ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի նախաբանից հանել «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և նպատակը |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի գործունեության հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքները, ներառյալ տարածական տվյալների հավաքումը, մշակումը, պահպանումը, տարածումը և տրամադրումը իրականացվում են սույն օրենքին համապատասխան։
2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում, հաստատել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծման և սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում միջազգային համագործակցության կարգը։»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1 | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
2) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գիտատեխնիկական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն.
3) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով.
4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում.
5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման, օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթաց.
6) Երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը.
8) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
9) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
10) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
11) տարածական տվյալներ՝ տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձևի, տեղադիրքի և հատկությունների մասին և սահմանված տարածաժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք.
12) տարածական օբյեկտ՝ իրական աշխարհի առարկա կամ երևույթ, որը բնութագրվում է Երկրի վրա որոշակի տեղադիրքով.
13) բազային տարածական տվյալներ՝ համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.
14) թեմատիկ տարածական տվյալներ՝ իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլն).
15) տարածական տվյալների բանկ՝ բազային և (կամ) այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, երևույթների և գործընթացների մոնիտորինգի, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.
16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.
17) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում բխող հարաբերությունների ոլորտ.
18) քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` քարտեզագրական և գեոդեզիական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու.
19) աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծության, մոդելավորման, կառավարման և տարածման համար.
20) տարածական տվյալների ենթակառուցվածք՝ տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների (ստանդարտների), մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որն անհրաժեշտ է տարածական տվյալների, մետատվյալների ձեռքբերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար.
21) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.
22) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով:»:
Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. «գ» կետի «(պլանային և բարձունքային)» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող)» բառերով,
բ. «զ» կետը «սահմանագծման» բառից հետո լրացնել «(դելիմիտացիա)» բառով, իսկ «սահմանազատման» բառից հետո՝ «(դեմարկացիա)» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» կետով.
«ժդ) իրական ժամանակում մշտապես գործող ռեֆերենց կայանների զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը։».
2) 3-րդ մասի «ա» կետի «կադաստրի, հողերի ծրաչափություն» բառերը փոխարինել «կադաստրային» բառով.
3) 4-րդ մասում՝
ա. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.»,
բ. «բ» կետը «տեղագրական,» բառից հետո լրացնել «կադաստրային,» բառով,
գ. «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Երկրի հեռազննման արդյունքում ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.»,
դ. «է» կետի «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական քարտեզների)» բառերը փոխարինել «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, տուրիստական ատլասների)» բառերով,
ե. «թ» կետի «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով,
զ. «ժ» կետի «քարտեզների ու հատակագծերի» բառերը փոխարինել «քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների» բառերով,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» և «ժը» կետերով.
«ժդ) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը, վարումը և փոխգործելիության ապահովումը.
ժե) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծումը, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը.
ժզ) տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով.
ժէ) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը.
ժը) տարածական տվյալների, ծառայությունների օգտագործման և փոխանակման քաղաքականության մշակումը:».
4) 5-րդ մասում՝
ա. «ա» կետը «ճյուղային» բառից հետո լրացնել «(ոլորտային)» բառով,
բ. «բ» կետի «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով, իսկ նույն մասը «համակարգերի» բառից հետո լրացնել «(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) «նյութերի և» բառերից հետո լրացնել «տարածական» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները ենթակա են հաշվառման՝ կոմիտեի սահմանած կարգով։»:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 2․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:
Հոդված 8. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) վերնագրի և «ա» կետի «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
2) «բ» կետի «գեոդեզիական և քարտեզագրական» բառերը փոխարինել «գեոդեզիական, քարտեզագրական, տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերով.
3) «դ» և «զ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները.
զ) սահմանում է տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման և վերջինիս միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.
«է) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:»:
Հոդված 9. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը». |
2) hոդվածը 1-ին մասից առաջ լրացնել «1.» համարակալումով.
3) «ա» կետի «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
4) «բ» կետը «բնագավառի» բառից հետո լրացնել «և տարածական տվյալների ենթակառուցվածքի վերաբերյալ» բառերով.
5) «գ» կետը «աշխատանքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերով.
6) «ե» կետի «և քարտեզագրական» բառերը փոխարինել «քարտեզագրական, տարածական» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված գործառույթների շրջանակում նախատեսվող թվային երկրատարածական տվյալների ստեղծման աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված երկրատարածական տվյալները՝ մինչև դրանք ընդունելը, ներկայացնում են լիազոր մարմին՝ կարծիքի:»:
Հոդված 10. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) «ա», «բ», «գ» կետերը «ճյուղային» բառից հետո լրացնել «(ոլորտային)» բառով.
2) «ե» կետի «և քարտեզագրական» բառերը փոխարինել «, քարտեզագրական և տարածական» բառով.
3) «զ» կետի «նյութեր.» բառը փոխարինել «նյութեր ու տարածական տվյալներ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ստանդարտներով:» բառերով:
Հոդված 11. Օրենքի 7-րդ հոդվածում «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ստանդարտների համաձայն՝ կոմիտեին տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:»:
Հոդված 12. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 3.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:
Հոդված 13. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) վերնագրի «և քարտեզագրական» բառերը փոխարինել «, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
2) 3-րդ մասի «ա» կետի «և քարտեզագրական» բառերը փոխարինել «, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
3) 3-րդ մասի «բ» կետը «աշխատանքների» բառից հետո լրացնել «, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով:
Հոդված 14. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. «այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը,» բառերը հանել,
բ. «սերտիֆիկացման և ստանդարտացման պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով.
2) 2-րդ մասից հանել «և սերտիֆիկացման» բառերը:
Հոդված 15. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «նյութերն ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառով, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունը «նյութերի» բառից հետո՝ «և տարածական տվյալների» բառերով:
Հոդված 16. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «նյութերն ու» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով, իսկ «այլ նյութերն ու» բառերը՝ «այլ նյութերն ու տարածական» բառերով.
2) 2-րդ մասի «նյութերն ու» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով.
3) 3-րդ մասը «նյութերից և» բառերից հետո լրացնել «տարածական» բառով.
4) 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների» բառերով.
2) 3-րդ մասի «դ» կետից հանել «պետական կազմակերպություններին,» բառերը:
Հոդված 18. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «նյութերից ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառով:
Հոդված 19. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. |
Պետական գեոդեզիական և մշտապես գործող ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը». |
2) 1-ին մասի «(պլանային և բարձունքային)» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող)» բառերով.
3) 2-5-րդ մասերը «Գեոդեզիական» բառից հետո լրացնել «և իրական ժամանակում մշտապես գործող» բառերով:
Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-16.5-րդ հոդվածներով.
«Հոդված 16.1. |
Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքները |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքներն են՝
1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման հետ.
2) տարածական տվյալների արդիականությունը, լրիվությունը, լիարժեք նկարագրությունը, հուսալիությունը, ամբողջականությունը և հաստատված ճշգրտությունը.
3) տարածական տվյալների համատեղելիությունը, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական նորմերի և ստանդարտների վրա.
4) տեխնիկական կանոնակարգերի, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցումը և համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին.
5) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգի, ստեղծման և զարգացման փուլայնությունը, որը բնութագրվում է կայունությամբ, զարգացման և շարունակական բարելավման անսահմանափակ տևողությամբ՝ ինտեգրված համալիր մոտեցումներին.
6) ազգային տարածական տվյալների քաղաքականությունն իրականացվում է պարզության, թափանցիկության, արդարության և անվտանգության սկզբունքների հիման վրա:
Հոդված 16.2. |
Տարածական տվյալների տրամադրումը |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում առանձնացվում են բազային և թեմատիկ տարածական տվյալների շերտեր։ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմինը։
2. Բազային տարածական տվյալների շերտերը համարվում են պետական սեփականություն՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և դրանց ստեղծումից (թարմացումից), և մասնավորեցման ենթակա չեն։ Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման, չպետք է պարունակի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնց հասանելիությունն օրենքով սահմանված կարգով սահմանափակված է:
3. Թեմատիկ տարածական տվյալների կառուցվածքը, դրանց թարմացման և տրամադրման կարգը սահմանվում են ոլորտային լիազոր մարմինների ընդունած իրավական ակտերով:
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում տարածական տվյալներն ստեղծվում, պահպանվում և տրամադրվում են մեկ միասնական կոորդինատային համակարգում։
Հոդված 16.3. |
Մետատվյալների ստեղծումը և բովանդակությունը |
1. Մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որի միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից։
2. Տարածական տվյալներ տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծում են իրենց մետատվյալները և ապահովում դրանց արդիականությունը։
3. Մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները սահմանում է լիազոր մարմինը։
Հոդված 16.4. |
Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի փոխգործելիությունը, ոլորտային կադաստրների ինտեգրումը և տարածական տվյալների օգտագործման և փոխանակման քաղաքականությունը |
1. Կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը։
2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային քարտեզագրական շերտերի հասանելիությունը։
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային գեոպորտալի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է լիազոր մարմինը։
Հոդված 16.5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնի և սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է՝
ա) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտին վերաբերող պետական քաղաքականության բարելավումը.
բ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքին վերաբերող նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության կազմակերպումը.
գ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի գեոպորտալի ստեղծումը և շահագործումը.
դ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ոլորտում սուբյեկտների իրավասությունների որոշումը և հաստատումը։
2. Ազգային տարածական տվյալների օգտագործման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը կոմիտեն է:
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի սուբյեկտներն ապահովում են տարածական տվյալների հավաքածուների թարմացումը և դրանց ինտեգրումն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:
Հոդված 21. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:
Հոդված 22. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. |
Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում». |
2) 1-ին մասի «Գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը փոխարինել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
3) 2-րդ մասի «գեոդեզիական և քարտեզագրական» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով:
Հոդված 23. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝
1) ազգային տարածական տվյալների օգտագործման և վարման կարգը.
2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները.
3) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորման կարգը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, լիազոր մարմինը՝
1) սահմանում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը.
2) սահմանում է մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները.
3) սահմանում է տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը և կատարման ժամկետները.
4) հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը:
Հոդված 24. |
Եզրափակիչ մաս |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|