Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Тип
Ինկորպորացիա (05.11.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
29.08.1997
Дата подписания
29.08.1997
Дата вступления в силу
05.11.1998

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը,

համոզված լինելով, որ միմյանց միջև բարեկամական հարաբերությունների, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության անշեղ զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների կենսական շահերին և լավագույնս կնպաստեն նրանց համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը,

հիմնվելով մշակութային նմանության, հոգևոր շփման բազմադարյան ավանդույթների և իրենց ժողովուրդների բարեկամական կապերի վրա,

հաստատելով իրենց նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության այլ փաստաթղթերի նպատակներին ու սկզբունքներին, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին, ձգտելով համագործակցել Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում և վճռականությամբ լի, Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում երկու պետությունների ստորագրած փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան, կատարել այն պարտավորությունները, որոնք բխում են Համագործակցությանը նրանց մասնակցությունից, մասնավորապես, 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» Պայմանագրից,

համարելով, որ երկու պետությունների պատմական ճակատագիրն ու բարեկեցությունը անխզելիորեն կապված են ինչպես անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման հետ,

նկատի ունենալով միջազգային ասպարեզում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի շուրջ երկու պետությունների համաձայնեցված գործողությունների կարևորությունը,

ձգտելով այդ նպատակով նպաստել ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության խորացմանը,

հաստատելով իրենց նվիրվածությունը պահպանմանը մարդու իրավունքների բնագավառում միջազգային հանրաճանաչ նորմերի,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.


ՀՈԴՎԱԾ 1

 

Բարձր պայմանավորվող կողմերը ամեն կերպ կամրապնդեն երկու պետությունների միջև բարեկամության և համակողմանի համագործակցության ավանդական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ բնագավառներում:

Նրանք պարտավորվում են անշեղորեն ղեկավարվել միմյանց պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների հարգման, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքներով և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերով:

ՀՈԴՎԱԾ 2

 

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

ՀՈԴՎԱԾ 3

 

Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:

ՀՈԴՎԱԾ 4

 

Ինքնուրույն լուծելով ազգային անվտանգության ապահովման և ռազմական շինարարության հարցերը` Բարձր պայմանավորվող կողմերը այդ բնագավառներում կիրականացնեն սերտ համագործակցություն և կորոշեն փոխգործակցության ձևերը` սույն Պայմանագրի, 1995 թվականի մարտի 16-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների մասին երկկողմ Պայմանագրի, ինչպես նաև այլ համապատասխան Համաձայնագրերի հիման վրա:

Բարձր պայմանավորվող կողմերը կընդլայնեն իրենց ազգային զինված ուժերի փոխգործակցությունը: Կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում Բարձր պայմանավորվող կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով:

Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն ռազմատեխնիկական քաղաքականության վարման, ռազմական արտադրության կոոպերացման գործում` հաշվի առնելով սպառազինության ստանդարտացումը, ներառյալ համաձայնեցված ռազմական ծրագրերի ֆինանսավորումը:

Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն նաև սահմանված միջազգային կանոնների պահպանմամբ ռազմական տեխնոլոգիաների և զենքի արտահանման ու ներմուծման ոլորտում քաղաքականության վարման հարցում:

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության` Անկախ պետությունների համագործակցության կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի Բարձր պայմանավորվող կողմերի համատեղ ջանքերով` իրենց միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա` ելնելով իրենց սեփական անվտանգության և ԱՊՀ հավաքական անվտանգության շահերից:

ՀՈԴՎԱԾ 6

 

Բարձր պայմանավորվող կողմերը կշարունակեն սերտորեն համագործակցել արտաքին քաղաքականության բնագավառում, կփոխգործակցեն ինչպես անդրկովկասյան տարածաշրջաններում, այնպես էլ ողջ աշխարհում խաղաղության ամրապնդման, կայունության բարձրացման և անվտանգության գործում: Նրանք կնպաստեն զինաթափման գործընթացի շարունակմանը, վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ ու ԱՊՀ խաղաղարար դերի մեծացմանն օժանդակող մեխանիզմների և ինստիտուտների կայացմանը: Բարձր պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն նաև տարածաշրջանային հակամարտությունների և իրենց շահերը շոշափող այլ իրավիճակների կարգավորման համար:

Բարձր պայմանավորվող կողմերը կփորձեն համատեղ հասնել ինչպես անդրկովկասյան, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակի բարելավմանը և խաղաղության ու անվտանգության ապահովմանը, այդ թվում` կանցկացնեն խորհրդակցություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հիմնախնդիրների շուրջ անհրաժեշտ դեպքերում համաձայնեցված գործողություններ իրականացնելու համար:

ՀՈԴՎԱԾ 7

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ գործողության կամ միջոցառման, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցելուց, որոնք ուղղված են մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ, և թույլ չտալ, որ իրենց տարածքները օգտագործվեն ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների համար` ընդդեմ մյուս Բարձր պայմանավորվող կողմի: Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը արգելում և կասեցնում է իր տարածքում այնպիսի կազմակերպությունների ու խմբերի ստեղծումն ու գործունեությունը, ինչպես նաև առանձին անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության:

ՀՈԴՎԱԾ 8

 

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ կապահովի մյուս Բարձր պայմանավորվող կողմի քաղաքացիների անձի իրավունքները և ազատությունները, թույլ չի տա խտրականության որևէ ձև` ըստ ազգային հատկանիշի կամ սեռի, լեզվի, կրոնի հատկանիշների, քաղաքական կամ այլ համոզմունքների` միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան: Կապահովվեն այդ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը և երկու պետություններում բնակվելու, աշխատանք ստանալու, անշարժ գույք ձեռք բերելու իրավունքները` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

Բարձր պայմանավորվող կողմերը կկնքեն առանձին համաձայնագրեր մյուս Կողմի տարածքում մշտապես բնակվող իրենց քաղաքացիների իրավունքների ապահովման և պաշտպանության համար:

ՀՈԴՎԱԾ 9

 

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:

Վերոհիշյալից բացի, առաջնային կլինեն միջազգային կազմակերպություններում Բարձր պայմանավորվող կողմերի շահերին չհակասող տարբեր նախաձեռնությունների իրականացման, հիմնարար միջազգային փաստաթղթերին համապատասխան մարդու իրավունքների ապահովման գործում համագործակցությունը, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցությունը:

Բարձր պայմանավորվող կողմերը կկնքեն այս և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համագործակցության մասին առանձին համաձայնագրեր:

ՀՈԴՎԱԾ 10

 

Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական գույքի, իրավաբանական անձանց ու քաղաքացիների գույքի իրավական կարգավիճակը կարգավորվում է գործող բազմակողմ Համաձայնագրերի և գույքի գտնվելու վայրի Կողմի օրենսդրության հիման վրա, եթե հետագայում Բարձր պայմանավորվող կողմերի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով այլ բան չնախատեսվի:

Եթե Բարձր պայմանավորվող կողմերից մեկը հայտարարում է, որ մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող գույքը, որի նկատմամբ պահանջ են ներկայացնում երրորդ անձինք կամ պետությունները, իրեն է պատկանում, ապա մյուս Կողմը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նման գույքի պահպանության և պահպանվածության համար` մինչև այդ գույքի պատկանելիության հարցի վերջնական լուծումը:

ՀՈԴՎԱԾ 11

 

Բարձր պայմանավորվող կողմերը, մեծ նշանակություն տալով երկու պետությունների կայուն զարգացմանն ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, կփոխգործակցեն անցկացվող շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, կնպաստեն երկու պետությունների միջև տնտեսական ինտեգրացման խորացմանը, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման համար պայմանների ստեղծմանը` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Բարձր պայմանավորվող կողմերի կնքած երկկողմ և բազմակողմ պայմանագրերից ու համաձայնագրերից բխող պարտավորություններին համապատասխան:

Այդ նպատակով, Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն համակարգել իրենց գործողությունները ֆինանսական, դրամավարկային, արժութային, հարկային, մաքսային և սոցիալական քաղաքականություն իրականացնելիս:

Բարձր պայմանավորվող կողմերը նախապես կտեղեկացնեն միմյանց տնտեսական որոշումների մասին, որոնք կարող են ազդել մյուս Բարձր պայմանավորվող կողմի շահերի վրա:

ՀՈԴՎԱԾ 12

 

Բարձր պայմանավորվող կողմերը կաջակցեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական բնագավառներում բոլոր մակարդակներում հարաբերությունների զարգացմանը, իրենց տարածքներում մյուս Կողմի ձեռնարկությունների ու ձեռներեցների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այդ թվում` ուղղակի ներդրումների և դրանց պաշտպանության բնագավառում, կնպաստեն համատեղ ֆինանսաարդյունաբերական խմբերի կազմավորմանը, անդրազգային միավորումների ձևավորմանը և գործունեությանը, ինչպես նաև համագործակցության այլ առաջադեմ ձևերին:

Կողմերը կնպաստեն տնտեսավարող սուբյեկտների միջև փոխշահավետ հիմունքներով արտադրական ու գիտատեխնիկական կոոպերացիայի պահպանմանն ու զարգացմանը, նախ և առաջ ժամանակակից գիտատար արտադրանք մշակելիս ու արտադրելիս, ներառյալ պաշտպանության կարիքների համար արտադրանքը, այդ թվում` համագործակցության միջպետական և միջճյուղային համալիր ծրագրերի ձևավորման ճանապարհով:

ՀՈԴՎԱԾ 13

 

Բարձր պայմանավորվող կողմերը գործողություններ կձեռնարկեն ազգային արժույթների փոխարկելիության ապահովման, դրանց կայունության պահպանման, ազգային արժութային շուկաների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կհամաձայնեցնեն արժութային կուրսերի սահմանման կարգը:

ՀՈԴՎԱԾ 14

 

Բարձր պայմանավորվող կողմերը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի և կապի, հեռահաղորդակցության և ինֆորմատիկայի ազգային համակարգերի զարգացման հարցում` օժանդակելով այդ բնագավառներում ձևավորված համալիրների և միասնական համակարգերի պահպանմանն ու ռացիոնալ օգտագործմանը:

Երկաթուղային, օդային, ավտոմոբիլային, ծովային և գետային տրանսպորտով բեռների ու ուղևորների փոխադրումները երկու պետությունների միջև և նրանց տարածքներով, այդ թվում` համապատասխան նավահանգիստների ու կայարանների օգտագործմամբ, ինչպես նաև Կողմերի տարածքներում գտնվող գլխավոր խողովակաշարերի, էլեկտրացանցերի ու կապի գծերի օգտագործումը կիրականացվեն փոխշահավետ պայմաններով և առանձին համաձայնագրով սահմանվող կարգով:

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցություն վառելիքաէներգետիկ բնագավառում, այդ թվում` էներգակիրների համատեղ արտադրության և տեղափոխման միջոցով: Այդ նպատակով Կողմերը կնպաստեն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

ՀՈԴՎԱԾ 15

 

Գիտակցելով գիտատեխնիկական ոլորտում փոխգործակցության առաջնային դերը` Բարձր պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները ընդհանուր գիտատեխնիկական տարածք ստեղծելու համար` երկու պետությունների մտավոր, գիտական ու տեխնիկական ներուժի առավել ռացիոնալ օգտագործման նպատակով:

Կողմերը կհամագործակցեն հիմնարար և կիրառական գիտությունների, ներառյալ արդյունաբերական հետազոտությունների, ժամանակակից գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների նվաճումների փոխադարձ օգտագործման բնագավառում` պահպանելով մտավոր ու արդյունաբերական սեփականության բնագավառում իրենց օրենսդրությունները ու միջազգային պարտավորությունները:

Կողմերը կնպաստեն իրենց ազգային ակադեմիաների և այլ գիտական հաստատությունների միջև շփումների խորացմանը, կիրականացնեն ինովացիոն գործունեությունն ապահովող համատեղ ենթակառույցների զարգացումը, կաջակցեն համատեղ գիտատեխնիկական կոլեկտիվների ստեղծմանն ու գործունեությանը, կապահովեն գիտատեխնիկական ոլորտում ընդհանուր տեղեկատվական ցանցի մշակումն ու ստեղծումը, կխրախուսեն ընդհանուր ծրագրերի ու նախագծերի իրականացումը, գիտնականների, մասնագետների և փորձագետների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև կստեղծեն բարենպաստ պայմաններ գիտական կադրերի պատրաստման համար:

ՀՈԴՎԱԾ 16

 

Բարձր պայմանավորվող կողմերը ամեն կերպ կօժանդակեն համագործակցության հետագա զարգացմանը հումանիտար բնագավառում, կամրապնդեն կապերը մշակույթի տարբեր բնագավառներում, կնպաստեն ստեղծագործական միությունների և միավորումների, մշակութային հաստատությունների, գրականության ու արվեստի գործիչների միջև բոլոր մակարդակներում գործնական կապերի ընդլայնմանը:

Հաշվի առնելով ռուսաց լեզվի պատմականորեն ձևավորված դերը հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերություններում` հայկական Կողմը կստեղծի պայմաններ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում ռուսերենի խորացված ուսումնասիրության համար: Ռուսական Կողմը կստեղծի պայմաններ Ռուսաստանի Դաշնության տարածքում հայերենի ուսումնասիրության պահանջը բավարարելու համար:

Կողմերը կնպաստեն մշակութային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը, կփոխգործակցեն ժողովրդական կրթության ոլորտներում, մշակույթի, մամուլի, տեղեկատվության, զբոսաշրջության ու սպորտի բնագավառում կադրերի պատրաստման գործում:

ՀՈԴՎԱԾ 17

 

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը առողջապահության, սանիտարահամաճարակաբանական հսկողության, աշխատանքի պահպանության, սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովման բնագավառներում:

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են լուծման Բարձր պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Պայմանագրի դրույթների իրականացման ուղղությամբ գործունեության համակարգման նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում կստեղծեն համատեղ խորհրդատվական մարմիններ` առանձին համաձայնագրերի կնքման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 21

 

Բարձր պայմանավորվող կողմերը կնպաստեն իրենց միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը: Սույն Պայմանագրի իրագործմանը նպաստելու նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը կհիմնեն համագործակցության մշտական գործող միջխորհրդարանական հանձնաժողով:

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից, որը տեղի կունենա Երևանում:

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Պայմանագիրը կնքվում է քսանհինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 5-ից: