ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169․12 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.12 . |
Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը |
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարհինգհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:»։
Հոդված 2. Օրենսգրքի 169․13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169․13. |
Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը |
1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025թ. մարտի 7 Երևան ՀՕ-29-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: