Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-427-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.11.2024
Дата вступления в силу
14.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով.

 

«Հոդված 169.35.

Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելը

 

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողի (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) կողմից սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն չափորոշիչները չպահպանելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը վարչական տույժը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 169.36. Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը

 

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սոցիալական ծառայություններ մատուցելն առանց պետական լիազոր մարմնում հավաստագրվելու՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:»։

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244․23-րդ հոդվածով.

 

«Հոդված 244.23.

Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և քննում է սույն օրենսգրքի 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-427-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: