Գլխավոր տեղեկություն
Номер
N 574
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.11.2002-24.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.11.15/28(114) Հոդ.224
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.09.2002
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.09.2002
Дата вступления в силу
25.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002272

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 574

Հ Ր Ա Մ Ա Ն

 «ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993 թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման, կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնները (կցվում է)։

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների ու ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին`

սահմանել հսկողություն «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ։

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության

2002 թ. 09 «04» N 574 հրամանով

 

ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ N 2-III-2.2.7

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր դեղատների և դեղատնային կրպակների համար:

1.2. Սանիտարական կանոնները ներառում են դեղատների կազմակերպման, սենյակների մաքրմանը, սարքավորումների և գույքի սանիտարական պահպանմանը, ինչպես նաև դեղերի պատրաստմանը և աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող պահանջները:

1.3. Բնակչությանը սպասարկող դեղատների սենյակների կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն «Հասարակական շենքեր և շինություններ» 2.08.02-89 շինարարական նորմերի և կանոնների և դրան կից բուժ. հիմնարկների նախագծման ձեռնարկի (բաժին V):

1.4. Հիվանդանոցային, միջհիվանդանոցային, հոգեբուժական և նարկոլոգիական կազմակերպությունների դեղատների և դեղատնային բաշխիչ կետերի կառուցվածքը պետք է համապատասխանի «Հասարակական շենքեր և շինություններ» 2.08.02-89 շինարարական նորմերին և կանոններին և դրան կից բուժ. հիմնարկների նախագծման ձեռնարկին (բաժին V):

1.5. Դեղատների տարածքում թույլատրվում է վաճառել միայն դեղատնային ապրանքներ՝ դեղեր, բժշկական նշանակության, հիվանդի խնամքի, ինչպես նաև սանիտարիայի և հիգիենայի ապրանքներ:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2.1. Սանիտարական հագուստ՝ բժշկական խալաթ և գլխարկ, որոնք նախատեսված են դեղերը, նյութերը ու պատրաստի արտադրանքը անձնակազմից փոխանցվող երկրորդային մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտումներից պաշտպանելու համար:

2.2. Ասեպտիկ կառույցահատվածի (բլոկի) տեխնոլոգիական հագուստի կոմպլեկտ՝ նախատեսված է դեղերը, օժանդակ նյութերը, պատրաստի արտադրանքը ու օդային միջավայրը անձնակազմից փոխանցվող երկրորդային մանրէային և մեխանիկական աղտոտումից պաշտպանելու համար:

2.3. Վարակում մանրէներով (կոնտամինացիա)՝

ա) առաջնային աղտոտվածություն՝ առաջանում է օդի հոսքից,

բ) երկրորդային աղտոտվածություն՝ առաջանում է ասեպտիկայի պահանջները չապահովելու դեպքում:

2.4. Ասեպտիկա՝ համալիր պայմաններ ու միջոցառումներ, ուղղված մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտումների նախականխմանը՝ մանրէազերծված արտադրանքի ստացման տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերում:

2.5. Ասեպտիկ կառույցահատված (բլոկ)՝ դեղատան հատուկ կառուցվածք ու կահավորված տարածք է, որի օգտագործման նպատակն է նվազեցնել մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտվածության թափանցումը, գոյացումը ու պահպանումը:

2.6. Օդային շլյուզ՝ փակ տարածքում տեղադրված հարմարանք է մանրէների, քիմիական և մեխանիկական այլ աղտոտությունների ներթափանցումը կանխելու համար կամ դռներով առանձնացված փակ տարածք է տարբեր աստիճանի մաքրությամբ սենյակների միջև:

2.7. Ախտահանում՝ արտադրանքի վրա, արտադրանքում կամ մակերեսների վրա ախտածին մանրէները ոչնչացնելու (սպանելու) գործընթաց (ջերմային, քիմիական, ֆիզիկական եղանակներով և միջոցներով):

2.8. Մանրէազերծում` արտադրանքի վրա կամ արտադրանքում զարգացման ցանկացած փուլում գտնվող բոլոր տեսակի մանրէների, այդ թվում՝ սպորավոր ձևերի, ոչնչացման, ինչպես նաև օբյեկտների մակերեսներից վերջիններիս հեռացման գործընթաց է, ներառյալ (ջերմային, քիմիական, ֆիզիկական եղանակներով և միջոցներով):

2.9. Նախամանրէազերծումային մշակում՝ սպիտակուցների, ճարպերի, մեխանիկական աղտոտվածության, դեղանյութերի մնացորդային քանակների հեռացում է: Արտադրանքի լվացումը, ախտահանումն ապահովում է մանրէազերծման արդյունավետությունը, նվազեցնում անսովոր (պիրոգեն) ռեակցիաների ռիսկը հիվանդների մոտ:

 

3. ԴԵՂԱՏՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Դեղատան շենքն անհրաժեշտ է կահավորել, հարդարել ու պահպանել սույն կանոններով սահմանված կարգով: Դեղատան մուտքի մոտ պետք է լինի հարմարանք կոշիկները կեղտից մաքրելու համար: Հարմարանքի մաքրումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան օրը մեկ անգամ:

3.2. Պատերի և առաստաղների երեսպատումը պետք է հնարավոր դարձնի դրանց խոնավ մաքրումը՝ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ:

3.3. Դեղատների սարքավորումների արտաքին և ներքին մակերեսները պետք է լինեն ծածկված դեղանյութերի, քիմիական ռեակտիվների նկատմամբ կայուն նյութերով: Սարքավորումները և դեղատնային կահույքը պետք է տեղադրվեն մաքրելու համար հարմար ձևով, այնպես, որ չծածկի բնական լույսի աղբյուրը:

3.4. Արևային կողմի լուսամուտները և ցուցափեղկերը պետք է ունենան արևից պաշտպանման հարմարանքներ, որոնք օգտագործվում են հատկապես ամռան ամիսներին:

3.5. Օդափոխության համար օգտագործվող լուսամուտի վերնափեղկերը և օդանցքները ապահովված պետք է լինեն 2,2 մմ-ից ոչ մեծ անցքեր ունեցող ցանցով:

3.6. Սպասասրահում դեղատան անձնակազմի աշխատատեղերը պետք է ապահովված լինեն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններից պաշտպանող հարմարանքներով: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների տվյալ բնակավայրում տարածման ժամանակաշրջանում դեղատների աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ:

3.7. Ասեպտիկ կառույցահատվածի, պատրաստուկների, ասիստենտական սենյակների, զուգարանների մուտքի առաջ, հատակին պետք է փռված լինի ախտահանիչ լուծույթով թրջված ռետինե գորգ:

3.8. Անձնակազմի աշխատողների ձեռքերը լվանալու համար պետք է դրվեն լվացարանային կոնքեր և ախտահանիչ լուծույթով տարողություն:

3.9. Լվացման սենյակում պետք է առանձնացվեն ու պիտակավորվեն լվացման խեցիներ` ներարկման լուծույթների, աչքի կաթիլների, ներքին և արտաքին օգտագործման դեղաձևերի հետ աշխատելու համար, որտեղ պետք է լվացվի նաև վերջիններիս համար օգտագործվող ամանեղենը:

Արգելվում է ձեռքերը լվանալ վերոհիշյալ խեցիներում:

3.10. Արտադրական սենյակում արգելվում է սննդի ընդունումը (ուտելը):

3.11. Դեղատների շինարարության համար օգտագործվող նյութերը պետք է խոչընդոտեն կրծողների, միջատների և այլ կենդանիների սենյակներ թափանցումը:

3.12. Դեղատան սենյակները պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն: Ընդհանուր արհեստական լուսավորությունը նախատեսվում է բոլոր սենյակներում: Առանձին աշխատատեղերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ապահովվեն տեղային արհեստական լուսավորությամբ:

3.13. Օդափոխության և ջեռուցման համակարգերի տեղադրումը և շահագործումը պետք է կատարվի համաձայն «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» IV-12.01-2000 շինարարական նորմերի: Պահեստային սենյակներում պետք է իրականացվի միկրոկլիմայի հսկողություն:

3.14. Սարքավորումների տեղադրումը կատարվում է պատերից բավարար հեռավորության վրա, որը վերանորոգման, մաքրման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա, չփակելով լույսի բնական աղբյուրներն ու չխանգարելով անց ու դարձին:

 

4. ԱՍԵՊՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման սենյակների պատերը պետք է ծածկված լինեն հեշտությամբ մաքրվող և ախտահանվող ծածկույթներով:

4.2. Ասեպտիկ կառույցահատվածը պետք է ունենա ներհոս-արտաձիգ օդափոխություն՝ ներհոսը արտահոսքի նկատմամբ գերակշռումով:

4.3. Ասեպտիկ կառույցահատվածում, պատրաստուկի, ջրի թորման, մանրէազերծման սենյակներում օդի մանրէազերծման համար դրվում են չէկրանավորված մանրէազերծիչ ճառագայթիչներ, որոնք միացվում են աշխատանքը սկսելուց առաջ, 1-2 ժամ տևողությամբ, մարդկանց բացակայության պայմաններում, 2-2.5 վտ հզորությամբ սարքավորումներ՝ ծավալի յուրաքանչյուր 1 մ3-ի հաշվով, օդի մանրէային աղտոտվածության նվազեցման համար: Ճառագայթիչների անջատիչը տեղադրվում է սենյակների մուտքի մոտ «Չմտնել, միացված է մանրէազերծիչ ճառագայթիչը» ցուցանակով: Այդ սենյակները թույլատրվում է մտնել միայն ճառագայթիչները անջատելուց հետո, իսկ դրանցում երկար ժամանակ մնալ և աշխատել թույլատրվում է անջատելուց 15 րոպե հետո: Անձնակազմի ներկայությամբ կարելի է միացնել միայն էկրանավորված 1 վտ հզորությամբ մանրէազրկիչ ճառագայթիչներ, որոնք դրվում են հատակից 1,8 - 2,0 մ բարձրության վրա, սենյակի ծավալի 1 մ3-ի հաշվով և ճառագայթները ուղղված չպետք է լինեն դեպի սենյակում գտնվող մարդիկ: Ուլտրամանուշակագույն ճառագայթիչների աշխատանքի ժամանակ պետք է միացնել օդափոխիչներ՝ թունավոր նյութերի (օզոն, ազոտի օքսիդներ) կուտակումը կանխելու համար:

4.4. Ասեպտիկ կառույցահատված բերվող բոլոր սարքավորումները, կահույքը նախապես պետք է մշակվեն ախտահանիչ լուծույթով թրջված լաթով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» (հավելված 1) համաձայն: Արգելվում է չօգտագործվող սարքավորումների տեղակայումը ասեպտիկ կառույցահատվածում:

4.5. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման սենյակի մուտքի առաջ փռվում է ռետինե գորգ, որը հերթափոխի ընթացքում պետք է մեկ անգամ թրջվի ախտահանող լուծույթով՝ հավելված 1-ով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» համաձայն:

4.6. Ասեպտիկ կառույցահատվածը (պատրաստուկի սենյակ) կից սենյակներից բաժանվում է անցախուցերով (շլյուզ): Աշխատակիցները շլյուզ մտնելուց առաջ հագնում են հատուկ կոշիկներ, լվանում և ախտահանում են ձեռքերը, հագնում են մանրէազերծված խալաթ, գլխարկ (մազերը խնամքով հավաքում են), բախիլներ, բերանը և քիթը ծածկում քառատակ մառլյայից պատրաստված դիմակով, որը փոխվում է 4 ժամը մեկ անգամ: Արգելվում է չմանրէազերծված հագուստով, շլյուզով անցնել այն սենյակ, որտեղ ասեպտիկ պայմաններում պատրաստվում են դեղեր, կատարվում են մանրակշռումներ: Արգելվում է նաև ասեպտիկ կառույցահատվածից դուրս գալ մանրէազերծված սանիտարական հագուստով:

4.7. Լուծույթների տարողությունների փակման խցանների և ալյումինե կափարիչների պատրաստումը և լվացումը կատարվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Ռետինե խցանների մշակման կարգի» և «Ալյումինե կափարիչների մշակման կարգի» (հավելված 6) համապատասխան:

4.8. Փոքր մեխանիզմների օգտագործումը ներարկման լուծույթների սրսկման և աչքի կաթիլների պատրաստման համար թույլատրվում է միայն դրանց հնարավոր վարակազերծումից և մանրէազերծումից հետո:

4.9. Խստիվ արգելվում է ասեպտիկ կառույցահատվածում չաշխատող անձանց մուտքը նշված սենյակները:

4.10. Չի թույլատրվում ասիստենտական-ասեպտիկ բաժանմունքով անցկացնել ջրահեռացման և ջրմուղի խողովակներ:

4.11. Խորհուրդ է տրվում ստեղծել մաքուր օդի հորիզոնական և ուղղահայաց լամինար հոսանքներ՝ մաքուր խցիկներ ստեղծելու նպատակով: Օդի լամինար հոսանքի արագությունը պետք է լինի 0,8-0,6 մ/վրկ: Պարբերաբար, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, պետք է իրականացվի օդի մանրէազրկվածության հսկողություն:

 

5. ԴԵՂԱՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Դեղատների արտադրական սենյակները պետք է մաքրվեն խոնավ եղանակով՝ լվացող և ախտահանիչ նյութերի օգտագործմամբ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» (հավելված 1): Արգելվում է մաքրումը չոր եղանակով:

5.2. Հատակը լվացվում է հերթափոխը մեկ անգամից ոչ պակաս, պատերն ու դռները՝ շաբաթը մեկ անգամից ոչ պակաս: Առաստաղը փոշուց մաքրվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ՝ խոնավ լաթով:

5.3. Լուսամուտների ապակիների շրջանակները, դրանց միջև ընկած տարածությունները լվացվում են տաք ջրով, օճառով կամ լվացող նյութերով, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

5.4. Դեղատան արտադրական սենյակների և առևտրի սրահների սարքավորումները մաքրվում են ամեն օր, դեղամիջոցների պահպանման սենյակների (նյութական սենյակներ) պահարանները՝ ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

5.5. Ձեռքերի լվացման խեցիները և սանիտարական հանգույցները մաքրվում և ախտահանվում են ամեն օր:

5.6. Տարբեր սենյակների մաքրման համար (ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման, այլ արտադրական սենյակներ, առևտրի սրահ, սանիտարական հանգույցներ) առանձնացվում է մաքրման գույք (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն), որը մակնշվում և օգտագործվում է ըստ նշանակության: Գույքը պահվում է հատուկ առանձնացված տեղերում (սենյակ, պահարան):

5.7. Արտադրության թափոնները և աղբը անհրաժեշտ է հավաքել կափարիչ ունեցող հատուկ տարողություններում և հեռացնել ոչ պակաս, քան հերթափոխը մեկ անգամ: Ձեռքերի լվացարանակոնքերը, սանհանգույցները և աղբի տարողությունները անհրաժեշտ է լվանալ, մաքրել և ախտահանել ամեն օր:

 

6. ԴԵՂԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Դեղատան աշխատողները պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.

- աշխատանքը սկսելուց առաջ հանել արտահագուստը և կոշիկները,

- հագնել սանիտարական հագուստ (խալաթ, գլխարկ) ու սանիտարական կոշիկներ, լվանալ և ախտահանել ձեռքերը (հավելված 1),

- զուգարան մտնելուց առաջ հանել խալաթը, դուրս գալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ և ախտահանել,

- դեղատնից դուրս չգալ սանիտարական հագուստով և կոշիկներով:

6.2. Դեղերի պատրաստումով, հսկողությամբ, մանրակշռումով զբաղվող անձանց եղունգները պետք է լինեն կարճ կտրած, չի թույլատրվում կրել մատանիներ և լաքապատել եղունգները: Աշխատողները պետք է հետևեն ձեռքերի մաքրությանը, սանիտարական հագուստը փոխեն ըստ անհրաժեշտության:

6.3. Դեղատան աշխատողները սանիտարական հագուստը պետք է փոխեն շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ: Դեղատան յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա ոչ պակաս, քան 2 կոմպլեկտ սանիտարական հագուստ:

6.4. Դեղերի պատրաստումով, մանրակշռումով զբաղվող աշխատողներին հերթափոխից առաջ պետք է հատկացվեն անհատական օգտագործման սրբիչներ:

6.5. Հայտնաբերված հիվանդները, ինչպես նաև մանրէակիրներն ուղարկվում են բուժման: Այդ անձանց իրավունք է տրվում զբաղվել դեղերի պատրաստումով, որակի հսկողությամբ, մանրակշռումով, դեղերի բաց թողնումով միայն լրիվ առողջացումից հետո, որի վերաբերյալ ներկայացվում է համապատասխան տեղեկանք բուժող հիմնարկից (կազմակերպությունից):

6.6. Դեղատներում աշխատելու ժամանակ աշխատողները պետք է պահպանեն անվտանգության տեխնիկայի կանոնները:

 

7. ԹՈՐԱԾ ԵՎ ՆԵՐԱՐԿՄԱՆ ՋՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Ներարկման համար չնախատեսված մանրէազերծված ու չմանրէազերծված դեղամիջոցների պատրաստման համար օգտագործվում է մաքրված ջուր, որը ստացվում է կրկնակի թորման, հետադարձ օսմոսի, իոնային փոխանակության եղանակներով: Մաքրված ջրի մանրէաբանական կազմը պետք է համապատասխանի խմելու ջրին ներկայացվող պահանջներին, այդ թվում մանրէների ընդհանուր թիվը (1լ ջրում 100-ից ոչ ավելի): Ներարկման լուծույթներ պատրաստելու համար օգտագործվում է ներարկման ջուր, որն իր կազմով և հատկություններով պետք է համապատասխանի մաքրված ջրին և լինի ապիրոգեն:

7.2. Թորած և ներարկման ջրի ստացումը կատարվում է ասեպտիկ պայմաններում:

7.3. Թորած և ներարկման ջուրը ստացվում է թորման սարքի միջոցով: Օգտագործումից առաջ սարքի ներքին մակերեսը պետք է մաքրել էթիլ սպիրտի և եթերի 1:1 հարաբերությամբ խառնուրդով թրջված բամբակով, ապա ջրածին պերօքսիդի 3%-ոց լուծույթով, եթե թույլ է տալիս սարքի կառուցվածքը: Դրանից հետո սարքի միջով անցկացվում է գոլորշի՝ 20-30 րոպե տևողությամբ, առանց այն սառեցնելու: Թորած ջրի առաջին 40-60 լիտրը օգտագործման համար պիտանի չէ:

7.4. Յուրաքանչյուր թորումից առաջ, ոչ հաճախ, քան օրը մեկ անգամ, անհրաժեշտ է սարքի միջով անցկացնել գոլորշի՝ 10-15 րոպե տևողությամբ, առանց սառնարանը միացնելու:

7.5. Ստացված թորած և ներարկման ջուրը հավաքվում է մաքուր, մանրէազերծված կամ գոլորշիով մշակված գործարանային արտադրության հավաքման սարքում կամ, բացառության կարգով, ապակե տարողությունում: Հավաքման տարաները պետք է ունենան «Թորած ջուր», «Ներարկման ջուր» պիտակավորումը: Եթե միաժամանակ օգտագործվում են հավաքման մի քանի տարաներ, ապա դրանք համարակալվում են:

7.6. Հավաքման ապակե սարքերը (տարաները) պետք է ամուր փակվեն խցաններով կամ կափարիչներով: Վերջիններս պետք է ունենան երկու անցք, մեկը՝ ջրի մուտքի խողովակի, իսկ մյուսը՝ ապակե խողովակի համար, որի մեջ դրվում է մանրէազերծված բամբակե վիրախծուծ (տամպոն), որը փոխվում է ամեն օր:

7.7. Հավաքման տարաները ջրի թորման սարքին միացվում են ապակե խողովակներով:

7.8. Աշխատատեղեր ջուրը տրվում է վերջինիս որակի վրա չազդող, լավ լվացվող և վարակազերծվող նյութից պատրաստված խողովակաշարով կամ բալոններով:

7.9. Պետք է օգտագործել 16-20 մմ-ից ոչ պակաս տրամագիծ ունեցող խողովակներ՝ ելնելով ապակե կամ պողպատե խողովակաշարի շահագործման և ախտահանման հարմարությունից: Խողովակաշարի շատ երկար լինելու դեպքում յուրաքանչյուր 5-7 մ հեռավորության վրա նախատեսվում է եռաբաշխիչ՝ արտաքին ելքով և ծորակով, նմուշառման համար՝ լվացման, մանրէազերծման որակը և թորվածքի մանրէաբանական կազմը որոշելու նպատակով:

7.10. Խողովակաշարի լվացումը և ախտահանումը կատարվում է դրա հավաքումից առաջ, իսկ շահագործման ընթացքում՝ 14 օրը մեկ անգամ, ինչպես նաև մանրէաբանական հետազոտությունների անբավարար արդյունքների դեպքում:

7.11. Դրանց միջով ավտոկլավից անցկացվում է գոլորշի, 30 րոպե տևողությամբ: Մանրէազերծման տևողության հաշվարկը կատարվում է խողովակաշարի հակառակ ծայրից (ելքից)՝ գոլորշու դուրս գալու պահից հաշված: Պոլիմերային նյութերից պատրաստված խողովակաշարը մանրէազերծվում է ջրածնի պերօքսիդի 6%-ոց լուծույթով՝ 6 ժամ տևողությամբ, այնուհետև լվացվում թորած ջրով: Խողովակաշարի մշակման մասին կատարվում է գրանցում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Խողովակաշարերի մշակման գրանցման մատյանում» (հավելված 9):

7.12. Ապակե խողովակները և անոթները պիրոգեն նյութերից մաքրելու համար պետք է մշակել կալիումի պերմանգանատի 1%-անոց լուծույթով, 25-30 րոպե տևողությամբ: Լուծույթի պատրաստման համար կալիումի պերմանգանատի 10 մաս 1%-անոց լուծույթին ավելացվում է 6 մաս ծծմբական թթվի 1,5%-անոց լուծույթ: Մշակումից հետո անոթները և խողովակները պետք է խնամքով լվանալ, ներարկման թարմ թորած ջրով:

7.13. Թորած ջրով մատակարարումը կարգավորվում է այնպես, որ օդ չմտնի խողովակաշարի մեջ և չառաջանան օդային խցաններ: Աշխատանքի ավարտից հետո ջուրը թափվում է խողովակաշարից:

7.14. Աշխատատեղերի մատակարարումը թորած և ներարկման ջրով պետք է կատարվի անմիջապես խողովակաշարից: Աշխատանքի ավարտից հետո չօգտագործված թորած ջուրը պետք է թափվի տարողությունից:

7.15. Թորած ջուրը պետք է պահվի ասեպտիկ պայմաններում, 3 օրից ոչ ավելի:

7.16. Ներարկման համար օգտագործվում է միայն թարմ թորած ջուր: Այն պահվում է ասեպտիկ պայմաններում, օգտագործման համար պիտանի է 24 ժամից ոչ ավելի:

 

8. ԱՍԵՊՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Ասեպտիկ պայմաններում աշխատելու համար անձնակազմը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն:

8.2. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման համար անհրաժեշտ դեղամիջոցները պահվում են ամուր փակվող պահարաններում, շտանգլասներում՝ դրանց աղտոտումը բացառող պայմաններում: Շտանգլասները յուրաքանչյուր օգտագործումից առաջ պետք է լվանալ և մանրէազերծել:

8.3. Օժանդակ նյութերը (բամբակ, մառլյա, մագաղաթյա թուղթ, ֆիլտր և այլն) մանրէազերծվում են բիքսերում կամ հղկված խցանով հարմարեցված անոթներում համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Առանձին օբյեկտների մանրէազերծման ռեժիմի» (հավելված 2), պահվում են փակ վիճակում՝ 3 օրից ոչ ավելի: Բացված տարողություններում պահվող նյութը պետք է օգտագործել 24 ժամվա ընթացքում: Յուրաքանչյուր անգամ նյութը վերցնելուց հետո բիքսը (պուլիկը) պետք է ամուր փակվի: Նյութը վերցվում է մանրէազերծված նրբունելիով (պինցետ): Պետք է նկատի ունենալ, որ օժանդակ նյութերը՝ մագաղաթե թուղթը, ֆիլտրները, մառլյան, բամբակե վիրախծուծները և այլն, կտրատվում և պատրաստվում են անհրաժեշտ չափերով՝ մանրէազերծման համար:

8.4. Դեղատնային ամանեղենը լվացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Դեղատնային ամանեղենի լվացման կարգի» (հավելված 3): Հիվանդանոցի վարակիչ բաժանմունքներում օգտագործված ամանեղենը օգտագործելուց առաջ ախտահանվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներից բերված ամանեղենի ախտահանման կարգի» (հավելված 4): Ամանեղենի մաքրության աստիճանը, դրանց վրա լվացող նյութերի մնացորդների առկայությունը ստուգվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Ամանեղենի լվացման որակի հսկողության կարգի» (հավելված 5): Լվանալուց հետո ամանեղենը մանրէազերծվում և պահվում է ամուր փակվող պահարաններում: Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման և մանրակշռման համար օգտագործվող մանրէազերծված ամանեղենը (բալոն) պահվում է 24 ժամից ոչ ավելի:

8.5. Թույլատրվում է բալոնները լվանալուց հետո մանրէազերծել գոլորշիով, 30 րոպե տևողությամբ: Մանրէազերծումից հետո տարողությունները փակվում են մանրէազերծված թղթով և պահվում դրանց աղտոտումը բացառող պայմաններում, 24 ժամից ոչ ավելի:

8.6. Փակիչները, խցանները, կափարիչները մշակվում և պահվում են դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

8.7. Դեղերի լուծույթների պատրաստման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների հանվող մասերը (ռետինե և ապակե խողովակներ, ֆիլտրների բռնիչներ, մեմբրանային ֆիլտրներ, ներդիրներ և այլն) մշակվում, մանրէազերծվում և պահվում են հատուկ առանձնացված տեղում:

8.8. Խիտ լուծույթները, կիսաֆաբրիկատները, ներդեղատնային կիսահումքերը պատրաստվում են ասեպտիկ պայմաններում և պահվում են դրանց ֆիզիկաքիմիական հատկություններին և պիտանիության ժամկետներին համապատասխան, աղտոտումը բացառող պայմաններում:

 

9. ՉՄԱՆՐԷԱԶԵՐԾՎԱԾ ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9.1. Չմանրէազերծված դեղերի պատրաստման համար օգտագործվող դեղամիջոցները պետք է պահվեն ամուր փակվող շտանգլասներում (կամ այլ տարայում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

9.2. Դեղամիջոցների պահպանման համար օգտագործվող շտանգլասները լվացվում և մանրէազերծվում են օգտագործելուց առաջ:

9.3. Դեղերի պատրաստման և մանրակշռման համար անհրաժեշտ օժանդակ նյութերը պատրաստվում, մանրէազերծվում և պահվում են սույն հրահանգի կետ 8.3-ին համապատասխան:

9.4. Դեղատնային ամանեղենը լվացվում և մանրէազերծվում է համաձայն սույն հրահանգին կից հավելված 3: Չմանրէազերծված դեղաձևերի պատրաստման համար օգտագործվող մանրէազերծված ամանեղենը պահպանվում է ոչ ավելի, քան 3 օր:

9.5. Դեղատներում պատրաստվող և մանրակշռվող դեղերի տարաները փակելու համար օգտագործվող պոլիէթիլենային, ինչպես նաև պլաստմասսայից պտուտակավոր խցանները լվացվում, մանրէազերծվում և պահվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002 թ. N 574 հրամանով հաստատված «Պոլիէթիլենային խցանների մշակման կարգի» (հավելված 7) և «Պլաստմասսային պտուտակավոր խցանների մշակման կարգի» (հավելված 8):

9.6. Դեղերի պատրաստման և մշակման համար օգտագործվող փոքր մեխանիզմները լվացվում և ախտահանվում են վերջինների կից հրահանգի համաձայն: Եթե հրահանգում նշում չկա այդ մասին, ապա մեխանիզմները աշխատանքից հետո տարաբաժանվում են մասերի, մաքրվում դեղանյութերի մնացորդներից, լվացվում տաք (500-600C) ջրով, ախտահանվում կամ մանրէազերծվում (հավելված 1 և 2), կախված տվյալ նյութի հատկություններից, ինչից դրանք պատրաստված են: Այնուհետև, ախտահանիչ նյութերը հեռացնելու համար վերջիններս լվացվում են տաք ջրով, պարզաջրվում թորած ջրով և պահվում աղտոտումը բացառող պայմաններում:

9.7. Յուրաքանչյուր հերթափոխից հետո կշեռքները, մածկաթիակները (շպատելները), մկրատները և դեղատնային մյուս մանր գործիքները սրբվում են ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ սպիրտ - եթերային խառնուրդով (1:1 հարաբերությամբ):

9.8. Բյուրետային սարքերը և կաթոցիչները դատարկվում են կոնցենտրատներից, լվացվում մանանեխի փոշու և տաք ջրի (500-600C) կամ ջրածնի պերօքսիդի և 0,5%-անոց լվացող նյութի խառնուրդով, պարզաջրվում են թորած ջրով, ոչ պակաս, քան 10 օրը 1 անգամ: Պարտադիր է լվացուկների ստուգումը՝ լվացող նյութերի մնացորդային քանակների առկայությունը որոշելու համար: Բյուրետային սարքերի հեղուկաթափ ծորակները աշխատանքից առաջ մաքրվում են աղային նստվածքներից, մզվածքներից, ոգեթուրմերից և սրբվում են սպիրտ-եթերային խառնուրդով (1:1 հարաբերությամբ):

9.9. Դեղանյութի յուրաքանչյուր կշռումից և չափումից առաջ շտանգլասի բերանը և խցանը, ինչպես նաև ձեռքի կշեռքները սրբվում են մառլյայից անձեռոցիկով, որն օգտագործվում է մեկ անգամ: Արգելվում է շտանգլասը և կշեռքները սրբել անձնական սրբիչով:

9.10. Հեղուկ դեղերը քամելու կամ մզելու համար օգտագործվող ձագարները, ինչպես նաև փոշիով և քսուքային զանգվածով հավանգները ծածկվում են մանրէազերծված պլաստմասսայից կամ մետաղյա թիթեղով, մինչև կշռելը և տարայի մեջ տեղավորելը-տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմը (հավելված 1):

9.11. Քսուքները և փոշիները հավանգից հանելու համար օգտագործվում են պլաստմասսայից կամ էմուլսիայից մաքրված ռենտգենյան թիթեղներ: Արգելվում է ստվարաթղթի օգտագործումը:

9.12. Քսուքների պատրաստումից հետո ճարպի մնացորդները հեռացվում են ստվարաթղթի, լիգնինի միջոցով, հավանգները լվացվում և մանրէազերծվում են - առանձին օբյեկտների մանրէազերծման ռեժիմը (հավելված 2):

Աշխատանքի համար օգտագործվող թղթե և մոմած պարկուճները, մածկաթիակները (շպատելները), թելերը, կապող ռետինները ամեն օր լվացվում են և պահվում ասիստենտական (մանրակշռման) սեղանի արկղներում: Օժանդակ նյութերը պահվում են փակ պահարաններում (տուփերում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

 

10. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ

 

Մանրէաբանական հսկողության ենթակա են՝ հումքը, միջանկյալ և պատրաստի նյութերը, օժանդակ նյութերը, անձնակազմի աշխատողների ձեռքերը, հագուստը, օդը, սենյակների և սարքավորումների մակերեսները:

 

 

Հավելված 1
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

1.Դեղատան սենյակների, կահույքի, առարկաների, սարքավորումների ախտահանման համար օգտագործվում են.

- քլորամին Բ-ի 1%-անոց լուծույթ,

- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ),

- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ):

Մշակման ձևը՝ կրկնակի մաքրում:

2. Ռետինից և պլաստմասսայից պատրաստված առարկաների ախտահանման համար օգտագործվում են.

- քլորամին Բ-ի 1 %-անոց լուծույթ, 60 րոպե տևողությամբ,

- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ), 15 րոպե տևողությամբ,

- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ, 30 րոպե տևողությամբ,

- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ), 30 րոպե տևողությամբ:

Մշակման ձևը՝ ընկղմում են լուծույթի մեջ, հետո լվանում ջրով:

3. Մածկաթիակները, մկրատները, նրբունելիները (պինցետները) և այլ փոքր մետաղական, ինչպես նաև ապակյա առարկաները ախտահանվում են եռացնելով թորած ջրում, 30 րոպե տևողությամբ: Նույն ձևով ախտահանվում են ձեռքերի լվացման խոզանակները, սպունգները, ռետինից և պորոլոնից պատրաստված իրերը, 15 րոպե տևողությամբ:

4. Ծակոտկեն ռետինից պատրաստված գորգերը ախտահանվում են.

- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ),

- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ):

5. Պորոլոնից պատրաստված գորգերը ախտահանվում են.

ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ):

Մշակման ձևը՝ երեք լուծույթների օգտագործման դեպքում էլ գորգերը ընկղմում են լուծույթի մեջ, 30 րոպե տևողությամբ:

6.Մաքրման պարագաները ախտահանվում են.

- քլորամինի 1%-անոց լուծույթով,

- դիքլոր-1-ի 2%-անոց լուծույթով,

- քլորդեզինի 1%-անոց լուծույթով, ընկղմելով 60 րոպե տևողությամբ, որից հետո լվացվում և չորացվում են:

Մաքրելու լաթերը լվացվում են, ապա ախտահանվում՝ եռացնելով 30 րոպե տևողությամբ:

7. Սանիտարատեխնիկական սարքավորումները (կոնքեր) ախտահանվում են.

- լվացող, ախտահանող միջոցներով, թույլատրված որևէ լվացող-ախտահանիչ նյութով թրջված լաթով, 5 րոպե տևողությամբ: Սրբում են առարկայի մակերեսը 0,5 գրամ նյութով կամ պատրաստուկով, 100 սմ2 հաշվարկով,

- թույլատրված մաքրող-ախտահանող պատրաստուկներով,

- քլորամին Բ-ի 1%-անոց լուծույթով,

- քլորամին Բ-ի 0,75%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ): Այս նյութերը օգտագործվում են մակերեսների կրկնակի մաքրման համար:

8. Անձնակազմը ձեռքերը օճառով լվանալուց հետո սրբում է հետևյալ լուծույթներում թրջված անձեռոցիկներով.

- էթիլ սպիրտի 30%-անոց լուծույթ,

- քլորհեքսիդի բիգլյուկոնատի 70%-անոց լուծույթ էթիլ սպիրտում,

- քլորամին Բ-ի 0,5%-անոց լուծույթ (օգտագործվում է այլ լուծույթների բացակայության դեպքում):

9. Անձնակազմի կոշիկների կրկնակի մշակման համար օգտագործվում են հետևյալ լուծույթները.

- քլորամին Բ-ի 1%-անոց լուծույթ,

- քլորամին Բ-ի 0,75%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ):

10. Որպես լվացող միջոց քլորամին Բ-ին և ջրածնի պերօքսիդին ավելացվում է առողջապահության ոլորտում գործնականում թույլատրված լվացող-ախտահանող միջոցների 0,5%-անոց լուծույթը:

 

 

Հավելված 2
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

 

ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

գոլորշու ճնշումը
կգ/սմ2

տևողությունը վրկ.

անվանական նշանակությունը

թույլատրելի շեղումը

անվանական նշանակությունը

թույլատրելի շեղումը

ա)  ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴ

Ապակյա ամանեղեն, հավանգներ, ապակե գործվածքային արտադրանք (խալաթներ, մառլյա, բամբակ) չքայքայվող մետաղից պատրաստված իրեր

2,0
(1320C)
1,1+0,1 (1200C)

+0,1

+0,1

20

45

+2

+3

Գոլորշային մանրէազերծիչ

Մանրէազերծումը կատարվում է փաթեթավորված կամ չփաթեթավորված 2 տակ քաթանում կամ Ա կամ Բ մարկայի մագաղաթե թղթում, բիքսում, ապակյա բանկայում

Ռետինե արտադրանք

1,1
(1200C)

+1

45

+3

__---II---

__---II---

բ)  ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ

Ապակե ամանեղեն, հավանգ, ապակուց ու չքայքայվող մետաղից և համաձուլվածքներից պատրաստված արտադրանք

 

180
180

180

 

+11
+12

+14

 

60
60

60

 

+5
+5

+5

Օդային մանրէազերծիչ
-խցիկի ծավալը մինչև 25 դմ3
-խցիկի ծավալը  25 դմ3-ից մեծ մինչև 500դմ3
-խցիկի ծավալը 500դմ3-ից մեծ

Կատարվում է չոր արտադրանքի մանրէազերծում, փաթեթավորված և չփաթեթավորված

գ) ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ

 

ՕԲՅԵԿՏԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՂ

ԳՈՐԾՈՆ

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գոլորշու ճնշումը
կգ/սմ2

տևողությունը վրկ.

անվա-նական նշանա-կությունը

թույլատրելի շեղումը

 

անվանական նշանա-կությունը

թույլատրելի շեղումը

Ապակուց, չքայքայվող մետաղներից և համաձուլվածքներից, պոլիմերային նյութերից պատրաստված արտադրանք

Ջրածին պերօքսիդ*
Պետստանդարտ 177-71
6%-անոց լուծույթ

 

18
50

 

-
+2

 

360
180

 

+5
+5

Ապակուց, պլաստմասսայից պատրաստված կամ էմալապատված (չվնասված էմալով) փակ տարողություններ

Մանրէազերծումը կատարվում է լրիվ ընկղմելով լուծույթի մեջ, որից հետո արտադրանքը լվացվում է մանրէազերծված ջրով

 

1. Դեղատնային ամանեղենը հանվում է մանրէազերծիչից, երբ վերջինում ջերմաստիճանը հասնում է 60-700C և անմիջապես ծածկվում մանրէազերծված խցաններով:

2. Օժանդակ նյութերը, մանր գույքը և այլն պահպանվում են այն փաթեթներում կամ բիքսերում, որոնց մեջ մանրէազերծվել են, աղտոտումը բացառող պայմանները ապահովելու համար:

* Ջրածին պերօքսիդի լուծույթը կարելի է օգտագործել 7 օրվա ընթացքում՝ պատրաստման պահից հաշվված, եթե այն պահվել է փակ տարողությունում: Լուծույթը պիտանի է միանվագ օգտագործման համար:

 

 

Հավելված 3
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԼՎԱՑՄԱՆ

 

Փաթեթավորումից ազատված նոր կամ օգտագործված ամանեղենը (հիվանդանոցների վարակիչ բաժանմունքներից) ողողվում է ջրմուղի հոսող ջրով՝ արտաքինից և ներսից, աղտոտվածությունը և դեղանյութերի մնացորդները հեռացնելու համար, հետո թրջվում է մինչև 500-600C տաքացրած լվացող նյութի մեջ, 20-25 րոպե տևողությամբ: Շատ աղտոտված ամանեղենը թրջվում է ավելի երկար (2-3 ժամ):

Որպես լվացող միջոց թույլ է տրվում օգտագործել մանանեխի փոշու ջրային խառնուրդը՝ 1:20 հարաբերությամբ, «Դեզմոլի» 0,25%-անոց ջրային լուծույթը, սուլֆանոլի 1%-անոց լուծույթի խառնուրդը տրիպոլիֆոսֆատի լուծույթի հետ 1:9-ի հարաբերությամբ և այլ թույլատրված լվացող-ախտահանող միջոցներ:

 

 

Հավելված 4
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԵՐՎԱԾ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում օգտագործված և դեղատուն մուտք գործած ամանեղենը պետք է ախտահանվի.

- քլորամինի 1%-անոց ակտիվացված լուծույթով,

- ջրածնի պերօքսիդի 3%-անոց թարմ պատրաստված և լվացող նյութի 0,5%-անոց լուծույթների խառնուրդով,

- «Դեզմոլի» 0,5%-անոց լուծույթով:

2. Քլորամինի ակտիվացված լուծույթները պատրաստվում են հետևյալ կերպ. քլորամինը լուծվում է ջրմուղի ջրում, ավելացվում հավասար քանակով ակտիվատոր՝ քլորային, ծծմբաթթվային կամ էլ ազոտաթթվային ամոնիում: Ամանեղենը պահվում է քլորամինի ակտիվացված լուծույթում, 30 րոպե տևողությամբ: Երկու օր պահված քլորամինի լուծույթի օգտագործման դեպքում ամանեղենի ախտահանման տևողությունն ավելացվում է մինչև 2 ժամ:

3. Ջրածնի պերօքսիդի լուծույթները լվացող նյութերի հետ և «Դեզմոլի» լուծույթը պատրաստվում են ջրմուղի ջրով: Այդ լուծույթում ամանեղենը պահվում է 80 րոպե տևողությամբ:

4. Ջրածնի պերօքսիդի 3%-անոց (33%-անոց պերհիդրոլ) 1 լիտր լուծույթ պատրաստելու համար վերցվում է 120 մլ ջրածին պերօքսիդ, ավելացվում է համապատասխան քանակի ջուր: Հետո ստացված լուծույթին ավելացվում է 5 գ լվացող նյութ:

5. Պերօքսիդի և քլորամինի հետ պետք է աշխատել ռետինե ձեռնոցներով, պահպանիչ ակնոցով և քառատակ մառլյայից պատրաստված դիմակով: Մաշկի վրա թափված պերօքսիդի և քլորամինի կաթիլները պետք է անմիջապես լվանալ ջրով:

6. Ջրածնի պերօքսիդը պահվում է փաթեթավորված շշերում, մութ, հով տեղ, փակի տակ: Այն պետք է տեղափոխել փակ տարա, խուսափելով թափվելուց: Լվացող նյութերը պահվում են գործարանային փաթեթներում կամ պոլիէթիլենային տոպրակներում, չոր տեղում:

 

 

Հավելված 5
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԱՆԵՂԵՆԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Լվացված ամանեղենի մաքրության աստիճանի ստուգումը.

լվացված և չորացված ամանեղենի ներքին մակերեսը թրջել 3-5 մլ ներկող նյութով: Հետազոտվող մակերեսի վրա այն տարածել՝ թափահարելով 10 վրկ, որից հետո ներկն արագ լվանալ ջրի շիթով: Լվացված ամանեղենը ունի առաջին աստիճանի մաքրություն, եթե դրա ներքին մակերեսի վրա բացակայում են դեղին բծերը և ճարպի հետքերը:

2. Ներկող նյութի պատրաստումը. 70 մլ մինչև 600C տաքացրած 90%-անոց էթիլ սպիրտում լուծել 0,2 գ սուդան 3, մանրեցրած ներկ և նույնքան էլ մեթիլեն կապույտ: Այնուհետև ավելացնել 10 մլ թորած ջուր և թափահարել: Լուծույթը պիտանի է 6 ամիս:

3. Լվացող նյութերի մնացորդների առկայության որոշումը.

ստուգվող լվացված սրվակը ողողել թորած ջրով (սրվակը լցվում է ջրով): Լվացուկով թրջված բամբակե վիրախծուծի վրա կաթեցնել 1-2 կաթիլ ֆենոլֆտալեինի սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդի առկայության դեպքում առաջանում է վարդագույն գունավորում:

 

 

Հավելված 6
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 «04»
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ՌԵՏԻՆԵ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

1. Ռետինե նոր խցանները մշակվում են ձեռքով կամ մեքենայով, որևէ թույլատրված լվացող նյութի 0,5%-անոց տաքացրած (500-600C), խցանների կշռի և լվացող նյութի 1:5 հարաբերությամբ լուծույթում, 3 րոպե տևողությամբ: Այնուհետև 5 անգամ ողողվում ջրմուղի տաք ջրով, ամեն անգամ թարմացնելով այն, և 1 անգամ՝ թորած ջրով: 30 րոպե եռացնել նատրիում հիդրոկարբոնատի 1%-անոց լուծույթում, ապա ողողել մեկ անգամ ջրմուղի ջրով և 2 անգամ թորած ջրով: Տեղավորել ապակե անոթներում, վրան լցնել թորած ջուր, փակել և պահել գոլորշային մանրէազերծիչում, 1210C ջերմաստիճանում, 1 ժամ տևողությամբ՝ խցանների մակերեսից ծծմբի, թիուրամի, ցինկի և այլ նյութերի հետքերի հեռացման համար: Ջուրը թափել և խցանները 1 անգամ լվանալ թորած ջրով:

2. Մշակումից հետո խցանները մանրէազերծվում են բիքսերում, գոլորշային մանրէազերծիչում՝ 1200C, 45 րոպե տևողությամբ: Ռետինե խցանների մեծ քանակների դեպքում մշակումից հետո, առանց մանրէազերծման, դրանք չորացվում են չորացնող պահարանում՝ 500C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, 2 ժամ տևողությամբ և պահվում փակ տարողություններում, մութ, հով տեղ, 1 տարուց ոչ ավելի: Խցանները մանրէազերծվում են օգտագործումից առաջ:

3. Մանրէազերծված խցանները պահում են փակ բիքսերում 3 օրից ոչ ավելի: Բիքսերը բացելուց հետո խցանները կարելի է օգտագործել 24 ժամվա ընթացքում:

 

Կ Ա Ր Գ

 

ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Սրսկման լուծույթների և աչքի կաթիլների տարողությունները փակելու համար նախատեսված ալյումինե կափարիչները պահել լվացող նյութերի 1-2%-անոց, մինչև 700-800C տաքացրած լուծույթներում, 15 րոպե տևողությամբ: Այնուհետև լուծույթը թափել, կափարիչները լվանալ հոսող ջրով, չորացնել օդային մանրէազերծիչներում (բիքսերում) 500-600C ջերմաստիճանում և պահել փակ տարողություններում (բիքսերում, պուլիկներում, տուփերում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

 

 

Հավելված 7
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Պոլիէթիլենային նոր խցանները մի քանի անգամ լվանալ 500-600C ջրմուղի ջրում: Եթե պահելու ընթացքում դրանք շատ են աղտոտվել, ապա կիրառել լվացվող միջոցներ, ողողել թորած ջրով և մանրէազերծել՝ ընկղմելով ջրածնի պերօքսիդի 6%-անոց թարմ լուծույթի մեջ, որից հետո լվանալ թորած ջրով, չորացնել չորացնող պահարանում 500-600C ջերմաստիճանում: Չորացրած խցանները պահվում են 3 օր մանրէազերծված, լավ փակվող պուլիկներում, բիքսերում, դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

 

 

Հավելված 8
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Կ Ա Ր Գ

 

ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԻՑ ՊՏՈՒՏԱԿԱՎՈՐ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Պլաստմասսայից պատրաստված նոր խցանները մի քանի անգամ լվանալ 500-600C ջրմուղի ջրով, չորացնել չորացնող պահարանում 500-600C ջերմաստիճանում: Չորացրած խցանները պահվում են փակ տուփերում կամ այլ տարողություններում, դրանց աղտոտումը բացառող պայմաններում:

 

 

 

Հավելված 9
ՀՀ ԱՆ 2002 թ. 09 04
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոններ»

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

 

Ժամանա-կացույց

Մանրէազերծող (ախտահանող) գործոն

Մշակման ժամանակ

Պատասխանատու անձի ստորագրություն

Ծանոթություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ

 

1. Գոլորշային մանրէազերծիչների աշխատանքի հսկողության համար անհրաժեշտ է՝

- բենզոյական թթու, հալման ջերմաստիճանը՝ 1210-1220 C,

- անտիպիրին և ռեզորցին, հալման ջերմաստիճանը՝ 1100 C:

2. Չոր ջերմային մանրէազերծիչների աշխատանքի հսկողության համար օգտագործվում են՝

- տիոմիզանյութ, հալման ջերմաստիճանը՝ 1800 C,

- սադաթթու, հալման ջերմաստիճանը՝ 1800-1840C,

- ասկորբինաթթու, հալման ջերմաստիճանը՝ 1870-1920C,

- բարբիտալ, հալման ջերմաստիճանը՝ 1900-1910C: