Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-132-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.03.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.04.2024
Дата вступления в силу
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 4.4.

Օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերը

 

1. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:

3. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:

4. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

5. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:

7. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «զ1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ1) հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարում (վճարում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում (վճարվում) են անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, նույնականացման ընթացքում խաղացողի կողմից նշված բնակության վայրը (գրանցման հասցեն) չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, և գործարքը կատարվել է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեից (գործարքի կատարման պահին չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում), և դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) չեն կատարվում (վճարվում) Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը.»։

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում միևնույն աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր անընդմեջ կարող է կնքվել առավելագույնը երեք տարի։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը, ըստ միջազգային խմբի, չի տարածվում տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա։ Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ և առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ):

4. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտորական եզրակացության հետ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. ապրիլի 8

Երևան

ՀՕ-132-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան