ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պետությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սովորող անձանց վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|