ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով.
«37) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում` իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում, որն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը.»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում՝ տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) հատուցել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով սահմանված կարգով գնահատված վնասը:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-396-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: