Ոչ պաշտոնական թարգմանություն
մահապատժի դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորող սկզբունքները հավանության են արժանացել մակ-ի տնտեսական եվ սոցիալական խորհրդի 1984 թվականի մայիսի 25-ի 1984/50 բանաձեվով
Տնտեսական ու սոցիալական խորհուրդը,
ուշադրության առնելով մահապատժի մասին դրույթները, որ պարունակում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (120), մասնավորապես նրա 2 հոդվածի (կետ 1) և 6, 14 ու 15 հոդվածների դրույթները,
վկայակոչելով Գլխավոր Ասամբլեայի 1983 թվականի դեկտեմբերի 16-ի 38/96 բանաձևը, որով Ասամբլեան մասնավորապես խոր անհանգստություն էր հայտնել կամայական մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների լայն տարածվածության առթիվ,
վկայակոչելով նաև Գլխավոր Ասամբլեայի 1981 թվականի նոյեմբերի 9-ի 36/22 բանաձևը, որով Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին առաջարկված էր ուսումնասիրել տվյալ խնդիրը հանձնարարականներ մշակելու նպատակով,
այնուհետև վկայակոչելով Խորհրդի 1983 թվականի մայիսի 26-ի 1983/24 բանաձևը, որով նա որոշել էր, որ հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեն շարունակի ուսումնասիրել մահապատժի կիրառման հարցը, որը չի համապատասխանում ընդունված նվազագույն իրավական երաշխիքներին և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված երաշխիքները, ինչպես նաև ողջունել էր տվյալ հարցը Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսում քննարկելու Կոմիտեի մտադրությունը,
ուշադրության առնելով կամայական մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների հարցի առնչությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի և Փոքրամասնությունների խտրականության կանխման ու պաշտպանության ենթահանձնաժողովի կատարած աշխատանքը, ներառյալ հատուկ զեկուցողի զեկուցումները (121),
քննարկելով քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հիմնած Մարդու իրավունքների կոմիտեի համապատասխան կարծիքներն ու դիտողությունները,
իր մտահոգությունը հայտնելով կամայական մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների հետևանքով ծագող ողբերգությունների առթիվ,
քննարկելով Գլխավոր քարտուղարի գրությունը կամայական մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների վերաբերյալ, առաջնորդվելով կամայական մահապատիժների և առանց դատաքննության մահապատիժների կանխմանը վերաբերող միջազգային համաձայնագրերի ամրապնդման գործում հետագա ավանդ ներդնելու ցանկությամբ,
1. ի գիտություն է ընդունում Գլխավոր քարտուղարի գրությունը մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների մասին.
2. կրկին վճռականորեն դատապարտում է և պարսավում կամայական մահապատիժների և առանց դատավարության մահապատիժների դաժան գործելակերպը աշխարհի տարբեր մասերում.
3. հավանություն է տալիս մահապատժի դատապարտվածների իրավունքների պաշտպանությունն ապահովող երաշխիքներին, որոնք հանձնարարված են Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի կողմից և կցվում են սույն բանաձևին, այն ըմբռնմամբ հանդերձ, որ դրանք հիմք չեն հանդիսանա մահապատիժը հետաձգելու կամ թույլ չտալու համար.
4. Հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսին առաջարկում է քննարկել երաշխիքների միջոցները` նպատակ ունենալով դրանց կիրառման մեխանիզմ ստեղծելու նրա նախնական օրակարգի (123) այն կետի շրջանակներում, որը վերնագրված է «Միավորված ազգերի կազմակերպության քրեական արդարադատության ոլորտի ստանդարտների և նորմերի մշակումն ու կիրառումը»:
21-րդ լիագումար նիստ
25 մայիսի, 1984 թվական
Հա վ ե լ վ ա ծ Մահապատժի դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորող սկզբունքներ |
1. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռ կարելի է կայացնել միայն ամենալուրջ հանցագործությունների դեպքում, ընդ որում նախատեսվում է, որ դրանց կազմը սահմանափակվում է մահացու կամ այլ չափազանց ծանր հետևանքներով, կանխամտածված հանցագործություններով:
2. Մահվան դատավճիռ կարելի է կայացնել միայն հանցագործությունը կատարելու ժամանակ գործող իրավական նորմերին համապատասխան, ընդ որում, այն դեպքում, եթե հանցագործությունը կատարելուց հետո ավելի մեղմ պատժամիջոցներ ենթադրող փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, նախատեսվում է, որ դրանք պետք է տարածվեն տվյալ հանցագործությունը կատարող օրինախախտի վրա:
3. Մահվան դատավճիռը չի կայացվում այն անձանց կատարած հանցագործության համար, որոնք հանցագործությունը կատարելու պահին եղել են 18 տարեկանից ցածր: Մահվան դատավճիռ չպետք է կայացնել նաև հղի կանանց, նոր մայրացած կամ բանականությունը կորցրած անձանց նկատմամբ:
4. Մահվան դատավճիռը կարելի է կայացնել միայն այն դեպքում, եթե հանցագործություն կատարող անձի հանցավորությունը հաստատվել է պարզ և համոզիչ ապացույցներով, որոնք բացառում են փաստերի այլ մեկնաբանման հնարավորությունը:
5. Մահապատիժը կարող է իրականացվել միայն իրավասու դատարանի կայացրած վերջնական դատական որոշման համապատասխան, դատական քննության ավարտից հետո, որի ընթացքում տրվում են անաչառ դատաքննության ապահովման բոլոր հնարավոր երաշխիքները, որոնք առնվազն համապատասխանում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ կետով նախատեսված երաշխիքներին, ներառյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող յուրաքանչյուր անձի` դատավարության բոլոր փուլերում համապատասխան իրավաբանական օգնության իրավունքը:
6. Մահվան դատապարտված յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի դատարանի վճիռը բողոքարկելու վերադաս ատյաններին, ընդ որում անհրաժեշտ է ընդունել միջոցներ, որպեսզի այդպիսի բողոքարկումները լինեն պարտադիր:
7. Մահվան դատապարտված յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ներման կամ դատավճռի փոփոխման խնդրագիր ներկայացնելու: Ներում շնորհելը կամ դատավճռի փոփոխումը կարող են կատարվել մահվան դատավճռի կայացման բոլոր դեպքերում:
8. Մահվան դատավճիռը չի կարող ի կատար ածվել մինչև ներման խնդրագիրը համապատասխան մարմինների կողմից քննարկելը կամ այլ ռեգրեսային (հետադարձ) գործողությունների կամ դատավճռի փոփոխման կամ ներման հետ կապ ունեցող այլ գործողությունների ավարտը:
9. Մահվան դատավճիռը ի կատար ածվելու դեպքում այդ ընթացակարգը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորին չափ քիչ տառապանքներ պատճառվեն:
120. Տես Գլխավոր Ասամբլեայի 2200 ա (xxi) բանաձևը
121. e/nc. 4/1983/16 և add. 1, e/cn. 4/1984/29
122. e/nc./57/1984/16
123. Տես խորհրդի 1982/29 բանաձևը, կետ 1
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|