Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-59
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.1995-15.11.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/12
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
30.06.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.06.1993
Дата вступления в силу
01.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

«07» հունիսի 1993 Հ.Ն-0841-I

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ 

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բոլոր փուլերում ձևավորվող ավելացված արժեքից պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է:

Ավելացված արժեքն իրենից ներկայացնում է իրացված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների արժեքի և սահմանված կարգով արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքի տարբերությունը: Հարկման համար հիմք են ընդունվում վերը նշված այն ծախքերը, որոնց դիմաց մատակարարների (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ սուբյեկտների) օգտին հաշվարկվել է ավելացված արժեքի հարկ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 2. Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (արտադրական և այլ առևտրային) գործունեություն իրականացնող հետևյալ սուբյեկտները`

1) ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները և կազմակերպությունները, նրանց առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` անկախ սեփականության ձևից` (այսուհետև` ձեռնարկություններ).

2) անհատ ձեռներեցները` իրենց տարեկան եկամուտների (հասույթի) այն մասով, որը գերազանցում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 3. Հարկման օբյեկտ է հանդիսանում բոլոր ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաև`

1) առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ փոխանակվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը կամ մասնակի հատուցումով իրացումը.

2) ձեռնարկության ներսում սեփական սպառմանն ուղղվող այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը, որոնց գծով ծախքերը չեն մտցվում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, ինչպես նաև ձեռնարկության աշխատողներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը.

3) այլ ձեռնարկություններին կամ քաղաքացիներին, ներառյալ ձեռնարկության աշխատողներին, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շրջանառությունը, բացառությամբ պետական ձեռնարկությունների կողմից պետական այլ ձեռնարկությունների հաշվեկշռին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց փոխանցված հիմնական միջոցների և գույքի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները հանդիսանում են առանձին հարկման օբյեկտ:

(3-րդ հոդվածը փոփ. 10.12.94 ՀՕ-127)

 

Հոդված 4. Հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արժեքը, որը ավելացված արժեքի հարկ չի ներառում:

Հարկվող շրջանառությունը չի կարող փոքր լինել սահմանված կարգով արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքից:

 Պետականորեն կարգավորվող մանրածախ գներով և սակագներով բնակչությանը իրացվող հիմնական սպառողական ապրանքների ու ծառայությունների իրացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արժեքի մեջ ներառվում է ավելացված արժեքի հարկը, հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արժեքը, որը ներառում է ավելացված արժեքի հարկը:

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացնելու դեպքերում հարկվող շրջանառությունը որոշվում է, ելնելով դրանց փոխանակման կամ իրացման պահին հարկ վճարողի մոտ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գործող գների և սակագների մակարդակից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Մանրածախ առևտրի ձեռնարկությունների համար հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների իրացման և մատակարարներից այդ ապրանքների ձեռք բերման գների (ներառյալ ավելացված արժեքի հարկը) տարբերությունը:

Այն ապրանքների համար, որոնք հարկվում են ակցիզային հարկով, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ժամանակ հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման համար հարկվող շրջանառությունը որոշելիս հիմք է ընդունվում ներմուծման արժեքը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Ավելացված արժեքի հարկի դրույքաչափը սահմանվում է`

1) ազատ գներով ու սակագներով, ինչպես նաև պետականորեն կարգավորվող մեծածախ գներով ու սակագներով իրացվող արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկվող շրջանառության նկատմամբ` 20 տոկոսի չափով.

2) այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար, որոնց գների, սակագների մեջ արդեն ներառված է ավելացված արժեքի հարկը` 16,67 տոկոսի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱԶԱՏՈՒՄԸ

 

Հոդված 6. Ավելացված արժեքի հարկից ազատվում են`

1) նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները և Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա (բացի նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից) բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների արտահանումը,

2) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների (ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները) անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,

3) սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները,

4) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով ուղևորների փոխադրման ծառայությունները,

5) բնակարանային վարձը` ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,

6) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունները` ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,

7) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետևանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը,

8) կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,

9) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, վարկի հատկացմանը, ինչպես նաև դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,

10) վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի, դրամի, բանկային տոմսերի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից), ինչպես նաև արժեթղթերի (բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր և այլն) շրջանառությանը վերաբերող գործառնությունները (բացի բրոքերային և այլ միջնորդական գործառնություններից): Բացառություն են կազմում դրանց պատրաստման և պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

11) փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախղերի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,

12) այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,

13) խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը` հիմնական գործունեության գծով, եթե Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,

14) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, հիվանդների և ծերերի խնամքի հետ կապված ծառայությունները,

15) թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը և ծիսակատարությունները,

16) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները,

17) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,

18) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքները (աշխատանքներն ու ծառայությունները),

19) գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,

20) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ,

21) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետությունների պետական բյուջեների և համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական աշխատանքները,

22) թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի և արդյունաբերական այլ ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական գանձատանը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը,

23) դպրոցական դասագրքերը, տետրերը և դրանց վաճառքը,

24) բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը:

(6-րդ հոդվածը խմբ. 10.12.94 ՀՕ-127)

 

Հոդված 7. Ավելացված արժեքի հարկի գծով սահմանված արտոնություններից վճարողներին օգտվում են միայն հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման շրջանառության առանձնացված հաշվառում իրականացնելու դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) իրացվում են ավելացված արժեքի հարկի գումարի չափով ավելացված գներով (սակագներով): Ընդ որում, իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը նշվում են առանձին տողով: Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) բնակչությանը իրացվում են սահմանված դրույքաչափով ավելացված արժեքի հարկի գումարը ներառող գներով (սակագներով):

 

Հոդված 9. Արտադրական նպատակներով ձեռք բերված և օգտագործվող հումքի, նյութերի, վառելիքի, կոմպլեկտավորող և այլ իրերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների համար վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության և շրջանառության ծախքերին չի դասվում, բացառությամբ սույն օրենքի 11 և 12 հոդվածներով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 10. Ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար գնորդներից (պատվիրատուներից) ստացված հարկի գումարների և արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների դիմաց մատակարարներին (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ սուբյեկտներին) վճարված հարկի գումարների տարբերություն:

Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած`

ա) միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը.

բ) 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:

Հիմնական միջոցների պասսիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:

Անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից փաստացի ստացված զուտ եկամտից` 16.67 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

(10-րդ հոդվածը խմբ. 10.12.94 ՀՕ-127)

 

Հոդված 11. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարները միացվում են արտադրության և շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:

(11-րդ հոդվածը փոփ. 10.12.94 ՀՕ-127)

 

Հոդված 12. Անհատ ձեռներեցներն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման դեպքում արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի (աշխատանքների և ծառայությունների) համար մատակարարներին վճարված հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին:

 

Հոդված 13. Այն դեպքում, երբ ձեռք բերված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հարկի գումարին, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է հարկի ընդհանուր մուտքերի հաշվին` ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների ներկայացումից հետո 10-օրյա ժամկետում:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ավելացված արժեքի հարկը վերադարձվում է, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ չի նախատեսված:

Սույն հոդվածի կիրառումը ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ կարգավորվում է ԱՊՀ անդամ երկրների միջև իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց հաշվարկների ժամանակ ավելացված արժեքի հարկի գանձման սկզբունքների մասին միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա` յուրաքանչյուր առանձին պետության (այդ թվում ԱՊՀ անդամ չհանդիսացող) հետ կնքված պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 15. Ավելացված արժեքի հարկը ձեռնարկությունները վճարում են, ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման փաստացի շրջանառությունից, հետևյալ կարգով`

մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափով միջին ամսական վճարումների դեպքում` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 25-ը.

միջին ամսական վճարումների գումարը Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում` ամիսը մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 25-ը:

 

Հոդված 16. Ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը (կամ նախորդ եռամսյակի հաշվարկով` միջին ամսական վճարումների գումարը) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարային երկու մուծում հարկի այդ գումարի 1/2-ի չափով` մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը:

(16-րդ հոդվածը խմբ. 10.12.94 ՀՕ-127)

 

Հոդված 17. Իրացման շրջանառության կատարման օր է հանդիսանում բանկային հաշիվներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար միջոցների ստացման, իսկ կանխիկ դրամով հաշվարկների դեպքում` հասույթը դրամարկղ մուտք լինելու օրը:

Այն ձեռնարկություններում, որոնց համար սահմանված կարգով իրացման օր է ընդունվում ապրանքների առաքման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) օրը, իրացման շրջանառության կատարման օր է համարվում ապրանքների առաքման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) և դրանց համար գնորդներին (պատվիրատուներին) հաշվարկային փաստաթղթերի ներկայացման օրը:

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման (այդ թվում փոխանակման) դեպքում շրջանառության կատարման օր է հանդիսանում դրանց իրացման (փոխանակման) օրը:

 

Հոդված 18. Վճարողները հարկի վճարման համար սահմանված ժամկետներում իրենց գտնվելու վայրի հարկային մարմնին ներկայացնում են հաշվետվություն հաշվարկված և վճարված հարկի գումարների մասին:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, գերատեսչությունների, միավորումների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին թույլատրվում է ավելացված արժեքի հարկը վճարել և հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կամ նրանց համար հատուկ սահմանվող կարգով:

(19-րդ հոդվածը փոփ. 10.12.94 ՀՕ-127)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 20. Սույն օրենքի խախտման համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21. Սույն օրենքի 8 հոդվածում սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի գումարը առանձին տողով չնշելու դեպքում վճարողը բյուջե է մուծում տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով:

 

Հոդված 22. Ավելացված արժեքի հարկի գումարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով:

Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում բյուջե վճարման ենթակա այն գումարները, որոնք ցույց չեն տրվել հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվեկշիռներում, հաշվարկներում և հայտարարագրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ, դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման կարգ և արտոնություններ:

 

Հոդված 24. Սույն օրենքի կիրարկման հրահանգը մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 30 հունիսի 1993 թ.
ՀՕ-59