Գլխավոր տեղեկություն
Номер
N 363-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.12.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.420
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
09.10.2003
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
09.10.2003
Дата вступления в силу
11.12.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10503349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 363-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

Սահմանել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության փորձագիտական եզրակացության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Այվազյան

 

 

Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2003 թ. հոկտեմբերի 9-ի
թիվ 363-Ն հրամանի

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության փորձագիտական եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

II. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2. Եզրակացությունը պետք է հաստատված լինի փորձաքննություն անցկացնող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Եզրակացությունը պետք է պարունակի հղումներ օգտագործված գրականության մասին, ներառյալ հրապարակումներ, գիտատեխնիկական հաշվետվություններ, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման հետ կապված փաստաթղթեր և այլն:

3. Եզրակացությունը պետք է ներկայացվի պատվիրատուին մեկ օրինակով տպագրված Ա4 ֆորմատի սպիտակ թղթի մեկ կողմի վրա, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակը` էլեկտրոնային կրիչով: Գրաֆիկական նյութերը պետք է ներկայացվեն ոչ ավել, քան Ա3 ֆորմատի թղթի վրա, կարդալու համար հարմար մասշտաբով:

4. Եզրակացության մեջ կիրառվող հապավումները և հասկացությունները պետք է համապատասխանեն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում օգտագործվող հապավումներին և հասկացություններին:

5. Եթե փորձաքննության ընթացքում կատարվել են հաշվարկներ և վերլուծություններ ստուգելու համար ներկայացված նյութերը, ապա դրանց մասին մանրամասն տեղեկությունները բերվում են եզրակացությանը կից հավելվածներում:

 

III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. Եզրակացությունը պետք է համապատասխանի սույն փաստաթղթի պահանջներին, ինչպես նաև փորձաքննություն անցկացնելու մասին տեխնիկական առաջադրանքում նշված պայմաններին: Եզրակացությունը պետք է պարունակի հետևյալ բաժինները`

- փորձաքննության առարկան.

- փորձաքննության նպատակը.

- գնահատման չափանիշները.

- փորձաքննության ընթացքում կատարվող գնահատումները.

- եզրակացություններ և առաջարկներ:

7. «Փորձաքննության առարկան» բաժինը պետք է պարունակի փորձաքննության ներկայացված փաստաթղթերի ցանկը, նշելով փաստաթղթերի այն բաժինները և դրանցում արծարծված հարցերը, որոնք ենթակա են փորձաքննության: Եթե փորձաքննության առարկան այլ է, քան փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների գնահատումը, ապա տվյալ բաժնում պետք է նշվեն տեխնիկական առաջադրանքով փորձագիտական կազմակերպության առջև դրված խնդիրները:

8. Փորձաքննության նպատակն է գնահատել փորձաքննության առարկայի համապատասխանությունը`

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենքների, միջուկային և ճառագայթային անվտանգության չափանիշների, նորմերի ու կանոնների պահանջներին.

բ) ստանդարտների պահանջներին:

9. Եթե փորձաքննության առարկայի վերաբերյալ բացակայում են ազգային նորմեր, կանոններ և ստանդարտներ, ապա անհրաժեշտ է գնահատել փորձաքննության առարկայի համապատասխանությունը`

ա) միջազգային կազմակերպությունների խորհրդատվական փաստաթղթերին.

բ) զարգացած ատոմային էներգետիկա ունեցող երկրներում կիրառվող փորձին, ժամանակակից գիտատեխնիկական նվաճումներին և փորձագետի սեփական կարծիքին և չափանիշներին:

10. «Փորձաքննության նպատակը» բաժնում պետք է թվարկվեն բոլոր փաստաթղթերը և նրանցում բերված պահանջները, որոնք հիմք են ծառայել գնահատման համար:

11. Զարգացած ատոմային էներգետիկա ունեցող երկրների փորձը հիմք ընդունելիս համապատասխան փաստաթղթերից մեջբերումներ պետք է կատարվեն և տրվեն հղումներ:

12. Սեփական չափանիշներ կիրառելիս հարկավոր է դրանք հիմնավորել:

13. «Գնահատման չափանիշները» բաժնում հարկավոր է գնահատել հայտատուի կողմից օգտագործված անվտանգության գնահատման չափանիշների բավարար և հիմնավորված լինելը: Պետք է թվարկել փորձագետի կողմից ընտրված անվտանգության գնահատման չափանիշները և կատարել համապատասխան հղումներ:

14. «Փորձաքննության ընթացքում կատարվող գնահատումները» բաժնում նկարագրվում է փորձաքննության ենթարկվող հարցը և փորձագետի կողմից տրվում է գնահատական: Դիտողությունները ձևակերպվում են հակիրճ, նախօրոք տալով հարցի նկարագրությունը: Յուրաքանչյուր դիտողություն պետք է ձևակերպված լինի հստակ և պարունակի մեկ պահանջ:

15. Եզրակացություններ և առաջարկներ`

Փորձաքննության արդյունքում պետք է կատարվեն եզրակացություններ և տրվեն առաջարկներ: Եզրակացությունները պետք է վերաբերեն փորձաքննության առարկայում հայտնաբերված դրական և բացասական կողմերին, սակայն չպետք է նորից շարադրվեն նախորդ բաժնում բերված դիտողությունները: Եզրակացությունները և առաջարկները չպետք է վերաբերեն ձևակերպումներին, տեքստի ձևավորմանը և ուղղագրությանը:

16. Փորձաքննության ընթացքում պետք է գնահատել փորձաքննության առարկայի վերաբերյալ դրական որոշում կայացնելու նպատակահարմարությունը, նույնիսկ եթե առկա են որոշակի թերություններ և տվյալ բաժնում պետք է տրվի առաջարկ կարգավորող մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելու վերաբերյալ:

17. Փորձաքննության վերջնական եզրակացությունը կարող է լինել`

- դրական.

- բացասական.

- դրական, նշված պայմանների պարտադիր կատարման դեպքում:

18. Եզրակացությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ նյութեր ներկայացնելու պահանջ, հիմնավորելով դրա անհրաժեշտությունը: