ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 12.11.12 ՀՕ-209-Ն)
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի շահութահարկի, կենսաթոշակային վճարի (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ) և սոցիալական վճարի անձնավորված հաշվառում (այսուհետ` անձնավորված հաշվառում) իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
(1-ին հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-81-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-217-Ն, 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 2. | Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը |
1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և իրավական այլ ակտերով:
(2-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 3. | Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
2) ինքնազբաղված անձ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի.
4) նոտար` համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պայմանագրային եկամուտ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
6) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.
7) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.
8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.
9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.
10) անձնավորված հաշվառում` գրանցման հայտ, անձնավորված (պարզեցված) հաշվարկ ձևավորելը, ներկայացնելը, ֆիզիկական անձի համար անհատական հաշիվ բացելը, ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.
11) գործատու` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 4. | Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրները |
1. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են`
1) հարկային օրենսդրության կիրառման և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը.
2) մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը և հաշվարկ-կանխատեսումների իրականացումը.
3) կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը.
4) ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:
Հոդված 5. | Անձնավորված հաշվառման սկզբունքները |
1. Անձնավորված հաշվառման սկզբունքներն են`
1) անձնական տվյալների հաշվառման անձնավորված լինելը.
2) եկամտային հարկ, շահութահարկ և սոցիալական վճար վճարած յուրաքանչյուր ֆիզիկական անձի` անձնավորված հաշվառման համակարգում պարտադիր ընդգրկված լինելը.
3) իրեն վերաբերող տվյալների հասանելի լինելը ֆիզիկական անձին (տվյալների սուբյեկտին).
4) տեղեկատվական բազայում ներառված տվյալների օգտագործումը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են և կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտին և երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաև երրորդ անձանց տրամադրվող տվյալները և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(5-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն, 18.05.15 ՀՕ-53-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 6. | Անձնավորված հաշվառում իրականացնող մարմինը |
1. Անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
(6-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 7. | Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները |
1. Տեղեկատվական բազան ներառում է`
1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները.
ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և, առկայության դեպքում, նույնականացման քարտի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարին,
գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
դ. սեռը,
ե. բնակության վայրի հասցեն,
զ. քաղաքացիությունը,
է. առնչությունը սոցիալական վճարներ կատարելուն,
ը. (ենթակետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-70-Ն)
2) վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողների) դեպքում նաև`
ա. աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի) սկիզբը և վերջը, մասնագիտությունը (պաշտոնը)` ըստ գործատուների,
բ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը,
գ. հաշվարկված (վճարված) աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, դրանցից հաշվարկված, վճարված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը` ըստ ամիսների,
դ. վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների,
ե. հարկվող եկամտից նվազեցված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում),
զ. սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում` վճարման ենթակա եկամտային հարկը և սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերը,
է. գործատուի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով սոցիալական վճարը չփոխանցվելու դեպքում հաշվարկված տույժերը,
ը. վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը),
թ. վարձու աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը).
3) անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև`
ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեության տեսակը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին (նոտարի դեպքում` պաշտոնում նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին),
բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում),
գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի, հաշվարկված և վճարված շահութահարկի (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի) չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով շահութահարկը (եկամտային հարկը) չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,
դ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին,
ե. վճարած շահութահարկի կանխավճարների չափը` վճարման օրը, ամիսը և տարին.
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև`
ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը,
բ. վճարված շահութահարկի չափը` ըստ ամիսների,
գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների,
դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին.
5) ինքնազբաղվածի դեպքում նաև`
ա. գործունեության տեսակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված զբաղմունքների դասակարգչի,
բ. որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,
գ. որպես ինքնազբաղված անձ ստացած` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումներ փոխանցելու օրը, ամիսը և տարին,
դ. (ենթակետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-285-Ն)
6) վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարների չափերը, նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը, այդ գումարները փաստացի վճարելու ամիսը:
2. Տեղեկատվական բազան ներառում է նաև գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա և մասնագիտական ուսուցում կազմակերպելու շրջանակներում ներգրավված փորձնակի և աշակերտի վերաբերյալ հետևյալ տվյալները.
1) անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
2) անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
4) աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը.
5) աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը:
(7-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-81-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-70-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-211-Ն, 16.12.16 ՀՕ-259-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-285-Ն, լրաց. 03.05.23 ՀՕ-162-Ն)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-288-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)
Հոդված 8. | Անհատական հաշիվը |
1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատվական բազայում ներառված անձնական տվյալների ամբողջությունն է:
2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը`
1) գործատուի ներկայացրած գրանցման հայտի հիման վրա.
2) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի հարկային հաշվառման կանգնելու հիման վրա.
3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից լիազոր մարմին ներկայացված` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով անձի միանալու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա.
4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի՝ հարկային հաշվառման կանգնելու հիման վրա:
3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(8-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն, 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 9. | Տեղեկատվական բազայի ձևավորումը և վարումը |
1. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`
1) գործատուներից.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից:
2. Գործատուները և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի և անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:
Լիազոր մարմինը գործատուներին և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով:
3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:
4. Գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների, գրանցման հայտի ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 10. | Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը |
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`
1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.
5) սույն մասով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:
1.1. Գրանցման հայտ է ներկայացվում նաև վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով իրավանախորդ և իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից` վարձու աշխատողների տեղափոխման դեպքում:
2. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած անձնավորված հաշվարկը պարունակում է՝
1) անձնավորված տեղեկություններ նախորդ ամսվա (տարվա) ընթացքում իր հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.
2) ամփոփ տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
3. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
5. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-285-Ն)
6. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուն իր վարձու աշխատողների համար գրանցման հայտ չի ներկայացնում:
7. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` գործատուի համար սույն հոդվածով սահմանված կարգով: Այդ նպատակով հարկային մարմինը վերջինիս տրամադրում է համապատասխան հաշվառման համար:
(10-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-259-Ն, 17.11.17 ՀՕ-217-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 11. | Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը |
(վերնագիրը փոփ. 20.06.13 ՀՕ-81-Ն)
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:
2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա և եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:
4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավորված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-81-Ն, 21.06.14 ՀՕ-70-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-285-Ն)
Հոդված 12. | Ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը |
1. Լիազոր մարմինը գրանցման հայտի կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված տվյալները համադրում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմիններից ու այլ կազմակերպություններից ստացած տեղեկատվության հետ:
2. Եթե ներկայացված տվյալներում անճշտություններ չեն հայտնաբերվում, ապա լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:
3. Ներկայացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկն ընդունելը՝ այդ մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկը համարվում է չներկայացված:
4. Տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 13. | Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը |
1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե`
1) տվյալներում առկա են անճշտություններ.
2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որևէ տվյալ:
2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել`
1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը).
2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը):
3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում`
1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի հիման վրա.
2) պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա.
3) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.
4) հարցը ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:
Սույն մասի 1-ին կետով սահմանված` ճշտված անձնավորված հաշվարկ ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
4. Պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. | Տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը |
1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը տվյալներ է տրամադրում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.
2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.
3) Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին:
Հոդված 15. | Ֆիզիկական անձանց իրավունքները և պարտականությունները |
1. Ֆիզիկական անձն իրավունք ունի`
1) Հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով լիազոր մարմնից ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
2) իր անհատական հաշվում առկա անձնական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմելու լիազոր մարմնին կամ գործատուին.
3) գործատուից անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացրած իր անհատական տվյալների կրկնօրինակը.
4) դատական և վարչական կարգով բողոքարկելու կամ վիճարկելու լիազոր մարմնի կամ գործատուի պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը:
2. Ֆիզիկական անձը պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.
2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր.
3) գործատուին և լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթեր:
(15-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն, 17.11.17 ՀՕ-217-Ն)
Հոդված 16. | Գործատուի իրավունքները և պարտականությունները |
1. Գործատուն իրավունք ունի`
1) իր վարձու աշխատողներից և պայմանագրային եկամուտ ստացողներից պահանջելու և ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.
2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին վերաբերող տվյալները:
2. Գործատուն պարտավոր է`
1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկ և գրանցման հայտեր.
2) իր վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացրած նրա անձնական տվյալների կրկնօրինակը:
(16-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-53-Ն)
Հոդված 17. | Լիազոր մարմնի լիազորությունները |
1. Լիազոր մարմնի լիազորություններն են`
1) գործատուից, ֆիզիկական անձանցից և պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.
2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանել գործատուների և ֆիզիկական անձանց ներկայացրած գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները.
4) գործատուին ծանուցել նրա ներկայացրած տվյալներում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.
5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
6) գործատուներին և ֆիզիկական անձանց ապահովել հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին.
7) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով Կենտրոնական բանկից Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում են Կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:
(17-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-217-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-598-Ն)
(23.12.22 ՀՕ-598-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18. | Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքը խախտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 19. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ սոցիալական վճարին առնչվող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար:
3. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքով սահմանված կարգով տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը` 2013 թվականի համար:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվառման կանգնած անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները 2012 թվականի համար հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, գործատուները պարտավոր են լիազոր մարմին գրանցման հայտեր ներկայացնել այն անձանց համար, որոնց հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ եղել են աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների մեջ:
(19-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-70-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|