման անջատման «հրաժարումը», որը բերում է այլ միացությունների անջատմանը:

2.1.3.4. 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկումը, որի վերականգնումը պահանջում է 30 րոպե և ավելի ժամանակ:

2.1.4. Ջերմացանցային վթար

Ջերմացանցային վթարներ են համարվում`

2.1.4.1. Սարքավորումների վնասման հետևանքով սպառիչների ջերմամատակարարման ընդհատում 24 ժամից ավելի տևողությամբ:

2.1.4.2. Ջերմաֆիկացիոն խողովակաշարերի անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը 72 ժամից ավելի տևողությամբ:

2.1.4.3. 8 Գկալ/ժամ և ավել արտադրողականության ջրատաքացուցիչ կաթսայի փլուզումը, եթե նրա վերականգնումն անհնար է, կամ աննպատակահարմար:

2.1.4.4. «Ա» խմբի (տես հավելված 1) սարքավորման վնասվելը, որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում` 15-ից ավելի օրերի ընթացքում:

2.1.4.5. Կենտրոնական ջերմային կետերի, պոմպակայանների, դեաէրացիոն լրասնող տեղակայանքի հիմնական շինարարական կառուցվածքների փլուզումը, որը բերում է աշխատող տեխնոլոգիական սարքավորման լրիվ կանգնեցման:

 

2.2. Խափանումներ

 

2.2.1. Առաջին աստիճանի խափանում են համարվում`

2.2.1.1. Էներգահամակարգի մարումը կամ բաժանումը առանձին աշխատող մասերի, որը առաջ է բերել սպառման հզորության մինչև 30% անջատում:

2.2.1.2. Էլեկտրակայանի էլեկտրական կամ ջերմային բեռի իջեցումն առաջադրված կարգավարական գրաֆիկից 50% և ավելի չափով, մեկ ժամից ավելի տևողությամբ:

2.2.1.3. «Ա» խմբի (տես հավելված 1) սարքավորման արտապլանային դուրս բերումն աշխատանքից կամ պահուստից 5÷15 օր տևողությամբ:

2.2.1.4. ԱԿԿ (Ազգային կարգավարական կենտրոնի) օպերատիվ ղեկավարման տակ գտնվող էլեկտրական կայանների և ենթակայանների կարգավարական-տեխնոլոգիական կապուղիների շարքից դուրս գալը մեկ ժամ և ավելի տևողությամբ:

2.2.1.5. «Ա» խմբի (տես հավելված 1) սարքավորման վնասվելը, որը պահանջում է նրա վերականգնողական նորոգում 5÷15 օր տևողությամբ:

2.2.1.6. 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառիչների էլեկտրասնուցման ընդհատում 1÷24 ժամ տևողությամբ, կամ պահանջում է գծի վերականգնողական նորոգում մինչև 48 ժամ տևողությամբ:

2.2.1.7. 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի վնասվելը, որը բերում է սպառիչների էլեկտրասնման ընդհատման 8÷24 ժամ տևողությամբ կամ պահանջվում է նրա վերականգնողական նորոգումը մինչև 72 ժամ տևողությամբ:

2.2.1.8. Սարքավորումների վնասման հետևանքով սպառիչների ջերմամատակարարման ընդհատումը 8÷24 ժամ տևողությամբ:

2.2.1.9. 400 մմ և ավելի տրամագծով ջերմաֆիկացիոն խողովակաշարերի անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը 24÷72 ժամ տևողությամբ:

2.2.1.10. «Բ» խմբի (տես հավելված 1) սարքավորումների վնասվածությունը, որը պահանջում է նրա վերականգնողական նորոգումը 5÷15 օր ժամկետում:

2.2.2. Երկրորդ աստիճանի խափանում են համարվում բոլոր այլ խախտումները, որոնք չեն դասակարգվում որպես վթար կամ առաջին աստիճանի խափանում:

 

3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Խախտումները դասակարգվում են ըստ դրանց առաջացման պատճառների և մեղավորների հետևյալ խմբերով`

3.1. Էներգահամակարգի անձնակազմի մեղավորություն, այդ թվում`

3.1.1. ԱԿԿ-ի տեխնիկական ղեկավար անձնակազմի

3.1.2. ԿԿԾ-ի հերթապահ անձնակազմի

3.1.3. ԱԿԿ-ի կենտրոնական ծառայությունների անձնակազմի

3.1.4. Էներգահամակարգի կապի ծառայության անձնակազմի

3.1.5. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների կամ դրանց մասնաճյուղերի տեխնիկական ղեկավար անձնակազմի

3.1.6. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների օպերատիվ անձնակազմի

3.1.7. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների նորոգող անձնակազմի

3.1.8. Արտադրող, փոխադրող և բաշխող ընկերությունների ծառայությունների (ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի տեղական ծառայությունների, լաբորատորիաների, բաժինների) անձնակազմի:

3.2. Կողմնակի անձանց մեղավորություն

3.3. Այլ կազմակերպության մեղավորություն

3.4. Տեխնիկական պատճառներ.

3.4.1. Տեղակայանքի նյութի կառուցվածքի, նրա մասերի կամ հանգույցների խախտում

3.4.2. Եռակցման կամ զոդման խախտում

3.4.3. Մեխանիկական միացման խախտում

3.4.4. Մեխանիկական մաշվածություն

3.4.5. Կոռոզիոն մաշվածություն

3.4.6. Էռոզիոն մաշվածություն

3.4.7. Հերմետիկության խախտում

3.4.8. Նորմալ թրթռավիճակի խախտում

3.4.9. Պայթյուն

3.4.10. Ջերմային վնասվածք

3.4.11. Էլեկտրաաղեղնային վնասվածք

3.4.12. Էլեկտրամեկուսացման խախտում

3.4.13. Էլեկտրական հպակի խախտում

3.4.14. Մեխանիկական քայքայում, վնասվածք

3.4.15. Բռնկում կամ հրդեհ

3.4.16. Ցանցի կայունության խախտում

3.4.17. Սարքավորման (հանգույցի) բնական ֆիզիկական մաշվածություն

3.4.18. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի մերժում կամ սխալ աշխատանք

3.4.19. Մետաղի հոգնածություն

3.5. Տարերային երևույթներ.

3.5.1. Ամպրոպ

3.5.2. Սառցակեղև

3.5.3. Ուժեղ քամի

3.5.4. Հեղեղումներ

3.5.5. Երկրաշարժ

3.5.6. Չբացահայտված պատճառներ

3.6. Չդասակարգված պատճառներ

 

4. ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Վթարի կամ խափանման նշաններ ունեցող բոլոր տեսակի խախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունն անհապաղ հաղորդվում է հետևյալ կարգով`

4.1. Արտադրող ընկերության հերթափոխի պետը (հերթապահը), փոխադրող, բաշխող ընկերության հերթապահ կարգավարը հաղորդում է իր ընկերության տեխնիկական ղեկավարին, շահագործման գծով տեսուչին, ինչպես նաև ԿԿԾ (Կենտրոնական կարգավարական ծառայություն)-ի կարգավարին, եթե խախտումը տեղի է ունեցել այն կայանքում, որը գտնվում է ԿԿԾ-ի կարգավարի օպերատիվ վարման ներքո:

4.2. ԿԿԾ-ի հերթապահ կարգավարը հաղորդում է ԱԿԿ-ի տեխնիկական ղեկավարությանը:

4.3. Նշված խախտումների վերաբերյալ ընկերությունների շահագործման գծով տեսուչները տեղեկացնում են Էներգապետհսկողության համապատասխան տարածքային վարչության պետին:

4.4. Էներգապետհսկողության տարածքային վարչության պետը կատարում է խախտման նախնական դասակարգում և վթարի դեպքում անհապաղ տեղեկացնում է «Էներգապետհսկողություն» Գլխավոր վարչության շահագործման տեսչական վարչությանը:

 

5. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5.1. Համակարգային վթարները քննվում են ՀՀ Էներգետիկայի նախարարության հրամանով կազմված հանձնաժողովի կողմից:

5.2. Կայանային և ցանցային վթարները և խափանումները քննվում են տվյալ ընկերության կամ նրա մասնաճյուղերի հանձնաժողովների կողմից:

5.3. Լեռտեխհսկողության կողմից վերահսկվող օբյեկտներում խախտումների քննությունը կատարվում է հաշվի առնելով այդ մարմնի գործող Կանոններն ու հրահանգները:

5.4. Սպառողներին էներգիայի թերբացթողնման հաշվարկը կատարվում է հոսանքազրկման պահին բեռի մեծությունով և հոսանքազրկման տևողությունից ելնելով:

5.5. Էլեկտրական էներգիայի թերարտադրման չափը որոշվում է կարգավարական գրաֆիկով նախատեսված բեռի իջեցման չափով և իջեցման ժամանակահատվածով:

5.6. Խախտումների քննությունը պետք է սկսվի անհապաղ և ավարտվի 15-օրյա ժամկետում:

5.7. Հանձնաժողովի աշխատանքը պետք է անցկացվի նախագահի կողմից սահմանված կարգի համաձայն:

5.8. Վնասված սարքավորումների բացումը կամ քանդումը պետք է կատարվի միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ ցուցումով, եթե դա չի խոչընդոտում խախտման վերացմանը:

5.9. Առանձին դեպքերում հանձնաժողովի նախագահի պահանջով քննության ժամկետը կարող է հրամանով մեկ անգամ ևս 15 օրով երկարաձգվել:

5.10. Տեխնոլոգիական խախտումների քննության արդյունքների օբյեկտիվությունն ու հավաստիությունը ապահովելու համար անհրաժեշտ է`

հետվթարային իրավիճակի պահպանումը, եթե դա վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքին կամ չի նպաստում խախտման զարգացմանը,

խախտման օբյեկտների լուսանկարումը կամ նկարագրումը,

բոլոր անհրաժեշտ նյութերի ու փաստաթղթերի (համաձայն նախագահի կողմից տրված ցանկի) ներկայացումը,

բոլոր ձայնագրությունների և խախտման հետ առնչվող այլ նյութական վկայությունների փոխանցումը հանձնաժողովին:

Ներկայացվող նկարագրությունները և փաստաթղթերը պետք է վավերացվեն ընկերության ղեկավարության ստորագրություններով և կնիքով: Ընկերության ղեկավարությունը, որտեղ տեղի է ունեցել խախտումը, պարտավոր է`

տրամադրել քննությունն անցկացնելու համար անհրաժեշտ տրանսպորտային և կապի միջոցներ,

անցկացնել անհրաժեշտ տեխնիկական հաշվարկներ, լաբորատոր հետազոտություններ, փորձարկումներ և այլ աշխատանքներ,

ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի տպագրումը և բազմացումը:

5.11. Վթարների և խափանումների քննության արդյունքները ձևակերպվում են ակտով, որի ձևը ներկայացված է սույն հրահանգի 7-րդ բաժնում:

Քննության ակտին պետք է կցվեն հանձնաժողովի եզրակացությունները հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (գրանցող սարքերի և օսցիլոգրաֆների ժապավեններ, քաղվածքներ օպերատիվ մատյաններից, բացատրագրեր, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ, փորձարկումների արդյունքներ, հարցման թերթիկներ և այլն):

5.12. Քննության ակտը պետք է ստորագրվի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի առանձին անդամների չհամաձայնվելու դեպքում թույլատրվում է ակտը ստորագրել հատուկ կարծիքով: Հատուկ կարծիքը ստորագրման ժամանակ պետք է կցվի ակտին:

5.13. Քննության ակտը 3-օրյա ժամկետում ուղարկվում է այն ընկերություններին, որտեղ տեղի է ունեցել խախտումը:

5.14. Ընկերությունների տարաձայնությունները հանձնաժողովի որոշումների վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացվում են ՀՀ Էներգետիկայի նախարարություն` վերջնական որոշում կայացնելու համար:

 

6. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6.1. Այն խափանումները, որոնք զարգացում են ստացել և ընդգրկել են հարակից էլեկտրացանցեր և կայաններ պետք է հաշվառվեն յուրաքանչյուր էներգաօբյեկտի համար առանձին ակտով:

6.2. Էներգետիկայի բնագավառի ընկերությունում տեղի ունեցած բոլոր խախտումները պետք է հաշվառվեն այդ ընկերության կողմից:

6.3. Տեխնոլոգիական խախտումների հաշվառումը կատարվում է էներգասարքավորումների աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում:

6.4. ՀՀ Էներգետիկայի բնագավառի ընկերությունները հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ «Էներգապետհսկողություն» ԳՎ են ներկայացնում աշխատանքում խախտումների մասին հաշվետվություն, որի միասնական ձևը տրված է հավելված 2-ում:

 

7. ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Վթարների և խափանումների քննության արդյունքները ձևակերպվում են ստորև բերված ձևով.

 

Խախտման քննության ակտ N_____________________

Ակտի կազմման ամսաթիվը, տարին _______ կազմման վայրը (քաղաքը)

_________________________________________________________

(Ընկերության անվանումը, որտեղ կատարվել է խախտում)

___ ________ 200  թ. N ____ հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովը հետևյալ կազմով`

հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և պաշտոնը:

 

1. Ընկերությունների, կայանքների և ցանցերի անվանումները, որտեղ կատարվել և զարգացում է ստացել խախտումը:

2. Խախտման առաջացման ամսաթիվն ու ժամը:

3. Խախտման հաշվառման հատկանիշը

Նշվում է խախտման հատկանիշը (բառերով) և քննության հրահանգի համապատասխան կետի համարը:

4. Էներգիայի թերբացթողում (հազ. կՎտժ-Գկալ)

Նշվում է էլեկտրական և ջերմային էներգիաների թերբացթողնման չափը:

5. Էներգիայի թերարտադրում (հազ. կՎտժ-Գկալ)

Նշվում է էլեկտրական և ջերմային էներգիաների թերարտադրման չափը:

6. Աշխատանքի ռեժիմի նկարագրությունը և օպերատիվ անձնակազմի գործողությունների գնահատումը մինչև խախտման առաջանալը:

Նկարագրվում է աշխատանքի նախավթարային ռեժիմը, սարքավորումների կազմը, էներգակայանքի (էներգասարքավորման) հիմնական պարամետրերը, ինչպես նաև անձնակազմի սխալ գործողությունները և տեղի ունեցած շեղումները, որոնք հանդիսացել են խախտման առաջացման նախադրյալներ:

7. Խախտման առաջացման, ընթացքի և անձնակազմի գործողությունների նկարագրություն:

Ժամանակագրական կարգով նկարագրվում են խախտման առաջացումը, զարգացումը և վերացումը, ինչպես նաև պատճառահետևանքային կապերը իրադարձությունների միջև:

8. Ռեժիմի վերականգնման ամսաթիվն ու ժամը:

9. Խախտման առաջացման և զարգացման պատճառները:

Շարադրվում են խախտման առաջացման և զարգացման բոլոր պատճառների հակիրճ ձևակերպումները, որից հետո առանձին տողում նշվում են դասակարգման հատկանիշները` սույն հրահանգի երրորդ բաժնի համապատասխան կետերի համարների տեսքով:

Անձնակազմի սխալ գործողությունների առկայության դեպքում նշվում են թույլ տրված սխալները, հերթափոխի տևողությունը օբյեկտում, ժամանակը հերթափոխի սկզբից մինչև խախտումը, օպերատորների քանակը հերթափոխում, խախտման վերացման մասնակիցների քանակը:

10. Շահագործման թերությունները, որոնք նպաստել են խախտման առաջացմանը և զարգացմանը:

Նշվում են թվարկված թերությունները:

11. Նախագծի, էլեկտրա և ջերմակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են խախտման առաջացմանը և զարգացմանը:

Նշվում են թվարկված թերությունները:

12. Հիմնական (կազմակերպչական և տեխնիկական) միջոցառումներ նման խախտումները կանխելու համար:

Նշվում են ընկերություններում նման խախտումները կանխելու համար առաջարկվող այն միջոցառումները, որոնց կատարման վերահսկումը պետք է սահմանվի Էներգապետհսկողության կողմից:

13. Վնասված սարքավորումների, հանգույցների և սարքերի ցանկը:

Թվարկվում է վնասված հանգույցների, սարքերի և սարքավորումների տեսակը և պատրաստման տարեթիվը, շահագործման ժամերի քանակը, վնասվածքի բնույթը:

14. Վնասված սարքավորումների վերականգնման ամսաթիվն ու ժամը:

Նշվում են նորոգումից հետո վնասված սարքավորումների բեռի տակ միացման ամսաթիվն ու ժամը: Եթե մինչև քննության ակտի ստորագրումը տվյալ կայանքները չեն գործարկվել, ապա նշվում է նորոգման ավարտի ամսաթիվը` վերականգնման գրաֆիկին համաձայն:

 

Հանձնաժողովի անդամները -

անունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

Հավելված 1

Հայկական Էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման Հրահանգի

 

Ց Ա Ն Կ

 

Էլեկտրական կայանների, էլեկտրական եվ ջերմային ցանցերի Ա եվ Բ խմբի սարքավորումների

 

NN ը.կ.

Սարքավորման անվանումը

Չափման միավորը Խմբի անվանումը

«Ա»

«Բ»

1

2

3

4

5

1 Շոգեկաթսաներ և ջրատաքացման կաթսաներ` արտադրողականությամբ տ/ժամ 220 և ավելի 50-220
2 Էներգաբլոկների կաթսաներ և կաթսաների իրաններ` հզորությամբ ՄՎտ 150 և ավելի -
3 Հիդրոտուրբիններ և նրանց գեներատորները` հզորությամբ ՄՎտ 12,5 և ավելի 2-12,5
4 Շոգետուրբիններ և նրանց գեներատորները` հզորությամբ ՄՎտ 12,5 և ավելի 2-12,5
5 Ավտոտրանսֆորմատորներ, ուժային և կարգավորող տրանսֆորմատորներ` հզորությամբ ՄՎԱ 16 և ավելի 2.5-16
6 Ռեակտորներ և հողանցող ռեակտորներ` լարման կՎ - 6-35
7 Անջատիչներ` լարման կՎ 110 և ավելի 6-35
8 Հիդրոկայանների ճնշման խողովակաշարեր, հավասարեցնող աշտարակներ, պարապ ջրթափեր, վահաններ, փականներ, ամբարտակներ, ջրավազաններ, ջրընդունիչներ և ջրթափ կառույցներ` կայանի հզորությամբ ՄՎտ 25 և ավելի մինչև 25
9 Էլեկտրակայանների գլխավոր շոգետար և սնող խողովակաշարեր, նրանց արմատուրներ, ծխաքաշեր, հովարաններ   Ա խմբի սարքավորման հետ Բ խմբի սարքավորման հետ
10 Խզիչներ, կարճ փակիչներ, բաժանիչներ, չափիչ տրանսֆորմատորներ` լարման կՎ 110 և ավելի 6-35
11 ՋԷԿ-ի սնող պոմպեր   - +
12 Վենտիլային պարպիչներ` լարման կՎ - 35-220
13 Էլեկտրակայանների Ա և Բ խմբի սարքավորման բլոկային վահաններ, պուլտեր, պանելներ   - +

 

 

Հավելված 2

Հայկական Էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման Հրահանգի

 

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

էլեկտրական ցանցերում եվ էլեկտրական կայաններում վթարների եվ խափանումների մասին

 

Ց Ա Ն Կ

 

___ _________ 200  թ. _____________________ ընկերությունում

վթարների և խափանումների

 

Մասնաճյուղը և միույթը Վթարի (խափանման) ամսաթիվը, ակտի համարը Վթարի (խափանման) կրճատ նկարագրությունը և պատճառները Էներգիայի թերբացթողում
հազ. կՎտժ
Գկալ
Խախտման հատկանիշը և դասակարգման խումբը ըստ պատճառների և մեղավորների

1

2

3

4

5

 

Հաշվետվությամբ չեն ներկայացվում որպես երկրորդ աստիճանի խափանումներ դասակարգված էլեկտրակայանների 0,4 կՎ լարման էլեկտրատեխնիկական սարքավորումների, էլեկտրական ցանցերի 10 կՎ և ցածր լարման օդային գծերի անջատումները, ինչպես նաև սպառողների կայանքների անջատումները, բացառությամբ ԿԿԾ կարգավարի օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումների:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 մարտի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10801068

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2008, N 07-Ն 25.04.2008, N 10-ԿԳ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան