ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
09.03.2000 թ. |
N 36-ԴԶ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131 ԵՎ 1311 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 111-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրման արդյունքների վերլուծությունից ելնելով և այդ ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով
Հրամայում եմ`
1. Հրամանով հաստատված «Էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն սահմանելու կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. Կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով`
«Հատուցվող կորուստ: Չհիմնավորված կորստի մաս, որը էներգամատակարարի կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի ներկայացմամբ և էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշմամբ ենթակա է հատուցման` լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից:»
1.2. Կարգի 7-րդ կետում «փաստացի (բնական) կորստի,» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:
1.3. Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.
«ե) հատուցվող կորստի մեծությունը:»
1.4. Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հատուցվող կորստի` լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից փոխհատուցման որոշումը կայացնում է էներգամատակարարի գլխավոր տնօրենը:»
1.5. Կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Լրիվ նյութական պատասխանատու անձը, էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշման հիման վրա և կնքված պայմանագրի համաձայն, պարտավոր է փոխհատուցել հատուցվող կորստի մասով էներգամատակարարին հասցված վնասը:»
2. Հրամանով հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում, լրիվ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
2.1. Պայմանագրի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Ամենամսյա նյութական հաշվետվության հիման վրա, Գործատուի որոշմամբ, հատուցվող կորստի մասը ենթակա է Աշխատողի կողմից լրիվ չափով վերականգնման` էլեկտրական էներգիայի վաճառքի միջին հավասարակշռված սակագնով:»
2.2. Պայմանագրի «Ծանոթություն» մասը լրացնել «Հատուցվող կորուստ» հասկացությունով:
2.3. Պայմանագրի N 3 հավելվածի աղյուսակի 1, 7, 8 և 11 տողերում «Չհիմնավորված» բառը փոխարինել «Հատուցվող» բառով:
3. Հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիա հաղորդող և բաշխող ընկերություններում կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի կանոնակարգի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
3.1. Կանոնակարգի 2-րդ կետում «փաստացի (բնական) կորստի,» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:
3.2. Կանոնակարգի 3-րդ կետի վերջին պարբերության մեջ «չհիմնավորված» բառը փոխարինել «հատուցվող» բառով:
Նախարար |
Դ. Զադոյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅաՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ կողմից
16 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800020