Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-194-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.04.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 6-րդ մասում, 60-րդ հոդվածի 12-րդ մասում, 92-րդ հոդվածի 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը և 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բերման ենթարկելու մասին որոշումը դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանություն՝ կատարման:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 101.2-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «հիման վրա կազմված կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով.

2) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասը «5 օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու և դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանի կայացրած որոշումների, որոնք օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ V.1-ին բաժնով.

«ԲԱԺԻՆ V.1

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 31.10

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 222.30. Կատարողական վարույթի հետ կապված դիմումների և միջնորդությունների քննության և լուծման կարգը

 

1. Վարչական դատավարության կարգով կայացված դատական ակտերի հարկադիր կատարման համար հարուցված կատարողական վարույթի շրջանակում վարչական դատարան կամ դատական ակտը կայացրած՝ վերաքննիչ վարչական դատարան կամ վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումներն ու միջնորդությունները քննվում և լուծվում են սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

2. Սույն գլխով նախատեսված դիմումներն ու միջնորդությունները քննվում են նախկինում հարուցված վարչական գործի շրջանակներում։

 

Հոդված 222.31. Կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելը

 

1. Պահանջատերը կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, այդ թվում՝ տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվածից ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելու մասին միջնորդությունները ներկայացնում է վարչական դատարան։

2. Պահանջատիրոջ միջնորդությանը կցվում են միջնորդությունը և դրան կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը տեղեկացնում է պահանջատիրոջը միջնորդությունը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

3. Վարչական դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ միջնորդությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: Վարչական դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։

4. Միջնորդության քննարկման արդյունքներով վարչական դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել։ Վարչական դատարանը բավարարում է միջնորդությունը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտի հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները ճանաչում է հարգելի։ Տարաժամկետ կամ պարբերական կատարում ենթադրող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվածից ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելիս դատարանը սահմանում է այդ ժամանակահատվածը։

5. Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդություն չի կարող ներկայացնել, իսկ ներկայացված միջնորդությունը ենթակա չէ քննարկման, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց է թողնվել ավելի քան 10 տարի ժամկետով, կամ եթե պահանջատերը «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում խնդրում է թույլատրել 10 տարուց ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը։

 

Հոդված 222.32. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պարզաբանումը

 

1. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պահանջը պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է դիմել դատական ակտը կայացրած դատարան` այն պարզաբանելու համար: Հարկադիր կատարողը պարտավոր է դիմումում շարադրել կատարման ենթակա ակտի պարզաբանման կարիք առաջացրած հանգամանքները, հստակ ձևակերպել պարզաբանման ենթակա հարցը, ինչպես նաև նշել կատարողական վարույթի մասնակիցների կազմը և նրանց ծանուցման հասցեները։

2. Դատական ակտը կայացրած դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի պարզաբանման դիմումը՝ ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են հարկադիր կատարողը և կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ:

 

Հոդված 222.33. Հարկադիր կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը

 

1. Կատարողական վարույթի կողմը, իսկ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նաև հարկադիր կատարողը կարող են դիմում ներկայացնել վարչական դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով։ Դիմումին կցվում են դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին և հարկադիր կատարողին ուղարկելու վերաբերյալ ապացույցները։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը դիմողին տեղեկացնում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Վարչական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։

3. Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են կատարողական վարույթի մասնակիցները, իսկ հարկադիր կատարողի դիմումի քննության դեպքում՝ նաև հարկադիր կատարողը (Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը)։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։

4. Դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանը, առաջնորդվելով կատարողական վարույթի նպատակով և կատարողական վարույթի մասնակիցների իրավաչափ շահերի ողջամիտ հարաբերակցության չափանիշով, կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։

 

Հոդված 222.34. Ոչ դրամական պահանջով դատական ակտը չկատարելու համար տուժանք (վերջնական աստրենտ) նշանակելու կարգը

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանը կարող է դատական ակտով հաստատված ոչ դրամական պահանջը չկատարելու համար վերջնական աստրենտ (պարտապանից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձման ենթակա դրամական տուժանք) նշանակել պահանջատիրոջ դիմումով, եթե գործն ըստ էության լուծող դատական ակտով «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով նախնական աստրենտ չի նշանակվել, ինչպես նաև պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով կարող է փոփոխել նշանակված նախնական կամ վերջնական աստրենտի չափը կամ դադարեցնել այն։

2. Նախնական աստրենտ նշանակված չլինելու դեպքում վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտման պահից հետո՝ մեկ տարվա ընթացքում։

3. Դիմումին կցվում են դիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի այն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույցը, որի շահերին առնչվում է դիմումը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը դիմողին տեղեկացնում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Վարչական դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում՝ իր նախաձեռնությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջելով ոչ դրամական պահանջի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Վարչական դատարանն ըստ անհրաժեշտության կարող է կայացնել ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում, ինչպես նաև հրավիրել դատական նիստ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են միայն դիմողը և կատարողական վարույթի այն կողմը, որի դեմ ներկայացվել է դիմումը։

5. Աստրենտի չափը նվազեցնելու կամ այն դադարեցնելու մասին պարտապանի դիմումն ստանալուց հետո վարչական դատարանը կարող է պարտապանի միջնորդությամբ որոշում կայացնել այդ դիմումի պահանջը լրիվ կամ մասնակի ժամանակավորապես բավարարելու մասին՝ մինչև դիմումի ըստ էության քննության արդյունքներով որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանի նման որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Եթե դիմումի ըստ էության քննության արդյունքներով դատարանը մերժում է պարտապանի դիմումը, ապա սահմանում է նաև աստրենտի ժամանակավոր նվազեցման կամ դադարեցման ժամանակահատվածում չվճարված աստրենտի գումարի չափը, որը ենթակա է բռնագանձման հօգուտ պահանջատիրոջ։

6. Աստրենտը նշանակվում, փոփոխվում և դադարեցվում է «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և չափերով։

7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանը կայացնում է որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։

 

Հոդված 222.35. Կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումների քննության և լուծման կարգը

 

1. Եթե լրիվ կամ մասնակի ի կատար ածված դատական ակտը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին նոր դատական ակտ (այսուհետ սույն հոդվածում՝ նոր դատական ակտ), ապա նոր դատական ակտով գույքը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի վերադարձվում է պարտապանին կամ շահագրգիռ այլ անձի (այսուհետ սույն հոդվածում երկուսը միասին՝ շահագրգիռ անձ), կամ շահագրգիռ անձի օգտին բռնագանձվում են դրամական միջոցներ։ Եթե անհնար է գույքը շահագրգիռ անձին վերադարձնել բնեղենով, ապա նրա օգտին դատական ակտով ենթակա են բռնագանձման համարժեք դրամական միջոցներ։

2. Դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծում է գործը քննած վարչական դատարանը՝ շահագրգիռ անձի դիմումով, եթե նոր դատական ակտ կայացրած դատարանը շրջադարձի հարցը չի լուծել։ Շահագրգիռ անձը կարող է դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացնել նոր դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում։

3. Վարչական դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ կիրառում է այդ դիմումի պահանջի ապահովման միջոցներ՝ սույն օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցների կիրառման կանոններով։

4. Վարչական դատարանը դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու՝ իր նախաձեռնությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջելով բեկանված դատական ակտի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Վարչական դատարանը սույն մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

5. Դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։»։

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը «կատարողական թերթ» բառերը «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 222.32-222.34-րդ հոդվածները կիրառվում են այն կատարողական վարույթների առնչությամբ, որոնց նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների, կիրառվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքը։

5. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խախտումը շարունակվում է, ապա վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-194-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: