Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-144-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.06.2022
Дата вступления в силу
30.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը

     

1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը:

3. Մինչև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

     

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով պատժից ազատելը

  

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը դադարեցնելը

       

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումն այն անձանց նկատմամբ, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում, և որոնց նկատմամբ դատավճիռը կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով և օրինական ուժի մեջ է մտել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։

2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպությունը քննարկում է անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերի առկայությունը՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով գույքի բռնագրավում պատժատեսակից ազատելը

        

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

 
Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը

    

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

 
Հոդված 6.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի ժամկետի կամ պատժատեսակի համապատասխանեցումը

  

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, որոնք կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

 
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով կալանք և կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակների համապատասխանեցումը

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված և պատիժ կրող անձանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին:

    

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով բռնագանձման համապատասխանեցումը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը, եթե դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

  

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով դատվածության կանոնների կիրառումը

       

 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասին տալ հետադարձ ուժ՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:

     

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով քրեական գործերի հարուցումը մերժելը, հարուցված քրեական գործերի վարույթը կարճելը, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը

      

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում այն արարքների համար, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

    

Հոդված 11. Սույն օրենքի կատարման նկատմամբ կիրառվող ընթացակարգային դրույթները

               

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, սույն օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները:

2. Եթե անձը ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ է կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա նրա պատժից ազատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ երբ անձը պատիժ է կրում մեկից ավելի հանցագործության համար, և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրանցից առնվազն մեկի հանցավորությունը չի վերացվել:

3. Միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններին համապատասխան, վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորամիավորումների հրամանատարներին, զինվորական հիմնարկների պետերին:

   
Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

      

 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 18

Երևան
ՀՕ-144-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2022 թվական: