Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-3
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.1993-29.10.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991/23, հոդ.484, ՀՀ 10.12.91/266
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
09.12.1991
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.12.1991
Дата вступления в силу
10.12.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

25 նոյեմբերի 1991 թ. Ն-0445-I

Օրինագծում փոփոխություններ են կատարվել

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

02 դեկտեմբերի 1991 թ. Ն-0449-I

 

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անկախ պետականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն և հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, բնակչության անվտանգությունն ու խաղաղ կյանքն ապահովելու նպատակով հանրապետությունում սահմանվում է զինապարտություն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտականությունն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը, նպաստել նրա հզորության և հեղինակության ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային, պայմանագրային և պահեստային զինվորական ծառայություններից:

Ժամկետային և պահեստային զինվորական ծառայությունների կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 (2-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 3. Մինչև զինվորական ծառայության զորակոչվելը նախազորակոչային (16-ից մինչև 18 տարին լրանալը) և զորակոչային (18-ից մինչև 27 տարին լրանալը) տարիքի անձանց հետ առանց ուսումից կամ արտադրությունից կտրվելու կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Զորակոչիկների նախնական կցագրումը և հաշվառումը իրականացնում են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատները:

(3-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

ՀՈԴՎԱԾ 4. Ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները համարվում են զինծառայողներ, իսկ պահեստազորում գտնվողները` զինապարտներ:

(4-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 5. Այլ պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

Այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության զորամասերում կարող են ծառայել նաև պայմանագրային հիմունքներով:

(5-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85) 

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված այլ պետությունների ռազմական հաստատությունների կարգավիճակը սահմանվում է միջպետական պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Առաջին անգամ զինվորական ծառայության և առաջին անգամ վարժական հավաքների կանչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում:

Երդման տեքստը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

Երդմնազանցությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:

(7-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 8. Յուրաքանչյուր զինծառայողի և զինապարտի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում: Զինվորական կոչումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

Զինվորական կոչումների շնորհումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(8-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը արգելվում է:

Զինված ուժերի անձնակազմի կուսակցական պատկանելությունն ու գործունեությունը կասեցվում է զինծառայության ամբողջ ընթացքում:

(9-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 10. Սույն օրենքը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում զորակոչ, վարժական հավաքներ ու զորահավաք կազմակերպելու և անցկացնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11. Ժամկետային զինվորական ծառայության են կանչվում արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը:

20-ից մինչև 35 տարին լրացած կանայք կարող են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով:

(11-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 12. Արական սեռի այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում սովորել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում, կարող են ընդունվել այդ հաստատությունները, եթե նրանց 17 տարին լրանում է ուսման ընդունվելու տարում:

 

Հոդված 13. Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 18 ամիս, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար` 12 ամիս:

 

ՀՈԴՎԱԾ 14. Ժամկետային զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը:

(14-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85) 

 

Հոդված 15. Ելնելով անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության նախագահին իրավունք է վերապահվում զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մինչև երկու, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մինչև մեկ ամիս ժամանակով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչը և զորացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով տարեկան երկու անգամ` մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Զորակոչի ենթակա քաղաքացիների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 17. Մշտական բնակության վայրից ժամանակավորապես մեկնած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության զորակոչը հայտարարելուց հետո պարտավոր են անմիջապես ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք գտնվում են հաշվառման մեջ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են զորակոչիկներին ազատել աշխատանքից (ուսումից)` զորակոչի, վարժական հավաքների համար անհրաժեշտ ժամանակով:

 

Հոդված 18. Զորակոչային տեղամաս ներկայանալը պարտադիր է բոլոր զորակոչիկների համար:

 

Հոդված 19. Ժամկետային զինվորական ծառայության կանչվելու ենթակա չեն այն անձինք, որոնք զորակոչային տարիքը լրանալու պահին գտնվում են ազատազրկման վայրերում, ինչպես նաև նրանք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն կամ դատաքննություն:

 

Հոդված 20. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար շրջաններում, քաղաքներում, քաղաքի շրջաններում ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն` շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատի ներկայացմամբ:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխանաբար շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարը:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների վրա դրվում են հետևյալ պարտականությունները`

զորակոչիկների բժշկական քննության կազմակերպումը.

ժամկետային զինվորական ծառայության զորակոչի և ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զորակոչիկներին զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշումների ընդունումը.

զորակոչից տարկետում տալը.

զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելը.

ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դիմումների քննարկումը:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 21. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է Հանրապետական զորակոչային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային գլխավոր վարչության պետը (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալը): Հանձնաժողովի անդամներն են` Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա դրվում է նաև զորակոչվող քաղաքացիների և այլ անձանց բողոքների քննարկումը, ովքեր համաձայն չեն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների որոշումներին:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշման կապակցությամբ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:

Բողոքների կապակցությամբ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել ժողովրդական դատարան:

(21-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 22. Բոլոր զորակոչիկները անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են տեղական բուժական հիմնարկներից նշանակված բժշկական հանձնաժողովները:

Բժշկական քննության արդյունքներին համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկին տեղյակ պահելով, որոշում է ընդունում`

1) ժամկետային զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին.

2) հիվանդության պատճառով ժամկետային զինվորական ծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի լինելու մասին` բուժման համար տալով մեկ տարուց ոչ ավելի տարկետում.

3) ժամկետային զինվորական ծառայությանը լիովին ոչ պիտանի լինելու մասին` զորակոչիկի մոտ այնպիսի հիվանդության կամ ֆիզիկական արատների պատճառով, որոնք խոչընդոտում են ժամկետային զինվորական ծառայություն կատարելուն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 23. Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում է այն զորակոչիկը, որը զորակոչային հանձնաժողովների կողմից ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

(23-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 24. Ժամկետային զինվորական ծառայությունից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն իր խնամքի տակ ունի`

1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն իրենց հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.

անաշխատունակ ծնողներ են համարվում`

ա) 60 տարին լրացած հայրը և 55 տարին լրացած մայրը,

բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը կամ մայրը.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու և ավելի երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) մինչև 18 տարեկան երկու և ավելի երեխա ունեցող միայնակ մայր (հայր), եթե նա չունի իր հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.

6) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ մեկ և ավելի հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց հետ բնակվող այլ աշխատունակ անձ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե նա մինչև 27 տարեկան դառնալը չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ այդ անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից և գրանցվում է պահեստազորում:

(24-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

ՀՈԴՎԱԾ 25. Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին, ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ինտերնատուրայի և մագիստրատուրայի սովորողներին.

2) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քանի 20 տարին լրանալը:

Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

(25-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 26. Առողջական վիճակի կապակցությամբ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է այն անձանց, որոնք հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչված են ժամանակավորապես ոչ պիտանի:

Հիվանդության պատճառով զորակոչից տարկետում կարող է տրվել երեք տարվա ընթացքում, որից հետո առողջական վիճակի հետ կապված տարկետում ստացած քաղաքացիները կամ զորակոչվում են ծառայության, կամ ճանաչվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվում զինվորական հաշվառումից կամ գրանցվում պահեստազորում` պարբերաբար ենթարկվելով հետագա բժշկական քննության մինչև 27 տարեկան դառնալը: Այդ տարիքին չհասած անձինք, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում և որոնք բժշկական քննությամբ խաղաղ ժամանակ ժամկետային զինվորական ծառայության համար ճանաչվում են պիտանի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով կարող են զորակոչվել զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:

(26-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 27. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներին և ժողովրդական դատավորներին իրենց լիազորությունների ողջ ժամկետում տրվում է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք:

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի հատուկ անհրաժեշտության դեպքում որոշել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվել այլ հիմունքներով:

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան հանգամանքների բերումով տարկետում ստանալու մասին սույն օրենքով չնախատեսված դեպքերում որոշումն ընդունվում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի կողմից և ենթակա է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 28. Կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած, ինչպես նաև տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր չզորակոչված անձինք ժամկետային զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը:

(28-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԻՑ ԱՐՁԱԿՈՒՄԸ: ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

 

Հոդված 29. Սույն օրենքով սահմանված ժամկետային զինվորական ծառայության ժամկետները լրանալուց հետո զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից արձակվում են` դառնալով պահեստայիններ:

Զինված ուժերի շարքերից արձակումը կատարում է զորամասի հրամանատարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա:

 

Հոդված 30. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները կարող են ժամկետից շուտ արձակվել, եթե նրանք ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվում են ոչ պիտանի ժամկետային զինվորական հետագա ծառայության համար:

Այն զինծառայողները, որոնց ծառայության ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետևանքով սույն օրենքի 24 հոդվածին համապատասխան առաջացել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք, զորացրվում և գրանցվում են որպես պահեստազորայիններ: Նման անձանց արձակելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(30-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 31. Ազատազրկման վայրերում և կարգապահական գումարտակներում պատիժը կրող զինծառայողների համար պատիժը կրելու ժամանակը ժամկետային զինվորական ծառայության ժամկետի մեջ չի հաշվարկվում:

(31-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 32. Ժամկետային զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս օգտվում են համապատասխան արտոնություններից:

Արտոնությունները և դրանցից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 33. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին ու սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Այն անձինք, որոնց պահեստազոր տեղափոխելիս չի շնորհվել սպայի կամ ենթասպայի կոչում, կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստության համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

 

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից արձակված զինծառայողները պարտավոր են եռօրյա ժամկետում ներկայանալ զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:

(34-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 35. Զինված ուժերի պահեստազորը բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից:

Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն զինապարտները, որոնք տարբեր պատճառներով չեն զորակոչվել ժամկետային զինվորական ծառայության:

Երկրորդ կարգի պահեստազորի զինապարտները մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:

Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին:

(35-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 36. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երեք խմբի`

առաջին խումբ` մինչև 35 տարեկան,

երկրորդ խումբ` 35-ից մինչև 45 տարեկան,

երրորդ խումբ` 45-ից մինչև 50 տարեկան:

 

Հոդված 37. Պահեստազորի առաջին կարգի առաջին խմբում հաշվեգրված զինապարտները առաջին կարգի պահեստազորում գտնված ժամանակ կանչվում են վարժական հավաքների մինչև 4 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 38. Պահեստազորի երկրորդ կարգի առաջին խմբում հաշվեգրված զինապարտները առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կանչվում են վարժական հավաքների մինչև 6 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 39. Առաջին խմբի պահեստազորի զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնի համար, վարժական հավաքների են կանչվում երեք ամիս ժամկետով:

 

Հոդված 40. Առաջին խմբի պահեստազորի օդաչուական անձնակազմը, բացի սույն օրենքի 37, 38 և 39 հոդվածներով նախատեսված վարժական հավաքներն անցկացնելուց, առաջին խմբի պահեստազորում գտնվելիս կանչվում են նաև վարժական հավաքների թռիչքային վարժություններ կատարելու համար մինչև 5 անգամ` յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով, բայց ով ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 41. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվեգրված զինապարտները վարժական հավաքների են կանչվում 1-2 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև երկու ամիս ժամկետով:

 

Հոդված 42. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվեգրված զինապարտները վարժական հավաքների են կանչվում մեկ անգամ` մեկ ամսով:

 

Հոդված 43. Վարժական հավաքների անցկացման ժամկետները որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում զինապարտներին պահել վարժական հավաքներում սույն օրենքով սահմանված ժամկետից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել պահեստազորի առաջին և երկրորդ խմբի զինվորների և սերժանտների վարժական հավաքների քանակը, չգերազանցելով հավաքներում գտնվելու` սույն օրենքի 37, 38 և 41 հոդվածներով սահմանված ընդհանուր ժամկետները:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 44. Կամավոր կարգով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես ենթասպաներ զինվորական ծառայության են ընդունվում սպայական կոչում չունեցող զինվորները, սերժանտները և զինապարտները:

 

Հոդված 45. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների կողմից զինվորական ծառայություն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:

Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

(45-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85)

 

Հոդված 46. Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում են գտնվում մինչև 55 տարեկան դառնալը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի համար զինվորական ծառայություն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվում է մինչև հետևյալ սահմանային տարիքը.

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ

ժամկետային
զինվորական
ծառայություն

առաջին
խմբի
պահեստազոր

երկրորդ
խմբի
պահեստազոր
երրորդ
խմբի
պահեստազոր
ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԿԱՊԻՏԱՆ  43  45  50  55
ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ՄԱՅՈՐ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ, ԳՆԴԱՊԵՏ 45
50
50
55
55
-
60
60
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ` ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ 55
60
60
-
-
-
65
65

 

Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը համապատասխան, անկախ զինվորական կոչումից հաշվեգրվում են երրորդ խմբի պահեստազորում:

(47-րդ հոդվածը խմբ. 30.03.92 ՀՕ-17)

 

Հոդված 48. Ժամկետային զինվորական ծառայության մեջ սահմանային տարիքի հասած սպաները ենթակա են արձակման Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազոր: Անհրաժեշտության դեպքում նրանց ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

Սպաների ժամկետից շուտ արձակումը կատարվում է`

առողջական վիճակի կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

հաստիքների կրճատման կապակցությամբ.

ատեստավորման արդյունքներով ծառայությանը չհամապատասխանելու դեպքում.

ըստ սպայի հիմնավորված զեկուցագրի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.

Հայաստանի Հանրապետության սպայի բարձր կոչումն արատավորող արարքներ թույլ տալու դեպքում.

դատարանի կողմից դատապարտվելու դեպքում:

 

Հոդված 49. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական պահեստազորը կազմվում է`

ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվեգրված սպաներից, գեներալներից.

բարձրագույն կամ միջնակարգ կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք կատարել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված ստուգարքները հանձնելուց հետո, արձակվելիս ստացել սպայական կոչում.

քաղաքացիական ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստություն ստացած անձանցից, որոնց սահմանված քննությունները հանձնելուց հետո շնորհվել է սպայական կոչում.

զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա շնորհվել է սպայական կոչում:

 

Հոդված 50. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաները անցնում են վարժական հավաքներ: Առաջին խմբի պահեստազորում գտնվողները կարող են կանչվել մեկ հավաքի` մինչև երեք ամիս ժամկետով, երկրորդ խմբի պահեստազորում գտնվողները` երկու հավաքի, յուրաքանչյուրը մինչև երկու ամիս ժամկետով, երրորդ խմբի պահեստազորում գտնվողները` մեկ հավաքի, մինչև երկու ամիս ժամկետով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև մեկ ամսով երկարաձգել պահեստազորի սպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաև քանակը` չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամկետները:

 

Հոդված 51. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական ծառայության.

1) պայմանագրային կարգով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշմամբ.

2) զորակոչի միջոցով` մինչև 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով:

 

Հոդված 52. Պահեստազորում սահմանային տարիքի հասած կամ հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սպաները հանվում են զինվորական հաշվառումից և պաշտոնաթող արվում:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 53. Զինծառայողների և վարժական հավաքների կանչված զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, զինվորական կանոնադրություններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 54. Զինծառայողների վարձատրությունը, սոցիալական ապահովությունը և պաշտպանությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 55. Զինվորական հաշվառման, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու կապակցությամբ քաղաքացիները ազատվում են աշխատանքից` սահմանված կարգով: Նշված պարտականությունները կատարելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում պահպանվում է նրանց միջին աշխատավարձը լրիվ չափով:

 

Հոդված 56. Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի կամ զինապարտի զոհվելու կամ մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները օգտվում են կենսաթոշակային ապահովության իրավունքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 57. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքից, վարժական հավաքներից ու զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաև զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները և վարժական հավաքների կանչված զինապարտները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 58. Զորակոչիկների և զինապարտների հաշվառումը կատարվում է ըստ նրանց բնակության վայրի` զինվորական կոմիսարիատների կողմից:

 

Հոդված 59. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները պարտավոր են 18 տարին լրացած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել Հայաստանի Հանրապետությունում ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու համար նրանց մշտական բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայանալու մասին:

(59-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85) 

 

Հոդված 60. Բնակության վայրը մշտապես կամ ժամանակավոր (մեկուկես ամսից ավելի) փոխելու դեպքում զորակոչիկները և զինապարտները պարտավոր են ներկայանալ բնակության նոր վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:

 

Հոդված 61. Զորակոչիկները և զինապարտները պարտավոր են ներկայանալ շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառումից դուրս գալու և բնակության նոր վայր ժամանելուն պես եռօրյա ժամկետում զինվորական հաշվառման համար:

 

Հոդված 62. Զորակոչիկները և զինապարտները իրենց ընտանեկան դրության, բնակության վայրի, կրթության, աշխատանքի տեղի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում հայտնել այն զինվորական կոմիսարիատին, որտեղ նրանք զինվորական հաշվառման մեջ են գտնվում:

 

Հոդված 63. Պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատի պահանջով զորակոչիկներին և զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին և աջակցել նրանց ներկայանալուն:

 

Հոդված 64. Անհարգելի պատճառներով վարժական հավաքների, կցագրման և զորակոչի չներկայացած անձինք, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների այն ղեկավարները, որոնք խոչընդոտել են նշված անձանց հավաքակետեր կամ զորակոչային տեղամասեր ժամանակին ներկայանալուն, ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 65. Զորակոչիկներին և զինապարտներին պատերազմի ժամանակ արգելվում է առանց շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարի թույլտվության բացակայել մշտական բնակության վայրից, որի խախտման համար ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 66. Բժշկական-փորձագիտական հանձնաժողովները պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով պարտավոր են համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատին հաղորդել հաշմանդամ ճանաչված բոլոր զորակոչիկների և զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:

 

Հոդված 67. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներին հայտնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ զորակոչիկների և զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, տեղը փոփոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին:

 

Հոդված 68. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներին հայտնել այն զորակոչիկների և զինապարտների մասին, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցված, իսկ դատարանները` դատապարտված զորակոչիկների և զինապարտների վերաբերյալ դատավճիռները օրինական ուժի մեջ մտնելու մասին:

Ազատազրկման, պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված զորակոչիկների և զինապարտների զինվորական գրքույկները և զորակոչային տեղամասերին կցագրվելու մասին վկայականները դատարանների կողմից ուղարկվում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԶՈՐԱՀԱՎԱՔ

 

Հոդված 69. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ արտաքին վտանգի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Զորահավաքի կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 70. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զորահավաքի կանչված զինծառայողները զորացրվում են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 9 դեկտեմբերի 1991 թ.
ՀՕ-3