ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետից հանել «աշխարհազորի,» բառը.
2) 9.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը.
2) 2-րդ մասի 9-րդ և 3-րդ մասի 3-րդ կետերի «աշխարհազորի» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:» նախադասությունը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետից հանել «, աշխարհազորի պատրաստության և կիրառման» բառերը:
Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «աշխարհազորը» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 29.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.2-րդ հոդվածով.
«Հոդված 29.2. |
Տեղական պաշտպանության ուժերը |
1. Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:
2. Տեղական պաշտպանության ուժերի խնդիրներն են՝
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.
2) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ.
3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.
4) ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:
3. Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
4. Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ՝
1) որը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) որը հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող.
3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
5. Ստորաբաժանումների համալրումը և պայմանագրերի կնքումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատները՝ համագործակցելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված զորամասերի հետ:
6. Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ անցնում են պատրաստություն համայնքի տարածքի պաշտպանության խնդիրների ապահովման ուղղությամբ, որն իրականացվում է համապատասխան զորամասի պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով: Ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և պաշտպանության նպատակով, իրականացվում է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:
7. Ստորաբաժանումներում ներգրավված անձին հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, նա ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված անձի վրա կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ստորաբաժանումների կիրառման ժամանակահատվածում ստորաբաժանումներում ներգրավված աշխատող անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Ստորաբաժանումների կազմում ներգրավված անձանց զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Օրենքի 29.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-37-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|