Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.03.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.2025
Дата вступления в силу
09.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «իրավունք ունի» բառերը փոխարինել «, իսկ Լիազոր մարմինը սույն մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում իրավունք ունեն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ կետերով.

«4) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (բացառությամբ պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության և պետական պահպանության ծառայության), ազգային անվտանգության ծառայությունից՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից և օդանավակայաններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինների դեպքում՝ օրենքով նախատեսված համապատասխան տրանսպորտային միջոցների տեսահսկման համակարգերին:

Սույն կետում նշված մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները պարտավոր են տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր: Սույն կետում նշված մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝

ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն,

բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն,

գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն,

դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,

ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն,

զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների և դիտման սարքերի հասանելիության հնարավորություն.

5) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքերում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում.

6) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետևյալ նպատակներով.

ա. իրավախախտումների կանխում, հայտնաբերում և բացահայտում, ինչպես նաև օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառում,

բ. հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում՝ արագ արձագանքում,

գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում,

դ. անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում,

ե. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում,

զ. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում,

է. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն,

ը. օրենքով սահմանված նպատակներով պետական և օրենքով չարգելված նպատակներով ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով, միայն ապանձնավորված եղանակով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.

«Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը և ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը և տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով:

Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում պահանջվում է իրավասու աշխատակցի (ծառայողի) խիստ նույնականացում, իրավասու աշխատակցի (ծառայողի) մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում կատարվում է հաշվառում (լոգավորում), իսկ աշխատակիցը (ծառայողը) պարտադիր մուտքագրում է իր տվյալները և մուտք գործելու նպատակն արտացոլող տեղեկատվությունը:

Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերի միջոցով տեսանյութի ներբեռնման յուրաքանչյուր դեպքում տեսանյութի վրա պետք է արտացոլվեն դրա ներբեռնման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Ներքին գործերի նախարարություն» անվամբ ջրանշանը։ Առցանց ռեժիմով տեսահսկման դեպքում տեսահսկող սարքի էկրանին պետք է առցանց ռեժիմով արտացոլվեն տեսահսկման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը։

Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված աշխատակիցները (ծառայողները) պարտավոր են պահպանել տեսահսկման համակարգերով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաև տեսահսկման համակարգերով ստացված տվյալները մշակել բացառապես օրենքով նախատեսված նպատակներով: Սույն մասով նախատեսված պարտականության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Լիազոր մարմինն իր տեսահսկման համակարգերի մասով համայնքներին տրամադրում է սույն հոդվածով նախատեսված հասանելիություն այն սկզբունքով, որ յուրաքանչյուր համայնք հասանելիություն ունենա Լիազոր մարմնի՝ միայն տվյալ համայնքի վարչական տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին։ Լիազոր մարմնի և համայնքների միջև տեսահսկման համակարգերին փոխադարձ հասանելիությունն ապահովվում է փոխադարձ հատուցմամբ՝ տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի մի մասը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե փոխանցելու միջոցով, որի չափը որոշելու բանաձևը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-65-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: