Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.02.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.03.2024
Дата вступления в силу
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում՝

1) «բ» ենթակետի «կարգով վերցնել» բառերը փոխարինել «կարգով վերցնելու կամ առգրավելու» բառերով և նույն ենթակետից հանել «, և որոնք վերցնելը չի խոչընդոտում հարկ վճարողի բնականոն աշխատանքին» բառերը․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը. իրականացնելու տեսաձայնագրում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 332-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ: Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 335-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «առանձին պահանջի (պահանջների)» բառերը փոխարինել «պահանջների» բառով․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թեմատիկ հարկային ստուգման հարցերն են՝

1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը.

2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտությունը.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտությունը.

4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտությունը.

5) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտությունը.

6) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտությունը.

7) հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրսգրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտությունը.

8) հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտությունը.

9) հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները փակցնելը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման ներկայացնելու օրը հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը Օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված կարգով իրավասու է վերցնելու կամ առգրավելու հարկ վճարողի հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր և իրեր, այդ թվում՝ համակարգչային ծրագրեր և էլեկտրոնային ֆայլեր:»․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թեմատիկ ստուգման հանձնարարագիրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ծանոթացման, հետևյալ կարգով.

1) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակը առձեռն ծանոթացման է ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր անգամ խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո, իսկ թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակը առձեռն ծանոթացման է ներկայացվում անմիջապես ստուգումն սկսելիս.

2) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ)՝ Օրենսգրքի 339.1-ին հոդվածով սահմանված կարգով.

3) թեմատիկ հարկային ստուգման շրջանակում Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հայտնաբերված յուրաքանչուր խախտում համարվում է առանձին խախտում.

4) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող ստուգման դեպքում ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք.

5) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի կնքված երկու օրինակի վրա, հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.

6) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:»․

3) 6-րդ մասի «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել «թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման» բառերով, իսկ «այդ ստուգումների» բառերը՝ «այդ ստուգման հարցերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 339.1-ին հոդվածով.

 

«Հոդված 339.1. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը

 

1. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն յուրաքանչյուր հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն.

4) հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը և ազգանունը.

5) հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում՝ այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը).

6) խախտումն արձանագրող յուրաքանչյուր հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը (պահը).

7) հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը.

8) հսկիչ գնման արդյունքները (խախտումների նկարագրությունը)․

9) հարկ վճարողին հանձնարարագիրը հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումը.

10) առարկությունների վերաբերյալ գրառումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության երկու օրինակը արձանագրությունը կազմելու օրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը (անձինք) և հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը (աշխատողները): Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության՝ հարկային մարմնի օրինակի վրա կատարում է գրառում այն ստանալու մասին և հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում: Խախտումների վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է (են) կատարում արձանագրության օրինակների վրա, և արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, որպես թեմատիկ ստուգման ակտի նախագծի անբաժանելի մաս, կցվում է թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծին:

3. Թեմատիկ ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին է (են) վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրա (դրանց) ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով` ապրանքների հետընդունման ակտ։

4. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 340-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Թեմատիկ հարկային ստուգման հարցերը ներառում են Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջներին դրանց կատարման համապատասխանության մասով: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում նույն հարցով նախորդ համալիր հարկային կամ թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանին հաջորդող օրը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում ստուգման ավարտի օրը:»․

2) 6-րդ մասի «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել «Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման» բառերով, իսկ «այդ ստուգումների» բառերը՝ «այդ ստուգման հարցերի» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերում «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել «Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման» բառերով, իսկ 1-ին, 2-րդ մասերում «այդ ստուգումների» բառերը՝ «այդ ստուգման հարցերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետը «(նկարագրական մաս)» բառերից հետո լրացնել «ստուգման ընթացքը տեսաձայնագրված լինելու դեպքում՝ տեսաձայնագրության վերաբերյալ, ինչպես նաև Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով տեսաձայնագրության մասին հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել․

2) 5-րդ մասի 3-4.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել․

3) 8-րդ մասից հանել «, բացառությամբ հսկիչ գնումների, երբ գործում են Օրենսգրքի 345-րդ հոդվածի 5-րդ մասով այդ ուսումնասիրությունների համար սահմանված առանձնահատկությունները» բառերը․

4) 9-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ կետով» բառերով․

5) 13-րդ մասի «2-6-րդ» բառերը փոխարինել «6-րդ» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 345-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 352.1-ին հոդվածով․

 

«Հոդված 352.1. Տեսաձայնագրումը թեմատիկ հարկային ստուգման ընթացքում

 

1. Թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ տեխնիկական միջոցներ) հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:

2. Հարկային մարմինը տեխնիկական միջոցներն օգտագործում է բացառապես ոչ գաղտնի եղանակով:

3. Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչև հսկիչ գնում (գնումներ) կատարելու պահը և կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ խախտման արձանագրման ընթացքում:

4. Թեմատիկ ստուգման՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության հարցի, ինչպես նաև կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելիս խախտման արձանագրման դեպքում տեխնիկական միջոցներով տեսաձայնագրման մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օգտագործվող տեխնիկական միջոցներով ամրագրված տեսաձայնագրությունը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրություններն օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է:

7. Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոցում պահվում են մինչև կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալը:

8. Տեխնիկական միջոցների կիրառմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրելուց հետո հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը հարկային մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) հարկային մարմինը դիմումատուի ցանկությամբ տեսաձայնագրությունը տեղադրում է հարկ վճարողի անձնական գրասենյակում կամ տրամադրում է անհատական ծածկագիր՝ թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք, մուտքագրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, հնարավոր է դիտել և պատճենահանել խախտումն ամրագրած տեսաձայնագրությունը:

9. Հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

10. Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 353-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «վերցնելը» բառից հետո լրացնել «և առգրավելը» բառերով․

2) 1-ին մասի «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով, «մինչև ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում են հարկ վճարողին» բառերը՝ «պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո վերադարձվում են հարկ վճարողին» բառերով, իսկ նույն մասը «կրկնօրինակ» բառից առաջ լրացնել «, տեսաձայնագրությունների» բառով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով․

«1.1. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից գրավոր եղանակով առաջարկված ողջամիտ ժամկետում դրանք չտրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում իրավասու են իրականացնելու բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում՝ Կառավարության սահմանած կարգով:

1.2. Առգրավումն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա:

1.3. Առարկաների և փաստաթղթերի առգրավումն իրականացվում է այն անձանց մասնակցությամբ, որոնցից իրականացվում է առգրավումը: Անհրաժեշտության դեպքում առգրավմանը կարող է ներգրավվել փորձագետ: Առգրավման ընթացքը տեսաձայնագրվում է հարկային մարմնի ղեկավարի հաստատած ցանկում ներառված տեխնիկական միջոցների օգտագործմամբ, բացառությամբ տեխնիկական միջոցների անսարքության և օգտագործման անհնարինության դեպքերի, որի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են համապատասխան արձանագրություն: Տեսաձայնագրությունը կամ տեսաձայնագրման իրականացման անհնարինության արձանագրությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արձանագրությանը: Առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննումը կատարվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա:

1.4. Առգրավումից առաջ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անձին, որից իրականացվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Դրա համար նրանից վերցվում է ստորագրություն: Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է նշում:

1.5. Առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային տարածքները և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, եթե հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:»․

4) 2-րդ մասը «վերցնելու» բառից հետո լրացնել «կամ առգրավելու» բառերով, «վերցված» բառից հետո՝ «կամ առգրավված» բառերով, «պաշտոնատար անձը:» բառերից հետո՝ հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու կամ առգրավելու արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:»․

5) 3-րդ մասի «առգրավված» բառը փոխարինել «վերցված» բառով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 411-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները չփակցնելը

 

1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում՝ համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարությունը (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում է 100 հազար դրամի չափով տուգանք՝ յուրաքանչյուր հասցեում չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ակտի» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվելիս անձի նույնականացումը կարող է իրականացվել հարկային մարմնի սահմանած ցանկում ներառված անձանց նույնականացման հնարավորություն ունեցող ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «(բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի)» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառով․

2) 3-րդ մասի «345-րդ հոդվածի 6-րդ» բառերը փոխարինել «339.1-ին հոդվածի 1-ին» բառերով:

 

Հոդված 17.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-95-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան