ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենսգրքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ դիմումների քննության կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։
(1-ին հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 2. |
Վարչական դատավարության մասին օրենսդրությունը |
1. Վարչական դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
2. Վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով։
(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
⚖Հոդված 3. |
Վարչական դատարան դիմելու իրավունքը |
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաև սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:
1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
2.1) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն)
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:
2.1. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմը՝ սույն օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
4. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն)
6. Վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան:
7. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող բանկային գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.8-րդ գլխին համապատասխան:
(3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, 17.12.14 ՀՕ-250-Ն, 18.05.15 ՀՕ-66-Ն, 16.12.16 ՀՕ-38-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-260-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն, 23.10.19 ՀՕ-207-Ն, 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն)
Հոդված 4. |
Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը |
1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների վրա:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն)։ Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է`
1) տասնութ տարեկան դառնալու պահից.
2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանսիպացիա).
3) մինչև տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից։
3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից։
4. Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները։
5. Օրենքով նախատեսված դեպքերում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է դատավարությանը մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։
6. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողը, խնամակալը կամ օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։
7. Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձինք լսվելու իրավունք ունեն։ Դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված անձին ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք։
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
⚖Հոդված 5. |
Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը |
1. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
2. Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
3. Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Հոդված 6. |
Վարչական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության հիման վրա |
1. Դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Հոդված 7. |
Գործերի քննության բանավորությունը |
1. Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր:
2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել կամ իրականացվում է գրավոր ընթացակարգով:
⚖Հոդված 8. |
Դատական վարույթի հրապարակայնությունը |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
2. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
3. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
7. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ:
(8-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-70-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն)
Հոդված 9. |
Վարչական դատավարության լեզուն |
1. Հայաստանի Հանրապետությունում վարչական դատավարության լեզուն հայերենն է։
2. Դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը։ Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին։
4. Վարչական դատավարության մասնակցին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն, և նա ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը և դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ։
6. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից ստորագրություն է վերցնում։
7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
8. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող վարչական դատավարության մասնակիցն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:
9. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական նշանակելու կարգը, թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ օգնականի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
⚖Հոդված 10. |
Գործերի առարկայական ընդդատությունը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
2. Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։
⚖Հոդված 11. |
Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը |
1. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։
2. Հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
3. Քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` սույն օրենսգրքով ամրագրված սկզբունքներին։
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոդված 12. |
Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը |
1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բերված բողոքները` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
3. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությունը:
4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ:
5. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:
6. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
7. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
8. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։
(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-212-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
⚖Հոդված 13. |
Դատավորի ինքնաբացարկը |
1. Դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 14. |
Վարչական դատավարության մասնակիցները |
1. Վարչական դատավարության մասնակիցներն են (այսուհետ` դատավարության մասնակիցներ)`
1) կողմերը` հայցվորը և պատասխանողը.
2) երրորդ անձինք։
Հոդված 15. |
Հայցվորը |
1. Հայցվորն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, որը դիմել է վարչական դատարան։
Հոդված 16. |
Պատասխանողը |
1. Պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան։
Հոդված 17. |
Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը |
1. Հայց կարող են ներկայացնել մի քանի հայցվորներ (համահայցվորներ), եթե նրանց պահանջները փոխկապակցված են:
2. Հայց կարող է ներկայացվել ընդդեմ մի քանի պատասխանողների (համապատասխանողների)։
3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համահայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը։ Համաձայնությունը ձևակերպվում է սույն օրենսգրքի 24-րդ հոդվածով նախատեսված ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով։
⚖Հոդված 18. |
Կողմերի իրավունքները և պարտականությունները |
1. Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
⚖Հոդված 19. |
Երրորդ անձինք |
1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։
2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
3. Եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը։
5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
6. Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։
8. Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են, կամ եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին սույն հոդվածի 1-ին մասով նրան որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը (ոչ պատշաճ երրորդ անձ):
9. Ոչ պատշաճ երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու դեպքում գործի վարույթը շարունակվում է:
10. Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Հոդված 20. |
Դատավարական իրավահաջորդությունը |
1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
2. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատավարությունից հայցվորի դուրս գալու հետևանքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրավահաջորդից հայցվորի փոխարինման վերաբերյալ միջնորդություն չստացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով կարճում այն։
4. Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում։
5. Այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Հոդված 21. |
Ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով |
1. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։
2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատասխանող ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից։
4. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում։
Գ Լ ՈՒ Խ 6
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22. |
Դատարանում ներկայացուցիչների միջոցով հանդես գալը |
1. Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։
2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
3. Անգործունակ և սահմանափակ գործունակ անձի իրավունքները և ազատությունները դատարանում պաշտպանում է նրա օրինական ներկայացուցիչը։
4. Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը։
5. Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը։
6. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք։
7. Սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը։
8. Որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։
9. Սույն հոդվածի 4-8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանում գործերը վարող անձինք հանդիսանում են ի պաշտոնե ներկայացուցիչներ։
10. Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են գործերի վարումը դատարանում լիազորել իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ներկայացուցչի։
11. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր։
Հոդված 23. |
Ներկայացուցչին վարույթից հեռացնելը |
1. Դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաստաբան կամ օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցիչ չէ, եթե գործը քննության նախապատրաստելու փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ դատարանում ներկայացնելու կողմին։
Հոդված 24. |
Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը |
1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձը` նրա ստորագրությամբ:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ և այդ մարմնի կնիքի դրոշմմամբ։
4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և համապատասխան մարմնի կնիքով։
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի` որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որևէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում:
6. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև` բանավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը։
7. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող փաստաթղթով։
(24-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-399-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
⚖Հոդված 25. |
Ապացույցների հետազոտման առարկան, ապացույցների տեսակները |
1. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
2. Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։
⚖Հոդված 26. |
Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը |
1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։
2. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:
(26-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-70-Ն)
⚖Հոդված 27. |
Ապացույցների ազատ գնահատումը |
1. Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
2. Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
⚖Հոդված 28. |
Ապացույցներ ներկայացնելու պարտականությունը |
1. Կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:
2. Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում։
3. Գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ։
4. Ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
5. Դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը։
6. Ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Դատարանի որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-599-Ն)
⚖Հոդված 29. |
Ապացուցման բեռը |
1. Եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։
2. Ապացուցման բեռը կրում է`
1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.
2) պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը.
3) գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով.
4) ճանաչման հայցով`
ա. ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով,
բ. վարչական մարմինը` վարչական ակտի առ ոչինչ լինելը հերքող փաստերի մասով,
գ. վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով։
3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ ձեռք բերելը։ Նման դեպքում դատարանը կարող է ապացուցման բեռը դնել խոչընդոտող կողմի վրա` անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոններից:
4. Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:
(29-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-197-Ն)
⚖Հոդված 30. |
Ապացուցման կարիք չունեցող փաստերը |
1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն։
2. Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։
4. Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է։
Հոդված 31. |
Ապացույցների ապահովումը |
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ։
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ նշվում են ապահովման կարիք ունեցող ապացույցները և այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար։
3. Միջնորդությունը քննվում է դատավարության մասնակիցների մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց դատավարության այն մասնակիցների, որոնց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը։
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով, որում նշում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը։ Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով։
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցված (այսուհետ՝ պատշաճ ծանուցում) դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար։
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով, և համապատասխան ապացույցն անհապաղ ներկայացվում է դատարան։
⚖Հոդված 32. |
Վկայի հրավիրումը |
1. Դատարանը վկա հրավիրում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ։ Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նշվում է այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև նշվում են վկայի անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն) և հասցեն։
(32-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
⚖Հոդված 33. |
Վկայի ցուցմունքը |
1. Վկա կարող է լինել յուրաքանչյուր անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որևէ փաստական հանգամանք։
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորը` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների և քվեարկությունների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.
5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ։
3. Դատարանում որպես վկա հանդես գալիս առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձանց վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
4. Սույն օրենսգրքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։
5. Անձինք, որոնք որևէ ֆիզիկական կամ հոգեկան արատի պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպես վկա։
6. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ ծագում է վեճ, ապա դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնում։
7. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
(33-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-70-Ն, 03.03.21 ՀՕ-107-Ն)
Հոդված 34. |
Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը |
1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան։ Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները։
2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը։ Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք` սույն օրենսգրքով սահմանված կարգով։
3. Դատական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել։
(34-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
⚖Հոդված 35. |
Վկայի ցուցմունքի հետազոտությունը |
1. Մինչև վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի որևէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների բացակայությունը։
2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ։ Դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ վկաները հնարավորինս արագ արձակվեն նիստերի դահլիճից։ Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են դատավարության մասնակիցները։
3. Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են հարցաքննվել միաժամանակ։
4. Դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նրա իրավունքի մասին:
6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը։ Նա չի նախազգուշացվում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին։ Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը։ Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը։
7. Վկայի հարցաքննությունը սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի և բնակության վայրի մասին հարցերով։
8. Վկան ցուցմունք է տալիս դատավարության մասնակիցների և դատարանի հարցերին պատասխանելու ձևով։
9. Վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան (ուղիղ հարցաքննություն), ապա մյուս կողմը (խաչաձև հարցաքննություն), իսկ վերջում՝ դատարանը։ Եթե վկան հրավիրվել է դատարանի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս դատարանը, այնուհետև կողմերը` ըստ դատարանի սահմանած հերթականության:
10. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք ծառայում են գործի փաստերի բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների արժանահավատությանը, ներառյալ` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին։ Այս շրջանակից դուրս տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ։
11. Ուղղակի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է վկայի ցուցմունքը հստակեցնելու համար։ Դատարանը կարող է հանել ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ։
12. Վկայի խաչաձև հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցերը թույլատրվում են։
13. Դատարանը վկայի ուղղակի կամ խաչաձև հարցաքննության ժամանակ յուրաքանչյուր պահի կարող է նրան հարցեր տալ, որոնք անհրաժեշտ է համարում վկայի ցուցմունքը պարզաբանելու կամ այն հստակեցնելու համար։
14. Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաստատելու կամ դրանց արժանահավատությունը կասկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաև նիստերի դահլիճում ներկա, դատարանում արդեն իսկ ցուցմունք տված մյուս վկաները` նրանց կամ դատավարության մասնակիցներից որևէ մեկի միջնորդությամբ։ Այդ հարցերի առնչությամբ դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ ցուցմունքներ։
15. Վկան ցուցմունք տալու ընթացքում դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որևէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումները ներկայացվում են դատարանին և դատավարության մասնակիցներին ու կցվում են գործին։
16. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը: Այդ դեպքում կողմերը հարցերը տալիս են այն հերթականությամբ, որով առաջին անգամ հարցաքննվել է վկան։
17. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստերի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը` չհարցաքննված վկաների հետ հաղորդակցվելը բացառելու, ինչպես նաև նրան հետագայում հարցեր տալու հնարավորությունն ապահովելու նպատակով:
18. Վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել նաև վկայի գտնվելու վայրում դատական հանձնարարության միջոցով, եթե`
1) վկայից տեղում ցուցմունք վերցնելը կնպաստի ճշմարտության բացահայտմանը.
2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության համատեքստում, նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.
3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք չունի լքելու իր գտնվելու վայրը։
Հոդված 36. |
Դատավարության մասնակցի` որպես վկայի ցուցմունքը |
1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, և դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է կարգադրել նրան հանդես գալ որպես վկա:
2. Եթե դատավարության մասնակիցը, հղում կատարելով սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, հրաժարվում է ցուցմունք տալ, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս նրա, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա ցուցմունքը, մնում է չապացուցված։
3. Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա լինելու նիստին, որի ընթացքում հարցաքննվում են մյուս վկաները։
Հոդված 37. |
Փորձաքննություն նշանակելը |
1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա´մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա´մ փորձագետին։
2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին։
3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։
4. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։
5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին նշանակելու փորձաքննություն և այն հանձնարարելու իր կողմից ընտրված փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին՝ իր միջոցների հաշվին:
(37-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 38. |
Դատավարության մասնակիցների մասնակցությունը փորձաքննությանը |
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում նրանց մասնակցությունը փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին արգելելու վերաբերյալ:
Հոդված 39. |
Փորձաքննության անցկացման կարգը |
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետներ։
2. Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում` տալու միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը։
4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից։
5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է առաջնահերթ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հիմքերով փորձաքննություն կատարելու անհնարինության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին։ Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի։ Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը և նրա իրականացրած աշխատանքի ծավալը։
7. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:
Հոդված 40. |
Փորձագետի եզրակացությունը |
1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն բովանդակում է`
1) նշում՝ հետազոտության կատարման վայրի և ժամանակի մասին.
2) նշում՝ կիրառված մեթոդների մասին.
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
4) հետազոտություններից արված հետևությունները.
5) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում։
3. Փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ։
4. Դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու վերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։ Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալուն վերաբերող կանոնները։
5. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալու նրանց վարկարժանությունը պարզելու համար։
6. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։
7. Եթե դատարանը կասկածներ ունի փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության)։
8. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում ներկայացված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ։
Հոդված 41. |
Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը |
1. Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ և այն փաստի մատնանշումով, որը կողմը ցանկանում է ապացուցել։
Հոդված 42. |
Գրավոր ապացույցը |
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։
2. Գրավոր ապացույցներ են նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն։
3. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձևով։
4. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է պատճենի ձևով գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել պատշաճ վավերացված պատճենը ներկայացնել։ Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթային կրիչով։
6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ապա կարող է ներկայացվել դրա քաղվածքը։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպես գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել ամբողջական փաստաթուղթը ներկայացնել։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
7. Փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը չներկայացվելու դեպքում դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
8. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնել օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ։ Նման թարգմանություն չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
9. Դատարանը վերադարձնում է գործում առկա փաստաթղթերի բնօրինակները` դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե համարում է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն։ Այդ դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը։
Հոդված 43. |
Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը |
1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը։ Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը։
2. Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաստաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս ճշգրիտ և լրիվ հաղորդել այդ փաստաթղթի բովանդակությունը։ Միաժամանակ միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի կողմից այն տիրապետելու հավանականության մասին։
3. Գրավոր ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել կամ ձեռք են բերվել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը։
4. Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի ներկայությամբ։ Վերջինս, եթե դատավարության մասնակից չէ, հրավիրվում է որպես վկա։ Նրա չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար։ Եթե ապացույցը տիրապետող անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո լինելու փաստը, ապա դատարանը կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ` վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով։
5. Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած փաստաթղթի չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի։ Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաստաթղթի բովանդակության մասին կարող են համարվել հավաստի։
Հոդված 43.1. | Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը |
1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:
2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:
(43.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 44. |
Գրավոր ապացույցի իսկությունը |
1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում։
2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը պետք է ապացուցի դրա իսկությունը վիճարկող կողմը։
3. Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ։
4. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից։
Հոդված 45. |
Գրավոր ապացույցի հետազոտումը |
1. Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիստում։ Դրանից հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ։
2. Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաև վկաներին և փորձագետներին։
Հոդված 46. |
Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը |
1. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, և իրեղեն ապացույցի նույնացման տվյալներով։ Միջնորդությանը կարող են կցվել իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը։
Հոդված 47. |
Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը |
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ։
2. Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության։
3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած դատավարության մասնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ հետազոտման համար, եթե դատարանն այլ բան չի որոշել։
4. Եթե իրեղեն ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա այն կարող է պահանջվել սույն օրենսգրքի 28-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված կարգով։
5. Դատարանը վերադարձնում է գործում առկա իրեղեն ապացույցները՝ դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե առկա է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն։ Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց գործի քննության ավարտից հետո՝ անհապաղ, իսկ գործում դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաս ատյանում տվյալ ապացույցի գնահատումը ստուգելու համար։
6. Իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:
Հոդված 48. |
Զննումը |
1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու և բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաև փորձագետներ և վկաներ։
2. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում։
3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցները ծանուցվում են, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։
4. Զննման արդյունքները դատավորի խոսքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ ստուգված պլաններ, գծագրեր, լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, զննման ժամանակ կատարված լուսանկարներ կամ տեսագրություններ, ինչպես նաև փորձագետի գրավոր եզրակացություն։ Զննման ժամանակ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն պահանջելու զննման արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները: Զննման արձանագրությունը գրավոր ապացույց է:
5. Եթե զննումը կատարել է նոտարը՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ապա դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիստում։ Նոտարը հարցաքննվում է վկայի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 8
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 49. |
Վարչական դատարանի հանձնարարությունը |
1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը:
2. Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են ապացուցման ենթակա փաստերը և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը:
3. Հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
4. Հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
5. Հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
Հոդված 50. |
Սահմանադրական դատարանի հանձնարարությունը |
1. Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին:
2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը:
3. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով սահմանված ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ Սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:
5. Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան:
6. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ ուղարկում է Սահմանադրական դատարան:
(50-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
⚖Հոդված 51. |
Դատավարական ժամկետների սահմանումը և հաշվարկը |
1. Դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։
2. Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով` անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
3. Դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
4. Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։
(51-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 52. |
Դատավարական ժամկետների ավարտը |
1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին։
2. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։
3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը։
4. Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։
5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։
6. Եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչև ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-ն:
7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը։
(52-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 53. |
Դատավարական ժամկետների կասեցումը |
1. Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցնելու հետ միաժամանակ։
2. Գործի վարույթը վերսկսելու օրվանից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է։
⚖Հոդված 54. |
Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը |
1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։
4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։
6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։
7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։
Հոդված 55. |
Դատավարական ժամկետները երկարաձգելը |
1. Դատարանի նշանակած՝ չավարտված դատավարական ժամկետները կարող է երկարաձգել նույն դատարանը` դատավարության մասնակցի միջնորդությամբ` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 10
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
⚖Հոդված 56. |
Դատական ծախսերի կազմը |
1. Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
⚖Հոդված 57. |
Պետական տուրքը |
1. Պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Հոդված 58. |
Գործի քննության հետ կապված այլ ծախսեր |
1. Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`
1) վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարները.
2) կողմերի` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ շինությունների վարձակալման հետ կապված ծախսերը.
3) դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները.
4) զննում, ներառյալ` տեղազննություն կատարելու ծախսերը.
5) դատավարության մասնակիցների փոստային ծախսերը.
6) դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախսերը.
7) սույն օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
8) դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսեր։
Հոդված 59. |
Վկաներին, փորձագետներին, ներկայացուցիչներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները |
1. Վկաների, փորձագետների և թարգմանիչների՝ դատարան ներկայանալու ճանապարհածախսը հատուցվում է։ Նրանց վճարվում է նաև օրապահիկ և գիշերավարձ։ Բնակության վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում հատուցվում է միայն ճանապարհածախսը։
2. Չզբաղված անձանց վճարվում է հատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ զբաղված անձանց հատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով։
3. Փորձագետները և թարգմանիչները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն ներառվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ։ Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, սակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում։
4. Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետների և թարգմանիչների նախնական համաձայնությամբ։
5. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ գործը քննած դատարանի ուղարկած վճարումը կատարելու մասին գրության հիման վրա։
6. Դատարանը վկաների, թարգմանիչների, փորձագետների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, դատական դեպարտամենտին տեղեկացնում է վճարման անհրաժեշտության մասին:
7. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է տեղեկացումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
8. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման ծախսերի առավելագույն չափերը։
9. Ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։
Հոդված 60. |
Դատական ծախսերի բաշխումը դատավարության մասնակիցների միջև |
1. Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։ Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մասին։
3. Եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե`
1) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ.
2) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է իրավաչափ, սակայն հաստատել է, որ հայցվորի` վարչական մարմիններին ներկայացրած վարչական բողոքը մինչև դատարանում դրա քննությունը թողնվել է անպատասխան` օրենքի խախտմամբ, կամ պատասխանը տրվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։
4. Եթե որոշումը, գործողությունը կամ անգործությունը ճանաչվում է ոչ իրավաչափ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա ընդունված (կատարված) լինելու պատճառով, և եթե այդ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացրել է դատավարության մասնակիցը, ապա դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող է դրվել այդ մասնակցի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նա տեղյակ չի եղել կամ չէր կարող տեղյակ լինել տվյալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կեղծ լինելու մասին:
5. Եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև։
6. Սույն օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված դեպքում յուրաքանչյուր կողմ կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերը, եթե հաշտության համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
7. Դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը։
8. Երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր։
9. Եթե դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված անձը չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում պահանջվող եզրակացությունը, ապա նա կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերը։
10. Ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։
11. Սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը կրում է դատական ծախսերի հատուցման պարտականությունը` դատական ծախսերի եռապատիկի չափով։ Այդ դեպքում դատական ծախսերի դիմաց տրամադրված հատուցման կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մյուս կեսը` մյուս կողմին:
12. Դատական ծախսերի հատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 11
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-8-Ն)
⚖Հոդված 61. |
Ծանուցագիրը |
1. Ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները։
Հոդված 62. |
Ծանուցագրի բովանդակությունը |
1. Ծանուցագիրը բովանդակում է`
1) դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն.
2) դատարան կանչվող անձի անունը (անվանումը).
3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
4) նշում` ներկայանալու ժամանակի մասին.
5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է։
2. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա ծանուցագրում պետք է նշվի նաև դատավարական գործողության անցկացման վայրը։
3. Ծանուցագրում նշվում է նաև դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների մասին։
4. Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը։
(62-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 63. |
Պատշաճ ծանուցումը |
1. Ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով։
2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։
3. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։
4. Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։
5. Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։
6. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում` սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
7. Դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում։
8. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նրանք ծանուցվել են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:
9. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո՝ դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով:
⚖Հոդված 64. |
Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետևանքները |
1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։
Հոդված 64.1. | Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը |
1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:
4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը՝ նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո:
(64.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-8-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
ԲԱԺԻՆ II
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 12
ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
⚖Հոդված 65. |
Վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը |
1. Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
⚖Հոդված 66. |
Վիճարկման հայցը |
1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
2. Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:
⚖Հոդված 67. |
Պարտավորեցման հայցը |
1. Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
⚖Հոդված 68. |
Գործողության կատարման հայցը |
1. Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
2. Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
⚖Հոդված 69. |
Ճանաչման հայցը |
1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։
2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
(69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս անձին օրենքով սահմանված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու մտադրություն ունենալու հիմքով ճանաչման հայց ներկայացնել, ճանաչվել է Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող 17.12.19 ՍԴՈ-1497 որոշմամբ:)
⚖Հոդված 70. |
Հայցերի միացումը |
1. Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։
Հոդված 71. |
Հետևանքների վերացման ածանցյալ պահանջը |
1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
⚖Հոդված 72. |
Հայց ներկայացնելու ժամկետները |
1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`
1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.
3) գործողության կատարման հայցի դեպքում`
ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,
գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը.
4) ճանաչման հայցի դեպքում`
ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով,
բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով,
գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով:
2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։
⚖Հոդված 73. |
Հայցադիմումին ներկայացվող պահանջները |
1. Հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։
2. Հայցադիմումը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը.
3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը.
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.
10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։
3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։
4. Հայցադիմումում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները.
2) հայցվորի և դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
(73-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
⚖Հոդված 74. |
Հայցադիմումին կցվող փաստաթղթերը |
1. Հայցադիմումին կցվում են`
1) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.
2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով).
3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.
6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները:
7) (կետն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)
3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։
4. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն վարչական դատարանում ստանալու հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։
(74-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-99-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-153-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 75. |
Հայցադիմումը վարչական դատարան ներկայացնելու եղանակը |
1. Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով։
Հոդված 76. |
Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը |
1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։
2. Բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաև նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով։
5. Իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով։
6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով։
(76-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-179-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵԼԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 77. |
Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից կայացվող որոշումները |
1. Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
⚖Հոդված 78. |
Հայցադիմումը վարույթ ընդունելը |
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն անդրադառնում է նաև փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը և այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը։
4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում։
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին։
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և չներկայացնելու իրավական հետևանքների մասին։
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձևական սխալների հիմքով։
(78-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-99-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
⚖Հոդված 79. |
Հայցադիմումը վերադարձնելը |
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել.
2) հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.
6) լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով:
2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները։
4. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
5. Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
(79-րդ հոդվածը լրաց. 23.10.19 ՀՕ-207-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-306-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)
⚖Հոդված 80. |
Հայցադիմումի ընդունումը մերժելը |
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) հայցը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է.
7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի։
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին և երրորդ անձին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին։
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
Հոդված 81. |
Հայցադիմումի վերահասցեագրումը |
1. Վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:
2. Պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու վերաբերյալ որոշումը դատարանը կայացնում է պահանջն իրեն ընդդատյա չլինելու վերաբերյալ հանգամանքը պարզելուց հետո՝ եռօրյա ժամկետում` այն ուղարկելով դատավարության մասնակիցներին:
Հոդված 82. |
Մի քանի հայցերով գործերի միացումը և առանձնացումը |
1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միևնույն առարկային վերաբերող մի քանի գործ։
2. Վարչական դատարանն իրավունք ունի մեկ կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու առանձին վարույթներում։
⚖Հոդված 83. |
Վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները |
1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
4․1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.
5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).
6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:
(83-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-312-Ն, 09.12.19 ՀՕ-306-Ն, 08.07.20 ՀՕ-384-Ն, 16.07.20 ՀՕ-399-Ն, 09.10.20 ՀՕ-458-Ն, 16.12.21 ՀՕ-404-Ն)
(08.07.20 ՀՕ-384-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 84. |
Գործի քննության ժամկետը |
1. Գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի ժամկետներ։
2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով՝ առանց հետաձգումների։
Գ Լ ՈՒ Խ 14
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 85. |
Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը |
1. Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն։
Հոդված 86. |
Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը |
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
2. Ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
3. Հայցադիմումի պատասխանը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը (անվանումը).
3) պատասխանողի անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
4. Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
5. Պատասխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
6. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
8. Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
9. Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:
(86-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հակընդդեմ հայց ներկայացնելը |
1. Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
2. Հայցը հակընդդեմ է, եթե`
1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծում։
3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին։
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման և պարտավորեցման հայցերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված գործերով։
(87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով 23.06.16 ՍԴՈ-1289 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։)
Հոդված 88. |
Հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելը |
1. Հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում։
2. Վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում։
3. Պատասխանողը հայցադիմումի հիմքի և (կամ) առարկայի փոփոխությունը ստանալուց հետո կարող է ներկայացնել նոր պատասխան դրա վերաբերյալ` սույն օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 89. |
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները |
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս վարչական դատարանը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել նախնական դատական նիստ։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին։
2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
3. Վարչական դատարանը նախնական դատական նիստում`
1) պարզում է հայցի առարկան և հիմքերը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը.
4) պարզում է դատավարության մասնակիցների և դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը.
5) կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.
6) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև իրեղեն ապացույցների հետ հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներ ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը.
8) լուծում է ապացույցների ապահովման կամ հակընդդեմ հայցի հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդություններ.
9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման հարցերը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։
4. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 21-րդ գլխով սահմանված կարգով։
5. Ըստ անհրաժեշտության` վարչական դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիստ։
Հոդված 90. |
Գործը դատաքննության նախապատրաստելու ավարտը և դատաքննություն նշանակելը |
1. Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին։
3. Վարչական դատարանը, համարելով, որ հնարավոր է սկսել դատաքննությունը, կարող է, նախնական դատական նիստը ավարտելով, որոշում կայացնել գործի դատաքննությունը սկսելու մասին, եթե նախնական դատական նիստին ներկայացել են կողմերը (նրանց ներկայացուցիչները), և նրանց հնարավոր է իրազեկել։ Նման դեպքերում վարչական դատարանը կայացնում է որոշում։
Գ Լ ՈՒ Խ 15
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
⚖Հոդված 91. |
Հայցի ապահովման հիմքերը |
1. Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
2. Հայցի ապահովման միջոցներն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:
3. Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։
4. Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:
Հոդված 92. |
Հայցի ապահովման մասին որոշման կատարումը |
1. Հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Հոդված 93. |
Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը |
1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։
3. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
4. Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
5. Հայցը մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելը օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել:
6. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչև վճռի կատարումը:
Գ Լ ՈՒ Խ 16
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ
⚖Հոդված 94. |
Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները |
1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը.
3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է.
3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
4) սույն օրենսգրքի 31.7-րդ գլխով սահմանված՝ հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերով վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել պարզելու լրացուցիչ հանգամանքներ կամ ստանալու տեղեկություններ:
3. Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
(94-րդ հոդվածը լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն)
Հոդված 95. |
Գործի վարույթը վերսկսելը |
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել Սահմանադրական դատարանին, կամ բողոքարկելուց հետո Սահմանադրական դատարանը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.
2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է:
(95-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն)
Հոդված 96. |
Գործի վարույթը կարճելը |
1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.
2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.
3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.
7) վեճն ըստ էության սպառվել է.
8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.
9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
2. Եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հոդված 97. |
Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները |
1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։
2. Գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով:
Գ Լ ՈՒ Խ 17
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 98. |
Դատաքննությունը վարչական դատարանում |
1. Դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով` վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում (այսուհետ` դատական նիստերի դահլիճ)։
Հոդված 99. |
Դատական նիստը նախագահելը |
1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը։
2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը։
3. Դատական նիստը նախագահողը կազմակերպում և ղեկավարում է դատական նիստը` ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ։
4. Դատական նիստը նախագահողը պարզաբանում է վարչական դատարանի գործողությունները։
Հոդված 100. |
Կարգը դատական նիստում |
1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։
2. Դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած։
3. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկաների անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը։
4. Դատավարության մասնակիցները և դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն։
5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։
6. Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
(100-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-182-Ն)
Հոդված 101. | Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը |
(վերնագիրը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նկատողություն.
2) դատական նիստերի դահլիճից հեռացում.
3) դատական տուգանք:
2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:
4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:
5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:
6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
(101-րդ հոդվածը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
Հոդված 101.1. | Նկատողություն և դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու առանձնահատկությունները |
1. Վարչական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի և թարգմանչի նկատմամբ:
3. Դատական նիստերի դահլիճից հեռացված վարչական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
4. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:
(101.1-ին հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-120-Ն)
Հոդված 101.2. | Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները |
1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:
(101.2-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-120-Ն)
Հոդված 102. |
Դատական նիստի բացումը |
1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին դատական նիստը նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը։
2. Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների և դատավարությունում այլ անձանց` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց պատշաճ ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին։
3. Դատական նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների և այլ անձանց ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները։
4. Դատական նիստը նախագահողը վկաներին մինչև նրանց հարցաքննությունը հեռացնում է դատարանի դահլիճից:
Հոդված 103. |
Դատաքննությունը դատավարության մասնակիցների բացակայությամբ |
1. Հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։
2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հոդված 104. |
Դատավարության մասնակիցներին և դատավարությանը մասնակցող այլ անձանց իրենց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը |
1. Դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին և դատավարությանը մասնակցող այլ անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, եթե նրանք չեն հայտնում դրա անհրաժեշտության բացակայության մասին, և անցնում է գործն ըստ էության քննելուն։
2. Դատական նիստը նախագահողը պարզում է` արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, ընդունում է արդյոք պատասխանողը հայցվորի պահանջները։
3. Այնուհետև դատական նիստը նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչև դատաքննության սկիզբը։
Հոդված 105. |
Վկաների, փորձագետների և թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու հետևանքները |
1. Վկաների, փորձագետների և թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու դեպքում վարչական դատարանը լսում է դատավարության մասնակիցների կարծիքները` նրանց բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին, և կայացնում է որոշում` գործի դատաքննությունը շարունակելու կամ գործի դատաքննությունը հետաձգելու մասին։
Հոդված 106. |
Գործի դատաքննությունը հետաձգելը |
1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե`
1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար.
5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի դատաքննությունը:
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում։
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատված պահից։
Հոդված 107. |
Դիմումների և միջնորդությունների քննարկումը |
1. Դատավարության մասնակիցների դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով վարչական դատարանը լուծում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները լսելուց հետո։
2. Դիմումների և միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում։
3. Քննարկման ենթակա չէ այն դիմումը կամ միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի կամ միջնորդության հիմնավորումները։
Հոդված 108. |
Պահանջներից հրաժարվելը |
1. Մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։
Հոդված 109. |
Պահանջներն ընդունելը |
1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
1) պահանջի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) պահանջի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ։
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, և վարչական դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա դատարանը կարող է այդ պահանջի մասով առանձնացնել առանձին վարույթ։ Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված և կայացնում վճիռ։
Հոդված 110. |
Հաշտության համաձայնությունը |
1. Մինչև դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության յուրաքանչյուր փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձևակերպվում է գրավոր և ներկայացվում դատարանի հաստատմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատարանը կայացնում է վճիռ՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) հաշտության համաձայնությունն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերի.
2) հաշտության համաձայնությունն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ։
3. Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատավարության մասնակիցներին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Հոդված 111. |
Դատավարության մասնակիցների բացման խոսքերը |
1. Վարչական դատարանի կողմից գործը ներկայացվելուց հետո վարչական դատարանը լսում է հայցվորի, պատասխանողի և երրորդ անձանց բացման խոսքերը, որոնցում նրանք համառոտ ներկայացնում են իրենց պահանջները, առարկությունները, դրանք հիմնավորող փաստերը և իրավական դիրքորոշումները։
2. Դատարանը կարող է ի սկզբանե սահմանել բացման խոսքի առավելագույն տևողություն։
Հոդված 112. |
Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը |
1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի համապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։
2. Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար այդ ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով։
3. Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցն ընդունելու հարցը որոշում է անհապաղ` անհրաժեշտության դեպքում լսելով դատավարության մասնակիցների կարծիքն առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը։
4. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լսելով կողմերի կարծիքը։
Հոդված 113. |
Դատական վիճաբանությունները |
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։
2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը, ապա՝ պատասխանողը, այնուհետև՝ երրորդ անձը:
3. Վարչական դատարանը կարող է ի սկզբանե սահմանել դատական վիճաբանությունների առավելագույն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տևողություն։
⚖Հոդված 114. |
Դատաքննության ավարտը |
1. Դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը և հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմում և ստորագրում է (են) գործը քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորները)։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Վեճն ըստ էության լուծելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` որոշում։
4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության։
5. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով։
6. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
7. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։
8. Եթե հայցադիմումը ներկայացրել են միաժամանակ 20-ից ավելի հայցվորներ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաև այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանք կայացվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին։ Այս դեպքում դատական ակտը փակցվում է դատարանի շենքում՝ դատական ակտի կայացման օրվանից հետո՝ մեկ ամիս ժամկետով, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինտերնետային կայքում։ Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում:
(114-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-187-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 115. |
Գործի դատաքննությունը վերսկսելը |
1. Վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը, որի մասին կայացնում է որոշում։
2. Եթե դատական վիճաբանությունների ժամանակ վարչական դատարանն անհրաժեշտ է համարում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր ապացույցներ ձեռք բերել կամ հետազոտել, ապա նա որոշում է կայացնում գործի դատաքննությունն այդ մասով վերսկսելու մասին: Այդ դեպքում վերսկսված դատաքննությունն ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում գործի դատաքննությունը վերսկսելու համար հիմք հանդիսացած հանգամանքների վերաբերյալ։
Գ Լ ՈՒ Խ 18
(գլուխը խմբ. 05.05.21 ՀՕ-187-Ն)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 05.05.21 ՀՕ-187-Ն)
Հոդված 116. |
Գրավոր ընթացակարգի իրականացման կարգը |
1. Վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Հոդված 117. |
Գրավոր ընթացակարգով քննվող գործերը |
1. Վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը` անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:
2. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում վարչական դատարանը կարող է գրավոր ընթացակարգով քննել նաև այլ գործեր:
3. Գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝
1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.
3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
(117-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 118. |
Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը |
1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը: Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
(118-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 118.1. |
Գրավոր ընթացակարգի շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողությունները |
(վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
1. Դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
2. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
5. Վարչական դատարանը հայցի հիմքի և (կամ) առարկայի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնում է դատավարության մյուս մասնակիցներին, որոնք կարող են օգտվել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:
(118.1-ին հոդվածը խմբ., լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 118.2. |
Գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը և ժամկետները |
1. Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) հայցվորը հրաժարվել է պահանջից.
3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում և հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև չորս ամիս ժամկետով:
3. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-583-Ն)
(118.2-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 118.3. |
Գրավոր ընթացակարգով գործի քննությունը դադարեցնելը |
1. Եթե սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին և, անհրաժեշտության դեպքում, սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Հոդված 118.4. |
Գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը և դրա բողոքարկումը |
1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում ընդհանուր կանոններով, բացառությամբ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կայացված վճռի և գործի վարույթը կարճելու մասին որոշման, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե դրանց դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
2. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-583-Ն):
(118.4-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 19
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. |
Արագացված դատաքննության հիմքերը |
1. Արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) հայցն ակնհայտ հիմնավոր է.
3) հայցն ակնհայտ անհիմն է։
Հոդված 120. |
Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը |
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում, որի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կարող է կայացվել գործի քննության յուրաքանչյուր փուլում։
Հոդված 121. |
Արագացված դատաքննության կարգը և ժամկետները |
1. Սույն օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում դատարանն անհապաղ անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուն։
Հոդված 122. |
Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատական ակտի վերացումը |
1. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին` այդ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին։
Գ Լ ՈՒ Խ 20
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
⚖Հոդված 123. |
Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները |
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
⚖Հոդված 124. |
Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը |
1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
2. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել է դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող՝ նրանց համար ավելի բարենպաստ օրենք, և եթե դա նախատեսված է այդ օրենքով։
2.1. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս վիճարկող կողմի` իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող ապացույցների` վարչական վարույթի ընթացքում չտրամադրման հետևանքով առաջացած ոչ բարենպաստ հետևանքների ապացուցման բեռը չի կարող դրվել վարչական մարմնի վրա:
3. Հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
4. Վարչական ակտի առ ոչինչ լինելը որոշվում է դրա ընդունման դրությամբ գործած օրենքների հիման վրա։
5. Որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործած օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
6. Այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը որոշվում է այդ ակտի գործողության ժամանակ կամ այդ գործողության կատարման կամ անգործության դրսևորման ժամանակ գործած օրենքների հիման վրա։
(124-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-599-Ն)
⚖Հոդված 125. |
Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները |
1. Վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝
1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին.
3) դատավարության մասնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին.
4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին.
5) այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին.
6) ֆիզիկական կամ իրավաբանական անձին որոշակի իրավունքներից զրկելու կամ նրա վրա որոշակի պարտականություններ դնելու մասին.
7) այն մասին, թե որ վարչական մարմնի իրավասությանն է վերապահված տվյալ հարցը:
2. Վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
3. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված հատուկ վարույթներով դատական ակտի այլ տեսակների դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտը:
4. Վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարտավոր է լուծել նաև հետևանքների վերացման հարցը՝ սույն օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջ լինելու դեպքում:
5. Այն դեպքում, երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, վարչական դատարանը ստուգում է նաև, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրսևորելը եղել են իրավաչափ։ Եթե վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, և դատարանը հանգում է այն հետևության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա վճռի եզրափակիչ մասով սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն կամ ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումները։
6. Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը բովանդակում է հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
⚖Հոդված 126. |
Գործն ըստ էության լուծող դատական ակտի բովանդակությունը |
1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Վճռի ներածական մասը բովանդակում է վարչական դատարանի լրիվ անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը, հայցի առարկան։ Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում՝ նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները։
Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաև երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում։
3. Վճռի նկարագրական մասը բովանդակում է`
1) նշում, թե երբ է հայցը ներկայացվել վարչական դատարան, և երբ է այն ընդունվել վարույթ.
2) նշում՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության մասին՝ փոփոխության դեպքում նշելով փոփոխության ամսաթիվը և էությունը.
3) նշում՝ հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացնելու մասին.
4) նշում՝ գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.
5) նշում` առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.
6) նշում՝ վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկվելու մասին։ Տվյալ դեպքում շարադրվում է նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
7) նշում` դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների՝ դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին.
8) հայցի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը.
9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ՝ վկայակոչելով օրենքի և այլ իրավական ակտերի նորմերի վկայակոչմամբ.
10) երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան.
11) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան.
12) դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված փաստերը և դրանց վերաբերյալ դատավարության մասնակիցների դիրքորոշումները:
4. Վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
3) եզրահանգում՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
4) եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
5) եզրահանգում` դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:
5. Վճռի եզրափակիչ մասը բովանդակում է`
1) յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) եզրահանգում` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
3) եզրահանգում` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
4) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
5) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
6. Վարչական դատարանի վճիռը կայացրած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:
(126-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, խմբ. 05.05.21 ՀՕ-187-Ն)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 127. |
Վարչական դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
2. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված` բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից։
3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է, ապա վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից։
4. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքը վերադարձվել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չվերացնելու և սահմանված կարգով բողոքը կրկին չբերելու, ինչպես նաև վճռաբեկ բողոք չբերելու դեպքերում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից։
5. Սույն օրենսգրքի 139-րդ հոդվածին համապատասխան՝ վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե լրացել է այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, և դատական ակտը չեն բողոքարկել այլ անձինք։
6. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս վարչական դատարանի ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում:
7. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, որով ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ էր թողնվել վարչական դատարանի ակտը, կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ է տալիս վարչական դատարանի դատական ակտին, ապա վարչական դատարանի անփոփոխ մնացած դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից։
8. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի կողմից բողոքի ընդունումը մերժվելու կամ բողոքը վերադարձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից, եթե `
1) վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանը թողել է օրինական ուժի մեջ.
2) բերված բողոքը վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության կամ վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել։
9. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:
10. Վարչական դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
11. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:
(127-րդ հոդվածը փոփ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 128. |
Վարչական դատարանի լրացուցիչ որոշումը |
1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում: Նման որոշում կարող է կայացվել նաև լիցենզավորված և արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տվել են վերջիններս։
2. Վարչական դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Լրացուցիչ որոշումը կարող է հրապարակվել դատական նիստում։
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին (լիցենզավորող, արտոնագրող մարմնին), իսկ դա չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն։
Գ Լ ՈՒ Խ 21
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 129. |
Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջները |
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
Գ Լ ՈՒ Խ 22
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
⚖Հոդված 130. |
Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը |
1. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
⚖Հոդված 131. |
Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.
12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:
2. Եթե վարչական դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված, իսկ հայցադիմումի ընդունումը՝ մերժված:
(131-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-128-Ն)
⚖Հոդված 132. |
Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։ Այդպիսի վերաքննիչ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
(132-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
(26.04.16 ՍԴՈ-1268 որոշմամբ 132-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:)
Հոդված 133. |
Վերաքննիչ բողոք բերելու կարգը |
1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան։ Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։
2. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։
Հոդված 134. |
Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը |
1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
4. Բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած վարչական դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։
(134-րդ հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)
Հոդված 135. |
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գործը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
3. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։
4. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։
⚖Հոդված 136. |
Վերաքննիչ բողոքը վերադարձնելը |
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները.
2) բողոքի շրջանակում առերևույթ բացառվում է դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
3) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
4) մինչև վերաքննիչ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`
1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում առկա բոլոր առերևույթ սխալները։
4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերող անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը և բողոքին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե բողոքը բերել են մեկից ավելի անձինք, ապա բողոքին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ բողոք բերած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ բողոքում նշված չէ։
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
6. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։
7. Վճռաբեկ դատարանի կողմից որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված՝ սկզբնական ներկայացման օրը:
⚖Հոդված 137. |
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը |
1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
1) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ կամ սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին։
2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`
1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։
4. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
Հոդված 138. |
Վերաքննիչ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին:
3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
4. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։
5. Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը:
Հոդված 139. |
Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը |
1. Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վերաքննիչ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում՝ բողոքը հետ վերցնելու մասին:
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու մասին դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննության ընդունվելուց հետո, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
Հոդված 140. |
Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում գործը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
2.1. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.3-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու պահից տասնհինգօրյա ժամկետում:
3. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.5-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում գործը ստանալու պահից երկամսյա ժամկետում:
(140-րդ հոդվածը լրաց. 04.09.20 ՀՕ-406-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 141. |
Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բերված բողոքները` 5 դատավորի կազմով։
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են միանձնյա, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները՝ 5 դատավորի կազմով։
3. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու։
(141-րդ հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-312-Ն)
Հոդված 142. |
Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության կարգը |
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. Բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի զեկուցումով։ Նախագահող դատավորը շարադրում է բողոքի և բողոքի դեմ ներկայացված պատասխանի ամփոփ բովանդակությունը։ Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, դատավարության մասնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը ավարտվում է, և հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը։
Հոդված 142.1. |
Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով |
1. Սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
2. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
3. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
4. Գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վերաքննիչ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վերաքննիչ դատարանի կազմի մյուս դատավորներին:
5. Դատական կազմում ընդգրկված դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը լրամշակում է որոշման նախագիծը:
6. Վերաքննիչ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ դատական կազմում ընդգրկված դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
7. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց որոշած դատավորը:
(142.1-ին հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-187-Ն)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 143. |
Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը |
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածների կանոնները։ Դատավարության մասնակիցները գործի վարույթը կասեցնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող են բողոքարկել վճռաբեկ դատարան:
⚖Հոդված 144. |
Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
⚖Հոդված 145. |
Վերաքննիչ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։
(145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 02.03.21 ՍԴՈ-1579 որոշմամբ)
Հոդված 146. |
Վերաքննիչ դատարանի որոշումը |
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Որոշման ներածական մասը բովանդակում է`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վարչական դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի (դատավորների) անունը, ազգանունը.
3) դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում՝ նաև պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը)։
3. Որոշման նկարագրական մասը բովանդակում է`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում՝ վարչական դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները։
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ներառյալ`
ա. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա,
գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) եզրահանգումներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը համարել է, որ վարչական դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան կամ սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.
5) դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
5. Որոշման եզրափակիչ մասը բովանդակում է`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրակացություն` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու վերաբերյալ.
4) եզրակացություն` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում որոշումը պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է բերվել բողոքը։
6. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:
(146-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 147. |
Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը |
1. Սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն է կամ դրա պաշտոնատար անձը, վերաքննիչ դատարանը կայացնում է լրացուցիչ որոշում` սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգով։
Հոդված 148. |
Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
2. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս այդ ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում։
3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ թողնված դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից։
4. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե բերված բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է առանց քննության կամ վերադարձվել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել:
5. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
7. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալու պահից 5 օր հետո:
(148-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 149. |
Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելը |
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
Հոդված 150. |
Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը |
1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։
Հոդված 151. |
Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման։
Հոդված 152. |
Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.
4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
9) առկա են սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
(152-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Գ Լ ՈՒ Խ 23
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 153. |
Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով |
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։
2. Վճռաբեկ դատարանը վերանայում է նաև վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները։
3. (մասն ուժը կորցրել է 24.06.20 ՀՕ-343-Ն)
(153-րդ հոդվածը փոփ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը |
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` պետական շահերի պաշտպանության հարցերով.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձի իրավունքներից և կրում նրանց համար սահմանված պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը։
4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով։
(154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` 03.03.2015 ՍԴՈ-1192 որոշմամբ` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:)
Հոդված 155. |
Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ։
Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
(156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր 09.02.2016 ՍԴՈ-1254 որոշմամբ` այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:)
Հոդված 157. |
Վճռաբեկ բողոք բերելու կարգը |
1. Վճռաբեկ բողոքն ուղարկվում է վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մասնակիցներին։
2. Վճռաբեկ դատարան չի կարող ներկայացվել հայցի ապահովում կիրառելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն։
3. Վճռաբեկ բողոքը բերելուց հետո բողոքում արծարծվող պահանջը փոփոխվել կամ լրացվել չի կարող:
4. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում` սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործը ուղարկել վճռաբեկ դատարան։
Հոդված 158. |
Վճռաբեկ բողոքի բովանդակությունը |
1. Վճռաբեկ բողոքում նշվում են`
1) վճռաբեկ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:
4. Վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
(158-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)
Հոդված 159. |
Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը |
1. Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը կամ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վճռաբեկ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե վճռաբեկ բողոք բերել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
(159-րդ հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 160. |
Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը |
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
⚖Հոդված 161. |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(161-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Հոդված 162. |
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը |
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և
2) բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
(162-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Հոդված 163. |
Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված սույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։
Հոդված 164. |
Վճռաբեկ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
2. Պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։
(164-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 165. |
Վճռաբեկ դատարանում գործի դատաքննության ժամկետը |
1. Վճռաբեկ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
Հոդված 166. |
Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը |
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
(166-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 166.1. | Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում |
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած, գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:
(166.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 166.2. | Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով |
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:
(166.2-րդ հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 166.3. | Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը |
1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝
1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.
2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.
3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները.
4) հնարավորության դեպքում և, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.
5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.
6) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը.
7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, որը պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:
(166.3-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-234-Ն)
Հոդված 167. |
Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը, գործի վարույթը կասեցնելը |
1. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վճռաբեկ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածների կանոնները։
⚖Հոդված 168. |
Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները |
1. Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում։
Հոդված 169. |
Վճռաբեկ դատարանի լիազորությունները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
3) մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը։
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Հոդված 170. |
Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը |
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։
4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։
7. (մասն ուժը կորցրել է 24.06.20 ՀՕ-343-Ն)
(170-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն, 24.06.20 ՀՕ-343-Ն, 09.02.22 ՀՕ-25-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 171. |
Վճռաբեկ դատարանի որոշումը |
1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`
1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած վերաքննիչ վարչական դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների) անունը, ազգանունը.
4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը.
6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը.
7) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.
8) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին.
9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանի եզրահանգումները։
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ վերաքննիչ դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները չեն հանգեցնում դատական ակտի բեկանմանը, պետք է այդ մասին նշի իր որոշման մեջ։
3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը։
(171-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 172. |
Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը և որոշման հրապարակումը |
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
2. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
(172-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 173. |
Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին և համապատասխան դատարան ուղարկելը |
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումն ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին և համապատասխան դատարան այն կայացնելու օրվանից յոթնօրյա ժամկետում:
(173-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԲԱԺԻՆ III
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 24
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 174. |
Գործի նոր վարույթ հարուցելը |
1. Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։
2. Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին։
Հոդված 175. |
Դատարանի կազմը գործի նոր քննության ժամանակ |
1. Ստորադաս դատարանում գործի քննություն իրականացրած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի նոր քննությանը:
Գործի նոր քննության կարգը |
1. Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական կամ վերաքննիչ դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով։
2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
(ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը 18.10.16 ՍԴՈ-1315 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով չի ապահովվում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն)
⚖Հոդված 177. |
Գործի նոր քննության սահմանները |
1. Ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով։
2. Գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
3. Գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչպես նաև լսում է մյուս կողմի առարկությունները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ։
Հոդված 178. |
Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո |
1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, նշվում են`
1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած վարչական դատարանի նստավայրի կամ վերաքննիչ դատարանի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
2) վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործն ըստ էության լուծող բեկանված դատական ակտի և վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը։
(178-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 179. |
Գործի նոր քննությունից հետո կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը |
1. Գործի նոր քննությունից հետո կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
ԲԱԺԻՆ IV
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
Գ Լ ՈՒ Խ 25
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ
⚖Հոդված 180. |
Օրինական ուժի մեջ մտած վճիռների և որոշումների վերանայման հիմքերը |
1. Սույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
Հոդված 181. |
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը |
1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:
(181-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-364-Ն)
(հոդվածի 26.06.15 ՍԴՈ-1222 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 21.06.2018 ՀՕ-364-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
⚖Հոդված 182. |
Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը |
1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.
2) սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով և 199-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացրել է որոշում, որով անվավեր է ճանաչվել այն իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ, որը կիրառվել է տվյալ գործով դատական ակտ կայացնելիս.
3) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.
4) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար:
(182-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-245-Ն)
⚖Հոդված 183. |
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ դատական ակտը մինչև օրինական ուժի մեջ մտնելը չի վերանայել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Հոդված 184. |
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունքը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
2) այն անձինք, որոնք օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ունեցել են այդ իրավունքն իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից դատական ակտի կայացման պահին, միջազգային պայմանագրին համապատասխան, ունեցել են միջազգային դատարան դիմելու իրավունք:
(184-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն)
Հոդված 185. |
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու ժամկետը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։
2. Դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է ներկայացնել իրավահաջորդ ճանաչվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իրավանախորդը չի իրացրել դիմում ներկայացնելու իր իրավունքը մահվան պատճառով։
3. Դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
Հոդված 186. |
Դիմումի ձևը և բովանդակությունը, դիմում ներկայացնելու կարգը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը.
2) դիմումը ներկայացնող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և գործի համարը.
4) նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.
5) դիմում ներկայացնող անձի պահանջը.
6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Դիմումին կցվում են նոր երևան եկած հանգամանքը կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև այլ լրացուցիչ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Օրենքով նախատեսված դեպքերում դիմումին կցվում է նաև դրա քննության հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա դիմումը պետք է ներառի համապատասխան միջնորդություն։
3. Դիմումը ստորագրում է դիմումը ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը։
4. Դիմումը և դրան կից փաստաթղթերն ու նյութերն ուղարկվում են համապատասխան դատարան։ Դիմում ներկայացնողը դիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները ուղարկում է դատավարության մասնակիցներին:
(186-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)
Հոդված 187. |
Դիմումը վարույթ ընդունելը |
1. Դիմումը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը գործն ստանալու օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում։
2. Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ տեղեկացնելով դիմումին պատասխան ներկայացնելու նրանց իրավունքի մասին։
3. Դիմումը վարույթ ընդունելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ դատավարության մասնակիցները ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի ու վայրի մասին։
Հոդված 188. |
Դիմումը վերադարձնելը |
1. Դատարանը վերադարձնում է դիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջները.
2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.
3) մինչև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.
4) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
5) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո։
2. Դատարանն առանձին ակտի տեսքով որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին` դիմումը ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։
3. Որոշման մեջ նշվում են դիմումում առկա բոլոր ձևական սխալները։
4. Նման որոշման դեպքում դիմում բերող անձին ուղարկվում են դատարանի որոշումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե դիմումը ներկայացրել են մեկից ավելի անձինք, ապա դիմումին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ դիմում ներկայացրած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ դիմումում նշված չէ։
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դիմումը վերադարձնելուց հետո դիմումում առկա սխալները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կրկին ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Դիմումը կրկին ներկայացնելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
6. Վերաքննիչ դատարանի` դիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։
7. Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դիմումը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
Հոդված 189. |
Դիմումի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցը դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու դատարան և դատավարության այլ մասնակիցների։
2. Դիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
3) դիմումի վերաբերյալ դիրքորոշումը։
3. Դիմումի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել։
(189-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 190. |
Նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կարգը |
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս սույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Դատարանը սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
(190-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-245-Ն)
ԲԱԺԻՆ V
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 26
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 191. |
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։
Հոդված 192. |
Վարչական դատարան դիմելու իրավունքը |
1. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ՝
1) որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները.
2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:
2. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
3. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը՝ Երևանի ավագանու ակտերը վիճարկելու դեպքում։
4. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարելի է դիմել նաև այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը դիմելու պահին այլևս իրավաբանական ուժ չուներ, սակայն կիրառվել է դիմողի նկատմամբ որևէ անհատական, ներառյալ` դատական ակտով:
Հոդված 193. |
Վարչական դատարան դիմելու ժամկետները |
1. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
2. Եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտը դիմողի գնահատմամբ առ ոչինչ է, ապա սույն օրենսգրքի 1-ին մասով նախատեսված ժամկետները հաշվարկվում են այդ ակտի ընդունման մասին դիմողին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած:
3. Եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական դատարան կարելի է դիմել, եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի ուժի մեջ մտնելու պահից չի անցել 10 տարի:
5. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման։
Հոդված 194. |
Դիմումին ներկայացվող պահանջները |
1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջների՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը բովանդակում է`
1) տեղեկություններ` դիմողի նկատմամբ կիրառված անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ այդ ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին իմանալու ժամանակի կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կատարման կամ անգործության վերաբերյալ.
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվանումը և այն դրույթը (դրույթները), որի (որոնց) իրավաչափությունը վիճարկվում է.
3) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի անվանումը (դրա դրույթը), որին, դիմողի գնահատմամբ, հակասում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտը.
4) հիմնավորումներ` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասելու, ինչպես նաև դիմողի իրավունքների խախտման կամ դրանց հնարավոր խախտման վտանգի վերաբերյալ:
2. Դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
(194-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 195. |
Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ |
1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
2. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից:
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով։
(196-րդ հոդվածը փոփ. 30.07.21 ՀՕ-312-Ն)
(հոդվածի 06.10.15 ՍԴՈ-1231 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 30.07.2021 ՀՕ-312-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)
Հոդված 197. |
Գործերի քննության ընթացակարգը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Հոդված 198. |
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները |
1. Այն դեպքում, երբ վիճարկվում է որևէ նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը դիմումում նշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարզում է վիճարկվող ակտի համապատասխանությունը նաև դիմումում չնշված այլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, եթե դա վերապահված չէ սահմանադրական դատարանի իրավասությանը։
2. Պարզելով վիճարկվող ակտի անհամապատասխանությունը դիմումում չնշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին՝ վարչական դատարանը վիճարկվող ակտն անվավեր է ճանաչում նաև այդ հիմքով` անկախ հայցվորի պահանջից։
3. Սույն գլխով նախատեսված գործերով դատական ակտ կայացնելիս վարչական դատարանը պարզում է վիճարկվող ակտի (վիճարկվող դրույթի) իրավաչափությունը, մասնավորապես հաշվի առնելով՝
1) իրավական ակտի պահանջվող տեսակը.
2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու` օրենքներով նախատեսված կարգի պահպանվածությունը.
3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները:
4. Նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի իրավաչափությունը պարզելիս վարչական դատարանը պարզում է նաև այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների իրավաչափությունը և, գալով եզրահանգման դրանց անվավերության վերաբերյալ, իրավասու է նաև այդ դրույթները ճանաչելու անվավեր:
5. Եթե ոչ իրավաչափ նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրել է մինչև վարչական դատարանի կողմից այդ գործով ըստ էության դատական ակտ կայացվելը, ապա վարչական դատարանը ճանաչում է դիմելու պահին դրա ոչ իրավաչափ եղած լինելը, եթե այդ ակտը կիրառվել է դիմողի նկատմամբ։ Հակառակ դեպքում գործի վարույթը կարճվում է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով:
Հոդված 199. |
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը և իրավական հետևանքները |
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող ճանաչելու մասին.
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն անվավեր ճանաչելու մասին.
3) վիճարկվող` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:
2. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։
3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի։
4. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված անհատական իրավական ակտերը վերանայման ենթակա չեն, սակայն վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից այլևս չեն կարող կիրառվել։
5. Վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակումից հետո չկատարված անհատական, ներառյալ՝ դատական ակտի կատարումը անհապաղ դադարեցվում է այդ ակտն ընդունելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ` տվյալ մարմնի նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձանց պահանջով։
6. Նորմատիվ իրավական ակտը վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել հանրության կամ պետության համար։
7. Ուժի մեջ մտնելու պահից (ex tunc) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպես կորցնում են իրենց իրավաբանական ուժը` անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ։
8. Ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ անբողոքարկելի դարձած անհատական ակտերը, ներառյալ՝ նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, պետք է վերանայեն դրանք ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները` շահագրգիռ անձանց պահանջով, եթե ընդունվել են անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի` ուժը կորցնելուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում` նոր հանգամանքներով համապատասխան անհատական ակտի վերանայման համար սահմանված կանոններին համապատասխան։
9. Չկատարված անհատական իրավական ակտերի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 5-րդ մասի կանոնը։
10. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու դեպքում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ կիրառված` անբողոքարկելի չդարձած անհատական իրավական ակտը պետք է ճանաչվի անվավեր, իսկ գործողության կամ անգործության հետևանքները պետք է վերացվեն օրենքով սահմանված կարգով:
11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասում նշված այն անձանց վրա, որոնք վարչական դատարանի որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով վարչական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել վարչական դատարան: Տվյալ դեպքում այդ անձանց վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը:
12. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ վարչական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելն անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը։ Իրավաբանական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել 3 ամիսը։
13. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերականգնվում է այն իրավական վիճակը, որը գոյություն ուներ համապատասխանաբար վարչական դատարանի որոշման կամ այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ։
Հոդված 200. |
Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը |
1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո պաշտոնապես հրապարակվում է այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի տվյալ տեսակը:
Գ Լ ՈՒ Խ 27
ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 201. |
Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.
1) հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
3) հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։
Հոդված 202. |
Վարչական դատարան դիմելու իրավունքը |
1. Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու պահանջով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե համարում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը։
2. Համայնքի ղեկավարի՝ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելը կարող են վիճարկել այն անձինք, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե համարում են, որ այդ որոշումներով խախտվել են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները։
Հոդված 203. |
Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը |
1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում և լուծում է վարչական դատարանը՝ կոլեգիալ` 3 դատավորի կազմով։
Հոդված 204. |
Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները |
1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների դեմ կարող է հայց ներկայացվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է, կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` 24 ժամվա ընթացքում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը և քննվում են 2 օրացուցային օրվա ընթացքում։
3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ժամկետների վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայցը ներկայացվում է դատարան, կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը։
Հոդված 205. |
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը |
1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը.
3) իրազեկումն ի գիտություն ընդունելը ճանաչել ոչ իրավաչափ կամ իրավաչափ:
2. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտն ուղարկվում է հայցվորին և համապատասխան համայնքի ղեկավարին։
Գ Լ ՈՒ Խ 28
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 206. |
Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը |
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` սույն գլխին համապատասխան հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ)։
(206-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 207. |
Վարչական դատարան դիմելու իրավունքը |
1. Ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` համապատասխան ընտրական հանձնաժողովը։
Հոդված 208. |
Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը |
1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`
1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.
2) ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ ըստ պատասխանողի գտնվելու վայրի։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում և լուծվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կազմով։
(208-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 209. |
Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները |
1. Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին։
2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:
3. Վարչական դատարանը պատճառաբանված որոշմամբ հայցադիմումը վերադարձնում է` նշելով առկա բոլոր ձևական սխալները։ Հայցադիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` 24 ժամվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
4. Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացվելու հետ կապված հայցադիմումներ կարող են ներկայացվել նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից մինչև քվեարկության հաջորդ օրը ներառյալ։ Այդ հայցադիմումները քննվում են հինգ օրացուցային օրվա ընթացքում, քվեարկության օրվան նախորդող հինգից երկու օրացուցային օր առաջ ներկայացված հայցադիմումները` մինչև քվեարկության օրը, իսկ քվեարկության օրը, դրան նախորդող կամ հաջորդող օրը ներկայացված հայցադիմումները` ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուն նախորդող օրը։
5. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
6. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, հայցվորին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները քննվում և լուծվում են հայցադիմումները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում։
8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության և լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների և հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչև ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում և լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում:
10. Սույն հոդվածով սահմանված հատուկ ժամկետների հաշվառմամբ դատավորը նման գործեր քննելիս պետք է ձգտի գործի քննությունն իրականացնել այնպիսի ժամկետում, որ չխաթարվեն հետագա ընտրական գործընթացները։
(209-րդ հոդվածը խմբ. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 210. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները վիճարկելու վերաբերյալ հայցադիմումների քննության ժամկետները |
1. Վարչական դատարանն այդ հարցով ներկայացված հայցադիմումները քննում և լուծում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված կարգով`
1) օրացուցային 7 օրվա ընթացքում` ընտրությունների ժամանակ.
2) ընդհանուր կարգով` ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։
Հոդված 211. |
Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների քննությունը |
1. Եթե հայցադիմումը տրվել է այլ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով, ապա տվյալ հարցի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է համապատասխան թեկնածուն կամ կուսակցության ներկայացուցիչը, որի գրանցման հարցը քննարկվում է։ Նրանց չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։
2. Վարչական դատարանն իր դատական ակտով թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:
3. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը քննվում են գրավոր ընթացակարգով։
Հոդված 212. |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը |
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկել ընտրություններին մասնակցող թեկնածուն, կուսակցությունը։
2. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաև այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է։ Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։
3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզելու քվեարկության իրական արդյունքները:
4. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերով վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,
գ. ընտրությունները ճանաչել չկայացած։
5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն վարչական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս վարչական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։
(212-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 213. |
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը |
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը ուղարկվում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրական հանձնաժողովներին, ինչպես նաև դատավարության մասնակիցներին։
Գ Լ ՈՒ Խ 29
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 214. |
Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի հարուցումը |
1. Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված անձանց հայցադիմումով։
2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետում:
Հոդված 215. |
Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները |
1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
1) տեղեկություններ՝ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը.
4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.
5) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
2. Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը։
3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
1) տեղեկություններ՝ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.
3) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
4. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցությունների դաշինքի կամ քարոզչության կողմի հայցադիմումը, ի լրումն սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով սահմանված պահանջների և սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխարեն, ներառում է`
1) կուսակցության դաշինքի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ կուսակցության դաշինքի անվանումը, լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից).
2) քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից):
(215-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն, լրաց., փոփ. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 216. |
Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով և վարչական դատարանի դատական ակտը |
1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը։
3. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է նաև, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության կամ հայցադիմումի մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ արարքը կատարելու համար:
3.1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը դատարանը քննում է անկախ վարչական իրավախախտման մասին արձանագրության առկայության հանգամանքից:
4. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին:
(216-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն)
Գ Լ ՈՒ Խ 29.1
(գլուխն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն)
ԱՆԲՈՂՈՔԱՐԿԵԼԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Գ Լ ՈՒ Խ 29.2
(գլուխը լրաց. 18.05.15 ՀՕ-66-Ն)
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 216.5. | Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հետևյալ գործերը.
1) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) անձնական տվյալներ մշակող կամ անձնական տվյալներ մշակելու նկատմամբ հսկողություն իրականացնող վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները:
(216.5-րդ հոդվածը լրաց. 18.05.15 ՀՕ-66-Ն)
Գ Լ ՈՒ Խ 29.3
(գլուխը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն)
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 216.6. | Հասարակական կազմակերպության կողմից հայց հարուցելը |
1. Հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետևյալ ոլորտներում.
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:
2. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե`
1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.
2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ոլորտում:
3. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե՝
1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, և որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում.
2) կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ, և անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են.
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ոլորտում:
(216.6-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ., լրաց. 05.05.21 ՀՕ-197-Ն)
Հոդված 216.7. | Հայցադիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը |
1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաև հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:
(216.7-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն, խմբ. 05.05.21 ՀՕ-197-Ն)
Հոդված 216.8. | Հայցադիմումը վերադարձնելը |
1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաև սույն օրենսգրքի 216.7-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում:
(216.8-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն)
Գ Լ ՈՒ Խ 30
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 217. |
Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.
1) լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
3) գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործողությամբ զբաղվելու վերաբերյալ հայտի մերժման մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
4) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այդ որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
5) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
6) որակավորման ստուգման արդյունքների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
Հոդված 218. |
Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը |
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու գործերը քննում և լուծում է վարչական դատարանը՝ միանձնյա:
Հոդված 219. |
Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները |
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
2. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող երկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:
(219-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 31
ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
⚖Հոդված 220. |
Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են`
1) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:
1.1.
2. Նոտարական գործողության իրավաչափությունը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ անձը իմացել կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:
3. Նոտարական գործողության կատարման մերժումը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:
4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում այն օրվանից հետո, երբ սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
(հոդվածը 26.06.23 ՀՕ-227-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)
Հոդված 220.1. | Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները |
1. Սույն օրենսգրքի 220-րդ հոդվածով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումներին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
(220.1-ին հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 221. |
Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը |
1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:
4. Նոտարական գործողության հետևանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ` վավերացված գործարքների կողմերի միջև առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, սույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն:
Հոդված 222. |
Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը |
1. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցերը քննվում են սույն գլխով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 31.1
(գլուխն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն)
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Գ Լ ՈՒ Խ 31.2
(գլուխը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԻՄՔՈՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.2. | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։
(222.2-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.3. | Վարչական դատարան դիմելու իրավունքը |
1. Սույն օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը։
(222.3-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.4. | Վարչական դատարան դիմելու ժամկետը |
1. Սույն օրենսգրքի 222.2-րդ հոդվածում նշված գործերով բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը վարչական դատարան կարող է դիմել Հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից հնգօրյա ժամկետում։
(222.4-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.5. | Դիմումին ներկայացվող պահանջները |
1. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝
1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.
2) դիմողի անունը, բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, հասցեն.
3) Հանձնաժողովի անվանումը, գտնվելու վայրը.
4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.
5) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են.
6) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.
7) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը սխալ է.
8) դիմողի պահանջը.
9) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
11) դիմողի ստորագրությունը։
2. Դիմումին կցվում են Հանձնաժողովի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան մարմնում ստեղծված էթիկայի հանձնաժողովի եզրակացության պատճենը, առկայության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմնավորումները հաստատող փաստերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը։
3. Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որ ինքն օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը:
(222.5-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 222.6. | Դիմումը վարույթ ընդունելը, վերադարձնելը, դիմումի ընդունումը մերժելը |
1. Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործով դիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու կամ դիմումի ընդունումը մերժելու հարցը որոշվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածների ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։
(222.6-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.7. | Դիմումի ապահովումը վարչական դատարանի կողմից |
1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող եզրակացության գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
2. Վիճարկվող եզրակացության գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից:
(222.7-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.8. | Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։
(222.8-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.9. | Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և դատական ակտ է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
(222.9-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Հոդված 222.10. | Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը |
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) Հանձնաժողովի հաստատած փաստերն անփոփոխ թողնելու մասին.
2) Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին:
2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
3. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերի օրինակները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, Հանձնաժողով, իսկ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաև համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ։
4. Վարչական դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը հիմք է Հանձնաժողովի կողմից իր եզրակացությունը վերանայելու համար։
(222.10-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)
Գ Լ ՈՒ Խ 31.3
(գլուխը լրաց. 13.12.17 ՀՕ-322-Ն)
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.11. | Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը |
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
2. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի պարագայում դատարանը սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշումներից մեկը կայացնում է հայցադիմումն ստանալուց հետո՝ 36 ժամվա ընթացքում:
3. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին և ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո` անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ:
4. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:
5. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:
6. Վարչական դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։
7. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նշված որոշումներից մեկը կայացնում և ուղարկում է գործին մասնակցող անձանց բողոքն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:
8. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
9. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում:
(222.11-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 31.4
(գլուխը լրաց. 25.03.20 ՀՕ-208-Ն)
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.12. |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը |
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:
3. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:
5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա։
6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.
2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին:
Գ Լ ՈՒ Խ 31.5
(գլուխը լրաց. 04.09.20 ՀՕ-406-Ն)
ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.13. | Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթը |
1. Վարչական դատարանին ընդդատյա են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան սահմանված կարանտինի (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերը:
2. Սույն գլխով սահմանված կանոնները չեն տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում կայացված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության վրա:
Հոդված 222.14. | Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը |
1. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկվելու պահից մեկամսյա ժամկետում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին ներկայացվում են սույն օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
Հոդված 222.15. | Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը և ժամկետները |
1. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
3. Սույն գլխով նախատեսված գործերի բանավոր քննության դեպքում դատարանը կարող է թույլատրել դիմողին մասնակցելու դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:
4. Սույն գլխով նախատեսված գործերը քննվում են դիմումը վարույթ ընդունելու պահից տասնօրյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` ևս տասը օրով:
Հոդված 222.16. | Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը |
1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին:
2. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 31.6
(գլուխը լրաց. 05.05.21 ՀՕ-186-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
Հոդված 222.17. | Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ գործերը |
1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը՝ ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու պահանջով:
Հոդված 222.18. | Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները |
1. Սույն օրենսգրքի 222.17-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան դիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել դիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
3. Վարչական դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Հոդված 222.19. | Վերաքննիչ բողոքարկման ժամկետները |
1. Սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչև գործի դատաքննությունը:
3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում:
4. Վարչական դատարանի ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, կամ բավարարում է վերաքննիչ բողոքը՝ բեկանելով վարչական դատարանի դատական ակտը և կայացնելով նոր դատական ակտ։
5. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԳԼՈՒԽ 31.7
(գլուխը լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն)
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.20. | Հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերը |
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
Հոդված 222.21. | Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը |
1. Սույն օրենսգրքի 222.20-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձևակերպվում է գրավոր և բովանդակում է՝
1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան,
2) դիմողի անվանումը և հասցեն,
3) դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը,
4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը,
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում տեղեկատվություն տրամադրելու սահմանված պահանջը, և հիմնավորում առ այն, որ օտարերկրյա իրավասու մարմնի կողմից հայցվող տեղեկատվությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին, և առկա չեն դրանցով սահմանված տեղեկություն տրամադրելու մասին հարցման մերժման հիմքերը,
6) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները,
7) դիմողի պահանջը,
8) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին,
9) հարցման մեջ նշված անձին կամ անձանց նույնականացնող տվյալները և այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել անձանց վերաբերյալ հարցում անելու համար,
10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:
2. Դիմումը ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը:
3. Դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու մարմնի հարցման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:
Հոդված 222.22. | Դիմումի քննությունը |
1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարան ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով՝ դռնփակ դատական նիստում:
4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
5. Վարչական դատարանը իրավասու է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետով կասեցնելու գործի վարույթը, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հանգամանքներ պարզելու կամ տեղեկություններ ստանալու: Սույն մասով սահմանված կասեցումը ենթակա չէ բողոքարկման: Վարչական դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե վերացել են կասեցումն առաջացրած հանգամանքները՝ այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնելով դիմողին:
Հոդված 222.23. | Դատական ակտերը |
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը,
2) հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե՝
ա. օտարերկրյա իրավասու մարմնի պահանջը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները,
բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի առևտրային այնպիսի գաղտնիքի բացահայտման, որը տնտեսական արժեք ներկայացնելու ուժով կարող է շահագործվել, և որի չթույլատրված օգտագործումը կարող է հարկատուին պատճառել էական վնասներ,
գ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի այնպիսի փաստաբանական գաղտնիքի, ծառայողական տեղեկատվության կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման, որը համարվում է գաղտնի հաղորդակցություն փաստաբանի կամ իրավաբանական ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև, և որն իրականացվել է իրավաբանական խորհրդատվություն կամ ներկայացուցչություն հայցելու, տրամադրելու կամ ապահովելու նպատակով,
դ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման։
2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը և ժամկետները:
3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո:
4. Վարչական դատարանը դատական ակտը ուղարկում է հարկային մարմին և այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, և երաշխավորելով, որ՝
1) հարկային մարմինը օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնելու է պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ,
2) դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հարկային մարմինը դատական ակտն ուղարկելու է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը:
5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում:
ԳԼՈՒԽ 31.8
(գլուխը լրաց. 23.12.22 ՀՕ-599-Ն)
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.24. | Հարկային մարմինների կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գործերը |
1. Հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
Հոդված 222.25. | Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը |
1. Սույն օրենսգրքի 222.24-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձևակերպվում է գրավոր և բովանդակում է՝
1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.
2) դիմողի անվանումը և հասցեն.
3) դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը.
4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.
6) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) դիմողի պահանջը.
8) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին.
9) հարցման մեջ նշված անձին նույնականացնող տվյալները.
10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:
2. Դիմումն ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը կամ վերջինիս լիազորած անձը:
Հոդված 222.26. | Դիմումի քննությունը |
1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարան ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով` դռնփակ դատական նիստում:
4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:
Հոդված 222.27. | Դատական ակտերը |
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) հարկային մարմնին բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման պահանջը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը.
2) գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե հարկային մարմնի պահանջը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները:
2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը և ժամկետները:
3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո:
4. Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմին և այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ` հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել հարկային մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, և երաշխավորելով, որ հարկային մարմինը ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում կծանուցի դատական ակտն այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը:
5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը՝ սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 32
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 223. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ վարչական դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է վարչական դատարանը` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։
2. Մինչև փաստաթղթերի հատուկ առաքման սակագները փոստային կապի ազգային օպերատորի կողմից հաստատվելը սույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնումը ստացականով:
3. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված՝ վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու վերաբերյալ հայցադիմումները վերադարձվում են վարչական մարմին:
4. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կայացված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք կարող է բերվել միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում։
Գ Լ ՈՒ Խ 33
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 224. |
Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգիրքը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-139-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|