Գլխավոր տեղեկություն
Номер
N 53
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.05.2000-07.09.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.04.28/4(46)
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
14.02.2000
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
14.02.2000
Дата вступления в силу
08.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.09.2000

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

14. 02. 2000 թվականի թիվ 53

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» թիվ 15 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը (կցվում է).

2. Սահմանել, որ ապոստիլ դնելու համար անձանց գործերն ընդունվում են ամեն օր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ընդունարանի կողմից` ժամը 10.00-ից 17.00-ն և դրանք քաղաքացիներին են հանձնվում ժամը 14.00-ից 17.00:

 

Դ. Հարությունյան

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի համաձայն օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ» (այսուհետև` ապոստիլ), որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2. Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթեր.

բ) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթեր.

գ) վարչական փաստաթղթեր.

դ) նոտարական փաստաթղթեր (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).

ե) պաշտոնական գրանցումներ, հրավերներ, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումներ և այլն:

3. Ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաև առևտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերող փաստաթղթերի վրա: Ապոստիլ չի դրվում Հայաստանի հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:

4. Ապոստիլ դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:

5. Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են Հաագայի կոնվենցիային միացած երկրներ (ցանկը կցվում է հավելված թիվ 1):

 

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև նախարարություն) կողմից ապոստիլ դրվում է «Պետական նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի (այսուհետև` նոտարական փաստաթղթեր), քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի, դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա:

Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:

7. Ապոստիլ դրվում է նաև փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի պատճենների, ինչպես նաև վավերացված թարգմանությունների վրա:

Այս դեպքում ապոստիլով հաստատվում է համապատասխան նոտարի ստորագրության և նրա կնիքի իսկությունը:

8. Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ցանկացած անձ:

9. Անձը ապոստիլ դնելու համար նախարարություն է ներկայացնում`

ա) դիմում, որում նշվում է դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրը, հեռախոսի համարը (դրա առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի անվանումները.

բ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.

գ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը կամ պատճենը.

դ) պետական տուրքի անդորրագիր` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:

Դիմումում կարող է նշվել նաև այն երկրի անվանումը, որին ներկայացվելու է փաստաթուղթը:

Եթե ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթը կամ նրա լուսապատճենը կազմված է մեկից ավելի էջերից, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին թելակարված լինի, իսկ նրանց էջերը համարակալված:

Պետական տուրքի անդորրագիրն ամրացվում է ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենին:

10. Պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005016366 հաշվի համարով` 5000 դրամ:

11. Դիմումները քննարկվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Դիմումի քննարկման ժամանակ պետք է պարզվեն`

ա) թե ներկայացված փաստաթուղթը ենթակա է ապոստիլով վավերացման.

բ) թե ներկայացված փաստաթուղթը բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կարգի պահանջներից.

գ) ներկայացված փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

12. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթերում դրված ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը ստուգելու համար դրանք համեմատում է իր մոտ եղած ստորագրությունների, կնիքների ու դրոշմակնիքների նմուշների հետ:

Փաստաթուղթը ստորագրած պաշտոնատար անձի ստորագրության նմուշը նախարարությունում չլինելու դեպքում ապոստիլ կարող է դրվել միայն փաստաթղթում դրված ստորագրության իսկությունը կամ փաստաթղթի պատճենը նոտարական կարգով վավերացվելուց հետո, որից հետո անձի պահանջով ապոստիլ դրվում է փաստաթղթի իսկական օրինակի վրա:

Փաստաթուղթը ստորագրած պաշտոնատար անձի ստորագրության, ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի նմուշը նախարարությունում չլինելու դեպքում նախարարությունն իրավունք ունի դրանք պահանջել փաստաթուղթը ստորագրած անձից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ կազմակերպությունից: Այդ նմուշները պաշտոնական բլանկի վրա տալիս է փաստաթուղթը տված մարմնի կամ կազմակերպության կամ նրանց իրավահաջորդի ղեկավարը կամ նրա տեղակալը (որը չի ստորագրել ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը): Այդ նմուշները պահպանվում են նախարարությունում:

13. Եթե փաստաթղթի հնության կամ այլ պատճառներով հնարավոր չի ստանալ այն ստորագրած պաշտոնատար անձի ստորագրության, ինչպես նաև դրա վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի նմուշը, ապա նախարարության կողմից այդ փաստաթղթի վրա կարող է ապոստիլ դրվել միայն փաստաթղթի կրկնօրինկի վրա:

14. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթուղթը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներից.

բ) փաստաթուղթը ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ.

գ) դիմումում նշված է, որ փաստաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.

դ) փաստաթղթում կան չհաստատված ջնջումներ կամ փոփոխություններ կամ սխալներ.

ե) փաստաթղթի վրա ապոստիլ դնելու լիազորությունը նախարարությանը չի վերապահված.

զ) նախարարությունում չկան փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձանց ստորագրությունների, ինչպես նաև այն վավերացրած կնիքի կամ դրոշմակնիքի նմուշները և որոնք նախարարությունը չի կարող ստանալ կամ պարզել դրանց իսկությունը:

Սույն կետով նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու օրվանից երկու օրվա ընթացքում:

Եթե ապոստիլ դնելու մասին դիմումը մերժվում է սույն կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքով, ապա այդ փաստաթղթի վերաբերյալ տրվում են դրա հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) համար անհրաժեշտ տեղեկանքներ:

15. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումի մերժումը տրվում է գրավոր` նախարարի համապատասխան տեղակալի ստորագրությամբ:

Դիմումի մերժման մեջ հստակ պետք է նշված լինեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Ապոստիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատասխանի հետ միասին դիմողին է վերադարձվում ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթի իսկական օրինակը և պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը:

Դիմումի մերժումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

16. Փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրահանգով նախատեսված դեպքերի:

Առանձին փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալների կողմից ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարացվել մինչև 5 օրով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` մինչև 15 օրով: Այս դեպքերում դիմողին մեկ օրվա ընթացքում տրվում է գրավոր պատասխան, որում նշվում է ապոստիլ դնելու ժամկետի երկարացման պատճառների մասին` ժամկետը երկարացնող անձի ստորագրությամբ:

 

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 12 x 12 չափսերի համարակալված, խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ է (ձևը կցվում է հավելված թիվ 2):

Չի թույլատրվում ապոստիլի նմուշի բազմացում, այդ թվում նաև լուսապատճենահանման միջոցով:

Ապոստիլը կարվում է ապոստիլ դնելու ենթակա փաստաթղթի առաջին էջի վրա այնպես, որ փաստաթղթի վրա կնիքը դնելու համար ազատ տեղ լինի:

Ապոստիլը պետք է կարվի այնպես, որ այն չփչացնի փաստաթղթի տեքստը և հնարավորություն տա առանց ապոստիլը պոկելու ազատ ընթերցել այն:

Ապոստիլը փաստաթղթին է կարվում սպիտակ կամ կապույտ գույնի թելով կամ նույն գույնի բարակ ժապավենով: Թելի կամ ժապավենի ծայրերը դուրս են բերվում փաստաթղթի վերջին էջում և հանգուցվում են: Այդ հանգույցի վրա սոսնձվում է 9 x 9 չափսի սպիտակ ամուր թուղթ այնպես, որ թելի կամ ժապավենի մի մասը դուրս մնա թղթի տակից: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը. «Փաստաթուղթը բաղկացած է ---- էջից»: Սոսնձվող թուղթը ստորագրվում է ապոստիլ դնող անձի կողմից:

Սոսնձվող թղթի վրա դրվում է նախարարության պետական զինանշանի պատկերով կլոր կնիքն այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի սոսնձված թղթի, իսկ մյուս կեսը` փաստաթղթի վերջին էջի վրա:

18. Ապոստիլի բոլոր տողերը լրացվում են հայերեն:

19. Ապոստիլի տեքստում փոփոխություն և տողերի հերթականության տեղափոխում չի թույլատրվում:

20. Եթե փաստաթուղթն ստորագրված է մի քանի պաշտոնատար անձանց կողմից, ապա ապոստիլի 2-րդ և 3-րդ տողերում նշվում է վերադաս պաշտոնատար անձի անունը:

21. Եթե փաստաթղթում չի նախատեսված կոնկրետ պաշտոնատար անձի ստորագրություն կամ ազգանուն, ապա ապոստիլի 2-րդ և 3-րդ տողերում նշվում է այն հիմնարկի կամ կազմակերպության անվանումը, որը նշված են փաստաթղթում, իսկ գրանցման մատյանում նշվում են տեղեկություններ այդ հիմնարկի կամ կազմակերպության մասին: Այդ դեպքում ապոստիլի 2-րդ տողում նշվում են «ստորագրություն նախատեսված չէ» բառերը: Ապոստիլի 3-րդ և 4-րդ կետերում նշվում է հիմնարկի կամ կազմակերպության անվանումը:

22. Եթե ներկայացված փաստաթուղթը ստորագրված է պաշտոնատար անձի կողմից, որի ստորագրությունը կասկած չի հարուցում, սակայն ազգանունն անընթեռնելի է և վաղեմության պատճառով հնարավոր չէ վերականգնել (օրինակ` ծննդյան վկայական), ապա ապոստիլի 2-րդ տողի «ստորագրված է» բառերից հետո նշվում են «պաշտոնատար անձի կողմից» բառերը, իսկ ապոստիլի 2-րդ տողում նշվում է այդ անձի պաշտոնը, օրինակ` «ՔԿԱԳ մարզային բաժնի պետ», այնուհետև` 4-րդ տողում` «Կոտայքի մարզի ՔԿԱԳ բաժին»:

23. Փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենների վրա ապոստիլ դրվելու դեպքում ապոստիլի «իսկական փաստաթուղթ» տողում նշվում են «նոտարական կարգով վավերացված» բառերը, իսկ ապոստիլի 2-րդ, 3-րդ և 4-րդ տողերում լրացվում է նոտարի ազգանունը, պաշտոնը, նոտարական գրասենյակի անվանումը:

24. Ապոստիլի 9-րդ` «Կնիք» տողում նախարարության պետական զինանշանի պատկերով կլոր կնիքը դրվում է այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի ապոստիլի, իսկ մյուս կեսը` փաստաթղթի առաջին էջի բաց տարածության վրա:

25. Ապոստիլի դնումը գրանցվում է առանձին գրանցամատյանում, որտեղ նշվում է`

ա) դիմումն ընդունելու տարին, ամիսը և օրը.

բ)  դիմումն ընդունած պաշտոնատար անձի ազգանունը.

գ) դիմողի անուն-ազգանունը.

դ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի անվանումը.

ե) ապոստիլ դնելու ամսաթիվը և ապոստիլը հաստատող անձի ազգանունն ու անունը, որը պետք է համապատասխանի ապոստիլի 6-րդ և 7-րդ տողերին.

զ) ապոստիլի հերթական համարը, որը համապատասխանում է ապոստիլի 8-րդ տողին.

է) ապոստիլ դնելու դիմումը մերժելու տարին, ամիսը, ամսաթիվը (եթե ապոստիլ դնելու դիմումը մերժվել է).

ը) ապոստիլ դրած պաշտոնատար անձի ստորագրությունը:

26. Գրանցամատյանները վարվում են ըստ ապոստիլ դնող ստորաբաժանումների առանձին-առանձին:

27. Գրանցամատյանները և ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները պահպանվում են համապատասխան ստորաբաժանումում: Գրանցամատյանները պահվում են անժամկետ, իսկ փաստաթղթերի լուսապատճենները 3 տարի:

Ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթերի լուսապատճենի վերևի աջ անկյունում նշվում է այդ փաստաթղթի իսկականի վրա դրված ապոստիլի համարը, տարին, ամիսը և օրը:

28. Ապոստիլի վրա նախարարության պետական զինանշանի պատկերով կնիքը դնելու համար փաստաթղթերը նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչություն են ներկայացնում նախարարի համապատասխան տեղակալների կամ վերահսկողության ծառայության պետի մակագրությամբ:

29. Նոտարական փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու աշխատանքներն իրականացնում է նախարարության նոտարիատի վարչությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերինը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը, դատական և այլ ակտերինը` վերահսկողության ծառայությունը, կատարողական փաստաթղթերինը` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

30. Ապոստիլ դնող անձինք անձնական պատասխանատվություն են կրում ապոստիլ դնելու կարգի պահանջների խախտման համար:

31. Ապոստիլ դնելու աշխատանքների ընթացքում փչացած կամ սխալ լրացված ապոստիլի ձևերը համապատասխան նշումով հաշվառվում ու պահպանվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումում: Փչացած կամ սխալ լրացված ապոստիլի ձևերը կարող են ոչնչացվել նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:

 

 

Հավելված թիվ 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թ. դեկտեմբերի - թիվ - հրամանով

Ց Ա Ն Կ

 

ՀԱԱԳԱՅԻ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

(առ 01.07.1999 թվականի)

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԱՆԴՈՐՐԱ

ԱՆՏԻԳՈՒԱ ԵՎ ԲԱՐԲՈՒԴԱ

ԱՎՍՏՐԻԱ

ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԱՐԳԵՆՏԻՆԱ

ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

ԲԱՐԲԱԴՈՍ

ԲԵԼԳԻԱ

ԲԵԼԻԶ

ԲԵԼԱՌՈՒՍ

ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ

ԲՈՏՍՎԱՆԱ

ԲՐՈՒՆԵՅ

ԳԵՐՄԱՆԻԱ

ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ

ԹՈՒՐՔԻԱ

ԻՌԼԱՆԴԻԱ

ԻՍՐԱՅԵԼ

ԻՍՊԱՆԻԱ

ԻՏԱԼԻԱ

ԼԱՏՎԻԱ

ԼԵՍՈՏՈ

ԼԻԲԵՐԻԱ

ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ

ԼԻՏՎԱ

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

ԽՈՐՎԱԹԻԱ

ԿԻՊՐՈՍ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՃԱՊՈՆԻԱ

ՄԱԼԱՎԻ

ՄԱԼԹԱ ԿՂԶԻՆԵՐ

ՄԱԿԵԴՈՆԻԱ

ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵՔՍԻԿԱ

ՄԱՎՐԻԿԻԱ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԻՈՒ

ՆՈՐՎԵԳԻԱ

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ՍՎԱԶԻԼԵՆԴ

ՉԵԽԻԱ

ՊԱՆԱՄԱ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

ՍԼՈՎԵՆԻԱ

ՍՈՒՐԻՄԱՆ

ՍՈՒՐԲ ԿԻՏՏՍ ԵՎ ՆԵՎԻՍ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

ՏՈՆԳԱ

ՖԻՆԼԱՆԴԻԱ

ՖԻՋԻ

ՖՐԱՆՍԻԱ

 

 

Հավելված թիվ 2

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թ. դեկտեմբերի - թիվ - հրամանով

 

ԱՊՈՍՏԻԼԻ ՁԵՎԸ

ԱՊՈՍՏԻԼ - APOSTILLE

 

(1961 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ -

CՕNVENTIՕN DE LA HAYE DU 5 ՕKTՕBRE 1961)

 

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՍՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

2. ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է _________________________________

(ազգանունը)

 

3. ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՈՐՊԵՍ ______________________________

(պաշտոնը)

 _______________________________________________

 

4. ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՆՈՒՅՆ ___________________________ ԿՆԻՔՈՎ

 

ՎԱՎԵՐԱՑՎԱԾ Է

 

5. ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

6.200 թ.___________ -ին

(ամսաթիվը թվերով)

 

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ___________________________________________________

(անձի պաշտոնը և ազգանունը)

8. ԱՊՈՍՏԻԼԻ ԹԻՎԸ __________________________________

 

9. ԿՆԻՔԻ ՏԵՂԸ

10. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

__________

_______________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅաՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ կողմից 

17 փետրվարի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200013