Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.01.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.02.2024
Дата вступления в силу
06.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 2-րդ կետի «երեք դատավորի կազմով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ» բառերով.

2) 3-րդ կետի «դատավորների պարզ մեծամասնության կազմով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը «արագացված» բառից հետո լրացնել «կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար։»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարութային գործողությունը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը։»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված վարույթներով նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործն ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաև դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 7-րդ մասում «1-5-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով, իսկ նույն մասը «վարույթների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթների» բառերով:

 

Հոդված 11 Օրենսգրքի 263-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 263.

Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության

 

1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության:

2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության:

3. Մինչև վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ:

4. Վարույթն ըստ տարածքային ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ վարույթի տարածքային ընդդատությանը:

5. Վարույթն ըստ ընդդատության ստացած հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորը առարկայական ընդդատության հարցի որոշման համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են վարույթի առարկայական ընդդատության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:

7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի տարածքային ընդդատության հարցը։

8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերջնականապես լուծում են վարույթի առարկայական ընդդատության հարցը՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում։

9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 271-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «Եզրափակիչ» բառը հանել, իսկ «դատական» բառը փոխարինել «Դատական» բառով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 285-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «քննիչի» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի» բառերով.

2) 2-րդ մասը և 2-րդ մասի 2-րդ կետը «քննիչի» բառից հետո լրացնել

«(սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է։»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 292-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 293-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը դատարանը կայացնում է նաև այն դեպքում, երբ միջնորդության քննության արդյունքով պարզում է, որ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելուց հետո այն չի հիմնավորվել նոր ի հայտ եկած էական հանգամանքներով կամ վերաբերելի լրացուցիչ նյութերով:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 295-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.

2) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է։»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասը «դեպքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 302-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1․ Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին:».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:»։

 

Հոդված 21. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» բառերով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասում «ստորագրում են բոլոր դատավորները» բառերը փոխարինել «կնքվում է, իսկ վերջին էջը ստորագրում են բոլոր դատավորները» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):»։

 

Հոդված 25. Օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:»։

 

Հոդված 27. Օրենսգրքի 392-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 «2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշմամբ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։».

 2) 5-րդ մասի «յոթնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով, իսկ «տասնհինգօրյա» բառը՝ «մեկամսյա» բառով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

 «2.1) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, կամ խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված կանոնները.»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և 10 օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին:»։

 

Հոդված 31. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.2-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 55.2

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 464.6.

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով՝ առաջին անգամ հանցանք կատարած և ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին։

2. Վարույթի նյութերը մեղադրյալի ծանոթացմանը ներկայացնելիս քննիչը ճշտում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:

3. Եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաև մեղադրյալը և նրա պաշտպանը: Արձանագրությունը կցվում է մեղադրական եզրակացությանը:

4. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց առաջ քննիչն իրավասու է մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանալու, թե արդյոք մեղադրյալը գիտակցում է իր միջնորդության բնույթն ու հետևանքները:

 

Հոդված 464.7. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները

 

1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված և ստորագրված արձանագրություն:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝

1) մեղադրյալն անչափահաս է.

2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար.

3) մեղադրյալին մեղսագրվող արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ.

4) մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին.

5) գույքային հայց է հարուցվել մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար.

6) սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս հսկող դատախազն իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկել է դրա դեմ՝ այդ մասին նշում կատարելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ․

7) մեղադրյալը գրավոր հրաժարվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուց․

8) խախտվել է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգը:

 

Հոդված 464.8. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը

 

1. Դատավորը քրեական գործն ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործն ստանալու և որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաև դատավճռի կայացման օրվա մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:

4. Դատարանը որոշում է կայացնում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը դադարեցնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե, ծանոթանալով քրեական գործին, հանգում է հետևության, որ՝

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) առկա է սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը:

 

Հոդված 464.9. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը

 

1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճիռը կայացվում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

3. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերաբերելի դրույթները:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Դատավճիռը պետք է պարունակի պարզաբանում այն բողոքարկելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ։

6. Դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին:

 

Հոդված 464.10.

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

 

1. Սույն օրենսգրքի 464.9-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և 377-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:»:

 

Հոդված 32.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը սույն օրենքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային գործողությունը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը սահմանող Կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է Կառավարություն։

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 2

Երևան

ՀՕ-32-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան