Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական և իրավական գործերում՝ նպատակ ունենալով կարգավորել քաղաքացիական և տնտեսական գործերով դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր) հանձնման, ապացույցների ձեռք բերման և քաղաքացիական ու տնտեսական գործերով դատական որոշումների ճանաչման և կատարման հարցերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը դատական փաստաթղթերը և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերը միմյանց պետք է ուղարկեն իրենց արդարադատության նախարարությունների միջոցով՝ դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ հայցվող Կողմի օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։ Սույն Պայմանագրին համապատասխան ուղարկված փաստաթղթերը դիտվում են որպես հայցող Կողմի տարածքում հանձնված։
2. Նախորդ կետի դրույթները չեն բացառում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ իրականացնելու այդ փաստաթղթերի ուղարկումը իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների իր քաղաքացիների վերաբերյալ, որոնք մշտապես բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ առանց վերջինիս համար որևէ պատասխանատվություն առաջացնելու։
3. Անձի, որին վերաբերում է փաստաթուղթը, քաղաքացիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում այդ անձի քաղաքացիությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենքով, որտեղ այդ փաստաթղթերը հանձնվելու են։
Հոդված 2
Փաստաթղթերի հանձնման վերաբերյալ հարցումը պետք է ներառի պահանջվող անձի մասին բոլոր մանրամասն տեղեկությունները, մասնավորապես՝ նրա անունը, ազգանունը, քաղաքացիությունը (եթե հայտնի է), զբաղմունքի տեսակը, մշտական բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նրանց գրասենյակը կամ գործունեության վայրը և հանձնման ենթակա փաստաթղթերի պաշտոնական գրությունը՝ բնօրինակով կամ պատճեններով՝ կախված գործից. նշված փաստաթղթերի վավերականության հաստատման կամ նման այլ գործողության կատարում չի պահանջվում։
Հոդված 3
1. Սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան ուղարկված փաստաթղթերի հանձնման մասին հարցումը չի կարող մերժվել, մինչև որ հայցվող Կողմը գտնի, որ այդ փաստաթղթերի և նյութերի բովանդակությունը վնասում է այդ Կողմի հասարակական կարգին և բարոյականության շահերին։
2. Փաստաթղթերի հանձնումը չի կարող մերժվել այն բանի հիման վրա, որ հայցվող Կողմի օրենքն իր դատարաններին բացառիկ իրավասություն է տալիս լսելու այն գործը, որի համար փաստաթղթերը ներկայացվել են, կամ այդ փաստաթղթերով չի հիմնավորվում գործի կարևորությունը։
3. Այն դեպքում, երբ փաստաթղթերի հանձնումը հնարավոր չէ իրականացնել, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է դրա պատճառների մասին։
Հոդված 4
Հայցվող Կողմի իրավասու մարմինը փաստաթղթերը պետք է հանձնի իր օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։ Փաստաթղթերի հանձնումը կարող է կատարվել հայցող Կողմի նշած հատուկ ձևով՝ պայմանով, որ այն չի հակասում հայցվող Կողմի օրենքներին։
Հոդված 5
Հայցվող Կողմի իրավասու մարմնի գործունեությունը պետք է սահմանափակվի փաստաթղթերը ստացողին հանձնելով։
Հանձնումը պետք է հաստատվի փաստաթղթի պատճենի վրա ստացողի ստորագրությամբ կամ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով, որում նշվում է ստացողի անունը, հանձնման ժամանակը և ձևը։ Ստացողի կողմից ստորագրված փաստաթղթի պատճենը պետք է վերադարձվի հայցող Կողմին։
Հոդված 6
Հայցվող Կողմը կրում է փաստաթղթերի հանձնման հետ կապված բոլոր ծախսերը կամ վճարները։
Հոդված 7
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում վարվող գործով կարող է մյուս Պայմանավորվող կողմին խնդրել ձեռք բերել ապացույցներ կամ հայցող Կողմի անունից իրականացնել այլ դատական գործողություններ։
Հոդված 8
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը հայցող կողմի արդարադատության նախարարության կողմից պետք է անմիջականորեն ուղարկվի հայցվող Կողմի արդարադատության նախարարություն կամ դիվանագիտական ուղիներով։ Դա չի կարող արգելք հանդիսանալ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից իր քաղաքացիներից դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով քաղաքացիական և տնտեսական գործերով ապացույցների ձեռք բերմանը։
Հոդված 9
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը ներկայացվում է հայցող Կողմի օրենքին համապատասխան։ Հարցումը և դրան կից բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն հայցող Կողմի իրավասու մարմնի կնիքով՝ առանց հետագա վավերականության հաստատման անհրաժեշտության։
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի գործի բնույթը և հարցման առարկան, հարցումը ներկայացնող մարմինը, գործի հանգամանքներին վերաբերող մանրամասն տեղեկությունները, վկաների անունները՝ նրանց մշտական բնակության վայրի նշումով, և նրանց տրվելիք հարցերը։
Հոդված 10
Հայցվող Կողմը, հարցման համաձայն, պետք է իրականացնի ապացույցներ ձեռք բերելու միջոցառումներ և չպետք է մերժի դրա կատարումը, բացառությամբ հետևյալ դեպքերի, որոնք են՝
ա) եթե հայցվող Կողմի դատական մարմինն ապացույցներ ձեռք բերելու իրավասություն չունի,
բ) եթե ապացույցների ձեռք բերումը վնասում է հայցվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հասարակական կարգին կամ բարոյականությանը։
Եթե ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը մերժված է, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է մերժման մասին՝ վերադարձնելով փաստաթղթերը՝ դրա պատճառների նշումով։
Հոդված 11
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը պետք է կատարվի հայցվող Կողմի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։ Եթե հայցող Կողմը ցանկանում և պահանջում է ապացույցների ձեռք բերման հատուկ ձևի կիրառում, ապա հայցվող Կողմը պետք է բավարարի այդ խնդրանքը, եթե հարցումը չի հակասում իր օրենքներին և այլ իրավական ակտերին։
Հոդված 12
Հայցվող Կողմը կրում է ապացույցներ ձեռք բերելու հետ կապված ծախսերը, բացառությամբ պաշտոնատար անձինք չհանդիսացող վկաների և փորձագետների համար կատարվող ծախսերի, որոնք կրում է հայցող Կողմը՝ հայցվող Կողմի օրենքներին համապատասխան։
Հոդված 13
Ապացույցներ ձեռք բերելու հետ կապված դատական գործառույթը իրականացվում է սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և ունի նույն իրավաբանական ուժը, ինչ կունենար, եթե այն իրականացվեր հայցող Կողմի իրավասու մարմնի կողմից։
Հոդված 14
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Պայմանավորվող կողմի դատարանների կողմից քաղաքացիական և տնտեսական գործերով կայացված որոշումները և դրանք կատարում է իր տարածքում, եթե այդ որոշումներն ուժի մեջ են մտել. անցել են վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա են կատարման, ինչպես նաև կայացվել են իրավասու դատարանների կողմից՝ իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, որը կիրառելի է հայցվող Կողմի տարածքում:
2. Սույն Պայմանագրում օգտագործվող «որոշում» բառը, անկախ դրա նշանակությունից, նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի կողմից դատական վարույթի ընթացքում ընդունված ցանկացած ուժի մեջ մտած որոշում, որն անցել է վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա է կատարման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի դատական վարույթում։
Հոդված 15
Հայցվող Կողմի դատարանները հայցող Կողմի դատարանների իրավասության հիմքերը ուսումնասիրելիս ղեկավարվում են այն փաստերով, որոնք նշված են որոշման մեջ, և որոնց վրա հիմնված է իրավասությունը։
Հոդված 16
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դատարանների որոշումները ճանաչում և կատարում է իր ազգային օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։
2. Որոշումը չի ճանաչվում կամ չի կատարվում, եթե.
ա) որոշումը հակասում է հայցվող Կողմի սահմանադրական կարգին կամ հասարակական կարգի սկզբունքներին,
բ) որոշումն ընդունվել է անձանց իրավական ներկայացուցչության՝ հայցվող Կողմում կիրառելի այն կանոնների խախտմամբ, որոնք առնչվում են անգործունակության հետ,
գ) որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ, և այդ մասին անձը, հայցող Կողմի կանոններին համապատասխան, պատշաճ կերպով չի ծանուցվել,
դ) որոշումը հակասում է սույն Պայմանագրի դրույթներին կամ հայցվող Կողմի իրավական համակարգին կամ իր դատարանների կամ երրորդ պետության դատարանների համար նախատեսում է այդպիսի որոշում ընդունելու բացառիկ իրավասություն,
ե) որոշումը վերաբերում է միևնույն անձանց միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով արդեն իսկ հարուցված գործին՝
- գործը գտնվում է հայցվող Կողմի դատարանի վարույթում, և այդ վարույթն առաջինն է հարուցվել,
- գործն ավարտվել է հայցվող Կողմի դատարանի որոշմամբ.
- գործն ավարտվել է երրորդ պետության դատարանի որոշմամբ, որը պետք է հայցվող Կողմի օրենքով լիազորված լինի՝ ճանաչելու և կատարելու այն։
Հոդված 17
1. Սույն Պայմանագրի դրույթների համաձայն՝ հայցվող Կողմի իրավասու մարմինը չպետք է վերանայի կատարման ենթակա որոշման հիմնավորումը։
2. Հայցվող Կողմի իրավասու դատական մարմինը սույն Պայմանագրին համապատասխան որոշումը կատարելիս ձեռնարկում է անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնք կիրականացներ, եթե այդ որոշումն ընդունված լիներ իր կողմից։ Կատարումը կարող է իրականացվել՝ կապված որոշման հիմնական մասի հետ, լրիվ մասով կամ մասնակիորեն, եթե այդ մասը բաժանելի է։
Հոդված 18
1. Հայցող Կողմը որոշման ճանաչման և կատարման համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
ա) որոշման պաշտոնական պատճենը,
բ) որոշումն ուժի մեջ մտնելու վերանայման բոլոր ընթացակարգերը անցնելու և կատարման ենթակա լինելու մասին տեղեկանք, եթե դա չի բխում այդ որոշումից,
գ) եթե որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ՝ դատական ծանուցագրերի կամ որևէ այլ փաստաթղթի բնօրինակը կամ վավերական պատճենը կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ պատասխանողը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է։
2. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի հայցող Կողմի դատարանի տեղեկանքը, որում նշվում է այն ժամկետը, եթե այդպիսին կա, որի ընթացքում այդ որոշումը պետք է բավարարվի կամ այլ լուծում ստանա և, այդ տեղեկանքը, սույն Պայմանագրով նախատեսված ընթացակարգերի նպատակների համար, պետք է այդպիսի բավարարման կամ այլ լուծման ժամկետը լրանալու վերջնական ապացույց հանդիսանա։
Հոդված 19
Առանց սույն Պայմանագրի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները վնասելու՝ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում միջնորդ դատարանի կողմից ընդունված որոշումները պետք է ճանաչվեն և կատարվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե դրանք բավարարում են որոշումն ընդունած Պայմանավորվող կողմի պահանջները և չեն հակասում հայցվող Կողմի հասարակական կարգին։
Հոդված 20
Հարցումները և կից փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայցվող Կողմի պաշտոնական լեզվով կամ անգլերեն թարգմանությամբ։
Հոդված 21
Սույն Պայմանագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։
Հոդված 22
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ մտնում վավերագրերի փոխանակման օրվանից։ Այն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետներով։
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով։ Սույն Պայմանագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո։ Այնուամենայնիվ, սույն Պայմանագրով կողմերից որևէ մեկի կողմից արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն իրականացվել մինչև դրանց ավարտը։
3. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձաբար ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։ Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց պետությունների կողմից, ստորագրեցին սույն Պայմանագիրը։
Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 03.11.2005 թ.