«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2003 թ. |
N 153-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության» 8-րդ կետի իթ) ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգը (Հավելված N 1)։
Դ. Հարությունյան |
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի թիվ 153-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձի (այսուհետ` ազատազրկված անձ) հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնանալու վերաբերյալ դիմում է տալիս իր մշտական բնակության վայրի կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է խնդրատուին` այն ուղղիչ հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:
Ազատազրկված անձի հետ ամուսնանալու վերաբերյալ դիմում ստանալիս ուղղիչ հիմնարկը այն հանձնում է ազատազրկված անձին` դիմումի այն մասը լրացնելու համար, որը վերաբերվում է իրեն: Դիմումի մեջ պակասող տեղեկությունները մտցնելուց հետո ուղղիչ հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին: Եթե դատապարտյալի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, միջոցներ է ձեռք առնում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:
2. Եթե ազատազրկված անձը ամուսնանալ է ցանկանում, ապա ուղղիչ հիմնարկի վարչակազմը պետք է նրան տրամադրի դիմումի ձև: Ազատազրկված անձի կողմից դիմումի իրեն վերաբերվող մասը լրացնելուց հետո, ուղղիչ հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Դրանից հետո ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից դիմումն ուղարկվում է այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ: Միաժամանակ տվյալ անձին հաղորդվում են ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ կարող է կատարվել ամուսնության գրանցումը:
Ամուսնանալուն համաձայն լինելու դեպքում այդպիսի դիմում ստացող անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերվում է իրեն և հանձնում իր բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին:
3. Ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, ընդունելով ամուսնանալու վերաբերյալ դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախօրոք իրազեկում է ամուսնանալ ցանկացող անձանց:
4. Ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, ուղղիչ հիմնարկի վարչական շենքում:
5. Ազատազրկված անձի հետ ամուսնացած անձին քաղաքացիական կացության ակտերի տարածքային բաժնի կողմից տրվում է վկայական ամուսնանալու մասին:
6. Ազատազրկված անձի անձնական գործում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ժամանակը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:
Եթե ազատազրկված անձը ամուսնանալիս ընտրել է ամուսնու ազգանունը, ապա անձնական գործում ամուսնության գրանցման վերաբերյալ նշման տակ կատարվում է համապատասխան գրառում: Այդ դեպքում ազատազրկված անձի անձնագրի առաջին էջում նշում է կատարվում, որը հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կլոր կնիքով:
7. Կարգապահական տույժի ենթարկված և այդ տույժը կրող ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կարող է իրականացվել տույժի այդ միջոցը կրելուց հետո:
8. Ամուսնությունը գրանցելու համար քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը գանձում է տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2019, N 264-Ն | 11.08.2019, N 153-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|