Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-87-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.03.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

1) 9-րդ հոդվածի 1-ին մասը «կարգի,» բառից հետո լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերով.

2) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Պետության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 14.2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 206.18. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը

 

1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, և որին վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, եթե դա էական վնաս չի պատճառել պետության օրինական շահերին՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 206.19. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը

 

1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ որին վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը։

4. Սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի իրավասու մարմնի պետը կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատակիցը։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 24

Երևան

ՀՕ-87-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: