Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1183
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.11.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.12.2014
Дата вступления в силу
29.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 19-ին

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարաբերությունները:

 

Հոդված 2. Արդյունաբերական քաղաքականության մասին օրենսդրությունը

 

1. Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային և հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) արդյունաբերական քաղաքականություն (այսուհետ՝ ԱՔ)` միջոցառումների համակարգ, որն ուղղված է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխությունների իրականացմանը` պետական գերակայություններին համապատասխան, երկրի արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներ՝ արդյունաբերական արտադրանք թողարկող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր.

3) արդյունաբերական գոտի` առանձնացված տարածք, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն: Արդյունաբերական գոտին կարող է ունենալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն, և որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.

4) արդյունաբերական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես արդյունաբերական գոտու կազմակերպման նպատակով հիմնադրի կողմից ստեղծված (հիմնադրված) կամ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը.

5) արդյունաբերական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` սույն օրենքին համապատասխան՝ բացառապես արդյունաբերական գոտում, բացառապես արտադրական գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որն ունի տվյալ գոտու կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր.

6) լիազոր մարմին` արդյունաբերական գոտիների պետական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

 

Հոդված 4. Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով արդյունաբերական քաղաքականության մշակումը և իրականացումը հետևյալ հիմնական ուղղություններով.

1) ներդրումային և գործարար միջավայրի բարելավում, ներառյալ՝ փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության խրախուսում և աջակցություն.

2) հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերի կրճատում.

3) արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցում.

4) գերակա ճյուղերում վարկերի մատչելիության և հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում.

5) իրավաբանական անձանց սնանկացման և լուծարման ժամկետների կրճատում.

6) ներդրումային և վենչուրային հիմնադրամների ստեղծում.

7) արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի ներդրում.

8) ֆինանսական օժանդակության ապահովում.

9) վարկային երաշխիքների տրամադրում.

10) կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում.

11) միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում ֆինանսական և տեխնիկական աջակցության ցուցաբերում.

12) հետազոտությունների և մշակումների իրականացման խթանում.

13) արտաքին ներդրումների ներգրավում.

14) մարզերի մասնագիտացման և ներհանրապետական կոոպերացիաների խթանում.

15) արտաքին շուկաների մատչելիության ապահովում.

16) նորամուծությունների համակողմանի խթանում, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցմանը աջակցում, գիտություն-արտադրություն կապի ամրապնդում՝ կրճատելով գիտական մտքի արտադրության մեջ տեղայնացումից մինչև արտադրանքի փորձանմուշի ստեղծման ժամկետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով հաստատում է պետական օժանդակության և աջակցության ծրագրեր:

(4-րդ հոդվածը լրաց. 22.03.23 ՀՕ-106-Ն)

 

Հոդված 5. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակումը

 

1. Արդյունաբերության զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում է լիազոր մարմինը` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի և այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 6. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության իրականացումը

 

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական և տարածքային կառավարման մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:

2. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) արդյունաբերական արտադրության և արդյունաբերության զարգացման բնագավառներում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) լիազոր մարմնի նպատակների, խնդիրների և գործառույթների սահմանումը.

3) պետական և տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդատվական մարմինների ձևավորումը.

4) տեղեկատվության հավաքման, վերլուծության, կանխատեսումների իրականացումը.

5) արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության խթանման, սուբսիդավորման, ապահովագրության, կոոպերացման, արդյունաբերության առանձին ենթաճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

5.1) պետական (մունիցիպալ) գնումների համար, առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը.

6) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(6-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-36-Ն)

(01.03.23 ՀՕ-36-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) պետական աջակցության հասցեականությունը և հասանելիությունը.

2) արդյունաբերական քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը.

3) արդյունաբերության կայուն զարգացումը և արդյունաբերական քաղաքականության միջոցառումների իրականացման հաջորդականությունը.

4) երկարաժամկետ նպատակների ձևավորումը և դրանց իրականացման հետևողականությունը:

 

Հոդված 8. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության խնդիրները

 

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության խնդիրներն են՝

1) համագործակցել մասնավոր հատվածի հետ ոլորտային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման նպատակով.

2) նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը.

3) աջակցել տարածքային կլաստերների, տեխնոպարկերի, արդյունաբերական գոտիների ձևավորմանը.

4) աջակցել նորամուծական գործունեությանը.

5) զարգացնել գործարարներին աջակցող կառույցների կարողությունները.

6) զարգացնել արդյունաբերության ենթակառուցվածքները:

 

Հոդված 9. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից տեղեկատվության տրամադրումը

 

1. Լիազոր մարմինը ԱՔ ոլորտում կարող է վարել վարչական ռեգիստր: ԱՔ օբյեկտները լիազոր մարմնին տրամադրում են գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևաչափով:

 

Հոդված 10. Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

 

1. Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) արդյունաբերության զարգացման ոլորտում պետական քաղաքականության ներդրումը, տեղայնացումն ու իրականացումը համապատասխան վարչական տարածքում.

2) մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացումը.

3) արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերի մշակումը և ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների շահերը ներկայացնող և համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.

5) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների միջև միջմարզային համագործակցության աջակցությունը.

6) արդյունաբերության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցությունը:

 

Հոդված 11. Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական և տարածքային կառավարման մարմինների փոխգործունեությունը

 

1. Արդյունաբերության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիազորությունների շրջանակում համակարգում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը, արդյունաբերական քաղաքականության օբյեկտների զարգացմանն ուղղված պետական, տարածքային ծրագրերով իրականացվող միջոցառումները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հոդված 12. Արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նկարագիրը

 

1. Արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ` պետական ծրագիր) փաստաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները և մեխանիզմները յուրաքանչյուր հինգ օրացուցային տարիների համար:

2. Պետական ծրագրի նախագիծը կազմելու աշխատանքներին մասնակցում են արդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթներ ունեցող պետական և տարածքային կառավարման մարմինները:

 

Հոդված 13. Պետական ծրագրի հաստատումը

 

1. Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան պետական ծրագրի իրականացմանը նախորդող տարվա նոյեմբերի 15-ը` հինգ տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արդյունաբերական քաղաքականության իրականացման կարգը, որով ամրագրվում են նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արդյունաբերական քաղաքականության իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացման ամենամյա չափերը:

3. Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 14. Պետական ծրագրի իրականացումը

 

1. Պետական ծրագիրն իրականացնում են լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները՝ իրենց լիազորությունների շրջանակներում:

 

Հոդված 15. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրի նկարագիրը

 

1. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագիրը (այսուհետ` տարածքային ծրագիր) փաստաթուղթ է, որով սահմանվում են արդյունաբերության տարածքային զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները, արդյունաբերական գոտիների կազմավորման, իրականացման կարգը յուրաքանչյուր հինգ օրացուցային տարիների համար:

2. Տարածքային ծրագրերը արդյունաբերության զարգացման պետական ծրագրի մաս են:

3. Տարածքային ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Տարածքային կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում են տարածքային ծրագրերի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվություն:

5. Արդյունաբերության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և տարածքային ծրագրերը ձևավորվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 

Հոդված 16. Արդյունաբերական գոտիների ստեղծումը

 

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ներառվում արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերում:

2. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտ կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և մասնավոր հատվածը` ներկայացնելով համապատասխան ծրագիր: Հայտի ներկայացման և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիները ստեղծվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 17. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումը, արտոնությունները և տրամադրվող աջակցությունը

 

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը ներառում է`

1) արդյունաբերական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը և սահմանագիծը.

3) ներդրումային ծրագիրը.

4) տրամադրվելիք արտոնությունների տեսակները և պայմանները.

5) պետական բյուջեից ֆինանսավորման պահանջվող չափը և ձևը.

6) այլ անհրաժեշտ պայմաններ:

2. Արդյունաբերական գոտում կարող են տրվել հետևյալ արտոնությունները և աջակցությունը.

1) շահութահարկի և եկամտային հարկի (բացառությամբ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից և հավասարեցված վճարներից վճարվող գումարներից հաշվարկվող եկամտային հարկի) վճարման արտոնություն.

2) գույքահարկի և հողի հարկի վճարման արտոնություն.

3) ֆինանսական աջակցություն.

4) խորհրդատվական աջակցություն:

3. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող արտոնությունների տեսակը, չափը և ձևը սահմանվում են օրենքով:

4. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող աջակցության տեսակը, չափը և ձևը, ինչպես նաև տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունաբերական գոտում աջակցությունը կարող է տրվել միայն շահագործողին:

 

Հոդված 18. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջները

 

1. Արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջներն են՝

1) արտադրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքներով և շինություններով ապահովվածությունը.

2) դեպի արդյունաբերական գոտիներ տանող բարեկարգ ճանապարհով, բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ ապահովվածությունը.

3) տարածքային կառավարման մարմնի կողմից ընտրված սահմանագծով առանձնացվածությունը.

4) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով ապահովվածությունը.

5) արդյունաբերական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորությունը.

6) անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածությունը.

7) անխափան ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության համակարգերի և կապի միջոցներից՝ առնվազն հեռախոսի և ինտերնետի առկայությունը.

8) սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածությունը.

9) կարանտինային սպասարկման տարածքի առկայությունը.

10) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով ապահովվածությունը, բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի և այլ միջոցներով ապահովվածությունը:

2. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ներկայացվող պահանջները՝ հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պահանջները, ելնելով արդյունաբերական գոտու առանձնահատկություններից:

 

Հոդված 19. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կառավարումն ու կազմակերպումը

 

1. Արդյունաբերական գոտու կառավարումն իրականացնում է կազմակերպիչը:

2. Արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20. Կազմակերպչի պարտավորությունները և լիազորությունները

 

1. Կազմակերպչի պարտավորությունները և լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատել, օգտագործել արդյունաբերական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները.

2) ընտրել և պայմանագիր կնքել շահագործողների հետ.

3) ապահովել արդյունաբերական գոտու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.

4) իրականացնել միջոցառումներ` արդյունաբերական գոտու միջազգային ճանաչման և դրանում շահագործողների ներգրավման ուղղությամբ.

5) ապահովել հիմնադրի կողմից վերապահված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 21. Արդյունաբերական գոտու շահագործումը

 

1. Արդյունաբերական գոտու շահագործումն իրականացվում է շահագործողի ու կազմակերպչի միջև կնքված պայմանագրի հիման վրա` կազմակերպչի սահմանած շահագործման կարգին համապատասխան:

2. Արդյունաբերական գոտու շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում շահագործողն իր գործունեությունն իրականացնում է շահագործման մուտքի պահին գործող օրենսդրությանը համապատասխան: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության մեղմացնող դրույթները կարող են շահագործողի վրա կիրառվել իր ցանկությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցության ձևերը, պայմաններն ու կարգը

 

1. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների պետական օժանդակությունը ներառում է ֆինանսական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական աջակցությունը, դրանց աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարելավմանն ուղղված միջոցառումները, նորարարության ու արդյունաբերական արտադրության, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը:

2. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են արդյունաբերության զարգացման պետական, տարածքային ծրագրերով:

 

Հոդված 23. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների ֆինանսական օժանդակությունը

 

1. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին ֆինանսական օժանդակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցների հաշվին վարկավորման սուբսիդիաների, բյուջետային ներդրումների, ինչպես նաև արդյունաբերական քաղաքականության օբյեկտների պարտավորությունների համար պետական ու տարածքային երաշխիքների տրամադրման, շնորհանդեսների կազմակերպման և (կամ) մասնակցության, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության, հետազոտությունների իրականացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային սերտիֆիկացման և այլ միջոցառումների համաֆինանսավորման ճանապարհով:

 

Հոդված 24. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների տեղեկատվական աջակցությունը

 

1. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին տեղեկատվական աջակցությունն իրականացվում է պետական կառավարման մարմինների կողմից պետական, տարածքային տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման ու դրանց գործունեության ապահովման միջոցով:

 

Հոդված 25. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը

 

1. Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում և դրանց գործունեության ապահովում.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կողմից կատարված ու փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում:

 

Հոդված 26. Կադրերի պատրաստման և վերապատրաստման որակավորման բարձրացման ոլորտում արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

 

1. Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) պետական կրթական չափորոշիչների հիման վրա արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված կրթական ծրագրերի մշակում.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի որակավորման բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակում.

3) հասարակության սոցիալապես անապահով խմբերին դասվող մասնագետների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծում, նրանց մասնագիտական որակավորումների կատարելագործում՝ արդյունաբերության ոլորտում նոր աշխատանքային գործառույթների իրականացմանը նախապատրաստելով:

 

Հոդված 27. Արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

 

1. Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում աջակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

1) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների գործունեությանը նպաստող կազմակերպությունների (ներառյալ` տեխնոպարկեր, տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոններ, գիտաարտադրական տարածքներ) ստեղծում ու դրանց գործունեության ապահովում.

2) հայտնագործությունների, գիտական նվաճումների պատենտավորման աջակցություն, ինչպես նաև արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կողմից ստեղծված այլ մտավոր արդյունքների պետական գրանցում և հեղինակային իրավունքի պաշտպանություն.

3) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների համար արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում ենթակապալի պայմանագրեր կնքելու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

 

Հոդված 28. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

 

1. Պետական կառավարման մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

1) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ստեղծում և դրանց գործունեության ապահովում.

2) արդյունաբերության զարգացման ոլորտում օտարերկրյա միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանում.

3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), մտավոր գործունեության արդյունքները օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցության խթանում, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ապահովում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-184-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.03.2023, ՀՕ-106-Ն 23.04.2023, ՀՕ-184-Ն
01.03.2023, ՀՕ-36-Ն 03.04.2023, ՀՕ-184-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան