ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին.»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում և հաստատում է ուղեցույց:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետից «թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը,» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և տարածվում են միայն բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը «մինչև» բառից հետո լրացնել «հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 7. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-534-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|