Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-75-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.03.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.04.2022
Дата вступления в силу
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.2-րդ, 87.3-րդ, 88.1-ին, 88.2-րդ, 88.3-րդ և 90.1-ին հոդվածներով.

 

«Հոդված 87.2. Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքով ձեռք բերված տեղեկատվություն չտրամադրելը

 

1. Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքով ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 87.3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

 

«Հոդված 88.1. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը

 

1. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում:

3. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 88.2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը

 

Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։

 

Հոդված 88.3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը

 

1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ օգտագործման պայմանագրով չսահմանված նպատակներով օգտագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։».

 

«Հոդված 90.1. Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը

 

1. Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝

1) 87.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.

2) 87.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.

3) 88.1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» և «գ1» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո.

4) 88.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.

5) 88.3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի «գ1», «գ2» և «գ5» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո.

6) 90.1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետով սահմանված կարգի ընդունումից հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. ապրիլի 12

Երևան
ՀՕ-75-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան