ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել հետևյալ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, եթե՝
1) նրանք ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.
2) նրանք ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, և որոնց ներմուծման դեպքում, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կիրառվում են միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր.
3) մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերում «անձնական օգտագործման գույքի» բառերը փոխարինել «անձնական օգտագործման ապրանքի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական: