Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-506-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:».

2) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը, եթե կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն.»:

 

Հոդված 3 Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Համագումարի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Համագումարի արձանագրությունն ստորագրում են համագումարը նախագահողը, արձանագրությունը կազմած անձը (քարտուղարը) և հաշվիչ հանձնաժողովի անդամները (առկայության դեպքում):»:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկատվություն:».

2) 2-րդ մասի «հինգ օրվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3․ Կուսակցությունները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրում են տեղեկություններ իրենց բանկային հաշիվների մասին՝ նշելով բանկի անվանումը, հաշիվների համարները և արժույթը կամ արժույթները, որոնցով բացվել են բանկային հաշիվները: Կուսակցությունն այս տեղեկությունները, անկախ սույն մասում նշված ժամկետից, ներկայացնում է նաև իր հաշիվներն սպասարկող բանկի կամ հաշիվների վերաբերյալ արդեն իսկ ներկայացված տվյալները փոփոխվելու դեպքում՝ փոփոխության կատարման օրվանից 10 օրվա ընթացքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետի «բյուջետային» բառը փոխարինել «պետական» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Կուսակցությունը նվիրատվություններ, անդամավճարներ, մուտքի վճարներ և պետական ֆինանսավորում ստանալու նպատակով կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած մեկ բանկում։»։

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

Սույն հոդվածով սահմանված՝ նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը չի ներառում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամներին կատարված մուծումները։

Ֆիզիկական անձը կարող է սույն մասի առաջին պարբերությունում նշված նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` իննսունօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կուսակցության տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելը կուսակցության համար սահմանված նվիրատվության, անդամավճարի կամ մուտքի վճարի սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե:».

3) 7-րդ մասը «ազգանունը» բառից հետո լրացնել «, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված բանկը ամսական պարբերականությամբ կուսակցությանն է տրամադրում նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են կատարված նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների սահմանաչափերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նվիրատվություն, անդամավճար կամ մուտքի վճար կատարող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը։»:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «60» թիվը փոխարինել «80» թվով.

2) 6-րդ մասի «40» թիվը փոխարինել «20» թվով.

3) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

4) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մյուս կեսը, եթե կուսակցությունը հաշվետու տարում ունեցել է տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն կեսում:».

5) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 11-րդ մասի «7-9» թվերը փոխարինել «7-8» թվերով։»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

3. Կուսակցության տարեկան հաշվետվությունը ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում՝ առանձին բաժնում տեղադրելու միջոցով: Աուդիտի ենթակա կուսակցության դեպքում տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը հրապարակվում են աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կուսակցության տարեկան հաշվետվությունը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, կուսակցությունը ապահովում է տարեկան հաշվետվության հրապարակումը կուսակցության պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում): Կուսակցության պաշտոնական կայքէջում հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած՝ կուսակցության տարեկան հաշվետվության տարբերակը:».

3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) կողմից ներկայացվող՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները։»։

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

2. Կուսակցությունները սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները առաջին անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն 2025 թվականի հաշվետվության շրջանակներում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-506-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: