ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:
Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
Սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:
(նախաբանը լրաց. 23.12.22 ՀՕ-613-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ` ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցմամբ:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1-ին հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդում և զբաղեցնում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության տակ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը պետական ծառայող է:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 3. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկը |
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-64-Ն)
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններ`
ա) Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` պետական լիազոր մարմին) ղեկավար,
բ) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-613-Ն)
2) ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններ`
պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտ, գլխավոր վարչություն, վարչություն, բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ.
3) ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններ`
ոչ ինքնուրույն ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք, վարչության բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ.
4) ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններ`
սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ`
ենթասպաներով համալրվող պաշտոններ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը:
4. (մասն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
(3-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-132-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-64-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 23.12.22 ՀՕ-613-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ (այսուհետ` կոչումներ): Ազգային անվտանգության մարմիններում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.
Ծառայողների կազմերը | Կոչումները |
Ավագ ենթասպայական | ենթասպա, ավագ ենթասպա |
Սպայական | |
կրտսեր սպաներ | լեյտենանտ ավագ լեյտենանտ կապիտան |
ավագ սպաներ | մայոր փոխգնդապետ գնդապետ |
բարձրագույն սպաներ | գեներալ-մայոր գեներալ-լեյտենանտ գեներալ-գնդապետ |
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն զինվորական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և կրտսեր սպայական կոչումները շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ենթասպայական կոչումները շնորհում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
5. Ազգային անվտանգության մարմինների կոչումները շնորհվում են անհատական կարգով:
(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 4.1. |
Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը |
1. Վարչապետը բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին բարձրագույն զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն)
ՀՈԴՎԱԾ 5. | «ԵՆԹԱՍՊԱ» և «ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ |
1. «Ենթասպա» կոչումը շնորհվում է ենթասպայական պաշտոնի նշանակված այն ծառայողներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն:
2. «Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին` ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում:
«Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի ծառայության համար` անկախ զբաղեցրած պաշտոնից:
ՀՈԴՎԱԾ 6. | «ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
ՀՈԴՎԱԾ 7. | «ԼԵՅՏԵՆԱՆՏ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ |
«Լեյտենանտ» կոչումը շնորհվում է`
1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, բարձրագույն կրթություն ունեցող և սպայական կոչում չունեցող ծառայողներին.
2) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն և ունեն բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
3) սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և ստացել են բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
4) հինգ և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած` բարձրագույն կրթություն ունեցող և դրական բնութագրվող ենթասպաներին և ավագ ենթասպաներին ազգային անվտանգության մարմիններից արձակելու դեպքում.
5) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն)
ՀՈԴՎԱԾ 8. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-գնդապետի կոչումն է:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:
6. Պետական լիազոր մարմնի ղեկավարը, կախված ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 9. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչմանը հավասար կամ բարձր կոչում:
2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` ռազմաուսումնական) ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական կոչումը, մինչև գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչև ուսումնական հաստատություն ընդունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը:
4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության մարմիններում անբասիր ծառայության համար` նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից:
5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:
6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը շնորհելը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
7. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո:
8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել կոչումից:
9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
1) ենթասպա` 5 տարի.
2) (կետը հանվել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` 2 տարի.
4) կապիտան` 3 տարի.
5) մայոր` 3 տարի.
6) փոխգնդապետ` 4 տարի:
«Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից անօրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը:
3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 11. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄՆ ԻՋԵՑՆԵԼԸ և ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումը, որպես կարգապահական տույժ, կարող է տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնել մեկ աստիճանով` կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Մինչև ծառայողների նախկին կոչումը վերականգնելը և հերթական կոչումը շնորհելը կոչման կրկնակի իջեցում չի թույլատրվում:
3. Հերթական կոչումը շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում:
4. Հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև մինչև կոչումը իջեցնելն ունեցած կոչումով ծառայության ժամկետը:
ՀՈԴՎԱԾ 12. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ) և ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՑ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ (ՏԵՂԱՓՈԽՎԱԾ) և ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և ազգային անվտանգության մարմիններում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.
Կոչումը |
Պահեստազորից (այդ թվում` ազգային անվտանգության մարմինների պահեստազորից) |
Զինված ուժերից, այլ զորքերից և այլ մարմիններից |
Լեյտենանտից` կապիտանը ներառյալ |
6 ամիս | 3 ամիս |
Մայորից` գնդապետը ներառյալ |
1 տարի | 6 ամիս |
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների` տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:
3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:
(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 13. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 14. | ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:
(14-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-142-Ն, փոփ. 13.06.16 ՀՕ-94-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 15. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և պետական լիազոր մարմնի դրոշի առջև, պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում` երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս, անմնացորդ նվիրվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման վսեմ գործին»:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անկախ նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու) ընթացքում երդում տալու հանգամանքից:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
(15-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-51-Ն)
Հոդված 15.1. |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը և վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(15.1-ին հոդվածը լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 16. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանափակումները.
Կոչումը | Ծառայության սահմանային տարիքը |
Ավագ ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա |
52 |
Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան |
52 |
Ավագ սպայական կազմ մայոր, փոխգնդապետ, գնդապետ |
52 57 |
Բարձրագույն սպայական կազմ |
65 |
2. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը և հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը` մինչև 10) տարի ժամկետով:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., լրաց. 13.06.16 ՀՕ-94-Ն, խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 17. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ և ԱՎԱՐՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից, ինչպես նաև ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված և մինչև համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում կադրերի տրամադրության տակ թողնելու օրը:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայողին ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ
(վերնագիրը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 18. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարումն իրականացնում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, լրաց. 02.02.10 ՀՕ-1-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 19. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:
(19-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.05.08 ՀՕ-44-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, լրաց., փոփ. 13.06.16 ՀՕ-94-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, 21.01.20 ՀՕ-69-Ն, 24.03.21 ՀՕ-149-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-613-Ն)
(24.03.21 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 20. | ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով` իր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 21. | ՀԱՎԱՍԱՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի`
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 22. | ՑԱԾՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի.
2) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).
4) իր դիմումի համաձայն.
5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.
6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում:
2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո:
3. Կին ծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի` բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
(22-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 23. | ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
(վերնագիրը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող:
2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.
1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում.
2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:
2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով:
2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:
3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են`
1) ենթասպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ենթասպայական և կրտսեր սպայական կոչումներ.
2) կրտսեր սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կոչումներ.
3) ավագ սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կոչումներ.
4) բարձրագույն սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են բարձրագույն սպայական կոչումներ:
(23-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 24. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:
3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաև առաջխաղացման կարգով` իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Ընտանեկան պայմաններից ելնելով` ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ:
5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև մյուս ամուսնուն՝ նրա համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը, ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, տեղափոխվում է այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան մեկ աստիճանով ցածր:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը շարունակելու համար կարող է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան հավասարեցված այլ ծառայություն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(24-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 25. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողները, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, կարող են գործուղվել պետական այլ մարմիններ և կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 26. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ հետևյալ դեպքերում.
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև 2 ամիս ժամանակով.
2) (կետն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-131-Ն)
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից, այլ զորքերից կամ այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխելիս` մինչև 3 ամիս ժամանակով.
4) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
5) գերության մեջ գտնվելիս` մինչև ազատվելը.
6) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին ծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս` մինչև արձակուրդի ավարտը.
7)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3. Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:
4. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս կին ծառայողին տրվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարները:
5. Ծառայողը կադրերի տրամադրության տակ է վերցվում սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներն ի հայտ գալու կամ դրանց մասին հայտնի դառնալու օրվանից: Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:
7.
(26-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 27. | ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
1. Ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ազգային անվտանգության մարմնում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմնի հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում) համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.
6) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված.
7) ազգային անվտանգության մարմիններից արձակվելիս.
8)
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
(27-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 28. | ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:
2. Ատեստավորում անցկացնելու համար պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Ծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, իջեցված կոչումը վերականգնելու դեպքում անցկացվում է ատեստավորում:
4. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները.
2) ազգային անվտանգության մարմինների բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները կամ բարձրագույն կոչում ունեցողները.
3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողները:
Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև մինչև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետի ավարտը:
5. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և վերադասության կարգով բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:
6. Ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
7. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 29. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր գործունեության գնահատականներին ու ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և դրանց առնչությամբ բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման նպատակով.
6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
7) սոցիալական ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը.
9) պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) ատեստավորման արդյունքները բողոքարկելը:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 30. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով իր վրա դրված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
5) զինվորական և ծառայողական կարգապահության կանոնները պահպանելը.
6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունից արձակվելուց հետո.
7) եկամուտների հայտարարագիրը սահմանված կարգով ներկայացնելը:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
(30-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 01.03.23 ՀՕ-51-Ն)
ՀՈԴՎԱԾ 31. | Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի վարձատրությունը |
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(31-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 32. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ծառայողին հասցված գույքային վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(32-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
ՀՈԴՎԱԾ 33. | ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար սահմանվում է 40-ժամյա հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Ազգային անվտանգության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
Ազգային անվտանգության մարմինների այն պաշտոնների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
ՀՈԴՎԱԾ 34. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովման համար.
4) ազգային անվտանգության մարմինների վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
5) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
(34-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-95-Ն, 12.12.13 ՀՕ-163-Ն)
ՀՈԴՎԱԾ 35. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ և ՏՈՆ ՕՐԵՐԻՆ |
1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
2. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար տրվում է հավելում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
3. Հանգստյան և տոն օրերին, ինչպես նաև արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(35-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 36. | ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ |
1. Հերթապահության ժամանակի տևողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գերազանցի 150 ժամը:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-163-Ն)
3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(36-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
ՀՈԴՎԱԾ 37. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են`
1) հերթական (ամենամյա) արձակուրդ.
2) ուսումնական արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) կին ծառայողներին` հղիության և ծննդաբերության արձակուրդ:
1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ:
3. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի հերթական արձակուրդում չեն հաշվվում:
4. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(37-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ. 01.03.23ՀՕ-51-Ն)
ՀՈԴՎԱԾ 38. | ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`
1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 30 օր.
2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 40 օր.
3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 45 օր:
1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:
2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է`
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին.
3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին:
4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության կողմից:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:
6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կին ծառայողի՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր համաձայնությամբ:
(38-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 39. | ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սույն օրենքով սահմանված կարգով սովորող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին (այդ թվում` ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 40. | ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ) ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
Լրացուցիչ արձակուրդը տրվում է`
1) ծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու տևողությամբ.
2) ընտանեկան պայմաններից ելնելով և հարգելի այլ պատճառներով` մինչև 10 օր տևողությամբ:
ՀՈԴՎԱԾ 41. | ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչև 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակը, ընդհանուր առմամբ, չպետք է անցնի 4 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին հիվանդությունների բուժման համար օրենսդրությամբ սահմանվում են ավելի երկար ժամկետներ:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել պետական լիազոր մարմնի ղեկավարը` բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման` հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար:
ՀՈԴՎԱԾ 42. | Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը |
(վերնագիրը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամական պարգևատրման և կենսաթոշակ հաշվարկելու համար:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի պաշտոնը պահպանվում է:
3. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար, մինչև օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկուսուկես օր հաշվարկով:
(42-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 43. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության անդամ կամ աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:
(43-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-95-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-117-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-51-Ն)
ՀՈԴՎԱԾ 44. | ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
ՀՈԴՎԱԾ 45. | ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Ուսումնական հաստատություն սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ, 6-10-րդ, 12-14-րդ կետերով նախատեսված հիմքերով արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից.
3) այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը չի հատուցում սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ազգային անվտանգության մարմիններում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից արձակվել է սույն օրենքով նախատեսված հիմքերով (բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվածների):
3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 8.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 46. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողն արձակվում է`
1) պետական լիազոր մարմնի պահեստազոր` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և դեպքերում.
2) զինված ուժերի պահեստազոր, եթե զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի չի հասել և պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական ծառայությանը.
3) պաշտոնաթողության դեպքում, եթե հասել է զինված ուժերի պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի, կամ ռազմաբժշկական հանձնաժողովը նրա առողջության վիճակի պատճառով նրան ճանաչել է ծառայության համար ոչ պիտանի:
ՀՈԴՎԱԾ 47. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման`
1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում.
5) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) (կետն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
10) ծառայողական անհամապատասխանության պատճառով` ատեստավորման կարգով.
11) իր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ.
12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.
13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.
15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:
1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:
3. Ազգային անվտանգության մարմիններում 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին և ենթասպաներին, անկախ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք:
Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառայությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 09.04.07 ՀՕ-142-Ն, փոփ. 02.02.10 ՀՕ-1-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
(հոդվածը 01.03.23 ՀՕ-40-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 15-րդ մասերով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 48. | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Ազգային անվտանգության մարմինների` ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
(48-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 49. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ |
Ազգային անվտանգության մարմինների այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն կամ անօրինական տեղափոխված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից արձակված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման` դիմելու պահից մեկամսյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 50. | ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ |
1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական արձակումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:
2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված ծառայողներին մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրա` չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
Այն ծառայողներին, ովքեր արձակման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, փոխհատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած վերջին պաշտոնի աշխատավարձի և ծառայությունից արձակված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:
(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 51. | ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
1. Լիազոր մարմնի համակարգում գործում է ուսումնական հաստատություն (ուսումնական կենտրոն):
2. Ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքին և զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու են ուղարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ (այդ թվում` ռազմաուսումնական):
ՀՈԴՎԱԾ 52. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Լիազոր մարմնի ղեկավարը ձևավորում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(52-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
ՀՈԴՎԱԾ 53. | Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք |
(վերնագիրը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(53-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
ՀՈԴՎԱԾ 54. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով և չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով` օրենքով սահմանված կարգով:
(54-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
ՀՈԴՎԱԾ 55. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ |
Ազգային անվտանգության մարմինների վետերաններ են համարվում սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հիմքերով ազգային անվտանգության մարմիններից արձակված անձինք:
Գ Լ ՈՒ Խ 11.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 56. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 57. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
ՀՈԴՎԱԾ 58. | ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ |
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո և ավարտվում է 2006 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ծառայողների 1/3-ը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության` ազգային անվտանգության մարմինների ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
Առանց բարձրագույն կրթության` ազգային անվտանգության մարմինների ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատությունում համապատասխան ուսուցում անցնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 59. | ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ |
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
ՀՈԴՎԱԾ 60. | ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազգային անվտանգության մարմիններում առանց բարձրագույն կրթության սպայական կոչումներ ստացած ծառայողներին հերթական կոչումներ չեն շնորհվում մինչև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստանալը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և հետագայում բարձրագույն կրթություն ստացած ծառայողներին հերթական կոչում շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նախորդ կոչումով ծառայության ժամկետը:
ՀՈԴՎԱԾ 61. | ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2003 թ. մայիսի 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|