Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-250-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.06.2024-12.11.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.05.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.2024
Дата вступления в силу
24.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) համակարգի գործունեության, կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները` ապահովելով մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքի իրացումը։

2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների վրա՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից ու հիմնադրից։

3. Սոցիալական գործընկերության հիման վրա որոշակի կրթական ծրագիր իրականացնող կամ դրան մասնակից կազմակերպությունների վրա սույն օրենքը տարածվում է այնքանով, որքանով վերաբերում է կրթության և ուսուցման գործընթացին:

 

Հոդված 2. Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրությունը

 

1. ՄԿՈՒ բնագավառը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Հիմնադրամների մասին» օրենքներով, սույն օրենքով և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով։

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մասնագիտական կրթություն՝ առնվազն հիմնական կրթության հիմքով արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) կամ մասնագետի որակավորում շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության արդյունքներ ձևավորելու գործընթաց.

2) մասնագիտական ուսուցում՝ անձի կամ կազմակերպության գնահատված կարիքներին և ձևավորված պատվերին համապատասխան՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ուսումնառություն, որով անձը ձեռք է բերում որոշակի աշխատանքի կամ զբաղմունքի նկարագրով սահմանված գիտելիք, կարողություն և հմտություն (այսուհետ՝ կարողունակություն) կամ ունեցածը հարմարեցնում դրանց.

3) մասնագիտական ուսումնական հաստատություն (այսուհետ նաև` ՄՈՒՀ)՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մասնագիտական կրթության արհեստագործական կամ միջին մասնագիտական մակարդակի առնվազն մեկ որակավորման ծրագիր, կազմակերպում է մեթոդական և աշխատանքային գործունեություն, շնորհում որակավորում.

4) քոլեջ` արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ՄՈՒՀ.

5) մասնագիտական կրթության ոլորտային որակավորումների շրջանակ՝ ոլորտային որակավորումների շրջանակի բաղկացուցիչ մաս, որով սահմանվում են մասնագիտական կրթության մակարդակի որակավորումների խումբը (ցանկը) և դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջները (բնութագիրը).

6) կրթական ծրագիր՝ ուսումնական և աշխատանքային բաղադրիչների ամբողջություն, որն իրականացվում է ուսումնառության որոշակի վերջնարդյունքներով պայմանավորված հաջորդականությամբ, և որով սահմանվում է մասնագիտական կրթության մակարդակը.

7) ուսումնառության ժամկետ՝ համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի համար uահմանված ուuումնառության նորմատիվային տևողություն.

8) ուսումնական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող դասընթացի ինքնուրույն բաղկացուցիչ մաս, որի համար տրվում է կրեդիտ.

9) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի և կարողունակությունների ամբողջություն.

10) կրեդիտ` դասընթացի կամ ուսումնական մոդուլի, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալի, ուսումնառության (նաև աշխատանքային) վերջնարդյունքներ ձեռք բերելու համար ուսանողի ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր.

11) կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման, ուսանողների սահուն շարժունությունը ապահովող գործողությունների ամբողջություն.

12) սոցիալական գործընկերություն` ՄՈՒՀ-երի, գործատուների, դրանց միավորումների և ոչ առևտրային այլ կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հանրային իշխանության մարմինների միջև աշխատաշուկայի և տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան կրթության ապահովմանը միտված համընդհանուր համաձայնեցված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության ձև.

13) աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն (այսուհետ նաև՝ ԱՀՈՒ)՝ ուսումնառության կազմակերպման ձև, որն իրականացվում է իրական աշխատավայրում կամ դրան համապատասխանեցված աշխատանքային միջավայրում՝ ապահովելով ուսումնառության վերջնարդյունքներին միտված աշխատանքային կարողունակությունների ձեռքբերումը.

14) հեռավար ուսուցում` հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման ձև և համաժամանակյա ու ապահամաժամանակյա (ասինքրոն) իրականացման մեթոդ, որով մանկավարժական աշխատողի (դասավանդողի) և ուսանողների (ունկնդիրների) միջև անմիջական կամ ոչ անմիջական հաղորդակցումն իրականացվում է ուսուցման կառավարման հարթակների և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով.

15) դրսեկություն` հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը ինքնակրթության կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության միջոցով կազմակերպելու ձև, որով ուսումնառությունն իրականացվում է մանկավարժական աշխատողի (դասավանդողի) անմիջական և ոչ անմիջական խորհրդատվության, թեմատիկ առաջադրանքների ուղղորդման, ինչպես նաև ուսանողի (ունկնդրի) վերջնարդյունքների ամփոփման միջոցով.

16) պետական ամփոփիչ ստուգում՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողունակությունների համապատասխանության ստուգման և գնահատման գործընթաց, որի դրական արդյունքով շնորհվում է համապատասխան որակավորում.

17) մասնագիտական կրթության որակավորում (այսուհետ նաև՝ որակավորում)՝ անձին շնորհվող արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) կամ մասնագետի կրթական աստիճան, որը հավաստում է ՄԿՈՒ համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառության ավարտը և հաստատվում համապատասխան ավարտական փաստաթղթով.

18) ՄՈՒՀ-ի հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որով հավաստվում է ՄՈՒՀ-ի կամ դրա կրթական ծրագրի համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.

19) ուսանող՝ մասնագիտական կրթության որևէ մակարդակի կրթական ծրագրով և որակավորմամբ ուսումնառող անձ.

20) ունկնդիր՝ մասնագիտական կրթության լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ.

21) աշկերտ՝ միաժամանակ ՄՈՒՀ-ում և աշխատավայրում (ուսումնագործնական կենտրոնում) աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող և գործատուի հետ աշխատանքային հարաբերության մեջ գտնվող ուսանող (ունկնդիր).

22) կրթաթոշակ՝ կրթական ծառայությունների և կրթությանը ուսանողի մասնակցությանը օժանդակող ծառայությունների ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կամ ուսանողին հատկացվող այլ ֆինանսավորում պետական բյուջեի միջոցների, ՄՈՒՀ-ի, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին կամ միջազգային պայմանագրերի շրջանակում.

23) կրթության առանձնահատուկ պայմաններ` համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի վերջնարդյունքների ձեռքբերմանը նպատակաուղղված մոդուլների և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, մատչելի միջավայրի և խելամիտ հարմարեցումների, ինչպես նաև կրթական գործընթացին անձի մասնակցությանը նպատակաուղղված մանկավարժահոգեբանական և այլ ծառայությունների ամբողջություն.

24) խելամիտ հարմարեցում՝ ուսանողի (ունկնդրի) և ՄՈՒՀ-ի կողմից փոխհամաձայնեցված փոփոխություններ կամ հարմարեցումներ (այլընտրանքային մատչելի ձևաչափեր, օժանդակ սարքավորումներ և տեխնոլոգիական միջոցներ, լրացուցիչ ժամանակ, անհատականացված աջակցություն և այլն), որոնք բխում են անձի անհատական կարիքներից և նախասիրություններից, չեն խաթարում ՄԿՈՒ ծրագրի ամբողջականությունն ու վերջնարդյունքները և հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձին բոլորի հետ հավասար հիմունքներով մասնակցելու մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացին և հասնելու գնահատելի և չափելի վերջնարդյունքի.

25) ներառական կրթություն` յուրաքանչյուր ուսանողի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքի ապահովում.

26) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է ուսանողին, նրա օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողին.

27) անհատական ուսուցման պլան` անհատականացված ճանապարհային քարտեզ, որն ուրվագծում է մասնագիտական կրթություն և ուսուցում ստացող ուսանողի կարիերայի ուղին, գնահատում է ուսանողի կարողունակությունները, սահմանում է կարիերայի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կոնկրետ թիրախներ, գործողություններ և ռեսուրսներ, ինչպես նաև օժանդակող կառուցակարգեր (ներառյալ աջակցող ծառայությունները).

28) ՄԿՈՒ մանկավարժական աշխատող` ուսանողի ուսումնառության մոդուլների յուրացմանը նպաստող կամ համապատասխան որակավորման ուղղվածության բովանդակության պահանջներն ապահովող ՄՈՒՀ-ի աշխատող, ինչպես նաև կազմակերպությունում աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն իրականացնող մասնագիտական ուսուցման հրահանգիչ.

29) դասախոս` ՄԿՈՒ մանկավարժական աշխատող, որը դասապրոցեսի միջոցով ապահովում է ուսանողի (ունկնդրի) կողմից ուսումնառության վերջնարդյունքները յուրացվելու գործընթացը.

30) գործնական ուսուցման վարպետ (այսուհետ՝ վարպետ)` ՄԿՈՒ մանկավարժական աշխատող, որն ապահովում է ուսանողի (ունկնդրի) կողմից գործնական ուսումնառության արդյունքներն ու արհեստագործական հմտությունները յուրացվելու գործընթացը.

31) մասնագիտական ուսուցման հրահանգիչ (այսուհետ՝ հրահանգիչ)՝ սոցիալական գործընկերության կողմ կազմակերպության (այսուհետ՝ գործատու) մասնագետ, որը մանկավարժական աշխատողի կարգավիճակ է ստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրի շրջանակում և ապահովում է գործնական ուսումնառության արդյունքների կիրառական հմտությունների կատարելագործման գործընթացը.

32) ՄԿՈՒ մանկավարժական աշխատողի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում դասախոսին և վարպետին, անհրաժեշտության դեպքում հրահանգչին աջակցող մանկավարժական աշխատող.

33) ՄԿՈՒ մանկավարժական աշխատողի վերապատրաստում` օրենսդրությամբ սահմանված կարգով երաշխավորված վերապատրաստող կազմակերպություններում լրացուցիչ կրթական ծրագրի իրականացում՝ ուղղված համապատասխան ժամանակահատվածում դասախոսի կամ վարպետի մասնագիտական, այդ թվում՝ ուսումնամեթոդական կարողությունները աշխատաշուկայի պահանջներին համապատասխան լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն՝ պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից վերհանված կարիքի և սահմանված պատվերի հիման վրա.

34) ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորում` դասախոսի, վարպետի կամ հրահանգչի աշխատանքային կարողունակությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.

35) տարակարգ` դասախոսի, վարպետի կամ հրահանգչի մասնագիտական չափանիշներին համապատասխանող աստիճանակարգ.

36) մասնագիտական չափանիշ՝ դասախոսի, վարպետի կամ հրահանգչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողունակությունների, պատասխանատվության նկարագիր.

37) որակավորումների պետական գրանցամատյան (էլեկտրոնային ռեգիստր)` ուսանողների ակադեմիական և աշխատանքային առաջխաղացման, շնորհված որակավորման և նրանց տրված ՄԿՈՒ ավարտական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության գրանցման միասնական շտեմարան.

38) մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքման, վերլուծման և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ քոլեջների կառավարման, ֆինանսատնտեսական, ուսումնական և հետազոտական գործընթացների, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ՄՈՒՀ-ի աշխատողների, գործատուների (համաձայնությամբ) մասին։

 

Հոդված 4. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները

 

1. Մասնագիտական կրթությունը և ուսուցումը համակարգված կրթական գործընթաց են, որոնցով անձի մեջ ձևավորվում են անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկային արձագանքելու, նոր պայմաններին հարմարվելու, շարունակական մասնագիտական կատարելագործման ու զարգացման համար։

2. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք, իսկ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը՝ աշխատաշուկայում մրցունակության ապահովման երաշխիք։

3. ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) հասարակության մտավոր և գործնական ներուժի, աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը, աշխատաշուկայի մրցունակությունը.

2) ներառական ու որակյալ մասնագիտական կրթությունն ու ուսուցումը բոլորի համար և հարատև կրթության հնարավորությունների խթանումը.

3) ՄՈՒՀ-երի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը.

4) ՄԿՈՒ համակարգի կառավարման թափանցիկությունը և կոլեգիալությունը.

5) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պատասխանատվությունը և ձեռք բերված վերջնարդյունքների ճանաչումը.

6) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.

7) մասնագիտական կրթության բնագավառում հայկական ավանդական արհեստների և արվեստների պահպանումը և խթանումը որպես մշակութային ժառանգություն.

8) մասնագիտական կրթության որակավորումների համահնչեցումը միջազգային պահանջներին.

9) հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացումը և համագործակցությունը:

4. Պետությունը, հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը, յուրաքանչյուր անձի համար մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`

1) ՄԿՈՒ համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ պատշաճ ֆինանսավորում.

2) մրցութային կարգով մասնագիտական կրթություն պետական բյուջեի միջոցների հաշվին.

3) պետության գնահատված կարիքների և զարգացման առաջընթացի ուղղություններին համապատասխան կամ պետության կողմից գերակա ճանաչված ոլորտներում ՄԿՈՒ ֆինանսավորում.

4) սոցիալական գործընկերների պատվերով ու ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն և ուսուցում.

5) մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ խելամիտ հարմարեցումների և ներառման միջոցով:

5. Պետությունն աջակցում է ՄՈՒՀ-երի ուսանողների, ունկնդիրների մասնագիտական ոլորտներում աշխատանքային կարողունակությունների ձևավորման ծրագրերին և դրանց կազմակերպմանը։

 

Հոդված 5. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի խնդիրները

 

1. ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) ապահովել մասնագիտական կրթությամբ անձանց պատրաստումը՝ հաշվի առնելով անձի նախասիրությունները, զարգացման առանձնահատկությունները, պետության և տնտեսության կարիքները, աշխատաշուկայի ժամանակակից պահանջները և զարգացման միտումները.

2) վերացնել անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն մասնագիտական կրթության և ուսուցման բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

3) ապահովել մատչելի ու որակյալ մասնագիտական կրթության և ուսուցման հավասար հասանելիությունը կանանց և տղամարդկանց համար.

4) սահմանել աշխատաշուկայի ներկայի և ապագայի կարիքներին միտված որակավորումների ոլորտային շրջանակ՝ առաջնորդվելով պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով.

5) նպաստել պատշաճ մասնագիտական կարողունակություններ ունեցող անձանց զբաղվածություն ունենալուն, արժանապատիվ աշխատանք գտնելուն և ձեռներեցությամբ զբաղվելուն.

6) նվազեցնել որակավորում (միկրոորակավորում) չունեցող անձանց հարաբերակցությունը.

7) ապահովել հայազգի օտարերկրյա քաղաքացիների (հայկական սփյուռքի համար) մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը.

8) աջակցել պետության գնահատված կարիքների հիման վրա առաջնահերթ համարվող ոլորտներում, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի համար մասնագետների պատրաստմանը և կատարելագործմանը.

9) ապահովել ՄԿՈՒ համակարգի շարունակական զարգացումը, ընդլայնել հարատև կրթության հնարավորությունները.

10) ստեղծել կրթական ծրագրերի մակարդակների, որակավորումների ու տնտեսության համապատասխան բնագավառների միջև համագործակցային արդյունավետ ձևաչափեր համատեղ միջոցառումների, փորձարարական ծրագրերի, ծախսարդյունավետության և փոխադարձ աջակցության համար.

11) ներդնել մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպման, մասնագիտական կրթության վերջնարդյունքների ստուգման արդյունավետ ձևեր.

12) ապահովել սովորողների կարիերայի ուղղորդումը և մասնագիտական կողմնորոշումը՝ նպաստելով որակավորման ընտրության, կարիերայի ուղու և մասնագիտական աճի, զբաղվածության և աշխատաշուկայում մրցունակության հարցերում գիտակցված որոշումների կայացմանը.

13) ներդնել կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ.

14) նպաստել մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործմանը.

15) տրամադրել պետական ֆինանսական օժանդակություն կրթաթոշակի ձևով.

16) կառուցել և վերազինել ՄՈՒՀ-երի շենքային հարմարությունները, որոնցում հաշվի են առնված ուսանողների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատկությունները և ապահովել անվտանգ, բռնությունից զերծ, ներառական և արդյունավետ ուսումնառության միջավայր բոլորի համար.

17) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 6. Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը

 

1. ՄԿՈՒ համակարգի նպատակն է ապահովել մասնագիտական կրթության և մասնագետների պատրաստման պետական քաղաքականությունը՝ սոցիալական գործընկերների միջև փոխշահավետ և շարունակական համագործակցության միջոցով ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ և կառուցակարգեր։

2. ՄԿՈՒ համակարգը ներառում է՝

1) ՄԿՈՒ բնագավառում իրավասու պետական կառավարման համակարգի մարմինները և այն կազմակերպությունները, որոնք ՄԿՈՒ համակարգում իրականացնում են օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.

2) ՄՈՒՀ-երը և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններ.

3) սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունները.

4) լիցենզավորման գործընթացները և չափանիշները.

5) հավատարմագրման գործընթացները և չափանիշները.

6) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակը և դրանց բնութագրերը.

7) լրացուցիչ կրթական ծրագրերը.

8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը և որակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները և գործընթացները.

9) որակավորումների պետական գրանցամատյանը:

 

Հոդված 7. Մասնագիտական կրթական ծրագրերը և դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Մասնագիտական կրթական ծրագրերը կազմվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:

2. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որակավորման անվանումը, կախված զբաղմունքի բնույթից, սահմանվում է համապատասխան ոլորտային որակավորման շրջանակի բնութագրով։

4. ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման ծրագրի հիման վրա ՄՈՒՀ-ը կարող է մշակել և իրականացնել վերջնարդյունք ապահովող միկրոորակավորման ծրագրեր։

5. ՄՈՒՀ-ը կարող է մշակել և իրականացնել նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:

6. ՄՈՒՀ-ը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաև փորձարարական կրթական ծրագրեր՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանմամբ:

7. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում և հաստատում է տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կրթական ծրագրերի փորձարկման և գնահատման հիման վրա։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը ներառում է՝

1) որակավորման ուղղվածությունը, զբաղմունքի նկարագիրը և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.

2) որակավորմանը ներկայացվող մուտքային և ելքային պահանջները, ներառյալ պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.

3) ուսանողի ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, և ուսումնառության նվազագույն տևողությունը.

4) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող դասընթացների կամ մոդուլների ցանկը և յուրաքանչյուր դասընթացին կամ մոդուլին հատկացվող կրեդիտը.

5) որակավորման առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան լաբորատորիաների և ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) գույքի և սարքավորումների նվազագույն պահանջները և չափաքանակը.

6) շնորհվող որակավորումը և հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտը:

9. ՄՈՒՀ-երը համապատասխան գործատուների մասնակցությամբ ու նրանց առաջարկությունների, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի հիման վրա մշակում ու հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագիրը, դրա ուսումնամեթոդական փաթեթը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձևը):

10. ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած չափանիշների։

11. Որոշակի որակավորման և ուղղվածության կրթական ծրագիրն առաջին անգամ իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով որակավորման կրթական ծրագրերի փորձարկման համար սահմանված կարգով:

12. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգով ներդրված որակավորման կրթական ծրագրերը կրթության պետական կառավարման լիազոր մարմինը փորձարկման ընթացքում ենթարկում է մշտադիտարկման և գնահատման։ Փորձարկման առաջին շրջափուլն ավարտած ուսանողին շնորհվում են սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված որակավորումը հավաստող դիպլոմ և հավելված։

13. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով փորձարկումն անցած որակավորման կրթական ծրագրերը այլ ՄՈՒՀ-երը հետագայում իրականացնում են առանց փորձարկման՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով։

14. ՄՈՒՀ-ի համապատասխան մակարդակի որակավորման ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը:

15. Միջազգային պայմանագրերի հիման վրա՝ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով առանձին կրթական ծրագրերի և դրանց որակավորումների համար կարող են սահմանվել իրականացման և կառավարման առանձնահատկություններ՝ պահպանելով ոլորտային որակավորումների շրջանակի պահանջները։

 

Հոդված 8. Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևերը

 

1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է առանձնացված երկու կրթական մակարդակներում աստիճանաշնորհող հետևյալ հիմնական կրթական ծրագրերով.

1) առաջին մակարդակում՝ արհեստագործական կրթություն, որի ուսումնառությունն ավարտվում է պետական ամփոփիչ ստուգմամբ, և ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման աստիճան.

2) երկրորդ մակարդակում՝ մասնագետի կրթություն, որի ուսումնառությունն ավարտվում է պետական ամփոփիչ ստուգմամբ, և ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է մասնագետի որակավորման աստիճան:

2. Արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը վեց ամսից մինչև երեք տարի է:

3. Մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը մեկ տարի տասն ամսից մինչև հինգ տարի է:

4. Որակավորման ծրագրով սահմանված վերջնարդյունքները ուսանողի կողմից ձեռք բերվելու ունակություններով պայմանավորված որակավորումը կարող է ուսանողին շնորհվել սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետներից շուտ կամ ուշ՝ ուսանողի դիմումով, գործատուի և ՄՈՒՀ-ի համաձայնությամբ՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով։

5. Կրթական ծրագրերը, ըստ մասնագիտական կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ՝ համադրելով առկա, հեռավար կամ դրսեկության մեթոդաբանական ձևերը:

6. Մասնագիտական կրթության ծրագրով մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է ՄՈՒՀ-ի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ: Մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողի ուսումնառության ընդհանուր տևողությունը կարող է երկարաձգվել համապատասխան կրթական ծրագրի որակավորման համար սահմանված տևողության մինչև կրկնապատիկի չափով։

7. Մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի բաղադրիչով՝ հիմք ընդունելով ուսանողի մինչև այդ ստացած կրթությունը կամ կրեդիտների քանակը, տվյալ որակավորման ուսուցման առանձնահատկությունը և կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևը։

8. Միաժամանակ մեկից ավելի կրթական ծրագրերում ուսումնառության զուգակցումը չի արգելվում, եթե դասընթացների կազմակերպման ռեժիմը չի համընկնում։

9. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով՝ հիմք ընդունելով ձեռք բերած կրեդիտների քանակը կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալը։

10. ՄՈՒՀ-ում դասավանդման լեզուն գրական հայերենն է, անհրաժեշտության դեպքում՝ նաև հայերեն ժեստերի լեզուն:

11. ՄՈՒՀ-ի սահմանած կարգով ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դրանց առանձին թեմաներ կարող են դասավանդվել օտար լեզվով՝

1) եթե կրթական ծրագրի որակավորման ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսուցում.

2) եթե դասընթացն իրականացնում է օտարերկրյա մասնագետը.

3) օտարերկրյա ՄՈՒՀ-ի հետ համատեղ իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի դեպքում.

5) եթե ապահովվել է թարգմանություն:

12. Ուսումնական գործընթացի կազմակերպման սկիզբը և ավարտը, դասերի կազմակերպման ռեժիմը (ժամերը և գրաֆիկը), ինչպես նաև ուսանողի արձակուրդի տևողությունը սահմանում է ՄՈՒՀ-ը՝ հաշվի առնելով համապատասխան կրթական ծրագրի կազմակերպման, այդ թվում՝ գործնական աշխատանքային ուսուցման առանձնահատկությունները և սահմանված ուսումնառության նվազագույն տևողությունը:

 

Հոդված 9. ՄՈՒՀ-երը և դրանց տեսակները

 

1. ՄՈՒՀ-երը, ըստ հիմնադրի, կարող են լինել՝

1) պետական ՄՈՒՀ, որը հիմնադրվում է Կառավարության որոշմամբ կամ միջազգային պայմանագրի հիման վրա.

2) հանրային ՄՈՒՀ, որը հիմնադրվում է պետության և ոչ պետական կազմակերպության միջև (այդ թվում՝ օտարերկրյա) համագործակցության պայմանագրի հիմքով.

3) մասնավոր ՄՈՒՀ, որը հիմնադրում են իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա)։

2. Պետական ՄՈՒՀ-ը ոչ առևտրային կազմակերպություն է: Պետական չհանդիսացող ՄՈՒՀ-ը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

3. Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը:

4. Հանրային ՄՈՒՀ-ի հիմնադրման համագործակցության պայմանագրով սահմանվում են հիմնադիր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կառավարման և կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սեփականության իրավունքի և այլ գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքների հետ կապված հարցերը։

5. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումն ու գործունեությունը կարգավորվում են «Կրթության մասին» օրենքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 10. ՄՈՒՀ-ի հիմնական գործառույթները

 

1. ՄՈՒՀ-ը, սույն օրենքին, իր կանոնադրությանը, ինչպես նաև տվյալ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, իրականացնում է՝

1) սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավմամբ ու համագործակցությամբ համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթի մշակումն ու հաստատումը, իրականացումը և վերջնարդյունքների գնահատումը.

2) ընդունելության գործընթացի կազմակերպումը, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ կրթական ծրագրի մակարդակի որակավորման.

3) մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման խորհրդատվության տրամադրումը.

4) համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցման անհրաժեշտ մեթոդների և տեխնոլոգիաների ընտրությունը, ընթացիկ և պետական ամփոփիչ ստուգման կազմակերպումը՝ ըստ կրթական ծրագրի և որակավորման պահանջների.

5) ՄԿՈՒ որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության արդիական մեթոդների ներդրումը, դրանց բազմազանության և արդյունավետության ապահովումը.

6) լրացուցիչ կրթական ծրագրեր.

7) ուսանողների ուսումնառության դադարեցումը, տեղափոխումը և ուսանողական իրավունքների վերականգնումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով.

8) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովումը՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպման համար.

9) ուսանողների կողմից կրեդիտների կուտակման կարգի, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, պետական ամփոփիչ ստուգման ձևերի ու պարբերականության սահմանումը՝ ըստ տվյալ կրթական ծրագրի որակավորման.

10) կրթական ծրագրով նախատեսված որակավորումների շնորհումը.

11) ուսումնական, վարչական, ֆինանսական և տնտեսական գործունեությանն առնչվող, ներառյալ իր աշխատողների ընտրության և նշանակման կարգերի սահմանումը.

12) ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական կազմի մասնագիտական կատարելագործմանն ուղղված դասընթացների կազմակերպումը կամ դրանցում ընդգրկվածության ապահովումը.

13) ՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշվի կազմումը.

14) ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի, այդ թվում՝ գործունեության առաջնահերթ ուղղությունների հաստատումը և ապահովումը.

15) սոցիալական գործընկերության խթանման, կողմերի միջև երկխոսության և համագործակցության հարթակների գործարկումը.

16) ըստ մասնագիտական կրթական ծրագրի և որակավորման՝ ուսման վարձերի սահմանումը.

17) ուսանողական ինքնակառավարմանը աջակցումը, ՄՈՒՀ-ի ծրագրերում ուսանողների ընդգրկվածության ապահովումը.

18) հիմնարկների, մասնաճյուղերի և կառուցվածքային միավորների, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաև հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորների ստեղծումը՝ օրենքով սահմանված կարգով.

19) կազմակերպության գույքի տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումը՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով.

20) օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

2. ՄՈՒՀ-ում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը։

 

Հոդված 11. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը

 

1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագիրն իրականացվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական աստիճանում կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր որակավորման լիցենզիայի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումն իրականացնում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» օրենքին, սույն օրենքին, մասնագիտական կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

3. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման են՝

1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի և ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ՄՈՒՀ-ն ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքներ.

2) ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքի կամ դրա օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը և գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի սահմանած սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

3) լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքների և բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

4) ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը.

5) ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի դեպքում։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը հավաստվում է լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա։

5. Նոր ստեղծվող պետական ՄՈՒՀ-ի դեպքում սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված զարգացման ռազմավարական ծրագրի առկայության պահանջն ապահովվում է հիմնադրման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում։

6. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայման են՝

1) համապատասխան կրթական ծրագրի մակարդակի որակավորումն (ուղղվածությունը) ապահովող ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձևը).

2) տվյալ կրթական ծրագրի աստիճանի (մակարդակի) կամ որակավորման ուղղվածությանը համապատասխան լաբորատորիաների և ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) գույքի ու սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական ֆոնդի առկայությունը կամ դրանց օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը՝ հիմք ընդունելով սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետով, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պայմանների ապահովումը.

3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.

4) համապատասխան կրթական մակարդակում մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը, որից հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մանկավարժական աշխատողների թվի առնվազն 30 տոկոսը։

7. Մասնագիտական կրթության ծրագրերի մակարդակներում որոշակի որակավորման ուսումնառությունը հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում տվյալ ծրագրի լիցենզավորման փաթեթում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչն ապահովող կրթական ծրագիրը։

8. Նոր ստեղծվող ՄՈՒՀ-ի կրթական ծրագրի իրականացման իրավունքը տրվում է առնվազն մեկ որակավորման համար լիցենզիայի հետ միաժամանակ։

9. Կրթական ծրագրի իրականացման իրավունքը և համապատասխան որակավորման լիցենզիան ՄՈՒՀ-ին տրվում են անժամկետ։

10. ՄՈՒՀ-ին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման կամ որակավորման լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել լիազոր մարմինը՝ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով։

11. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմինը պատշաճորեն տեղեկացնում է ՄՈՒՀ-ին որոշման կայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման բնօրինակը:

12. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

13. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի՝ որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով տվյալ պետական կամ ոչ պետական հավատարմագրված մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերով պետական ամփոփիչ ստուգմանը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

14. Նորմատիվ իրավական ակտերի փոփոխության արդյունքով սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով սահմանված լիցենզավորման պայմանները փոփոխվելու դեպքում կրթության լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան լիցենզիա ունեցող ՄՈՒՀ-երին։

 

Հոդված 12. Մասնագիտական կրթության որակի գնահատումը

 

1. Մասնագիտական կրթության որակի գնահատումը ՄՈՒՀ-ի, դրա կրթական ծրագրերի, ուսանողի կարիերայի հետագծի և հնարավորությունների, մշտադիտարկման, գնահատման և բարելավման շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ներքին և արտաքին գնահատման՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան։

2. Մասնագիտական կրթության որակի գնահատման համակարգը ներառում է՝

1) ներքին գնահատումը.

2) արտաքին գնահատումը.

3) որակի գնահատման կամ հավաստման կառույցները:

3. Ներքին գնահատումը ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով իր գործունեության և սահմանված նպատակներին ու վերջնարդյունքներին կրթական գործընթացի համապատասխանության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, ուսանողները, ԱՀՈՒ-ի իրականացմանը մասնակից գործատուների ներկայացուցիչները։

4. Արտաքին գնահատումը, պետության սահմանած չափանիշներին համապատասխան, ՄՈՒՀ-ի կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումն է նախորդ ժամանակահատվածի արդյունքների, ներդրված փորձարարական ծրագրերի կամ մյուս ՄՈՒՀ-երի համեմատ։ Որակի արտաքին գնահատմանը կարող են մասնակցել ՄՈՒՀ-ի շրջանավարտները և ուսանողները, կրթության և այլ մասնագիտական ոլորտների կառավարման պետական լիազոր մարմինները, ՄՈՒՀ-ի սոցիալական գործընկերության կողմ հանդիսացող կազմակերպությունների ներկայացուցիչները։

5. Որակի գնահատման կամ հավաստման կառույցները Կառավարության ստեղծած կամ սահմանած կարգով ճանաչված, իրենց գործառույթներում անկախ մասնագիտացված մարմիններ են, որոնց հիմնական նպատակը մասնագիտական կրթության որակի արտաքին գնահատման գործընթացների իրականացումն է։

 

Հոդված 13. ՄՈՒՀ-ի հավատարմագրումը

 

1. ՄՈՒՀ-ի հավատարմագրումն իրականացնում են որակի գնահատման կամ հավաստման կառույցները (այսուհետ՝ մասնագիտացված կառույց)՝ օրենքով սահմանված կարգով։ ՄՈՒՀ-ի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ:

2. Պետությունն ապահովում է ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի hավատարմագրման չափանիշների և տվյալների միջազգային փոխճանաչելիությունը և համադրելիությունը, ինչպես նաև hավատարմագրված ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը միջազգային հարթակներում։

 

Հոդված 14. ՄՈՒՀ ընդունելությունը

 

1. ՄՈՒՀ ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ կրթական ծրագրի մակարդակների և որակավորումների։

2. ՄՈՒՀ-ն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիայի առկայության դեպքում։

3. Կառավարությունը առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար հաստատում է ըստ կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից և համապատասխան որակավորմամբ (ուղղվածությամբ) մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից ու պետության ֆինանսական հնարավորություններից: Պետական բյուջեից տրվող կրթաթոշակների հաստատված տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի։

4. Կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, համապատասխան լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն, հաստատում և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Կրթական ծրագրերի մակարդակներին և որակավորումներին համապատասխան՝ սույն հոդվածի 4-րդ մասով հատկացված ընդհանուր տեղերի շրջանակում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով ՄՈՒՀ-երի նախնական հիմնավորված հայտերը, ըստ ՄՈՒՀ-երի հատկացնում է փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը։ ՄՈՒՀ-երը կարող են յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում կատարել վճարովի ընդունելություն։

6. Ընդունելության մրցույթն անցկացվում է տվյալ ՄՈՒՀ-ի որակավորումների և մասնագիտական ուղղվածությամբ սահմանված տեղերի, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև ընդունելության կարգով սահմանված վերջնաժամկետը։

7. Մշակույթի, սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագրերի մակարդակներով և ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող ՄՈՒՀ-երը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունների պայմանները։ Հրապարակված պայմանները փոփոխման ենթակա չեն, բացառությամբ եթե դա պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

8. ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանում է լիազոր մարմինը՝ նախատեսելով ընդունելության ժամկետները, հրապարակվող տեղեկությունների ցանկը և դրանց հրապարակման կարգը, մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման, սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ոլորտային որակավորումների համար քննությունների և մրցույթի անցկացման ընթացակարգը։

9. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում։

10. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ում համապատասխան մակարդակի որակավորման մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

11. Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ընդունելության պահանջները։ Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։

12. ՄՈՒՀ-ն ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ՄՈՒՀ-ի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:

13. ՄՈՒՀ-ի և ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրում ամրագրվում են ուսումնառության առավելագույն տևողությունը, տվյալ մասնագիտության կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վարձի տարեկան չափը և կրեդիտների ընդհանուր քանակը, որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքով ու ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ: Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար:

14. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել` անկախ ուսումնառությունը դադարեցնելու պատճառներից և ժամկետներից։

15. Ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու ցանկության դեպքում հիմք են՝

1) համապատասխան որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի առավելագույն քանակը.

2) առկա կրեդիտների, կրթական ծրագրով և ուսումնական պլանով սահմանված մոդուլների ծավալի, բովանդակության համապատասխանությունը և ակադեմիական տարբերությունը, որոնք ստուգվում են տվյալ ուսանողի ուսումնառած և այդ պահին գործող կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների համեմատ.

3) սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջների ապահովումը։

16. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսումնառությունը հետագայում շարունակվելու դեպքում ՄՈՒՀ-ի սահմանած կարգով քննարկվում է ուսանողի կողմից համապատասխան կրեդիտների կուտակման անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքների փոփոխությունը:

17. Կրթության պետական կառավարման լիազոր մարմինը սահմանում է սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված հիմքերով դիմորդների միջև մրցույթի անցկացման կարգը։

18. Ուսանողի տեղափոխությունը պետական ՄՈՒՀ կարող է իրականացվել միայն մեկ այլ պետական, հանրային և մասնավոր հավատարմագրված ՄՈՒՀ-ից:

 

Հոդված 15. Մասնագիտական կրթության կազմակերպումը և աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը

 

1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կամ միկրոորակավորման (որոշակի ձեռք բերված ուսումնառության արդյունքների) կրթական ծրագիրը կարող է իրականացվել քոլեջում, մասնագիտական կրթության մակարդակների որակավորումներով կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության ստորաբաժանումում, քրեակատարողական հիմնարկում, այլ կազմակերպությունում՝ լիցենզիայի առկայության դեպքում։

2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի կազմակերպման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի հիման վրա։

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) պահանջով կամ համաձայնությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը ՄՈՒՀ-ին է տրամադրում անձի գնահատված կարիքին համապատասխան հավաքված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մասին տեղեկատվությունը։

5. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման վրա տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են մասնագիտական կրթության նկատմամբ։

6. Մասնագիտական կրթությունը կազմակերպվում է համապատասխան ՄՈՒՀ-ի և տվյալ որակավորումների ոլորտի սոցիալական գործընկերների հետ համատեղ մշակած ու ՄՈՒՀ-ի հաստատած ուսումնառության մոդուլների և ուսումնական պլանների ժամանակացույցին համապատասխան։

7. Եթե համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կրթության հիմքով, ապա տվյալ ծրագրում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի առնվազն պետական բաղադրիչն ապահովող ծրագիրը (արդյունքները)՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան, որը սահմանվում է ուսումնական պլանով և դրա իրականացման ժամանակացույցով։

8. ՄԿՈՒ կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման մոդուլային ծրագրով սահմանված գիտելիքների ու կարողունակությունների զարգացման, դրանք գործնականում կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակով ՄՈՒՀ-ը սոցիալական գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ իրականացնում է գործնական աշխատանքային ուսուցում՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ձևերով։ Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ձևերը կարող են կիրառվել լրացուցիչ կրթական ծրագրերի համար։

9. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը կազմակերպվում է հետևյալ ձևերով.

1) դուալ ուսումնառություն՝ կրթական ծրագրի մակարդակում ըստ որակավորման առանձնահատկության ուսումնառության կազմակերպման ձև, որն իրականացվում է միաժամանակ ՄՈՒՀ-ում և գործատուի մոտ (այդ թվում՝ ուսումնագործնական կենտրոններում) կամ իրական աշխատավայրին համապատասխանեցված աշխատանքային միջավայրում ուսումնառության համադրմամբ՝ ապահովելով որակավորմանն ու զբաղմունքին համապատասխան աշխատանքային կարողունակությունների ձեռքբերումը.

2) պրակտիկա՝ աշխատանքի վայրում ուսումնառության փուլ, որը լրացնում է հիմնական կրթական ծրագրի ճանաչողական և գործնական բաղադրիչը, և որի ընթացքում ուսանողն առավելապես դիտարկում է աշխատանքային գործընթացը, կատարում որոշակի աշխատանքներ՝ ըստ սահմանված ժամանակացույցի.

3) աշխատանքի ընթացքում ուսումնառություն՝ կազմակերպվում է ընթացիկ աշխատանքային միջավայրում: Այն իրականացվում է առավելապես դրսեկության ձևով կրթության կազմակերպման միջոցով և ապահովում է աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվող անձի միաժամանակյա կրթությունը և որակավորումը աշխատանքային գործունեության ընթացքում։

10. Դուալ ուսումնառության կազմակերպման պարագայում աշխատանքային միջավայրում ուսումնառությունը կազմում է կրթական ծրագրի գերակշռող մասը, որի վերջնարդյունքներն ստուգվում են գործնական միջավայրում՝ գործատուների ներգրավմամբ։

11. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության՝ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերով գործնական աշխատանքային ուսուցումը կազմակերպվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի հիման վրա։ Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում, եթե առկա է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի և ուսանողի ընթացիկ աշխատանքային գործառույթների միջև ծրագրային տարբերություն, ապա գործնական աշխատանքային ուսուցման ծրագրով լրացվում է միայն այդ տարբերությունը։

12. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ձևերով ուսումնառությունը կազմակերպվում է ՄՈՒՀ-ի և գործատուի միջև կնքված՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության շրջանակը սահմանող պայմանագրի հիման վրա։

13. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով ուսումնառության կազմակերպման դեպքում գործատուի և ուսանողի (աշկերտի) միջև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր (աշկերտության պայմանագիր), որով սահմանվում են նաև՝

1) կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորումը և գործնական աշխատանքային ուսուցման նպատակը.

2) գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպման վայրը.

3) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

4) աշխատանքի ծավալը, աշխատանքն սկսելու և ավարտելու ժամկետները և տևողությունը.

5) անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերը։

14. Եթե կրթական ծրագրի որակավորման համապատասխան բնագավառում աշխատանքը օրենսդրությամբ սահմանված է որպես ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար կամ մինչև 18 տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող, ապա մինչև 18 տարեկան աշկերտը կարող է ներգրավվել գործնական աշխատանքային ուսուցման մեջ, եթե ապահովված են անչափահասի առողջության, անվտանգության և բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև գործատուն նախապես տրամադրել է հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անցկացրել է ուսուցում և հրահանգավորում։ Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ Սույն մասով նախատեսված ոլորտներում մինչև գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպումը ուսանողն ուսումնական հաստատության միջոցների հաշվին անցնում է բժշկական զննություն, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։

15. Դուալ ձևով ուսումնառող աշկերտին գործատուն (այդ թվում՝ ՄՈՒՀ-ի, եթե գործատուն ՄՈՒՀ-ն է) տալիս է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան վարձատրություն, իսկ այդ ժամանակահատվածը համարվում է մասնագիտական փորձառություն և հաշվարկվում աշխատանքային ստաժում: Դուալ ուսումնառության ընթացքում աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները։

16. ՄՈՒՀ-ը կրում է մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող ուսանողի՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության պարտավորություն, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։

17. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող ուսանողի օրապահիկը, տեղափոխման և կեցության հետ կապված ծախսերը հատուցում է ՄՈՒՀ-ը, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։ Հատուցման ենթակա ծախսերը և չափը սահմանում է Կառավարությունը:

18. Մասնագիտական կրթության համակարգում գնահատված կարիքների հիման վրա պետության առաջնահերթ համարվող որակավորումների համար պետական բյուջեից Կառավարության սահմանած կարգով և չափով տրամադրվում է աշկերտի՝ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված աշխատավարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում՝ ուսանողի մասնագիտական կատարելագործմանը համապատասխան աստիճանական նվազման սկզբունքով՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում։

19. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն կազմակերպելու նպատակով ՄՈՒՀ-ը, իր կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, կարող է միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ մասնակից՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։

20. Սույն հոդվածով նախատեսված մասնագիտական կրթության կազմակերպման ձևերի կիրառությունից անկախ՝ մասնագիտական կրթական ծրագիրը պետք է ապահովի սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-10-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ձևը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։

 

Հոդված 16. Պետական ամփոփիչ ստուգումը, որակավորումն ու ավարտական փաստաթղթերը

 

1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի ավարտին պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա ՄՈՒՀ-ն ուսանողին շնորհում է որակավորումը և կրթական աստիճանը հավաստող պաշտոնական փաստաթուղթ՝ դիպլոմ և դրա հավելված։

2. Պետական ամփոփիչ ստուգման ժամանակ գնահատվում է գործնական աշխատանքային իրավիճակում մասնագիտական խնդիրներ լուծելու և առաջադրանքներ կատարելու ուսանողի կարողունակությունը համապատասխան որակավորման ուղղվածության համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների շրջանակում։

3. Պետական ամփոփիչ ստուգումը կարող է անցկացվել փուլային եղանակով։

4. Պետական ամփոփիչ ստուգումը չանցած ուսանողը չի զրկվում պետական ամփոփիչ ստուգումը վերահանձնելու իրավունքից՝ օրենսդրությամբ և ՄՈՒՀ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված պայմաններով։

5. Պետական ամփոփիչ ստուգումն իրականացնում է պետական որակավորող հանձնաժողովը։ Պետական ամփոփիչ ստուգումն իրականացնող հանձնաժողովի կազմի առնվազն մեկ երրորդը սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների ներկայացուցիչներից է։

6. Պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

7. Կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման ուսումնառությունը աշխատանքի վրա հիմնված դուալ ուսումնառության ձևով ավարտած ուսանողին շնորհվում են նաև ձեռք բերված և ոլորտային հանձնաժողովի գնահատած ու ճանաչած աշխատանքային կարողունակությունների վերաբերյալ հավաստագիր և ներդիր՝ «Կրթության մասին» օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված ընթացակարգերին համապատասխան։

8. ՄԿՈՒ ավարտական փաստաթղթերն են`

1) արհեստագործական կրթության դեպքում՝ «արհեստավոր» կամ «կրտսեր մասնագետ» որակավորման դիպլոմը և դրա հավելվածը.

2) միջին մասնագիտական կրթության դեպքում՝ «մասնագետ» որակավորման դիպլոմը և դրա հավելվածը.

3) մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայականն ու ներդիրը.

4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դեպքում՝ նաև գնահատված և ճանաչված կարողունակությունների հավաստագիրն ու ներդիրը։

9. Ուսումնառությունը չավարտած անձին տրվում է ուսումնասիրած դասընթացների ու մոդուլների և կուտակած կրեդիտների վերաբերյալ ակադեմիական տեղեկանք։

10. Եթե ուսանողը չի հաղթահարել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի համար սահմանված ամբողջական ծրագիրը, ապա ուսանողի դիմումի հիման վրա նրան կարող է տրվել նաև մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայական՝ համաձայն ձեռք բերած ուսումնառության արդյունքների։

11. Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը հիմք են մասնագիտական կրթական ծրագրերով անձի ուսումնառության շարունակության համար՝ հաշվի առնելով նախընտրած կրթական ծրագրի որակավորման բովանդակության և կրեդիտների համապատասխանությունը։

12. Դիպլոմը և դրա հավելվածը, հավաստագիրը և ներդիրը տրամադրվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

13. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձևը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

14. Մասնագիտական կրթության մակարդակներով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմի և հավելվածի ձևերը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

15. Անձին շնորհված մասնագիտական կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում և գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա։ Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 17. Մասնագիտական կրթության և ուսուցման կառավարման համակարգը

 

1. ՄԿՈՒ համակարգի կառավարումն իրականացնում են՝

1) Կառավարությունը.

2) կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.

3) պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինները, այդ թվում՝ տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները.

4) ՄՈՒՀ-ի կառավարման մարմինները.

5) սոցիալական գործընկերները, այդ թվում՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված ոլորտային կառույցները։

 

Հոդված 18. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում Կառավարության իրավասությունները

 

1. ՄԿՈՒ բնագավառում Կառավարության իրավասություններն են`

1) հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում է պետական ՄՈՒՀ-եր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով որոշում է պետության մասնակցությամբ հանրային ՄՈՒՀ-ի ստեղծման, վերակազմակերպման, մասնակցությունից դուրս գալու և գործունեության դադարեցման հարցերը.

2) հաստատում է պետական ՄՈՒՀ-երի օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորման կարգն ու պայմանները.

4) հաստատում է ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը.

5) հաստատում է ՄՈՒՀ-երի ներքին և արտաքին գնահատման չափանիշները, որակի ապահովման արտաքին գնահատման կարգը, որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցների ստեղծման և ճանաչման կարգը.

6) հաստատում է պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը.

7) հաստատում է ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը.

8) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը, գործակիցները և նորմատիվները, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների.

9) սահմանում է պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրվելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը.

10) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ ՄՈՒՀ-երի հատկացնելու կարգը.

11) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա լրիվ կամ մասնակի կրթաթոշակի ձևով ընդունելության տեղերը՝ ըստ որակավորումների (ուղղվածության).

12) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ նպատակային ուսուցման, այդ թվում՝ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող որակավորումներով կամ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը.

13) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորումը հավաստող դիպլոմի և դրա հավելվածի ձևերը.

14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը.

15) հաստատում է ՄՈՒՀ-եր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը.

16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

 

Հոդված 19.

Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

 

1. ՄԿՈՒ բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հաստատում է ոլորտային որակավորման շրջանակի մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը.

2) սահմանում է ՄԿՈՒ ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ներդրման և գործարկման կարգը.

3) սահմանում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը.

4) հաստատում է փորձարկվող կրթական ծրագրերի երաշխավորման պայմանները, նախագծերի փորձարկման, հաստատման, ինչպես նաև վաղաժամկետ դադարեցման հիմքերն ու կարգը.

5) հաստատում է փորձարարական ծրագրերը և նախագծերը, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում վաղաժամկետ դադարեցնում է դրանք.

6) իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը.

7) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը.

8) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, հաստատման և այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգը.

9) սահմանում է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

10) սահմանում է ՄԿՈՒ համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը.

11) սահմանում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշվի կազմման չափանիշները.

12) սահմանում է ՄՈՒՀ ընդունելության կարգը.

13) սահմանում է մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու կարգը.

14) սահմանում է ուսանողների ուսումնառությունը դադարեցնելու, ինչպես նաև ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը.

15) սահմանում է ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ ուսանողի տեղափոխման կարգը.

16) սահմանում է ՄՈՒՀ-ի ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը և ժամկետները.

17) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները.

18) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.

19) հաստատում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կարգն ու ժամանակացույցը, ծրագրային ուղղությունները.

20) սահմանում է ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների ատեստավորման, ատեստավորման հանձնաժողովների ձևավորման և դրանց գործունեության կարգը.

21) սահմանում է մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տարակարգի բնութագրիչները.

22) սահմանում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու կարգը.

23) սահմանում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձևը, ՄՈՒՀ-ի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը.

24) սահմանում է հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագրերում միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկն ու ծավալը.

25) սահմանված կարգով և ձևով տրամադրում է ՄՈՒՀ-ի, այդ թվում՝ վերակազմակերպված կամ լուծարված, ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում.

26) սահմանում է ՄՈՒՀ-ի անվանակոչության կարգը.

27) սահմանում է ՄՈՒՀ-երի «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները և անցկացման կարգերը, խրախուսման եղանակները.

28) սահմանում է ՄՈՒՀ-երի «Լավագույն ուսանողներ» մրցույթի չափանիշները, անվանական կրթաթոշակների չափը և մրցույթի անցկացման կարգը.

29) սահմանում է ՄՈՒՀ-երում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգը.

30) կազմակերպում է ՄԿՈՒ արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ներառականությանն ուղղված ուսումնամեթոդական գրականության և օժանդակ նյութերի, կրթության մատչելիության ապահովման վերաբերյալ ուղեցույցների մշակումը և համակարգում է ՄՈՒՀ-երին մեթոդաբանական աջակցության տրամադրումը.

31) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

32) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

 

Հոդված 20. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների իրավասությունները

 

1. Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինները ՄԿՈՒ բնագավառում իրենց իրավասության սահմաններում իրականացնում են՝

1) իրենց իրավասության բնագավառներում մասնագիտական կարողունակությունների կարիքի գնահատում և վերհանում, որոնք անհրաժեշտ են սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքների վրա հիմնված հասարակության մեջ անձի ինքնուրույն գործունեության համար.

2) մասնագիտական կրթության մասով՝ ոլորտային որակավորումների շրջանակի, որակավորումների ցանկերի և բնութագրերի, որակավորման շրջանակային նկարագրի, ուսանողների գիտելիքների, կարողունակությունների նկատմամբ պահանջների ձևավորում.

3) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում և որակավորման աստիճանների շնորհում.

4) բնագավառի մանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և կատարելագործման կազմակերպում.

5) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում ուսանողների գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն.

6) կրթության պետական կառավարման լիազոր մարմին առաջարկությունների ներկայացում աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության և պահանջվող մասնագետների ու նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.

7) իրենց ենթակայությամբ ՄՈՒՀ-երի կանոնադրությունների հաստատում։

2. Տեղական ինքնակառավարման մարմինները ՄԿՈՒ բնագավառում մասնակցում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև աջակցում համայնքում սոցիալական գործընկերության համակարգի գործառնությանը։

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված դուալ ուսումնառության համակարգումն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կամ նրա պատվիրակմամբ՝ ընտրված կազմակերպությունը (դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմին)՝ մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ոլորտային կառույց)՝ մյուս կողմից։ Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմնի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

4. Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմինը՝

1) սահմանում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու նվազագույն պահանջները և ընթացակարգը.

2) սահմանում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.

3) կազմակերպում է մասնագիտական ուսուցման հրահանգիչների վերապատրաստումը և շարունակական կատարելագործումը.

4) ստեղծում և վարում է սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների տեղեկատու.

5) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։

5. Դուալ ուսումնառությունը համակարգելու շրջանակներում ոլորտային կառույցը՝

1) վերլուծում և դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմին է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.

2) աջակցում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությանը և երկխոսությանը.

3) խորհրդատվություն է տրամադրում դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի մշակման, իրականացման և մշտադիտարկման հարցերով.

4) աջակցում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման ընթացքում ծագած վեճերի լուծմանը, կողմերի շահերի ներդաշնակեցմանը.

5) համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու համար ընտրում և առաջարկում է գործատուների.

6) խթանում է ՄԿՈՒ ոլորտի գրավչության վերաբերյալ տեղեկատվության տարածումը երիտասարդության շրջանում, կազմակերպում և իրականացնում է մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ.

7) կազմակերպում և իրականացնում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքների ստուգումը և ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ՄՈՒՀ-ի և գործատուների ներգրավմամբ։

6. Մասնագիտական կրթության մակարդակներով որակավորվող մասնագետների գործատուները կարող են մշակել և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնին ու կազմակերպությանը առաջարկել ՄՈՒՀ-երի հետ համագործակցության ծրագրեր, կրթության կազմակերպման այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ և այլ համագործակցության մեխանիզմներ:

7. ՄԿՈՒ որակը և աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու նպատակով համապատասխան ապրանք արտադրողները, մատակարարները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ՄՈՒՀ-երի հետ համագործակցության շրջանակում նրանց են տրամադրում իրենց ապրանքների ու ծառայությունների սպասարկման վերաբերյալ նյութերը, ապահովում անհրաժեշտ խորհրդատվությամբ։

 

Հոդված 21. Մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումը

 

1. Պետական ՄՈՒՀ-ի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազոր մարմինը, ՄՈՒՀ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ կառավարման խորհուրդ կամ հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և ՄՈՒՀ-ի գործադիր մարմինը՝ տնօրենը, պետը, ռեկտորը, ծրագրի կամ ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ տնօրեն):

2. Միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված պետական ՄՈՒՀ-ի, հանրային, մասնավոր ՄՈՒՀ-երի, ինչպես նաև կազմակերպության ստորաբաժանում համարվող ՄՈՒՀ-երի կառավարման և այլ մարմինները, դրանց ձևավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանվում են համապատասխան կազմակերպաիրավական ձևը կարգավորող օրենքներով, ՄՈՒՀ-ի և հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ և հիմնադիր պայմանագրերով։

3. Պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, մասնագիտական կրթական ծրագրեր մշակելու և ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ու դրանց կազմակերպման պայմանները սահմանելու, ՄՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը և ծախսային ուղղությունները սահմանելու և այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով խորհուրդը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ:

4. Մշակույթի և սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագիր իրականացնող ՄՈՒՀ-ում կարող են ստեղծվել մասնագիտական (ստեղծագործական կամ գեղարվեստական) խորհուրդներ՝ կանոնադրությամբ սահմանված կարգով և գործառույթներով։

 

Հոդված 22. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը

 

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Խորհրդի անդամ ուսանողության ներկայացուցչի անդամության ժամկետը սահմանվում է նրա ուսումնառության տևողությամբ։

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անվանական կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մարմիններից և կառույցներից խորհրդի անդամի թեկնածությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

4. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ.

1) երկուսին առաջադրում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից.

2) երկուսին առաջադրում են ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործատուներից.

3) երեքին առաջադրում են տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմինները՝ երկուսին՝ մանկավարժական աշխատողների և մեկին՝ ուսանողության ներկայացուցիչներից։

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ուսանողության ներկայացուցիչն առաջադրվում է սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից և խորհրդում ներկայացնում է ուսանողական համայնքի շահերը։

6. Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական ՄՈՒՀ-երում Կառավարության որոշմամբ և դրա հիման վրա ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կարող են նախատեսվել սույն հոդվածով սահմանված կառավարման մարմինների և դրանց ձևավորման առանձնահատկություններ։

7. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամները ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին կարող են ստանալ խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Հատուցվող ծախսերի չափը և փոխհատուցման կարգը սահմանում է խորհուրդը:

8. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.

5) զբաղեցնում է քաղաքական պաշտոն.

6) տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն։

9. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձևավորման կարգը, խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

10. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամների, կարող են խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել և նշանակվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

11. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքերի մասին հայտնի դառնալու կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում համապատասխան օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է խորհրդին, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անդամի պարագայում՝ լիազոր մարմնին՝ առաջացած թափուր տեղը համալրելու համար։

12. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի թափուր տեղի համար համալրումը կատարվում է նախկին անդամի համար սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման մասին խորհրդի նախագահի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։

13. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարությունը կազմակերպում է խորհրդի քարտուղարը։

14. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ։ Խորհրդում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

 

Հոդված 23. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահը

 

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է երեք տարուց պակաս, ապա այդ ժամկետով։

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ՄՈՒՀ-ի ուսանողը կամ մանկավարժական աշխատողը:

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

4) իրականացնում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 24. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը և դադարումը

 

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նա գրավոր դիմում է ներկայացնում խորհրդի նախագահին.

2) նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է.

3) նա մահացել է.

4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով առաջադրված անդամների դեպքում դադարել է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակը.

5) սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված անդամների դեպքում նրան առաջադրած մարմինը վաղաժամկետ հետ է կանչում նրան խորհրդի անդամի պաշտոնից:

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշմամբ՝ լիազոր մարմնի կողմից, եթե՝

1) առաջ է եկել սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.

2) մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգելի պատճառով չի մասնակցել խորհրդի նիստերին։

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան հանգամանքները հայտնի դառնալու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:

 

Հոդված 25. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի լիազորությունները

 

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը՝

1) հաստատում է իր աշխատակարգը.

2) ընտրում է ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահին և քարտուղարին.

3) կազմակերպում է ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության գործընթացը և ընտրում տնօրեն.

4) որոշում է կայացնում տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազոր մարմին դիմելու մասին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում և կարգով.

5) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագիրը.

6) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագիրը և ժամանակացույցը.

7) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշիվը կամ դրանում փոփոխությունները՝ կրթության լիազոր մարմին ներկայացնելու համար.

8) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հավանություն է տալիս դրանց կամ գնահատում անբավարար.

9) հավանություն է տալիս տնօրենի առաջարկությանը ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքների վերաբերյալ.

10) տնօրենի ներկայացմամբ հավանություն է տալիս ՄՈՒՀ-ի կողմից տնտեսական ընկերություն ստեղծելուն կամ դրա մասնակից դառնալուն, հաստատում է հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները.

11) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում հաստատում է ՄՈՒՀ-ի ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակները, սահմանում դրանց նկարագիրը, պայմանագրի էական պայմանները, սահմանում է շահույթի օգտագործման նպատակային ուղղությունները.

12) որոշում է մասնաճյուղեր և հիմնարկներ ստեղծելու ու դրանց կանոնադրությունները հաստատելու հարցը (կամ լիազոր մարմնի հավանությանը ներկայացնելու համար).

13) փոփոխություններ է կատարում ՄՈՒՀ-ի կանոնադրության մեջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

14) որոշում է խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը.

15) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

16) հաստատում է տնօրենի ներկայացրած որակավորման մոդուլային ծրագիրն ու ուսումնական պլանը, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագիրը.

17) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքները և որոշում է դրանցից բխող գործողությունները.

18) որոշում է համապատասխան մակարդակի որակավորման նոր կրթական ծրագիր մշակելու և իրականացնելու հարցը.

19) սահմանում և շնորհում է ՄՈՒՀ-ի պատվավոր կոչումներ.

20) հաստատում է տնօրենի ներկայացրած՝ ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորների ղեկավարների (ամբիոնի վարիչի, ցիկլի ղեկավարի և այլն) ընտրության կարգը.

21) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի կառուցվածքը, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

22) որոշում է ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու հարցը.

23) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոնները, էթիկայի և վարքագծի կանոնները, ընդունում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված ու ՄՈՒՀ-ի գործունեությունը և ուսումնական գործընթացի կազմակերպումը կանոնակարգող ներքին իրավական ակտեր (կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ և այլն).

24) սահմանում է ըստ կրթական ծրագրերի և որակավորման ուսման վարձերի չափերը.

25) հաստատում է պետական բյուջեի միջոցներից տրամադրվող լրիվ կամ մասնակի կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը.

26) հաստատում է ՄՈՒՀ-ի կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև ուսանողների ֆինանսական խրախուսման կարգը, պահանջները և չափանիշները.

27) իրականացնում է օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Բյուջետային ծախսերի 5 տոկոսը չգերազանցող և ընթացիկ ծախսեր հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված ծախսերի նախահաշվի փոփոխությունները կարող է հաստատել տնօրենը։

3. Մինչև պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձևավորումը սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է ՄՈՒՀ-ի տնօրենը։

 

Հոդված 26. ՄՈՒՀ-ի տնօրենը և նրան ներկայացվող պահանջները

 

1. ՄՈՒՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը։

2. ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որը սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ստացել է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունք (հավաստագիր)։ Նշված պահանջը չի տարածվում սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական ՄՈՒՀ-ի տնօրենի վրա, որի առաջադրման կարգն ու ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են համապատասխան բնագավառները կարգավորող օրենքներով։

3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենն ընտրվում է մրցութային հիմունքներով՝ հինգ տարի ժամկետով։

4. Անձը չի կարող դիմել ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, ինչպես նաև ընտրվել կամ նշանակվել ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում, եթե՝

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը հանված կամ մարված չէ.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

5) քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է։

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հիմնավորվում է իրավասու մարմնի տված տեղեկանքով։

6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

7. ՄՈՒՀ-ի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։

 

Հոդված 27. ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունքի հավաստագրումը

 

1. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2. Անձը չի կարող դիմել հավաստագիր ստանալու համար, եթե առկա են 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները, ինչպես նաև եթե անձի լիազորությունները ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում դադարեցվել են սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետով (եթե այդ հանգամանքները չեն վերացել) կամ 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով։

3. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) քննություն` թեստավորման միջոցով.

3) հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:

4. Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

5. Հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության, հավաստագրման քննությունների և հավաստագրման կազմակերպման, քննության արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

6. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը և թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների հստակ շրջանակը հրապարակվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի և հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական կայքում` հավաստագրման քննությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։

7. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները, կիրառման կարողությունները և փափուկ հմտությունները ստուգելու նպատակով:

8. Հավաստագրման քննությունը հանձնած անձին շնորհվում է հավաստագիր՝ հինգ տարի ժամկետով: Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

9. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին:

10. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև եթե անձի լիազորությունները ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում դադարեցվել են սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով, ինչպես նաև 29-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով։

11. Հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրն ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մասնակցել պետական ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել պաշտոնում:

 

Հոդված 28. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը

 

1. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության մրցույթը հայտարարվում է տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։ Սույն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 11-րդ մասերով նախատեսված պատճառներով պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի ընտրության մրցույթ հայտարարվում է թափուր տեղ առաջանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։

2. Տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի տեղակալներից մեկին նշանակում է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ սահմանելով տնօրենի վարձատրության հետ տարբերության չափով լրացուցիչ վարձատրություն։

3. Նոր տնօրենն իր պաշտոնն ստանձնում է ՄՈՒՀ-ի գործող տնօրենի լիազորությունների ժամկետի ավարտի կամ մեկ այլ հիմքով տնօրենի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ նշանակման օրվանից:

4. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ձևաչափը և մրցույթի արդյունքների բողոքարկման կարգը հաստատում է Կառավարությունը։

5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն (այսուհետ՝ հավակնորդ) խորհուրդ է ներկայացնում`

1) լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:

6. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը։

7. Հավակնորդը խորհուրդ է ներկայացնում ՄՈՒՀ-ի զարգացման հինգ տարվա իր ծրագիրը։

8. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենին ընտրում է խորհուրդը՝ գաղտնի քվեարկությամբ, անդամների առնվազն հինգ ձայնով։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի բացակայող անդամի ձայնը չի փոխանցվում:

9. Մրցույթի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել լիազոր մարմնի որոշմամբ, եթե հաստատվել են դիտորդի բացասական եզրակացությունը, հավակնորդի կամ խորհրդի անդամի բողոքում ներկայացված՝ մրցույթի անցկացման կարգի խախտումը, կամ դատական կարգով։

10. Խորհուրդը քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումն ուղարկում է լիազոր մարմին։ Խորհրդում քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված հավակնորդի հետ լիազոր մարմնի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր։

 

Հոդված 29. ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները, դրանց դադարումն ու դադարեցումը

 

1. ՄՈՒՀ-ի տնօրենը՝

1) կազմակերպում է կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ու որակավորման վերջնարդյունքներն ապահովող կրթության և ուսուցման գործընթացը.

2) իր իրավասության սահմաններում ապահովում է ուսանողների առողջության պահպանումը.

3) ապահովում է ՄՈՒՀ-ի բնականոն գործունեությունը.

4) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

5) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ՄՈՒՀ-ի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), կնքում գործարքներ ՄՈՒՀ-ի անունից, ապահովում գույքի և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կարգադրություններ, տալիս է հանձնարարականներ և վերահսկում դրանց կատարումը.

7) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ՄՈՒՀ-ի աշխատողներին.

8) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) ձևավորում է տնօրենին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում դրանց կազմն ու լիազորությունները.

10) աջակցում է ՄՈՒՀ-ի խորհրդակցական մարմինների աշխատանքին.

11) ներկայացնում է ՄՈՒՀ-ը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

12) ՄՈՒՀ-ի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի և տալիս է ՄՈՒՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր.

13) իրականացնում է սույն օրենքով և տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի տնօրենները առնվազն երեք տարին մեկ պետական միջոցների հաշվին անցնում են պարտադիր վերապատրաստում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով։

3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը` անկախ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց, իսկ հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի տնօրենները կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում են մինչև հավաստագրի ժամկետը լրանալը:

4. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետը լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել:

5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարում են լիազոր մարմնի համապատասխան ակտով, եթե՝

1) լրացել է նրա պայմանագրի ժամկետը․

2) նա դիմել է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) մահացել է կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող:

6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազոր մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա, եթե՝

1) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն է հայտնաբերվել սույն օրենքի 27-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում.

2) առաջ են եկել սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված հանգամանքները.

3) իր գործառույթներն իրականացնելիս ՄՈՒՀ-ին նրա մեղքով հասցվել է վնաս, որի գումարը գերազանցում է ՄՈՒՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մեկ տոկոսը.

4) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան 120 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը, չի ներկայացել աշխատանքի.

6) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի.

7) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել կառավարչական և մանկավարժական գործունեության կատարումը (հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը)։

7. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 6-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը:

8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշանակված օրվանից:

9. Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են մահվան կամ դատարանի համապատասխան վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում՝ նշելով որոշման իրավական և փաստական հիմքերը։

11. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը սույն օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով կարող է քննարկել տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով դիմել լիազոր մարմին, եթե՝

1) ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի կամ զարգացման ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունը խորհուրդը երկու անգամ անընդմեջ չի ընդունել.

2) ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքների հիման վրա տնօրենի գործունեությունը խորհուրդը ճանաչել է անբավարար.

3) պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կառուցակարգը 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով կարող է կիրառվել ոչ շուտ, քան ՄՈՒՀ-ի տնօրենի նշանակումից մեկ տարի հետո, բացառությամբ երբ անձը երկու անգամ անընդմեջ նշանակվել է նույն ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում։

13. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հարցով որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով։

14. Պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, կարող է պատճառաբանված հիմնավորմամբ մերժել խորհրդի դիմումը։

15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումը չկայացվելու դեպքում լիազոր մարմինը լուծում է տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ խորհրդի որոշումն ստանալու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 30. ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները

 

1. ՄՈՒՀ-ի ուսանողն իրավունք ունի`

1) ընտրելու կրթական ծրագրի մակարդակը, որակավորումը, դրա ուղղվածությունը, ցանկացած կրթական մակարդակում դադարեցնելու կամ վերականգնելու ուսումնառությունը՝ անկախ դրա դադարեցման ժամկետից.

2) ընտրելու և մասնակցելու իր ուսումնառած որակավորման համար ոչ պարտադիր դասընթացների (մոդուլների) և այլ լրացուցիչ կրթական ծրագրերի՝ ՄՈՒՀ-ի սահմանած կարգով.

3) ներկայացնելու առաջարկներ իր որակավորման կրթական ծրագրի բովանդակության և ուսումնառության կազմակերպման ձևի բարելավման վերաբերյալ.

4) մասնակցելու ՄՈՒՀ-ի կառավարման և ուսանողական ինքնակառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.

5) օգտվելու կրթաթոշակից և ուսանողների ֆինանսական խրախուսման այլ ձևերից, ներառյալ անվանական կրթաթոշակից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

6) շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրով իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով.

7) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով.

8) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում ընդհանուր հիմունքներով կրթություն ստանալու և օգտվելու խելամիտ հարմարեցումներից առանց հավելյալ վճարների.

9) մասնակցելու ՄՈՒՀ-ի որակի ներքին գնահատմանը՝ ըստ սահմանված ուղղությունների.

10) բողոքարկելու ՄՈՒՀ-ի ներքին իրավական ակտերը, իր իրավունքները պաշտպանելու դատական կարգով.

11) օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

2. Ուսանողը պարտավոր է՝

1) կատարել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները.

2) մասնակցել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառությանը.

3) ուսումնառության պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել ուսման վարձը, կատարել պայմանագրային այլ պարտավորություններ.

4) կատարել օրենքներով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ:

4. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ընդհատման միջոցով կիրառվում է`

1) հղիության և ծննդաբերության դեպքում.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքում.

3) զինվորական ծառայության դեպքերում.

4) ժամանակավոր անաշխատունակության պատճառներով.

5) ընտանեկան հանգամանքների հիմքով.

6) փոխանակման և համագործակցային ծրագրերում միջանկյալ ուսումնառության դեպքում։

5. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ազատման միջոցով կիրառվում է՝

1) ուսանողի դիմումի համաձայն.

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:

6. Ուսանողի ուսումնառության դադարեցումը հեռացման միջոցով կիրառվում է՝

1) ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոններով կամ ՄՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի սահմանած ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում.

2) ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման անբավարար մակարդակի դեպքում՝ անկախ ուսումնառության հիմքից, եթե ՄՈՒՀ-ի սահմանած կարգով և ժամկետում չի լրացրել դրանք։

7. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր, այդ թվում՝ ՄՈՒՀ-ից հեռացում: Ուսանողի նկատմամբ հավելյալ դրամական վճարի ձևով կարգապահական միջոցներ չեն կարող կիրառվել, բացառությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի։

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ուսանողին տրամադրվում է ակադեմիական արձակուրդ՝ օրենքով սահմանված ժամկետով, իսկ 4-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ակադեմիական արձակուրդ՝ հիմնավորված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի տևողությամբ։ Ակադեմիական արձակուրդի ընթացքում պահպանվում են ուսանողի իրավունքը, ինչպես նաև ուսումնառության պայմանները: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը և ժամկետները, ինչպես նաև ուսանողի կարգավիճակը վերականգնելու ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:

9. Ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում ՄՈՒՀ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձի չափը պահպանվում է (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձի նվազման դեպքի), եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է լիազոր մարմնի սահմանած ժամկետում:

10. Ուսանողը կարող է մասնակցել (ընդգրկվել) մասնագիտական ոլորտի կամ համապետական նշանակության միջոցառումներին, իր ուսումնառած ծրագրին առնչվող կրթական ծրագրերին, մրցույթներին, փառատոներին և այլ ակադեմիական միջոցառումներին՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած կարգի։ Ուսանողի կրթական ծրագրի բաց թողնված արդյունքներն առանց լրացուցիչ վճարման պայմանի լրացվում են ՄՈՒՀ-ի աջակցությամբ։

11. Ունկնդիրը մասնագիտական կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից և կրում ուսանողի համար սահմանված պարտականությունները:

 

Հոդված 31. Ուսանողական ինքնակառավարման մարմինները

 

1. Ուսանողների նախաձեռնությամբ ՄՈՒՀ-ում կարող են ստեղծվել ուսանողական տարբեր կառույցներ և միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը։

2. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները ձևավորվում և գործում են սույն օրենքով, տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ:

3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ:

4. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.

1) միանալու ազատությունն ու կամավորությունը.

2) համապատասխան մարմնի աշխատանքներին ուսանողների հավասար մասնակցության հնարավորության ապահովումը.

3) գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը.

4) գործելու կոլեգիալությունը, անձնական պատասխանատվությունը և հաշվետվողականությունը.

5) բազմակարծության և բազմազանության ապահովումը.

6) քաղաքական կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների ազդեցությունից անկախությունը։

5. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները՝

1) աջակցում են ուսանողության նախաձեռնություններին, մասնակցում դրանց իրականացմանը.

2) կազմակերպում են ուսանողական քննարկումներ և այլ մասնագիտական միջոցառումներ.

3) աջակցում են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, սոցիալական գործընկերության ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը.

4) աջակցում են կրթության և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը.

5) աջակցում են ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացմանը և դրանց արդյունքների հրապարակմանը.

6) խթանում են ուսանողների կամավորական աշխատանքների իրականացումը և աջակցում դրանց.

7) համագործակցում են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում համանման կառույցներին.

8) ՄՈՒՀ-ի խորհրդի սահմանած կարգի համաձայն՝ մասնակցում են ֆոնդհայթայթման միջոցառումներին, որոնցից գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը։

6. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը:

 

Հոդված 32. Ուսանողների ուսման վարձը և կրթաթոշակը

 

1. ՄՈՒՀ-երը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրի յուրաքանչյուր մակարդակի որակավորման (ուղղվածության) ուսման վարձը և որոշել դրա չափը, որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, կամ եթե փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար։

2. Ուսանողի կարգավիճակը վերականգնած ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված չափով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի, և ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր:

3. Պետության կողմից կրթաթոշակը տրամադրվում է Կառավարության հաստատած տեղերի քանակին, չափանիշներին, չափին և կարգին համապատասխան՝ ուսանողի ակադեմիական առաջադիմության, գործնական աշխատանքային ուսուցման ընթացքում ձեռք բերած արդյունքների, հետազոտական աշխատանքների, մասնագիտական նվաճումների, հասարակական ակտիվության, սոցիալական, առողջական վիճակի ու օրենքով սահմանված այլ հիմքերով, ինչպես նաև ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։ Կրթաթոշակ ստացող ուսանողը ուսումնական տարվա արդյունքներով կարող է ենթարկվել փոխատեղման։

4. Պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող որակավորումներով կամ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի կամ նպատակային ուսուցման այլ հիմքերով ընդունված ուսանողներին կրթաթոշակը տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերից անկախ։

5. Պետական բյուջեից ֆինանսավորում չեն կարող ստանալ այն անձինք, որոնք՝

1) զուգահեռ ուսումնառում են այլ կրթական ծրագրի մակարդակով կամ որակավորմամբ, եթե նրանք այդ կրթական ծրագրի կրեդիտների կեսից ավելին ձեռք են բերել պետական բյուջեի միջոցներով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի.

2) միաժամանակ ուսումնառում են նույն կրթական մակարդակի երկու որակավորման կրթական ծրագրով և դրանցից մեկի ուսումնառության համար պետական բյուջեի միջոցներից ստանում են ֆինանսավորում.

3) ուսումնառում են Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա ՄՈՒՀ-երի մասնաճյուղերում, բացառությամբ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի.

4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի են, սակայն ՄՈՒՀ են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով։

6. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ:

7. Արգելվում է ՄՈՒՀ-երի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ՄՈՒՀ-ում ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն մասում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

8. ՄՈՒՀ-ը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել ուսման վարձը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

9. ՄՈՒՀ-ն ուսանողներին կարող է տրամադրել կրթաթոշակներ և ուսանողական ֆինանսական խրախուսում, ինչպես նաև կարող է սահմանել ուսման վարձի վճարման պարբերականությունը:

 

Հոդված 33. Ուսանողների առողջության պահպանումը

 

1. ՄՈՒՀ-ն ապահովում է ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Ուսանողների առողջության պահպանման նպատակով յուրաքանչյուր ուսանող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ՄՈՒՀ-ի բժշկական սպասարկման ծառայությունում, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպությունում պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 34. ՄՈՒՀ-ի աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. ՄՈՒՀ-ի դասախոս կարող է լինել այն անձը, որն ունի՝

1) դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ

2) բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, իսկ

3) վարպետի դեպքում՝ առնվազն մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ զբաղմունքի բնագավառում գործունեության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հիմնարար է համարվում դասավանդվող մոդուլային ծրագրի բովանդակության առնվազն 30 տոկոսը։

3. Պետական ՄՈՒՀ-ի դասախոսի կամ վարպետի թափուր տեղերը համալրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած մրցութային կարգով։ Թափուր տեղ է համարվում տվյալ որակավորման ուղղվածության ուսումնական պլանով սահմանված առարկան կամ մոդուլը դասավանդող դասախոսի կամ վարպետի չզբաղեցրած պաշտոնը: Թափուր տեղի համար մրցույթ կարող է չհայտարարվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած դեպքերում։

4. ՄՈՒՀ-ի աշխատողների ընտրության, նշանակման, առաջխաղացման և վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով:

5. Մանկավարժական աշխատողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ.

1) ասիստենտ կամ կրտսեր դասախոս, կրտսեր վարպետ.

2) դասախոս, վարպետ.

3) ավագ դասախոս, ավագ վարպետ.

4) մասնագիտացված ուսուցման հրահանգիչ։

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնները փոխկապակցված են մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքների կամ շնորհված տարակարգի հետ՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով։

7. Մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերի մակարդակի և որակավորումների ուսումնառության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կարող են սահմանվել ուսումնաօժանդակ, արտադրական կազմի և այլ պաշտոններ:

8. Վարչական պաշտոն զբաղեցնող կամ կառավարման գործառույթներ իրականացնող և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են նույն ՄՈՒՀ-ում իրականացնել նաև մանկավարժական գործունեություն՝ ոչ ավելի, քան շաբաթական ութ ակադեմիական ժամ բեռնվածությամբ։

9. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող այլ պաշտոն:

10. ՄՈՒՀ-ի կրթական կառուցվածքային միավորի ղեկավարի (ամբիոնի վարիչի, ոլորտային հոսքի ղեկավարի և այլն) գործունեությունը համարվում է մանկավարժական։

11. Պետական ՄՈՒՀ-ի ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող մասնագիտական չափանիշները սահմանում է լիազոր մարմինը՝ հաշվի առնելով ՄՈՒՀ-ի, կրթության մակարդակի և մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերի առանձնահատկությունները։

12. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝

1) կրթական ծրագրի շրջանակներում իր հայեցողությամբ կազմելու դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման և ուսումնառության մեթոդները և անհրաժեշտ ռեսուրսները, ուսանողական առաջադրանքների և հետազոտությունների թեմաները և սահմանելու դրանց կատարման մեթոդաբանությունը, ընթացիկ և ամփոփիչ արդյունքների գնահատման միջոցները, որոնք ապահովում են վերջնարդյունքների հաղթահարման արդյունավետությունը.

2) առաջարկներ ներկայացնելու կրթական ծրագրի նկարագրերի, մոդուլների և ուսումնառության նյութերի բարելավման վերաբերյալ.

3) մասնակցելու մասնագիտական կատարելագործման դասընթացների և մասնագիտական փոխանակման ու գիտամանկավարժական այլ միջոցառումների.

4) մասնակցելու արտահերթ ատեստավորմանը, դիմելու որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

5) մասնակցելու փորձարարական, նորարարական ծրագրերի և մեթոդների մշակմանն ու ներդրմանը.

6) կազմակերպելու և իրականացնելու մասնագիտական ուսուցման և կատարելագործման, ինչպես նաև սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրեր.

7) մասնակցելու տեղական և միջազգային ծրագրերի, մրցույթների և ընդգրկվելու աշխատանքային խմբերում.

8) ընտրելու և ընտրվելու ՄՈՒՀ-ի համապատասխան պաշտոններում և մարմիններում՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով.

9) մասնակցելու ՄՈՒՀ-ի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

11) օգտվելու ՄՈՒՀ-ի գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից.

12) ազատորեն օգտագործելու, տարածելու և փոխանակելու մասնագիտական տեղեկատվություն, տպագրելու և հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենքով նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.

13) պաշտպանված լինելու ուսանողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

14) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող իրավունքներից.

15) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից.

16) օգտվելու օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներից։

13. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը պարտավոր է՝

1) պահպանել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները.

2) հարգել և պաշտպանել ուսանողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

3) նպաստել անձի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

4) նպաստել ուսանողների կողմից ուսումնառության մոդուլների յուրացմանը և ուսումնառության վերջնարդյունքները ձեռք բերելուն.

5) մասնակցել պարտադիր ատեստավորմանը, իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցել վերապատրաստումների՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի և ժամանակացույցի.

6) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) ուսանողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

9) ուսանողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.

10) կատարել օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

14. Մանկավարժական աշխատողների համար ՄՈՒՀ-ը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական գործընկերները, կազմակերպությունները և անձինք կարող են սահմանել խրախուսման ձևեր։

 

Հոդված 35. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները, վերապատրաստումը, ատեստավորումը, տարակարգի շնորհումը

 

1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված մանկավարժական պաշտոնների մասնագիտական չափանիշների հիման վրա ՄՈՒՀ-ը սահմանում է յուրաքանչյուր մոդուլը կազմակերպող դասախոսի կամ վարպետի պաշտոնի նկարագիրը։

2. Դասախոսի և վարպետի պաշտոնի նկարագիրը ներառում է՝

1) մասնագիտական խնդիրները.

2) տեսական և գործնական ուսուցման ու դասավանդման ուսումնամեթոդական նկարագիրը.

3) վերլուծական և հետազոտական աշխատանքների ուղղվածությունները.

4) աշխատանքների պլանավորման և կազմակերպման հմտությունների նկարագիրը.

5) խորհրդատվություններ և հետադարձ կապ ապահովելու հմտությունների պահանջը.

6) թվային հմտությունների շրջանակը։

3. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով երեք տարին մեկ հիմնական աշխատող հանդիսացող դասախոսի կամ վարպետի, իսկ համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողների և հրահանգիչների դեպքում՝ վերջիններիս ցանկությամբ, իրականացվում է ատեստավորում։

4. Մինչև սահմանված ժամկետը լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել արտահերթ ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։

5. ՄՈՒՀ-ը յուրաքանչյուր ատեստավորման համար ձևավորում է ատեստավորման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի և գործատուների ներկայացուցիչները։

6. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել և տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման, ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգով։

7. Մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ միջոցներով կարող է անցնել վերապատրաստում` պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան, որոնք միտված են 34-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված մանկավարժական պաշտոնների մասնագիտական չափանիշների պահանջների ապահովմանը։

8. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի վերապատրաստումը կազմակերպվում է օրենքով և Կառավարության սահմանած լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման ընթացակարգերին համապատասխան՝ մոդուլային ուսուցման ծրագրով, որով տրվում են պետական նմուշի վկայական և ձեռք բերված ուսումնառության արդյունքների վերաբերյալ ներդիր։

9. Ատեստավորման համար մանկավարժական աշխատողի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, մասնագիտական չափանիշները սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։ Սույն մասով սահմանվող չափանիշները ներառում են նաև սույն հոդվածի 8-րդ մասում նշված փաստաթղթերը և վերապատրաստման ընթացքում կատարած առաջադրանքների հիմքերը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի շահակիցների (տնօրենի, ուսանողի, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի) կարծիքները, ներքին և արտաքին գնահատման արդյունքները։

10. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորման հանձնաժողովի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:

11. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին։ Բողոքարկման դեպքում դասախոսի կամ վարպետի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:

12. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու և զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում անձի մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակվում։

13. Ատեստավորման գործընթացում ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների՝ Կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար:

14. ՄՈՒՀ-ի համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողներին կարող է տրվել սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված վարձատրություն՝ հիմք ընդունելով պաշտոնի նկարագրով սահմանված չափանիշներին համապատասխանությունը և դասավանդվող ոլորտում նրանց մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները։

15. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

16. Ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը.

2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

17. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

19. Ատեստավորված ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել դասախոսի, վարպետի կամ հրահանգչի տարակարգի շնորհման և բարձրացման գործընթացին։

20. Մանկավարժական աշխատողի տարակարգը եռաստիճան է։

21. Տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված չափանիշների ապահովումը հավաստող փաստաթղթային ստուգման եղանակով՝ մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից։

22. Մանկավարժական աշխատողի տարակարգերը համապատասխանում են դասախոսի, վարպետի, հրահանգչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը` մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման հետևյալ չափանիշների հիման վրա՝

1) մանկավարժական կարողությունների ձևավորում և կիրառում.

ա. նոր մեթոդների և գործիքակազմի ձևավորում և փորձարկում,

բ. գործնական ուսուցման և կիրառական հմտությունների ձևավորում, կիրառում,

գ. թեմատիկ նյութերի հրապարակումներ, զեկույցներ,

դ. դասընթացի ծրագրի իրականացման ընթացքում նոր և ուսանողի արժեհամակարգի ձևավորմանը միտված հմտություններ,

ե. թվային կրթական տեխնոլոգիաների հարմարեցման և կիրառման հմտություններ և այլն.

2) մասնագիտական ոլորտային հմտությունների զարգացում և ներդրում.

ա. մասնագիտական կատարելագործման և այլ օժանդակող լրացուցիչ կրթական ծրագրերի մասնակցություն, տեղայնացում,

բ. փորձի և կարողությունների փոխանակման ծրագրերի մասնակցություն, տեղայնացում,

գ. նոր մասնագիտական ծրագրերի մշակում,

դ. նորարարական ծրագրերի և մեթոդների ներդրում,

ե. հրապարակումներ և զեկույցներ՝ գիտական հարթակներում,

զ. ուսանողների մասնագիտական ոլորտի ծրագրերում ու միջոցառումներում ընդգրկվածության խթանում, մասնակցային հնարավորությունների ստեղծում.

3) կազմակերպչական և առաջնորդման հմտությունների կիրառում.

ա. միջոցառումների և մրցույթների կազմակերպում,

բ. վերապատրաստումների կամ մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմակերպում անձնակազմի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար,

գ. սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրերի մշակում և իրականացում,

դ. մասնավոր հատվածի ներգրավում և շարունակական համագործակցության խթանում,

ե. ուսանողների կարիերայի խթանման միջոցառումներ,

զ. միջազգային ծրագրերի ներգրավում։

23. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային գնահատման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

24. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատական կարգով: Բողոքարկման դեպքում դասախոսին կամ վարպետին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։

25. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից մանկավարժական աշխատողին որակավորման համապատասխան տարակարգի շնորհման և հավելավճարի սահմանման համար։ Տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով։

26. Տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար ՄՈՒՀ-ին հատկացված միջոցների հաշվին` Կառավարության սահմանած չափով և կարգով:

27. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

28. ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է։

29. Հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողը կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին ՄՈՒՀ-ի կամ սեփական և այլ ֆինանսական միջոցների հաշվին։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 36. Մասնագիտական ուսումնական հաստատության սեփականության հարաբերությունները

 

1. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը ՄՈՒՀ-ին սեփականության կամ օգտագործման իրավունքով օրենքով սահմանված կարգով տրամադրում է անհրաժեշտ գույք:

2. ՄՈՒՀ-ը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՄՈՒՀ-ին նվիրաբերության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

 

Հոդված 37. ՄՈՒՀ-ի ֆինանսավորումը

 

1. ՄՈՒՀ-ի գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.

2) դրամաշնորհները.

3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները, այդ թվում՝ ուսման վարձի վճարները.

4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում և գործատուի պատվերով իրականացվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կրթաթոշակների կամ ուսման վարձի փոխհատուցումները.

5) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) վարկային միջոցները, բացառությամբ պետական ՄՈՒՀ-երի.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների.

8) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.

9) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:

2. ՄՈՒՀ-երը պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետևյալ ձևերով.

1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է պետական և հանրային ՄՈՒՀ-երին ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, ինչպես նաև կրթության կազմակերպման և կրթության որակի բարելավման նպատակով՝ անկախ ՄՈՒՀ-ին տրամադրվող պետական կրթաթոշակներից.

2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ՄՈՒՀ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության հիմքով այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման սահմանված պահանջները և չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.

3) ուսանողական ֆինանսական խրախուսում՝ ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և աշխատանքային արդյունքների ձեռքբերումների համար լավագույն ուսանողներին ֆինանսական աջակցություն, որոնք բավարարում են ֆինանսական խրախուսման սահմանված պահանջները և չափանիշները.

4) մրցակցային ֆինանսավորում, որը տրամադրվում է ՄՈՒՀ-ի զարգացմանն ուղղված նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը՝ մրցութային հիմունքներով.

5) նպատակային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից պետական և հանրային ՄՈՒՀ-երին տրամադրվում է ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը։

4. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի ֆինանսավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՄՈՒՀ-երի գործունեության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի իրականացման ծախսերի ֆինանսական հաշվարկը։

5. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել օրենքով չարգելված և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) կազմակերպել հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ.

2) մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, արտադպրոցական դաստիարակության, նախապատրաստական դասընթացների և ոչ ֆորմալ ուսուցման այլ ձևերով.

3) ստեղծել ռեսուրս-կենտրոն՝ կրթության ոլորտի ու սոցիալական գործընկերների կարիքներին համապատասխան.

4) ստեղծել ՄՈՒՀ-երի և այլ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև փոխադարձ ծառայությունների և փոխգործակցության ցանց.

5) իրականացնել ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեություն, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով կամ համագործակցությամբ.

6) լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, կազմակերպել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք.

7) մշակել և հրատարակել գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլ ուսումնամեթոդական նյութեր.

8) կազմակերպել հանրային սնունդ՝ ուսանողների (ունկնդիրների), աշխատողների, ՄՈՒՀ-ի հետ համագործակցող գործատուների և այլ հաճախորդների համար.

9) տրամադրել կեցության ծառայություններ, շահագործել հանրակացարաններ.

10) կազմակերպել ուսանողների և աշխատողների հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումներ.

11) իրականացնել կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի գործունեություն և կազմակերպել միջոցառումներ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման համար ՄՈՒՀ-ը կարող է հիմնադրել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ օրենքով և լիազոր մարմնի սահմանած կարգով։

7. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել իրենց որակավորումներին համապատասխան կամ դրանցից ածանցված ապրանքների ու ծառայությունների փորձարկում։

8. ՄՈՒՀ-երը սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը։

9. ՄՈՒՀ-ի տնտեսական և ֆինանսական գործունեության վերահսկողությունը իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազոր մարմինները:

10. ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել անկախ աուդիտի (վերստուգման)` Կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6 

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 38. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164 օրենքը, բացառությամբ 7-րդ հոդվածի 1-3-րդ, 6-րդ մասերի, 18-րդ, 18․1-ին, 20-րդ հոդվածների, որոնք ուժը կորցնում են սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման պահից։

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 7-14-րդ մասերով, 8-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 16-18-րդ մասերով, 22-29-րդ հոդվածներով սահմանված դրույթների իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

4. Մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերն ուժի մեջ մտնելն ընդունված մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշիչները շարունակում են գործել մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերին դրանց համապատասխանեցումը, իսկ այդ չափորոշիչների հիման վրա շնորհված և շնորհվող որակավորումները պահպանում են իրենց վավերականությունը։ Մինչև կրեդիտային համակարգի ներդրումը սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կրեդիտները հաշվարկվում են ժամային բեռնվածությամբ։

5. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։ Սույն օրենքի 11-րդ հոդվածով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը՝ վարչապետի սահմանած ժամանակացույցով։

6. Սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվածների, ենթակա են ընդունման մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Մինչև սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը շարունակում են գործել մինչև սույն օրենքի ընդունումն ուժի մեջ մտած համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը։

7. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի համակարգը ներդրվում է մինչև 2027 թվականի հունվարի 15-ը։ Մինչև այդ դիպլոմը և դրա հավելվածը, հավաստագիրը և ներդիրը ՄՈՒՀ-ը ուսանողին տրամադրում է թղթային եղանակով և անվճար:

8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձևավորված պետական ՄՈՒՀ-երի խորհուրդները շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակացույցով նոր խորհուրդների ձևավորումը՝ սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան։ Սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան՝ ձևավորվող նոր խորհուրդների առաջին կազմում յուրաքանչյուր մարմնի կողմից առաջադրվող համապատասխանաբար մեկական անդամ (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) պաշտոնավարում է երկու տարի ժամկետով, մեկական անդամ՝ երեք տարի ժամկետով։ Մանկավարժական աշխատողներից առաջադրվող մեկ անդամ պաշտոնավարում է չորս տարի, մեկ անդամ՝ հինգ տարի ժամկետով։

9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված պետական ՄՈՒՀ-երի տնօրենները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը։

10. ՄՈՒՀ-ում աշխատող այն դասախոսները կամ վարպետները, որոնք առնվազն երեք տարի աշխատում են տվյալ պաշտոնում, սակայն չեն համապատասխանում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց պաշտոնավարումը, եթե մինչև 2030 թվականի օգոստոսի 20-ն ստացել են համապատասխան մակարդակի կրթական ծրագրի որակավորում և ապահովում են օրենքով սահմանված պահանջները։

11. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում առկա նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթությանը վերաբերող կարգավորումները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արհեստագործական հիմնական կրթական ծրագրի վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-250-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: