Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-115-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.421
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.02.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.03.2007
Дата вступления в силу
14.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում «Գործատուների միություն» ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական իրավական ձևը, գործատուների միությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման իրավական հիմքերը և կարգավորում է դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Գործատուների միավորվելու իրավունքը

 

1. Գործատուներն իրավունք ունեն կամավոր հիմունքներով ստեղծելու գործատուների միություններ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, արհեստակցական միությունների, աշխատողների կոլեկտիվների և աշխատողների հետ փոխհարաբերություններում իրենց անդամների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի մշակման և քննարկման գործընթացում ու աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերություններում նրանց օրինական շահերը ներկայացնելու նպատակով:

2. Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին:

3. Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

4. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործելու «գործատուների միություն» բառերը կամ պետական գրանցում ստանալու այդ անունով:

 

Հոդված 3.

Գործատուների միությունների մասին օրենսդրությունը

 

1. Գործատուների միությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

Հոդված 4.

Գործատուների միությունների գործունեության մակարդակները

 

1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են երեք մակարդակներում` հանրապետական, ճյուղային և տարածքային.

1) հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը միավորում է հանրապետությունում գործող գործատուների ճյուղային և տարածքային միությունների կեսից ավելիին:

Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.

2) ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուներին, գործատուների համապատասխան ճյուղի տարածքային միությունների, բայց ոչ պակաս, քան հանրապետությունում գործունեություն իրականացնող գործատուների տարածքային այդպիսի միությունների կեսից ավելիին:

Գործատուների ճյուղային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.

3) տարածքային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների տարածքային միությունը, որը միավորում է տվյալ վարչական տարածքի (մարզի կամ համայնքի) գործատուներին: Գործատուների տարածքային միությունները կարող են ստեղծվել ինչպես տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների միությունների միավորումից, այնպես էլ տվյալ վարչական տարածքի գործատուների մեծ մասի և կամ տվյալ վարչական տարածքի տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների միությունների միավորումից:

Գործատուների տարածքային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն:

2. Գործատուների ճյուղային միություններում և տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների տարածքային միություններում գործատուների անդամագրման համար տնտեսության ճյուղերի միջև սահմանազատում չի դրվում, և յուրաքանչյուր գործատու ինքնուրույն է որոշում իր այս կամ այն միությանն անդամագրվելու հարցը:

3. Գործատուների միությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան, կարող են համագործակցել միջազգային ու այլ երկրների գործատուների միությունների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) գործատուների միջազգային միություններին:

 

Հոդված 5.

Գործատուների միությունների գործունեության սկզբունքները

 

1. Գործատուների միությունների գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, միությանն անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կամավորությունը, ինքնակառավարումը:

2. Գործատուների միությունների, արհեստակցական միությունների և պետական մարմինների համագործակցությունը աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների ոլորտներում իրականացվում է սոցիալական գործընկերության սկզբունքի հիման վրա:

3. Գործատուների միությունները, բացառությամբ օրենքով սահմանված գործառույթների, ինքնուրույն են որոշում իրենց գործունեության նպատակները, տեսակները և ուղղությունները:

 

Հոդված 6.

Գործատուների հանրապետական միությունը

 

1. Գործատուների հանրապետական միությունը`

1) իրավունք ունի եզրակացություն ներկայացնելու աշխատանքային օրենսդրությանը վերաբերող նախագծերին կամ գործող օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին.

2) սոցիալական գործընկերության մակարդակում ներկայացնում է հանրապետության գործատուներին:

2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-254-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-254-Ն)

 

Հոդված 7.

Գործատուների միությունների անկախությունը և համագործակցությունը

 

1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, արհեստակցական միություններից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից անկախ:

2. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը գործատուների միությունների գործունեությանը:

3. Գործատուների միությունները միմյանց հետ փոխհարաբերությունները որոշում են իրենք` իրենց կանոնադրությունների և ղեկավար մարմինների որոշումների համաձայն:

 

Հոդված 8.

Գործատուների միության անդամների իրավունքները

 

1. Գործատուների միության անդամներն ունեն հավասար իրավունքներ:

2. Կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում գործատուների միության անդամներն իրավունք ունեն`

1) գործատուների միության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու նրա ղեկավար մարմինների կազմավորմանը.

2) գործատուների միության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնելու նրա գործունեության հետ կապված հարցեր, մասնակցելու դրանց քննարկմանը, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու որոշումների ընդունմանը.

3) մասնակցելու գործատուների միության կողմից մշակվող աշխատանքային և դրանց հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմանագրերի մշակմանը և կազմմանը.

4) ստանալու տեղեկություններ գործատուների միության գործունեության, նրա կնքված պայմանագրերի և դրանց բովանդակության վերաբերյալ.

5) ստանալու գործատուների միությունից աջակցություն` աշխատանքային օրենսդրության և դրա հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման հարցերում, աշխատանքային հարաբերություններ պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման գործում, կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի կնքման և ծագած կոլեկտիվ ու անհատական աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում:

3. Գործատուների միության կանոնադրությամբ միության անդամների համար կարող են նախատեսվել այլ իրավունքներ:

 

Հոդված 9.

Գործատուների միության անդամների պարտականությունները

 

Գործատուների միության անդամները պարտավոր են`

1) կատարել գործատուների միության կանոնադրության պահանջները,

2) պահպանել գործատուների միության կնքած համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի պայմանները և կատարել դրանցից բխող պարտավորությունները:

 

Հոդված 10.

Գործատուների միության անդամների պատասխանատվությունը

 

1. Գործատուների միության անդամի կողմից գործատուների միության կնքած պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարումը առաջացնում է դրանցում նշված կարգով պատասխանատվություն:

2. Գործատուի կողմից գործատուների միությանն իր անդամակցության դադարեցումը նրան չի ազատում համապատասխան պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից, որը նա կրում էր գործատուների միության անդամ եղած ժամանակահատվածում` միության կնքած կոլեկտիվ պայմանագրի պարտավորությունները չկատարելու կամ խախտելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 11.

Գործատուների միությունների ստեղծումը

 

1. Գործատուների միություն կարող է ստեղծվել հիմնադրվելու կամ գոյություն ունեցող գործատուների միության (միությունների) վերակազմակերպման (բաժանման, առանձնացման, միացման, միաձուլման) միջոցով:

2. Հիմնադրման միջոցով գործատուների միություն ստեղծելու համար մեկից ավելի գործատուները և (կամ) գործատուների լիազոր ներկայացուցիչները հիմնադիր ժողովում որոշում են ընդունում գործատուների միություն հիմնադրելու, գործատուների միության կանոնադրությունը հաստատելու, միության կանոնադրությամբ նախատեսված մարմիններն ընտրելու և գործատուների միությունը պետական գրանցման ներկայացնելու մասին:

3. Գործատուների միությունը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

 

Հոդված 12.

Գործատուների միության պետական գրանցումը

 

1. Գործատուների միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

2. Գործատուների միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում`

1) գործատուների միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.

2) քաղվածք գործատուների միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից գործատուների միություն հիմնադրելու, գործատուների միության կանոնադրությունը հաստատելու, գործատուների միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և գործատուների միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

3) լիազորված անձի և գործատուների միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Գործատուների տարածքային, ճյուղային և հանրապետական միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր միություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին.

4) գործատուների միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Պետական գրանցման մարմինը, գործատուների միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել գործատուների միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել գործատուների միության գրանցումը: Գործատուների միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

 

Հոդված 13.

Գործատուների միության կանոնադրությունը

 

1. Գործատուների միության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է:

2. Գործատուների միության կանոնադրությամբ սահմանվում են`

1) գործատուների միության անվանումը, որը պետք է ներառի «գործատուների միություն» բառերը:

Գործատուների հանրապետական անվանման մեջ օգտագործվում է «Հայաստանի» բառը, գործատուների ճյուղային միության անվանման մեջ պետք է ներառվեն տվյալ ճյուղը բնորոշող բառերը, իսկ գործատուների տարածքային անվանման մեջ ներառվում է տվյալ վարչական տարածքի անվանումը.

2) գործունեության առարկան և նպատակները.

3) գտնվելու վայրը.

4) անդամների իրավունքները և պարտականությունները.

5) անդամակցելու և նրանից դուրս գալու կարգը.

6) գույքի կազմավորման աղբյուրները.

7) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

8) միության կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները.

9) կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և փոփոխման հարցերով գործատուների միության ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին կոլեկտիվ բանակցություններ վարելու, ինչպես նաև ծագած աշխատանքային վեճերի հաշտեցման գործընթացներին մասնակցելու իրավասություններով օժտելու կարգը.

10) վերակազմակերպման և լուծարման կարգը:

3. Գործատուների միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

 

Հոդված 14.

Գործատուների միության համագումարը

 

1. Գործատուների միության բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով` առնվազն երեք տարին մեկ անգամ:

2. Գործատուների միության համագումարը ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

Համագումարի բացառիկ իրավասություններն են`

1) կանոնադրության հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.

3) վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:

3. Համագումարի որոշումները ընդունվում են կանոնադրությամբ սահմանված կարգով:

Համագումարի բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել միության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15.

Գործատուների միության իրավունքները

 

1. Գործատուների միությունն իրավունք ունի`

1) աշխատանքային և դրա հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում գործատուների միության անդամների հետ ձևավորելու համաձայնեցված դիրքորոշում և պաշտպանելու այդ դիրքորոշումը արհեստակցական միությունների ու պետական մարմինների հետ փոխհարաբերություններում.

2) աշխատանքային և դրա հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում իր դիրքորոշումները համաձայնեցնելու գործատուների այլ միությունների հետ.

3) պաշտպանելու իր անդամների իրավունքները և օրինական շահերը արհեստակցական միությունների և պետական մարմինների հետ փոխհարաբերություններում.

4) հանդես գալու կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և փոփոխման վերաբերյալ կոլեկտիվ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ.

5) իր ներկայացուցիչներին լիազորելու`

ա. վարելու կոլեկտիվ բանակցություններ` կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի նախապատրաստման, կնքման և փոփոխման վերաբերյալ,

բ. մասնակցելու աշխատանքային հարաբերությունների կարգավորման համապատասխան հանձնաժողովների, հաշտեցնող հանձնաժողովների կոլեկտիվ աշխատանքային վեճերը կարգավորող հանձնաժողովների կազմմանը և գործունեությանը.

6) անցկացնելու խորհրդակցություններ (բանակցություններ) արհեստակցական միությունների և պետական մարմինների հետ` սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնական ուղղությունների վերաբերյալ.

7) արհեստակցական միություններից և պետական մարմիններից ստանալու աշխատանքային հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերը նախապատրաստելու, կնքելու, փոփոխելու և դրանք վերահսկելու հետ կապված` կոլեկտիվ բանակցություններ վարելու համար.

8) մասնակցելու գործատուների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող աշխատանքային և դրանց հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը.

9) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից:

2. Գործատուների միությունը գործատուների միության անդամի իրավունքը և շահերը պաշտպանելու նպատակով իրավասու է միջնորդագրերով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ անձանց, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նրանց գործողությունները (անգործությունը):

3. Գործատուների միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու և պաշտպանելու իր ու իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

4. Գործատուների միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` գործատուների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

5. Գործատուների միությունը կարող է ունենալ նաև այլ` Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և իրենց կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ:

 

Հոդված 16.

Գործատուների միության պարտականությունները

 

Գործատուների միությունը օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով պարտավոր է`

1) վարել կոլեկտիվ բանակցություններ և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` արհեստակցական միությունների հետ կնքել կոլեկտիվ պայմանագրեր.

2) կատարել կնքված համաձայնագրերով իր վրա դրված պարտականությունները.

3) իր անդամներին տեղեկացնել կնքված համաձայնագրերի մասին և տրամադրել դրանց տեքստերը.

4) տրամադրել արհեստակցական միություններին և պետական մարմիններին աշխատանքային հարցերի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերը նախապատրաստելու, կնքելու, փոփոխելու և դրանք վերահսկելու հետ կապված կոլեկտիվ բանակցություններ վարելու համար.

5) իրականացնել իր կողմից կնքված համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման վերահսկողություն.

6) աջակցել գործատուների միության անդամներին կատարելու այն պարտավորությունները, որոնք նախատեսված են նրանց կողմից կնքված համաձայնագրերով և կոլեկտիվ պայմանագրերով.

7) իր կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետու լինել իր անդամներին` գործատուների միության գործունեության մասին.

8) օգնել իր անդամներին աշխատանքային և այլ` անմիջապես նրանց հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության կիրառման ոլորտում, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման, կոլեկտիվ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում.

9) իրականացնել իր կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

 

Հոդված 17.

Գործատուների միության պատասխանատվությունը

 

1. Գործատուների միությունը պատասխանատվություն է կրում իր կնքած պայմանագրերի` իրեն վերաբերող մասով պարտավորությունները չկատարելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և (կամ) պայմանագրով նախատեսված կարգով:

2. Գործատուների միությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, այդ թվում` նրանց այն պարտավորությունների համար, որոնք նրանք ստանձնել են գործատուների միության կնքած կոլեկտիվ պայմանագրերով:

 

Հոդված 18.

Գործատուների միության գործունեության վերահսկողությունը

 

1. Գործատուների միության գործունեության վերահսկողությունն իրականացվում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-65-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-65-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19.

Գործատուների միության սեփականությունը

 

1. Գործատուների միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, ներդրումներից, նվիրաբերություններից, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2. Գործատուների միությունը սեփականության կամ այլ իրավունքով կարող է ունենալ հողատարածքներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, գործիքներ, դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով, արժեթղթեր և այլ գույք:

3. Գործատուների միության անդամները միությունից դուրս գալիս չեն պահպանում իրավունքներն այն գույքի, այդ թվում` անդամավճարների և այլ վճարների նկատմամբ, որ իրենք փոխանցել են գործատուների միությանը, եթե գործատուների միության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 20.

Գործատուների միության լուծարումը և վերակազմակերպումը

 

1. Գործատուների միության լուծարումը և վերակազմակերպումը իրականացվում են գործատուների միության բարձրագույն մարմնի որոշման հիման վրա:

2. Գործատուների միությունը կարող է լուծարվել նաև դատական ակտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

3. Գործատուների միության վերակազմավորում չի թույլատրվում:

4. Գործատուների միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

(20-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-66-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, գրանցված գործատուների միություններից ստեղծվում է գործատուների հանրապետական միությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո աջակցում է սույն օրենքով նախատեսված գործատուների հանրապետական միության ստեղծմանը:

 

Հոդված 22.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-115-Ն