ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգը (այսուհետ` գանձապետարան), կարգավորում է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ |
Սույն օրենքի նպատակն է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը:
Հոդված 3. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԸ |
1. (մասն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-305-Ն)
2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ) ամբողջությունն է:
3. Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:
4. Գանձապետարանի ստորաբաժանումների թվաքանակը, կառուցվածքն ու տեղաբաշխումը սահմանում է լիազոր մարմինը:
5. (մասն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-305-Ն)
6. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:
(3-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն, փոփ., խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-56-Ն)
Հոդված 4. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքով իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
Հոդված 5. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Գանձապետարանի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման կազմակերպումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվային կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.
դ) Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.
ե) պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվային կարգավորման և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.
զ) պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.
է) Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը.
ը) պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.
թ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և ներկայացումը.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման կազմակերպումը.
ժա) (կետն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-305-Ն)
ժբ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումը և հսկումը (մոնիտորինգ).
ժգ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.
ժդ) սույն օրենքից բխող այլ գործառույթների իրականացումը:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 6. | ԳԼԽԱՎՈՐ ԳԱՆՁԱՊԵՏԸ |
1. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:
2. Գանձապետարանի` սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով գլխավոր գանձապետն իրականացնում է իրեն վերապահված լիազորություններ, այդ թվում` կազմակերպում և ղեկավարում է գանձապետարանի աշխատանքները:
Հոդված 7. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ |
1. Գանձապետարանի աշխատակիցներ են համարվում գանձապետարանի ստորաբաժանումների` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:
2. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-18-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 8. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
1. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնում (այսուհետ` պետական մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ:
2. Գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է պետական մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է պետական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է օրենսդրությամբ սահմանած այլ լիազորություններ:
3. Գլխավոր ֆինանսիստի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական մարմնի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:
4. Պետական մարմնի և համակարգի հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ) ֆինանսական և հաշվապահական ծառայությունների կառուցվածքը և խնդիրները սահմանվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:
(8-րդ հոդվածը փոփ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 9. | ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`
ա) ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը.
բ) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:
2. Գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման համար և ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ`
ա) պետական մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար.
բ) միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար.
գ) պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման համար, ներառյալ` հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը.
դ) համակարգի պետական հիմնարկներին` բյուջետային դասակարգմանը համապատասխան, բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար:
3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`
ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.
բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը.
գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում.
դ) պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները.
ե) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը.
զ) (կետն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-305-Ն)
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն, 14.12.17 ՀՕ-305-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-61-Ն)
(9-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «Ազգային ժողովի վերահսկիչ պալատ» բառերը բացակայում են, ուստի ինկորպորացիան չի բերվում:)
Հոդված 10. | ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԸ |
1. Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:
2. Սույն օրենքով գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները և պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:
3. Գլխավոր հաշվապահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական հիմնարկի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:
(10-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 11. | Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարանն ապահովում է`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը.
գ) լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած համաձայնագրի շրջանակներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգմանն ուղղված գործողությունների իրականացումը.
դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական և օրական ծրագրերի կազմումը.
ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը:
Հոդված 12. | Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՈՒ ՊԱՍՍԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է`
ա) Հայաստանի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների պարտքերի և պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում ստանձնված պարտավորությունների մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով ներկայացումը.
բ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը:
(12-րդ հոդվածը փոփ.14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 13. | Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գանձապետարանի միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը:
Հոդված 14. | ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ |
1. Լիազոր մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ` գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:
2. Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով):
4. Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:
5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները.
բ) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները.
գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային) և կայունացման միջոցների ենթահաշիվները (այսուհետ՝ կայունացման հաշիվ).
դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
ե) ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
զ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
է) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:
5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները.
բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները.
գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները, կայունացման հաշիվը:
6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`
ա) պետական մարմինները տնօրինում են`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`
- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
դ) ծրագրեր իրականացնող գրասենյակները (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) տնօրինում են այդ ծրագրերի իրականացման նպատակով նշված գրասենյակների բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:
(14-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-240-Ն, լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-46-Ն, լրաց., փոփ. 14.12.17 ՀՕ-305-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-397-Ն)
Հոդված 15. | ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ |
Լիազոր մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաև լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:
(15-րդ հոդվածը փոփ.14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 16. | ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ԱՄՓՈՓՈՒՄԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ` տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետևյալ հիմնական բաղկացուցիչները`
ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են`
- նպատակները,
- խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի հասնել նպատակներին,
- ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը,
- ֆինանսական` բյուջետային կամ արտաբյուջետային միջոցները,
- մարդկային ռեսուրսները.
բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում), որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`
- տարեկան հաստատված բյուջեն,
- հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները,
- հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,
- ճշգրտված բյուջեն,
- աճողական մուտքերը/վճարումները,
- շեղումը ճշգրտված բյուջեից,
- շեղումների համառոտ պատճառները.
գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը` ըստ ակտիվների և պասսիվների.
դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգման (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում).
ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից).
զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորությունների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից).
է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում).
ը) բյուջետային տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:
2. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը լիազոր մարմնի սահմանած կարգով պատրաստում և հիմնարկի անունից պետական մարմնի գլխավոր ֆինանսիստին է ներկայացնում ամսական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն`
ա) հաշվետվություն` նախորդ ամսվա ընթացքում պետական հիմնարկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում).
բ) ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները.
գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը:
Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք և լիազոր մարմնի սահմանած կարգով ներկայացնում է վերջինիս:
Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստն ապահովում է նաև պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը և լիազոր մարմին ներկայացնելը:
Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև հաշվետվության մանրամասն վերլուծությունը` ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ:
(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 17. | Հայաստանի Հանրապետության պետական և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
(վերնագիրը լրաց. 14.12.17 ՀՕ-305-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարանն իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը` բյուջեների կատարման գործընթացը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո`
ա) պետական հիմնարկների համար արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորելու դեպքում գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում հետագա գործողությունների մասին.
բ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար գանձապետարանը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը:
(17-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն, լրաց., փոփ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 18. | ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
Գանձապետարանը Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով գնահատում է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների արժանահավատությունը, համախմբում է ներկայացված հաշվետվությունները և ապահովում է սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ամփոփ հաշվետվությունների ներկայացումը:
(18-րդ հոդվածը լրաց. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 19. |
Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը |
(վերնագիրը խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
1. Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:
(19-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 20. | Հայաստանի Հանրապետության ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԸՆԹԱՑԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-305-Ն)
Հոդված 21. | Հայաստանի Հանրապետության ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտավորությունների սպասարկումը գանձապետարանն ապահովում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 22. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2022, ՀՕ-397-Ն | 24.11.2022, ՀՕ-211 | |
21.01.2020, ՀՕ-56-Ն | 22.02.2020, ՀՕ-211 | |
16.01.2018, ՀՕ-61-Ն | 09.04.2018, ՀՕ-211 | |
14.12.2017, ՀՕ-305-Ն | 08.01.2018, ՀՕ-211 | |
30.04.2013, ՀՕ-46-Ն | 15.06.2013, ՀՕ-211 | |
22.12.2010, ՀՕ-18-Ն | 05.02.2011, ՀՕ-211 | |
24.10.2007, ՀՕ-240-Ն | 01.01.2008, ՀՕ-211 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|