Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-331-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.04.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.10.2021
Дата вступления в силу
29.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հակակոռուպցիոն դատարանը:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր):»:

 

 Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «16» թիվը փոխարինել «22» թվով․

2) 2-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով:

 

Հոդված 6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Վերաքննիչ դատարաններում հակակոռուպցիոն գործերի քննությունը

 

1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քրեական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քրեական դատարանին վերապահված այլ գործեր:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահված այլ գործեր:»:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քրեական պալատը՝ 8 դատավորի թվակազմով.»:

 

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:»:

 

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:

 

Հոդված 10. Օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր» բառերը։

 

Հոդված 11. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին կետով.

«44.1) դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհրաժեշտության դեպքում սահմանում է փորձագետների ներգրավման կարգը և նրանց ներկայացվող պահանջները.»:

 

Հոդված 12. Օրենքի 95-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «և վարչական» բառերը փոխարինել «, վարչական և հակակոռուպցիոն» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները։».

2) 2-րդ և 3-րդ մասերի «վարչական մասնագիտացման բաժնում» բառերը փոխարինել «վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 103-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կամ վարչական» բառերը փոխարինել «, վարչական կամ հակակոռուպցիոն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներ մշակելիս կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հիմնահարցերը ներառվում են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի, իսկ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում։»:

 

Հոդված 14. Օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը «հավակնորդների» բառից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ,» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 112-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.

2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թեկնածուների նկատմամբ:»:

 

Հոդված 16. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի «տարիքով ավագ» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող» բառերով.

2) 2-րդ կետի «տարիքով ավագին» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող դատավորին» բառերով.

3) 4-րդ կետի «տարիքով ավագին» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 132-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:»:

 

Հոդված 18. Օրենքի 133-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ դատավոր չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:».

2) 2-րդ մասը «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերով:

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝

1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով.

2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով.

3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով.

4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով:

3. Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն ավելացնում է դատավորների թվակազմը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հակակոռուպցիոն դատարանի նստավայրերը և դրանց սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումն իրականացվում է օրենսգրքի ընդհանուր կանոններով: Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաև թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ առավելագույնը հնգամսյա ժամկետում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում և հրապարակում է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 60 տոկոսից): Որակավորման գրավոր քննության կազմակերպումն իրականացվում է Օրենքի 100-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմի համալրումն իրականացվում է օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

8. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած՝ բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն մասով նախատեսված անձինք սույն հոդվածով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ մասնակցում են հարցազրույցների:

9. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար ներկայացվող դիմումին կցվում է Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ առաջին համալրման նպատակով սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում են հարցազրույցներ:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հակակոռուպցիոն դատարանի դատավորների և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների համապատասխան մասնագիտացման առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման կարգը` սույն հոդվածի 11-15-րդ մասերով սահմանված կարգին համապատասխան: Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների առաջխաղացման ենթակա համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով հարցազրույց անցկացնելու օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցից հինգ օր առաջ Դատական դեպարտամենտը կազմակերպում է հավակնորդների նախնական հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ներգրավված փորձագետների հետ:

11. Որպես փորձագետ կարող է ընտրվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից: Ազգային փորձագետի վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների առաջադրած փորձագետներինը՝ տվյալ կազմակերպությունների կամ միավորումների կողմից:

12. Բարձրագույն դատական խորհուրդը նախնական հարցազրույցից հինգ օր առաջ փորձագետներին է տրամադրում հավակնորդների անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից՝ հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը և օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

13. Նախնական հարցազրույցի նպատակը փորձագետների կողմից հավակնորդի՝ դատավոր դառնալու շարժառիթի ու ակնկալիքի, անձնական հատկանիշների (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, արդարամտություն, վերլուծական կարողություններ և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ), դատավորի վարքագծի կանոններին, շահերի բախմանը վերաբերող իրավիճակում ձեռնարկվելիք գործողությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների առնչությամբ հարցեր տալու միջոցով հավակնորդի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին կարծիքի տրամադրումն է:

14. Փորձագետները նախնական հարցազրույցի արդյունքով կազմում և հարցազրույցից առնվազն երկու օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացնում հավակնորդի վերաբերյալ գրավոր խորհրդատվական կարծիք:

15. Փորձագետները պարտավորվում են չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել հավակնորդների վերաբերյալ իրենց հայտնի դարձած հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները:

16. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների առաջխաղացման ենթակա համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաև փորձագետների ներկայացրած գրավոր խորհրդատվական կարծիքը:

17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցումը և փորձաշրջանն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով և Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում:

18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

19. Հակակոռուպցիոն դատարանն սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից:

20. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորները և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորներն այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են սույն հոդվածով սահմանված կարգով երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից:

21. Սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված ժամկետից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշում գործերի վերաբաշխման մասին։

22. Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դատավորների նշանակումից հետո քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են բացառապես հակակոռուպցիոն դատարանի կողմից:

23. Սույն հոդվածի 20-րդ մասով նախատեսված դատավորների նշանակումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև, բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված դեպքի:

24. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող՝ սույն մասով նախատեսված գործերը ենթակա չեն վերաբաշխման հակակոռուպցիոն դատարանին, եթե տվյալ գործով անցում է կատարվել դատաքննության փուլ:

25. Սույն հոդվածի 20-րդ մասով նախատեսված դատավորների նշանակումից հետո հակակոռուպցիոն դատարանի կայացրած կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դատական ակտերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներն սկսում են քննել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորները, իսկ հակակոռուպցիոն դատարանի կայացրած հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացրած դատական ակտերը, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներն սկսում են քննել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորները:

 (19-րդ հոդվածը փոփ. 14.07.22 ՀՕ-278-Ն, 23.12.22 ՀՕ-588-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հոկտեմբերի 15

Երևան
ՀՕ-331-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: