ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.
2) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
3) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.
4) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետական և համայնքային կազմակերպություն, հանրային նշանակության կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր է ընթացք տալ ազդարարմանը.
5) հանրային նշանակության կազմակերպություն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն.
6) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.
7) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.
8) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 3. | Ազդարարման նպատակները |
1. Ազդարարման նպատակներն են՝
1) բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
2) նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
3) նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
(3-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
ԳԼՈՒԽ 2
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 4. | Ազդարարման տեսակները |
1. Ազդարարման տեսակներն են՝
1) ներքին ազդարարում.
2) արտաքին ազդարարում.
3) ազդարարում հանրությանը։
2. Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
3. Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
4. Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:
(4-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 5. | Ազդարարման ընթացակարգը |
1. Ներքին և արտաքին ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված կարգով:
2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը:
ԳԼՈՒԽ 3
ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 6. | Ներքին ազդարարումը և ներքին ազդարարման վարույթը |
1. Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին (բացառությամբ մասնավոր ոլորտի կազմակերպությունների, որոնք չեն դասվում հանրային նշանակության կազմակերպությունների շարքին) հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումն ստացել է ազդարարի անմիջական ղեկավարը կամ նրա վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձ կամ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված անձը, ապա նա պարտավոր է հաղորդումն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:
3. Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վարույթի հարուցումը.
3) ապահովում է հարուցված վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Ներքին ազդարարման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
6. Ներքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
7. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
8. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա հաղորդումն ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
(6-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
ԳԼՈՒԽ 4
ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 7. | Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը |
1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում):
3. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:
6. Արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
7. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որն ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:
8. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
8.1. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-201-Ն, խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 8. | Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը |
1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման մասին:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
3. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
4. Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
5. Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման հնարավորությամբ:
6. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
7. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 9. | Անանուն հաղորդումները և դրանց առանձնահատկությունները |
1. Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
1.1. Շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների մասին հաղորդումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերահասցեագրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է իրեն վերահասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
3. Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
(9-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 9.1. | Ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրությունը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն իրենց և իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները ըստ հետևյալ տողերի՝ ներքին, արտաքին, հանրությանը և միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված:
(9.1-ին հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
ԳԼՈՒԽ 4.1
(գլուխը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հոդված 9.2. Ազդարարում հանրությանը
1. Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:
2. Հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը:
3. Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:
4. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
5. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքով ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե նրա անձը հայտնի է:
8. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:
10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
ԳԼՈՒԽ 5
ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. | Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը |
1. Ազդարարը, սույն օրենքին համապատասխան, ունի պաշտպանության իրավունք: Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:
2. Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:
2.1. Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:
3. Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը և կայացնել համապատասխան որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:
Ազդարարին հատուկ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է կատարման իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է:
3.1. Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:
3.2. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում՝
1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
3) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով և կարգով.
5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը և այլն:
3.3. Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:
4. Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:
5. Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:
(10-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-201-Ն, լրաց., խմբ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 11. | Ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը անանուն հաղորդում ներկայացնելիս |
1. Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:
2. Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
Հոդված 12. | Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունը |
1. Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
3. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ազդարարի նկատմամբ ձեռնարկված գործողության կամ անգործության իրավաչափությունն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
(12-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 13. | Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը |
1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, և եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը և ամբողջականությունը:
2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝
1) բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ
2) ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կամ
3) իր կամ այլ անձի համար պահանջում կամ ստանում է որևէ առավելություն կամ
4) այլ անձի վնաս պատճառելու նպատակով դիտավորությամբ հաղորդում է կեղծ տեղեկություններ:
(13-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 15. | Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը |
1. Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
(15-րդ հոդվածը փոփ. 12.07.18 ՀՕ-369-Ն)
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-97-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.12.2022, ՀՕ-495-Ն | 01.01.2023, ՀՕ-97-Ն | |
09.06.2022, ՀՕ-201-Ն | 01.07.2022, ՀՕ-97-Ն | |
12.07.2018, ՀՕ-369-Ն | 04.08.2018, ՀՕ-97-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|