Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հռչակագիր
Тип
Исходный акт (15.04.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
15.04.1994
Дата подписания
15.04.1994

ՄԱՐԱՔԵՇԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Նախարարները,

 

ներկայացնելով Ուրուգվայի բազմակողմ բանակցությունների փուլին մասնակցած 124 Կառավարություններն ու Եվրոպական Համայնքները 1994թ. ապրիլի 12-15-ին Մարաքեշում (Մարոկկո) կայացած նախարարների մակարդակով Առևտրի բանակցությունների կոմիտեի եզրափակիչ նիստի առթիվ,

վկայակոչելով Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլն սկսելու մասին 1986թ. սեպտեմբերի 20-ին Պունտա դել Էսթեում (Ուրուգվայ) ընդունված Նախարարական հռչակագիրը,

վկայակոչելով Մոնրեալում (Կանադա) և Բրյուսելում (Բելգիա) համապատասխանաբար 1988թ. և 1990թ. դեկտեմբերին անցկացված Նախարարական ժողովներում ձեռք բերված առաջխաղացումը,

նշելով, որ բանակցություններն ըստ էության եզրափակվել էին 1993թ. դեկտեմբերի 15-ին,

վճռական լինելով Ուրուգվայի փուլի հաջողությունն ամրապնդելու առևտրի համաշխարհային համակարգում իրենց տնտեսությունների մասնակցության միջոցով, հիմնվելով ազատ, շուկայամետ քաղաքականության և Ուրուգվայի փուլի Համաձայնագրերով ու Որոշումներով սահմանված պարտավորությունների վրա.

 

այսօր ընդունեցին հետևյալը.

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

 

1. Նախարարները ողջունում են Փուլի եզրափակմամբ ներկայացված պատմական այն ձեռքբերումը, որը, նրանք հավատում են, որ կամրապնդի համաշխարհային տնտեսությունն ու կտանի դեպի ավելի մեծ առևտուր, ներդրումներ, զբաղվածություն և եկամտի աճ ամբողջ աշխարհում: Նրանք, մասնավորապես, ողջունում են.

- ավելի ամրապնդված ու հստակ իրավական կառուցվածքը, որը նրանք ընդունել են միջազգային առևտուր իրականացնելու համար, ներառյալ` վեճերի կարգավորման ավելի արդյունավետ ու վստահելի գործկառույցը,

- մաքսադրույքների համաշխարհային իջեցումը 40 տոկոսով, ապրանքների մասով շուկաներ բացելու ավելի ընդգրկուն համաձայնագրերը և մաքսային պարտավորությունների շրջանակների էական ընդլայնմամբ պայմանավորված առավել մեծ կանխատեսելիությունն ու ապահովվածությունը, և

- ծառայությունների առևտրի և առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար հիմնադրույթների բազմակողմ կառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև բազմակողմ առևտրի ամրապնդված դրույթները գյուղատնտեսության ու մանածագործվածքների և հագուստի բնագավառներում:

2. Նախարարները հաստատում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստեղծումը տանում է դեպի համաշխարհային համագործակցության նոր ժամանակաշրջան` արտացոլելով հանուն իրենց ժողովուրդների շահի ու բարեկեցության ավելի բարեխիղճ և ազատ առևտրի բազմակողմ համակարգում գործելու համատարած ցանկությունը: Նախարարներն արտահայտում են հովանավորչական ամեն տեսակի ճնշումներին դիմադրելու իրենց վճռականությունը: Նրանք հավատում են, որ Ուրուգվայի փուլում ձեռք բերված առևտրի ազատականացումը և ամրապնդված կանոնները կտանեն դեպի ավելի ու ավելի ազատ համաշխարհային առևտրի միջավայր: Նախարարները հանձն են առնում` անմիջապես ու մինչև ԱՀԿ ուժի մեջ մտնելը չձեռնարկել ոչ մի առևտրային միջոց, որը կնվազեցնի կամ վնասակար ազդեցություն կունենա Ուրուգվայի փուլի բանակցությունների արդյունքների կամ դրանց իրականացման վրա:

3. Նախարարները հաստատում են առևտրի, փողի և դրամամիջոցների ոլորտներում վարվող քաղաքականության ավելի մեծ համաշխարհային համաձայնեցվածության ձգտելու իրենց վճռականությունը, ներառյալ` այդ նպատակով ԱՀԿ-ի, ԱՄՀ-ի և Համաշխարհային դրամատան միջև համագործակցությունը:

4. Նախարարները ողջունում են այն փաստը, որ Ուրուգվայի փուլին մասնակցությունն զգալիորեն ավելի լայն էր, քան առևտրի բոլոր նախորդ բազմակողմ բանակցություններին և, հատկապես, որ զարգացող երկրները նկատելի գործուն դեր են խաղացել դրանում: Սրանով նշանավորվեց պատմական քայլ դեպի համաշխարհային առևտրի ավելի հավասարակշռված և միասնականացած ընկերակցությունը: Նախարարները նշում են, որ այն ժամանակաշրջանում, երբ բանակցությունները ընթացքի մեջ էին, տնտեսական բարեփոխումների նշանակալի միջոցառումներ և առևտրի ինքնուրույն ազատականացում է իրականացվել զարգացող շատ երկրներում ու նախկին կենտրոնացված ծրագրմամբ տնտեսություններում:

5. Նախարարները վկայակոչում են, որ բանակցությունների արդյունքներն ընդգրկում են զարգացող տնտեսությունների համար տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցում նախատեսող դրույթներ, ներառյալ` առավել թույլ զարգացած երկրների առանձնահատուկ իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրությունը: Նախարարներն ընդունում են առավել թույլ զարգացած երկրների համար այս դրույթների իրականացման կարևորությունն ու հայտարարում են, որ մտադիր են շարունակել աջակցել ու նպաստել առևտրի և ներդրումների նրանց հնարավորությունների ընդլայնմանը: Նրանք համաձայն են Նախարարական համաժողովի և ԱՀԿ համապատասխան մարմինների միջոցով պարբերաբար վերաքննելու առավել թույլ զարգացած, ինչպես նաև զուտ սննդամթերք ներմուծող զարգացող երկրների վրա Փուլի արդյունքների ազդեցությունը` նպատակ ունենալով խթանել դրական միջոցառումներ, որոնք նրանց թույլ կտան հասնելու զարգացման իրենց նպատակներին: Նախարարներն ընդունում են, որ կարիք կա ամրապնդելու ՄԱԳՀ-ի և ԱՀԿ-ի` իրենց իրազեկության ոլորտներում ավելի ընդլայնված տեխնիկական աջակցություն տրամադրելու կարողությունը առավել թույլ զարգացած երկրներին:

6. Նախարարները հայտարարում են, որ իրենց կողմից «Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարունակող եզրափակիչ փաստաթղթի» ստորագրումը և համապատասխան Նախարարական որոշումների ընդունումը սկիզբ է դնում ՄԱԳՀ-ից ԱՀԿ-ին անցմանը: Նրանք, մասնավորապես, ստեղծել են Նախապատրաստական կոմիտե` ԱՀԿ ուժի մեջ մտնելու հիմք դնելու համար, և պարտավորվում են ձգտել ավարտել բոլոր այն քայլերը, որ անհրաժեշտ են ԱՀԿ համաձայնագիրը վավերացնելու համար, որպեսզի այն ուժի մեջ մտնի 1995թ. հունվարի 1-ից կամ դրանից հետո` հնարավորին չափ շուտ: Նախարարներն այնուհետև ընդունեցին Առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում:

7. Նախարարներն իրենց անկեղծ երախտագիտությունն են հայտնում Նորին Մեծություն Հասան II Թագավորին` այս նախարարական ժողովի հաջողության մեջ նրա ունեցած անձնական ներդրման համար, և նրա կառավարությանն ու Մարոկկոյի ժողովրդին` նրանց ջերմ հյուրընկալության և գերազանց կազմակերպում ապահովելու համար: Այն փաստը, որ Մարաքեշում է անցկացվել Ուրուգվայի փուլի այս եզրափակիչ Նախարարական ժողովը, մեկ անգամ ևս ապացուցում է Մարոկկոյի հավատարմությունը համաշխարհային ազատ առևտրի համակարգին և ձգտումը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն միանալուն:

8. Ընդունելով և ստորագրելով Եզրափակիչ փաստաթուղթը և ընդունման համար բացելով ԱՀԿ համաձայնագիրը, նախարարները Առևտրի բանակցությունների կոմիտեի աշխատանքը հայտարարում են ավարտված և Ուրուգվայի փուլը` պաշտոնապես եզրափակված:

 

ԱՌԵՎՏՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՓԱԿՈՂ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

1. Կառավարությունների և Եվրոպական համայնքների ներկայացուցիչները, Առևտրի բանակցությունների կոմիտեի անդամները, հանդիպելով Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլը եզրափակելու համար, համաձայնում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրը (սույն եզրափակիչ փաստաթղթում հիշատակվում է որպես «ԱՀԿ համաձայնագիր»), Նախարարական հռչակագրերն ու որոշումները և սույնին կցված Ֆինանսական ծառայությունների մասին փոխհամաձայնությունը պարփակում են իրենց բանակցությունների արդյունքները և կազմում են սույն Եզրափակիչ փաստաթղթի անբաժանելի մաս:

2. Ստորագրելով սույն Վերջնական փաստաթուղթը` ներկայացուցիչները համաձայնում են.

ա) սահմանված կարգով իրենց համապատասխան իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնել ԱՀԿ համաձայնագիրը` նպատակ ունենալով ըստ իրենց ընթացակարգերի հաստատելու Համաձայնագիրը, և

բ) ընդունել Նախարարական հռչակագրերն ու որոշումները:

3. Ներկայացուցիչները համաձայնում են, որ ցանկալի է ԱՀԿ համաձայնագրի ընդունումը Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի բոլոր մասնակիցների կողմից (այսուհետ` «մասնակիցներ»)` նպատակ ունենալով, որ այն ուժի մեջ մտնի 1995թ. հունվարի 1-ից կամ դրանից հետո` հնարավորին չափ շուտ: Պունտա դել Էսթեյի Նախարարական հռչակագրի վերջին կետին համապատասխան` Նախարարները կհավաքվեն ոչ ուշ, քան 1994թ. վերջում` որոշում կայացնելու արդյունքների միջազգային իրականացման մասին, ներառյալ` դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները:

4. Ներկայացուցիչները համաձայնում են, որ ԱՀԿ համաձայնագիրը` որպես ամբողջություն, բաց է բոլոր մասնակիցների կողմից ստորագրությամբ կամ այլ ձևով ընդունման համար` համաձայն դրա 14-րդ հոդվածի: ԱՀԿ համաձայնագրի 4-րդ Հավելվածում ընդգրկված Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի ընդունումը և ուժի մեջ մտնելը ղեկավարվում են այդ Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի դրույթներով:

5. Այն մասնակիցները, որոնք Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմեր չեն, մինչ ԱՀԿ համաձայնագրի ընդունումը, նախ, պետք է եզրափակեն Գլխավոր համաձայնագրին իրենց անդամակցելու շուրջ բանակցությունները և դառնան դրա Պայմանավորվող կողմեր: Այն մասնակիցների համար, որոնք Գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմեր չեն եղել Եզրափակիչ փաստաթղթի ընդունման օրը, ժամանակացանկերը վերջնական չեն և պետք է այնուհետ լրացվեն` Գլխավոր համաձայնագրին դրանց անդամակցելու և ԱՀԿ համաձայնագիրն ընդունելու նպատակով:

6. Սույն Եզրափակիչ փաստաթուղթն ու դրան կցված տեքստերն ի պահ են տրվում Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին, որը շտապ կարգով յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է դրանց հաստատված  պատճենը:

 

Կատարված է Մարաքեշում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի ապրիլ ամսվա տասնհինգերորդ օրը՝ անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով: Տեքստերից յուրաքանչյուրը հավասարազոր է: