Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.07.2021-29.12.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1158
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.11.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները, տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի, տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի, մարզպետների լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է նրանց նշանակման և ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-299-Ն)

 

 Հոդված 2. Տարածքային կառավարման մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և տարածքային կառավարման իրավահարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

 Հոդված 3. Տարածքային կառավարման սկզբունքները

 

Տարածքային կառավարման սկզբունքներն են՝

1) պետական և համայնքային շահերի ներդաշնակեցումը.

2) մարզպետների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ու վերջիններիս տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը և գործողությունների փոխհամաձայնեցվածությունը.

3) տարածքային համաչափ և կայուն զարգացումը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

 Հոդված 4. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը

 

1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝

1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.

2) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից և տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.

3) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.

4) Երևան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:

(4-րդ հոդվածը խմբ. 01.07.21 ՀՕ-299-Ն)

 

Հոդված 4.1. Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը

 

1. Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը (այսուհետ՝ փոխվարչապետ)՝

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկում և համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

(4.1-ին հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-299-Ն)

 

 Հոդված 5. Մարզպետը և նրա ընդհանուր լիազորությունները

 

1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

2. Մարզպետը`

1) սահմանված կարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.

3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

5) սահմանված կարգով նախապատրաստում և փոխվարչապետի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում փոխվարչապետին, լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

8) պարտադիր քննության է առնում փոխվարչապետի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.

12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը վերջինիս դիմելու դեպքում:

3. Մարզպետն ընդունում է որոշումներ:

4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

(5-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-467-Ն, խմբ. 01.07.21 ՀՕ-299-Ն)

 

 Հոդված 6. Մարզպետի նշանակման և ազատման կարգը

 

1. Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:

2. Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են՝

1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.

2) տեղեկանք մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) մարզպետի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:

3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ են համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե՝

1) հրաժարական է ներկայացրել.

2) դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) խախտվել են պաշտոնի անհամատեղելիության պահանջները.

4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն.

5) Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

6. Մարզպետի պաշտոնը թափուր է համարվում այն դեպքերում, երբ՝

1) մարզպետը մահացել է.

2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

7. Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները:

 

 Հոդված 7. Մարզպետի աշխատակազմը

 

1. Մարզպետի աշխատակազմի ղեկավարման առանձնահատկությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով:

2. Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:

 

 Հոդված 8. Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները

 

1. Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`

1) ֆինանսների.

2) քաղաքաշինության.

3) տրանսպորտի և ճանապարհաշինության.

4) գյուղատնտեսության և հողօգտագործման.

5) կրթության.

6) առողջապահության.

7) սոցիալական պաշտպանության.

8) մշակույթի, սպորտի և երիտասարդության.

9) շրջակա միջավայրի պահպանության.

10) պաշտպանության.

11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.

12) տնտեսության զարգացման:

 

 Հոդված 9. Մարզպետի լիազորությունները ֆինանսների բնագավառում

 

1. Մարզպետը ֆինանսների բնագավառում՝

1) սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.

2) վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.

3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.

4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

 

 Հոդված 10. Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում

 

1. Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`

1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.

2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.

3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.

4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.

5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում:

 

Հոդված 11. Մարզպետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում

 

1. Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`

1) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.

2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.

3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Հոդված 12. Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում

 

1. Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.

2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.

3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.

4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.

5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

 Հոդված 13. Մարզպետի լիազորությունները կրթության բնագավառում

 

1. Մարզպետը կրթության բնագավառում`

1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.

2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.

3) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.

 

Հոդված 14.   Մարզպետի լիազորությունները առողջապահության բնագավառում

 

1. Մարզպետը առողջապահության բնագավառում`

1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.

3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.

5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.

6) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

(14-րդ հոդվածը խմբ. 04.09.20 ՀՕ-407-Ն)

 

 Հոդված 15. Մարզպետի  լիազորությունները  սոցիալական պաշտպանության  բնագավառում

 

1. Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`

1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.

2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

 Հոդված 16. Մարզպետի լիազորությունները մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում

 

1. Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`

1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.

2) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.

3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

 Հոդված 17. Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

1. Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:

 

Հոդված 18.   Մարզպետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

1. Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում՝

1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.

2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.

3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.

4) իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.

6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին.

7) ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով` մարզի տարածքում ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից:

(18-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-467-Ն)

 

Հոդված 19.  

Մարզպետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում

 

1. Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում՝

1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.

2) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.

3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.

4) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.

5) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները:

 

 Հոդված 20. Մարզպետի լիազորությունները տնտեսության զարգացման բնագավառում

 

1. Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում՝

1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.

2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.

3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.

4) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը:

 

 Հոդված 21. Մարզպետին կից խորհրդակցական մարմինները

 

1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:

2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

 Հոդված 22. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-252-Ն