ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 16.12.16 ՀՕ-234-Ն)
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղական տուրքերի և վճարների հասկացությունները, տեղական տուրքեր և վճարներ վճարողների իրավունքները և պարտականությունները, տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը կամ փոխհատուցման վճարները, գանձման, արտոնությունների կիրառման, ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները:
Հոդված 2. | Տեղական տուրքերի և վճարների իրավական կարգավորումը |
1. Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.
2) տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.
3) տեղական տուրք հաշվարկող և գանձող՝ համայնք.
4) տեղական վճար հաշվարկող և գանձող՝ համայնք կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձ.
5) տեղական տուրք և (կամ) վճար հաշվարկող և (կամ) գանձող պաշտոնատար անձ՝ տեղական տուրք և (կամ) վճար հաշվարկելու և (կամ) գանձելու իրավասություն ունեցող անձ.
6) տեղական տուրք և (կամ) վճար վճարողներ՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված գործողություններից և 10-րդ հոդվածով նախատեսված համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցվող ծառայություններից օգտվող անձինք:
(3-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումը |
1. Համայնքի ղեկավարն իրականացնում է տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համայնքի ղեկավարը հաշվառումն իրականացնում է տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյաններում, որոնք վարվում են ըստ տեղական տուրքերի և վճարների առանձին տեսակների: Ավագանու որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային կամ էլեկտրոնային (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):
Հոդված 5. | Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների իրավունքները |
1. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն`
1) ինքնուրույն հաշվարկելու իրենց կողմից վճարվող տեղական տուրքի և (կամ) վճարի չափը և ստուգելու դրա համապատասխանությունը համայնքի և (կամ) համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձի կատարած հաշվարկներին.
2) պահանջելու տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.
3) ծանոթանալու իրենց կողմից վճարվող տեղական տուրքի և (կամ) վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև տեղեկություններ կամ տեղեկանք ստանալու իր կատարած վճարումների մասին.
4) դիմելու համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի և (կամ) վճարի վճարման արտոնություններ ստանալու համար.
5) դիմելու համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը ստանալու համար.
6) օրենքով սահմանված կարգով մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղական տուրքի և (կամ) վճարի սահմանման կամ դրույքաչափերի փոփոխության համար կազմակերպվող հանրային լսումներին և համայնքի կողմից իրականացվող իրազեկման միջոցառումների արդյունքում ստանալու համապատասխան տեղեկություններ.
7) վերադասության, ինչպես նաև դատական կարգով բողոքարկել տեղական տուրք և (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանց գործողությունները:
Հոդված 6. | Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների պարտականությունները |
1. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են`
1) սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
2) տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները ներկայացնել սույն օրենքով սահմանված գործողություններ իրականացնող կամ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձանց.
3) ներկայացնել տեղական տուրքի և (կամ) վճարի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
4) սույն օրենքով սահմանված դեպքերում վճարել տեղական տուրքը և (կամ) վճարը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո տուրք վճարողը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հոդված 7. | Տեղական տուրքի կամ վճարի վճարման գծով պարտավորության դադարումը |
1. Տեղական տուրքի կամ վճարի վճարման գծով պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարումով, տեղական տուրքի կամ վճարի վճարումից ազատումով և օրենքով սահմանված այլ հիմքերով, այդ թվում՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 8. | Տեղական տուրքերի և վճարների տեսակների սահմանումը |
1. Տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքով:
2. Տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաև համայնքի ավագանու որոշմամբ՝ սահմանելով սույն օրենքի տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների նոր տեսակներ և դրանց դրույքաչափերը:
3. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը։
4. Համայնքի ավագանին սահմանում է նաև այն դեպքերը, երբ կարող է մերժվել սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):
(8-րդ հոդվածը փոփ. 11.02.21 ՀՕ-76-Ն)
Հոդված 9. | Տեղական տուրքերի տեսակները |
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
1.1)
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար.
4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.
4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.
4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.
5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.
5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.
6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.
9) օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.
10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.
11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար.
13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար.
14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.
15) համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.
16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.
17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.
18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար.
19) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար.
20) համայնքի տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար.
21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար.
22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար.
23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար․
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:
(9-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-199-Ն, 11.09.18 ՀՕ-382-Ն, 24.01.20 ՀՕ-86-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-95-Ն, 10.12.20 ՀՕ-501-Ն, խմբ., լրաց. 11.02.21 ՀՕ-76-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-144-Ն, լրաց. 16.12.21 ՀՕ-427-Ն)
(10.12.20 ՀՕ-501-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-568-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 10. | Տեղական վճարների տեսակները |
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.
4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար.
7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.
8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.
9) կենտրոնացված ջեռուցման համար.
10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում.
11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում.
12) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.
13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.
14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար.
15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար.
16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար.
17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար.
18) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.
19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար.
20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար.
21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար:
(10-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-41-Ն, լրաց., փոփ. 11.02.21 ՀՕ-76-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 11. | Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:
2. Համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի և վճարների տարբեր դրույքաչափեր:
3. Համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:
5. Օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել: Օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը:
(11-րդ հոդվածը խմբ. 11.02.21 ՀՕ-76-Ն)
Հոդված 12. | Տեղական տուրքերի դրույքաչափերը |
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.
4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ վաթսուն հազար դրամ.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ.
8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.
9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև տասը հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր մեկ հազար դրամ.
բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև տասը հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր հազար մեկ դրամ.
10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչև հիսուն հազար դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչև հարյուր հազար դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ,
դ. խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ,
ե. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ,
զ. վիճակախաղերի համար` հարյուր հազարից մինչև հարյուր հիսուն հազար դրամ.
12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեք հազար դրամից մինչև հինգ հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար մեկ դրամից մինչև տասը հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասնհինգ հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսան հազար մեկ դրամից մինչև երեսուն հազար մեկ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար մեկ դրամից մինչև հիսուն հազար մեկ դրամ.
բ. ոչ հիմնական շինությունների ներսում`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հարյուր դրամից մինչև հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար մեկ դրամից մինչև երկու հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար մեկ դրամից մինչև չորս հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար մեկ դրամից մինչև ութ հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար մեկ դրամից մինչև տասնհինգ հազար մեկ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ.
13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ.
14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,
գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,
դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,
ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.
15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.
17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.
18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ.
19) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար հիսուն հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ.
20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասը հազարից մինչև քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ երեսուն հազարից մինչև հիսուն հազար ՀՀ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար ՀՀ դրամ.
21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ հիսուն հազար դրամ.
22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար` մեկ անձի համար՝ օրական հինգ հարյուր դրամ.
23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
2. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել 1.5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար՝ 0.5, քաղաքային այլ բնակավայրերի համար՝ 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում՝ 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
4.1.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև 5.0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:
(12-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-199-Ն, 11.09.18 ՀՕ-382-Ն, 24.01.20 ՀՕ-86-Ն, փոփ. 13.02.20 ՀՕ-95-Ն, խմբ. 10.12.20 ՀՕ-501-Ն, խմբ., լրաց. 11.02.21 ՀՕ-76-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-144-Ն, փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-427-Ն)
(10.12.20 ՀՕ-501-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-568-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 13. | Տեղական վճարների դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված և 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվող տեղական վճարների տեսակների համար համայնքի ավագանին սահմանում է փոխհատուցման վճարներ, որոնց դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ յուրաքանչյուր տարի սահմանում է համայնքի ավագանին` տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով:
3. Օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական վճարների դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել:
Հոդված 14. | Տեղական վճարների դրույքաչափերը |
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
9) կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
12) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.
18) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար.
19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով.
20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով:
(14-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-41-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.21 ՀՕ-76-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15. | Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը |
1. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքի հաշվարկն իրականացնում են նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարի հաշվարկն իրականացնում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` ելնելով սույն օրենքին համապատասխան տվյալ համայնքում ավագանու սահմանած տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:
2. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:
Հոդված 16. | Տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունները |
1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
2. Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք տեղական վճարների գծով՝ սույն օրենքով սահմանված արտոնություններ կիրառելու նպատակով կարող են դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով արտոնություններ ստանալու նպատակով ավագանու սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:
3. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:
Հոդված 17. | Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները վերադարձնելը |
1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`
1) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.
2) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից.
3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):
3. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. | Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ սահմանված կարգով իրավունք ունի տուրք վճարողի նկատմամբ կիրառելու՝
1) նախազգուշացում.
2) թույլտվության կասեցում.
3) թույլտվության դադարեցում:
Հոդված 19. | Տեղական տուրքը և (կամ) վճարը հաշվարկելու և գանձելու պատասխանատվությունը |
1. Տեղական տուրքը և (կամ) վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք և (կամ) վճար հաշվարկող և գանձող պաշտոնատար անձանց վրա:
Հոդված 20. | Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու ու գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը |
1. Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու ու գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
Հոդված 21. | Տեղական տուրքերը և (կամ) վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը |
1. Տեղական տուրքերը և (կամ) վճարները հաշվարկող և գանձող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն տեղական ինքնակառավարման մարմին, որին անմիջականորեն ենթարկվում կամ որի պատվերով գործում են այդ անձինք, կամ դատարան:
2. Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում, և դրանց առթիվ որոշումներ են ընդունվում բողոքն ստացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 22. | Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների բողոքարկումը |
1. Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. | Տեղական տուրքերը և վճարները վճարելու արժույթը |
1. Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ հայկական դրամով:
Հոդված 24. | Տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը |
1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ ավագանու սահմանած կարգով իրազեկումը, այդ թվում՝ համայնքի պաշտոնական ինտերնետային կայքի առկայության դեպքում, այդ կայքում հրապարակումը:
2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր հաստատած` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:
3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
Հոդված 25. | Անցումային դրույթներ |
1. Տեղական ինքնակառավարման մարմինները 2017 թվականի համար տեղական տուրքերը և վճարները սահմանելիս առաջնորդվում են սույն օրենքի դրույթներով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|