ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու ժամանակահատվածում:
2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից և (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
3. Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների և ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու և վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն oրենքում oգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը.
2) հաշմանդամություն ունեցող անձ՝ անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.
3) միջավայրային գործոններ՝ միջավայրի ֆիզիկական և սոցիալական գործոններ, որոնք ազդեցություն են թողնում անձի և կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա.
ա. ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսևորումներով (այդ թվում՝ ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական), բնակության և գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական և հասարակական կյանքը,
բ. սոցիալական միջավայր՝ անձին շրջապատող և նրա գոյության ու գործունեության հասարակական (այդ թվում՝ հասարակության վերաբերմունքը), տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր պայմանների ամբողջությունը.
4) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական և հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը և խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.
5) սոցիալական ներառում՝ հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը.
6) համընդհանուր դիզայն՝ ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության յուրաքանչյուր անձի համար առավելագույն չափով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.
7) աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք բժշկական միջամտությամբ փոխպատվաստված են կամ փոխարինողն են որևէ սարքի.
8) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան՝ իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.
9) (կետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
10) մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցությունների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային և գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.
11) խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն.
12) անկախ կյանք՝ միջավայրային և անհատական գործոնների, ծառայությունների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու, բնակության վայրը ընտրելու, համայնքում ապրելու, բնակչության համար նախատեսված համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով.
12.1) անկախ կյանքի ծառայություն՝ ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.
13) անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու).
14) հաշմանդամության հիմքով խտրականություն՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և (կամ) ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը և (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումն է: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը.
15) ծառայությունների անհատական ծրագիր՝ ըստ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.
16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն.
17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝ որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ, որը հիմք է կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար.
18) փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման կամ վերանորոգման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը.
19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջներ, ինչպես նաև այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-262-Ն, 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 4. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման շրջանակներում տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական և օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումների ամբողջությունն է:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման և համագործակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունն ապահովելուն:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են՝
1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).
2) պետական կառավարման համակարգի այլ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները.
3) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝
ա. միասնական սոցիալական ծառայությունը,
բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),
գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը.
4) Մարդու իրավունքների պաշտպանը.
5) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական և սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները.
6) սույն մասի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաև սույն մասի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը:
Հոդված 5. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝
1) պետական բյուջեի միջոցներից.
2) համայնքի բյուջեի միջոցներից.
3) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.
4) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Կառավարությունը:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր ծրագրին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները՝ այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝
1) մյուսների հետ հավասար հիմունքներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովումը:
(6-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) խտրականության բացառումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը.
3) հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին լիարժեք և արդյունավետ մասնակցությունն ու ներգրավվածությունը.
4) հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի, նախապաշարումների վերացումը.
5) hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ հարգանքը և նրանց՝ որպես մարդկային բազմազանության մաս ընդունելը.
6) hաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը.
7) հնարավորությունների հավասարությունը՝ անկախ հաշմանդամությունից, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու հնարավորություններ ունենալը.
8) հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև.
9) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիությունը և հասցեականությունը.
10) մատչելիությունը.
11) հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանքը և երեխայի լավագույն շահը.
12) հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը.
13) համագործակցությունը և սոցիալական գործընկերության ապահովումը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և աջակցող ցանցի մասնակցության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման գործընթացին՝ նրանց համար մատչելի եղանակով.
14) պետական և համայնքի բյուջեի միջոցներից կատարվող ֆինանսավորման համընդհանուր ներառականությունը, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների հնարավորին չափ համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին:
Հոդված 8. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովումը՝ անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից և այլ հանգամանքներից.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը՝ զբաղվածությանը, կրթությանը և կենսագործունեության այլ ոլորտներում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով.
3) համընդհանուր դիզայնի սկզբունքների առավելագույն պահպանումը, դրանց հիման վրա ստանդարտների մշակումը և հաստատումը, հետազոտությունների իրականացումը, կրթական և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացումը.
4) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների ստեղծման և զարգացման խթանումը, աջակցող միջոցների, այդ թվում՝ ծառայությունների ստեղծմանը և կիրառմանը միտված ծրագրերի (միջոցառումների) իրականացումը.
5) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների վերաբերյալ տեղեկությունների մատչելիության և հասանելիության ապահովումը.
6) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը.
7) համայնքներում մատչելի ծառայությունների ստեղծումն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և դրանց բարելավումը.
8) հաշմանդամություն ունեցող անձանց՝ բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու և ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաև որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը.
9) հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ներառմանը միտված միջոցառումների, մատուցվող ծառայությունների և տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության և հասցեականության ապահովումը.
10) ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝ իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովմամբ.
11) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի ապահովումը.
12) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը.
13) հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով:
Հոդված 9. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է՝
ա. համալիր ծրագիրը,
բ. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,
դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,
ե. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը,
է. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
3) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(9-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-262-Ն, փոփ., խմբ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10. | Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Լիազոր մարմինը՝
1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության քաղաքականությունը.
2) մշակում է համալիր ծրագրի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև աջակցող ցանցի հետ.
3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները.
3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին.
4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.
5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ՝ ըստ անհրաժեշտության.
5.1) հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով և հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները.
6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների և հաստատությունների վերաբերյալ, պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն.
7) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2.
3.
(10-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-384-Ն, 09.06.22 ՀՕ-262-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-534-Ն, փոփ., լրաց. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 22.12.23 ՀՕ-9-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից)
Հոդված 11. | Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը |
1. Համալիր ծրագիրն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը: Համալիր ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքներն ու ուղղությունները:
2. Համալիր ծրագիրը ներառում է՝
1) հիմնական նպատակը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում իրավիճակի, վիճակագրական և այլ տվյալների վերլուծությունը, գնահատումներն ու կանխատեսումները.
3) իրականացվելիք աշխատանքների (միջոցառումների, ծրագրերի, գործողությունների) բնույթը, ծավալները, առաջնահերթությունները և ժամկետները, այդ թվում՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումներ (այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված ծառայությունները),
բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավայրային գործոնների ապահովման համար իրականացվելիք աշխատանքները, այդ թվում՝ նրանց համար ֆիզիկական միջավայրի, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության, այլ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները,
դ. հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին տրամադրվող պետական աջակցության եղանակները.
4) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները.
5) ակնկալվող արդյունքները՝ ընթացիկ և վերջնական թիրախային ցուցանիշները.
6) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը.
7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են համալիր ծրագրի համակողմանի ներկայացման համար:
3. (մասն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
(11-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. | Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ
Հոդված 13. | Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը |
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է:
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ուղղված՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելմանը.
2) հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը.
3) հատուկ ժամանակավոր միջոցների կիրառմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փաստացի հավասարությանը հասնելու և նրանց հիմնարար ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով:
Հոդված 14. | Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը |
1. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը:
2. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:
3. Առողջապահության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են ապահովելու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ներառականությունը և արդյունավետությունը:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը խթանելուն և ապահովելուն, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերի հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, անձի մասնագիտական ունակությունները, հմտությունները, կարողությունները պահպանելու և զարգացնելու, աշխատատեղը մատչելի դարձնելու (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու) և այլ միջոցներով:
5. Վերականգնողական միջոցառումները միտված են անձի սոցիալական, այդ թվում՝ անկախ կյանքի հմտությունների պահպանմանն ու զարգացմանը: Վերականգնողական գործընթացի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովվում է արժանապատիվ կենսագործունեության համար անհրաժեշտ աջակցություն:
6. Կրթության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են անձի մտավոր կարողությունները, անհատականությունը, տաղանդը և ստեղծագործական միտքը զարգացնելուն, այդ թվում՝ բոլոր ուսումնական և կրթական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի ու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելու միջոցով:
7. Առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող և վերականգնողական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները սահմանվում են օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան բնագավառի տեսչական մարմինները:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. | Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրականացումը, ապահովումը, խթանումը և ազատությունների պաշտպանությունը |
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար կարող են սահմանվել առավել բարենպաստ պայմաններ ստեղծող հատուկ միջոցներ՝ մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Հատուկ միջոցները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:
2. Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և աջակցում է դրանց լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության հիմքով որևէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը:
3. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր ոլորտների ծրագրերում, գործողություններում և այլ միջոցառումներում պետությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը և առաջնորդվում է դրանց առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ: Երեխայի կարծիքը ենթակա է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության՝ հաշվի առնելով երեխաների զարգացող կարողությունները: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց առողջական վիճակին և տարիքին համապատասխան աջակցության տրամադրումը՝ իրենց իրավունքներն իրականացնելու համար:
4. Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
5. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ՝ ուսման վարձի փոխհատուցում):
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցում չի կատարվում, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց ֆունկցիոնալության ծանր կամ խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում չի սահմանվել:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք շարունակում են ստանալ փոխհատուցում պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց սահմանվել է առնվազն միջին աստիճանի սահմանափակում:
8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները ստանում են ուսման վարձի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով նրանց սահմանվել է ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում:
9. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով սահմանված հիմքերով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:
10. Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
11. Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք: Անվճար բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ դեղեր տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
12. Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում է արդարադատության մատչելիության իրավունքի իրականացումը՝ դատական գործընթացներին նրանց մասնակցությունը ապահովելու համար ստեղծելով մատչելի պայմաններ և տրամադրելով անհրաժեշտ հարմարեցումներ:
13. Պետությունը ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ՝ կանխելու հաշմանդամություն ունեցող անձանց խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը:
14. Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը արտակարգ իրավիճակներում: Հատուկ միջոցները և դրանց իրականացման պայմանները սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
15. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համայնքում ապրելու, հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքը, այդ թվում՝ մյուսների հետ համահավասար հիմունքներով ընտրություն կատարելու հնարավորությամբ, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու իրավունքը՝ համապատասխան ծառայություններ մատուցելու միջոցով (այդ թվում՝ անհատական աջակցություն, տնային սպասարկում և այլն):
16. Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձևով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության և հաշմանդամության վերաբերյալ ազգային ռազմավարություններից բխող, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին միտված գործողությունների ծրագրերում:
17. Հաշմանդամություն ունեցող անձինք ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում ապահովվում են համապատասխան պայմաններով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր ծրագրի համաձայն: Ազատազրկման վայրում և նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն և տեղեկություններ՝ իրենց համար մատչելի եղանակով, ինչպես նաև իրականացվում են այդ անձանց սոցիալական ներառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Հաշմանդամություն ունեցող անձինք ամուսնության և ընտանեկան հարաբերությունները լիարժեքորեն իրականացնելու նպատակով իրավունք ունեն՝
1) ազատ և լիակատար համաձայնության հիման վրա ամուսնանալու և ընտանիք կազմելու.
2) ազատ և պատասխանատու որոշումներ կայացնելու երեխաների թվի և նրանց ծնվելու ժամկետների մասին, ստանալու մատչելի տեղեկություններ վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման վերաբերյալ.
3) խնամակալության, հոգաբարձության, խնամատարության ու երեխաների որդեգրման, աջակցություն ստանալու ծնողական պարտականությունները կատարելու ընթացքում:
19. Պետությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի երեխան չբաժանվի (չառանձնացվի) հաշմանդամություն ունեցող ծնողից (ծնողներից) նրա (նրանց) հաշմանդամության պատճառով՝ ծնողի (ծնողների) կամքին հակառակ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
20. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) յուրաքանչյուրն իր մասով ապահովում են աշխատողների վերապատրաստումը և (կամ) ուսուցումը և (կամ) վերաորակավորումը, տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորման ժամանակակից մոտեցումների ու սկզբունքների, մատուցվող ծառայությունների, էթիկայի կանոնների, հավասար հնարավորությունների, մատչելի պայմանների ու այլ գործընթացների վերաբերյալ:
(15-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. | Մատչելիությունը |
1. Մատչելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նախապայման և հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղություն, ներառում է՝
1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունը.
2) տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունը:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել օգտվելու պայմանների ստեղծումը:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները մշակում և հաստատում է քաղաքաշինության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում և հաստատում է ուղեցույց:
(16-րդ հոդվածը խմբ. 08․12․22 ՀՕ-534-Ն)
(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 17. | Ֆիզիկական միջավայրի մատչելիությունը |
1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովվում է հետևյալ հիմնական գործընթացների միջոցով.
1) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ համընդհանուր դիզայնի սկզբունքների հիման վրա՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների հաստատումը.
2) ֆիզիկական միջավայրային արգելքների վերացումը.
3) տարածքային պլանավորման, շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը.
4) հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի մշակումն ու իրականացումը, ընդ որում, ծրագրով առնվազն պետք է նախատեսվեն՝
ա. համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան, իսկ դրա լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում՝ օժանդակ հարմարանքներով և աջակցող միջոցներով օդանավակայանների, ճոպանուղիների, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների, կանգառների, ստորգետնյա և վերգետնյա անցումների վերասարքավորման համար անհրաժեշտ միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները,
բ. օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ավտոբուսների պարտադիր պայմանի ամրագրումը,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար տրոլեյբուսների մատչելիության պայմանի ամրագրումը,
դ. հաշմանդամություն ունեցող անձանց համար երթևեկության սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիների կազմման համար իրականացվող միջոցառումները,
ե. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի և անհրաժեշտ վայրերում տրանսպորտային միջոցների կանգառների սահմանումը.
5) ծառայությունների անհատական ծրագրերին համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակելի տարածքների (շինությունների) սարքավորումը օժանդակ հարմարանքներով՝ բնակելի ֆոնդի ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար հատկացվող կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
6) իրենց մասնագիտության և աշխատանքի բնույթով պայմանավորված՝ տարածքային պլանավորման, շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծմամբ, մշակմամբ, ստեղծմամբ զբաղվող, ինչպես նաև փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ կատարող անձանց (մասնագետներին, այդ թվում՝ ճարտարապետներին, ինժեներ-շինարարներին) և կազմակերպություններին՝ միջավայրային արգելքների, դրանց վերացման, համընդհանուր դիզայնի և հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովելու վերաբերյալ պետության որդեգրած քաղաքականությունը հասանելի դարձնելը.
7) շարժունակության և կողմնորոշման հմտությունների վերաբերյալ ուսուցումների կազմակերպումը՝ այդպիսի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող անձնակազմի համար:
2. Համալիր ծրագրով կարող է նախատեսվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում:
3. Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում նաև հիմնանորոգումը), եթե իրականացման արդյունքները չեն համապատասխանելու համընդհանուր դիզայնի սկզբունքներին կամ այլ կերպ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար:
4. Կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները փուլային կարգով վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։
5. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատում է տրանսպորտի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
(17-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 13.09.23 ՀՕ-275-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից)
Հոդված 18. | Տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը |
1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համար մատչելի և նախընտրելի ձևաչափերով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը:
2. Պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավոր տեղեկությունների ստացման մատչելիությունը: Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն ստանալու մատչելիությունն ապահովելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա ընթացքում հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ և (կամ) հայերեն բաց կամ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) տեսալսողական հաղորդումների նվազագույն քանակները և պահանջները:
3. Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (ներառյալ ուշ տարիքում տեսողությունը կորցրած) անձանց համար պետությունը երաշխավորում է բրայլյան համակարգի ուսուցման և բրայլյան համակարգով կատարվող ուսուցումը (անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ուսուցումը), խոշոր տառատեսակների, անձի համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի կիրառումը, ինչպես նաև էկրանից ընթերցելու ուսուցումը և դրանց օգտագործման համար ապարատային և ծրագրային ապահովումը:
4. Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է մատչելի ուսումնական նյութերի և ուսումնական ծրագրերի կազմակերպումը: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց պարզ և մատչելի ձևով հաղորդակցվելու իրավունքը:
5. Խոսքի և հաղորդակցման խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցումն ապահովելու համար խթանվում է հաղորդակցության ուժեղացման և այլընտրանքային միջոցների, ռեժիմների և ձևաչափերի ներդնումը, ներառյալ ուսուցման և աջակցող միջոցներով ապահովումը:
6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից և միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունն ապահովվում է նաև հետևյալ գործընթացների միջոցով.
1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող պահանջները մշակելը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ.
2) կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, հաղորդակցության ոլորտներում իրավական ակտերի, այդ թվում՝ դրանցով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերի (կարգերի, հրահանգների, տեխնիկական ակտերի, կանոնների, կանոնակարգերի, ստանդարտների և այլն) նախագծման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը.
3) տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը, իսկ համընդհանուր դիզայնի սկզբունքների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք օգտագործելի դարձնելը.
4) սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեսալսողական մեդիածառայություն մատուցողները հայերեն ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ և (կամ) հայերեն բաց և փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) հեռարձակվող տեսալսողական հաղորդումների եթերաժամերի քանակի աստիճանական և շարունակական ավելացման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումներ մշակելը և իրականացնելը համալիր ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն.
5) զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությանը միտված աշխատանքների, միջոցառումների, ծրագրերի պարբերաբար լուսաբանումն ապահովելը, ընդ որում, սույն կետով նախատեսված տեղեկությունները պետք է հրապարակվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակով.
6) հաշմանդամություն ունեցող անձանց համար համացանցից (ինտերնետից) օգտվելու մատչելիությունն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելը՝ համալիր ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն.
7) համաժողովների, կլոր սեղանների, քննարկումների, սեմինարների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք մատչելի ձևաչափով տեղեկատվություն ապահովելը (բրայլյան համակարգով նյութեր, հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն և այլն):
7. Համալիր ծրագրով կարող է նախատեսվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում:
8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը պետք է համապատասխանեն պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջներին, որոնք հաստատում է Կառավարությունը:
(18-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 19. | Համընդհանուր դիզայնի սկզբունքները |
1. Համընդհանուր դիզայնի հիմնական սկզբունքներն են՝
1) հավասար կիրառելիությունը տարբեր կարողություններ ունեցող անձանց կողմից.
2) կիրառման ճկունությունը.
3) պարզությունը և ինտուիտիվ լինելը՝ անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման կարողությունից.
4) տեղեկատվության ընկալելիությունը՝ անկախ անձի լսողական և տեսողական ունակություններից.
5) սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգները կամ վնասակար հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով սխալների նկատմամբ հանդուրժողականությունը (դիմացկունությունը).
6) նվազագույն ֆիզիկական ջանքի կիրառմամբ օգտագործումը.
7) օգտագործման համար համապատասխան չափսի և տարածության առկայությունը՝ անկախ օգտագործողի մարմնի չափսերից, կեցվածքից և շարժունակությունից:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 20. | Խելամիտ հարմարեցումների ապահովումը |
1. Աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով:
2. Խելամիտ հարմարեցումների ապահովման ժամկետներն ամրագրվում են աշխատողի կամ ուսանողի հետ կնքվող համապատասխան պայմանագրերով:
3. Ինտերակտիվ երկխոսությունից հետո առաջացած անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր):
4. Պարտականություն կրողը կարող է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը, չառաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն, եթե հիմնավորում է, որ այն իրագործելի չէ (իրավական և (կամ) գործնական տեսանկյուններից), համապատասխան չէ (խելամիտ հարմարեցումը չի համապատասխանում նպատակին կամ անհրաժեշտ չէ), օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով անհամաչափ է կամ առաջացնում է անհարկի բեռ:
5. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 21. | Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքը |
1. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար անկախ կյանք վարելու և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծումը, այդ թվում՝ խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններում կազմակերպվող ծառայությունները համայնքահենք ծառայություններով փոխակերպելը:
2. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) համար խնամքի այնպիսի հաստատություններ ստեղծելը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացած են կամ զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, արգելվում է:
3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով իրականացնում են ծրագրեր և ծառայություններ՝ ուղղված՝
1) հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառմանը.
2) բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություն հաշմանդամություն ունեցող անձի մուտքը և անգործունակ ճանաչելը կանխարգելելուն, հաստատությունից համայնք վերադարձին աջակցելուն, համայնքահենք ծառայություններ մատուցելուն.
3) հաշմանդամություն ունեցող անձի և համայնքի իրազեկվածությանը.
4) անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանը և այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը.
5) հաշմանդամություն ունեցող անձի կամ անձանց խմբերի սեփական իրավունքների ջատագովման նպատակով հզորացմանը.
6) հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդատվական խմբերի աշխատանքը համակարգելուն.
7) անձի բնակության վայրի մատչելիության ապահովմանը.
8) անձնական օգնականի կամ ուղեկցողների ծառայությունների համակարգմանը:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված՝ անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:
3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:
4. Անձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
(21-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22. | Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրությունն իրականացվում է պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:
2. Օրենսդրության համաձայն անցկացվող մարդահամարի հարցաթերթում պետք է լինեն հարցեր անձի հաշմանդամության և մասնակցության սահմանափակման մասին:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ 6-րդ, 6.1-ին, 6.2-րդուղղ. հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:
3.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի՝
1) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ միասնական սոցիալական ծառայությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա. անձին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձ, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը,
բ. մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ),
գ. բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տրամադրում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու համար,
դ. որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում,
ե. աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում է անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ,
զ. որոշում է տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ,
է. մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի վարմանը,
ը. իրականացնում է այլ լիազորություններ.
2) բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապի կամ հետևանքի) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա.
3) հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա. մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը,
բ. ընդհանուր հիվանդությունը,
գ. աշխատանքային վնասվածքը,
դ. մասնագիտական հիվանդությունը,
ե. բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
զ. զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
է. զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
թ. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
ժ. պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
ժա. հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
ժբ. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը,
ժգ. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր.
4) միասնական սոցիալական ծառայության իրավասու ստորաբաժանումը բժշկասոցիալական փորձաքննությամբ անձին հաշմանդամություն ունեցող է ճանաչում սույն հոդվածին, ինչպես նաև Կառավարության հաստատած բժշկասոցիալական փորձաքննության իրականացման, վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ու իրականացման կարգին և բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:
3․2․ Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և տարածվում են միայն բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:
5. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
6. (մասն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
7. Անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ:
(23-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-384-Ն, 09.06.22 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց. 08․12․22 ՀՕ-534-Ն, 13.09.23 ՀՕ-275-Ն)
(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 24 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2023, ՀՕ-9-Ն | 01.09.2024, ՀՕ-194-Ն | |
13.09.2023, ՀՕ-275-Ն | 02.10.2023, ՀՕ-194-Ն | |
08.12.2022, ՀՕ-534-Ն | 02.01.2023, ՀՕ-194-Ն | |
09.06.2022, ՀՕ-262-Ն | 01.07.2022, ՀՕ-194-Ն | |
10.12.2021, ՀՕ-384-Ն | 23.12.2021, ՀՕ-194-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|