Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-222-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.05.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 61-րդ հոդվածում 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության» բառերը փոխարինել «սույն» բառով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «աշխատանքային պայմանագրի» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտի» բառերով, իսկ «փոփոխման, լուծման» բառերից հետո՝ «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերով հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կամ համապատասխան գործողության (անգործության) կատարման պահից սկսած՝ մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «որոշում՝» բառից հետո լրացնել «ըստ անհրաժեշտության» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերի դեպքում՝ տվյալ վեճի հետ կապված՝ պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերի դեպքում գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (“ex officio”): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածում 1-ին մասը «Վիճարկվող անհատական իրավական ակտի» բառերից հետո լրացնել «կամ գործողության (անգործության)» բառերով, «տվյալ անհատական իրավական ակտի ընդունման» բառերից հետո՝ «, գործողության կատարման» բառերով, իսկ «գործատուի» բառից հետո՝ «, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի» բառերով։

 

Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետը «համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտը» բառերով, իսկ «փոփոխելու, լուծելու» բառերից հետո՝ «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու» բառերով.

2) 2-րդ կետը «աշխատանքային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտը» բառերով, «ենթարկելու» բառից հետո՝ «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու» բառերով, իսկ «գործատու» բառից հետո՝ «, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.3-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 27.3

 

ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 234.13. Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը

 

1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան:

2. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:

3. Նոտարական գործողության կատարման մերժումը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:

4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ սույն օրենսգրքի 234.17-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

5. Սույն գլխով քննության ենթակա չեն նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հետ կապված դիմումները:

 

Հոդված 234.14. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցադիմումում, ի լրումն սույն օրենսգրքի 121-րդ հոդվածով հայցադիմումին ներկայացվող պահանջների, նշվում է նաև նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գործողության կատարումը մերժելու ամսաթիվը, իսկ առանձին նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառած վնասի հատուցման պահանջի դեպքում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։

2. Սույն օրենսգրքի 234.13-րդ հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է հայցադիմումը:

 

Հոդված 234.15. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո

 

1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից հայցադիմումում նշված նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գործողության կատարումը մերժելու գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:

2. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

3. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ։

 

Հոդված 234.16. Ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները

 

1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափության՝ օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

2. Պատասխանողը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 234.17. Դատարանի վճիռը

 

1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին՝ կատարելու հայցվող գործողությունը:

2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու և համապատասխան պահանջի առկայության դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին՝ կատարելու հայցվող գործողությունը:

3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:

 

Հոդված 234.18. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

 

1. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում են սույն գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 303-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետը «աշխատանքային հարաբերությունների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հանրային կամ այլընտրանքային ծառայությունների» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 17

Երևան

ՀՕ-222-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: