ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.
«5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց՝ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի տրամադրման, Հայաստանի Հանրապետությունից ելքի, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկման, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված՝ սույն օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներն ազգային անվտանգության մարմինն իրականացնում է սույն օրենքին, «Պետական սահմանի մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ ազգային անվտանգության մարմինները: Պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ինչպես նաև արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում և երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տալիս և երկարաձգում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:
Ազգային անվտանգության մարմինները տալիս են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները միայն պետական սահմանի անցման կետերում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|