ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. | Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը |
1. Ընկերությունը կարող է կնքել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր:
2. Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ։
3. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:
4. Եթե ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կայացրել է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում, ապա այդ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքը։ Ընդ որում, նախապատվության իրավունքի կիրառման դեպքում Ընկերությունը հատուցում է միայն փոխատուի վնասները՝ ազատվելով պարտավորությունը բնեղենով կատարելուց։
5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմին է ներկայացնում փոխարկման գրավոր պահանջ: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված պահանջը համարվում է ներկայացված պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում:
6. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանները վրա հասնելուց և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:
7. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։
8. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերը թողարկվում են Ընկերության կանոնադրությամբ սահմանված` հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի սահմաններում (եթե այդպիսիք սահմանված են):
9. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ թողարկված բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:»:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 44. | Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գինը |
1. Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս անվանական արժեքից: Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն Ընկերության հիմնադրման ժամանակ իրականացնում են հիմնադիրները` բաժնետոմսի անվանական արժեքով:
2. Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու դրանց շուկայական արժեքից ցածր, եթե`
1) տեղաբաշխումն իրականացվում է Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսեր ունեցող բոլոր բաժնետերերի կողմից նման բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրենց իրավունքն իրականացնելիս.
2) բաժնետոմսերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը սահմանվում է որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ.
3) սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով տեղաբաշխում է աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսեր․
4) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր․
5) Ընկերությունը փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:
Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խոշոր գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 61.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․
«2.1. Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարք, ապա այն ենթակա է նաև հաստատման ժողովի կողմից` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով:»:
Հոդված 7. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը «Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների՝ կանոնադրությամբ սահմանված քանակով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.2-րդ կետով.
«25.2) Ընկերության կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշման ընդունումը, ինչպես նաև այդպիսի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ սույն մասով սահմանված որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:»։
Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-116-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|