Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.22/16(890).1 Հոդ.231
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.02.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.03.2012
Дата вступления в силу
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) և հավատարմագրված կամ հավատարմագրման հավակնող՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, ներառյալ` պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիայի (համապատասխանության գնահատման մարմին, այսուհետ` ՀԳՄ) հարաբերությունները:

2. Սույն օրենքը կարգավորում է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:

(1-ին հոդվածը խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հավատարմագրում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ ՀԳՄ-ն համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին` համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.

2) ԱՐՄՆԱԲ` Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած միակ մարմինը, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություն.

3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.

4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.

5) հավատարմագրման նշան` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.

6) բողոքարկում` ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողով գրավոր դիմում ներկայացնելու գործընթաց՝ իր հավատարմագրման կարգավիճակի (կասեցման, դադարեցման, մերժման, կրճատման) վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման մասին.

7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքի, ծառայության, գործընթացի, համակարգի, անձի կամ մարմնի նկատմամբ ներկայացվող պահանջների իրականացումը.

8) համապատասխանության գնահատման գործունեություն` ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման գործընթացի ժամանակ իրականացվող գործունեություն.

9) ՀԳՄ` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է լինել հավատարմագրման օբյեկտ.

10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում.

11) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում` միջազգային և տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում` սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.

12) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգիռ կողմեր: Ուղղակի շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակի շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.

13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցում.

14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում.

15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում.

16) փորձարկում` ընթացակարգի համաձայն՝ համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.

17) տրամաչափարկում` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.

18) հսկողություն` համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն և դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա՝ ընդհանուր պահանջներին.

19) սերտիֆիկացում` համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով, բացառությամբ հավատարմագրման.

20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին ԱՐՄՆԱԲ-ը նշանակել է միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.

21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և հավատարմագրման մարմնի նշանակած անձ, որն աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ մասնագիտական փորձ և ինքնուրույն չի իրականացնում գնահատում.

22) գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի (ստանդարտների), այլ նորմատիվ փաստաթղթերի և սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկման որոշման գործընթաց, այդ թվում` ՀԳՄ-ի գործունեության հետևում.

23) պարբերական գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետևում.

24) արտահերթ գնահատում` գործընթաց, որն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրած ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, որը կարող է ազդել ՀԳՄ-ի՝ հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.

25) բողոք` որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում` հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, և որի համար ակնկալվում է պատասխան.

26) գործունեության հետևում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման ոլորտի շրջանակում ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության հետևում.

27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության, կառավարման համակարգի, ֆիզիկական անձի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

28) իրազեկություն` նախատեսված արդյունքին հասնելու համար գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.

29) ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառում է ԱՐՄՆԱԲ-ը իրեն նույնականացնելու համար.

30) հավատարմագրման ոլորտի արդիականացում` ՀԳՄ-ի պահանջով ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման փաստաթղթերում փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոփոխության, նոր իրավական ակտը, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթերի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի և կից փաստաթղթերի ձևաչափերի փոփոխության կամ ուղղումների դեպքերում:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն,  խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 3.

Հավատարմագրման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4.

Հավատարմագրման նպատակները

 

1. Հավատարմագրման նպատակներն են`

1) պաշտոնապես հավաստել ՀԳՄ-ի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասությունը.

2) նպաստել Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ.

3) ապահովել ՀԳՄ-ների հավատարմագրումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները.

4) ստեղծել պայմաններ ԱՐՄՆԱԲ-ի և նրա կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների միջազգային և տարածաշրջանային ճանաչման համար:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 5.

Հավատարմագրման հիմնական սկզբունքները

 

1. Հավատարմագրումը ծառայություն է, որը ներկայացնում է հանրային շահերը:

2. Հավատարմագրումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) օրինականություն.

2) կամավորություն (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում).

3) շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ.

4) անկախություն.

5) անկողմնակալություն.

6) թափանցիկություն.

7) իրազեկություն.

8) հավատարմագրման գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիություն.

9) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված հավատարմագրման պահանջների կիրառում:

(5-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 6.

Հավատարմագրման ազգային համակարգի կառուցվածքը

 

1. Հավատարմագրման ազգային համակարգը կազմված է միմյանց հետ համագործակցող հետևյալ մասնակիցներից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.

1.1) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

2) ԱՐՄՆԱԲ, ներառյալ` հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները և հանձնաժողովները.

3) ՀԳՄ-ներ:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`

1) մշակում և համակարգում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.

2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք ՀԳՄ-ների գնահատման գործընթացում.

3) իրականացնում է ԱՐՄՆԱԲ-ի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

5.1) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա ԱՐՄՆԱԲ-ի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար ՀԳՄ-ի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև ՀԳՄ-ի տարեկան վճարի վճարման չափը և կարգը.

5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.

5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.

5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.

5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ):

6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., լրաց.  24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 8.

ԱՐՄՆԱԲ-ը

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Հավատարմագրման ազգային մարմնի կրճատ անվանումն է «ԱՐՄՆԱԲ»: Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:

3. ԱՐՄՆԱԲ-ը Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ներ հավատարմագրող միակ մարմինն է:

4. ԱՐՄՆԱԲ-ը`

1) կառուցվածքով անկախ է և չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.

2) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին և չի մրցակցում դրա հետ.

3) ապահովում է, որ հավատարմագրման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվի իրազեկ անձանց կողմից, որոնք չեն մասնակցել գնահատման գործընթացին.

4) ունի համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.

5) սահմանում է համապատասխանության գնահատման գործունեության այն տեսակը, որն իրավասու է գնահատելու (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով համապատասխան օրենքներին, այլ իրավական ակտերին և ազգային ստանդարտներին).

6) մշակում է արդյունավետ կառավարման և ներքին ստուգման իրականացման համապատասխան ընթացակարգեր.

7) իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրազեկ աշխատակիցներ.

8) փաստաթղթերով հիմնավորում է գնահատման և իրազեկության հավաստման որակի վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.

9) մշակում, ներդնում և կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում` հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի և իրազեկության  մշտադիտարկման (մոնիտորինգի), հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու և հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.

11) հրապարակում է աուդիտի տարեկան հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան.

12) ստեղծում է հավատարմագրման կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.

13) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.

14) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.

15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև ՀԳՄ-ների տված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի և փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

16) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունն ապահովելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում դրանց գործունեության կարգը).

17) ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.

18) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր.

19) տրամադրում է շահագրգիռ կողմերին տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ.

20) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների ձևաթղթերի տպագրությունը, դրանց հաշվառումն և տրամադրումը ՀԳՄ-ներին.

21) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը:

5. Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 9.

Հավատարմագրման խորհուրդը

 

1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամից և ձևավորվում երեք շահագրգիռ կողմերից`

1) 4 պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.

2) 2 հավատարմագրված ՀԳՄ-ների ներկայացուցիչներից.

3) 3 հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

8. Խորհուրդը`

1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.

2) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ԱՐՄՆԱԲ-ի տարեկան ծրագրի վերաբերյալ.

3) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

6) ԱՐՄՆԱԲ-ին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.

7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.

8) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:

(9-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-43-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 10.

ԱՐՄՆԱԲ-ի գործադիր մարմինը

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ի գործադիր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.

2) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4)  (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4.1) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4.2) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

4.3) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

6) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

 7) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

8) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և ՀԳՄ-ների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.

9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 11.

Հավատարմագրման կոմիտեները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

2. Հավատարմագրման կոմիտեների հիմնական գործառույթներն են`

1) ՀԳՄ-ների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրությունը.

2) հավատարմագրման, հավատարմագրման մերժման, ընդլայնման, կրճատման, պահպանման, կասեցման, վերականգնման, դադարեցման, վերահավատարմագրման վերաբերյալ որոշումների ընդունումը:

3) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 12.

ՀԳՄ-ները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները`

1) փորձարկման, տրամաչափարկման, բժշկական լաբորատորիաները.

2) արտադրանքի, գործընթացի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինները.

3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

4) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.

5.1) որակավորման ստուգում իրականացնողները.

5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.

5.3) վավերացում (վալիդացում) և ստուգում (վերիֆիկացում) իրականացնող մարմինները.

6) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմին ԱՐՄՆԱԲ-ից կարող է ստանալ տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ:

3. ՀԳՄ-ները համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման հայտերն ընդունում են թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

(12-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հոդված 13.

Հավատարմագրման գործընթացը և ժամկետը

(վերնագիրը խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան:

2. ՀԳՄ-ների հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետը սահմանվում է չորս տարի:

(13-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.

ՀԳՄ-ների իրավունքները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ՀԳՄ-ները`

1) կիրառում են հավատարմագրման նշանը և հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված Կարգով հավատարմագրված լինելու դեպքում.

2) դիմում են ԱՐՄՆԱԲ-ին` հավատարմագրման, հավատարմագրման ընդլայնման, կրճատման, կասեցման, վերականգնման կամ դադարեցման, հավատարմագրման ոլորտի արդիականացման, ինչպես նաև վերահավատարմագրման նպատակով.

3) բողոքարկում են հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման մասին որոշումները:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Հոդված 15.

ՀԳՄ-ների պարտականությունները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ՀԳՄ-ները պարտավոր են`

1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել ԱՐՄՆԱԲ-ի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով և ՀԳՄ-ների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.

2) ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա կատարել սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով սահմանված վճարները.

3) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.

4) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում և հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում.

5) հավատարմագրման դադարեցման դեպքում ԱՐՄՆԱԲ վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.

6) համագործակցել ԱՐՄՆԱԲ-ի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով.

7) ԱՐՄՆԱԲ-ին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ.

8) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին` հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների պահանջները:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 16.

Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

(հոդվածն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.

Հավատարմագրման նշանի և հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառման սահմանափակումը

(վերնագիրը խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը` կիրառելով հավատարմագրման նշանը և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը:

(17-րդ հոդվածը խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.1. Հավատարմագրման կրճատումը, լրիվ կամ մասնակի կասեցումը, դադարեցումը

 

1. Հավատարմագրման կրճատման հիմք են`

1) ՀԳՄ-ի դիմումը.

2) Կարգով սահմանված դեպքերում գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները:

2. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք են`

1) ՀԳՄ-ի դիմումը.

2) գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները Կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը.

3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների` Կարգով սահմանված հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունը.

4) ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:

3. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերահավատարմագրման հայտ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան չորս ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո ՀԳՄ-ի կողմից պահանջները բավարարվելու դեպքում հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ավելի, քան չորս ամիս` ելնելով ՀԳՄ-ի տրամադրած կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումներն իրականացնելու ժամկետներից: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատումների միջոցով:

6. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`

1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա.

2) սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.

3) գնահատումներից հրաժարվելու դեպքում.

4) ԱՐՄՆԱԲ-ին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.

5) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.

6) ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում:

7. Գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքներով հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումն ընդունելուց առնվազն վեց ամիս հետո` անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:

(17.1-ին հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18.

ԱՐՄՆԱԲ-ի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ն անդամակցում և համագործակցում է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը և համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավատարմագրումների ճանաչման իրավասություն:

2. ԱՐՄՆԱԲ-ը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, որն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:

3. Բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ճանաչում է հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի տված հավատարմագրումները:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 19.

ԱՐՄՆԱԲ-ի և օտարերկրյա հավատարմագրման մարմինների միջև համագործակցությունը

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել ԱՐՄՆԱԲ-ի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ ՀԳՄ-ների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ:

3. Օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած ՀԳՄ-ների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

4. ԱՐՄՆԱԲ-ը չի մրցակցում այլ պետությունների հավատարմագրման մարմինների հետ:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 20.

ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման ծառայությունների մատուցումը օտարերկրյա մարմիններին

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա ՀԳՄ-ներին՝ հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև անդրսահմանային պահանջներին համապատասխան:

(20-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 21.

Հավատարմագրման բնագավառում միջազգային համագործակցության մասին տեղեկատվության տրամադրումը

 

1. ԱՐՄՆԱԲ-ը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ՝ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրած օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:

2. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐՄՆԱԲ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 22.

ԱՐՄՆԱԲ-ի ֆինանսավորումը

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

 

1. ԱՐՄՆԱԲ-ի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված հատկացումները.

2) հավատարմագրման ծառայություններից, գնահատումներից և տարեկան վճարներից ստացված միջոցները.

3) հավատարմագրման վերաբերյալ հրատարակություններից ու դասընթացներից ստացված միջոցները.

4) միջազգային ծրագրերին, նախագծերին և համաձայնագրերին մասնակցությունից ստացված միջոցները.

5) օրենքով չարգելված այլ միջոցներ:

2. Հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամակցության ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

(22-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 23.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 5
Երևան
ՀՕ-20-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2023, ՀՕ-178-Ն 23.06.2023, ՀՕ-20-Ն
17.12.2014, ՀՕ-236-Ն 09.01.2015, ՀՕ-20-Ն
30.04.2013, ՀՕ-43-Ն 15.06.2013, ՀՕ-20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան